ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի փետրվարի 27-ին
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան և նպատակները
Սույն օրենքը կարգավորում է գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները: Սույն օրենքը չի կարգավորում «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ժա» կետով նախատեսված զոհերի հաշվառման և հուղարկավորության հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն)
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
հուղարկավորություն` մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելու կամ աճյունասափորը հուշապատի մեջ տեղադրելու ծիսական արարողություն.
գերեզմանատուն` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխան տրամադրված, հատուկ նշաններով առանձնացված հողատարածք գերեզմանատեղեր տրամադրելու և գերեզմանները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահպանելու համար.
մասնակի փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանների տրամադրման համար հողատարածքները, և որտեղ նախկինում հատկացված գերեզմաններում կարող է իրականացվել վրահուղարկավորություն կամ նոր հուղարկավորություն` գերեզմանում ազատ տարածքի առկայության դեպքում.
փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ հուղարկավորություններն ընդհանրապես արգելված են.
պանթեոն` գործող գերեզմանատների սահմաններից դուրս առանձնացված տարածք` հասարակության և պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած անձանց հուղարկավորելու համար.
բաց գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ առկա են նոր գերեզմանների տրամադրման համար ազատ հողատարածքներ.
գերեզման` գերեզմանատեղ, որտեղ իրականացվել է հուղարկավորություն.
հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ` մահացածի կամքով նշված կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության արարողության կազմակերպումը կամովին ստանձնած անձինք (ամուսին, հարազատներ, ազգականներ և այլն).
վրահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ իր անունով հաշվառված գերեզմանատեղում նախկինում մահացածի գերեզմանի վրա նոր հուղարկավորություն կազմակերպելը.
վերահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը.
դիակիզում` մահացածի մարմնի կիզումը դրա համար նախատեսված հատուկ տեղում (դիակիզարանում).
մահացածի հարազատներ` պապը, տատը, ծնողները, զավակները, ամուսինը, քույրը, եղբայրը և թոռները.
քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարություն՝ ազգային և կրոնական ավանդույթների համաձայն՝ մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելուց կամ աճյունասափորը հուշապատում տեղադրելուց առաջ հրաժեշտի արարողություն.
մասնավոր գերեզմանատուն՝ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխանող, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված և շահագործվող գերեզմանատուն.
գերեզմանատան կառավարիչ՝ համայնքային գերեզմանատների համար` համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը, պետական գերեզմանատների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների համար՝ գերեզմանատունը շահագործող անձը.
ընտանեկան գերեզման՝ սույն օրենքով սահմանված չափով մեկ ընտանիքին հատկացվող գերեզմանատեղ:
(2-րդ հոդվածը լրաց. 26.02.15 ՀՕ-12-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-228-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 3. |
Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)
Հոդված 4. | Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները |
(վերնագիրը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)
1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`
1) բնագավառի պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
2) օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում վերահսկողության իրականացումը.
3) մասնավոր գերեզմանատան շահագործման համար թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների և պահանջների սահմանումը.
4) գերեզմանի տրամադրման և սպասարկման պայմանագրերի, վերահուղարկավորման և վրահուղարկավորման թույլտվության, գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձևերի սահմանումը.
5) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(4-րդ հոդվածը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-228-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 5. |
Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)
Հոդված 6. | Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները |
(վերնագիրը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)
1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում համայնքի ղեկավարի իրավասություններն են`
1) համայնքային գերեզմանատներ և դիակիզարաններ կազմավորելը, շահագործելը և պահպանելը` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան.
2) համայնքի վարչական տարածքում մահացած, հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չունեցող քաղաքացիների հուղարկավորություն կամ դիակիզում կազմակերպելը.
3) գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման և համաձայնեցման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին և շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը.
4) գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաներ) մշակելը և հաստատելը.
5) նոր գերեզմանատների կազմակերպման համար հողամասեր հատկացնելը, գոյություն ունեցող գերեզմանատների սահմանները փոփոխելը և գերեզմանատների փակման վերաբերյալ որոշումներ ընդունելը.
6) գերեզմանատների զբաղեցրած հողերի կառուցապատման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման աշխատանքները համակարգելը.
7) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավորությունները կազմակերպելու, գերեզմանատների, դիակիզարանների շահագործման և հուղարկավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության, ինչպես նաև գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո` շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.
8) մասնավոր գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո՝ շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների խախտման դեպքում դրանք ողջամիտ ժամկետում (չի կարող գերազանցել 12 ամիսը) վերացնելու համար կարգադրագիր տալը.
9) մասնավոր գերեզմանատան շահագործման համար տրված թույլտվության պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.
10) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ մասնավոր գերեզմանատան կառավարիչ չլինելու պարագայում, մասնավոր գերեզմանատան կառավարչի գործառույթներ իրականացնելը:
11)
1.1
2. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված այլ լիազորություններ:
(6-րդ հոդվածը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-228-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 7. |
Հուղարկավորությունների կազմակերպման հետ կապված հարցերի պետական կարգավորումը |
(հոդվածն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)
Հոդված 8. | Հուղարկավորությունների իրականացումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:
Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինները 2 օրվա ընթացքում ենթակա են դիակիզման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Դիակիզումը կարող է իրականացվել նաև մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ:
1.1
2. Հաշվի առնելով հասարակության և պետության հանդեպ մահացածի ունեցած ծառայությունները` գործող գերեզմանատների սահմաններից դուրս` առանձնացված տեղերում, հուղարկավորությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
3. Մահացածի կամքի գրավոր արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:
Վրահուղարկավորումը կարող է իրականացվել գոյություն ունեցող գերեզմանում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համաձայնությամբ, այդ տեղում վերջին հուղարկավորումից 15 տարի անց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Մահացածի կամ նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի` հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կամքի արտահայտության իրականացման անհնարինության կամ նման կամքի բացակայության դեպքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի կենդանության օրոք նրա հաշվառման բնակավայրի համար նախատեսված գերեզմանատանը:
Այդ բնակավայրում գերեզմանատուն չլինելու դեպքում հուղարկավորությունը իրականացվում է բնակավայրին առավել մոտ գտնվող գերեզմանատանը:
Հուղարկավորությունը կարող է կատարվել մասնավոր գերեզմանատանը մահացածի ցանկությամբ կամ նրա հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ:
(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-228-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 8.1. | Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության իրականացումը |
1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարությունը կազմակերպվում է կամավորության սկզբունքով՝ մահացածի հարազատների կամ հուղարկավորությունն ստանձնած անձանց նախաձեռնությամբ և կարող է իրականացվել՝
1) բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում.
2) եկեղեցիներում.
3) այն շենքերում և շինություններում, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:
3. Քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը:
(8.1-ին հոդվածը լրաց. 26.02.15 ՀՕ-12-Ն)
Հոդված 9. | Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը |
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. | Հուղարկավորումը և վերահուղարկավորումը |
1. Հուղարկավորության իրականացման համար ներկայացվում է միայն քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների տված մահվան վկայական:
2. Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:
Մատյանում գրանցումից հետո գերեզմանատան տնօրինությունը տալիս է իր դրոշմակնիքով կնքված գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է:
Ընտանեկան գերեզմանատեղում հուղարկավորության փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գերեզմանի վկայականի (բնօրինակի) կամ գրանցամատյանում նախկինում կատարված գրանցումների հիման վրա:
Գերեզմանի վկայականի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք:
Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 1 քառակուսի մետր հողատարածք (1.0x1.0 մետր չափերով), կամ աճյունասափորը տեղադրվում է հուշապատի մեջ:
4. Հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրվող գերեզմանատեղից բացի, համայնքային գերեզմանատանը կարող է վճարովի հիմունքներով տրամադրվել առավելագույնը 6 քառակուսի մետր հողատարածք` գերեզմանատան կառուցապատման սխեմայով համապատասխան տարածքներ նախատեսված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և վճարի դիմաց:
4.1. Գերեզմաններում տապանաքարերի, հուշաքարերի, հուշարձանների, գերեզմանի սահմանային եզրաքարերի տեղադրման համար իրականացվող շինարարական աշխատանքների համար շինարարական թույլտվություն չի պահանջվում:
5. Նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի մասնակցությամբ համապատասխան գերեզմանատան սահմաններում ճշտվում է նոր գերեզմանի տեղը, և գերեզմանատան տնօրինության կողմից տրվում է գերեզմանի վկայական:
6. Մահացածի հարազատների ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) կարող է վերահուղարկավորվել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Ինքնասպանության, անհայտ պատճառից հանկարծամահության, մարմնական վնասվածքների հետևանքով տեղի ունեցած մահվան և մահը հանցագործության հետևանքով տեղի ունենալու կասկածի դեպքերում մահացածի մարմնի (աճյունի) հուղարկավորումը չի թույլատրվում առանց դատաբժշկական մարմինների թույլտվության:
8. (մասն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)
9. Կայանալիք հուղարկավորության մասին գերեզմանատան կառավարչին պետք է ծանուցել մեկ օր առաջ:
10. Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
11. Նոր գերեզմանատեղի հատկացում կատարվում է միայն բաց գերեզմանատներում:
(10-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.04.15 ՀՕ-27-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-228-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 11. | Հուղարկավորությունների հետ կապված ծառայությունների մատուցման և սգո պարագաների վաճառքի կարգը |
1. Հանգուցյալի դիակը գերեզմանատուն կարող է տեղափոխվել միայն դագաղով:
2. Ավտոդիատարների կայանումը թույլատրվում է միայն փակ կամ պարսպապատ կայանատեղերում կամ այդ նպատակի համար տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ առանձնացված հատուկ կայանատեղերում կամ ծառայություններին պատկանող համապատասխան տարածքներում:
Այլ վայրերում ավտոդիատարների կայանումը խստիվ արգելվում է:
3. Դագաղների, սգո ծաղկեպսակների և սգո այլ պարագաների վաճառքը կարող է իրականացվել միայն վարագուրապատված կամ մգացված ապակիներով առևտրական նշանակության շինությունում` բացառելով դրանց արտաքին ցուցադրումը:
(11-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն)
Հոդված 12. | Թաղման և դիակիզման կարգերը |
Թաղման և դիակիզման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 13. | Հուղարկավորության կազմակերպման ստանձնողները |
1. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ են համարվում այն անձինք, ովքեր կազմակերպում են հուղարկավորությունը` կամավորության սկզբունքով:
2. Մահացածի հարազատների, ազգականների և այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ դրանց բացակայության դեպքում այն ստանձնում է քաղաքացու մահվան վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:
Ընդ որում, հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ չունեցող մահացած քաղաքացիների հուղարկավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը պարզելուց և նրա մահվան հանգամանքները արձանագրելուց հետո` եռօրյա ժամկետում:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը չպարզելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպվում է նշված մարմինների համաձայնությամբ այդ դեպքերի համար քաղաքացիական գերեզմանատներում նախատեսված տեղերում:
4. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 16-րդ հոդվածում նշված մատուցվող պարտադիր ծառայությունները:
5. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման ստանձնման կապակցությամբ մատուցված պարտադիր ծառայությունները համարվում են պատվիրակված լիազորություններ, և դրանց հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
6. Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին, ապա հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարի կողմից մատուցված պարտադիր ծառայությունների հետ կապված ծախսերը կարող են փոխհատուցվել նաև այդ գույքի իրացումից ստացված գումարի հաշվին` համապատասխան գումարը վերադարձնելով պետական բյուջե:
Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է նրա ժառանգներին, իսկ հուղարկավորությունն իրականացվել է համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, ապա վերջինս օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ժառանգական զանգվածն ընդունած ժառանգներից պահանջելու իր կատարած ծախսերի փոխհատուցումը:
Հոդված 13.1. | Գերեզման օգտագործողը |
(հոդվածը 27.05.21 ՀՕ-228-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 14. | Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորությունը |
1. Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կարող է սահմանվել հուղարկավորության այլ արարողակարգ:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց հուղարկավորությունը կազմակերպվում է զինվորական կամ քաղաքացիական գերեզմանատներում այդ նպատակով հատուկ առանձնացված տարածքում` մահացածի հարազատների համաձայնությամբ:
Հոդված 15. | Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը |
1. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը կազմակերպում են հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձինք` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում այն կազմակերպվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից` սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 16. | Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համապատասխան մարմինների մատուցած պարտադիր ծառայությունների ապահովումը |
Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների մատուցած հետևյալ ծառայությունները.
ա) անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում.
բ) դիահերձում.
գ) դագաղի հատկացում.
դ) մահացածի մարմնի (աճյունի) տեղափոխում գերեզմանատուն.
ե) հուղարկավորում.
զ) մետաղե ցուցատախտակի տեղադրում:
Հոդված 17. | Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցումը |
(վերնագիրը խմբ. 24.10.07 ՀՕ-235-Ն)
Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցման համար տրամադրվում է դրամական օգնություն` օրենքով սահմանված կարգով:
(17-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-235-Ն)
Հոդված 18. | Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինները |
(վերնագիրը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)
1. Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումը` գերեզմանների տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումն իրականացնում են`
1) համայնքային գերեզմանատների դեպքում` համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ կազմակերպությունը.
2) պետական գերեզմանատների դեպքում` լիազորված պետական մարմինը.
3) մասնավոր գերեզմանատան դեպքում` գերեզմանատան կառավարիչը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձինք` վերջիններիս և գերեզմանատան շահագործողի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:
2. Համայնքներում հուղարկավորության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել ոչ առևտրային կազմակերպություններ:
(18-րդ հոդվածը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)
Հոդված 19. | Գերեզմանատների կազմավորումը և դրանց հողերի դասակարգումն ու պատկանելությունը |
1. Գերեզմանատները կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ` ըստ գտնվելու բնակավայրերի հաստատված գլխավոր հատակագծերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա:
2. Գերեզմանատները, ըստ պատկանելության, կարող են լինել պետական, մասնավոր և համայնքային, ըստ ավանդույթների` քաղաքացիական և զինվորական:
3. Պետական և համայնքային գերեզմանատների զբաղեցրած հողերը դասվում են պատմական և մշակութային նշանակություն ունեցող հողերի շարքին:
4. Գերեզմանատների սահմանագծերը որոշվում են ըստ գլխավոր հատակագծի և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաների:
5. Նոր կազմակերպվող գերեզմանատների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, բարեկարգման, շահագործման և այլ աշխատանքներ կատարվում են Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների հաշվին, բացառությամբ պետական և մասնավոր գերեզմանատների:
6. Համայնքային և պետական գերեզմանատները օտարման կամ մասնավորեցման ենթակա չեն, բացառությամբ այն գերեզմանատների, որոնց նկատմամբ համայնքի կամ պետության սեփականության իրավունքը ծագել է սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով:
(19-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն, լրաց., փոփ. 29.04.15 ՀՕ-27-Ն)
Հոդված 19.1. |
Մասնավոր գերեզմանատների կազմակերպումը և դրանց գործունեությունը |
1. Մասնավոր գերեզմանատները կազմակերպվում են սույն օրենքի 19-23-րդ հոդվածների դրույթների համաձայն` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից` սեփականության կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված նվազագույնը 3 հա տարածքով հողամասերում: Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը սույն օրենքով նախատեսված պահանջների և պայմանների բավարարման դեպքում մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի կողմից ստանում են թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասում մասնավոր գերեզմանատան շահագործումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ կառուցապատման պայմանագրով հստակ սահմանված է, որ հողամասի սեփականատերը հողամասը կառուցապատման է տրամադրել մասնավոր գերեզմանատուն կազմակերպելու նպատակով:
Մասնավոր գերեզմանատուն շահագործելու թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե դիմողի կողմից չեն պահպանվել մասնավոր գերեզմանատների կազմակերպման և գործունեության համար անհրաժեշտ՝ սույն օրենքով և լիազոր մարմնի սահմանած պահանջները և պայմանները: Թույլտվության տրամադրման համար գանձվում է տարեկան տեղական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափերով:
2. Մասնավոր գերեզմանատները կարող են կազմավորվել հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա՝ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա:
3. Մասնավոր գերեզմանատան կազմակերպումը քաղաքաշինական գործունեության տեսակ է և ենթակա է օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։
4. Մասնավոր գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր է՝
1) գերեզմանատան տարածքում ունենալ`
ա. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման վայր` մինչև հոգեհանգստի և հուղարկավորության իրականացումը,
բ. առնվազն մեկ հոգեհանգստի սրահ` լիազոր մարմնի սահմանած չափով,
գ. ավտոկայանատեղ` լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան,
դ. հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար,
ե. ծաղիկների, ծաղկեպսակների և հոգեհանգստի ու հուղարկավորության համար անհրաժեշտ այլ պարագաների վաճառքի սրահ,
զ. դիակիզարան կամ որևէ գործող դիակիզարանի օգտագործման կամ դրա ծառայություններից օգտվելու պայմանագիր,
է. ոռոգման և խմելու ջրի համակարգ, հասարակական զուգարան.
2) ունենալ առնվազն մեկ ավտոդիատար.
3) պարսպապատել գերեզմանատան տարածքը.
4) պահպանել բնապահպանական և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:
5. Մասնավոր գերեզմանատան դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը գերեզմանատան տարածքում կարող է ունենալ հոգեհացի մատուցման սրահ:
6. Մասնավոր գերեզմանատան տարածքը օտարելու կամ կառուցապատման իրավունքի փոխանցման դեպքում նոր սեփականատիրոջը կամ կառուցապատման իրավունք ձեռք բերողին պետք է միաժամանակ փոխանցվեն նաև սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները և պարտավորությունները: Սույն մասի պահանջները չպահպանելու դեպքում պայմանագիրը առ ոչինչ է:
7. Գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան դեպքում սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները և պարտավորությունները փոխանցվում են այն անձին, որին փոխանցվում է գերեզմանատան տարածքի նկատմամբ շահագործման իրավունքը:
8. Մասնավոր գերեզմանատների տարածքը՝ դրա վրա առկա օժանդակ շինություններով, կարող է օտարվել միայն որպես մեկ գույքային միավոր:
9. Մասնավոր գերեզմանատան շահագործողը պարտավոր է գերեզմանատան անձնակազմի անդամներից նշանակել մեկ պատասխանատու անձ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատուցման վերաբերյալ հարցերը հուղարկավորության կազմակերպումն ստանձնող անձի հետ քննարկելու համար:
10. Ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով մասնավոր գերեզմանատան շահագործողն իր ներքին իրավական ակտերով պետք է հաստատի անձնակազմի հագուստի, ինչպես նաև անձնակազմի՝ հուղարկավորության, հոգեհանգստի և հոգեհացի մասնակիցների հետ վարվեցողության կանոններ:
(19.1-ին հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն)
Հոդված 19.2. |
Մասնավոր գերեզմանատներում հուղարկավորությունը |
1. Մասնավոր գերեզմանատան շահագործողն ինքնուրույն է կազմակերպում հուղարկավորության ծառայությունների մատուցումը` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա:
2. Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան շահագործողը պայմանագիր կարող է կնքել ինչպես մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ, այնպես էլ մահացածի հետ` վերջինիս կենդանության ժամանակ: Ընդ որում, գերեզմանատան սեփականատիրոջ և մահացածի միջև վերջինիս կենդանության ժամանակ կնքված պայմանագրի առկայության դեպքում մահացածի փոխարեն պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջ կարող է ներկայացնել մահացած անձի իրավահաջորդը կամ վերջինիս շահերի օրինական ներկայացուցիչը:
3. Պայմանագիրը կնքվում է նվազագույնը 15 տարի ժամկետով: Նշված պայմանագրի հիման վրա գերեզմանատան շահագործողը պարտավորվում է հատկացնել պայմանագրում ուղղակիորեն նշված տարածքը և հուղարկավորումը կատարելուց հետո պայմանագրում նշված ժամանակահատվածում պահպանել և սպասարկել գերեզմանը՝ ապահովելով գերեզմանի մաքրության, դրան հարակից տարածքների անվտանգության, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում կանաչապատման աշխատանքները։
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրին կցվում է հատակագիծ, որի վրա մատնանշվում է հուղարկավորման համար հատկացված տարածքը:
5. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրի ժամկետի լրանալը մեկ տարվա ընթացքում գերեզմանատան շահագործողը պարտավոր է պահպանել գերեզմանը և միջոցներ ձեռնարկել պայմանագրի մյուս կողմին պայմանագրի ժամկետի ավարտի մասին սեղմ ժամկետում ծանուցելու համար: Սույն մասում նշված մեկամյա ժամկետում պայմանագրի մյուս կողմը կարող է գերեզմանատան սեփականատիրոջ հետ կնքել նոր պայմանագիր կամ իրականացնել վերահուղարկավորություն այլ գերեզմանատանը կամ իրականացնել դիակիզում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու և պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում գերեզմանատան շահագործողը կարող է կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վրահուղարկավորում կամ տարածքն օգտագործել մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո այն դիակիզելու, գերեզմանահորն անմիջապես ախտահանելու և աճյունասափորը հուշապատի մեջ անժամկետ տեղադրելու պայմանով:
7. Մասնավոր գերեզմանատան շահագործողը պարտավոր է վարել գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյաններ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, որոնք արխիվում պահվում են անժամկետ:
(19.2-րդ հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-228-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 20. | Գերեզմանատների կազմակերպման համար հողատարածքների տրամադրումը |
1. Նոր գերեզմանատների կազմակերպման, գործողների ընդլայնման համար հողատարածքների տրամադրումը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված նախագծային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գերեզմանատների կազմակերպում չի թույլատրվում հետևյալ տարածքներում.
ա) ջրամատակարարման աղբյուրների և հանքային ջրերի սանիտարական պահպանման առաջին և երկրորդ գոտիներում, առողջարանների սանիտարական պահպանման առաջին գոտում.
բ) լճերի, գետերի և մյուս բաց ջրամբարների ափերին.
գ) ջրածածկվող, սողանքների և փլուզումների ենթակա և ճահճային գոտիներում.
դ) այն վայրերում, որտեղ ստորերկրյա ջրերի խորությունը առավելագույն հոսքի ժամանակ հողի մակերեսից չորս մետրից պակաս է.
ե) անտառային ֆոնդի հողերում, հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերում` ընդհանուր օգտագործման ենթակա զբոսայգիներում, պուրակներում, այգիներում և այլ կանաչ տարածքներում:
2.1. Գերեզմանատների և դիակիզարանների կազմակերպման պարտադիր պահանջները և պայմանները սահմանում է լիազոր մարմինը։ Գերեզմանատներին և դիակիզարաններին առաջադրվող սանիտարական և բնապահպանական նորմերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների կողմից:
3. Մահացած անձանց հուղարկավորումը իրականացնելու նպատակով գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ստանձնողի անունով հաշվառվում է գերեզմանատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Համապատասխան գերեզմանատեղում հուղարկավորության կազմակերպման համար իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:
5. Պետական և համայնքային գերեզմանատներում գերեզմանները տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (օգտագործման սխեմայով) նախատեսված հերթականությամբ և սույն օրենքով սահմանված չափերով:
(20-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն, լրաց., խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)
Հոդված 21. | Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների իրավական ռեժիմը |
1. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքները համարվում են անբաժանելի և չեն կարող բաժանվել ինքնուրույն հողամասերի:
2. Գերեզմանատների զբաղեցրած հողատարածքների սահմանները ամրագրվում են կադաստրային քարտեզներում և ամրացվում են տեղանքում:
Հոդված 22. | Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների օգտագործման նկատմամբ սահմանափակումները |
1. Գերեզմանատների կազմակերպման նպատակով տրամադրված հողատարածքներում արգելվում է նրանց նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն:
2. Գերեզմանատների տեղափոխման դեպքում դրանց զբաղեցրած հողատարածքները չի թույլատրվում օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար:
3. Պետական կարիքների համար գերեզմանատների զբաղեցրած հողատարածքները կարող են վերցվել գերեզմանատները սահմանված կարգով փակվելուց և վերահուղարկավորում կատարելուց հետո:
Հոդված 23. | Գերեզմանատների փակումը, տեղափոխումն ու վնասազերծումը |
1. Հուղարկավորությունների համար սանիտարահամաճարակային անվտանգության պայմանների խախտման դեպքերում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և փակման:
Փակված գերեզմանատներում վրահուղարկավորումներ կատարելն արգելվում է:
2. Սանիտարահամաճարակային իրավիճակ առաջանալու վտանգի դեպքում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և տեղափոխման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Գերեզմանատան փակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
4. Նոր գերեզմանների կազմակերպման համար ազատ հողատարածքների բացակայության դեպքում գերեզմանատները ենթակա են մասնակի փակման:
Մասնակի փակված գերեզմանատներում թույլատրվում է կատարել հուղարկավորություն միայն այն գերեզմաններում, որտեղ գերեզմանի համար կան ազատ տարածքներ, կամ վերջին հուղարկավորությունը կատարվել է 15 տարի առաջ:
Գերեզմանատների մասնակի փակման մասին որոշումները ընդունում են համապատասխան համայնքի ղեկավարները:
(23-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն)
Հոդված 24. | Գերեզմանատների պահպանումը և շահագործումը |
1. Գերեզմանատների գործունեության և պահպանման աշխատանքները կազմակերպում է համայնքի ղեկավարը, իսկ շահագործման ընդհանուր կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հասարակական նշանակություն ունեցող գերեզմանատների (Եռաբլուր, Կոմիտասի անվան պանթեոն) և դիակիզարանների պահպանումը կատարվում է բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
2. (մասն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)
3. Գերեզմանների ոչնչացման, դրանցում ամրակայված կառույցներին վնասի պատճառման և պղծման դեպքում մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության:
(24-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն, 29.04.15 ՀՕ-27-Ն)
Հոդված 25. | Գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները |
Գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 25.1. |
Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար |
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
(25.1-ին հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն)
Հոդված 26. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 27. | Անցումային դրույթ |
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված գերեզմանի վկայականը հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համար համարվում է սույն օրենքով սահմանված գերեզմանի հողատարածքի նկատմամբ նրանց հաշվառման իրավունքները հաստատող փաստաթուղթ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|