ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«01» սեպտեմբեր 2025 թվականի N 114-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ), ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35․1․-րդ հոդվածի 20-րդ մասը`
Հրամայում եմ
1. Սահմանել՝ կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծավալը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
01.09.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի սեպտեմբեր «01»-ի N 114-Ն հրամանի |
ԾԱՎԱԼ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ), ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց (այսուհետ՝ ռեզիդենտ) կրթությունն իրականացվում է հետբուհական մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով, որոնք մշակում և հաստատում են, առողջապահության ոլորտի հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունները (այսուհետ՝ կրթական կազմակերպություն)` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից հաստատված առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների, նեղ մասնագիտացումների ցանկերի, մասնագիտական բնութագրերի և սույն հրամանի հիման վրա։
2. Ռեզիդենտները հետբուհական մասնագիտական հիմնական ծրագրային փուլից հետո, ձեռք են բերում տվյալ մասնագիտական ուղղության անհրաժեշտ մասնագիտացված տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ տվյալ մասնագիտական ուղղությամբ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար:
3. Ռեզիդենտները հետբուհական մասնագիտական հիմնական ծրագրային փուլի շրջանակներում անհրաժեշտ մասնագիտացված տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ կարող են ձեռք բերել հետևյալ պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում.
1) բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ներառյալ՝ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում)․
2) արտահիվանդանոցային պայմաններում՝ շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չպահանջող դեպքերում (ներառյալ՝ տնային կանչը)․
3) ցերեկային ստացիոնարի պայմաններում (ցերեկային ժամերին բժշկական հսկողություն և բուժում ապահովելու պայմաններով, որոնք չեն պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում)․
4) հիվանդանոցային պայմաններում, երբ անհրաժեշտ են շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում:
4. Ռեզիդենտները հետբուհական մասնագիտական հիմնական ծրագրային փուլի շրջանակներում անհրաժեշտ մասնագիտացված տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ կարող են ձեռք բերել նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 6-ի թիվ 29-Ն հրամանով հաստատված հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում։
5. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ կրթական կազմակերպության միջև ռեզիդենտների ուսումնառության վերաբերյալ պայմանագրի առկայությունը հանդիսանում է պարտադիր պայման։ Պայմանագրի շրջանակներում բժշկական ծրագրերով մասնագիտություն ստացած ռեզիդենտները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրավունք ունեն իրականացնելու բժշկական օգնություն և սպասարկում ավագ բուժաշխատողների հսկողությամբ։
6. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունը, ելնելով ուսումնառող ռեզիդենտների թվից, կազմակերպության ղեկավարի ներքին իրավական ակտով սահմանում է յուրաքանչյուր մասնագիտական ուղղության ավագ բուժաշխատող(ներ), այդ թվում՝ նաև տվյալ ամբիոնի ներկայացուցիչ՝ պատասխանատու բուժաշխատող, որոնց հսկողության ներքո կարող են աշխատել ռեզիդենտները։
7. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունում ռեզիդենտը (բացառությամբ՝ զինծառայող համարվող ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձի) կարող է աշխատանքային գործառույթներ իրականացնել սույն հրամանով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծավալների շրջանակներում։ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունում ռեզիդենտի (բացառությամբ՝ զինծառայող համարվող ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձի) աշխատանքի անցնելու դեպքում, աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով։
8. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավարի ներքին իրավական ակտով սահմանվում են ռեզիդենտների աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, վարձատրության չափը և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ պարտադիր պահանջները։
9. Ռեզիդենտի գրավոր համաձայնության առկայության դեպքում գործատուն կարող է ռեզիդենտին ներգրավել հերթափոխային աշխատանքում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավարի ներքին իրավական ակտով սահմանված կարգով։
10. Եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավարի ներքին իրավական ակտով սահմանվում են մեկից ավելի ավագ բուժաշխատողներ, որոնց հսկողության ներքո կարող են աշխատել ռեզիդենտները, ապա նույն իրավական ակտով տվյալ ավագ բուժաշխատողների կազմից մեկը նշանակվում է տվյալ մասնագիտական ուղղության պատասխանատու։
11. Յուրաքանչյուր հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի կարող է ամրակցվել տվյալ տարվա ուսումնառող առավելագույնը երկու ռեզիդենտ։
12. Հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողը պարտավոր է աջակցել իրեն ամրակցված ռեզիդենտին վերջինիս գործունեության ընթացքում։
13. Ոչ աշխատանքային ժամերին և հերթափոխի ընթացքում ռեզիդենտների աշխատանքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպության համապատասխան ստորաբաժանման հերթափոխի ավագ բուժաշխատողը (ավագ հերթապահը)։
14. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավարն ապահովում է տվյալ մասնագիտական ուղղությամբ մասնագիտացված տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ պայմանները, որոնք սահմանվում եմ սույն հրամանով սահմանված հավելվածի 5-րդ կետով նախատեսված պայմանագրում։
15. Ըստ իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծավալների՝ ռեզիդենտները լինում են՝
1) ոչ ավարտական կուրսի ռեզիդենտներ (այսուհետ՝ կրտսեր ռեզիդենտներ)՝ հիմնական կրթական ծրագրերի առաջինից մինչև վերջին տարվա ուսումնառողներ․
2) ավարտական կուրսի ռեզիդենտներ (այսուհետ՝ ավագ ռեզիդենտներ)՝ հիմնական կրթական ծրագրերի վերջին տարվա ուսումնառողներ։
16. Այն ռեզիդենտները, որոնց հիմնական կրթական ծրագրի տևողությունը կազմում է մեկ տարի, ուսումնառության առաջին օրվանից հաշված վեց ամիսների ընթացքում համարվում են կրտսեր, իսկ հաջորդող ժամանակահատվածում՝ ավագ ռեզիդենտներ։
17. Ռեզիդենտների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները վերաբերվում են բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման հետևյալ ձևերին՝
1) շտապ՝ բժշկական օգնություն, որը մատուցվում է հանկարծակի արտահայտված սուր հիվանդությունների, վիճակների, քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքերում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում պացիենտի կյանքի համար.
2) անհետաձգելի՝ բժշկական օգնություն, որը մատուցվում է հանկարծակի սուր հիվանդությունների, վիճակների, քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքերում՝ առանց պացիենտի կյանքին ակնհայտ սպառնալիքների նշանների.
3) պլանային՝ բժշկական օգնություն, որն ուղղված է պացիենտի առողջության բարելավմանը, և որի հետաձգումը որոշակի ժամանակով չի առաջացնի պացիենտի առողջական վիճակի վատթարացում, կյանքին կամ առողջությանը վտանգ չի ներկայացնի:
18. Ռեզիդենտի աշխատանքի հսկողությունը այսուհետ՝ հսկողություն ներառում է բուն բժշկական օգնության և սպասարկման իրականացման, մասնագիտական էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, ինչպես նաև ռեզիդենտի աշխատանքի որակի մշտադիտարկում։
19. Հսկողության ձևերը լինում են՝
1) Ուղղակի հսկողություն, երբ հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողը ներկա է ռեզիդենտի և պացիենտի շփման ժամանակ․
2) Անուղղակի հսկողություն, երբ հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողը ներկա չէ ռեզիդենտի և պացիենտի շփման ժամանակ, սակայն ֆիզիկապես գտնվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունում․
3) Անուղղակի հեռավար հսկողություն, երբ հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողն անմիջականորեն ներկա չէ ռեզիդենտի և պացիենտի շփման ժամանակ և հասանելի է հեռախոսով կամ կապի այլ միջոցներով և կարող է հսկողություն ապահովել հեռավար եղանակով․
4) Հետհայաց հսկողություն, իրականացվում է դեպքի ավարտից հետո՝ տրամադրված բժշկական օգնության և սպասարկման հանգամանքներն ապացուցողական բժշկության սկզբունքներին, կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով։
20. Հսկողության իրականացման ձևը ընտրում է հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողը՝ հիմք ընդունելով տվյալ ռեզիդենտի կոմպետենցիաները, ունակությունները և հմտությունները, տվյալ պացիենտի առողջական խնդրի ծանրությունը, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տվյալ կազմակերպության հեռավար հսկողություն իրականացնելու տեխնիկական հնարավորությունները։
21. Կրտսեր ռեզիդենտների նկատմամբ հսկողություն իրականացնելիս նախապատվություն է տրվում ուղղակի հսկողությանը, իսկ ավագ ռեզիդենտների նկատմամբ հսկողություն իրականացնելիս նախապատվություն կարող է տրվել անուղղակի և անուղղակի հեռավար հսկողության ձևերին։
22. Հետհայաց հսկողությունն իրականացվում է յուրաքանչյուր ռեզիդենտի կողմից վարված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ՝ հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի կողմից։
23. Հետհայաց հսկողության արդյունքում կազմվում է ռեզիդենտի գործունեությանն աջակցող հուշաթերթ, որն առնվազն ներառում է դեպքի հակիրճ նկարագիրը, տվյալներ ապացուցողական բժշկության սկզբունքների, կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի պահանջներին համապատասխանության և խորհուրդներ՝ տվյալ դեպքի վարման վերաբերյալ։
24. Եթե հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողը ռեզիդենտին չի թույլատրում իրականացնել բժշկական միջամտություն, ապա դրա պատճառների և հիմնավորումների վերաբերյալ հստակ, մատչելի ձևով տեղեկատվություն է ներկայացնում ռեզիդենտին։
25. Բժշկական միջամտություն իրականացնելու արգելքի վերաբերյալ հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի որոշումը կարող է ռեզիդենտի գրավոր դիմումի հիման վրա բողոքարկվել պատասխանատու ավագ բուժաշխատողին, իսկ վերջինի բացակայության դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություն ղեկավարին։
26. Պատասխանատու ավագ բուժաշխատողը կամ ծրագրի ղեկավարը պարտավոր է եռօրյա ժամկետում ուսումնասիրել ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումը և ընդունել որոշում՝ հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի որոշումը հաստատելու կամ չեղարկելու վերաբերյալ։
2․ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐ
27. Ռեզիդենտները ավագ բուժաշխատողների հսկողության ներքո կարող են իրականացնել՝
1) հիվանդության կանխարգելում․
2) ախտորոշում․
3) բժշկական զննություն․
4) բժշկական միջամտություն․
5) բուժում․
6) պացիենտի վարում։
28. Տվյալ մասնագիտական ուղղության պատասխանատու ավագ բուժաշխատողի որոշմամբ կրտսեր ռեզիդենտների աշխատանքների համակարգումը կարող է իրականացնել տվյալ մասնագիտական ուղղությամբ ուսումնառող ավագ ռեզիդենտը։
29. Ավագ ռեզիդենտը կրտսեր ռեզիդենտի աշխատանքների համակարգման շրջանակներում իրականացնում է․
1) Գործունեության պլանավորում՝ ռեզիդենտների պարտականությունների և աշխատանքային ժամերի սահմանում․
2) Ուսումնական պլանների իրականացման նկատմամբ հսկողություն․
3) Համագործակցություն՝ ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություն այլ աշխատողների հետ համատեղ աշխատանքի կազմակերպում․
4) Աջակցություն պացիենտների անվտանգության ապահովմանը:
30. Կրտսեր ռեզիդենտի աշխատանքները համակարգող ավագ ռեզիդենտը հաշվետու է հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողին՝ համակարգման շրջանակներում իր կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ։
31. Կրտսեր ռեզիդենտի աշխատանքի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողը, հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը, հիվանդության ծանրության աստիճանը, ինչպես նաև ռեզիդենտի կոմպետենտությունները վերջինին ամրակցում է պացիենտներ։
32. Ռեզիդենտներն ամրակցված պացիենտների նկատմամբ կարող են իրականացնել սույն հրամանի հավելվածի 27-րդ կետով նախատեսված գործողությունները։
33. Հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողը ռեզիդենտներին ամրակցում է, ինչպես պլանային, այնպես էլ շտապ և անհետաձգելի կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն դիմած կամ ընդունված պացիենտներին։ Ընդ որում, ոչ աշխատանքային օրերին կամ հերթափոխի ընթացքում դիմած, կամ ընդունված պացիենտների ամրակցումը կատարում է տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության համապատասխան ստորաբաժանման հերթափոխի ավագ բուժաշխատողը (ավագ հերթապահը)։
34. Կրտսեր ռեզիդենը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կատարում է հետևյալ ծավալի աշխատանքներ․
1) իրեն ամրակցված պացիենտների ամենօրյա բժշկական զննություն, որն առնվազն ներառում է պացիենտի գանգատների հավաքագրում, հիվանդության և կյանքի անամնեզի հավաքագրում, օբյեկտիվ զննման տվյալներ հավաքագրելու նպատակով՝ անհրաժեշտ չափումների և գործողությունների իրականացնում․
2) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողին ներկայացնում է իրեն ամրակցված պացիենտի բժշկական զննության տվյալները․
3) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողին ներկայացնում է առաջարկություններ իրեն ամրակցված պացիենտի հիվանդության կանխարգելման, ախտորոշման, բժշկական զննության, բժշկական միջամտության, բուժման մեթոդի և բժշկական միջամտությունների վերաբերյալ․
4) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի համաձայնությամբ իրականացնում է բուժման մեթոդով նախատեսված գործողությունները և նշանակված բժշկական միջամտությունները․
5) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի համաձայնությամբ և անմիջական հսկողությամբ ինքնուրույն իրականացնում է արտահիվանդանոցային պայմաններում ընդհանուր վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 16-ի թիվ N 55-Ն հրամանի 9-րդ կետի պահանջների.
6) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի համաձայնությամբ, մասնակցում է հիվանդանոցային պայմաններում իրականացվող վիրաբուժական բնույթի միջամտություններին որպես օգնական՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 16-ի թիվ N 55-Ն հրամանի 12-րդ կետով նախատեսված ընդհանուր վիրաբույժի վիրաբուժական գործունեության ծավալների շրջանակներում․
7) համապատասխան նեղ մասնագիտական վիրաբուժական միջամտությունների տեսակները, որոնք հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի անմիջական հսկողության ներքո ինքնուրույն կամ որպես օգնական կարող է իրականացնել կրտսեր ռեզիդենտը որոշում է հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողը․
8) հսկողություն է սահմանում իրեն ամրակցված պացիենտների օրագրով նախատեսված բժշկական միջամտությունների, նշանակումների, լաբորատոր գործիքային հետազոտությունների ժամանակին և պատշաճ իրականացման նկատմամբ․
9) ավագ բուժաշխատողի համաձայնությամբ կազմակերպում է իրեն ամրակցված պացիենտների այլ մասնագետների խորհրդատվությունները․
10) խորհրդատվությունների արդյունքները ներկայացնում է հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողին․
11) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի համաձայնությամբ և ըստ անհրաժեշտության իրականացում է բուժման մեթոդի և նախատեսված բժշկական միջամտությունների փոփոխություններ․
12) նախապատրաստում է պացիենտներին դուրսգրմանը․
13) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի համաձայնությամբ, պացիենտին տրամադրում է խորհրդատվություն՝ դուրսգրումից հետո վարքագծային առանձնահատկությունների վերաբերյալ․
14) մասնակցում է կոնսիլիումներին, բժշկական խորհրդատվություններին․
15) ավագ բուժաշխատողի համաձայնությամբ, մասնակցում է իրեն ամրակցված պացիենի ընտանիքի անդամների, օրինական ներկայացուցիչների կամ կոնտակտային անձի հետ հանդիպումներին․
16) իրեն ամրակցված պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ՝ ուսումնասիրում է բժշկական մասնագիտական գրականություն և արդյունքները ներկայացնում է հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողին։
35. Կրտսեր ռեզիդենտները, օրենքով սահմանված կարգով, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կամ հարբժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում կարող են ներգրավված լինել այլ աշխատանքների իրականացմանը։
36. Ավագ ռեզիդենտը համակարգում է տվյալ մասնագիտական ուղղության կրտսեր ռեզիդենտների աշխատանքը։ Մասնավորապես՝ աջակցում է կրտսեր ռեզիդենտների կողմից պացիենտների բժշկական զննության իրականացման պլանավորվմանը, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն նոր դիմած կամ ընդունվող պացիենտների բժշկական զննության իրականացմանը։
37. Ավագ ռեզիդենտը, որը հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի համաձայնությամբ համակարգում է կրտսեր ռեզիդենտների աշխատանքները, պարտավոր է տիրապետել կրտսեր ռեզիդենտներին ամրակցված պացիենտների բժշկական տվյալներին։
38. Ավագ ռեզիդենտի աշխատանքի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողը, հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը և հիվանդության ծանրության աստիճանը, ռեզիդենտի կոմպետենտությունները, ամրակցում է պացիենտներ, որոնց սույն հրամանի հավելվածի 27-րդ կետով նախատեսված գործողությունները կարող է իրականացնել ավագ ռեզիդենտը։
39. Ավագ ռեզիդենտները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացնում են հետևյալ ծավալի աշխատանքներ․
1) անհրաժեշտության դեպքում, աջակցում է կրտսեր ռեզիդենտներին զննել պացիենտներին, կազմել բուժման մեթոդի նախագիծ և բժշկական միջամտությունների ցանկ, որը ներկայացնելու է հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի հաստատմանը․
2) իրեն ամրակցված պացիենտների ամենօրյա բժշկական զննություն, որն առնվազն ներառում է պացիենտի գանգատների հավաքագրում, հիվանդության, կյանքի և համաճարակաբանական անամնեզի հավաքագրում, օբյեկտիվ զննման տվյալներ հավաքագրելու նպատակով՝ անհրաժեշտ չափումների և գործողությունների իրականացնում․
3) հսկողություն իրականացնող բուժաշխատողին ներկայացնում է իրեն ամրակցված պացիենտի բժշկական զննության տվյալները․
4) հսկողություն իրականացնող բուժաշխատողին ներկայացնում է առաջարկություններ իրեն ամրակցված պացիենտի հնարավոր ախտորոշման, բուժման մեթոդի և բժշկական միջամտությունների վերաբերյալ․
5) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի համաձայնությամբ իրականացում է բուժման մեթոդով նախատեսված և նշանակված բժշկական միջամտություններ․
6) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի համաձայնությամբ, մասնակցում է վիրաբուժական բնույթի միջամտությունների, որպես առաջին օգնական․
7) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի կողմից առաջարկված պացիենտներին իրականացում է վիրաբուժական միջամտություններ հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի հսկողության ներքո ինքնուրույն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 16-ի թիվ N 55-Ն հրամանի 12-րդ կետով նախատեսված ընդհանուր վիրաբույժի վիրաբուժական գործունեության ծավալների շրջանակներում․
8) համապատասխան նեղ մասնագիտական վիրաբուժական միջամտությունների տեսակները, որոնք ինքնուրույն կամ որպես օգնական կարող է իրականացնել կրտսեր ռեզիդենտը որոշում է հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողը․
9) հսկողության է սահմանում իրեն ամրակցված պացիենտների օրագրով նախատեսված բժշկական միջամտությունների, նշանակումների, լաբորատոր գործիքային հետազոտությունների ժամանակին և պատշաճ իրականացման նկատմամբ․
10) ավագ բուժաշխատողի համաձայնությամբ, կազմակերպում է իրեն ամրակցված պացիենտներին այլ մասնագետների խորհրդատվություններ․
11) խորհրդատվությունների արդյունքները ներկայացում է հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողին։ Վերջինիս համաձայնությամբ և ըստ անհրաժեշտության՝ իրականացում է բուժման մեթոդի և նախատեսված բժշկական միջամտությունների փոփոխություններ․
12) նախապատրաստում է պացիենտներին դուրսգրման․
13) հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողի համաձայնությամբ, պացիենտին տրամադրում է խորհրդատվության՝ դուրսգրումից հետո վարքագծային առանձնահատկությունների վերաբերյալ․
14) մասնակցում է կոնսիլիումներին, բժշկական խորհրդատվություններին․
15) ավագ բուժաշխատողի համաձայնությամբ, մասնակցում է իրեն ամրակցված պացիենտի ընտանիքի անդամների, օրինական ներկայացուցիչների կամ կոնտակտային անձի հետ հանդիպումներին․
16) իրեն ամրակցված պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ ուսումնասիրում է բժշկական մասնագիտական գրականություն և արդյունքները ներկայացնում է հսկողություն իրականացնող ավագ բուժաշխատողին։
40. Ավագ ռեզիդենտները, օրենքով սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կարող են ներգրավված լինել այլ աշխատանքների իրականացմանը։
41. Ռեզիդենտներին չի թույլատրվում`
1) իրականացնել ինքնուրույն գործունեություն, բացառությամբ սույն հրամանով նախատեսված դեպքերի․
2) իրականացնել սույն հրամանով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծավալներով չնախատեսված գործողություններ․
3) իրականացնել ապացուցողական բժշկության սկզբունքներին չհամապատասխանող բժշկական օգնություն և սպասարկում․
4) ստանալ բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն․
5) խախտել մասնագիտական էթիկայի կանոնները։
3․ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
42. Սույն հրամանի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների վրա։
43. Շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը ցուցաբերվում է բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ինչպես նաև շտապ բժշկական օգնության մեքենայում՝ բժշկական տեղափոխման ժամանակ)։
44. Սույն հրամանի 43-րդ կետով նախատեսված բժշկական օգնություն և սպասարկում կարող են ցուցաբերել 2-րդ տարվա ուսումնառող ռեզիդենտները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանով հաստատված հետևյալ հիմնական մասնագիտություններ ուսումնառող ռեզիդետների․
1) Հոգեբուժություն․
2) Դատաբժշկական փորձաքննություն․
3) Ախտաբանություն․
4) Կլինիկական լաբորատոր ախտորոշում․
5) Ֆիզիկական և վերականգնողական բժշկություն․
6) Մանկական ֆիզիկական և վերականգնողական բժշկություն․
7) Բժշկական գենետիկա․
8) Ստոմատոլոգիական հիմնական մասնագիտություններ, նեղ և լրացուցիչ մասնագիտացումներ։
45. Ռեզիդենտների կողմից իրականացվող սույն հրամանի 43-րդ կետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման նկատմամբ իրականացվում է անուղղակի հեռավար հսկողություն։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2025 թվական:
