ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
25 հուլիսի 2025 թ. |
N 02 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ՀՕ-112-Ն ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն իր նախաձեռնությամբ ներկայացնում է պաշտոնական պարզաբանում 2025 թվականի մայիսի 14-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-112-Ն օրենքով սահմանված կարգավորումներով ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև կիրառման բնագավառում ծագած հարցերի հստակեցման նպատակով։
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47.16-րդ հոդվածի փոփոխությունների 1-ին և 3-րդ մասերով սահմանվել է՝
«Հոդված 47.16. Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելը
1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում արտադրողի և ներմուծողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին:
...
3. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացումն առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողին սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
. . . :»
Սույն հոդվածի 1-ին մասի փոփոխությամբ սահմանված վարչական իրավախախտման բնույթը կայանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրության կամ ներմուծման համար պատասխանատվության սահմանումը։
2016 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 107 որոշմամբ ընդունված «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 035/2014) (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ), որի կիրարկումն անդամ պետության տարածքում ապահովելու նպատակով նախատեսվել է անցումային ժամանակաշրջան՝ ազգային օրենսդրությամբ գործող պահանջների պահպանմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության համար անցումային ժամանակահատվածի երկարաձգման գործընթացը՝ 2019 թվականի հունվարի 15-ի փոխարեն սահմանելով 2024 թվականի հունվարի 1-ը: Դրա հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 209 որոշման 1-ին կետով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) անցումային դրույթների մասին» թիվ 53 որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության համար ազգային օրենսդրությամբ ծխախոտային արտադրանքին ներկայացվող պահանջների կիրառման անցումային ժամկետ է սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը:
Այսպիսով, 2024 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են բացառապես Տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պարտադիր պահանջները, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում դեռևս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք, որը չի համապատասխանում Տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին, ինչով էլ պայմանավորված, փոփոխություններ են կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.16-րդ հոդվածում, որի նպատակն է oրենսդրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո կանխարգելել 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված Տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի շուկայահանումը։
ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ
Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի համար վարչական պատասխանատվություն նախատեսող դրույթները խստացվել են՝ հաշվի առնելով, որ ծխախոտային արտադրանքի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում հանդիպել են այնպիսի իրավիճակներ, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձը կրկին կատարել է միևնույն վարչական իրավախախտումը և հաշվի առնելով, որ գործող իրավակարգավորումներով տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների արտադրության և ներմուծման համար նախատեսված տուգանքի չափը փոքր է, իրավախախտում թույլ տված անձը ուղղակի վճարել է տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանքը՝ միևնույն ժամանակ չդադարեցնելով ոչ իրավաչափ վարքագիծը։ Ուստի, գործող իրավակարգավորումների լրամշակումը նպատակ է ունեցել կանխել վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձանց ոչ իրավաչափ վարքագծի կատարումը կրկնելու դեպքերը և նվազագույնի հասցնել այդ իրավախախտումները։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի ՀՕ-112-Ն օրենքի ընդունումը միտված է եղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կարգավորումների՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ապահովմանը, քանի որ Տեխնիկական կանոնակարգը պարտադիր բնույթ է կրում Հայաստանի Հանրապետության համար։
Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 209 որոշման 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է նույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած լիազորված մարմինների կողմից ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված արտադրանքի հսկողության (վերահսկողության) իրականացումը։ Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.16-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ և համապատասխան կարգավորումներ են նախատեսվել ծխախոտային արտադրանքի ներմուծման, արտադրության ու իրացման ընթացքում Հայաստանի Հանրապետության համար 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առաջացող հետևանքների վերաբերյալ՝ դրանով իսկ ապահովելով համապատասխան մարմինների հսկողության (վերահսկողության) գործառույթի իրականացման իրավական հիմքը: Այսպիսով, անցումային դրույթը օրենքում նախատեսվել է Տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջների՝ Հայաստանի Հանրապետության համար իրավական ուժ ստանալու հանգամանքով պայմանավորված, ինչը ենթադրում է, որ Տեխնիկական կանոնակարգի պահանջների համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված մարմինների միջոցով, պետք է ապահովի 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված ծխախոտային արտադրանքի՝ Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
Մյուս կողմից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.16-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխությամբ սահմանված վարչական իրավախախտման բնույթը կայանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրության կամ ներմուծման համար պատասխանատվության սահմանումը։ Այս դեպքում իրավախախտում է համարվում այն արարքը, որն իրենից ներկայացնում է կոնկրետ կանոնակարգերի պահանջների խախտմամբ ծխախոտային արտադրատեսակների արտադրություն կամ ներմուծում, ինչը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով։ Այսինքն՝ եթե այդ ապրանքը ուղղակի ներմուծվել կամ արտադրվել է, սակայն դեռևս առկա չէ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակը, ապա իրավախախտում առկա չէ։ Հայաստանի Հանրապետության տարածքում դրա իրացման նպատակը կարող է առկա լինել, եթե արտադրությունից կամ ներմուծումից հետո տեղի է ունեցել ևս մեկ արարք, որը վկայում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակի առկայությունը փաստված լինելու մասին։ Այդպիսի արարք կարող է լինել օրինակ արտադրողի կամ ներմուծողի առաջին վաճառքը տնտեսվարողին (ապրանքի շուկայահանումը)։ Նման պայմաններում, պետք է առկա լինի բարդ փաստակազմ ունեցող վարչական իրավախախտման հատկանիշների ամբողջական համախումբը, այն է՝ արտադրությունը կամ ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակի առկայությունը, որ հնարավոր լինի փաստել իրավախախտման կատարման մասին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա: Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ վարչական իրավախախտումների գործերի վարույթը իրականացվում է իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա: Տվյալ դեպքում գործ ունենք այնպիսի օրենսդրական փոփոխության հետ, որով սահմանվել է եզրափակիչ մաս և անցումային դրույթ, որի համաձայն՝ որոշվել է այն պայմանը և անձանց շրջանակը, որով պետք է կիրառվի նորմատիվ ակտը, այն է՝ բարդ փաստակազմով արարքը կարող է տարածվել միայն 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակների վրա։ Հետևաբար, անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա: Սա նշանակում է, որ նշված փոփոխությունը ուժի մեջ մտնելուց հետո իրավախախտումը տեղի ունենալու դեպքում անձը կենթարկվի պատասխանատվության փոփոխված հոդվածով սահմանված կարգով։ Այլ կերպ ասած, իրավախախտումը համարվելու է կատարված միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակի փաստման դեպքում։ Այս հանգամանքի առկայության պարագայում միայն կարելի է փաստել վարչական իրավախախտման առկայության մասին։
Ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող կարգավորման անցումային դրույթը կոչված է կանոնակարգել համապատասխան փոփոխություններից հետո ծագած իրավահարաբերությունները, որոնց շրջանակներում օրենսդրական փոփոխություններից հետո կշուկայահանվի 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրանքը։
Այսպիսի եզրահանգումը հաստատվում է նաև օրենսդրի կամքի վերհանման արդյունքում՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունների քննարկումների շրջանակներում, երբ այս հարցի քննարկման ընթացքում հատուկ շեշտվել է, որ օրենսդիրը նպատակ ունի ոչ թե խստացնել կարգավորումը, այլ ընդհակառակը նեղացնել այն անձանց շրջանակը, որոնք կարող են ենթարկվել պատասխանատվության (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 12.05.2025` https://www.youtube.com/watch?v=Cz2P5GPM04o)։ Մասնավորապես նշվել է, որ եթե անձը արտադրել է կամ ներմուծել է ծխախոտային արտադրանք, սակայն դեռ չի իրացնում Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա չպետք է պատասխանատվության ենթարկվի նշված հոդվածով։ Այս դեպքում կարելի է կամ արտահանել ապրանքը երրորդ երկիր կամ ոչնչացնել, այլ կերպ ասած՝ չիրացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հետևաբար, եթե արտադրանքն իրացվում է օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, ապա պետք է ենթակա լինի նոր կարգավորումներով սահմանված պատասխանատվության։ Ավելին՝ այս անցումային դրույթը սահմանվում է նրա համար, որ 2024 թվականի հունվարի 1-ից առաջ խախտումներով արտադրված կամ ներմուծված ապրանքը սույն օրենքում կատարված փոփոխությունից հետո իրացնելու պայմաններում անձը չենթարկվի պատասխանատվության նույն հոդվածով։
Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխությունների արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47․16-րդ հոդվածի 3-րդ մասի փոփոխությամբ սահմանված Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող ապրանքի իրացման համար սահմանված պատասխանատվությանը, ապա պետք է նշել, որ այս զանցանքը իրենից ներկայացնում է պարզ փաստակազմով իրավախախտում և այստեղ միայն բավարար է այդպիսի ապրանքի իրացումը, որը պետք է լինի բնականաբար օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որպեսզի նոր օրենքով կիրառվի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած, եթե նախկինում իրավախախտման հատկանիշներ էին արտադրությունը և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակի փաստումը կամ ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակի փաստումը, ապա նոր կարգավորմամբ անձը ենթակա է պատասխանատվության միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրացնելու համար։ Իրավախախտման առկայությունը պարզելու համար պետք է կիրառվի հետևյալ պարզ կանոնը․ եթե տեղի է ունեցել Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացում, ապա անձը ենթակա է պատասխանատվության։ Այստեղ իրավախախտման արարքը՝ այդ կանոնակարգերի պահանջների խախտմամբ ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածքում իրացնելն է, եթե այդ իրացումը տեղի է ունեցել նշված փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի փոփոխված դրույթով, իսկ եթե դրանից առաջ՝ նախկին դրույթով։ Ինչպես երևում է իրավախախտման հատկանիշներից, նշված օրենսդրական փոփոխության դեպքում գործ չունենք որևէ նորմի հետադարձ կիրառության հետ։ Փաստորեն, կատարված իրավախախտումների համար պատասխանատվության միջոցները կիրառվելու են բացառապես տվյալ իրավախախտման կատարման ժամանակ գործող օրենքով։
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.16-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխությամբ սահմանված վարչական իրավախախտման բնույթը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրության կամ ներմուծման համար պատասխանատվության սահմանմանը։ Նշված իրավախախտումն իրենից ներկայացնում է համապատասխան կանոնակարգերի պահանջների խախտմամբ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կամ ներմուծումը, ինչը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.16-րդ հոդվածի 3-րդ մասի փոփոխությամբ սահմանված վարչական իրավախախտման բնույթը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացմանը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող կարգավորման անցումային դրույթը նախատեսված է կանոնակարգելու օրենսդրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո շուկայահանված՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրանքի հետ կապված հարաբերությունները։
|
Գ. ՊապոՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2025 թվական:
