ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 1992 թ. N 432
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության (Հայարտոնագիր) կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1992 թ. օգոստոսի 5-ի N 432 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը (Հայարտոնագիր) պետական կառավարման մարմին է, որն իր գործունեությամբ ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Հայարտոնագիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:
II. Հայարտոնագրի խնդիրներն ու ֆունկցիաները
3. Հայարտոնագրի գլխավոր խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության արտոնագրային համակարգի կազմակերպման և կառավարման աշխատանքային ծրագրերի մշակումն ու իրագործումը.
բ) արդյունաբերական սեփականության առարկաների` գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների իրավական պահպանությունը.
գ) արդյունաբերական սեփականության պահպանության մասին օրենսդրության մշակմանը մասնակցելը և դրա կիրառման պրակտիկայի ընդհանրացումը, ինչպես նաև կատարելագործման և պահպանման վերահսկողությունն իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
դ) իրավական պահպանություն ստացած արդյունաբերական սեփականության առարկաների վերաբերյալ տեղեկատվության ապահովումը.
ե) արդյունաբերական սեփականության պահպանության բնագավառի մասնագետների պատրաստմանն ու որակավորման բարձրացմանն օժանդակելը.
զ) արդյունաբերական սեփականության բնագավառում արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
4. Հայարտոնագիրն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) իրականացնում է գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների և ապրանքային նշանների հայտերի ընդունումն ու փորձաքննությունը.
բ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտոնագրերի և վկայագրերի գրանցումը, հանձնումը և դրանց հետ կապված այլ միջոցառումներ.
գ) կազմակերպում է արդյունաբերական սեփականության հայտերի փորձաքննության որոշումներին վերաբերող առարկությունների և գանգատների քննարկումը.
դ) գրանցում է արտոնման պայմանագրերը.
ե) իրականացնում է ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ֆիրմային անվանումների պետական գրանցումը` ձեռնարկությունը գրանցող պետական լիազորված մարմնի ծանուցագրի հիման վրա.
զ) ապահովում է արտոնագրային տեղեկատվության հրապարակումն ու փոխանակումը և մասնակցում պետական արտոնագրային հիմնապաշարի (ֆոնդի) համալրմանը.
է) իր իրավասության սահմաններում տալիս է եզրակացություններ, այդ թվում` արդյունաբերական սեփականության առնչությամբ ծագած վեճերի առիթով.
ը) իրականացնում է արտոնագրային հավատարմատարների պետական որակավորումն ու գրանցումը.
թ) ապահովում է իր համակարգի աշխատողների սոցիալական պաշտպանության և աշխատանքի անվտանգության պայմանները.
ժ) իր իրավասությանը վերաբերող հարցերի շրջանակներում և սահմանված կարգով վարում է բանակցություններ և կնքում պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու արտոնագրային գերատեսչությունների հետ` արտոնման, արտոնագրման, արտոնագրային հիմնապաշարի ստեղծման և համալրման, ինչպես նաև գոյություն ունեցող ավտոմատացված տեղեկատվական որոնման համակարգերից օգտվելու և սեփականն ստեղծելու հարցերով.
ի) սահմանում է արդյունաբերական սեփականության պահպանության վերաբերյալ փաստաթղթերի համընդհանուր ձևեր.
լ) իր իրավասությանը վերաբերող հարցերով կազմակերպում է գործարար խորհրդակցություններ և այլ միջոցառումներ.
խ) իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկություններ ու տվյալներ է ստանում Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից և կազմակերպություններից:
III. Հայարտոնագրի աշխատանքի կազմակերպումը
5. Հայարտոնագիրն իր գործունեությանը վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում:
6. Հայարտոնագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմում և լուծարում է իր ենթակայության ձեռնարկություններն ու կազմակերպությունները:
7. Հայարտոնագիրը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և ազատում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Հայարտոնագրի պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և ազատում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վարչության պետի ներկայացմամբ:
9. Հայարտոնագրի պետը`
ա) պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.
բ) սահմանում է վարչության պետի տեղակալների և բաժնի վարիչների պատասխանատվության աստիճանը.
գ) կատարում է պարտականությունների բաշխում վարչության պետի տեղակալների միջև.
դ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը, հաստիքային ցուցակը, սահմանում ապարատի աշխատողների աշխատավարձի չափը.
ե) հրապարակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, այդ թվում` այլ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ:
Արդյունաբերական սեփականության պահպանության վերաբերյալ Հայարտոնագրի պետի հրամանները, հրահանգները ր ցուցումները պարտադիր են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների համար.
զ) հաստատում է Հայարտոնագրի համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.
է) կազմակերպում և ղեկավարում է Հայարտոնագրի կոլեգիայի նիստերը.
ը) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է վարչության պետի տեղակալներից մեկը:
10. Հայարտոնագրում ստեղծվում է կոլեգիա, արի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայարտոնագրի պետի ներկայացմամբ:
Կոլեգիայի կազմի մեջ մտնում են Հայարտոնագրի պետը (նախագահ) և նրա տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ, ինչպես նաև այլ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ղեկավար կամ պատասխանատու աշխատողներ:
11. Հայարտոնագրի կոլեգիան իր նիստերում քննության է առնում արդյունաբերական սեփականության իրավական պահպանության բնագավառի զարգացման հիմնական հարցերը և Հայարտոնագրի գործունեության այլ հարցեր, քննարկում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է վարչության բաժինների և համակարգի հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով:
12. Հայարտոնագրի կենտրոնական ապարատի տարեկան աշխատավարձի ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
13. Հայարտոնագրում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ, որը քննարկում է արդյունաբերական սեփականության պահպանության գիտական և մեթոդական հարցերին վերաբերող առաջարկությունները: Խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայարտոնագրի պետը:
14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
