Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-52
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.05.2014-09.04.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/8
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
30.03.1993
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.04.1993
Дата вступления в силу
21.04.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«30» մարտի 1993թ. Հ.Ն-0773-I

 

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների լեզվահարաբերությունները:


ՀՈԴՎԱԾ 1.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը:

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը:

Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:

(1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 1.1. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

 

Օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

պետական լեզվաքաղաքականություն՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը.

պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու.

պաշտոնական լեզու` հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.

պաշտոնական խոսք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անկախ կարգավիճակից) ի պաշտոնե հրապարակային խոսք.

լեզվավիճակ՝ համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողությունների, զարգացման միտումների և երևույթների ամբողջականություն.

լեզվական հարաբերություններ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված` լեզվի գործածության ձևեր, որոնք իրականացվում են պետության ներսում և այլ պետությունների ու միջազգային կառույցների միջև առկա փոխհարաբերություններում.

գրական հայերենի կանոնարկում` լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման և տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման և քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց. 

լեզվական իրավունք` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության սահմանած իրավունքներ.

լեզվական պարտականություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից և լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանում.

գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման և վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առևտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը և (կամ) ձևավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը.

ցուցանակ՝ կազմակերպության որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք, որը պարունակում է տեղեկույթ կազմակերպության (ֆիրմայի) անվանման և (կամ) կազմակերպաիրավական ձևի և (կամ) ապրանքանշանի և (կամ) տվյալ աշխարհագրական և (կամ) վարչական և (կամ) քաղաքաշինական և (կամ) տնտեսական և (կամ) հասարակական և (կամ) միավորի անվանման և այլնի մասին.

պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեությանն առնչվող փաստաթուղթ:

(1.1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 2.

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հանրակրթության ոլորտում միջազգային կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություններն ու ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով:

Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով:

(2-րդ հոդվածը խմբ. 03.05.05 ՀՕ-95-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-31-Ն, 28.04.14 ՀՕ-8-Ն, լրաց. 28.04.14 ՀՕ-8-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3.

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:

Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը:

(3-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 4.

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են.

ա) գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները.

բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը.

գ) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:

(4-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-91-Ն, խմբ., լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակչությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:

(5-րդ հոդվածը փոփ. 03.05.05 ՀՕ-95-Ն)

 


Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


17 ապրիլի 1993 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-52

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան