ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.
Ծննդյան տարեթիվ |
Տարիք |
Կենսաթոշակի անցնելու տարեթիվ |
01.01.1960-30.06.1960 |
54,5 |
2014 |
01.07.1960-31.12.1960 |
55 |
2015 |
2. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:».
2) 5-րդ մասը «ցուցակները» բառից հետո լրացնել «, պաշտոնների թիվ 3 և թիվ 4 ցուցակները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետի «տարիքային» բառը փոխարինել «կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային» բառերով.
2) 5-րդ կետից հանել «կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.».
4) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) չորրորդ պարբերության «և 6-րդ կետերում նշված անձանց և 5-րդ կետում նշված` ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի» բառերը փոխարինել «կետում նշված անձանց» բառերով.
6) հինգերորդ պարբերության «կետում» բառը փոխարինել «և 5.1-ին կետերում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
2. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`
1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.
2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.
3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.
բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.
գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:».
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Աշխատանքային ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվող ժամանակահատվածները, այդ ժամանակահատվածները հաշվարկելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է) նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:»:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը «բուժվելու» բառից հետո լրացնել «, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու» բառերով:
Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «դադարեցնելու ամսվան հաջորդող» բառերը փոխարինել «դադարեցնելու ամսվանից սկսած՝» բառերով:
Հոդված 8. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:»:
Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված աշխատանքային կենսաթոշակների չափերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվում են Օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
3. Եթե հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը (ներառյալ՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին Օրենքով տրվող հավելումը) ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-120-Ն |