ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 45-րդ հոդվածներով` որոշում եմ.
1. Հաստատել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու, մրցույթին մասնակցելու, մրցութային հանձնաժողովի աշխատանքների իրականացման պայմանները:
2. Մրցույթի անցկացման հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է Երևան, Մարշալ Բաղրամյան 26 հասցեում:
3. Մրցույթի անցկացման հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
4. Մրցույթի անցկացման հանձնաժողովի տեղեկատվական և տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:
2. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Խորհրդի և Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը և Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Խորհրդի և Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի վերաբերյալ գրավոր տեղեկատվությունն ստացվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում, Հանրային հեռուստատեսությամբ) հայտարարվում է թափուր տեղի համալրման համար մրցույթ:
Հայտարարության մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները`
ա) թափուր պաշտոնի անվանումը,
բ) թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները,
գ) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման վերջին օրը և ժամը,
դ) սույն կարգի պաշտոնապես հրապարակված տեքստը պարունակող Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի համարը (տվյալները):
6. Խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, հեղինակավոր և որակյալ մասնագետ է, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:
7. Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության բնագավառներում երկարատև աշխատանքային փորձ, բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:
8. Խորհրդի և Ազգային հանձնաժողովի անդամների նկատմամբ սահմանափակումները սահմանվում են օրենքով:
9. Խորհրդի կամ Ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը (այսուհետ` մրցույթ) կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այդ նպատակով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Խորհրդի և (կամ) Ազգային հանձնաժողովի անդամի (անդամների) թափուր պաշտոնում (պաշտոններում) նշանակմանը հաջորդող երրորդ օրը:
Միևնույն հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է նաև Խորհրդի և (կամ) Ազգային հանձնաժողովի մեկից ավելի անդամների թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները, եթե դրանք անցկացվելու են հանձնաժողովի գործունեության ընթացքում:
10. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
11. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել (չկայացած մրցույթ), կամ մրցույթի արդյունքում հաղթող (հաղթողներ) չի ճանաչվել, ապա անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը տալիս է հանձնաժողովը:
12. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն կարգին համապատասխան:
13. Կրկնակի մրցույթը չկայանալու կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստեղծվում է նոր հանձնաժողով, որը կազմակերպում և անցկացնում է Խորհրդի և (կամ) Ազգային հանձնաժողովի անդամի (անդամների) թափուր պաշտոն (պաշտոններ) զբաղեցնելու համար մրցույթը: Գործող հանձնաժողովի գործունեությունը դադարում է նոր հանձնաժողովի ստեղծման օրվանից:
14. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) անձնագրի պատճեն,
գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
դ) ինքնակենսագրություն (մանրամասն),
ե) աշխատանքային գրքույկի պատճեն, քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),
զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
է) 2 լուսանկար` 3x4 չափսի:
Փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողով մրցույթի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարմանը հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը հանձնաժողովի կողմից չեն ընդունվում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողովի քարտուղարին:
15. Հանձնաժողովը Խորհրդի և Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածուներ (թեկնածու) ընտրելու մասին որոշումը կայացնում է մրցույթի մասնակիցների փաստաթղթերն ընդունելու վերջին օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:
16. Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողներին (հաղթողին): Անհրաժեշտության դեպքում, մինչև մրցույթի հաղթողների (հաղթողի) վերաբերյալ որոշում կայացնելը, հանձնաժողովը կարող է թեկնածուների (թեկնածուի) հետ անցկացնել հարցազրույց:
17. Հանձնաժողովը թեկնածուներ (թեկնածու) ընտրելու մասին որոշումը կայացնելուց հետո մեկ օրվա ընթացքում այն գրավոր ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` անհրաժեշտ գրավոր հիմնավորմամբ:
18. Հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որի անհատական կազմը` հանձնաժողովի նախագահ, քարտուղար, անդամներ, հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
19. Հանձնաժողովի անդամ կարող են լինել պետական մարմինների ներկայացուցիչներ, լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, հեղինակավոր և որակյալ մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
20. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից:
21. Հանձնաժողովի անդամներին մրցույթի նյութերի տրամադրման և նիստերի հրավիրման, անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկում է հանձնաժողովի քարտուղարը` նիստի հրավիրման օրվանից առնվազն մեկ օր առաջ:
22. Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել խորհրդատուներ և փորձագետներ:
23. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են նրա անդամների կեսից ավելին:
24. Հանձնաժողովի որոշումների ընդունման ձևը (բաց կամ փակ քվեարկություն) որոշում է հանձնաժողովը:
25. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
26. Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
27. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
28. Հանձնաժողովի նախագահը`
- հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը,
- կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները,
- ստորագրում է հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը,
- ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում,
- հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին,
- ապահովում է Խորհրդի և (կամ) Ազգային հանձնաժողովի թափուր տեղի համալրման համար անցկացվող մրցույթի հայտարարման, թեկնածուների վերաբերյալ տվյալների, Խորհրդի և (կամ) Ազգային հանձնաժողովի անդամի (անդամների) նշանակման մասին տեղեկությունների հրապարակումները զանգվածային լրատվության միջոցներով,
- իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:
29. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:
30. Հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը, արձանագրումը, ինչպես նաև ընդունված փաստաթղթերի առաքումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարը:
31. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելիս կարող է պետական և (կամ) այլ մարմիններից, կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:
32. Հանձնաժողովն իր գործառույթների ավարտին հաջորդող օրը մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ նյութերը (փաստաթղթերը) փոխանցում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |