Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-184-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.918
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.05.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.06.2011
Дата вступления в силу
04.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից, որոնք առևտրում ծառայում են ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը կամ այլ բնութագրերը նշելու համար.».

2) 3-րդ մասը «նիշերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետությունների պաշտոնական անվանումների, դրանց կրճատ ձևերի և շփոթելու աստիճան նման նիշերի,» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Պետությունների պաշտոնական անվանումները, դրանց կրճատ ձևերը կամ դրանց շփոթելու աստիճան նման նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, և այդ ապրանքային նշանի օգտագործումն անհարիր չէ պետության հեղինակության համար և չի նսեմացնի այն:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «չի կարող պարունակել այնպիսի տարրեր» բառերը փոխարինել «չի կարող բաղկացած լինել միայն այնպիսի տարրերից» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 

«4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ցանկացած անձ` ապրանքային նշանի իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում:»:

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ավելի վաղ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի կամ նույն մասում նշված ավելի վաղ այլ իրավունքի տիրապետողը` ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` առանց գրանցման պահպանություն տրամադրելու օրվանից հետո` 5 տարվա ընթացքում:»:

 

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածում՝

 

1) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝

1) հայտարարություն չի ներկայացնում, կամ

2) հայտարարություն ներկայացնում է միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ, կամ

3) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, կամ

4) նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն,

ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին։».

2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝

1) հայտարարություն ներկայացնում է նշված բոլոր տարրերի նկատմամբ, կամ

2) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, կամ

3) նշված բոլոր տարրերի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն,

ապա պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ նշում է կատարում միայն այն տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, որոնց նկատմամբ հայտարարություն է ներկայացվել՝ այդ նշումը ներառելով ապրանքային նշանի գրանցման մասին հրապարակվող պաշտոնական տեղեկությունների մեջ։ Այն տարրերի մասին, որոնց նկատմամբ ներկայացվել է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ որևէ գրառում չի կատարվում, և դրանք պահպանություն ստանում են ապրանքային նշանի գրանցման փաստի ուժով։»։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 16

Երևան

ՀՕ-184-Ն