Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-332
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.05.2011-28.04.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.434
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
30.04.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.06.2002
Дата вступления в силу
19.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի ապրիլի 30-ին

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է գյուղատնտեսական վարկային ակումբների կարգավիճակը և դրանց գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, սահմանում է ակումբների կազմավորման, անդամակցության, կառավարման սկզբունքները, միջոցների ներգրավման և ակումբի անդամների փոխատվության, ապահովագրության այլ ծառայությունների ու սպասարկումների մատուցման պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև դրանց գործունեության կարգավորման, վերահսկողության և հաշվետվությունների կարգը:

 

Հոդված 2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Գյուղատնտեսական վարկային ակումբների (այսուհետ` ակումբներ) նպատակներն են`

ա) պետության, շահագրգիռ ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում` միջազգային կազմակերպությունների, այլ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության աջակցության, այդ թվում` ներքին ներդրումները խթանող մեխանիզմների ձևավորումը.

բ) ֆինանսական փոխօգնության ակումբների ինքնակառավարվող համակարգի ձևավորումը.

գ) միասնական տնտեսական շահերով միավորված գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց փոխօգնության սկզբունքով տրամադրվող ֆինանսական ծառայությունների տրամադրումը.

դ) գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված փոխատվական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը և դրանց վերադարձելիության երաշխավորումը` անձնական և սուբսիդիար պատասխանատվության սկզբունքների զուգակցմամբ.

ե) ֆինանսական փոխադարձ օգնության եղանակով ակումբների անդամների ֆինանսական կայունության ապահովումը:

2. Ակումբների խնդիրներն են`

ա) գյուղական համայնքներում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց փոխառու միջոցների պահանջարկի բավարարումը.

բ) ակումբի անդամների սեփական ներդրումների ձևավորումը.

գ) ակումբի անդամներին հասցված վնասների և կորուստների վերականգնումը փոխադարձ օգնության եղանակով.

դ) փոխադարձ օգնության սկզբունքով ակումբի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական ծառայությունների մատուցումը:

 

Հոդված 3. ԱԿՈՒՄԲԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Ակումբը, իրավաբանական անձի կարգավիճակով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց անդամության վրա հիմնված, ֆինանսական փոխադարձ օգնության նպատակով ստեղծված կամավոր միավորումն է:

Ակումբը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կողմից`

ա) ակումբի անդամներին մատուցվող և ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ֆինանսական փոխադարձ օգնության ծառայություններն ու սպասարկումներն իրականացվում են անդամ հանդիսացող բոլոր անձանց անունից և նրանց սուբսիդիար ռիսկով.

բ) միևնույն միության անդամ-ակումբների միջև ընդհանուր սեփականություն հանդիսացող ֆոնդերի (պահուստների) միջոցներից տրամադրվող փոխառությունները, ակումբների անդամների ֆինանսական փոխադարձ օգնության նպատակով կենտրոնացված պահուստների (ֆոնդերի) ձևավորումը և այլ ֆինանսական ծառայությունները ձեռնարկատիրական գործունեության առարկա չեն հանդիսանում:

Ակումբը կարող է ստեղծվել ոչ առևտրային կոոպերատիվի կամ իրավաբանական անձանց միության կազմակերպաիրավական ձևով:

 

Հոդված 4. ԱԿՈՒՄԲԻ ՍԵՓԱԿԱՆ և ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Ակումբի սեփական միջոցները գոյանում են`

ա) անդամների պարտադիր, ինչպես նաև կամավոր վճարներից.

բ) դրամաշնորհների, պետական և համայնքային բյուջեների անհատույց տրամադրվող միջոցներից.

գ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Ակումբի սեփական միջոցներն ստորադասվում են երկու մասի` բաժանելի սեփականության և համատեղ` անբաժանելի սեփականության:

2. Ակումբի բաժանելի սեփականությունն են նրա անդամների պարտադիր և կամավոր վճարներից ձևավորված կանոնադրական հիմնադրամի միջոցները:

Ակումբի անդամների բաժանելի սեփականություն հանդիսացող ներդրումները տալիս են ակումբի կառավարմանը մասնակցելու և ակումբի ծառայություններից ու սպասարկումներից օգտվելու իրավունք: Դրանց դիմաց շահաբաժիններ չեն վճարվում:

Ակումբի բաժանելի սեփականությունը նրա անդամների առանձնացված հաշվառվող միջոցներն են, որոնց նկատմամբ անդամները պահպանում են իրենց սեփականության իրավունքը և կարող են հետ ստանալ ակումբից դուրս գալու դեպքում, սակայն չեն կարող առանձնացված տնօրինել, տիրապետել կամ օգտագործել դրանք ակումբի անդամակցության ընթացքում:

Ակումբի անդամակցությունից դուրս գալու դեպքում անդամի բաժնային միջոցների այն մասը, որը գոյացել է նրա անդամակցության ընթացքում, դիտվում է որպես տվյալ անձի կողմից ստացված եկամուտ և ենթակա է հարկման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ակումբի համատեղ` անբաժանելի սեփականությունն են`

ա) փոխառությունների վերականգնման պահուստի միջոցները.

բ) ֆինանսական փոխադարձ օգնության պահուստի միջոցները.

գ) դրամաշնորհներից ձևավորվող պահուստի միջոցները:

Համատեղ` անբաժան սեփական միջոցների նկատմամբ ակումբի անդամը կորցնում է սեփականության իրավունքն ակումբից դուրս գալու և հեռացվելու դեպքում:

Ակումբի անբաժանելի սեփականությունը կազմող միջոցներն անդամների միջև չեն բաժանվում, այլ տնօրինվում, տիրապետվում և օգտագործվում են ակումբի անդամների ընդհանուր որոշմամբ և կարող են բաժանվել միայն ակումբի լուծարման դեպքում լուծարման պահին առկա անդամների միջև` բաժնային սեփականության մեջ նրանցից յուրաքանչյուրի բաժնեմասին համապատասխանող հարաբերակցությամբ, բացառությամբ դրամաշնորհների: Ակումբի լուծարման դեպքում դրամաշնորհների պահուստի միջոցների սեփականության իրավունքն անցնում է սույն օրենքով սահմանված Ակումբների հիմնադրամին և (կամ) Ակումբների միությանը, իսկ դրանց լուծարման դեպքում` պետությանը:

4. Ակումբը փոխառու միջոցներ կարող է ներգրավել միայն սույն օրենքով սահմանված Ակումբների հիմնադրամից, Ակումբների միությունից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից, պետական և համայնքային բյուջեներից անհատույց հատկացված միջոցներից:

Ակումբը փոխառու միջոցներ չի կարող ներգրավել ակումբի անդամ չհանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանցից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Ակումբը չի կարող փոխառու միջոցներ տրամադրել ակումբի անդամ չհանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

 

Հոդված 5. ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

1. Ակումբի անդամը պարտավոր է իրականացնել ակումբի խորհրդի որոշմամբ սահմանված չափով պարտադիր նվազագույն ներդրումներ: Բացի պարտադիր նվազագույն ներդրումներից, ակումբի անդամը կարող է իրականացնել նաև կամավոր ներդրումներ:

Ակումբի ներդրումներն իրականացվում են`

ա) պարտադիր նվազագույն ներդրումների մասով` միայն դրամական միջոցներով.

բ) կամավոր ներդրումների մասով` ցանկացած նյութական և ոչ նյութական ակտիվների տեսքով:

Պարտադիր նվազագույն ներդրումն ակումբի խորհրդի որոշմամբ սահմանված փոխառության գումարի այն մասն է, որը հատկացվում է ակումբի բաժնային և համատեղ միջոցների համալրմանը: Պարտադիր նվազագույն ներդրման չափը կապված է ակումբի անդամի կողմից ստացվող փոխառության մեծությունից և ենթակա է վճարման փոխառության գումարի ստացման պահին:

2. Փոխառություն ստացող անդամների պարտադիր նվազագույն ներդրումների մեծությունը սահմանվում է երկու առանձնացված ընթացակարգերով`

ա) ակումբի պահպանման, ինչպես նաև փոխառությունների վերականգնման, ֆինանսական փոխադարձ օգնության պահուստների միջոցներին հատկացումը կատարվում է ստացվող փոխառությունից, անկախ անդամի կատարած ներդրումների չափից` ակումբի կանոնադրությամբ սահմանված չափով.

բ) ակումբի բաժնային ներդրումներին կատարվող հատկացման մեծությունը սահմանվում է ակումբի անդամի փաստացի կատարած ներդրումների և ստացվող փոխառության գումարի տարբերության նկատմամբ` ակումբի կանոնադրությամբ սահմանված չափով:

3. Ակումբի պարտադիր և կամավոր ներդրումների հաշվին համալրվող կանոնադրական հիմնադրամի, ինչպես նաև համատեղ սեփականություն հանդիսացող պահուստների ազատ միջոցներն ակումբի խորհրդի կողմից սահմանված համամասնությամբ ուղղվում են ակումբի անդամների փոխառությունների տրամադրմանը:

 

Հոդված 6. ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Ակումբների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիաիրավական այլ ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԱԿՈՒՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. ԱԿՈՒՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Ակումբն ստեղծվում է տնտեսական շահերով միավորված միևնույն համայնքում կամ իրենց տարածքներով հարակից համայնքներում` գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տասից ոչ պակաս անձանց հիմնադիր ժողովի որոշմամբ:

Ժողովը նախապատրաստում և անցկացնում է ակումբին անդամակցելու ցանկություն ունեցող և այդ նպատակով ակումբի հիմնադրման մասին պայմանագիր կնքած տնտեսավարող սուբյեկտներից կազմված նախաձեռնող խումբը կամ ակումբին առաջին նպատակային դրամաշնորհ և (կամ) փոխատվություն հատկացնող կազմակերպության ներկայացուցիչը:

 

Հոդված 8. ԱԿՈՒՄԲԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Ակումբը գրանցվում է ոչ առևտրային կազմակերպությունների գրանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ակումբն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից:

Ակումբն ունի անվանում, իրավաբանական հասցե, բանկային հաշիվ (հաշիվներ): Այն կարող է ունենալ նաև կնիք դրոշմ, խորհրդանիշ և իր անվանմամբ ձևաթղթեր:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.04.11 ՀՕ-117-Ն)

 

Հոդված 9. ԱԿՈՒՄԲԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ակումբի կանոնադրությունը, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, կարող է ներառել նաև օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

2. Ակումբի կանոնադրությունը պարտադիր պարունակում է հետևյալ հավելվածները`

ա) ակումբի անդամների պարտադիր նվազագույն ներդրումների վճարման կարգը.

բ) ակումբի անդամների փոխադարձ փոխառությունների տրամադրման կարգը.

գ) ակումբի անդամների ֆինանսական փոխադարձ օգնության կարգը.

դ) ակումբի անդամներին մատուցվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական սպասարկումների և ծառայությունների կարգը:

Նշված կարգերի առանձին պայմանները` ժամկետը, գումարը և այլ նմանատիպ պայմանները, սահմանվում են ակումբի խորհրդի որոշմամբ:

 

Հոդված 10. ԱԿՈՒՄԲԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ակումբի անդամ կարող են լինել հողի և (կամ) գյուղատնտեսական նշանակության այլ հիմնական միջոցների սեփականատեր իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք`

ա) գործում են միևնույն կամ իրենց տարածքով մոտ գյուղական համայնքներում.

բ) զբաղված են գյուղատնտեսական արտադրությամբ և եկամտի կեսից ավելին ստանում են այդ գործունեությունից.

գ) ակումբի բարձրագույն մարմնի կողմից սահմանված կարգով սպառիչ տեղեկություններ են հայտնել և ակումբում գրանցել են սեփականության իրավունքով իրենց պատկանող արտադրական և ոչ արտադրական նշանակության գույք.

դ) սպառիչ տեղեկություններ են հայտնել այլ կազմակերպություններում իրենց պատկանող համատեղ և բաժնային սեփականության մասին:

2. Մեկ անձը կարող է անդամակցել միայն մեկ ակումբի, եթե ակումբի կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

3. Ակումբին անդամակցությունը մերժվում է, եթե անձը`

ա) անդամակցելու պահին իրավունակ չէ.

բ) ճանաչվել է անվճարունակ.

գ) անձի առկա ստանձնած բոլոր պարտավորությունների գումարը, ակումբի կողմից ընդունված գնահատման կարգով, գերազանցում է դրա սեփականությունը հանդիսացող գույքի շուկայական արժեքը.

դ) անդամակցության պահին այլ պարտավորությունների դիմաց գրավադրել է իր ամբողջ գույքը:

4. Հողի և գյուղատնտեսական այլ հիմնական միջոցների նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքում բաժին ունեցող անձն ակումբի անդամ կարող է լինել այդ գույքի համասեփականատերերի համաձայնությամբ:

 

Հոդված 11. ԱԿՈՒՄԲԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

1. Ակումբին անդամակցությունը դադարում է`

ա) ակումբից դուրս գալու մասին գրավոր դիմումի հիման վրա` ակումբի ընդհանուր ժողովի որոշմամբ.

բ) ակումբի անդամի մահվան, վերակազմավորման դեպքում, եթե նրա ժառանգները կամ իրավահաջորդը երկամսյա ժամկետում գրավոր չեն դիմել անդամությունը վերաձևակերպելու դիմումով.

գ) սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված հիմքերով, ինչպես նաև 21-րդ հոդվածում ամրագրված պարտականությունների էական խախտումների դեպքում: Խախտումների էականությունը որոշվում է սույն հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կարգով.

դ) չեն ապահովվել 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

2. Ակումբին անդամակցությունից զրկելու հիմքերն են`

ա) ակումբից ստացված փոխառությունը (փոխառությունները), դրանից գոյացած պարտավորությունները կանոնադրությամբ սահմանված ժամկետում չմարելը.

բ) ակումբի ներդրումային և այլ պարտադիր վճարումները կանոնադրությամբ սահմանված ժամկետում չկատարելը.

գ) ակումբից ստացված միջոցները նպատակային չօգտագործելու էական և պարբերական խախտումները: Խախտումների էականության չափորոշիչները և պարբերականությունը սահմանվում են ակումբի կանոնադրությամբ.

դ) ակումբին անդամակցելու ընթացքում սույն հոդվածի 1-ին կետի պահանջները պատշաճ կերպով չկատարելը և (կամ) ոչ ճիշտ, ոչ սպառիչ տեղեկություններ ներկայացնելը:

 

Հոդված 12. ԱԿՈՒՄԲՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ և ԳՐԱՎԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ

 

1. Ակումբին անդամակցելու պահին և այնուհետև սեփականության իրավունքով անդամներին պատկանող գույքը հաշվառվում է նաև ակումբի հատուկ գրանցամատյանում և ակումբի հանդեպ դրա անդամի ժամկետանց պարտավորությունների առաջանալու պահից հանդիսանում է գրավադրված գույք:

2. Ակումբի անդամները պարտավոր են իրենց պատկանող անշարժ գույքի հետ կապված յուրաքանչյուր գործարքի մասին նախապես տեղեկացնել ակումբին` ակումբի կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 13. ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՒԲՈՐԴԻՆԱՑՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐը

 

Ակումբի յուրաքանչյուր անդամի պարտադիր ներդրման այն մասը, որը փոխկապակցված է տվյալ պահին նրա կողից ակումբից ստացված փոխառության (փոխառությունների) մեծության հետ, տարվա ընթացքում կատարվող պարբերաբար կամ միանվագ վճարումների ձևով կուտակվում է ներդրումների հատուկ կուտակային հաշվում և ակումբի խորհրդի որոշմամբ տարին առնվազն մեկ անգամ կապիտալացվում է նրա ներդրման ամբողջ գումարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխություն կատարելով ակումբի հիմնադիր փաստաթղթերում` հիմնադիր պայմանագրում, ամրագրելով ակումբի յուրաքանչյուր անդամի ներդրման փաստացի մեծությունը (չափաքանակը):

Կանոնադրական կապիտալի հատուկ կուտակային հաշվում հավաքված ակումբի անդամների միջոցները (մինչ դրանց կապիտալացումը) հանդիսանում են ակումբի անդամների սուբորդինացված փոխատվություններ, իսկ դրանցից բխող պարտավորությունները` ակումբի անդամների սուբորդինացված պարտավորություններ:

Սույն օրենքի նպատակների համար ակումբի անդամների սուբորդինացված փոխատվությունները բավարարում են հետևյալ պահանջներին`

ա) տրամադրվում են անտոկոս.

բ) ակումբի ստանձնած պարտավորությունները կատարելու հաջորդականությամբ ենթակա են կատարման` ակումբի բոլոր այլ ստանձնած պարտավորությունների կատարումից հետո.

գ) ենթակա են ակումբին անդամակցության ներդրման գումարին ավելացնելու ոչ ուշ, քան տարին մեկ անգամ.

դ) ենթակա են վերադարձման որպես ներդրում ակումբի անդամակցությունից` սույն օրենքով սահմանված կանոնների պահպանմամբ դուրս գալու դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 14. ԱԿՈՒՄԲԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Ակումբի կառավարման մարմիններն են ակումբի անդամների ընդհանուր ժողովը (այսուհետ` ընդհանուր ժողով), ակումբի խորհուրդը, խորհրդի նախագահը (այսուհետ` նախագահ), ակումբի գործադիր կառավարիչը (այսուհետ` կառավարիչ):

Ակումբի խորհրդի կազմը, նախագահը ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից:

Կառավարիչը նշանակվում է խորհրդի որոշմամբ կամ նախագահի հրամանով: Ակումբի առաջին կառավարիչը կամ կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարն ընտրվում է ակումբի հիմնադիր ժողովի կողմից: Կառավարիչը, գործադիր աշխատակազմի աշխատակիցները համարվում են վարձու աշխատողներ:

Մինչև 20 անդամ ունեցող ակումբը խորհուրդ չի ընտրում և խորհրդի իրավասությունները լիազորում է ակումբի նախագահին, որը միանձնյա իրականացնում է ընդհանուր ժողովի որոշումները և սույն օրենքի պահանջները:

Քսանից ավելի անդամ ունեցող ակումբն ընտրում է ակումբի խորհուրդ և նախագահ:

Քսանմեկից մինչև հարյուր անդամ ունեցող ակումբն ընդհանուր ժողովի իրավասությունները պատվիրակում է խորհրդին` յուրաքանչյուր երեք անդամից ընտրելով խորհրդի մեկ անդամ:

Հարյուրից ավելի անդամ ունեցող ակումբը յուրաքանչյուր հինգ անդամից ընտրում է խորհրդի մեկ անդամ:

(14-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-164-Ն)

 

Հոդված 15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

 

Ակումբի կառավարման բարձրագույն մարմինն ակումբի անդամների կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է:

Ընդհանուր ժողովի որոշումների ընդունմանը քվեարկվում է մեկ անդամ` մեկ ձայն սկզբունքով:

Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն է պատկանում`

ա) ակումբի կանոնադրության և դրա անբաժանելի մասը հանդիսացող փաստաթղթերի (հավելվածների) ընդունումը, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարումը.

բ) ակումբի անդամ ընդունելը և հեռացնելը.

գ) ակումբի անդամներից երեք տարի ժամկետով նախագահի, խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (գլխավոր վերստուգիչի) և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի ընտրությունը, դրանց անվստահություն հայտնելը և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

դ) ակումբի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, բյուջեի և նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության հաստատումը.

ե) նախագահի և (կամ) խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունների հաստատումը.

զ) Ակումբների միությանն անդամակցելու և անդամակցությունից դուրս գալու մասին որոշման ընդունումը.

է) ակումբում հաստիքային աշխատողներ, ներառյալ` ակումբի կառավարիչ ունենալու անհրաժեշտության որոշումը և նրանց վարձատրության ձևերի ու չափի սահմանումը.

ը) ակումբի անդամներին սեփականության իրավունքով պատկանող արտադրական և ոչ արտադրական նշանակության գույքի մասին ակումբին տեղեկություններ տրամադրելու և դրանց գրանցման կարգերի սահմանումը.

թ) ակումբի անդամին ակումբի հանդեպ նրա ունեցած ժամկետանց պարտավորություններից ազատելը.

ժ) ակումբի վերակազմավորման և լուծարման մասին որոշում ընդունելը.

ժա) ակումբի կանոնադրությամբ սահմանված այլ հարցերի լուծումը:

Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված լիազորությունները չեն կարող նրա կողմից փոխանցվել նախագահի, վարչության կամ կառավարչի իրավասությանը:

Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ժողովին ներկա գտնվող վարկային ակումբի անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածի «ա», «գ», «դ», «ե», «զ», «է» և «թ» կետերի վերաբերյալ որոշումների, որոնց ընդունման համար պահանջվում է ձայների առնվազն 75 տոկոսը:

 

Հոդված 16. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Ընդհանուր ժողովները կարող են գումարվել ակումբի նախագահի, խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (գլխավոր վերստուգիչի) որոշմամբ, ակումբի անդամների առնվազն 1/4-ի, ինչպես նաև Ակումբների հիմնադրամի պահանջով, եթե հիմնադրամի կողմից ակումբին նպատակային տրամադրված միջոցները կազմում են ակումբի միջոցների 50 տոկոսից ավելին, ինչպես նաև Ակումբների միության պահանջով, որի անդամն է տվյալ ակումբը, եթե ակումբի կողմից խախտվում են սույն օրենքի 32-րդ հոդվածով միության կողմից իր անդամների համար սահմանված պարտադիր կատարման կարգերն ու ակումբի գործունեությունը կանոնակարգող նորմերի պահանջները:

Ընդհանուր ժողովն անցկացվում է առնվազն կիսամյակը մեկ անգամ: Առաջին կիսամյակի ընդհանուր ժողովն անցկացվում է ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը:

Ընդհանուր ժողովի գումարման, օրակարգի, անցկացման օրվա, տեղի և ժամի մասին ակումբի անդամները ծանուցվում են ոչ ուշ, քան ընդհանուր ժողով գումարելուց երեք օր առաջ:

Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ակումբի անդամների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների 2/3-ը:

Եթե սահմանված ժամկետում ընդհանուր ժողով չի գումարվում, կամ գումարված ժողովն իրավազոր չէ, ապա կարող է գումարվել նոր ժողով` նախորդի գումարման պահից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում: Նոր ժողով չգումարելու կամ այն իրավազոր չլինելու դեպքում մինչև նոր ժողովի գումարումն ընդհանուր ժողովի լիազորություններն անցնում են խորհրդին: Այդ ընթացքում խորհուրդը չի կարող իրականացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի «ա», «գ», «ե», «զ», «է» և «թ» կետերով նախատեսված լիազորությունները:

 

Հոդված 17. ԱԿՈՒՄԲԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Ակումբի խորհուրդն իրավասու է լուծել կանոնադրությամբ և ընդհանուր ժողովի կողմից ակումբին վերապահված հարցերը: Խորհրդի անդամների թիվը սահմանում է ընդհանուր ժողովը:

Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում`

ա) ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում իր իրավասության շրջանակներում ակումբի կառավարումը և ընդհանուր ժողովի որոշումների կատարումը.

բ) ակումբի անդամների կողմից ներկայացված փոխառության գործարար ծրագրերի, այդ թվում` դրանց պահանջարկի հիմնավորվածության քննարկումը և փոխառություն տրամադրելու վերաբերյալ որոշման կայացումը և նախագահին կամ կառավարչին ակումբի տվյալ անդամին փոխառության, ինչպես նաև լրացուցիչ ներդրումային պայմանագրերի կնքման վերաբերյալ լիազորագրի տրամադրումը.

գ) ակումբի անդամներին հատկացված փոխառության նպատակային և արդյունավետ օգտագործման ընթացիկ վերահսկումը.

դ) Ակումբների հիմնադրամից, Ակումբների միությունից և վերջինիս եզրակացությամբ այլ անձանցից ակումբի անդամների սուբսիդիար պատասխանատվությամբ փոխառու միջոցներ ներգրավելու մասին որոշման կայացումը և խորհրդի նախագահին կամ կառավարչին դրա վերաբերյալ լիազորության տրամադրումը.

ե) բացառությամբ Ակումբների հիմնադրամի, Ակումբների միության և վերջինիս եզրակացությամբ այլ անձանց փոխառու միջոցներ ներգրավելու և դրանց համար, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից, ակումբի անդամների սուբսիդիար պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ ընդհանուր ժողովին առաջարկություն ներկայացնելը.

զ) սույն օրենքով սահմանված կարգով գործող փոխադարձ օգնության կանոններին և պայմաններին համապատասխան դրա վերաբերյալ որոշման ընդունումը.

է) ֆինանսական փոխադարձ օգնության տարեկան ծրագրի հաստատումը.

ը) ակումբի անդամներին արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների գնումների և գյուղատնտեսական արտադրանքների իրացման երաշխիքների տրամադրման վերաբերյալ որոշման կայացումը.

թ) գործունեության տարեկան ծրագրի, նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների, բյուջեի կատարման հաշվետվության, հաջորդող տարվա բյուջեի նախագծի մշակումն ու ներկայացումն ընդհանուր ժողովին.

ժ) ընդհանուր ժողովի հրավիրումը:

Խորհրդի բացառիկ իրավասությանը պատկանող լիազորությունները չեն կարող նրա կողմից փոխանցվել նախագահին կամ կառավարչին:

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում ակումբի նախագահի ձայնը վճռորոշ է:

Խորհրդի հերթական նիստերը գումարվում են ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են ակումբի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի (գլխավոր վերստուգիչի) կամ ակումբի անդամների առնվազն 1/5-ի, ինչպես նաև Ակումբների միության պահանջով, որի անդամն է տվյալ ակումբը:

Խորհրդի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է ներկաների կեսից ավելին:

 

Հոդված 18. ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

Ակումբի նախագահը`

ա) հրավիրում է խորհրդի նիստերը.

բ) ղեկավարում է խորհրդի աշխատանքները.

գ) նախապատրաստում է ընդհանուր ժողովում և խորհրդի նիստերում քննարկվող հարցերը` կազմելով համապատասխան որոշումների նախագծերը հիմնավորող տեղեկանքներ և այլ անհրաժեշտ նյութեր.

դ) խորհրդի կողմից տրված լիազորությունների հիման վրա կնքում է անդամներին տրամադրվող փոխառության, լրացուցիչ ներդրումների, փոխադարձ ապահովագրության տարեկան պայմանագրերը, ինչպես նաև Ակումբների հիմնադրամից, Ակումբների միությունից և վերջինիս եզրակացությամբ այլ անձանցից փոխառու միջոցներ ներգրավելու վերաբերյալ պայմանագրերը.

ե) խորհրդի որոշմամբ իրականացնում է ակումբի հաստիքային աշխատողներին, ներառյալ` կառավարչին աշխատանքի ընդունելը և ազատելը.

զ) վերահսկում է ակումբի կառավարչի, գործադիր աշխատակազմի գործունեությունը.

է) ակումբի շահերը ներկայացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատարանում և այլ կազմակերպությունների հետ ունեցած հարաբերություններում.

ը) կարող է կնքել ցանկացած քաղաքացիաիրավական գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է ակումբին` սույն օրենքով սահմանված հիմնական գործունեությունն իրականացնելու համար.

թ) իրականացնում է ընդհանուր ժողովի և խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

Նախագահը խորհրդի որոշմամբ և իր համաձայնությամբ կարող է միաժամանակ լինել նաև կառավարիչ: Նախագահը պատասխանատվություն է կրում ակումբի առջև իր ոչ իրավաչափ գործողություններով ակումբին պատճառված վնասի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19. ԿԱՌԱՎԱՐԻՉԸ և ՆՐԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱԴԻՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Սույն օրենքով սահմանված կարգով կառավարչին կարող է նշանակել ակումբի խորհուրդը կամ նախագահը:

Վերջին դեպքում նախագահը, խորհրդի համաձայնությամբ, ակումբի անունից պայմանագիր է կնքում կառավարչի հետ:

Կառավարիչը հաշվետու է ընդհանուր ժողովի, խորհրդի և ակումբի նախագահի առջև:

Կառավարիչն իրեն ենթակա գործադիր աշխատակազմի միջոցով կազմակերպում է ակումբի ընթացիկ գործունեությունը, նախագահի հանձնարարությամբ համապատասխան կազմակերպությունների հետ ակումբի անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր:

Կառավարիչը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ընդհանուր ժողովներին, խորհրդի նիստերին, առաջարկություններ է ներկայացնում դրանց օրակարգի, քննարկվող հարցերի վերաբերյալ, ակումբի անդամներին նախազգուշացնում է ակումբի կանոնադրության և պայմանագրերի պահանջները չկատարելու կամ խախտելու հետևանքների մասին:

Կառավարչին ակումբի կանոնադրությամբ կարող են լիազորվել նախագահի բոլոր կամ առանձին իրավասությունները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վերապահվել այլ լիազորություններ:

 

Հոդված 20. ԳԼԽԱՎՈՐ ՎԵՐՍՏՈՒԳԻՉԸ և ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Մինչև քսան անդամ ունեցող ակումբն ունի գլխավոր վերստուգիչ: Քսանից ավելի անդամ ունեցող ակումբն ընտրվում է երեք անդամից կազմված վերստուգիչ հանձնաժողով:

Գլխավոր վերստուգիչը կամ վերստուգիչ հանձնաժողովը`

ա) վերահսկում է ընդհանուր ժողովի, խորհրդի, ակումբի նախագահի որոշումների կատարումը.

բ) վերահսկում է ակումբի ֆինանսական գործունեության օրինականությունը, ստուգում իրականացված գործառնությունների սկզբնական փաստաթղթերը, ինչպես նաև լուծում է կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր.

գ) եզրակացություն է տալիս ակումբի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, խորհրդի տարեկան հաշվետվության, նախորդ տարվա բյուջեի կատարման և ընթացիկ տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ:

Գլխավոր վերստուգիչը կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամը չեն կարող միաժամանակ լինել խորհրդի անդամ, ակումբի նախագահ, կառավարիչ:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 21. ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ակումբի անդամն իրավունք ունի`

ա) մասնակցել ակումբի կառավարմանն անձամբ կամ լիազորված անձի միջոցով.

բ) ընտրել և ընտրվել ակումբի կառավարման մարմիններում.

գ) ակումբի հաստատած կարգով ակումբից ստանալ արտադրական գործունեության նպատակային փոխառություններ.

դ) ֆինանսական օգնություն ստանալ իրեն և իր գույքին պատճառված այն վնասների և կորուստների համար, որոնք սահմանված են ակումբի հաստատած կարգով և չափերով.

ե) առաջնային կարգով ակումբից ստանալ փոխառություն, եթե անդամության փաստացի կատարված ներդրումները, փոխառության հայտ ներկայացնելու պահին, գերազանցում են պահանջվող փոխառության գումարը.

զ) օգտվել ակումբի կողմից իր անդամներին մատուցվող ֆինանսական այլ ծառայություններից.

է) ծանոթանալ ակումբի գործունեության ֆինանսական հաշվետվություններին և դրա գործունեության հետ առնչվող ցանկացած հարցի.

ը) ակումբի սահմանած ձևով, ակումբի գործունեության բարելավման վերաբերյալ ներկայացրած առաջարկությունները, ինչպես նաև նրա գործունեությունում տեղ գտած թերությունների ու խախտումների արձանագրումները դարձնել ակումբի բարձրագույն մարմնի քննարկման առարկա: Եթե ակումբը հանդիսանում է Ակումբների միության անդամ, ապա պահանջել Ակումբների միության լիազոր ներկայացուցչի մասնակցությունն իր բարձրացրած հարցերը քննարկող նիստում, ինչպես նաև Միության գրավոր եզրակացությունը` իր բարձրացրած հարցերի վերաբերյալ.

թ) դուրս գալ վարկային ակումբի անդամությունից` մեկ ամիս առաջ գրավոր տեղյակ պահելով վարչությանը, և մինչև ընդհանուր ժողովում իր հարցի քննարկումը` վերադարձնել բոլոր պարտքերը, եթե այդպիսիք նա ունի:

2. Ակումբի անդամը պարտավոր է`

ա) կատարել ակումբի կանոնադրության պահանջները, ակումբի կառավարման մարմինների որոշումները.

բ) ակումբի սահմանած կարգով և ժամկետներում, ինչպես նաև ակումբի հետ կնքված պայմանագրերի համաձայն կատարել ակումբի հանդեպ ստանձնած պարտավորությունները, այդ թվում` պարտադիր ներդրումային վճարումները.

գ) պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում վերադարձնել ակումբից փոխառություն ստացված միջոցները և այդ գծով առաջացած վճարները.

դ) այլ տեղում գրավ չդնել ակումբում հաշվառված իր գույքը:

Ակումբի անդամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ակումբի կանոնադրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

Հոդված 22. ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱԿՈՒՄԲԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ակումբի անդամի կողմից ստացված փոխառության չվերադարձված ժամկետանց միջոցները, այդ գծով առաջացած տոկոսային վճարումները, ֆինանսական փոխադարձ օգնության վճարները և այլ չմարած պարտավորությունները, բացառությամբ ժամկետանց ներդրումային պարտավորությունների, ենթակա են մարման փոխառություն ստացած անդամի` ակումբում կատարած անձնական ներդրման միջոցների հաշվին:

Դրանց անբավարարության դեպքում մարումն իրականացվում է`

ա) ակումբի համասեփականություն հանդիսացող նրա անդամների ներդրումների հաշվին ձևավորված փոխառությունների վերականգնման պահուստի միջոցներից.

բ) պահուստի միջոցների չբավարարման դեպքում դրանք մարվում են ակումբի անդամների բաժնային միջոցների հաշվին` նրանց ներդրումներին համամասնական կարգով.

գ) ակումբի խորհրդի որոշմամբ` այլ անբաժանելի միջոցներից:

2. Ակումբի անդամի ժամկետանց պարտավորությունների մարումը սույն հոդվածի 1-ին կետում սահմանված միջոցների հաշվին ակումբի անդամին չի ազատում ժամկետանց պարտավորությունների կատարումից: Ակումբի հանդեպ ունեցած նման պարտավորությունների մարումից ազատումը հանդիսանում է բացառապես ակումբի բարձրագույն մարմնի լիազորությունը: Ակումբի բարձրագույն մարմինը կարող է նման որոշում կայացնել, եթե ակումբը չունի ժամկետանց պարտավորություններ, և (կամ) այդ որոշումը չի հանգեցնի ակումբի ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարմանը:

3. Ժամկետանց պարտավորություններ ունեցող անդամն ակումբից նոր փոխառություններ չի կարող ստանալ:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նշված աղբյուրներից մարումներ իրականացնելուց հետո ժամկետանց պարտավորություններ ունեցող անդամի` ակումբից կամավոր դուրս գալու կամ հեռացվելու դեպքում նրա փոխառության չմարված մասը և այլ ժամկետանց պարտավորությունները մարվում են նրան սեփականության իրավունքով պատկանող, ակումբում հաշվառվող` գրավ հանդիսացող այլ գույքն աճուրդային կարգով իրացնելու միջոցով, հետևյալ հերթականությամբ`

ա) արտադրական նշանակության շարժական գույքը.

բ) արտադրական նշանակության անշարժ գույքը.

գ) գյուղատնտեսական հողատեսքերը.

դ) ոչ արտադրական նշանակության գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բռնագանձում չտարածվող գույքի:

5. Ակումբը պատասխանատվություն է կրում իր անդամի կողմից երրորդ անձանցից ստանձնված պարտավորությունների համար, եթե նրան տվել է ակումբի անունից հանդես գալու` օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր:

6. Ակումբն իրավունք ունի փոխառությունը, ժամկետանց այլ պարտավորությունները չմարելու դեպքում գրավադրված արժեքների իրացումն աճուրդային եղանակով երկու անգամ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնելուց հետո իրականացնել դրանց ուղղակի վաճառքի եղանակով, այդ թվում` հանդես գալ որպես գնորդ:

 

Հոդված 23. ԱԿՈՒՄԲԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Ակումբի անդամներն իրենց կատարած ներդրումների չափով սուբսիդիար պատասխանատվություն են կրում ակումբի ստանձնած պարտավորությունների համար, եթե դրանք ստանձնվել են սույն օրենքով սահմանված Ակումբների հիմնադրամից, Ակումբների միությունից կամ այլ անձանցից` Ակումբների միության որոշմամբ տրված երաշխավորության հիման վրա: Ակումբի ստանձնած այլ պարտավորությունների համար ակումբի անդամները սուբսիդիար համապարտ պատասխանատվություն են կրում ակումբի կանոնադրությամբ սահմանված դեպքերում` բարձրագույն մարմնի որոշմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԱԿՈՒՄԲԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 24. ԱԿՈՒՄԲԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ԲՅՈՒՋԵՆ

 

Ակումբի տարեկան գործունեության ծրագիրը և բյուջեն հաստատում է ակումբի կառավարման բարձրագույն մարմինը` մինչև բյուջետային տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը: Դրանք տարվա ընթացքում խորհրդի որոշմամբ պարտադիր վերահաստատվում են կիսամյակը մեկ անգամ և, անհրաժեշտությունից ելնելով, կարող են վերահաստատվել այլ հաճախականությամբ: Հաստատված տարեկան գործունեության ծրագիրը և բյուջեն ենթակա են կատարման նախագահի, կառավարչի գործադիր աշխատակազմի համար:

Տարեկան գործունեության ծրագիրը և բյուջեն կազմելիս հիմք են ընդունվում ակումբի անդամների հաշվետու և ընթացիկ տարվա փոխառության միջոցների պահանջարկը և ակումբի գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծախսերը:

Ակումբի փոխառու միջոցների պահանջարկը, դրանց ընդունելի ծախսերի մեծությունը սահմանվում են տարեկան գործունեության ծրագրով և բյուջեով:

 

Հոդված 25. ԱԿՈՒՄԲԻ և ԴՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ակումբի և դրա անդամների միջև պայմանագրային ձևով կարգավորվում են`

ա) փոխառությունների տրամադրումը.

բ) պարտադիր նվազագույն ներդրումների իրականացումը.

գ) ֆինանսական փոխադարձ օգնության տարեկան ծրագրի սպասարկումներին մասնակցությունը:

Ակումբի և դրա անդամների միջև փոխառության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 46-րդ և 47-րդ գլուխների դրույթներով, սույն օրենքով և կողմերի միջև կնքված պայմանագրով:

Ակումբի կողմից փոխառության մերժման հիմք չի կարող հանդիսանալ տվյալ անդամի կողմից նախկինում գյուղատնտեսական գործունեություն չիրականացնելու հանգամանքը, եթե փոխառության գործարար ծրագրի իրականացման անդամը կամ իր կողմից դրա իրականացման մեջ ընդգրկված անձինք ունեն պահանջվող համապատասխան մասնագիտական որակավորում կամ փորձ:

2. Ակումբի տրամադրած փոխառության տոկոսավճարները յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար հաշվարկում են բացառապես այդ պահին փոխառության չմարված մնացորդի նկատմամբ:

Ակումբի կողմից փոխառությունների տրամադրումը կանոնակարգվում է նաև ակումբի ընդունած փոխատվությունների տրամադրման կարգով, որով սահմանվում են`

ա) տրամադրվող փոխառությունների նպատակային օգտագործման, ներառյալ` գործարար ծրագրի պահանջները.

բ) տրամադրվող փոխառությունների առավելագույն և նվազագույն սահմանաչափը.

գ) փոխառություն ստացող ակումբի անդամին ներկայացվող պահանջները.

դ) փոխառության տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը.

ե) փոխառության տրամադրման ժամկետները, դրա ժամկետանց գումարի, տոկոսավճարների տույժերն ու տուգանքները.

զ) փոխառության ժամկետանց դառնալու պահի ամրագրման, դրա երկարաձգելու պայմանները.

է) անհրաժեշտության դեպքում ակումբի հայեցողությամբ` փոխառության գումարը, գանձվող տոկոսագումարները Հայաստանի Հանրապետության դրամի արտարժութային փոխարժեքով ամրագրելու պայմանները.

ը) անհրաժեշտության դեպքում ակումբի հայեցողությամբ` փոխառության գրավով և այլ երաշխիքներով ապահովվածության պահանջները.

թ) փոխառության հիմնական գումարի և դրա գծով առաջացած պարտավորությունների զիջման կարգը.

ժ) փոխառության հայտի (դիմումի) ներկայացման ձևը, դրա քննարկման կարգը և ժամկետները, այն մերժելու մասին որոշումն ակումբի անդամին ներկայացնելու ընթացակարգը և ժամկետները.

ժա) փոխառության հայտը մերժելու հիմքերը:

3. Ակումբն առանձնացված կարգով սահմանում է`

ա) մինչև փոխառություն ստանալը փաստացի գյուղատնտեսական գործունեություն իրականացրած անձանց փոխատվություն տրամադրելու պահանջները.

բ) մինչև փոխառություն ստանալը գյուղատնտեսական գործունեություն չիրականացրած անդամներին փոխատվություն տրամադրելու պահանջները:

Ակումբից ստացված փոխառության ժամկետանց տոկոսները, ներդրումային, ինչպես նաև ֆինանսական փոխադարձ օգնության չմուծված վճարները կապիտալացվում են տվյալ անդամի` ակումբի նկատմամբ ստանձնած պարտավորությունների միասնական հաշվում փոխառությունը ժամկետանց դառնալու պահից սկսած 30-րդ օրը, և դրանց մարումն իրականացվում է սույն օրենքով նախատեսված գործընթացով:

 

Հոդված 26. ԱԿՈՒՄԲԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ակումբի տարեկան գործունեության ծրագրի բաղկացուցիչ մասն է ակումբի փոխադարձ օգնության տարեկան ծրագիրը: Փոխադարձ օգնության տարեկան ծրագրի համար ակումբի անդամները պայմանագրի համաձայն կատարում են միանվագ կամ պարբերական վճարներ: Վճարների մեծությունը սահմանվում է` հաշվի առնելով ֆինանսական փոխադարձ օգնության անբաժանելի պահուստում առկա միջոցների մնացորդը:

Ակումբի անդամների փոխադարձ օգնության համար անհրաժեշտ միջոցները կուտակվում են ակումբի համատեղ սեփականություն հանդիսացող ֆինանսական փոխադարձ օգնության պահուստում: Ֆինանսական փոխադարձ օգնության պահուստի միջոցները, անկախ տարեկան ծրագրում նախատեսված օգնությունների տրամադրման ժամկետից, մնում են այդ պահուստում և կարող են ծախսվել միայն փոխադարձ օգնության կանոններով և տարեկան ծրագրերով սահմանված վճարումների համար:

2. Փոխադարձ օգնության վճարի և ակումբի ներդրումային պարտադիր վճարի հարաբերակցությունը սահմանվում է խորհրդի որոշմամբ: Առանձին դեպքերում ընդհանուր ժողովի որոշմամբ ֆինանսական փոխադարձ օգնության վճարների աղբյուր կարող են հանդիսանալ ակումբի անդամների բաժնային ներդրումները:

3. Ֆինանսական փոխադարձ օգնության պահուստի ազատ միջոցները կարող են ուղղվել ակումբի անդամներին տրվող փոխառություններին:

4. Միևնույն ֆինանսական փոխադարձ օգնության կանոններով և տարեկան ծրագրով գործող ակումբները կարող են ֆինանսական փոխադարձ օգնության պահուստի միջոցները կենտրոնացնել Ակումբների միության ֆինանսական փոխադարձ օգնության ընդհանուր պահուստում:

5. Ակումբի տարեկան փոխադարձ օգնության ծրագրով սահմանվում են`

ա) տվյալ տարում ֆինանսական փոխադարձ օգնության ենթակա դեպքերի տեսակները.

բ) ֆինանսական փոխադարձ օգնության ենթակա առանձին դեպքերի համար տրվելիք օգնությունների նվազագույն և առավելագույն չափերը:

6. Ակումբները ֆինանսական փոխադարձ օգնության առարկա չեն կարող հանդիսանալ բնական տարերային աղետներից, այդ թվում` գյուղատնտեսական մշակաբույսերին վնաս պատճառած բնական տարերային աղետներից (ցրտահարություն, կարկուտ և այլն), գյուղատնտեսական կենդանիներին վնաս պատճառած համաճարակային հիվանդություններից առաջացած կորուստներն ու վնասները:

 

Հոդված 27. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ֆինանսական փոխադարձ օգնությունը սահմանափակվում է ակումբի կողմից տվյալ դեպքի համար սահմանված օգնության առավելագույն չափով: Ֆինանսական փոխադարձ օգնությունն իրականացվում է դրամական և ոչ դրամական ձևով` ելնելով վնասի կամ կորստի ընդունելի և արդյունավետ վերականգնման նպատակահարմարությունից:

2. Ֆինանսական փոխադարձ օգնությունների տրամադրումը կատարվում է խորհրդի որոշումով, որով սահմանվում է նաև օգնության գումարի չափը: Որոշման համար հիմք է հանդիսանում ակումբի անդամի դիմումը, խորհրդի կողմից կազմված հանձնաժողովի արձանագրող հավաստագիրը (ակտը), որի կազմման համար կարող է հիմք հանդիսանալ Ակումբների միության փորձագետի (փորձագետների) եզրակացությունը, անհրաժեշտության դեպքում նաև` մասնագիտացված կազմակերպությունների, պետական, տեղական ինքնակառավարման լիազոր մարմինների կողմից` դեպքից առաջացած կորուստների, վնասների չափերի վերաբերյալ տրված եզրակացությունը կամ այլ հիմնավորող փաստաթղթերը:

3. Ակումբի կողմից տարեկան ֆինանսական փոխադարձ օգնության ծրագրով սահմանված գույքային վնասների և կորուստների դեպքում օգնությունը տրվում է միայն ակումբի անդամի սեփականություն հանդիսացող և (կամ) ակումբի գրանցամատյանում գրանցված գույքին պատճառված վնասների համար:

 

Հոդված 28. ԱԿՈՒՄԲԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Խորհրդի նախագահը ֆինանսական տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը ընդհանուր ժողովի և (կամ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև խորհրդի կողմից հաստատված տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

Ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունն ընդհանուր ժողովին կամ խորհրդին է ներկայացվում վերստուգիչ հանձնաժողովի նախագահի եզրակացությամբ:

Ակումբի ֆինանսական հաշվետվությունները տրամադրվում են ակումբի յուրաքանչյուր անդամին` առաջին իսկ պահանջով: Ֆինանսական հաշվետվություններն այլ անձանց կարող են տրամադրվել ակումբի կանոնադրությամբ սահմանված կարգով` խորհրդի որոշմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

 

Հոդված 29. ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ և 124-րդ հոդվածներին համապատասխան կարող է ստեղծվել գյուղատնտեսական ակումբների աջակցության մեկ միասնական հիմնադրամ (Ակումբների հիմնադրամ), որի նպատակն է աջակցել գյուղատնտեսական ակումբների սկզբնական ֆինանսական միջոցների կազմավորմանը, դրանց նպատակային գործունեության կազմակերպմանը և ինքնակառավարվող համակարգի ձևավորմանը:

2. Ակումբների հիմնադրամի հիմնադիրներն են ակումբներին փոխառություններ և դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունները:

3. Ակումբների հիմնադրամն իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով համագործակցում է Ակումբների միության հետ: Ակումբների հիմնադրամն Ակումբների միությանն է պատվիրակում իր կողմից ակումբներին հատկացված միջոցների նպատակային օգտագործման վերահսկման լիազորությունը:

4. Ակումբների հիմնադրամում ներդրված ֆինանսական միջոցները համարվում են հիմնադրամի սեփականությունը: Ակումբների հիմնադրամն այդ միջոցներն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

5. Ակումբների հիմնադրամն ամեն տարի հաշվետվություն է հրապարակում իր տնօրինության ներքո գտնվող ֆինանսական միջոցների օգտագործման մասին:

 

Հոդված 30. ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. Ակումբների հիմնադրամի կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը և նախագահը:

2. Ակումբների հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված է հիմնադրամում ֆինանսական ներդրումներ կատարած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց ներկայացուցիչներից: Հոգաբարձուների խորհրդում վճռական ձայնի իրավունքով ընդգրկվում է Ակումբների միության նախագահը:

3. Ակումբների հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իրավասու է`

ա) ընդունել հիմնադրամի կանոնադրությունը, որը հիմնադրամի միակ հիմնադիր փաստաթուղթն է.

բ) փոփոխություններ և լրացումներ կատարել հիմնադրամի կանոնադրությունում.

գ) նշանակել և ազատել հիմնադրամի գործադիր տնօրենին.

դ) սահմանել հիմնադրամի միջոցների տնօրինման կարգը.

ե) որոշում ընդունել հիմնադրամի վերակազմակերպման` հիմնադրամից այլ հիմնադրամի առանձնացման, այլ հիմնադրամների հետ հիմնադրամի միացման կամ միաձուլման, ինչպես նաև հիմնադրամի լուծարման մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 31. ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

1. Ակումբներն իրենց ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու, գործունեությունը համակարգելու նպատակով կարող են ստեղծել Գյուղատնտեսական վարկային ակումբների միություն (Ակումբների միություն):

2. Ակումբների միությունը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-127-րդ հոդվածներով սահմանված կարգով:

3. Ակումբների միությունն ունի շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

 

Հոդված 32. ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ակումբների միության մասնակից ակումբները պահպանում են իրենց գույքային ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:

2. Ակումբների միությանն ակումբների կողմից հանձնված գույքը միության սեփականությունն է: Ակումբների միությունն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

3. Ակումբների միությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար: Ակումբների միության մասնակից գյուղատնտեսական վարկային ակումբներն Ակումբների միության կանոնադրությամբ սահմանված չափով և կարգով սուբսիդիար պատասխանատվություն են կրում դրա պարտավորությունների համար:

 

Հոդված 33. ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. Ակումբների միության կառավարման մարմիններն են`

ա) ընդհանուր ժողովը.

բ) տնօրենների խորհուրդը.

գ) գործադիր տնօրինությունը:

2. Ակումբների միության ընդհանուր ժողովը հաստատում է միության կանոնադրությունը, որով սահմանվում են միության կառավարման մարմինների լիազորությունները:

 

Հոդված 34. ԱԿՈՒՄԲՆԵՐԻ միության ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ակումբների միության մասնակիցն իրավունք ունի օգտվել միության կողմից մատուցվող բոլոր ծառայություններից:

2. Ակումբների միության մասնակիցն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով դուրս գալ Ակումբների միությունից: Ակումբների միությունից կամավոր դուրս գալու կամ հեռացվելու դեպքում անդամ-ակումբները չեն կարող պահանջել վերադարձնելու իրենց կողմից կատարված վճարումները:

3. Ակումբների միության մասնակիցը պարտավոր է պահպանել միության կանոնադրությամբ սահմանված` անդամակցելու պարտադիր պահանջները:

4. Ակումբների միության մասնակիցը կարող է հեռացվել միությունից` կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Այդ դեպքում մասնակցի նկատմամբ կիրառվում են Ակումբների միությունից դուրս գալուն վերաբերող կանոնները:

 

Հոդված 35. ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Գյուղատնտեսական վարկային ակումբները լիազորում են Ակումբների միությանը`

ա) իրականացնել ակումբների հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների վարման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը և (կամ) դրա կատարումը (մատուցումը) միության կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորելով պատասխանատու անձին.

բ) սահմանել ակումբների կողմից իրականացվող փոխատվությունների իրականացման օրինակելի կարգը և կանոնները.

գ) սահմանել ակումբների կողմից ֆինանսական փոխադարձ օգնության իրականացման օրինակելի կարգը և կանոնները.

դ) սահմանել սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջով իրականացվող գույքի հաշվառման գրանցամատյանի միասնական վարման կանոնները.

ե) իրականացնել անդամներին անհրաժեշտ իրավաբանական ծառայությունների և խորհրդատվությունների մատուցումը.

զ) լուծել իր մասնակիցների, ինչպես նաև ակումբների անդամների միջև ծագած վեճերը` ստեղծելով արբիտրաժային հաստատություն կամ այլ կերպ.

է) ձևավորել միևնույն ֆինանսական փոխադարձ օգնության կանոններով գործող ակումբների ընդհանուր սեփականություն հանդիսացող, կենտրոնացված միասնական ֆինանսական փոխադարձ օգնության պահուստ.

ը) իր անդամ-ակումբների նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ, կիրառել տույժեր (բացառությամբ դրամական տույժերի), կասեցնել կամ չեղյալ հայտարարել նրանց անդամությունը` սույն օրենքի, միության կողմից ակումբների գործունեության համար պարտադիր կատարման նորմեր սահմանած որոշումների խախտման համար.

թ) ակումբների անդամների շահերի պաշտպանության, դրանց ռիսկերի նվազեցման ու ֆինանսական կայունության ապահովման համար սահմանել ակումբների տնտեսական գործունեությունը կանոնակարգող պարտադիր և ուղեցուցային տնտեսական նորմատիվներ.

ժ) վերահսկողություն իրականացնել ակումբների կողմից իրականացված գործունեության նկատմամբ` օրենսդրության, սույն օրենքի, Ակումբների միության կողմից իր անդամ-ակումբների համար սահմանված պարտադիր կատարման կարգերի և կանոնների, այդ թվում` դրանց գործունեությունը կանոնակարգող նորմերի, ակումբների կանոնադրության և դրանց սահմանած պարտադիր կատարման ենթակա կարգերի և կանոնների պահանջների կատարման նկատմամբ` սահմանելով համապատասխան հաշվետվության ձևեր.

ժա) կազմակերպել ակումբների գործունեության համար անհրաժեշտ ուսուցումներ, մատուցել խորհրդատվություններ.

ժբ) Ակումբների հիմնադրամին` դրա կողմից սահմանված կարգով հաշվետվություն ներկայացնել Ակումբների հիմնադրամի հատկացրած միջոցների օգտագործման վերաբերյալ.

ժգ) Ակումբների միության կանոնադրությամբ սահմանված ակումբների գործունեությունը համակարգող այլ անհրաժեշտ գործառնությունների կատարումը:

(35-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-57-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԱԿՈՒՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հոդված 36. ԱԿՈՒՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Ակումբի գործունեությունը կարող է դադարեցվել`

ա) ակումբի կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ.

բ) դատարանի որոշմամբ` անվճարունակության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով:

Ակումբը լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 37. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
3 հունիսի 2002 թ.
ՀՕ-332