ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր Մ. Շահվերդյան |
ԵԴ/1047/01/22 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
17 հունվարի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Խաչատուր Շոթայի Եղունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշման դեմ պաշտպան Հ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի փետրվարի 18-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 60158122 քրեական գործը, որի նախաքննությունը 2022 թվականի փետրվարի 21-ից իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում:
2022 թվականի հունիսի 27-ին Խաչատուր Շոթայի Եղունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Խ.Եղունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2022 թվականի հունիսի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճռով Խաչատուր Եղունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 342-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Խ․Եղունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Նույն դատավճռով որոշվել է նաև՝
- Խ.Եղունյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս,
- Խ.Եղունյանի անվամբ հաշվառված՝ «Կիա» մակնիշի, ՌԴ «E 497 EX 799» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա՝ 447.000 (չորս հարյուր քառասունյոթ հազար) ՀՀ դրամի չափով դրված կալանքը մասնակիորեն՝ 347.000 (երեք հարյուր քառասունյոթ հազար) ՀՀ դրամի չափով վերացնել, իսկ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով պահպանել՝ մինչև դատական ծախսերի մասով դատավճռի փաստացի կատարումը, որից հետո՝ վերացնել,
- իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պատասխանատու պահպանմանը հանձնված՝ «Կիա» մակնիշի, ՌԴ «E 497 EX 799» հաշվառման համարանիշի ու Գևորգ Դավթի Թոսունյանի պատասխանատու պահպանմանը հանձնված՝ «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերադարձնել օրինական տիրապետողներին և թողնել նրանց տնօրինմանը, իսկ քրեական գործին կցված և ապացույց ճանաչված՝ այլ փաստաթղթերը պահել քրեական գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում,
- դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Խ.Եղունյանի նկատմամբ սույն քրեական գործի շրջանակներում կիրառված սահմանափակումները վերացնել:
3. Խ.Եղունյանի պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Հ.Սարգսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որի արդյունքում Խ.Եղունյանի նկատմամբ կայացվել է անարդարացի դատական ակտ։
Բողոքաբերը նշել է, որ Խ.Եղունյանի մեղավորությունն իրեն մեղսագրված արարքում չի հաստատվել ապացույցների բավարար ամբողջությամբ, առկա են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։
5.1. Մասնավորապես, բողոքաբերի կարծիքով, եթե «ԲՄՎ» մակնիշի «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեծ արագությամբ չերթևեկեր, հնարավոր է տուժողներին ծանր կամ միջին ծանրության վնաս չհասցվեր։ Նման պայմաններում փորձագետի այն կարծիքը, որ արագությունը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում վթարի առաջացման հետ հիմնավոր չէ։ Վերոգրյալի առնչությամբ բողոք բերած անձը գտել է, որ անհրաժետ էր հարցաքննել փորձագետին, որպիսի միջնորդությունը, սակայն Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն մերժվել է։
5.2. Բացի այդ բողոքի հեղինակը նշել է նաև, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքից ստացված դեպքի տեսագրությունն անորակ է, հետևաբար այն հանդիսանում է անթույլատրելի ապացույց։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումը բեկանել և Խ.Եղունյանին առաջադրված մեղադրանքում արդարացնել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Խաչատուր Եղունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա 2022 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, «Կիա» մակնիշի, «E 497 EX 799» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարել է Արմավիր քաղաքի կողմից Երևան քաղաքի Երևանյան փողոցով դեպի Ծովակալ Իսակովի պողոտայի ուղղությամբ, իր ուղեմասի ձախակողմյան երրորդ շարքով, մոտակա լույսերը միացված վիճակում, և հասնելով Երևանյան փողոցի և Արարատի մարզի Գեղանիստ համայնքի Դեմիրճյան փողոցների խաչմերուկին՝ թույլ է տվել ՀՀ Կառավարության՝ 2007 թվականի, թիվ 955-Ն որոշմամբ հաստատված՝ ճանապարհային երթևեկության կանոնների 90-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ լուսացույցի կանաչ ազդանշանի պայմաններում ձախ հետադարձ կատարելիս ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղությունից ուղիղ՝ նույն խաչմերուկ մուտք գործող ավտովարորդ Գևորգ Դավթի Թոսունյանի վարած՝ «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենային, ստեղծել է վթարային իրադրություն, ավտոմեքենայի աջ կողային հատվածով ընդհարվել է նշված ավտոմեքենյաի առջևի մասին, որի հետևանքով իր ավտոմեքենայի ուղևորներ Խաչատուր Հրանտի Հակոբյանի և Դավիթ Բենիամինի Սարգսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, իսկ «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ուղևոր Ռաֆիկ Արմենի Բաբայանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից»1։
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) Խաչատուր Եղունյանին՝ մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը համապատասխանում է 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:
(…)
[Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Խաչատուր Շոթայի Եղունյանի արարքում առկա է մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը բնութագրող՝ գործով հաստատված փաստական տվյալների համակցություն:
Ինչ վերաբերում է պաշտպանի այն պնդումներին, թե դեպքի տեսագրությունն անորակ է, ինչը հաստատվում է նաև դատաավտոտեխնիկական և դատատեսաձայնագրային համալիր փորձաքննության՝ թիվ 22-1296 եզրակացությամբ, մասնավորապես՝ դրանով հաստատվում է, որ տեսագրության անորակ լինելու պատճառով ամբողջական և հստակ եզրակացություն տալ՝ դեպքի էական հանգամանքների վերաբերյալ, հնարավոր չէ, ապա դատարանը նախ և առաջ փաստում է, որ այդ տեսագրությունը ոչ թե անորակ է, այլ ընդամենը չունի բավարար որակ, համենայն դեպս՝ «անորակ» և «անբավարար որակ» ձևակերպումները նույնական չեն:
Դրանից բացի, դատաավտոտեխնիկական և դատատեսաձայնագրային համալիր փորձաքննության՝ թիվ 22-1296 եզրակացության բովանդակությունից հետևում է, որ այդ տեսանյութի անբավարար որակի պատճառով հնարավոր չի եղել պարզել ընդամենը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի հստակ ուղղությունը, արգելակումն ազդարարող լուսարձակների և «Կիա» մակնիշի ավտոմեքենայի լուսաթարթիչի միացված լինելու վերաբերյալ տվյալները, մինչդեռ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի հստակ ուղղությունն արդեն իսկ հաստատվել է դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցներով, իսկ արգելակումն ազդարարող լուսարձակների և «Կիա» մակնիշի ավտոմեքենայի լուսաթարթիչի միացված լինելու վերաբերյալ տվյալների բացակայությունն ինքնին սույն դեպքում չունեն կանխորոշիչ նշանակություն:
Անդրադառնալով պաշտպանի այն պնդումներին, թե «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկել է մոտ 94,5 կմ/ժ արագությամբ, մինչդեռ հիմնավորված չէ այն, որ եթե «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեծ արագությամբ չերթևեկեր, տուժողների վնասվածքները ծանր կամ միջին ծանրության կլինեի՞ն, թե՞ ոչ՝ դատարանը գտնում է, որ «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող՝ 94,5 կմ/ժ արագությամբ երթևեկելու հանգամանքն ինքնին չի վերացնում ամբաստանյալ Խ.Եղունյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը, առավելապես այն պայմաններում, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված՝ դատաավտոտեխնիկական և դատատեսաձայնագրային համալիր փորձաքննության՝ թիվ 22-1296 եզրակացության համաձայն՝ տվյալ ճանապարհատրանսպորտային իրադրության պայմաններում «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը տվյալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել. իր երթևեկության համար վտանգի առաջացման պահին՝ բախման տեղից մինչև հետադարձ կատարող ավտոմեքենայի գտնվելու հեռավորության պայմաններում, նույնիսկ թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ արագությամբ երթևեկելու դեպքում «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը տվալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, քանի որ 94,5 կմ/ժ արագությամբ երթևեկելու պայմաններում վտանգի առաջացման պահին բախման տեղից վերջինիս վարած ավտոմեքենան գտնվել է 20 մետրից 25 մետր հեռավորության սահմաններում, որը սակայն բավարար չի եղել նույնիսկ թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ արագությամբ երթևեկելու պայմաններում «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ կանգնեցնելու համար, որի համար անհրաժեշտ տարածությունը կազմում է շուրջ 41,6 մետր:
(…)
Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ դատարանը ոչ արժանահավատ է համարում ինչպես ամբաստանյալի, այնպես էլ նրա պաշտպանի կողմից ներկայացված պատճառաբանությունները՝ նկատի ունենալով, որ այդպիսիք չեն բխում գործի օբյեկտիվ տվյալներից և որևէ կերպ հիմնավորված ու փաստարկված չեն: Դատարանը գտնում է, որ ամբաստանյալը բերված պատճառաբանություններով փորձ է անում խուսափելու քրեական պատասխանատվությունից և պատժից:
Այսպիսով՝ դատարանը, գնահատելով քրեական գործով ձեռք բերված, դատաքննության ընթացքում հետազոտված և դատավճռում շարադրված ապացույցների համակցությունը, հաստատված է համարում ամբաստանյալ Խ.Եղունյանի մեղքն` իրենց մեղսագրվող արարքի կատարման մեջ, և եզրահանգում, որ վերջինիս մեղավորությունը հաստատվում և հիմնավորվում է դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ: Այլ կերպ՝ դատարանը գտնում է, որ գործի լուծման համար թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությունը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, հաստատում է գործով ապացուցման առարկան կազմող հանգամանքները և բավարար է հիմնավոր կասկածից վեր համոզվածությամբ ամբաստանյալ Խ.Եղունյանի մեղավորության վերաբերյալ հետևությունների հանգելու համար:
Դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով՝ գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով և ներքին համոզմամբ՝ հանգում է հետևության, որ նշված ապացույցներով հաստատվում է ամբաստանյալ Խաչատուր Շոթայի Եղունյանին՝ մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը:
Հետևաբար՝ դատարանը գտնում է, որ Խաչատուր Շոթայի Եղունյանին՝ մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը պետք է որակել 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, որով և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
(…) ՀՀ քրեական նոր օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան ըստ էության մեղմացվել է՝ նախատեսվել են այնպիսի հիմնական պատժատեսակներ, որոնք, ի տարբերություն նախկինի, անձի համար առաջացրել են բարելավող հետևանքներ, իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պարտադիր լրացուցիչ պատժատեսակը նախատեսվել է թե´ որպես հիմնական, թե´ որպես լրացուցիչ պատժատեսակ, հետևաբար՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Խ.Եղունյանի նկատմամբ պատժի տեսակը որոշելիս կիրառելի է ՀՀ քրեական նոր օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասը (…)»2:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Երևանի քրեական դատարանի հետևությունն առ այն, որ Խաչատուր Եղունյանը, հանդիսանալով տրանսպորտային միջոցի վարորդ և վարելով «Կիա» մակնիշի ՌԴ «E 497 EX 799» հաշվառման համարանիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները, որն անզգուշությամբ երկու անձի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, մեկի անձի առողջությանը՝ ծանր վնաս, հիմնավորված է և բխում է գործով ձեռք բերված ապացույցներից:
(…)
Այս առումով անդրադառնալով պաշտպանության կողմի պատճառաբանությանն առ այն, որ եթե «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկեր թույլատրելի 60 կմ/ժ թույլատրելի արագությամբ, ապա հնարավոր է տեսներ «Կիա» մակնիշի ՌԴ «E 497 EX 799» համարանիշի ավտոմեքենան և առնվազն արգելակեր, ինչը չի կարողացել անել, քանի որ երթևեկել է մոտ 94,5 կմ/ժ արագությամբ, ինչի արդյունքում հնարավոր է տուժողների առողջությանը միջին ծանրության և ծանր վնասներ չպատճառվեր, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թիվ 22-1296 եզրակացությամբ արձանագրվել է, որ տվյալ ճանապարհատրանսպորտային իրադրության պայմաններում «ԲՄՎ» մակնիշի «36 SR 279» հ/հ ավտոմեքենայի վարորդը տվյալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, չնայած որ թույլ է տվել գործողություն, որը տեխնիկական տեսակետից հակասել է ՃԵԿ-ի 65-րդ կետի պահանջին, սակայն դրա չկատարելը չի գտնվում պատճառական կապի մեջ տվյալ վթարի առաջացման հետ, քանի որ իր երթևեկության համար վտանգի առաջացման պահին՝ բախման տեղից մինչև հետադարձ կատարող ավտոմեքենայի գտնվելու հեռավորության պայմաններում, նույնիսկ թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ արագությամբ երթևեկելու դեպքում «ԲՄՎ» մակնիշի «36 SR 279» հ/հ ավտոմեքենայի վարորդը տվալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, քանի որ 94,5 կմ/ժ արագությամբ երթևեկելու պայմաններում վտանգի առաջացման պահին բախման տեղից վերջինիս վարած ավտոմեքենան գտնվել է 20-25 մետր հեռավորության սահմաններում, որը սակայն բավարար չէ նույնիսկ թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ արագությամբ երթևեկելու պայմաններում «ԲՄՎ» մակնիշի «36 SR 279» հ/հ ավտոմեքենան ամբողջությամբ կանգնեցնելու համար, որի համար անհրաժեշտ տարածությունը կազմում է շուրջ 41,6 մետր:
Սրա հետ կապված վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ դատարանում վարույթն իրականացվում է միայն մեղադրյալի նկատմամբ և միայն նրան ներկայացված մեղադրանքով:
(…)
Վերոգրյալի համատեքստում քննարկման առարկա դարձնելով դեպքի վայրի տեսագրությունների անթույլատրելի ապացույց լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված պատճառաբանությունները, արձանագրելով հանդերձ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ թվարկված են ապացույցն անթույլատրելի ճանաչելու քրեադատավարական հիմքերը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի նյութերում առկա չէ որևէ հանգամանք, որը կարող էր նշված ապացույցը որպես անթույլատրելի ճանաչելու հիմք հանդիսանալ, առավել ևս, որ այդ տեսաֆայլերում պարունակվող տեսանյութերի զննությամբ նույնպես հստակ արձանագրվել է «Կիա» մակնիշի «E 497 EX 799» համարանիշի ավտոմեքենայի կողմից շրջադարձ կատարելու ընթացքում «ԲՄՎ» մակնիշի «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենային չզիջելն ու նրա ընթացքը խոչընդոտելը և դրանով իսկ վթարային իրադրություն ստեղծելն ու տվյալ պատահարի առաջացման պատճառ դառնալը:
Այսպիսով, (…) վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևանի քրեական դատարանը, դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար համարելով Խաչատուր Եղունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը հավաստելու համար, հանգել է իրավաչափ եզրակացության, որ առկա է ապացույցների բավարար ամբողջություն, որով կհաստատվեր Խաչատուր Եղունյանի կողմից մեղադրանքի ձևակերպմամբ նկարագրված գործողությունները կատարելու փաստը, պատշաճ վերլուծության և գնահատման է ենթարկել գործում առկա ապացույցները և հանգել է ճիշտ հետևության (…)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Խ.Եղունյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք Խ.Եղունյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները Խ.Եղունյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության: Մասնավորապես, Խ.Եղունյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված են, և նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ տուժողներ Ռ.Բաբայանի, Խ.Հակոբյանի, Դ.Սարգսյանի, վկաներ Գ.Թոսունյանի, Գ.Աղաբեկյանի ցուցմունքներով, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննությունների մասին արձանագրություններով և կից լուսանկարչական հավելվածներով, լազերային սկավառակի և դրա մեջ ներբեռնված տեսագրությունները զննելու մասին արձանագրությամբ, ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված՝ դատաբժշկական, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված՝ դատաավտոտեխնիկական, ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված՝ դատաավտոտեխնիկական և դատատեսաձայնագրային համալիր փորձաքննությունների եզրակացություններով4։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության են ենթարկել գործում առկա ապացույցները, և Խ.Եղունյանի մեղավորության հարցում հանգել ճիշտ հետևության՝ կայացնելով պատճառաբանված դատական ակտեր։
Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-5.2-րդ կետերում բարձրացրած փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում մանրամասն քննարկման առարկա են դարձրել բողոքաբերի հիշյալ փաստարկներն ու հանգել հիմնավորված և պատճառաբանված հետևության:
13. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խ.Եղունյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:
14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով բողոքաբերը, ըստ էության, բարձրացրել է Խ.Եղունյանի անմեղության հարցը, այնուամենայնիվ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված նորմը, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Խ.Եղունյանին մեղսագրվող արարքին ստորադաս դատարանների կողմից տրված իրավական գնահատականի իրավաչափության հարցը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է ի շահ մեղադրյալի վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք։
15. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(…)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում (…) անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»:
Նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Ոչ մեծ ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
15.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ոչ մեծ ծանրության հանցագործություն հանդիսացող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով Խ.Եղունյանին մեղսագրված արարքը որակել են միջին ծանրության հանցանք հանդիսացող ՀՀ գործող քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Այսինքն, ստորադաս դատարաններն այդ մասով հետադարձ ուժ են տվել Խ.Եղունյանի վիճակը վատթարացնող քրեական օրենսդրությանը՝ թույլ տալով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։ Ուստի, Խ.Եղունյանին վերագրվող արարքը պետք է որակել արարքը կատարելու պահին գործող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով։
16. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակելուց հետո առերևույթ առաջացել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել մեղադրյալ Խ.Եղունյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, դադարեցնելու հարցը:
17․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Խ.Եղունյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(…)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`
(…)
3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (…)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն5` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։
18. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։
19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարվել է 2022 թվականի հունվարի 19-ին6: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Խ.Եղունյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի մայիսի 22-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի հոկտեմբերի 25-ին7: Նշված որոշման դեմ պաշտպան Հ․Սարգսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվել 2024 թվականի ապրիլի 10-ին8:
20․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Խ.Եղունյանին մեղսագրվող՝ կատարման պահին ոչ մեծ ծանրության հանցանք հանդիսացող արարքի համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Հետևաբար, անհրաժեշտ է Խ.Եղունյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումը բեկանել, Խ.Եղունյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ և քրեական վարույթը կարճել՝ նկատի ունենալով, որ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։
Խ.Եղունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պարագայում, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խ.Եղունյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը՝ որպես վարութային ծախս, ենթակա չէ բռնագանձման, քանի որ վերջինս չունի դատապարտված մեղադրյալի կարգավիճակ։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խ.Եղունյանի անվամբ հաշվառված՝ «Կիա» մակնիշի, ՌԴ «E 497 EX 799» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա՝ 447.000 (չորս հարյուր քառասունյոթ հազար) ՀՀ դրամի չափով դրված կալանքն անհրաժեշտ է վերացնել։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խ․Եղունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել, իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պատասխանատու պահպանմանը հանձնված՝ «Կիա» մակնիշի, ՌԴ «E 497 EX 799» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վերադարձնել Խաչատուր Եղունյանին, Գևորգ Թոսունյանի պատասխանատու պահպանմանը հանձնված՝ «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենան թողնել նրա տնօրինմանը, քրեական գործին կցված և ապացույց ճանաչված՝ այլ փաստաթղթերը պահել քրեական գործի հետ միասին՝ այն պահելու ամբողջ ժամանակամիջոցում, իսկ Խ.Եղունյանի նկատմամբ սույն քրեական գործի շրջանակներում կիրառված սահմանափակումները՝ վերացնել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո
Ր Ո Շ Ե Ց
1. Խաչատուր Շոթայի Եղունյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումը բեկանել:
2. Խաչատուր Շոթայի Եղունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և քրեական վարույթը կարճել:
3. Խաչատուր Շոթայի Եղունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։
4. Խաչատուր Շոթայի Եղունյանի անվամբ հաշվառված՝ «Կիա» մակնիշի, ՌԴ «E 497 EX 799» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա՝ 447.000 (չորս հարյուր քառասունյոթ հազար) ՀՀ դրամի չափով դրված կալանքը վերացնել։
5. Իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պատասխանատու պահպանմանը հանձնված՝ «Կիա» մակնիշի, ՌԴ «E 497 EX 799» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վերադարձնել Խաչատուր Շոթայի Եղունյանին, Գևորգ Դավթի Թոսունյանի պատասխանատու պահպանմանը հանձնված՝ «ԲՄՎ» մակնիշի, «36 SR 279» հաշվառման համարանիշի ավտոմեքենան թողնել նրա տնօրինմանը, քրեական գործին կցված և ապացույց ճանաչված՝ այլ փաստաթղթերը պահել քրեական գործի հետ միասին՝ այն պահելու ամբողջ ժամանակամիջոցում, իսկ Խաչատուր Շոթայի Եղունյանի նկատմամբ սույն քրեական գործի շրջանակներում կիրառված սահմանափակումները վերացնել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 55։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 188-203:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 78-102:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 188-203, հատոր 4, թերթեր 78-102:
5 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Խ․Եղունյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
8 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:
