ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1988 թ. N 594
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏՊԼԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում է, որ կառավարման կազմակերպական կառուցվածքի կատարելագործումը և տնտեսության ղեկավարման վարչական մեթոդներից առավելապես տնտեսական մեթոդների անցնելը, հանրապետության տնտեսական ու սոցիալական կոմպլեքսային զարգացման ապահովումը, պլանավորման ամբողջ համակարգի արմատական վերակառուցումը հանդիսանում են էկոնոմիկայի կառավարման արմատական ռեֆորմի մասին ՍՄԿԿ Կենտկոմի հունիսյան (1987 թ.) պլենումի և Հայաստանի կոմկուսի Կենտկոմի հուլիսյան (1987 թ.) պլենումի որոշումների իրացման միջոցառումների կոմպլեքսի կարևոր բաղադրամասերը։
Պետպլանը, որպես հանրապետության կենտրոնական տնտեսական մարմին, կոչված է ապահովելու ժողովրդական տնտեսության տնտեսական և սոցիալական կոմպլեքսային զարգացումը, հանրապետության տնտեսության արդյունավետ կառավարումը, հանրապետության տնտեսական բոլոր մարմինների, մինիստրությունների ու գերատեսչությունների գործունեության կոորդինացումը։
Հայկական ՍՍՀ պետպլանի աշխատանքում կարևոր ուղղություն պետք է դառնա կառավարման տնտեսական մեթոդների հետևողական կենսագործումը, տնտեսական մեխանիզմի կատարելագործումը՝ պետական ձեռնարկության (միավորման) մասին ՍՍՀՄ օրենքի դրույթներին լրիվ համապատասխան։
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հայկական ՍՍՀ պետպլանին՝ տնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և տարածքային պրոբլեմների լուծման ժամանակ բարձրացնել աշխատանքի գիտական մակարդակն ու արդյունավետությունը։ Բարելավել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման նպատակների ու առաջնությունների կոմպլեքսային ու փոխկապված սահմանման, ժողովրդական տնտեսության համաչափությունների և դրա զարգացման հեռանկարների ձևավորման, էկոնոմիկայի հաշվեկշռված և դինամիկ աճի ապահովման, էկոլոգիական պրոբլեմների լուծման աշխատանքի կազմակերպումը։
Ուժեղացնել պետական պլանների կողմնորոշումը սոցիալական խնդիրների հետևողական կոմպլեքսային իրականացման վրա։
Բարձրացնել աշխատանքի ղեկավարման մակարդակը քաղաքային ու շրջանային պլանային մարմիններում, հանրապետության մինիստրություններում ու գերատեսչություններում, մշտապես աշխատանք տանել ժողովրդատնտեսական պլանավորման կազմակերպման, նոր տնտեսական մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։
Այո պահանջներին համապատասխան իրականացնել Հայկական ՍՍՀ պետպլանի կազմակերպական կառուցվածքի վերակառուցումը, նկատի ունենալով դրա հիման վրա հաղթահարել նեղ գերատեսչական մոտեցումները պլանավորման գործում, բարձրացնել ամփոփման և ֆունկցիոնալ ստորաբաժանումների դերը, ձևավորել ապարատի կառուցվածքը ժողովրդատնտեսական համալիրների հիման վրա։
2. Հայկական ՍՍՀ պետպլանի հիմնական ջանքերը ընդհանուր հանրապետական խնդիրների լուծման վրա կենտրոնացնելու, հանրապետության և դրա շրջանների տնտեսական ու սոցիալական կոմպլեքսային զարգացման, տարածության և ժողովրդական տնտեսության ճյուղերի զարգացման պլանների կապակցման և համաձայնեցման, պլանների ամբողջ համակարգի ձևավորման նկատմամբ միասնական ժողովրդատնտեսական մոտեցման ապահովման նպատակով ստեղծել, որպես գլխավորող, ժողովրդատնտեսական պլանավորման ամփոփման համալիր։
Համալիրի կարևորագույն ֆունկցիան համարել կոնցեպցիայի, արտադրողական ուժերի զարգացման և տեղաբաշխման սխեմաների, հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման հիմնական ուղղությունների ու հնգամյա պլանների նախագծերի մշակման կազմակերպումը։ Այդ համալիրի վրա է դրվում նաև պլանավորման ելակետային տվյալների` կոնտրոլ թվերի, պետական պատվերների ու լիմիտների ձևավորումը, ինչպես նաև պետական հնգամյա պլանների ընդհանուր տնտեսական ցուցանիշների կատարման և տարեկան պլանների շրջանակներում էկոնոմիկայի հաշվեկշռված զարգացման ապահովումը։ Նպատակամղված աշխատանք տանել պլանավորման համակարգի կատարելագործման և դրա դեմոկրատական հիմքերի ընդլայնման, լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման սկզբունքներով ձեռնարկությունների (միավորումների) գործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ՝ պետական ձեռնարկության (միավորման) մասին ՍՍՀՄ օրենքի պահանջներին լրիվ համապատասխան։
Բարձրացնել հաշվեկշռային աշխատանքը սկզբունքորեն նոր մակարդակի վրա, ամրապնդել համալիրում ժողովրդատնտեսական հաշվեկշիռների մշակումն իրականացնող ստորաբաժանումները` հանրային մթերքի, ազգային եկամտի, միջճյուղային հաշվեկշռի և արդյունաբերության ու ամբողջ ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի հաշվեկշռի մշակումը։
Բարձրացնել հանրապետության և առանձին շրջանների տնտեսական վիճակի, ժողովրդական տնտեսության վիճակի խորը վերլուծության և դրա հիման վրա էկոնոմիկայի մեջ գործերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների պատրաստման իրականացման աշխատանքի մակարդակը։
Ժողովրդատնտեսական պլանավորման ամփոփման համալիրի կազմում ստեղծել ժողովրդատնտեսական պլանավորման ամփոփման բաժին, տարածքային պլանավորման և արտադրողական ուժերի տեղաբաշխման բաժին և տնտեսական մեխանիզմի կատարելագործման բաժին։
Հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման պլանավորման պրոցեսում ելնել ճյուղային և տարածքային համաչափությունների սերտ կապակցման և համաչափ զուգակցման անհրաժեշտությունից։ Այդ խնդիրների լուծումը բազավորել Հայկական ՍՍՀ արտադրողական ուժերի զարգացման և տեղաբաշխման գիտականորեն հիմնավորված սխեմաների վրա։ Սահմանել ավելի սերտ տնտեսական կախվածություն հանրապետության ազգային եկամտի աճի և սոցիալական ու արտադրական ենթակառուցվածքի զարգացման միջև։
Հաշվի առնելով ժողովրդական դեպուտատների տեղական սովետների լիազորությունների զգալի ընդլայնումը շրջանների ու քաղաքների սոցիալ-տնտեսական կոմպլեքսային զարգացման գործում, ուժեղացնել տեղական պլանային մարմինների աշխատանքի ղեկավարությունը, ակտիվորեն օգտագործել նրանց ստեղծագործական պոտենցիալը։ Կարևոր խնդիր համարել քաղաքների ու շրջանների տնտեսական ու սոցիալական զարգացման կոմպլեքսային պլանների որակով ձևավորման ապահովումը։
Այդ աշխատանքի կազմակերպումը դնել տարածքային պլանավորման և արտադրողական ուժերի տեղաբաշխման բաժնի վրա։
3. ՍՄԿԿ XXVII համագումարի և Հայաստանի կոմկուսի XXVIII համագումարի կողմից մշակված ժողովրդական սպառման ապրանքների արտադրության և վճարովի ծառայությունների կոմպլեքսային պլանավորման սոցիալական քաղաքականության իրացման, դրանց հետագա ավելացման համար, ելնելով դրանց նկատմամբ բնակչության պահանջարկի լրիվ ու ռացիոնալ բավարարման, ինչպես նաև մանրածախ ապրանքաշրջանառության անհրաժեշտությունից, ստեղծել սոցիալական զարգացման համալիր։
Սոցիալական զարգացման համալիրի կազմում ստեղծել ժողովրդական սպառման ապրանքների, ծառայությունների և առևտրի ամփոփման բաժին, սոցիալական ոլորտի և բնակարանային շինարարության նյութական բազայի զարգացման ամփոփման բաժին, աշխատանքի ու աշխատավարձի բաժին, կրթության, մշակույթի և առողջության պահպանման բաժին, շրջակա միջավայրի պահպանության բաժին, II բաժին:
Հայկական ՍՍՀ պետպլանի ղեկավարությանը` ապահովել պլանավորմամբ և սոցիալական հարցերի լուծմամբ զբաղվող բաժինների աշխատանքի հստակ կոորդինացումը։
Սոցիալական ոլորտի զարգացումը պլանավորելիս ղեկավարվել հանրապետության բնակչության աշխատանքի, կյանքի ու կենցաղի պայմանների բարելավման հետ կապված հարցերի կոմպլեքսային լուծման, նրա նյութական և հոգևոր պահանջմունքների առավել լրիվ բավարարման սկզբունքով։
Իրականացնել սոցիալական ոլորտի պլանավորումը հիվանդանոցներով, դպրոցներով, մանկապարտեզներով և ոչ արտադրական ոլորտի մյուս օբյեկտներով ապահովվածության գիտականորեն հիմնավորված սոցիալական նորմատիվների բազայի վրա։
Անշեղորեն ղեկավարվել այն պահանջով, որ պլանում նախատեսվող սոցիալական միջոցառումները պետք է լիովին ամրապնդվեն համապատասխան նյութական և ֆինանսական ռեսուրսներով:
Ելնելով բնության պահպանության գծով գործունեության զգալի բարելավման անհրաժեշտությունից Հայկական ՍՍՀ պետպլանում ուժեղացնել էկոլոգիական պրոբլեմների պլանային լուծման գործում շրջակա միջավայրի պահպանության բաժնի կազմակերպող դերը։
Սահմանել, որ այդ բաժնի աշխատանքի գլխավոր ուղղությունն է հողային, ջրային, անտառային ռեսուրսների և մթնոլորտային օդի ռացիոնալ օգտագործման վրա արդյունավետ պլանային ազդեցությունը տարածքային ու ճյուղային հատվածքով և դրա հիման վրա շրջակա բնական միջավայրի պահպանության գծով գործունեության բարելավման ապահովումը։ Ընդ որում, ավելի լրիվ հենվել արդյունավետ բնապահպան կառուցվածքների ստեղծման, անթափոն տեխնոլոգիաների օգտագործման բնագավառում գիտատեխնիկական նվաճումների վրա, որպես բնական միջավայրի անվնասության գլխավոր ուղղության։ Նշված խնդիրների կատարմանը պետք է նաև մշտական ուշադրություն դարձնեն մյուս համալիրներն ու բաժինները։
4. Գիտության և տեխնիկայի զարգացման միասնական համակարգի պլանավորման, ենթակա գիտահետազոտական կազմակերպությունների ղեկավարման մակարդակի բարձրացման, ինչպես նաև հաշվողական տեխնիկայի միջոցների օգտագործման արդյունավետության հետագա բարձրացման, պլանային հաշվարկների ավտոմատացված համակարգի զարգացման միջոցով ժողովրդական տնտեսության զարգացման կանխորոշման ձևերի ու մեթոդների հետագա կատարելագործման նպատակով ստեղծել գիտատեխնիկական առաջընթացի համալիր։
Գիտատեխնիկական առաջընթացի համալիրի կազմում ստեղծել գիտատեխնիկական առաջընթացի բաժին, հաշվողական տեխնիկայի ներդրման և ինֆորմացիայի բաժին, ստանդարտների և արտադրանքի որակի բաժին, երկրորդային ռեսուրսների և ռեսուրսախնայման բաժին, արտաքին տնտեսական կապերի բաժին:
Գիտության և տեխնիկայի զարգացման միասնական գործնական իրացման ընդհանուր ղեկավարությունը դնել գիտատեխնիկական առաջընթացի բաժնի վրա, պարտավորեցնելով նրան Հայկական ՍՍՀ պետպլանի համապատասխան բաժինների հետ սերտ համագործակցությամբ կենտրոնացնել աշխատանքը գիտության և տեխնիկայի զարգացման գլխավոր ուղղությունների պլանավորման վրա։ Ապահովել պլանների մեջ պետական նպատակային գիտատեխնիկական ծրագրերի առաջադրանքների իրացումը, միջճյուղային գիտատեխնիկական համալիրների մշակումների կիրառումը։ Սահմանել, որ միջճյուղային և ճյուղային բոլոր նախագծումները պետք է հիմնվեն գիտատեխնիկական առաջընթացի արդյունավետությունը բնութագրող ամփոփող ցուցանիշների վրա, հենվեն գործող արտադրության և կապիտալ ներդրումների արդյունավետության բարձր մակարդակի վրա, իսկ այդ պրոբլեմների լուծումը կապակցել արտադրության տեխնիկական մակարդակի և արտադրանքի որակի բարձրացման խնդիրների ու տնտեսական նոր մեխանիզմի հետ։
Գիտատեխնիկական առաջընթացի արագացման աշխատանքների անցկացման գործում Հայկական ՍՍՀ պետպլանին՝ սերտորեն համագործակցել ՍՍՀՄ գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի, ՍՍՀՄ հաշվողական տեխնիկայի պետական կոմիտեի, ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի և Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հետ։
Ելնելով արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից պահանջներից և դրա կազմակերպման սկզբունքներից արմատապես վերանայել հնացած մոտեցումները արտաքին տնտեսական կապերի պլանավորման նկատմամբ, դրանք դարձնել էկոնոմիկայի արդյունավետության բարձրացման և աշխատանքի միջազգային բաժանման ակտիվ օգտագործման բազայի վրա գիտատեխնիկական առաջընթացի արագացման ստրատեգիական խնդիրների լուծման հզոր գործիք։
Այդ աշխատանքում առաջնային բնույթ տալ սոցիալիստական տնտեսական ինտեգրացման և դրա հիման վրա Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանների կոորդինացման արդյունավետության և որակի բարձրացմանը:
Այդ աշխատանքի կատարումը դնել արտաքին տնտեսական կապերի բաժնի վրա։
Հայկական ՍՍՀ պետպլանի բոլոր համալիրների ու բաժինների կարևոր խնդիրներից մեկը համարել ակտիվ մասնակցությունը արտաքին տնտեսական գործունեության կատարելագործման և արդյունավետության բարձրացման գործին։ Ստեղծել պայմաններ վալյուտային ինքնածախսածածկման և ինքնաֆինանսավորման սկզբունքների հիման վրա մինիստրությունների ու ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության կազմակերպման համար։
5. Վճռականորեն հրաժարվել պլանավորման գործում նեղ ճյուղային մոտեցումից, թույլ չտալ գերատեսչակայնության ու տեղայնականության դրսևորումներ։
Կազմակերպել նյութական արտադրության ոլորտի, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքի պլանավորման և զարգացման աշխատանքը հետևյալ համալիրների հատվածքում`
արդյունաբերության, տրանսպորտի և կապի գծով, մեքենաշինական արդյունաբերության բաժնի, վառելիքաէներգետիկ ռեսուրսների բաժնի, քիմիամետալուրգիական արդյունաբերության և երկրաբանության բաժնի, հանրապետական, թեթև և փայտամշակման արդյունաբերության բաժնի, տրանսպորտի ու կապի բաժնի կազմով.
ագրոարդյունաբերական համալիրի գծով` ագրոարդյունաբերական համալիրի ամփոփման բաժնի կազմով.
շինարարական համալիրի գծով՝ կապալային ու նախագծաորոնողական աշխատանքների ամփոփման բաժնի, շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արդյունաբերության բաժնի կազմով։
Համալիրների ջանքերը կենտրոնացնել արտադրության և շինարարության արդյունավետ և հաշվեկշռված զարգացման ուղիների մշակման, գիտատեխնիկական առաջընթացի արագացման և միջճյուղային պրոբլեմների լուծման, ստեղծված արտադրական պոտենցիալի և գոյություն ունեցող արտադրական կարողությունների լրիվ օգտագործման ապահովման վրա։
Աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել հեռանկարային պլանավորման վրա, ապահովելով տարեկան պլանի տարեկան հաշվառման և համաչափ զարգացման պրոբլեմների մանրակրկիտ մշակումը։ Ապահովել պետական պլանների նախագծերի պատրաստման բոլոր փուլերում հստակ փոխգործողություն ՍՍՀՄ պետպլանի, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների, հանրապետության տարածքում գտնվող միութենական ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների հետ։
6. Ի կատարումն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հուլիսի 26-ի N 414 որոշման Հայկական ՍՍՀ պետպլանին Հայկական ՍՍՀ գների պետական կոմիտեի ֆունկցիաների հանձնման մասում, Հայկական ՍՍՀ պետպլանի կենտրոնական ապարատում ստեղծել գնագոյացման, ֆինանսների և նյութական ֆոնդերի համալիր, դրա մեջ մտցնելով գնագոյացման վարչությունը, ֆինանսների բաժինը, նյութական ֆոնդերի բաժինը։
7. Անհրաժեշտ համարել Հայկական ՍՍՀ պետպլանի ժամանակակից խնդիրներին ու ֆունկցիաներին համապատասխան որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայկական ՍՍՀ պետպլանի կոլեգիայի դերն ու պատասխանատվությունը։
Հայկական ՍՍՀ պետպլանի կոլեգիային` ուշադրությունը կենտրոնացնել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման արագացման, հանրային արտադրության ինտենսիվացման, դրա արդյունավետության բարձրացման, ժողովրդատնտեսական համամասնությունների կատարելագործման և էկոնոմիկայի հաշվեկշռվածության ապահովման, ինչպես նաև ապարատի աշխատանքի կազմակերպման մակարդակի բարձրացման, կատարողական կարգապահության ամրապնդման ուղիները որոշող գիտականորեն հիմնավորված ժողովրդատնտեսական պրոբլեմների քննարկման և լուծման վրա։
Ձգտել, որպեսզի Հայկական ՍՍՀ պետպլանի կոլեգիայի աշխատանքն աչքի ընկնի գործնականությամբ, հարցերի լուծման նկատմամբ ընդհանուր պետական մոտեցմամբ։
8. Հայկական ՍՍՀ պետական պլանային կոմիտեի գործունեության ակտիվացման նպատակով քննության առնել նրա նիստերում Հայկական ՍՍՀ տնտեսական ու սոցիալական զարգացման խոշոր հարցերը, հեռանկարային պլանների նախագծերը, կարևոր միջճյուղային, տարածքային և էկոլոգիական պրոբլեմները, նրա գործունեությանը տալ լայն դեմոկրատական բնույթ և հրապարակայնություն։ Կոմիտեի նիստերն անցկացնել տարեկան երկու անգամից ոչ պակաս։
Սահմանել, որ Հայկական ՍՍՀ պետական պլանային կոմիտեն, որպես ղեկավարման կոլեկտիվ մարմին, ստեղծվում է Հայկական ՍՍՀ պետպլանի նախագահի, նախագահի տեղակալների և կոմիտեի անդամների կազմով։ Անհրաժեշտ համարել Հայկական ՍՍՀ պետական պլանային կոմիտեի անդամների կազմի մեջ մտցնել Հայկական ՍՍՀ պետմատի, Հայկական ՍՍՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեի, Հայկական ՍՍՀ պետշինի, Հայկական ՍՍՀ վիճակագրության պետական կոմիտեի նախագահներին, Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրին, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի փոխ-պրեզիդենտին, ՀԱՄԽ-ի քարտուղարին, ժողովրդական դեպուտատների Երևանի, Լենինականի և Կիրովականի քաղաքային սովետների գործկոմների պլանային հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաև խոշոր գիտնականների, մասնագետների և տնտեսական ղեկավարների։ Կոմիտեի թվաքանակը սահմանել 45 մարդ թվով։
Հայկական ՍՍՀ պետական պլանային կոմիտեի կողմից իր իրավասության սահմաններում ընդունվող որոշումները կատարման համար պարտադիր են մինիստրությունների, գերատեսչությունների և Հայկական ՍՍՀ մյուս կազմակերպությունների համար։
9. Հայկական ՍՍՀ պետպլանին՝ ելնելով նոր պահանջներից արմատապես բարելավել ապարատի աշխատանքի ոճն ու մեթոդները։
Ապահովել հանրապետության դիրեկտիվ մարմինների որոշումների ու հանձնարարությունների ժամանակին և որակով կատարումը։ Որոշումների նախագծերի նախապատրաստման և հարցերի քննարկման ժամանակ հիմնվել տնտեսական պրոցեսների խորը ուսումնասիրման և կոնկրետ հաշվարկների վրա, թույլ չտալով սուբյեկտիվ մոտեցում։ Մշտապես կատարելագործել վերահսկողությունը որոշումների ու հանձնարարությունների կատարման նկատմամբ։
Հստակորեն որոշել յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման ֆունկցիաները, ելնելով էկոնոմիկայի կառավարման ու պլանավորման վերակառուցման վերաբերյալ ընդունված որոշումներից և Հայկական ՍՍՀ պետպլանի նոր կառուցվածքից, նկատի ունենալով ապահովել ապարատի ներդաշնակ աշխատանքը, հարցերի քննարկման նկատմամբ կոմպլեքսային մոտեցումը, թույլ չտալ գերատեսչակայնության և տեղայնականության դրսևորումներ։ Բարձրացնել յուրաքանչյուր աշխատողի պատասխանատվությունը հարցերի ժամանակին ու հիմնավորված լուծման համար։
10. Հայկական ՍՍՀ պետպլանին՝ ղեկավարվելով ՍՄԿԿ XXVII համագումարի, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի XXVIII համագումարի, ՍՄԿԿ Կենտկոմի հունվարյան և հունիսյան (1987 թ.), Հայաստանի կոմկուսի Կենտկոմի մարտյան և հուլիսյան (1987 թ.) պլենումի որոշումներով մշակել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ կադրերի ընտրության, տեղաբաշխման և դաստիարակման աշխատանքի արմատական վերակառուցման ուղղությամբ, հատուկ ուշադրություն դարձնելով Հայկական ՍՍՀ պետպլանի մասնագետների տեսական և պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, նրանց վրա դրված պարտականությունների բարեխիղճ կատարման համար պատասխանատվության ուժեղացման վրա։
Բարելավել Հայկական ՍՍՀ պետպլանի կենտրոնական ապարատի մասնագետների որակական կազմը, ապահովել փորձառու կադրերի ռացիոնալ զուգակցումը երիտասարդ հեռանկարային աշխատողների հետ, ավելի շատ ներգրավել այդ աշխատանքին խոշոր տնտեսագետների, գիտնականների, արտադրությունում աշխատանքի փորձ ունեցող, հարցերի լուծմանը ընդհանուր պետական դիրքերից մոտենալու և ժողովրդական տնտեսության մեջ ու դրա առանձին տեղամասերում գործերի վիճակը օբյեկտիվորեն գնահատելու, դրա զարգացման հեռանկարներն ու արդյունավետ ուղիները տեսնելու ընդունակ մասնագետների։ Այդ աշխատանքում ելնել այն բանից, որ Հայկական ՍՍՀ պետպլանի մասնագետները պետք է աչքի ընկնեն բարձր գաղափարայնությամբ, կուսակցական սկզբունքայնությամբ, նորի զգացումով, լայն մտահորիզոնով, ստեղծագործական ակտիվությամբ, հաստատակամությամբ ու գործնականությամբ, իրենց գործունեությունը քննադատորեն գնահատելու ընդունակությամբ, թերությունների, բյուրոկրատիզմի, ձևամոլության և քաշքշուկի, սոցիալիստական բարոյականության նորմերի շեղումների նկատմամբ անհաշտվողականությամբ։
Ընդլայնել դեմոկրատական սկզբունքները կադրերի ընտրության և տեղաբաշխման գործում, նրանց առաջ քաշել, որպես կանոն, ռեզերվից, հաշվի առնելով կուսակցական ու հասարակական կազմակերպությունների կարծիքը։ Այնտեղ, ուր դա նպատակահարմար է, կիրառել մրցութային համակարգ։
Բարձրացնել ղեկավար աշխատողների ու մասնագետների ատեստավորման դերն ու նշանակությունը, որպես Հայկական ՍՍՀ պետպլանի ապարատի որակական կազմի բարելավման գործուն ձև։ Հաշվի առնելով ատեստավորման արդյունքները, համապատասխան որոշումներ ընդունել առանձին աշխատողների պաշտոնի բարձրացման (իջեցման) ու ռոճիկների փոփոխման, առաջքաշման համար կադրերին ռեզերվի մեջ մտցնելու (հանելու), այլ աշխատանքի տեղափոխելու, իսկ անհրաժեշտ դեպքերում նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին։
Միջոցներ ձեռնարկել Հայկական ՍՍՀ պետպլանի կադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացման համակարգի հետագա բարելավման ուղղությամբ, ապահովել Հայկական ՍՍՀ պետպլանի բոլոր ղեկավար աշխատողների ու մասնագետների կողմից ուսուցման դասընթացների պարբերական անցումը։ Արդյունավետորեն օգտագործել այդ նպատակների համար ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիան, ՍՍՀՄ պետպլանին առընթեր պլանային-տնտեսագիտական ակադեմիան, քաղաքական ու տնտեսագիտական ուսուցման համակարգը և ուսուցման մյուս ձևերը։
Քննության առնել աշխատողների գաղափարաքաղաքական ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը, որպես պարտադիր պայման ղեկավար աշխատանքի առաջքաշման հարցերի լուծման ժամանակ։
Կոլեգիայի նիստերում սիստեմատիկաբար քննարկել կադրերի ընտրության, տեղաբաշխման ու դաստիարակման աշխատանքների կատարելագործման, նրանց գաղափարաքաղաքական մակարդակի ու պրոֆեսիոնալ գիտելիքների բարձրացման հարցերը:
11. Հայկական ՍՍՀ պետպլանին՝ բարձրացնել իրավասության ենթակա գիտահետազոտական կազմակերպությունների ղեկավարման մակարդակը, բարելավել պլանավորման բնագավառում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը, կենտրոնացնել գիտական ուժերը էկոնոմիկայի զարգացման արագացման և հանրային արտադրության ինտենսիվացման, սոցիալական առաջընթացի, բաշխիչ քաղաքականության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ժողովրդական տնտեսության կառավարման ձևերի ու մեթոդների հետագա կատարելագործման ակտուալ պրոբլեմների կոմպլեքսային հետազոտությունների վրա։ Սահմանել, որ Հայկական ՍՍՀ պետպլանին առընթեր գիտահետազոտական կազմակերպությունները աշխատում են սերտ համագործակցելով համապատասխան համալիրների հետ` Հայկական ՍՍՀ պետպլանի նախագահի առաջին տեղակալի ընդհանուր ղեկավարությամբ։
Մանրակրկտորեն վերլուծել Հայկական ՍՍՀ պետպլանին առընթեր գիտահետազոտական կազմակերպությունների գործունեությունը, քննության առնել դրանց գիտական պրոֆիլը և կառուցվածքը։
12. Հաստատել Հայկական ՍՍՀ պետական պլանային կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի։
13. Սահմանել Հայկական ՍՍՀ պետպլանի կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը թվով 242 միավոր, հաշվի առնելով դրա ապարատի աշխատողների թվաքանակի կրճատումը 29 տոկոսով։
14. Թույլ տալ Հայկական ՍՍՀ պետպլանին՝ ունենալ նախագահի 6 տեղակալ, այդ թվում մեկ՝ առաջին և 13 մարդուց կազմված կոլեգիա։ Համալիրների ղեկավարությունը դնել Հայկական ՍՍՀ պետպլանի նախագահի տեղակալների վրա: Սահմանել, որ կապալային և նախագծաորոնողական աշխատանքների ամփոփման բաժինը, գիտատեխնիկական առաջընթացի բաժինը, ագրոարդյունաբերական համալիրի ամփոփման բաժինը և գնագոյացման վարչությունը գլխավորվում են Հայկական ՍՍՀ պետպլանի նախագահի տեղակալների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են համապատասխան բաժինների պետեր:
15. Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայկական ՍՍՀ պետպլանի կենտրոնական ապարատի համար մարդատար ավտոմեքենաների լիմիտ սահմանելու մասին։
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. նոյեմբերի 10-ի N 594 որոշման |
ՀԱՏԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏՊԼԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք Ը
Ժողովրդատնտեսական պլանավորման ամփոփման համալիր
Ժողովրդատնտեսական պլանավորման ամփոփման բաժին
Տարածքային պլանավորման և արտադրողական ուժերի տեղաբաշխման բաժին
Տնտեսական մեխանիզմի կատարելագործման բաժին
Սոցիալական զարգացման համալիր
Ժողովրդական սպառման ապրանքների, ծառայությունների և առևտրի ամփոփման բաժին
Սոցիալական ոլորտի և բնակարանային շինարարության նյութական բազայի զարգացման ամփոփման բաժին
Աշխատանքի և աշխատավարձի բաժին
Կրթության, մշակույթի ու առողջության պահպանության բաժին
Շրջակա միջավայրի պահպանության բաժին
Երկրորդ բաժին
Գիտատեխնիկական առաջընթացի համալիր
Գիտատեխնիկական առաջընթացի բաժին
Հաշվողական տեխնիկայի ներդրման և ինֆորմացիայի բաժին
Ստանդարտների և արտադրանքի որակի բաժին
Երկրորդային ռեսուրսների և ռեսուրսախնայման բաժին
Արտաքին տնտեսական կապերի բաժին
Շինարարական համալիր
Կապալային և նախագծաորոնողական աշխատանքների ամփոփման բաժին
Շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արդյունաբերության բաժին
Արդյունաբերության, տրանսպորտի ու կապի համալիր
Մեքենաշինական արդյունաբերության բաժին
Քիմիամետալուրգիական արդյունաբերության և երկրաբանության բաժին
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների բաժին
Հանրապետական, թեթև և փայտամշակման արդյունաբերության բաժին
Տրանսպորտի ու կապի բաժին
Ագրոարդյունաբերական համալիր
Ագրոարդյունաբերական համալիրի ամփոփման բաժին
Գնագոյացման, ֆինանսների ու նյութական ֆոնդերի համալիր
Գնագոյացման վարչություն
Նյութական ֆոնդերի բաժին
Ֆինանսների բաժին
Ֆունկցիոնալ ստորաբաժանումներ
Առաջին բաժին
Գործերի կառավարչություն
Հայկական ՍՍՀ պետպլանին առընթեր կազմակերպություններ
Էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ
Հաշվողական կենտրոն
Գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ` հանրապետական գիտատեխնիկական գրադարանով
«Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի խմբագրություն
«Հայաստանի արդյունաբերություն» ամսագրի խմբագրություն
Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես
Տնտհաշվարկային ռոտապրինտային արհեստանոց
Ավտոձեռնարկություն
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
