ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
25 մարտի 2025 թ. |
2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ․ Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս․ Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետությունում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի հունվարի 30-ի N 79-Ա որոշմամբ հավանություն է տվել «2024 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետությունում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի փետրվարի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրը կնքվել է 2006 թվականի նոյեմբերի 6-ին, ուժի մեջ է մտել 2007 թվականի հուլիսի 31-ին:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ նաև՝ Արձանագրություն) ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետությունում:
3․ Արձանագրության նպատակն է Կողմերի պետությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության ոլորտում հետագա զարգացումը:
4․ Արձանագրությունը կազմված է նախաբանից և երկու հոդվածից:
5․ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
5․1․ առանց թույլտվության առկայության՝ ապահովել Կողմերի պետությունների միջև և տարանցմամբ՝ երկու Կողմերի պետությունների տարածքներով, ավտոտրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումները (հոդված 1),
5․2․ թույլտվություն չպահանջել նշանակման վայր տեղափոխվող ժամանակավոր (տարանցման) գրանցման համարներ ունեցող՝ առանց տարբերակիչ նշանների դատարկ ավտոտրանսպորտային միջոցների համար (հոդված 1),
5․3․ իրավասու մարմինների կողմից թույլտվություն տրամադրել երրորդ երկիր/երկրից ավտոտրանսպորտային միջոցներով բեռների փոխադրումների համար՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրումների (հոդված 1),
5․4․ փոխադարձ հիմունքով մյուս Կողմի պետության տարածքում տրանսպորտային միջոցների տիրապետման և դրանց օգտագործման հետ կապված հարկերից, վճարներից և վճարումներից ազատել մեկ Կողմի պետության այն փոխադրողներին, որոնք ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ են իրականացնում մյուս Կողմի պետության տարածքում՝ բացառությամբ այն վճարների և վճարումների, որոնք գանձվում են Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան և ոչ խտրական հիմունքով՝ տրանսպորտային միջոցների կողմից ավտոմոբիլային ճանապարհներին հասցվող վնասի փոխհատուցման դիմաց, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների և թունելների վճարովի հիմունքով օգտագործման համար (հոդված 1):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1․ 2024 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետությունում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
25 մարտի 2025 թվականի ՍԴՈ-1774 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2025 թվական:
