ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Գ. Մարգարյան |
ԿԴ1/0048/01/19 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
| ||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
Լ. Թադևոսյանի |
20 դեկտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Կարեն Սերգեյի Գասպարյանի պաշտպան Ա.Թամրազյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի հուլիսի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 137-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62221318 քրեական գործը:
2018 թվականի հուլիսի 11-ին Ավետիք Սարգսյանը ճանաչվել է տուժող։
2018 թվականի օգոստոսի 10-ին Կարեն Սերգեյի Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ Կարեն Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:
2019 թվականի հուլիսի 10-ին նախաքննության մարմնի որոշմամբ Կ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը լրացվել և փոփոխվել է ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:
2019 թվականի հուլիսի 10-ին անչափահաս Սոնա Սարգսյանը ճանաչվել է տուժող։
2019 թվականի հուլիսի 16-ին Ավետիք Սարգսյանը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ:
2019 թվականի նոյեմբերի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 26-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն Գասպարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
3․ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Առաքելյանի, տուժող Ավետիք Սարգսյանի ներկայացուցիչ Ն.Գրիգորյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 26-ի դատավճիռը, կայացրել է նոր դատական ակտ՝ Կ.Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Կ.Գասպարյանի պաշտպան Ա.Թամրազյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5․ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությանը։
Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը տվյալ իրավիճակում իրավասու չէր կայացնել նոր դատական ակտ, այլ պարտավոր էր դատական ակտի բեկանման դեպքում վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
5․1․ Ըստ բողոքի հեղինակի՝ առկա չէ որևէ ապացույց, որը վկայում է Կ.Գասպարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մասին։ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճիռը բխում է գործի փաստական հանգամանքներից, օրենսդրության պահանջներից և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը կայացրել է անօրինական, չհիմնավորված, չպատճառաբանված մեղադրական դատական ակտ, որը ենթակա է բեկանման:
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը Կ.Գասպարյանի կողմից հասարակական կարգի կոպիտ խախտում է դիտարկել Սոնա Սարգսյանին վիրավորելը, որը կատարվել է կոնկրետ շարժառիթով, ինչը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Շահեն Հախվերդյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը։
Բողոքաբերը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանը հասարակական կարգը խախտելը հիմնավորել է նաև նրանով, որ Կ.Գասպարյանը մեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում և խոչընդոտել երթևեկությանը, այնինչ Ա․Սարգսյանի տան հարակից տարածքում առկա տեսախցիկի տեսագրությամբ հաստատվել է, որ խոչընդոտի պատճառը եղել են այնտեղ հավաքված մարդիկ։ Միևնույն ժամանակ, Կ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքում վարույթն իրականացնող մարմինը, նշելով մեքենաների երթևեկությանը խոչընդոտելու մասին, այն չի համարել հասարակական կարգի կոպիտ խախտում։
Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, դատաքննությամբ հետազոտված ապացույցների հիման վրա, չէր կարող հաստատված համարել Կ.Գասպարյանի կողմից Ս.Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելը։
Բողոքի հեղինակը, անդրադառնալով Կ.Գասպարյանի կողմից Ա.Սարգսյանին հայհոյանքներ տալու մասին Վերաքննիչ դատարանի պնդմանը, նշել է, որ Ա․Սարգսյանը հաղորդմամբ և ցուցմունքներով հայտնել է, որ ինքը և Կ․Գասպարյանը միմյանց տվել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ա․Սարգսյանի բնակարանի դիմային հատվածում առկա տեսախցիկի տեսագրության հետազոտությամբ ապացուցվել է, որ Կ.Գասպարյանն Ա․Սարգսյանի նկատմամբ բռնություն չի գործադրել, բռնություն գործադրելու սպառնալիք չի տվել։
5․2․ Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել դեպքին ականատես անձանց՝ ամբաստանյալ Կ.Գասպարյանի, վկաներ՝ Ս.Գասպարյանի, Ս.Մկրտչյանի, Ժ.Սեդրակյանի, Հ.Խաչատրյանի, Ս.Ալիխանյանի և Կ.Հարությունյանի ցուցմունքներին, ովքեր հայտնել են, որ Կ․Գասպարյանի կողմից պահանջ չի ներկայացվել ծնկաչոք ներողություն խնդրելու վերաբերյալ և Ա․Սարգսյանը ծնկաչոք ներողություն է խնդրել ոչ Կ․Գասպարյանի պահանջով, ուստի եկել է հետևության, որ Վերաքննիչ դատարանը, կանխակալ մոտեցում ցուցաբերելով, Ա.Սարգսյանի, նրա հարևան Շ.Մելքոնյանի և Ա.Սարգսյանի եղբորորդի Ալեն Սարգսյանի ցուցմունքներին տվել է նախապես հաստատված ապացույցի ուժ, այնինչ դրանք ուղղակիորեն հերքվել են ամառանոցի բակում առկա տեսախցիկների տեսագրությամբ։
5․3․ Բողոք բերած անձը, անդրադառնալով բռնությամբ զուգորդված խուլիգանությանը, նշել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանել խուլիգանության կատարման համար և բռնությամբ զուգորդված խուլիգանությունը որպես խուլիգանության որակյալ հատկանիշ չի դիտարկել և քրեական պատասխանատվություն չի նախատեսել բռնությամբ զուգորդված խուլիգանության կատարման համար, հետևաբար արարքի հանցավորությունը մասնակի վերացվել է, ուստի Վերաքննիչ դատարանը, վերոնշյալ կարգավորմանը հետադարձ ուժ չտալով, թույլ է տվել նյութական նորմի խախտում։
6․ Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Կարեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(...) [Ն]ա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է անչափահաս Սոնա Ավետիքի Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
Այսպես.
2018 թվականի հուլիսի 8-ին անչափահաս Սոնա Սարգսյանը և իր հասակակից մի խումբ երեխաներ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի 3-րդ փողոցում ու դրան հարակից հատվածում Վարդավառի տոնին ընդունելի կանոններին համապատասխան իրենց ձեռքին եղած տարաներով ջրել են միմյանց, որի ընթացքում Կարեն Գասպարյանը «BMW X3» մակնիշի 470 MM 47 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ժամը 11:30-ի սահմաններում երթևեկել է հիշյալ փողոցի թիվ 50 տան կողային հատվածով և նույն տան բնակչուհի, անչափահաս Սոնա Ավետիքի Սարգսյանը, իր ձեռքին եղած ջրի տարայով ջրել է երթևեկության ընթացքի մեջ գտնվող Կարեն Գասպարյանի ավտոմեքենան:
Կարեն Գասպարյանը, համայնքի մյուս բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, ակնհայտ արհամարհանք դրսևորելով մարդկային համակեցության ընդունված ու «Վարդավառ»-ի տոնի խորհուրդով պայմանավորված վարքագծի կանոնների նկատմամբ, ցուցադրական կերպով ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում, դրանով խոչընդոտներ ստեղծելով երթևեկող ավտոմեքենաների համար, իջել ղեկից և ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը խուլիգանական դրդումներով աղմկել է, Սոնա Սարգսյանին անվանելով «լակոտ, անդաստիյարակ», այնուհետև ներքին բավականություն չստանալով սեփական գործողություններից, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ աջ ձեռքով բռնելով պարանոցի հատվածից սեղմել է դեպի գետին:
Անչափահաս Սոնա Սարգսյանի հայր Ավետիք Սարգսյանը, տան պատշգամբից ականատես լինելով Կարեն Գասպարյանի հիշյալ գործողություններին, նրա հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը դադարեցնելու նպատակով վերջինիցս պահանջել է անհապաղ թողնել զավակին և հեռանալ: Չհանդուրժելով իրեն կարգի հրավիրելու և վերը նկարագրված հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը դադարեցնելուն ուղղված հորդորը, ընդգծելով իր հանցավոր վերաբերմունքը՝ Կարեն Գասպարյանը հայհոյանքներ է հնչեցնել Ավետիք Սարգսյանի հասցեին, ապա փորձել բռնություն գործադրել արդեն երեխային օգնության հասած նաև Ավետիք Սարգսյանի նկատմամբ, սակայն իր իսկ վերը նկարագրված գործողությունների արդյունքում հավաքված ներկաների միջամտությամբ վեճը դադարել է:
Չբավարարվելով արդեն իսկ կատարվածով և շարունակելով խուլիգանական դրդումներով ու մղումներով պայմանավորված իր հանցավոր վարքագիծը, Կարեն Գասպարյանը, իբր հաշտվելու համար, սակայն իրականում իր փառասիրության մոլուցքին հագուրդ տալու, սեփական «Ես»-ի առավելությունը հասարակության մյուս անդամների մոտ ընդգծելու մոլուցքից դրդված և Ավետիք Սարգսյանին հասարակության մյուս անդամների ներկայությամբ նվաստացնելու դիտավորությամբ, վերջինիս նույն օրը՝ ժամը 13-ի սահմաններում հրավիրել է Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ իր որդու՝ Սերգեյ Գասպարյանի, վերջինիս ընկերներ Սարգիս Մկրտչյանի, ժիրայր Սեդրակյանի, ամառանոցի պահակ Հայկ Խաչատրյանի, Ավետիք Սարգսյանի եղբոր որդի Ալեն Սարգսյանի, հարևան Շուրա Մելքոնյանի ներկայությամբ, Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ շեշտելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում:
Ավետիք Սարգսյանը, Կարեն Գասպարյանին պատկանող սեփական տարածքում գտնվելու և վերջինիս ու նրա թվաքանակով գերակշռող կողմնակիցների կողմից հնարավոր բռնության չենթարկվելու վախից դրդված, տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից:
Այսպիսով, Կարեն Սերգեյի Գասպարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով»1:
8. Առաջին ատյանի դատարանը, Կարեն Գասպարյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելիս, արձանագրել է, որ. «(...) Դատարանի գնահատմամբ սույն գործով չի ձևավորվել վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որպեսզի դրանք ապահովեն սույն գործի ճիշտ լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հանգամանքները, մասնավորապես` ամբաստանյալի կողմից խուլիգանություն կատարելու հիմնավորվածությունը և արժանահավատությունը:
Շարադրված փաստերը գնահատելով վերոհիշյալ իրավական վերլուծության լույսի ներքո` Դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու համար, որ Կարեն Գասպարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք: Մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Կարեն Գասպարյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և նրան մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու համար այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած (...)»2:
9. Վերաքննիչ դատարանը, Կարեն Գասպարյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը բեկանելիս և մեղադրական դատական ակտ կայացնելիս, արձանագրել է հետևյալը. «(...) Վերոգրյալը նկատի ունենալով Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում բողոքի քննության ընթացակարգի առումով կիրառելի է 01.07.2022 թվականից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերանայման վարույթի կարգը, սակայն վերը նշված իրավակարգավորումների կիրառմամբ, ինչպես նաև նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանը որպես կիրառելի իրավունք իրավաչափորեն հիմք է ընդունել մինչև 01.07.2022 թվականը գործող իրավակարգավորումները, հետևաբար վիճարկվող դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս բովանդակային առումով կիրառելի է մինչև 01.07.2022 թվականը գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը:
(․․․)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, գործով առկա է թույլատրելի, հավաստի և քրեական գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար է հաղթահարելու ամբաստանյալ Կարեն Գասպարյանի անմեղության կանխավարկածը և բացառելու վերջինիս կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի /18.04.2003թվականի/ 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը չկատարելու ողջամիտ հավանականությունը։
Ելնելով վերոգրյալից, Վերաքննիչ դատարանը վերլուծելով և գնահատելով նախաքննությամբ ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազոտված ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Կարեն Գասպարյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի /18.04.2003թվականի/ 258հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին, հետևաբար, հանցակազմի բացակայության հիմքով ամբաստանյալ Կարեն Գասպարյանին արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունն անհիմն է, չի բխում գործի նյութերի և դատարանում հետազոտված ապացույցների պատշաճ վերլուծությունից:
Քննարկելով ամբաստանյալ Կարեն Սերգեյի Գասպարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ լրացել է ՀՀ քրեական օրենսգրքի /18.04.2003թվականի/ 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։
(․․․)
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Կարեն Սերգեյի Գասպարյանին հանցակազմի բացակայության հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի /18.04.2003թվականի/ 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքների խախտում, ինչը հիմք է դատական ակտը բեկանելու համար, հետևաբար տուժող Ավետիք Սարգսյանի ներկայացուցիչ Ն.Գրիգորյանի և ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Առաքելյանի վերաքննիչ բողոքները պետք է բավարարել, Առաջին ատյանի դատարանի 26.01.2023 թվականի դատավճիռը պետք է բեկանել և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ ամբաստանյալ Կարեն Սերգեյի Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի /18.04.2003թվականի/ 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի բեկանման դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու էր արդյո՞ք կայացնել մեղադրական դատական ակտ:
11. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
12. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած Առաջին ատյանի դատարանը Կարեն Գասպարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումների շրջանակներում, սակայն Վերաքննիչ դատարանը վերաքննության կարգով բերված բողոքը քննելիս ղեկավարվել է ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներով:
13. ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Պարզելով, որ մեղադրյալի արդարացման կամ նրա նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ իրավական գնահատականը ճիշտ չէ այն պատճառով, որ այդ արարքը որևէ հանցակազմ է պարունակում, կամ առկա չէ այդ արարքի հանցավորությունը բացառող որևէ հանգամանք (դատապարտվելու փոխարեն մեղադրյալն արդարացվել է, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է), վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: (...)»:
Նույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննվելու իրավունքից, որոնց ընդդատությանը կամ իրավասությանն այն վերապահված է օրենքով»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով՝ գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան4:
Վերոշարադրյալից բխում է, որ Վերաքննիչ դատարանը, հանգելով այն համոզման, որ Կարեն Գասպարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռն իրավաչափ չէ, պետք է ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն բեկաներ դատական ակտը և վարույթը փոխանցեր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գործը լուծելիս չի պահպանել քննարկվող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառման ենթակա քրեադատավարական օրենքի պահանջը:
14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի բեկանման դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր կայացնել մեղադրական դատական ակտ:
15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, ինչը համաձայն նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի, ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է։
16. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 5.1-5.3-րդ կետերում նշված փաստարկներին, ապա հիշյալ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:
17. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Կարեն Գասպարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Ամբաստանյալ Կարեն Սերգեյի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 52-53:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 96-140:
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Sokurenko and Strygun v. Ukraine գործով 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 29458/04 և 29465/04։
Նախագահող` Դատավորներ` Հ. Ասատրյան Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան
Ս. ԱվետիսՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|