ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ1/0087/05/22 Վարչական գործ թիվ ՎԴ1/0087/05/22
Ս. Հովակիմյան Դատավորներ՝ Ռ. Մախմուդյան Կ. Ավետիսյան
Նախագահող դատավոր՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան Ա. Թովմասյան Ռ . Հակոբյան |
2025 թվականի մարտի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արտյոմ Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22․03․2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտյոմ Առաքելյանի ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) (իրավանախորդ՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն)՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի և նույն հոդվածի 2-րդ մասի հիմքերով ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտյոմ Առաքելյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի և նույն հոդվածի 2-րդ մասի հիմքերով իրեն տրամադրել նույնականացման քարտ։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Վ․ Միքաելյան) (այսուհետ` Դատարան) 01․02․2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22․03․2024 թվականի որոշմամբ Արտյոմ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01․02․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտյոմ Առաքելյանը (ներկայացուցիչ՝ Արսեն Համբարձումյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 67-68-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հայցվորը Դատարան է ներկայացրել պարտավորեցման հայց, Դատարանի մատնանշման հիման վրա այն արձանագրային որոշմամբ փոխարինվել է գործողության կատարման հայցով։ Սակայն Դատարանի կողմից գործի քննության արդյունքում կայացված վճռով հայցվորի պահանջը մերժվել է այն հիմնավորմամբ, որ տվյալ վարչական գործը չի կարող քննվել գործողության կատարման հայցի շրջանակներում։ Փաստորեն, սույն դեպքում ճիշտ հայցատեսակը Դատարանի մատնանշմամբ փոխարինվել է ոչ ճիշտ հայցատեսակով։
Ի սկզբանե պարտավորեցման հայց ներկայացված լինելու և Դատարանի մատնանշման հիման վրա այն գործողության կատարման հայցով փոխարինված լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս սխալ եզրահանգում է կատարել։Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ Դատարան է ներկայացվել պարտավորեցման հայց, իսկ այն փոխարինվել է Դատարանի մատնանշմամբ, և վերաքննիչ բողոքը ներկայացվել է հենց այդ հիմքով։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը դրան որևէ անդրադարձ չի կատարել։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22․03․2024 թվականի որոշումը և այն փոփոխել, հայցն ամբողջությամբ բավարարել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․1 Արտյոմ Առաքելյանը ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մալաթիայի բաժանմունքի պետին ուղղված 21.06.2022 թվականի դիմումով խնդրել է իրեն տրամադրել նույնականացման քարտ։ Դիմումում, մասնավորապես, նշվել է․ «(…) ծնվել եմ ՌԴ Մոսկվա քաղաքում 1995թ-ի ապրիլի 16-ին: Մայրս՝ Մարինե Գավրուշայի Հարությունյանը ... հանդիսացել է և հանդիսանում է ՀՀ քաղաքացի ...: Հայրս՝ Սուրեն Արսենի Առաքելյանը, ծնվ. 28.03.1965թ. մինչև 1994թ-ի հուլիսի 27-ը բնակվել և ՀԽՍՀ թիվ 13-UL 568745 անձնագրով հաշվառված է եղել Ք. Կապան, Կավարտ թաղ. Տուն 79 հասցեում: Այնուհետև տեղափոխվել է ՌԴ և առաջին անգամ ՌԴ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել 03.02.2004թ-ին: (…)»։
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի, խնդրում եմ տրամադրել ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ (…)» հատոր 1-ին, գ․ թ․ 20)։
2) ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մալաթիայի բաժանմունքի պետի կողմից Արտյոմ Սուրենի Առաքելյանին ուղղված՝ 30.07.2022 թվականի թիվ 8/6-3565 պատասխան գրությամբ հայտնվել է հետևյալը. «Ի պատասխան Ձեր 15.07.2022թ. դիմումի հայտնում ենք, որ Ձեր ՀՀ քաղաքացիության պատկանելության հարցը կարգավորվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, որի համար կարևոր փաստական հանգամանք է Ձեր ծնողների քաղաքացիության պատկանելության վերաբերյալ տեղեկատվությունը: (…) Մարինե Գավրուշայի Հարությունյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 28.11.1995 թվականից: Ձեր հորը՝ ՌԴ քաղաքացի Սուրեն Արսենի Առաքելյանին ՀՀ Նախագահի 27.12.2021թ. թիվ 404-Ա հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն (…), 24.03.2022 թվականին ստացել ՀՀ քաղաքացու AU սերիայի (…) անձնագիրը և հանդիսանում է ՀՀ քաղաքացի 27.12.2021 թվականից:
Դուք (…) ՀՀ քաղաքացու անձնագրով չեք փաստաթղթավորվել և ներկայացրել եք ՌԴ քաղաքացու թիվ 4516783200 անձնագրի պատճենը:«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հատկանիշներով Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարելու որևէ հիմք առկա չէ» հատոր 1-ին, գ․ թ․ 22)։
3) Արտյոմ Առաքելյանը 25․08․2022 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ հետևյալ պահանջով․ «պարտավորեցնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը՝ ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ դիմումը բավարարելու և վարչական ակտն ընդունված համարվելու մասին և Արտյոմ Առաքելյանիս տրամադրել ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ» (հատոր 1-ին, գ․ թ․ 6)։
4) Դատարանը 02․09․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է հայցադիմումը՝ կատարելով պարտավորեցման հայց ներկայացնելու վերաբերյալ մատնանշում։ Մասնավորապես, Դատարանը նշել է․ «Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցվորի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության միջոց կարող է հանդիսանալ միայն Օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակը» (հատոր 1-ին, գ․ թ․ 26)։5) Ընդունելով Դատարանի մատնանշումը՝ հայցվորը կրկին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի հիմքով՝ որպես պարտավորեցման հայց՝ պահանջելով «պարտավորեցնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը՝ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Արտյոմ Սուրենի Առաքելյանիս ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ տրամադրելու մասին»։ Դատարանի 22․09․2022 թվականի որոշմամբ Արտյոմ Առաքելյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ․ թ․ 52-54)։
6) Դատարանը 10․11․2022 թվականի նախնական դատական նիստում կրկին կատարել է հայցատեսակի մատնանշում՝ առաջարկելով պարտավորեցման հայցը փոխարինել գործողության կատարման հայցով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։ Հայցվորի ներկայացուցիչը, ընդունելով մատնանշումը, միաժամանակ պնդել է, որ իր պահանջը քննության առնվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (հիմք՝ դատական նիստի արձանագրություն) (հատոր 1-ին, գ․ թ․ 126)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրումը․ ի՞նչ հայցատեսակով անձը պետք է իրացնի դատարան դիմելու իր իրավունքը, երբ իրավասու մարմինը մերժել է վերջինիս տրամադրել նույնականացման քարտ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու պատճառաբանությամբ։
Վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի՝ գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածում։ Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը։ Օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճիշտ հայցատեսակի մատնանշման պարտականությունը ենթակա է կատարման, երբ հայցվորի պահանջը չի համապատասխանում օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով հնարավոր է ապահովել հայցվորի իրավունքների և շահերի արդյունավետ դատական պաշտպանությունը, իրացնել հայցվորի դատարան դիմելու իրավական նպատակը և հասնել տվյալ վեճի արդյունավետ լուծմանը։Անդրադառնալով ճիշտ հայցատեսակ մատնանշելու դատարանի պարտականությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է․ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները՝ ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Անդրադառնալով վարչական դատավարությունում հայցատեսակների առկայությանը և դրա նպատակին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Oրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից՝ հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած՝ վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք՝ անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30․09․2019 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով անձը վարչական դատարանում իրացնում է վարչական մարմնի կողմից խախտված իր իրավունքների պաշտպանությունը: Այն է` վիճարկման հայց (66-րդ հոդված), պարտավորեցման հայց (67-րդ հոդված), գործողության կատարման հայց (68-րդ հոդված) և ճանաչման հայց (69-րդ հոդված):
Օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով նախատեսված համապատասխանաբար վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ներկայացնում են ՀՀ վարչական դատարան: Նշված հայցատեսակները միմյանցից տարբերվում են նաև դրանցից յուրաքանչյուրին բնորոշ թույլատրելիության պայմաններով, ապացուցման բեռի բաշխման կանոններով (Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մաս), լուծման ենթակա հարցերի շրջանակով (Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-6-րդ մասեր), ինչպես նաև դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի կատարման առանձնահատկություններով։
Պարտավորեցման հայցի բովանդակությունը բացահայտված է Օրենսգրքի 67-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Այս նորմով սահմանված հայցատեսակն այն դատավարական կառուցակարգն է, որը կոչված է ապահովելու անձի արդյունավետ դատական պաշտպանությունն այն բոլոր դեպքերում, երբ շահագրգիռ անձի իրավական նպատակը վարչական մարմնի կողմից մերժված բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է։ Պարտավորեցման հայցի բնորոշումից բխում են վերջինիս թույլատրելիության պայմանները։ Այն է՝ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը։ Այլ կերպ՝ շահագրգիռ անձն այս հայցատեսակով իր իրավունքների դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, երբ վարչական մարմնից հայցել է բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վերջինս օրենքով սահմանված ժամկետում մերժել է վարչական ակտ ընդունելու անձի պահանջը։ Պարտավորեցման հայցի միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ և պարտադիր նախապայմանը վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցելու և մերժում ստանալու փաստակազմի առկայությունն է։
Ըստ այդմ՝ պարտավորեցման հայցի թույլատրելիության պայմաններն ստուգելու նպատակով դատարանից պահանջվում է պարզել․-արդյո՞ք հայցվորը վարչական մարմնից հայցել է վարչական ակտի ընդունում,
-արդյո՞ք առկա է վարչական մարմնի կողմից՝ հայցված բարենպաստ վարչական ակտի ընդունումն օրենքով սահմանված ժամկետում մերժելու փաստ։
Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
Նշված բնորոշումից բխում է, որ այս հայցատեսակով դատարան դիմած հայցվորը կարող է վարչական մարմնից պահանջել դրսևորելու վարչական ակտի ընդունման հետ չկապված՝ ինչպես ակտիվ վարքագիծ` կատարելու որոշակի գործողություններ, այնպես էլ պասիվ վարքագիծ` ձեռնպահ մնալու որոշակի գործողությունների կատարումից:
Ի տարբերություն պարտավորեցման հայցի թույլատրելիության պայմանների, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցի պարագայում վարչական մարմնի կողմից՝ հայցվող գործողության կատարումը մերժելու փաստի առկայությունը պարտադիր և անհրաժեշտ պայման չէ գործողության կատարման հայց հարուցելու համար․ անձը կարող է այս հայցատեսակի շրջանակներում դատարան դիմելու իր իրավունքն իրացնել ինչպես այն դեպքում, երբ վարչական մարմինը մերժել է հայցվող գործողության կատարումը, այնպես էլ այն դեպքում, երբ վարչական մարմինն անգործություն է դրևորել անձի պահանջի առնչությամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը: Այս նորմով ամրագրվել է այն դատավարական կառուցակարգը, որի միջոցով անձը կարող է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրացնել իր դատական պաշտպանության իրավունքն այն դեպքում, երբ իրավասու վարչական մարմինն օրենքով սահմանված ընդհանուր կամ հատուկ ժամկետում չի ընդունել հայցվորի կողմից հայցված վարչական ակտը:
Վերոհիշյալ հայցատեսակներին բնորոշ վերը նշված առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման և 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցերի միջև էական տարբերակիչ հատկանիշը վարչական մարմնին ուղղված պահանջի բնույթն ու բովանդակությունն է․ այն, ինչ անձը հայցել է վարչական մարմնից, վարչական ակտ է, թե՞ ռեալ ակտ։ Հետևաբար, ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականության շրջանակներում այս երկու հայցատեսակների միջև ընտրություն կատարելիս անհրաժեշտ է պարզել վարչական մարմնին ուղղված պահանջի բնույթն ու բովանդակությունը․ վարչական մարմնից շահագրգիռ անձը հայցել է վարչական ակտի ընդունում, թե՞ գործողության կատարում՝ ռեալ ակտ։ Իսկ Օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման և 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցերի միջև էական տարբերակիչ հատկանիշը վարչական մարմնի կողմից՝ հայցվող վարչական ակտի ընդունումն օրենքով սահմանված ժամկետում մերժելու փաստի առկայությունը կամ բացակայությունն է։ Հետևաբար, այս երկու հայցատեսակների միջև ընտրություն կատարելիս պահանջվում է պարզել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտի ընդունումը մերժելու փաստի առկայությունը։ Մերժման փաստի առկայությունը (բացակայությունը) գնահատելու չափանիշներին անդրադառնալով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է․ «(․․․) վարչական մարմնի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրումը մերժված լինելու հանգամանքի գնահատումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորված է խնդրո առարկա վիճելի իրավահարաբերության բնույթով, տվյալ գործի փաստական հանգամանքներով, կիրառելի իրավական նորմերով և այլն: Հետևաբար՝ յուրաքանչյուր դեպքում պարտավորեցման հայց ներկայացնելու՝ քննարկվող իրավական նախադրյալի առկայությունը դատարանը պետք է գնահատի տվյալ գործի առանձնահատկությունների հաշվառմամբ և ներքին համոզմամբ» (տե՛ս, Նարեկ Ղամբարյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ թիվ ՎԴ/2061/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16․03․2023 թվականի որոշումը):
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով տրվում է «նույնականացման քարտ» հասկացության սահմանումը։ Այն է՝ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար։
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Նույնականացման քարտում, ի թիվս քաղաքացու այլ անձնական տվյալների, ամրագրվում է քաղաքացիությունը (Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ)։
Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) անձնագիր կամ ծննդյան վկայական.
2.1) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները, եթե դիմումատուն չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում. (․․․):
Ըստ նույն հոդվածի 9-րդ մասի՝ նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց:
Օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ մասը սահմանում է նույնականացման քարտի տրամադրումը (փոխանակում) մերժելու հիմքերը։ Այն է՝ նույնականացման քարտի տրամադելը (փոխանակելը) մերժվում է, եթե`
1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.
2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.
3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.
5) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.
6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):
Նույնականացման քարտն անվավեր է ճանաչվում, ի թիվս այնի, երբ անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց (Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)։
Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ նույնականացման քարտը 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրվող փաստաթուղթ է, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Նշված փաստաթուղթն ամրագրում է քաղաքացու՝ օրենքով նախատեսված անձնական տվյալները, այդ թվում՝ քաղաքացիությունը։ ՀՀ քաղաքացիության կորուստը հանգեցնում է նույնականացման քարտի անվավերության։ Նույնականացման քարտ տրամադրելու վերաբերյալ որևէ անհատական իրավական ակտ չի ընդունվում։
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նորմերի համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է․ ««Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ իր ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տրամադրման հետ կապված հարաբերություններն է, որոնք օբյեկտիվորեն, ՀՀ Սահմանադրության և քաղաքացիության ինստիտուտը կարգավորող օրենսդրության այլ ակտերի հիմքով ծագում են, մի կողմից, պետության, մյուս կողմից՝ ֆիզիկական անձի միջև, հաստատագրելով Հայաստանի Հանրապետության և քաղաքացու միջև իրավաբանական կապը, որը հիմք է հասարակական կյանքում փոխադարձ իրավունքների և պարտականությունների ստանձնման ու կատարման համար: Այդպիսի փաստաթուղթը, ըստ հիշյալ օրենքի 2-րդ հոդվածի, նույնականացման քարտն է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Այսինքն, ըստ իր իրավական բովանդակության` նույնականացման քարտը նախ և առաջ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող և պետության կողմից տրվող պաշտոնական փաստաթուղթ է, առանց որի քաղաքացին անկարող է իրավահարաբերությունների լիարժեք (գործունակ) սուբյեկտ լինել, իրացնել Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքները և կատարել (ստանձնել) պարտականություններ» (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 08․12․2015 թվականի թիվ ՍԴՈ-1244 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված «վարչական ակտ» եզրույթի բովանդակությանը և վարչական ակտին բնորոշ հատկանիշներին հանգամանորեն անդրադարձել է իր մի շարք որոշումներում։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտը սահմանել է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.
1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,
2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը վարչական ակտին ներկայացնում է որոշակի պահանջներ։ Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական ակտը պետք է պարունակի ներածական, պատճառաբանական և եզրափակիչ մասեր։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 57-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են վարչական ակտին ներկայացվող որոշակիության և հիմնավորվածության պահանջները։
Հաշվի առնելով վարչական ակտին բնորոշ վերը նշված հատկանիշները, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-57-րդ հոդվածներով վարչական ակտին ներկայացվող պահանջները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույնականացման քարտը չի կարող որակվել որպես վարչական ակտ։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, ելնելով «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից, արձանագրում է նաև, որ նույնականացման քարտ տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ չի ընդունվում։ Այլ կերպ՝ նույնականացման քարտի տրամադրումը չի կատարվում վարչական ակտ ընդունելու միջոցով։Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ իրավասու մարմինը մերժել է անձի՝ նույնականացման քարտ տրամադրելու պահանջը, վերջինս իր իրավունքների դատական պաշտպանությունը չի կարող իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտավորեցման հայցի շրջանակներում։ Նման իրավիճակում հայցվորի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության համար պատշաճ հայցատեսակ է Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Արտյոմ Առաքելյանը, դիմելով Դատարան, պահանջել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ դիմումը բավարարելու և վարչական ակտն ընդունված համարվելու մասին և իրեն տրամադրել ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ։ Դատարանի կողմից կատարված մատնանշման արդյունքում հայցվորը հայցադիմումը կրկին ներկայացնելիս ներկայացրել է պարտավորեցման հայց՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի հիմքով։ Այնուհետև՝ 10․11․2022 թվականի նախնական դատական նիստում Դատարանի կողմից կրկին կատարված մատնանշման արդյունքում հայցվորի ներկայացուցիչը, ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով գործողության կատարման հայց ներկայացնելու Դատարանի առաջարկը, պնդել է, որ հայցը քննության առնվի նաև նույն հոդվածի 2-րդ մասի հիմքով։ Արդյունքում ներկայացվել և քննության է առնվել հայցվորի հետևյալ պահանջը՝ «պարտավորեցնել տրամադրել ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով»։Դատարանը 01․02․2023 թվականի վճռով մերժել է հայցը՝ հետևյալ պատճառաբանությամբ․ «Նախևառաջ, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հայցվորի ներկայացուցիչը, ղեկավարվելով տնօրինչականության սկզբունքով, հայցապահանջը պնդել է ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ՝ նույն հոդվածի 2-րդ մասով:
Հետևաբար, Դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր հայցապահանջի մասով անհրաժեշտ է անդրադառնալ առանձին-առանձին: (․․․) Դատարանը հարկ է համարում պարզել հետևյալ հարցը. արդյո՞ք հայցվորի 21.06.2002 թվականի դիմումով հարուցված վարույթի արդյունքում ընդունվելու էր համապատասխան վարչական ակտ»:
Դատարանը, վկայակոչելով «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի առանձին նորմեր, եզրահանգել է․ «(․․․) նույնականացման քարտը տրամադրվում է հատուկ վարույթի շրջանակներում, որի արդյունքում ընդունվում է վարչական ակտ, այն է՝ նույնականացման քարտ, որն էլ պարունակում է վարչական ակտին բնորոշ բոլոր հատկանիշները:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված պահանջը ենթակա է մերժման, քանի որ հայցվորը նշված պահանջով պահանջել է նույնականացման քարտի տրամադրում, ինչն իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ: Այլ կերպ ասած՝ հայցվորի պահանջն ուղղված է համապատասխան վարչական ակտի տրամադրմանը, ինչը գործողության կատարման հայցի քննության առարկա չի կարող լինել»։
Հաջորդիվ, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված պահանջին և վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ՝ Դատարանն արձանագրել է․ «(․․․) բոլոր դեպքերում հայցվորի հայր Սուրեն Առաքելյանը վերջինիս ծնվելու պահին չի հանդիսացել ՀՀ քաղաքացի:
Հետևաբար, (․․․) Արտյոմ Առաքելյանի հայրը նրա ծնվելու պահին, այն է՝ 16.04.1995 թվականին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսացել: Ուստի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիության տրման նման կարգը՝ հայցվոր Արտյոմ Առաքելյանի պարագայում կիրառելի չէ: Հետևաբար, նման պայմաններում Արտյոմ Առաքելյանին ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ տրամադրելը կհանդիսանա ակնհայտ ոչ իրավաչափ իրավունքի տրամադրում:
Այսպիսով, (․․․) բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման 2-րդ նախապայմանը, այն է՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքի բացակայությունը: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը կիրառման է ենթակա միայն 4 նախապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, իսկ Դատարանն արդեն իսկ արձանագրեց, որ բացակայում է 2-րդ նախապայմանը, ուստի՝ Դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ մյուս նախապայմանների առկայության կամ բացակայության հարցին:Վերոգրյալ ամբողջի լույսի ներքո՝ Դատարանը եզրահանգում է, որ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը՝ Արտյոմ Սուրենի Առաքելյանին՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի և նույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջները ենթակա են մերժման»:
Վերաքննիչ դատարանը, 22․03․2024 թվականի որոշմամբ մերժելով Արտյոմ Առաքելյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, արձանագրել է․ «Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ Հայցվորի կողմից Պատասխանողից պահանջվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսպիսով, ելնելով վերոգրյալ իրավանորմերից, փաստերից, եզրահանգումներից և պատճառաբանություններից, որոնցով հերքվում են Բողոքաբերի փաստարկները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջներին համապատաuխան, բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտությամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները և կիրառելով դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը, եկել է սույն գործի լուծման վերաբերյալ ճիշտ եզրահանգման, և վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու, հետևաբար` Վարչական դատարանի 01.02.2023 թվականի վճիռը բեկանելու համար»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սկզբնապես, հայցադիմումի ընդունելիության փուլում Դատարանը հայցադիմումը վերադարձրել է՝ կատարելով մատնանշում․ գտնելով, որ վարչական մարմնից նույնականացման քարտի տրամադրում հայցելով հայցվորը հայցել է վարչական ակտի ընդունում և ստացել մերժում՝ Դատարանը որպես պատշաճ հայցատեսակ մատնանշել է պարտավորեցման հայցատեսակը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի հիմքով։ Հայցվորը, ընդունելով Դատարանի մատնանշումը, ներկայացրել է պարտավորեցման հայց՝ Դատարանին խնդրելով պարտավորեցնել պատասխանողին իրեն տրամադրել նույնականացման քարտ։ Հայցադիմումը Դատարանի 22․09․2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել որպես պարտավորեցման հայց։
Այնուհետև, 10․11․2022 թվականի նախնական դատական նիստում Դատարանը, պատասխանողի ներկայացուցչի՝ Դատարանի հարցադրումներին տրված պատասխանների արդյունքում, մատնանշել է մեկ այլ հայցատեսակ․ առաջարկել է պարտավորեցման հայցը փոխարինել գործողության կատարման հայցով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ գտնելով, որ վարչական մարմնից նույնականացման քարտի տրամադրում հայցելով հայցվորը հայցել է գործողության կատարում։ Հայցվորի ներկայացուցիչը, Դատարանի կողմից հայցադիմումի ընդունելիության փուլում և գործը քննության նախապատրաստելու փուլում Դատարանի կողմից տարբեր հայցատեսակներ մատնանշելու պայմաններում, չկարողանալով ճիշտ կողմնորոշվել, պնդել է, որ հայցադիմումը ներկայացնում է ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, այնպես էլ 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, ինչը Դատարանը թույլ է տվել։
Արդյունքում Դատարանը գտել է, որ «յուրաքանչյուր հայցապահանջի մասով անհրաժեշտ է անդրադառնալ առանձին-առանձին» (տե՛ս, Դատարանի 01․02․2023 թվականի վճիռը, հատոր 1-ին, գ․ թ․ 131)։
Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում վկայակոչել ՀՀ վճռաբեկ դատարանի 08․12․2023 թվականի որոշմամբ արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումները․ «ոչ ճիշտ հայցատեսակը ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ մատնանշում կատարելու ՀՀ վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարումը, ի թիվս այլնի, պետք է ենթարկվի հետևյալ պահանջներին․
- հայցադիմումի ընդունելիության փուլում ճիշտ հայցատեսակի մատնանշումը պետք է կատարվի այդ պարտականությունը կատարելու համար անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերի բավարար համակցության առկայության դեպքում միայն։ Եթե հայցադիմումում ներկայացված փաստերը և հայցադիմումին կից ապացույցները բավարար հիմք չեն ձևավորում ճիշտ հայցատեսակ մատնանշելու համար, ապա ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականության կատարումը պետք է կատարվի գործը դատաքննության նախապատրաստելու փուլում,- դատական պրակտիկայում պետք է բացառվի այն իրավիճակը, երբ հայցվորը կրկին ներկայացված հայցադիմումով ընդունում է հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ կատարված մատնանշումը, սակայն դատարանը կրկին ներկայացված հայցադիմումով լրացված փաստերի ու ապացույցների հետազոտման արդյունքում կատարում է մեկ այլ հայցատեսակի մատնանշում՝ կրկին վերադարձնելով հայցադիմումը,
- ճիշտ հայցատեսակի մատնանշումն իր բովանդակությամբ պետք է լինի որոշակի, հստակ ու միանշանակ՝ հիմնված հայցադիմումում ներկայացված փաստերի և կից ապացույցների ամբողջական հետազոտման ու գնահատականի վրա, հայցադիմումը վերադարձնելու որոշումից հայցվորի համար պետք է միանշանակորեն պարզ լինի, թե կոնկրետ ինչ հայցատեսակ է մատնանշվել, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայցադիմումը կրկին ներկայացնելիս իր վարքագիծը համապատասխանեցնել հայցադիմումը վերադարձնելու որոշման պահանջներին» (տե՛ս, Տիգրան Աճեմյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/5005/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․12․2023 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումներին համահունչ՝ Դատարանը պետք Է սկզբնապես, հայցադիմումի ընդունելիության փուլում, ձեռնպահ մնար պարտավորեցման հայցատեսակի մատնանշումից, քանի դեռ չէր ձևավորել հստակ դիրքորոշում նույնականացման քարտ տրամադրելու գործընթացի առանձնահատկությունների, նույնականացման քարտի իրավական բնույթի վերաբերյալ։ Մինչդեռ, Դատարանը հայցադիմումի ընդունելիության փուլում որպես պատշաճ հայցատեսակ մատնանշել է պարտավորեցման հայցը, իսկ հետագայում՝ 10․11․2022 թվականի նախնական դատական նիստում, պատասխանողի ներկայացուցչին արված հարցադրումների արդյունքում, գտնելով, որ հայցվորը պատասխանող վարչական մարմնից հայցել է ռեալ ակտ, որպես պատշաճ հայցատեսակ մատնանշել է մեկ այլ հայցատեսակ՝ գործողության կատարման հայցը՝ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։
Ավելին, գործը դատաքննության նախապատրաստելու փուլում գտնելով, որ ի պատասխան հայցվորի՝ իրավասու մարմնին ուղղված՝ նույնականացման քարտ տրամադրելու պահանջի, վերջինս ոչ թե պետք է տրամադրեր վարչական ակտ, այլ պետք է կատարեր համապատասխան գործողություն (այլ կերպ՝ նույնականացման քարտը վարչական ակտ չէ)՝ որպես ճիշտ հայցատեսակ մատնանշել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցը։ Սակայն, գործի ըստ էության քննության արդյունքում Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով քննության առնված պահանջը մերժել է այն պատճառաբանությամբ, որ նույնականացման քարտը վարչական ակտ է։Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է հակասություն Դատարանի 02․09․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման և 01․02․2023 թվականի վճռում արտահայտված մոտեցումների միջև։ Այսպես, պարտավորեցման հայցատեսակի շրջանակներում գործի քննության առաջնային նախապայմանը վարչական մարմնի կողմից հայցվորի՝ վարչական ակտ ընդունելու պահանջի մերժման փաստի առկայությունն է։ Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցատեսակի շրջանակներում գործի քննության առաջնային նախապայմանը վարչական մարմնի կողմից հայցվորի՝ վարչական ակտ ընդունելու պահանջի մերժման փաստի բացակայությունն է։ Այսինքն՝ այս երկու հայցատեսակների միակ տարբերակիչ հատկանիշը վարչական մարմնի կողմից հայցվորի՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու պահանջի մերժման փաստի առկայությունն է կամ բացակայությունը, որպիսի պայմաններում դատարանից այս երկու հայցատեսակների միջև ընտրություն կատարելու համար պահանջվում է պարզել վարչական ակտ ընդունելու պահանջի մերժման փաստի առկայությունը (բացակայությունը)։ Մինչդեռ, «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ Դատարանը գտել է, որ առկա է վարչական մարմնի կողմից հայցվորի պահանջի մերժման փաստի առկայություն (ըստ այդմ՝ կատարել է պարտավորեցման հայցի մատնանշում), սակայն վեճն ըստ էության քննել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված հայցատեսակի շրջանակներում (հայցը մերժելով ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելու պատճառաբանությամբ), որի քննության առաջնային պայմանը խնդրո առարկա մերժման փաստի բացակայությունն է։
Բացի այդ, Դատարանն ըստ էության քննության է առել երկու իրարամերժ, միմյանց բացառող հայցատեսակներ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով և նույն հոդվածի 2-րդ մասի հիմքով՝ ըստ էության քննելով և մերժելով երկու հայցատեսակների շրջանակներում քննված պահանջները։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասով նախատեսված հայցատեսակների տարբերակիչ առաջնային հատկանիշը վարչական մարմնին ներկայացված պահանջի բովանդակությունն է։ Այն է՝ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցատեսակը կիրառելի է այն դեպքում, երբ վարչական մարմնից հայցվել է գործողության կատարում՝ ռեալ ակտ։ Մինչդեռ, նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցատեսակը կիրառելի է այն դեպքում, երբ հայցվել է վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունում։
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասով նախատեսված հայցատեսակների շրջանակներում պահանջներ ներկայացնելու դեպքում՝ անկախ տնօրինչականության սկզբունքից, Դատարանի կողմից երկու պահանջների միաժամանակյա ըստ էության քննությունն անընդունելի է․ պահանջներից մեկի մասով գործի վարույթը ենթակա էր կարճման։
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերն արտահայտված այն դիրքորոշումը, որ նույնականացման քարտը չի կարող որակվել որպես վարչական ակտ, և նույնականացման քարտ տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ չի ընդունվում, արձանագրում է, որ սույն դեպքում ճիշտ հայցատեսակն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցն է։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ողջ վերոնշյալն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից և որևէ գնահատական չի տրվել վերաքննիչ բողոքում բարձրացված՝ մատնանշման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ փաստարկներին։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ՀՀ վարչական դատարանի կողմից գործի ամբողջ ծավալով նոր քննություն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցի շրջանակներում։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22․03․2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Լ. Հակոբյան ա. Թովմասյան Ռ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2025 թվական:
