ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-93-Ո-Կ-14 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌԱԶՄԻԿ ՄԱՐԻԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
Բարձրագույն դատական խորհրդի |
Կ. Անդրեասյանի | ||
մասնակցությամբ՝ անդամներ
|
Ա. Աթաբեկյանի Ա. Դանիելյանի Կ. Թումանյանի Ե. Թումանյանցի Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Էդ. Հովհաննիսյանի Ք. ՄԿՈՅԱՆԻ | ||
Արդարադատության նախարարի տեղակալ |
Լ. ԲալՅԱՆԻ | ||
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Մ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ | ||
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր |
Ռ. ՄԱՐԻԿՅԱՆԻ | ||
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի ներկայացուցիչ |
Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ՝ |
Մ. Թելոյանի Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ |
2024 թվականի նոյեմբերի 5-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 91-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից 21.06.2024 թվականի թիվ 01/22/193863-2024 գրությամբ ներկայացված հաղորդումը՝ թիվ ԵԴ1/1005/06/24 քրեական գործով (այսուհետ նաև՝ Գործ) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 09.08.2024 թվականի թիվ 80-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 11.09.2024 թվականի թիվ 91-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 07.10.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
28.10.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 05.11.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը, 116-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը, 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը, նշել է, որ քրեադատավարական օրենսդրությամբ հստակորեն սահմանված են խափանման միջոցների կիրառման նպատակը և հիմքերը: Միաժամանակ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը լուծելիս օրենսդրի կողմից վարույթն իրականացնող մարմնի վրա դրվում է մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները հաշվի առնելու պարտականություն:
Խափանման միջոց կիրառելիս և դրա տեսակն ընտրելիս վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացումը չի կարող կրել կամայական բնույթ, այն պետք է հիմնավորվի որոշակի իրավական չափանիշներով, ինչպիսիք են ՔԴՕ-ի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հիմքերը (դրանցից թեկուզ մեկի առկայությունը) և նույն հոդվածի 3-րդ մասում թվարկված հանգամանքները:
Օրենսդիրը թույլ է տալիս կալանքը որպես խափանման միջոց կիրառել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը բավարար չէ ՔԴՕ-ի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
Նմանապես՝ այլընտրանքային խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այն ի զորու է երաշխավորել անձի օրինական վարքագիծը, ուստի արգելվում է անձի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց, եթե քրեական վարույթի ընթացքում, հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այն օբյեկտիվորեն չի կարող բավարար լինել ՔԴՕ-ի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
ՔԴՕ-ի 118-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 123-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի կարգավորումներից հետևում է, որ ինչպես կալանք, այնպես էլ տնային կալանք կիրառելու մասին որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված:
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով ՔԴՕ-ի 105-րդ հոդվածի 2-րդ մասը, Վճռաբեկ դատարանի1 12.04.2017 թվականի թիվ ԵԿԴ/0104/11/16 և թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշումներով, Բարձրագույն դատական խորհրդի 19.03.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-2 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը գտել է, որ նշված չափանիշների պահպանման դեպքում միայն դատարանի՝ ՔԴՕ-ի 123-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կայացված որոշումը կհամապատասխանի դատական ակտի հիմնավորվածության, այդ թվում՝ պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին, կարող է երաշխավորել մասնավոր (այլընտրանքային խափանման միջոցի կիրառման) և հանրային (գործի պատշաճ քննության) շահերի արդարացի հարաբերակցությունը, ինչպես նաև՝ ապահովել կիրառված խափանման միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված նպատակների՝ քրեական վարույթի ընթացքում անձի օրինական վարքագծի ապահովման իրականացումը:
Քննարկվող դեպքում Դատարանը Սերժ Արայի Վարդանյանի (այսուհետ նաև՝ Մեղադրյալ) նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելիս գտել է, որ վերջինիս օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել ոչ թե կալանքի, այլ այլընտրանքային խափանման միջոցների համակցության կիրառմամբ:
Նշվածի վերաբերյալ թիվ ԵԴ1/1005/06/24 քրեական վարույթով Դատարանի 21.05.2024 թվականի որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) արձանագրված Դատարանի հետևությունները հետևյալն են. «Հետևաբար հաշվի առնելով նաև, որ մեղադրյալն ունի հաշվառման հասցե և փաստացի բնակության վայր, առողջական վիճակի հետ կապված խնդիրներ և այլն Դատարանը գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել միջնորդվող խափանման միջոցից առավել մեղմ խափանման միջոցների տնային կալանքի և գրավի համակցության կիրառմամբ»:
Փաստորեն Դատարանը խափանման միջոցի տեսակն ընտրելիս հիմնվել է միայն Մեղադրյալի՝ առողջության հետ կապված խնդիրները և հաշվառման ու փաստացի բնակության վայր ունենալու հանգամանքների վրա: Մինչդեռ սույն կարգապահական վարույթով ձեռքբերված տվյալների համաձայն՝ Մեղադրյալի հաշվառման և մշտական բնակության հասցե ունենալու հանգամանքի առկայությունը որպես մեղադրյալի պատշաճ վարքագիծ ապահովող գործոն առկա է եղել նախորդ՝ 19.08.2023 թվականի որոշմամբ սահմանված խափանման միջոցի կիրառման ժամանակ, որը, սակայն, որևէ կերպ չի կաշկանդել Մեղադրյալին հակաիրավական վարքագիծ դրսևորելուց՝ խափանման միջոցների պայմանները խախտելու և առերևույթ նոր հանցանքներ կատարելու միջոցով: Ինչ վերաբերում է Դատարանի կողմից մատնանշված մյուս՝ Մեղադրյալի մոտ առողջական խնդիրների առկայությանը, ապա Որոշումը չի պարունակում որևէ տեղեկություն Մեղադրյալի մոտ առողջական խնդիրների առկայության, դրանց բնույթի, այդ խնդիրների և կալանքի կիրառման համատեղելիության վերաբերյալ:
Վերոգրյալից հետևել է, որ Դատարանը Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակի հետ կապված հարցը չի քննարկել ՔԴՕ-ի 18-րդ, 116-րդ, 118-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների լույսի ներքո, գնահատման առարկա չի դարձրել Մեղադրյալի անձի վերաբերյալ առկա՝ տվյալները Մեղադրյալի փախչելու, նոր հանցանք կատարելու, Մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումը վարքագծի դրսևորման հավանականությունը կանխորոշելու համար, մինչդեռ Մեղադրյալին վերաբերող Գործում առկա փաստական տվյալներն ու ապացույցներն ակնհայտորեն վկայում են տվյալ անձի կողմից արդարադատությունից թաքնվելու մտադրության մասին, որպիսի փաստն արդեն իսկ արձանագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից թիվ ԵԴ1/1013/06/24 դատական գործով Մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու մասին 24.05.2024 թվականի և Մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին 27.05.2024 թվականի որոշումների կայացմամբ:
Վարույթ հարուցած մարմինը վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` գնահատելով Դատարանի որոշման հիմքում ընկած հետևություններն առ այն, որ Մեղադրյալի նկատմամբ կալանքը կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է` արձանագրել է, որ այն կրում է վերացական բնույթ, ավելին՝ չի բխում քրեական գործի նյութերից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեղադրյալի նկատմամբ արդեն իսկ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները խախտված են եղել և Մեղադրյալն իր նկատմամբ կիրառված համակցված այլընտրանքային խափանման միջոցների պայմաններում ենթադրաբար կատարել է նոր հանցագործություն, ակնհայտ է դառնում, որ Մեղադրյալի նկատմամբ կալանքից զատ այլ խափանման միջոցի կիրառումը կամ խափանման միջոցների համակցությունը ողջամտորեն չէր կարող բավարար լինել Մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար: Այնինչ, Դատարանը ոչ միայն կիրառել է մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների համակցություն, այլև բավարար չափով չի հիմնավորել և պատճառաբանել նման միջոցների, և ոչ կալանքի կիրառման անհրաժեշտությունը: Նշվածի արդյունքում, կիրառված տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի պայմաններում Մեղադրյալի կողմից կատարվել է ևս մեկ ենթադրյալ հանցագործություն, ինչից հետո արդեն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում է կայացվել:
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 66-րդ հոդվածի 1-ին մասը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նշել է, որ դատավորը Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ, հետևաբար, յուրաքանչյուր դատավոր ներկայացնում է երկրի արդարադատությունը, և նրա վարքագծից է կախված հասարակության վերաբերմունքն արդարադատության նկատմամբ: Այդ պատճառով էլ դատավորի վարքագծի նկատմամբ սահմանված են ավելի բարձր չափանիշներ:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնը սահմանում է բոլոր հանգամանքներում այն ամենից զերծ մնալու պարտականություն, ինչը կարող է հանգեցնել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորման: Ընդ որում, օրենսդիրը հիշյալ նորմի շրջանակներում չի սահմանափակվել կոնկրետ արարքների նկարագրությամբ, այլ որպես խախտում է դիտարկում նորմերում նշված իրավական հետևանքներ առաջացնող ցանկացած վարքագծի դրսևորում: Ակնհայտ է, որ նշված կանոնների պահպանման առաջնային պայմանը դատավորի կողմից դատարանի գործունեությունը կարգավորող իրավական նորմի պահանջը կատարելն է:
Քննարկվող դեպքում Դատարանի կողմից քննության ենթակա իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի քրեադատավարական նորմերի անտեսմամբ՝ Մեղադրյալի նկատմամբ առանց պատշաճ հիմնավորման ընտրվել է այնպիսի խափանման միջոց, որը բավարար չէր ապահովելու և փաստացի չի ապահովել ՔԴՕ 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումը, որպիսի վարքագիծը հեղինակազրկում է նաև դատական իշխանությունը, կասկած է հարուցում նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Արդյունքում, Դատավորի կողմից խախտվել են ՔԴՕ-ի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 18-րդ հոդվածի 2-րդ մասի, 116-րդ հոդվածի 3-րդ մասի, 118-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի պահանջները, որոնք հանգեցրել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման:
Վարույթ հարուցած մարմինը՝ անդրադառնալով Դատավորի բացատրությամբ ներկայացված փաստարկներին՝ հայտնել է, որ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են կարգապահական վարույթ հարուցելու առիթները, որպիսի առիթ է հանդիսանում անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը: Հիշյալ նորմի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդում կարող է ներկայացնել ցանկացած պաշտոնատար անձ, անկախ վերջինիս կոնկրետ դատական գործով դատավարության կողմ լինելու հանգամանքից: Ընդ որում, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման և դատական ակտի վերանայման ինստիտուտները պայմանավորված չեն մեկը մյուսով, դրանք տարբեր են իրենց իրավական կառուցակարգերով, իրականացման ընթացակարգերով, իրենց առջև դրված խնդիրներով:
Օրենսդիրը պաշտոնատար անձին վերապահել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն, որպիսի լիազորության իրականացման պարագայում կարգապահական վարույթ հարուցող մարմինը կրում է Օրենսգրքով սահմանված կարգով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական հիմքերի և պայմանների առկայությունը բացահայտելու և ապացուցելու պարտականությունը, որպիսի ուսումնասիրության արդյունքում կայացվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ չի հարուցվում կարգապահական վարույթ:
Վարույթ հարուցած մարմինը, անդրադառնալով Դատավորի մտավախությանն առ այն, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդման ներկայացումը դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու, դատական ակտը «վերանայելու» կամ «բարենպաստ» դատական ակտ ստանալու ակնկալիք է հետապնդում նշել է, որ կարգապահական վարույթի իրականացման ընթացքում համապատասխան օրենսդրական գործիքակազմի միջոցով ապահովվում և գործում է միջազգային փաստաթղթերով, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ամրագրված դատավորի անկախության երաշխիքը:
Անդրադառնալով այն փաստարկին, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմքում չի կարող դրվել օրենքի մեկնաբանությունը՝ քննարկվող դեպքում կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը և հիմնավորումները ներկայացված են սույն միջնորդությամբ, դրանք վերաբերում են ոչ թե Դատավորի կողմից օրենքին տրված մեկնաբանությանը, այլ Դատավորի կողմից օրենքով դատավորի վրա դրված պարտականությունները չկատարելուն, այն է՝ խափանման միջոց կիրառելու (դրա տեսակն ընտրելու մասին) որոշում կայացնելիս այն չհիմնավորելը, չպատճառաբանելը, գործի փաստերից չբխող հետևություններ կատարելը, քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար անբավարար խափանման միջոց կիրառելը:
Որոշմամբ Դատարանը ներկայացրել է պատճառաբանություններ խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության վերաբերյալ (ՔԴՕ 116-րդ հոդվածի 2-րդ մաս), սակայն Որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ խափանման միջոցի տեսակի ընտրության հիմքում դրվել է միայն առողջական խնդիրներ և հաշվառման ու փաստացի բնակության վայր ունենալու հանգամանքը:
Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ ինչպես երևում է բացատրությունից՝ Դատարանը Մեղադրյալի՝ առողջական վիճակի հետ կապված խնդիր ունենալու հանգամանքը հաստատված է համարել դատական նիստի ընթացքում Մեղադրյալի բանավոր հայտնած տեղեկատվությամբ առ այն, որ Մեղադրյալը բժշկական հաստատությունում ստացել է բժշկական օգնություն, որը չի կարող դիտարկվել որպես թույլատրելի ապացույց Մեղադրյալի առողջական վիճակի հետ կապված հետևություններ անելու համար, որպիսի պարագայում այլևս էական նշանակություն չունեցող է դառնում առողջական վիճակի հետ կապված խնդիր ունենալու, դրա բնույթի, կալանքի կիրառման համատեղելիության հետ կապված հանգամանքների քննությունը:
Անդրադառնալով դատական ակտը բողոքարկված չլինելու և օրինական ուժի մեջ մտած լինելու Դատավորի փաստարկին՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Մեղադրյալի նկատմամբ կիրառված տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի պայմաններում Մեղադրյալի կողմից կատարվել է նոր ենթադրյալ հանցագործություն, ինչն արդեն հիմք է հանդիսացել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար, որպիսի պայմաններում Դատավորի կողմից կայացված դատական ակտի բողոքարկման նպատակահարմարությունը դրանով իսկ վերացել է:
Ուստի բացատրությամբ բերված մյուս փաստարկները հերքվում են սույն միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներով: Այսինքն, Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:
Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը՝ վարույթ հարուցած մարմինը գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում գտել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ: Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը: Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր:
Վերոգրյալից նաև հետևել է, որ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են վերջինիս կողմից կոպիտ անփութությամբ թույլ տրված վարքագծի կանոնների խախտումների՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը՝ պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայությամբ՝ ներկայացնելով հետևյալ փաստարկները.
Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ծանոթանալով դատական ակտին, այն չի բողոքարկել, մինչդեռ քննչական մարմինը, չհանդիսանալով դատական ակտը բողոքարկելու սուբյեկտ և շրջանցելով դատական ակտը բողոքարկելու ընթացակարգերը, ըստ էության «վիճարկում» է օրինական ուժի մեջ մտած դատական ակտում կատարված եզրահանգումների իրավաչափությունը, ավելին՝ այդ ակտի կայացման կապակցությամբ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացրել, իսկ Արդարադատության նախարարը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել:
Նշված երևույթը ցանկացած իրավական պետությունում չափազանց վտանգավոր է դատավորի անկախության տեսանկյունից:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)12 հանձնարարականի 13-րդ կետի համաձայն՝ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարգելու, պաշտպանելու և խթանելու դատավորների անկախությունն ու անաչառությունը: Նույն հանձնարարականի 16-րդ կետի համաձայն՝ դատավորների որոշումները վերանայման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված՝ վերաքննության կարգով բողոքարկման կամ վարույթի նորոգման դեպքերի:
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտում տեղ գտած եզրահանգումների, օրենսդրական նորմերի մեկնաբանման և դատավորի կողմից տրված այլ իրավական գնահատականների կապակցությամբ: Հետևաբար, դատական ակտում կատարված եզրահանգումների կապակցությամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարց կարող է քննարկվել այդ դատական ակտում տեղ գտած եզրահանգումները վերադաս դատարանների կողմից ոչ իրավաչափ դիտարկվելու և արդյունքում դատական ակտը բեկանվելու դեպքերում (իհարկե, դա չի նշանակում, որ դատական ակտի բեկանման բոլոր դեպքերում կարող է քննարկվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, այլ միայն այն դեպքերում, երբ այդ ակտով դատարանը հեղինակազրկել է դատական իշխանությունը):
Այլապես, քրեական հետապնդման մարմնի կողմից դատավորի կայացրած դատական ակտին նման որակումներ տալը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ վարույթն իրականացնող մարմինը ցանկացած դատական ակտի և դրանում դատավորի կատարած եզրահանգումների հետ անհամաձայնության դեպքում կարող է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնել դրանով իսկ փորձելով «վերանայել» դատական ակտը և ճնշում գործադրել դատավորի վրա՝ հետագայում «բարենպաստ» դատական ակտեր ստանալու ակնկալիքով:
Տվյալ դեպքում քննարկման առարկա է դարձել ոչ թե դատավորի կողմից օրենքի առերևույթ խախտումը, այլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում խափանման միջոցի տեսակի ընտրության վերաբերյալ դատարանի կատարած եզրահանգումները, ինչը, վերը նշված հիմնավորմամբ, իրավաչափ համարվել չի կարող:
Դատավորը ներկայացված հաղորդման և դրան կից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում փաստել է, որ ակտը բողոքարկված չլինելու և օրինական ուժի մեջ մնացած լինելու հանգամանքի մասին տեղեկություններ Արդարադատության նախարարին չի ներկայացվել, այլապես սույն կարգապահական վարույթը հարուցելու հարցը նույնիսկ չէր քննարկվի:
Նշված հանգամանքը, ինքնին, բավարար է հարուցված կարգապահական վարույթը կարճելու համար:
Դատարանը խափանման միջոցի տեսակն ընտրելիս չի հիմնվել միայն Մեղադրյալի առողջական խնդիրների, հաշվառման ու փաստացի բնակության վայր ունենալու հանգամանքների վրա: Դատարանի հետևությունը՝ «Հետևաբար, հաշվի առնելով նաև, որ մեղադրյալն ունի հաշվառման և փաստացի բնակության վայր, առողջական վիճակի հետ կապված խնդիրներ և այլն՝ Դատարանը գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել միջնորդվող խափանման միջոցից առավել մեղմ խափանման միջոցների՝ տնային կալանքի և գրավի համակցության կիրառմամբ:» կատարվել է՝ հաշվի առնելով ՔԴՕ օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, որի համաձայն՝ խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում Մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: Դատարանը Որոշմամբ՝ վերոնշյալ հատվածի նախորդ պարբերությամբ պատճառաբանել է Մեղադրյալի նկատմամբ կալանք չկիրառելու իրավաչափությունը:
Դատավորը, անդրադառնալով Մեղադրյալի առողջական վիճակի առկայությունը փաստելու համար հիմք հանդիսացած տեղեկություններին, նշել է, որ այդ մասին դատական նիստի ընթացքում հայտնել է Մեղադրյալը, և քննիչը նույնպես հաստատել է, որ Մեղադրյալի առողջական վիճակով պայմանավորված՝ շտապ բժշկական օգնության կանչ է գրանցվել, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն և ստացել բժշկական օգնություն:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1 Թիվ ԵԴ1/0684/06/23 քրեական վարույթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր՝ Մուշեղ Արամյան) 19.08.2023 թվականի որոշման համաձայն՝ Սերժ Արայի Վարդանյանին 19.08.2023 թվականին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ:
4.2 Վերոնշյալ որոշմամբ Սերժ Վարդանյանի նկատմամբ համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, գրավ 3.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք: Որոշմամբ մեղադրյալին պարտավորեցվել է շաբաթը 2 անգամ գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևան քաղաքային մարմնում, նրան արգելվել է՝ ժամը 20:00-ից մինչև 08:00 բացակայել մշտական բնակության վայրից՝ ք. Երևան, Արամի 48 շենք, 81 բնակարանից և առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը՝ հիշյալ հասցեն: Դատարանը հիշյալ որոշմամբ հաշվի է առել նաև մեղադրյալի մշտական բնակության վայր, ծնող, սոցիալական կապեր ունենալու հանգամանքը, որոնք ըստ դատարանի՝ վկայել են մեղադրյալի՝ փախուստի դիմելու և այդ կերպ քննությունից թաքնվելու հավանականության բացակայության մասին:
4.3 Որոշման համաձայն՝ 20.05.2024 թվականին միջնորդություն է ներկայացվել թիվ 70911924 քրեական վարույթով հսկող դատախազի՝ Մեղադրյալի նկատմամբ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է, և որոշում է կայացվել Մեղադրյալի հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին այն բանի համար, որ նա, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել է ակոսափող հրազեն հանդիսացող, ինքնաշեն եղանակով պատրաստված ակոսափող ատրճանակ՝ հարմարեցված 9մմ տրամաչափի փամփուշտներով կրակվելու համար և ռազմամթերք հանդիսացող, 9մմ տրամաչափի 5 փամփուշտներ՝ նախատեսված համապատասխան տրամաչափի «GLOCK», «CZ», «BERETTA» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար, որոնք 18.05.2024 թվականին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բարձրակարգ սպասարկման սրահի մուտքի դիմացի հատվածում ապօրինի կերպով իրացրել է Էրիկ Արթուրի Գասպարյանին, ինչն էլ հայտնաբերվել է 18.05.2024 թվականին կատարված վերջինիս անձնական խուզարկությամբ:
4.4 20.05.2024 թվականին որոշում է կայացվել Մեղադրյալին ձերբակալելու և խափանման միջոց կալանավորումը կիրառելու հարցը քննարկելու նպատակով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու մասին: Որոշման կատարումը հանձնարարվել է տարածքային հետաքննության մարմնին:
4.5 21.05.2024 թվականին հետաքննության մարմնից ստացվել է գրություն այն մասին, որ դեռևս հնարավոր չի եղել կատարել Մեղադրյալի ձերբակալումը, քանի որ վերջինս շուրջ 4 ժամ չի արձագանքել նրա բնակության հասցեի բնակարանի մուտքի դռան թակոցներին, անգամ չի արձագանքել վարչական հսկողություն իրականացնող մարմնի կանչին:
4.6 21.05.2024 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Մեղադրյալի բնակության հասցեի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ:
4.7 21.05.2024 թվականին, ժամը 14:30-ի սահմաններում բանավոր կարգով տեղեկություն է ստացվել այն մասին, որ հետաքննության մարմնի ծառայողների կողմից Մեղադրյալը հայտնաբերվել է իր բնակության հասցեում, սակայն վերջինիս առողջական վիճակով և շտապօգնության բրիգադի ցուցումով պայմանավորված՝ Մեղադրյալը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
4.8 21.05.2024 թվականին ժամը 17:30-ին, Մեղադրյալը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նրան ներկայացվել է մեղադրանք, որում իրեն մեղավոր չի ճանաչել, հարցաքննվել է և ցուցմունքով ըստ էության հերքել Է. Գասպարյանի հայտնած տվյալները:
4.9 Միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, ըստ որի՝ «Հաշվի առնելով մեղսագրվող հանցանքի բնույթը, դրա վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հնարավոր ակնկալվող արդյունքը՝ ներկայացված իրերի թմրամիջոց հանդիսանալու և հնարավոր խոշոր չափերի լինելու հանգամանքով պայմանավորված նոր հանցանքի մեղսագրումը, քննության տվյալ փուլում Է. Գասպարյանի մոտ հայտնաբերված, սակայն փաստացի Սերժ Վարդանյանի կողմից ձեռք բերված, պահված, փոխադրված և իրացված զենքի և թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի անհայտ լինելը, նախկինում մեկ այլ քրեական վարույթով նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցների պայմաններում առերևույթ նոր հանցանքներ կատարելու, նախկինում դատված լինելու հանգամանքների ընդհանուր համակցությունը մեծացնում է հավանականությունն առ այն, որ Սերժ Արայի Վարդանյանը, մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կատարել նոր հանցանքներ, խոչընդոտել վարույթի բնականոն իրականացմանը և այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է նշված պահանջների կատարումն ապահովելու համար, ուստի անհրաժեշտ է Սերժ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»:
4.10 Որոշմամբ միջնորդությունը բավարարվել է մասնակի և Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը՝ համակցված 5.000.000 ՀՀ դրամի չափով գրավի հետ:
Որոշման պատճառաբանական մասի համաձայն. «Վկայակոչած իրավանորմերը համադրելով սույն գործի փաստերի հետ և անդրադառնալով կալանքի կիրառման անհրաժեշտությանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
1) Մեղադրյալի փախուստը կանխելու նպատակով կալանք կիրառելու անհրաժեշտությունը Դատարանը ողջամիտ չի համարում: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջնորդությամբ, որպես մեղադրյալի փախուստը կանխելու նպատակի հիմնավորում, ըստ էության, նշվել է մեղսագրվող հանցանքի ծանրությունն ու սպասվող պատժի խստությունը:
Նշվածի կապակցությամբ հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքը վկայում է այն մասին, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից փախուստի վտանգավորության աստիճանը չի կարող չափվել միայն նախատեսվող պատժի խստությամբ: Այն պետք է գնահատվի մի շարք այլ վերաբերելի գործոններ հաշվի առնելով, որոնք կարող են հաստատել քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վտանգի առկայությունը (...):
2) Անդրադառնալով մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված ենթադրյալ պարտականությունների կատարումն ապահովելու հիմքին՝ Դատարանը հաշվի է առնում, որ քրեական վարույթը գտնվում է սկզբնական՝ ապացույցների հավաքման ակտիվ փուլում, դեռևս կատարվում են վարութային մի շարք գործողություններ անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, ուստի հավանական է, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, չի կատարի քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները, մասնավորապես՝ անօրինական ազդեցություն կգործադրի վարույթի մասնակիցների նկատմամբ՝ իր համար դրական դատավարական իրավիճակ ստեղծելով, ինչպես նաև այլ կերպ խոչընդոտելով քննությանը:
3) Մեղադրյալի կողմից հանցանք կատարելու հավանականությունը Դատարանը նույնպես իրատեսական է համարում: Թեև մեղադրյալի դատվածությունը մարված է, սակայն մեղադրյալի հետագա հնարավոր վարքագիծը գնահատելիս Դատարանը հաշվի է առնում, որ ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից Սերժ Վարդանյանի վերաբերյալ ստացված ձև 8 տեղեկանքի՝ մեղադրյալը նախկինում դրսևորել է կայուն օրինազանց վարքագիծ: Ճիշտ է, մեղադրյալը դատվածություն չունի, ուստի նշված հանգամանքը որևէ քրեաիրավական հետևանք չի առաջացնում, սակայն մեղադրյալի կողմից հանցանք կատարելու հիմքի տեսանկյունից մեղադրյալի նախկինում դրսևորած վարքագիծը կարող է և պետք է գնահատման արժանանա:
Միևնույն ժամանակ Դատարանը նման եզրահանգման է գալիս՝ հաշվի առնելով մեղադրյալ Սերժ Վարդանյանի նկատմամբ այլ քրեական գործով վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառված լինելու պայմաններում նրան ենթադրյալ հանցավոր արարք մեղսագրվելու հանգամանքը:
Վերը նշվածը, Դատարանի գնահատմամբ, բավարար է ենթադրություն անելու անձի՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու՝ քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու հավանականության մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալի անձնական ազատությունը ենթակա է սահմանափակման, քանի որ ազատության սահմանափակման հետ չկապված այլ խափանման միջոցները, այդ թվում՝ վարչական հսկողությունը, ի զորու չեն ապահովել նրա պատշաճ վարքագիծը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, Դատարանը գտնում է, որ այն պայմաններում, երբ Դատարանը եզրահանգել է, որ մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը ենթակա է ամրապնդման այլ փաստական տվյալներով, հակառակ դեպքում, ներկա փուլում մեղադրյալի հնարավոր առնչությունն իրեն մեղսագրված արարքին հավաստող տվյալները գործի քննության հետագա փուլերում կարող են բավարար չլինել, որևէ կերպ ողջամիտ չի լինի մեղադրյալի նկատմամբ ընտրել ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը: Հետևաբար, հաշվի առնելով նաև, որ մեղադրյալն ունի հաշվառման և փաստացի բնակության վայր, առողջական վիճակի հետ կապված խնդիրներ և այլն՝ Դատարանը գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել միջնորդվող խափանման միջոցից առավել մեղմ խափանման միջոցների՝ տնային կալանքի և գրավի համակցության կիրառմամբ: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ քննիչը չի միջնորդել սահմանափակել մեղադրյալի հաղորդակցության իրավունքը, ուստի Դատարանը գտնում է, որ խոչընդոտելու հավանականությունը չեզոքացնելու տեսանկյունից գործուն մեխանիզմ կարող է հանդիսանալ ոչ թե կալանքը՝ առանց հաղորդակցության իրավունքի սահմանափակման, այլ առավել մեղմ խափանման միջոցների համակցությունը գրավը և տնային կալանքը՝ զուգորդված մեղադրյալի շփումների արգելմամբ:
Մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման հնարավորությունը գնահատելիս՝ Դատարանը հաշվի է առնում մեղադրյալին վերագրվող հանցանքի ծանրության աստիճանը, մեղադրյալի գույքային դրությունը, ինչպես նաև որպես մեղադրյալի օրինական վարքագծի ապահովման երաշխիք՝ մեղադրյալի և պաշտպանի կողմից առաջարկված գրավի չափը:
Բացի այդ, հարկ է նշել, որ գրավը չմուծելը ևս մեղադրյալի համար կարող է առաջացնել բացասական հետևանքներ: Դատարանի գնահատմամբ, մուծված գրավի գումարը կամ որպես գրավ ընդունված գույքը կորցնելու վտանգը հանդիսանում է մեղադրյալի ոչ օրինական վարքագծի ռիսկերը հակակշռող գործոններից, ինչպես նաև մեղադրյալի օրինական վարքագծի երաշխիքներից մեկը, ուստի գրավը սահմանված ժամկետում մուծելը պետք է դիտարկել որպես այդ խափանման միջոցի պարտադիր պայման, ինչպես նաև մեղադրյալի կողմից դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները կատարելու և պատշաճ վարքագիծ դրսևորելու պատրաստակամության ցուցիչ:»:
Վերոգրյալի արդյունքում, նկատի ունենալով, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոցների համակցության կիրառմամբ՝ Դատարանը գտել է, որ քննիչի միջնորդությունը պետք է բավարարել մասնակի, մեղադրյալ Սերժ Վարդանյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք և գրավ՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով:
4.11. Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի Մեղադրյալի վերաբերյալ ստացված ձև 8 տեղեկանքի համաձայն՝ վերջինս մեղադրվելով 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն) հանցանքների կատարման մեջ դատարանի 28.11.2018 թվականի որոշմամբ վերջինիս վերաբերյալ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց 2.000.000 ՀՀ դրամ, 25.05.2016 թվականին դատապարտվել է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքի դիտավորությամբ ոչնչացնել վնասել հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ուրիշի գույքի դիտավորությամբ ոչնչացնել վնասել կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ) 3 ամիս կալանքի, 15.09.2022 թվականին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) և 452-րդ 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 500.000 ՀՀ դրամ տուգանքի:
4.12 Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևան քաղաքային մարմնի պետի 22.05.2024 թվականի թիվ 29.2.1/18281-24 գրության համաձայն՝ Մեղադրյալը 21.08.2023-22.05.2024 թվականներն ընկած ժամանակահատվածում 5 անգամ խախտել է կիրառված խափանման միջոցների պայմանները, մասնավորապես՝ 03.01.2024-05.01.2024 թվականն ընկած ժամանակահատվածում չի գրանցվել Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում, 19.02.2024 թվականին էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցվել է «GPS/OPT տիրույթից դուրս» խախտման տեսակը, 18.05.2024 թվականին էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցվել է «GPS/OPT տիրույթից դուրս» խախտման տեսակը, 20.05.2024 թվականին էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցվել է «Բացակա մշտադիտարկման ընթացքում» խախտման տեսակը, 21.05.2024 թվականին էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցվել է «կապը կորել է» խախտում:
4.13 Մեղադրյալի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա են բազմաթիվ հոդվածներ, որտեղ նկարագրվում է վերջինիս ակնհայտ հակաիրավական, հակաբարոյական վարքագիծը և օրենքի նկատմամբ արհամարհանքի (իրավական նիհիլիզմի) դրսևորումը:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. Արդյո՞ք թիվ ԵԴ1/1005/06/24 քրեական գործով 21․05․2024 թվականին կայացված «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելու վերաբերյալ» որոշմամբ Դատավորը խախտել է դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջը,
5.2. Արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:
5.3. Արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնների խախտման:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Լիազոր մարմնի ներկայացուցիչների, Դատավորի և նրա ներկայացուցչի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ Վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
ՀՀ Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
Օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
ՔԴՕ 9-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ քրեական վարույթի ընթացքում ընդունվող յուրաքանչյուր դատավարական ակտ պետք է լինի օրինական և հիմնավոր: Դատավարական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնք կիրառվում են տվյալ վարույթն իրականացնելիս: Դատավարական ակտը հիմնավոր է, եթե այն իր բնույթին և առաջացնող հետևանքներին համապատասխան չափով օբյեկտիվորեն համոզիչ է իր հասցեատերերի համար:
ՔԴՕ 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով:
ՔԴՕ 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:
ՔԴՕ 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե մեղադրյալին վերագրվող հանցանքի համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նախատեսված չէ, ապա կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը։
Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ՀՀ սահմանադրությունը դատավորներին է վերապահում արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը, որն, ուղղակիորեն առնչվելով անհատների իրավունքների և ազատությունների հետ, ազդում է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության ձևավորման վրա: Ուստի հաշվի առնելով դատավորի պաշտոնի առանձնահատուկ դերն արդարադատության իրականացման հարցում՝ դատավորներին վերաբերելի վարքագծի կանոններն իրենց բնույթով ավելի խիստ են քան պետական մյուս պաշտոնյաներինը: Այլ կերպ ասած, դատավորներն իրենց վարքագծով ոչ միայն պետք է ձեռնպահ մնան դատական համակարգը վարկաբեկելուց, այլև պետք է խթանեն դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը:
Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Դրանց մեջ կարևոր են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն։
Նշվածի համատեքստում անդրադառնալով կարգապահական վարույթի շրջանակներում բարձրացված հարցադրումներին հարկ է նշել հետևյալը․
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-752, ՍԴՈ-754, ՍԴՈ-765, ՍԴՈ-818, ՍԴՈ-886, ՍԴՈ-896, ՍԴՈ-919 որոշումներում) արտահայտել է իրավական դիրքորոշումներ արդար դատաքննության տարր հանդիսացող՝ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ: Մասնավորապես, 2010 թվականի հունիսի 5-ի ՍԴՈ-896 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև ՄԻԵԴ) անդրադառնալով դատական ակտի պատճառաբանվածության հարցին իր հերթին հստակ արձանագրել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված երաշխիքները ներառում են դատարանների՝ իրենց որոշումների վերաբերյալ բավարար պատճառներ ներկայացնելու պարտականությունը2 ու չնայած ներպետական դատարանը փաստարկներն ընտրելիս և ապացույցներն ընդունելիս ունի որոշակի հայեցողական լիազորություններ, այն պարտավոր է հիմնավորել իր գործողությունները՝ իր որոշումների պատճառները ներկայացնելով3:
Միաժամանակ, ՄԻԵԴ-ը ներպետական դատարանների կողմից կայացված որոշումները չպատճառաբանելը ճանաչելով արդար դատական քննության իրավունքի խախտում, նշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հանրային հսկողություն ապահովելու նպատակով4:
Դատական ակտի պատճառաբանվածությունը ՄԻԵԴ-ը դիտարկել է որպես արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքի պահանջ։ Այս պարտականությունը ներառում է առնվազն հստակ անդրադարձ այն հանգամանքներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել տվյալ գործի համար։5 Ավելին, այն գործերը, որոնք կարող են առնչվել Կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, ՄԻԵԴ մի շարք վճիռներով մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել և քննարկվել է նաև այն հարցը, թե որքանով են դատական ակտերում բերված պատճառաբանությունները եղել բովանդակալից, այլ ոչ՝ ձևական բնույթի, և ՄԻԵԴ-ը դատական ակտի պատճառաբանվածության սկզբունքի պահպանված լինելու նկատմամբ իրականացրել է բովանդակային վերահսկողություն6:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է հիմնավորելու, որ դատական ակտի հիմքում ընկած են ոչ թե դատավորների անհատական մոտեցումները կամ նրանց սուբյեկտիվ վերաբերմունքը հարցի լուծման որևէ տարբերակի նկատմամբ, այլ առկա է դատական ակտի պատճառաբանվածության տրամաբանական շղթա: Հակառակ պարագայում, որոշմամբ արձանագրված փաստերից բխող եզրահանգման ձևավորման ընթացքը և եզրահանգումը բավարար չպատճառաբանելու արդյունքում դատական ակտը հանրային իշխանության ատյանի ակտից վերածվում է այն հեղինակող դատավորի կողմից վեճի լուծման վերաբերյալ սուբյեկտիվ մոտեցման շարադրանքի՝ վտանգելով Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված՝ անհատի արդար դատաքննության իրավունքը։
Վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդված խափանման միջոցի նպատակների վերաբերյալ առկա փաստական տվյալներն ինքնին վկայում են հետևյալի մասին.
1. Մեղադրյալի առնչությամբ նախկինում, մեկից ավել քրեական գործերի շրջանակներում, վերջինիս առումով վերաբերելի տեղեկատվության առկայության հանգամանքը, ինչպես նաև այլ ենթադրյալ հանցանքի կատարման մեջ մեղադրվելու մասին մեկ այլ վարույթի առկայությունը (մինչդատական)։ Մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի Մեղադրյալի վերաբերյալ ստացված ձև 8 տեղեկանքի որի համաձայն՝ վերջինս մեղադրվելով 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն) հանցանքների կատարման մեջ դատարանի 28.11.2018 թվականի որոշմամբ վերջինիս վերաբերյալ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց 2.000.000 ՀՀ դրամ, 25.05.2016 թվականին դատապարտվել է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքի դիտավորությամբ ոչնչացնել վնասել հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ուրիշի գույքի դիտավորությամբ ոչնչացնել վնասել կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ) 3 ամիս կալանքի, 15.09.2022 թվականին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) և 452-րդ 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 500.000 ՀՀ դրամ տուգանքի:
2. Ներկայիս քրեական վարույթի շրջանակներում Մեղադրյալին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ արարքը վերագրելը, մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում, Մեղադրյալի նկատմամբ արդեն իսկ այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում նաև՝ վարչական հսկողություն կիրառված լինելու հանգամանքը: Մասնավորապես՝ մեկ այլ քրեական վարույթով 19․08․2023 թվականի դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, գրավ 3․000․000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք, որի պայմաններում համաձայն Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևան քաղաքային մարմնի պետի 22.05.2024 թվականի թիվ 29.2.1/18281-24 գրության համաձայն՝ Մեղադրյալը 21.08.2023-22.05.2024 թվականներն ընկած ժամանակահատվածում 5 անգամ խախտել է կիրառված խափանման միջոցների պայմանները, մասնավորապես՝ 03.01.2024-05.01.2024 թվականն ընկած ժամանակահատվածում չի գրանցվել Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում, 19.02.2024 թվականին էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցվել է «GPS/OPT տիրույթից դուրս» խախտման տեսակը, 18.05.2024 թվականին էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցվել է «GPS/OPT տիրույթից դուրս» խախտման տեսակը, 20.05.2024 թվականին էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցվել է «GPS/OPT տիրույթից դուրս» խախտման տեսակը, 21.05.2024 թվականին էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցվել է «կապը կորել է» խախտում:
3. Հիշյալ քրեական վարույթով այլընտրանքային խափանման միջոցներ կիրառված լինելու պայմաններում, Մեղադրյալի ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ ենթադրյալ հանցանք կատարելու մեջ մեղադրվելու հանգամանքը:
4. Մեղադրյալի նախկինում դատվածություններ ունենալու հանգամանքը (անկախ դրանք մարված կամ մարված չլինելուց), նկատի ունենալով նաև, որ դատվածության մարված լինելու առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը վերաբերում է բացառապես քրեաիրավական հետևանքներին, իսկ տվյալ դեպքում, արծածվող հարցը վերաբերվում է քրեադատավարական գործիքակազմին:
Տվյալ դեպքում անդրադառնալով խափանման միջոցի կիրառման հիմքերին Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ ՔԴՕ 116-րդ հոդվածի և դրա հետ փոխկապակցված 18-րդ, 29-րդ, 43-րդ, 118-119-րդ հոդվածների համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը, խափանման միջոցի հիմքերի առկայության և այն կիրառելու անհրաժեշտության մասին խոսելիս, օգտագործում է «կարող է» ձևակերպումը՝ դրանով իսկ իրավակիրառին հնարավորություն տալով խափանման միջոցի հարցի որոշման համար նշանակություն ունեցող հանգամանքները Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ իր ներքին համոզմամբ գնահատելու արդյունքում պատճառաբանված որոշման կայացման միջոցով լուծելու խափանման միջոցի կիրառման և դրա տեսակի հարցերը։
Բարձրագույն դատական խորհուրդն իր 10.12.2019թ. թիվ ԲԴԽ-69-Ո-Կ-17 որոշմամբ ընդգծել է. «Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված՝ Դատավորներ. անկախություն, արդյունավետություն և պատասխանատվություն CM/Rec(2010)12 հանձնարարականի 1-ին գլխի 5-րդ մասով սահմանվում է, որ դատավորները պետք է ունենան գործերով որոշում կայացնելու անխափան ազատություն՝ անաչառորեն, օրենքի հիման վրա և փաստերի իրենց մեկնաբանությամբ, իսկ 15-րդ մասում ամրագրված է, որ վճիռները պետք է լինեն պատճառաբանված և հրապարակված: Դատավորները չպետք է այլ կերպ արդարացնեն իրենց վճիռների հիմքերը»:
Խորհուրդն արձանագրում է, որ սույն կարգապահական վարույթի փաստերի, մասնավորապես՝ «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» 21․05․2024 թվականի որոշման պատճառաբանական մասում մեղադրյալի ազատության մեջ մնալու դեպքում իր վրա քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների չկատարումը հնարավոր համարելու, նոր հանցանքի կատարումը ևս իրատեսական գնահատելու պարագայում, ինչպես նաև արձանագրելով Մեղադրյալի կողմից նախկինում կայուն օրինազանց վարքագիծ դրսևորած լինելու հանգամանքը, ինչն իր հերթին հաստատվում է նաև «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» 21․05․2024 թվականի որոշմանը նախորդած ժամանակահատվածում Մեղադրյալի կոմից հակահասարակական վարքագիծ դրսևորած լինելու մասին զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած մի շարք հրապարակումներով՝ Դատավորը քննելով Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին թիվ ԵԴ1/1005/06/24 միջնորդությունը 21.05.2024 թվականի որոշմամբ առանց խափանման միջոցի ընտրությունը բավարար պատճառաբանելու այն բավարարել է մասնակի և Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ է կիրառել տնային կալանքը՝ համակցված 5.000.000 ՀՀ դրամի չափով գրավի հետ։
Խորհրդի գնահատմամբ դատական ակտի կայացման համար անհրաժեշտ և բավարար հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա, այնինչ՝ Դատավորը «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» 21․05․2024 թվականի որոշումը կայացնելիս բավարար չափով չի արտացոլել և հիմնավորել իր եզրահանգմանը նախորդած դատողությունների ընթացքը, որի պարագայում Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԴ1/1005/06/24 քրեական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջի խախտում, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համակարգային մեկնաբանումից ուղղակիորեն հետևում է, որ օրինական և իրավաչափ դատական ակտ կայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ ակտին ներկայացվող ապացուցողական չափորոշիչները (ապացուցողական ստանդարտները), այնուհետև համակցության մեջ գնահատել վարույթի նյութերում առկա փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ, և միայն այն դեպքում, երբ ներկայացված փաստական տվյալների ամբողջությունը կհաղթահարի համապատասխան որոշմանը ներկայացվող ապացուցողական չափորոշիչը՝ նոր միայն հնարավոր կլինի կայացնել համապատասխան դատական ակտ, թեև քննարկվող դատական ակտում առկա է պատճառաբանական մաս, սակայն դրանում ներառված փաստական վերլուծությունն ըստ էության չի բխում Դատարանի վարույթում առկա և դատական ակտում շարադրված վերաբերելի փաստական տվյալներից ու տեղեկություններից։
Ինչ վերաբերում է Դատավորի դիրքորոշմանն առ այն, որ հնարավոր չէ հարուցել կարգապահական վարույթ այն պայմաններում, երբ խնդրո առարկա որոշումը չի բողոքարկվել, չի բեկանվել և մտել է օրինական ուժի մեջ, ապա այս մասով Խորհուրդը հարկ է համարում նշել, որ կարգապահական վարույթի շրջանակներում կայացված դատական ակտի վերանայում չի իրականացվում, կասկածի տակ չի դրվում դատավորի մոտ ձևավորված համոզմունքը, այլ քննարկվում է դատական ակտի հիմնավորված և պատճառաբանված լինելու հանգամանքը, միաժամանակ հարկ է արձանագրել նաև, որ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, Խորհրդի նման դիրքորոշումը բխում է դատական ակտերին ներկայացվող սուբյեկտիվ՝ ներքին համոզմունք ունենալու և օբյեկտիվ՝ ապացուցողական չափորոշիչը հաղթահարելու պահանջներից, մասնավորապես, եթե Խորհուրդը չի կարող գնահատել դատավորի մոտ առաջացած ներքին համոզմունքի արդարացի լինելը, ապա օբյեկտիվ պահանջը, այն է՝ ապացուցողական չափորոշիչները հաղթահարած լինելու կամ չլինելու հարցը կարող է հանդիսանալ Խորհրդի քննարկման առարկան, քանի որ այն ուղղակիորեն կապված է ոչ թե դատավորի ներքին համոզմունքի, այլ դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության հետ։
Անդրադառնալով «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» 21․05․2024 թվականի որոշումը բողոքարկված չլինելու մասին Դատավորի փաստարկին, ապա հարկ է նշել, որ Դատավորի կողմից ներկայացված հիշյալ պնդումը, վերը բերված հիմնավորումների համատեքստում, ինքնին չի կարող դիտարկվել որպես Դատարանի կողմից տվյալ գործով բավարար չափով պատճառաբանված դատական ակտ կայացրած լինելը հիմնավորող հանգամանք:
Խորհուրդն անդրադառնալով երկրորդ և երրորդ հարցադրումներին հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Վերոգրյալի հաշվառմամբ, կոնկրետ դեպքում առավել քան ակնհայտ է, որ օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անաչառության և անկախության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, այնինչ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Վերոգրյալի հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ Դատավորը «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» 21.05.2024 թվականի որոշմամբ, առանց փաստական տվյալները ամբողջական ու համակցության մեջ վերլուծելու և դրա արդյունքում իր ներքին համոզման ու դատողությունների ձևավորման ընթացքը բավարար չափով պատճառաբանելու՝ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ տնային կալանքը՝ համակցված 5.000.000 ՀՀ դրամի չափով գրավի հետ կիրառելով թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորումից զերծ մնալու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնի խախտում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն և անաչառությունը, առաջացնում են անվստահություն ՀՀ Սահմանադրությամբ և Օրենսգրքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ:
Միևնույն ժամանակ տույժի տեսակը որոշելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին հայտարարել նկատողություն:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
_____________________
1 Թեև Վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական դիրքորոշումները արտահայտել է 01.07.1998 թվականին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համատեքստում, սակայն դրանք վերաբերելի մասով կիրառելի են նաև 01.07.2022 թվականից գործող քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում:
2 Տե՛ս, օրինակ, Case of H. v. Belgium, application no. 8950/80, 30/11/1987
3 Տե՛ս, օրինակ, Case of Suominen v. Finland, application no. 37801/97, 01/07/2003
4 Տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով (Salov v. Ukraine), թիվ 65518/01, « 89, ՄԻԵԴ 2005-VIII (քաղվածքներ), Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (Garcվa Ruiz v. Spain) [ՄՊ], թիվ 30544/96, « 26, ՄԻԵԴ 1999-I:
5 Տե՛ս Ռուիզ Տորիխան ընդդեմ Իսպանիայի գործով (Ruiz Torija v. Spain), 1994 թվականի դեկտեմբերի 9, « 29-30, Շարք A թիվ 303-A), Հիգգինսը և այլք ընդդեմ Ֆրանսիայի գործով (Higgins and Others v. France), 1998 թվականի փետրվարի 19, « 42-43, Վճիռների և որոշումների հաղորդումներ 1998-I)։
6 Տե՛ս, mutatis mutandis, Պարադիսոն և Կամպանելլին ընդդեմ Իտալիայի գործով (Paradiso and Campanelli v. Italy) [ՄՊ], թիվ 25358/12, «210, 2017 թվականի հունվարի 24)։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան | ||
Դեմ (հատուկ կարծիք)
Դեմ (հատուկ կարծիք) |
Ա. Աթաբեկյան Ա. Դանիելյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Էդ. Հովհաննիսյան Ք. ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2024 թվական:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացված թիվ ԲԴԽ-93-Ո-Կ-14 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ.
1. Հարուցված կարգապահական վարույթի ընթացքը և միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից 21.06.2024 թվականի թիվ 01/22/193863-2024 գրությամբ ներկայացված հաղորդումը՝ թիվ ԵԴ1/1005/06/24 քրեական գործով (այսուհետ նաև՝ Գործ) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 09.08.2024 թվականի թիվ 80-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 11.09.2024 թվականի թիվ 91-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
1.1 Թիվ ԵԴ1/0684/06/23 քրեական վարույթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր՝ Մուշեղ Արամյան) 19.08.2023 թվականի որոշման համաձայն՝ Սերժ Արայի Վարդանյանին 19.08.2023 թվականին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ:
1.2 Վերոնշյալ որոշմամբ Սերժ Վարդանյանի նկատմամբ համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, գրավ 3.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք: Որոշմամբ մեղադրյալին պարտավորեցվել է շաբաթը 2 անգամ գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևան քաղաքային մարմնում, նրան արգելվել է՝ ժամը 20:00-ից մինչև 08:00 բացակայել մշտական բնակության վայրից՝ ք. Երևան, Արամի 48 շենք, 81 բնակարանից և առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը՝ հիշյալ հասցեն: Դատարանը հիշյալ որոշմամբ հաշվի է առել նաև մեղադրյալի մշտական բնակության վայր, ծնող, սոցիալական կապեր ունենալու հանգամանքը, որոնք ըստ դատարանի՝ վկայել են մեղադրյալի՝ փախուստի դիմելու և այդ կերպ քննությունից թաքնվելու հավանականության բացակայության մասին:
1.3 Որոշման համաձայն՝ 20.05.2024 թվականին միջնորդություն է ներկայացվել թիվ 70911924 քրեական վարույթով հսկող դատախազի՝ Մեղադրյալի նկատմամբ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է, և որոշում է կայացվել Մեղադրյալի հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին այն բանի համար, որ նա, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել է ակոսափող հրազեն հանդիսացող, ինքնաշեն եղանակով պատրաստված ակոսափող ատրճանակ՝ հարմարեցված 9մմ տրամաչափի փամփուշտներով կրակվելու համար և ռազմամթերք հանդիսացող, 9մմ տրամաչափի 5 փամփուշտներ՝ նախատեսված համապատասխան տրամաչափի «GLOCK», «CZ», «BERETTA» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար, որոնք 18.05.2024 թվականին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բարձրակարգ սպասարկման սրահի մուտքի դիմացի հատվածում ապօրինի կերպով իրացրել է Էրիկ Արթուրի Գասպարյանին, ինչն էլ հայտնաբերվել է 18.05.2024 թվականին կատարված վերջինիս անձնական խուզարկությամբ:
1.4 20.05.2024 թվականին որոշում է կայացվել Մեղադրյալին ձերբակալելու և խափանման միջոց կալանավորումը կիրառելու հարցը քննարկելու նպատակով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու մասին: Որոշման կատարումը հանձնարարվել է տարածքային հետաքննության մարմնին:
1.5 21.05.2024 թվականին հետաքննության մարմնից ստացվել է գրություն այն մասին, որ դեռևս հնարավոր չի եղել կատարել Մեղադրյալի ձերբակալումը, քանի որ վերջինս շուրջ 4 ժամ չի արձագանքել նրա բնակության հասցեի բնակարանի մուտքի դռան թակոցներին, անգամ չի արձագանքել վարչական հսկողություն իրականացնող մարմնի կանչին:
1.6 21.05.2024 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Մեղադրյալի բնակության հասցեի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ:
1.7 21.05.2024 թվականին, ժամը 14:30-ի սահմաններում բանավոր կարգով տեղեկություն է ստացվել այն մասին, որ հետաքննության մարմնի ծառայողների կողմից Մեղադրյալը հայտնաբերվել է իր բնակության հասցեում, սակայն վերջինիս առողջական վիճակով և շտապօգնության բրիգադի ցուցումով պայմանավորված՝ Մեղադրյալը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
1.8 21.05.2024 թվականին ժամը 17:30-ին, Մեղադրյալը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նրան ներկայացվել է մեղադրանք, որում իրեն մեղավոր չի ճանաչել, հարցաքննվել է և ցուցմունքով ըստ էության հերքել Է. Գասպարյանի հայտնած տվյալները:
1.9 Միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, ըստ որի՝ «Հաշվի առնելով մեղսագրվող հանցանքի բնույթը, դրա վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հնարավոր ակնկալվող արդյունքը՝ ներկայացված իրերի թմրամիջոց հանդիսանալու և հնարավոր խոշոր չափերի լինելու հանգամանքով պայմանավորված նոր հանցանքի մեղսագրումը, քննության տվյալ փուլում Է. Գասպարյանի մոտ հայտնաբերված, սակայն փաստացի Սերժ Վարդանյանի կողմից ձեռք բերված, պահված, փոխադրված և իրացված զենքի և թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի անհայտ լինելը, նախկինում մեկ այլ քրեական վարույթով նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցների պայմաններում առերևույթ նոր հանցանքներ կատարելու, նախկինում դատված լինելու հանգամանքների ընդհանուր համակցությունը մեծացնում է հավանականությունն առ այն, որ Սերժ Արայի Վարդանյանը, մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կատարել նոր հանցանքներ, խոչընդոտել վարույթի բնականոն իրականացմանը և այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է նշված պահանջների կատարումն ապահովելու համար, ուստի անհրաժեշտ է Սերժ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»:
1.10 Դատարանի (դատավոր Ռազմիկ Մարիկյան) 21․05․2024 թվականի թիվ ԵԴ1/1005/06/24 որոշմամբ (Որոշում) միջնորդությունը բավարարվել է մասնակի և Մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն, կիրառվել է տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով և գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:
Որոշման համաձայն` (…) «Վկայակոչած իրավանորմերը համադրելով սույն գործի փաստերի հետ և անդրադառնալով կալանքի կիրառման անհրաժեշտությանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը․
1) Մեղադրյալի փախուստը կանխելու նպատակով կալանք կիրառելու անհրաժեշտությունը Դատարանը ողջամիտ չի համարում։ Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջնորդությամբ, որպես մեղադրյալի փախուստը կանխելու նպատակի հիմնավորում, ըստ էության, նշվել է մեղսագրվող հանցանքի ծանրությունն ու սպասվող պատժի խստությունը:
Նշվածի կապակցությամբ հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքը վկայում է այն մասին, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից փախուստի վտանգավորության աստիճանը չի կարող չափվել միայն նախատեսվող պատժի խստությամբ: Այն պետք է գնահատվի մի շարք այլ վերաբերելի գործոններ հաշվի առնելով, որոնք կարող են հաստատել քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վտանգի առկայությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Յագսին և Սարգինն ընդդեմ Թուրքիայի (Yagci and Sargin v. Turkey), 1995 թվականի հունիսի 8-ի վճիռը, 52-րդ կետ, Իդալովն ընդդեմ Ռուսաստանի (Idalov v. Russia), 2012 թվականի մայիսի 22-ի վճիռը, 145-կետ, Գարիցկին ընդդեմ Լեհաստանի (Garycki v. Poland) 2007 թվականի փետրվարի 6-ի վճիռը, 47-կետ, Չրաիդին ընդդեմ Գերմանիայի (Chraidi v. Germany) 2007 թվականի հունվարի 26-ի վճիռը, 40-րդ կետ):
2) Անդրադառնալով մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված ենթադրյալ պարտականությունների կատարումն ապահովելու հիմքին՝ Դատարանը հաշվի է առնում, որ քրեական վարույթը գտնվում է սկզբնական՝ ապացույցների հավաքման ակտիվ փուլում, դեռևս կատարվում են վարութային մի շարք գործողություններ անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, ուստի հավանական է, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, չի կատարի քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները, մասնավորապես՝ անօրինական ազդեցություն կգործադրի վարույթի մասնակիցների նկատմամբ՝ իր համար դրական դատավարական իրավիճակ ստեղծելով, ինչպես նաև այլ կերպ խոչընդոտելով քննությանը։
3) Մեղադրյալի կողմից հանցանք կատարելու հավանականությունը Դատարանը նույնպես իրատեսական է համարում: Թեև մեղադրյալի դատվածությունը մարված է, սակայն մեղադրյալի հետագա հնարավոր վարքագիծը գնահատելիս Դատարանը հաշվի է առնում, որ ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից Սերժ Վարդանյանի վերաբերյալ ստացված ձև 8 տեղեկանքի՝ մեղադրյալը նախկինում դրսևորել է կայուն օրինազանց վարքագիծ: Ճիշտ է, մեղադրյալը դատվածություն չունի, ուստի նշված հանգամանքը որևէ քրեաիրավական հետևանք չի առաջացնում, սակայն մեղադրյալի կողմից հանցանք կատարելու հիմքի տեսանկյունից մեղադրյալի նախկինում դրսևորած վարքագիծը կարող է և պետք է գնահատման արժանանա:
Միևնույն ժամանակ Դատարանը նման եզրահանգման է գալիս՝ հաշվի առնելով մեղադրյալ Սերժ Վարդանյանի նկատմամբ այլ քրեական գործով վարչական հսկողություն, խափանման միջոցի կիրառված լինելու պայմաններում նրան ենթադրյալ հանցավոր արարք մեղսագրվելու հանգամանքը:
Վերը նշվածը, Դատարանի գնահատմամբ, բավարար է ենթադրություն անելու անձի՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու հավանականության մասին:
Հաշվի առնելով վերագրյալը՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալի անձնական ազատությունը ենթակա է սահմանափակման, քանի որ ազատության սահմանափակման հետ չկապված այլ խափանման միջոցները, այդ թվում՝ վարչական հսկողությունը, ի զորու չեն ապահովել նրա պատշաճ վարքագիծը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Դատարանը գտնում է, որ այն պայմաններում, երբ Դատարանը եզրահանգել է, որ մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը ենթակա է ամրապնդման այլ փաստական տվյալներով, հակառակ դեպքում, ներկա փուլում մեղադրյալի հնարավոր առնչությունն իրեն մեղսագրված արարքին հավաստող տվյալները գործի քննության հետագա փուլերում կարող են բավարար չլինել, որևէ կերպ ողջամիտ չի լինի մեղադրյալի նկատմամբ ընտրել ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը:
Հետևաբար, հաշվի առնելով նաև, որ մեղադրյալն ունի հաշվառման և փաստացի բնակության վայր, առողջական վիճակի հետ կապված խնդիրներ, և այլն՝ Դատարանը գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել միջնորդվող խափանման միջոցից առավել մեղմ խափանման միջոցների՝ տնային կալանքի և գրավի համակցության կիրառմամբ: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ քննիչը չի միջնորդել սահմանափակել մեղադրյալի հաղորդակցության իրավունքը, ուստի Դատարանը գտնում է, որ խոչընդոտելու հավանականությունը չեզոքացնելու տեսանկյունից գործուն մեխանիզմ կարող է հանդիսանալ ոչ թե կալանքը՝ առանց հաղորդակցության իրավունքի սահմանափակման, այլ առավել մեղմ խափանման միջոցների համակցությունը՝ գրավը և տնային կալանքը՝ զուգորդված մեղադրյալի շփումների արգելմամբ։
Մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման հնարավորությունը գնահատելիս՝ Դատարանը հաշվի է առնում մեղադրյալին վերագրվող հանցանքի ծանրության աստիճանը, մեղադրյալի գույքային դրությունը, ինչպես նաև՝ որպես մեղադրյալի օրինական վարքագծի ապահովման երաշխիք՝ մեղադրյալի և պաշտպանի կողմից առաջարկված գրավի չափը: Բացի այդ, հարկ է նշել, որ գրավը չմուծելը ևս մեղադրյալի համար կարող է առաջացնել բացասական հետևանքներ:
Դատարանի գնահատմամբ, մուծված գրավի գումարը կամ որպես գրավ ընդունված գույքը կորցնելու վտանգը հանդիսանում է մեղադրյալի ոչ օրինական վարքագծի ռիսկերը հակակշռող գործոններից, ինչպես նաև մեղադրյալի օրինական վարքագծի երաշխիքներից մեկը, ուստի գրավը սահմանված ժամկետում մուծելը պետք է դիտարկել որպես այդ խափանման միջոցի պարտադիր պայման, ինչպես նաև մեղադրյալի կողմից դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները կատարելու և պատշաճ վարքագիծ դրսևորելու պատրաստակամության ցուցիչ: Վերոգրյալի արդյունքում, նկատի ունենալով, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոցների համակցության կիրառմամբ (․․․)։
1.11 Որոշումը հատուկ վերանայման կարգով չի բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և մտել է օրինական ուժի մեջ։
2. Խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի և Էդգար Հովհաննիսյանի հատուկ կարծիքի իրավական վերլուծությունները և եզրահանգումը.
Ուսումնասիրելով Արդարադատության նախարարի կողմից Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Խորհրդին դիմելու մասին որոշումը, ծանոթանալով այդ որոշմանը կից ներկայացված նյութերին, հիմք ընդունելով նշված կարգապահական վարույթի վերաբերյալ կայացած նիստում կողմերի ներկայացված դիրքորոշումները, միաժամանակ արժևորելով ստորև քննարկվող հարցի շուրջ Խորհրդի անդամներ Կարեն Անդրեասյանի (նախագահող), Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Քրիստինե Մկոյանի ներքին համոզմունքը, միջնորդության կապակցությամբ Խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 5-ի որոշման շրջանակներում չհամաձայնելով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման առկայությանը, մնում ենք հատուկ կարծիքի (այսուհետ՝ Կարծիք)՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով․
Այսպես, Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Դատավորի և դատարանի անկախության երաշխավորը, Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության ապահովման պահանջն ամրագրված է նաև միջազգային իրավական փաստաթղթերում: Դրանց մեջ կարևորվում են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելվածը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A(XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1994 թվականի հոկտեմբերի 13-ի «Դատավորների անկախության, արդյունավետության ու դերի մասին» թիվ R(94)12 և 2010 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010)12 հանձնարարականները, ԵԱՀԿ/ԺՄԻԳԻ՝ «Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ Կիևյան հանձնարարականները», Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցները, ԵԴԽԽ-ի 2001թ. եզրակացությունը և այլն:
Խորհուրդն իր մի շարք որոշումներում1 ընդգծել է, որ․ «դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպատական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը»։
Սույն հատուկ կարծիքի հիմքում, որպես ելակետ ունենալով դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության սկզբունքը, հարկ ենք համարում անդրադառնալ այն իրավական հարցադրման պարզաբանմանը, թե արդյո՞ք Որոշմամբ Դատավորը խախտել է դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջը։
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ քրեական վարույթի ընթացքում ընդունվող յուրաքանչյուր դատավարական ակտ պետք է լինի օրինական և հիմնավոր: Դատավարական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնք կիրառվում են տվյալ վարույթն իրականացնելիս: Դատավարական ակտը հիմնավոր է, եթե այն իր բնույթին և առաջացնող հետևանքներին համապատասխան չափով օբյեկտիվորեն համոզիչ է իր հասցեատերերի համար:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավարական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կարող են հերքվել միայն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրա ստուգման արդյունքով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով քրեադատավարական օրենսդրությամբ, ներառյալ ապացուցման չափանիշների մասին վերաբերելի կանոններով, ապացույցները գնահատում են դրանց պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ ապացույցը գնահատող անձը կաշկանդված չէ տվյալ ապացույցին դատավարության նախորդ փուլերում կամ տվյալ փուլի շրջանակներում այլ անձանց կամ մարմինների տված գնահատականներով։ Նախապես հաստատված ապացույցի ուժ չունենալու օրենսդրական արգելքը բացառում է որևէ ապացույցի նկատմամբ կանխակալ մոտեցում ցուցաբերելը (մյուս ապացույցների նկատմամբ այդ փաստական տվյալի ապացուցողական արժեքին առավելություն վերագրելը կամ այդ արժեքը նվազեցնելը), քանի դեռ այդ ապացույցը քրեադատավարական օրենսգրքով ամրագրված ընթացակարգով օրինականության, մրցակցության և կողմերի իրավահավասարության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման և այլ սկզբունքների պահպանմամբ չի հետազոտվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում (տես, Խորհրդի 23․01․2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-6 որոշումը)։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե մեղադրյալին վերագրվող հանցանքի համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նախատեսված չէ, ապա կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո։2 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները ներառում են որոշումների բավարար պատճառաբանվածության դատարանների պարտականությունը։3
Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:
Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին։4
Սույն գործով Խորհուրդը գտել է, որ «դատական ակտի կայացման համար անհրաժեշտ և բավարար հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա, այնինչ՝ Դատավորը «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» 21․05․2024 թվականի որոշումը կայացնելիս բավարար չափով չի արտացոլել և հիմնավորել իր եզրահանգմանը նախորդած դատողությունների ընթացքը, որի պարագայում Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԴ1/1005/06/24 քրեական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջի խախտում, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համակարգային մեկնաբանումից ուղղակիորեն հետևում է, որ օրինական և իրավաչափ դատական ակտ կայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ ակտին ներկայացվող ապացուցողական չափորոշիչները (ապացուցողական ստանդարտները), այնուհետև համակցության մեջ գնահատել վարույթի նյութերում առկա փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ, և միայն այն դեպքում, երբ ներկայացված փաստական տվյալների ամբողջությունը կհաղթահարի համապատասխան որոշմանը ներկայացվող ապացուցողական չափորոշիչը՝ նոր միայն հնարավոր կլինի կայացնել համապատասխան դատական ակտ, թեև քննարկվող դատական ակտում առկա է պատճառաբանական մաս, սակայն դրանում ներառված փաստական վերլուծությունն ըստ էության չի բխում Դատարանի վարույթում առկա և դատական ակտում շարադրված վերաբերելի փաստական տվյալներից ու տեղեկություններից։
Ինչ վերաբերում է Դատավորի դիրքորոշմանն առ այն, որ հնարավոր չէ հարուցել կարգապահական վարույթ այն պայմաններում, երբ խնդրո առարկա որոշումը չի բողոքարկվել, չի բեկանվել և մտել է օրինական ուժի մեջ, ապա այս մասով Խորհուրդը հարկ է համարում նշել, որ կարգապահական վարույթի շրջանակներում կայացված դատական ակտի վերանայում չի իրականացվում, կասկածի տակ չի դրվում դատավորի մոտ ձևավորված համոզմունքը, այլ քննարկվում է դատական ակտի հիմնավորված և պատճառաբանված լինելու հանգամանքը, միաժամանակ հարկ է արձանագրել նաև, որ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, Խորհրդի նման դիրքորոշումը բխում է դատական ակտերին ներկայացվող սուբյեկտիվ՝ ներքին համոզմունք ունենալու և օբյեկտիվ՝ ապացուցողական չափորոշիչը հաղթահարելու պահանջներից, մասնավորապես, եթե Խորհուրդը չի կարող գնահատել դատավորի մոտ առաջացած ներքին համոզմունքի արդարացի լինելը, ապա օբյեկտիվ պահանջը, այն է՝ ապացուցողական չափորոշիչները հաղթահարած լինելու կամ չլինելու հարցը կարող է հանդիսանալ Խորհրդի քննարկման առարկան, քանի որ այն ուղղակիորեն կապված է ոչ թե դատավորի ներքին համոզմունքի, այլ դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության հետ»։
ՈՒսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերն ու Որոշումը՝ գտնում ենք, որ Դատարանն անդրադարձել և մատնանշել է այն ապացույցները, դրանցից բխող փաստական հանգամանքները, որոնց վրա կառուցել է իր հետևությունները, ցույց է տվել այն դատողությունները, որոնցով հերքվում են միջնորդություն ներկայացրած մարմնի այս կամ այն հիմնավորումները, հստակ ընդգծել է, թե ինչու մեղադրյալի նկատմամբ պետք է կիրառվի ոչ թե ամենախիստ խափանման միջոց հանդիսացող կալանք, այլ այլընտրանքային խափանման միջոցների համակցություն։ Այլ կերպ՝ Որոշման պատճառաբանվածությունը հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար, պատճառաբանությունների հիմքում դրվել են ոչ վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ, այն կառուցված է տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Դատավորի կողմից Որոշմամբ թույլ չեն տրվել դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջի խախտում, ուստի բացակայում է վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը։
Բացի այդ, հարկ ենք համարում փաստել, որ ապացույցների գնահատումը հանդիսանում է հստակ դատավարական գործառույթ, որպիսին իրականացնելու լիազորությամբ օժտված են բացառապես դատավորները՝ արդարադատություն իրականացնելիս։ Հետևաբար Որոշումը բողոքարկված չլինելու և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում վերադաս դատական ատյանների կողմից ստուգման արդյունքում դրա օրինականությունը և հիմնավորվածությունը չհերքվելու, ինչպես նաև այն բավարար չափով պատճառաբանված լինելու պայմաններում կարգապահական վարույթով այդ դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջի խախտման արձանագրմամբ կարող է վտանգվել դատավորի անկախության սկզբունքը։
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն կարծիքում ներկայացված վերլուծությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, գտնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա էր մերժման՝ խախտման բացակայության հիմքով։
_____________________________
1 Տեʹս Բարձրագույն դատական խորհրդի 2022 թ․-ի սեպտեմբերի 26-ի թիվ ԲԴԽ-78-Ո-Կ-18
2 Տեʹս- օրինակ, Ցիվինսկայտեն ընդդեմ Լիտվայի (Čivinskaitė v. Lithuania), գործով Եվրոպական դատարանի 15.09.2020 թվականի վճիռը, դիմում թիվ 21218/12, Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, դիմում թիվ 65518/01, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (Garcia Ruiz v. Spain) գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, դիմում թիվ 30544/96, 26-րդ կետ:
3 Տեʹս- Հ․-ն ընդդեմ Բելգիայի (H. v. Belgium) գործով Եվրոպական դատարանի 30․11․1987 թվականի վճիռը, դիմում թիվ 8950/80, 53-րդ կետ։
4 Տեʹս-Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արարատ Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները:
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ
ԷԴ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|