ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, |
ՇԴ/0095/01/22 | ||
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
| ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆի |
7 օգոստոսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արտյոմ Գրիշայի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2022 թվականի հուլիսի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 69113722 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Գրիշայի Ղազարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, և մյուսների։
Նախնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանը, քննարկելով մինչդատական վարույթում մեղադրյալ Արտյոմ Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը, 2022 թվականի օգոստոսի 3-ին որոշում է կայացրել Ա․Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը 3 (երեք) ամսով երկարաձգելու մասին։
1.1. Հիմնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հունիսի 1-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն համակցված կիրառել է այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով և գրավը՝ 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամի չափով։ Նույն որոշմամբ, տնային կալանքի ժամանակահատվածով, սահմանափակվել է այլ անձանց, բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների, հետ հաղորդակցվելու իրավունքը։
Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգել է 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ։ 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամի չափով կիրառված գրավը, ինչպես նաև հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը թողնվել են անփոփոխ։
2. Հիմնական դատալսումների ընթացքում՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ին, Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը ևս 3 (երեք) ամիս ժամկետով երկարաձգելու մասին։ 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամի չափով կիրառված գրավը թողնվել է անփոփոխ։ Նույն որոշմամբ վերացվել է հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը։
3. Պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 10-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանելու մասին․ մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողություն խափանման միջոցով՝ շաբաթը երեք անգամ մշտական բնակության վայրի ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում գրանցվելու պարտականություն և առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը փոխելու ու քրեական վարույթին ներգրավված մյուս մեղադրյալների հետ հաղորդակցվելու արգելք դնելով։ 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամի չափով կիրառված գրավը թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, և միաժամանակ բողոքարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին։
Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ սույն վարույթի փաստական տվյալները բավարար են հիմնավորելու մեղադրյալ Ա․Ղազարյանի օրինական վարքագիծը խափանման միջոցներ գրավի և վարչական հսկողությանը համակցված կիրառմամբ երաշխավորելու անհնարինությունը։ Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը։ Այսպես, Ա․Ղազարյանը ենթադրաբար հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձ, ինչն օրինական վարքագիծ դրսևորելու հավանականությունը կանխորոշող էական հանգամանք է։ Մեղադրյալի կարգավիճակով պայմանավորված, առկա է հիմնավոր կասկած Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում լայն քրեական կապեր ունենալու վերաբերյալ։ Բացի այդ, Ա․Ղազարյանին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործության կատարում, որի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում՝ վեցից տասներկու տարի ժամկետով։
Նշվածի հետ համակցված, բողոքաբերը նշել է, որ թեև սույն վարույթով ապացույցների հետազոտումը գտնվում է ավարտական փուլում, այդուհանդերձ հիմնական դատալսումները դեռևս չեն ավարտվել և ողջամիտ է հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու, այդ թվում՝ հնարավոր այլ անձանց հարցաքննելու, ինչպես նաև՝ այլ ապացուցողական գործողություններ կատարելու հավանականությունը։ Անդրադառնալով կիրառված խափանման միջոցը վարչական հսկողություն խափանման միջոցով փոխելիս մեղադրյալ Ա․Ղազարյանի առողջական վիճակը հիմք ընդունելուն՝ բողոքի հեղինակն արձանագրել է, որ սույն վարույթով մեղադրյալի առողջական վիճակը չի կարող խափանման միջոցի տեսակի փոփոխման հիմք հանդիսանալ։ Այս համատեքստում բողոք բերած անձը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ուստի, խափանման միջոցի տեսակը՝ մեղադրյալի առողջական վիճակի հիմքով փոխելու հնարավորությունը, կարող է քննարկման առարկա դառնալ եզրակացությունը ստացվելուց հետո։ Բողոքաբերը նաև արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, առանց ծանրակշիռ փաստական հանգամանքների վկայակոչման, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող դատարանի դատական ակտը։
Ըստ բողոքի հեղինակի՝ վերը նշված հանգամանքներն իրենց ամբողջությամբ բարձրացնում են մեղադրյալ Ա․Ղազարյանի կողմից ապացուցման գործընթացին խոչընդոտելու հավանականությունը և պայմանավորում խափանման միջոց՝ տնային կալանքի շարունակական պահպանման անհրաժեշտությունը։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմանը։
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալ Ա.Ղազարյանի պաշտպան Հ.Դադարյանը, ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում անդրադառնալով խափանման միջոցը փոխելու հիմնավորվածության հարցին, նշել է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, քանի որ ներկայացված բողոքում բերված փաստարկները որոշ դեպքում վերաբերելի չեն սույն վարույթին, մեկ այլ դեպքում՝ տնային կալանքի շարունակական պահպանումը հիմնավորող էական փաստարկներ չեն։ Այս առումով, ի թիվս այլնի, նշվել է, որ քրեական վարույթի ընթացքում մեղադրյալը դրսևորել է պատշաճ վարքագիծ, դատակոչված բոլոր անձինք արդեն իսկ հարցաքննվել են, իսկ հնարավոր այլ անձանց հարցաքննելու և ապացուցողական այլ գործողություններ կատարելու հավանականության մասին բողոքի հեղինակի պնդումը վերացական է։
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքի պատասխանի հեղինակը փաստել է, որ Ա․Ղազարյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը գտնվում է ավարտական փուլում և ներկայացրել փորձաքննության ընթացքում ձեռք բերված՝ մեղադրյալի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, որը խափանման միջոցի տեսակի փոփոխության հիմնավորվածության ստուգման առումով կարող է էական գործոն համարվել։
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Հ.Դադարյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9․ Արտյոմ Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա. «(․․․) [Ու]նենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն, որպիսի գործողությունն արտահայտվել է հետևյալում.
Արտյոմ Գրիշայի Ղազարյանը, 2012 թվականին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Պաշի տղա Սուրո Լենինականսկի» մականվամբ Սուրեն Ավետիսյանի և «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի դառնալով որպես «Զապի եգան Արտյոմ Լենինականսկի» և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2022 թվականի մարտի 7-ի դրությամբ շարունակել է պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը։
Այսպես.
«Պաշի տղա Սուրո Լենինականսկի» մականվամբ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը, օժտված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը՝ որպես «օբշակ» հավաքագրված գումարը տնօրինելու իրավասությամբ, 2022 թվականի հունվարի 19-ին իր կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող և ըստ իր կողմից նախապես տրված դերաբաշխման՝ հավաքագրված գումարներն իր մոտ պահող և գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին՝ վերջինիս ազատազրկումից ազատվելու կապակցությամբ: Ռաֆիկ Իգիթյանը և Ցոլակ Գևորգյանը, շարունակելով իրենց մասնակցությունն «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի կողմից ստեղծված և կառավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավված լինելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, այցելել են «Զապի եգան Արտյոմ Լենինականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանի բնակության վայր՝ Գյումրի քաղաքի Շինարարների 1-ին նրբանցք 15 տուն, որտեղ վերջինիս են փոխանցել 5.000 ԱՄՆ դոլար գումարը՝ հայտնելով, որ դա որպես քրեակատարողական հիմնարկից ազատվելու գումար «գողերի» կողմից «էնդեղաց փողից» հատկացված է իրեն:
Այնուհետև, 2022 թվականի մարտի 7-ին Սուրեն Ավետիսյանը, շարունակելով իրականացնել տարբեր անձանցից և քրեակատարողական հիմնարկներից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված և խմբավորման անդամ Ռաֆիկ Իգիթյանի մոտ պահվող անօրինական օգուտի՝ որպես «օբշակ» հավաքագրված գումարի տնօրինումը, ստանալով ՀՀ տարածքում գտնվող և «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող այլ անձանց համաձայնությունը, հավաքագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեկ այլ անդամ Ցոլակ Գևորգյանին հրահանգել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լենինականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին, ինչից հետո Ռաֆիկ Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Ռաֆիկի Իգիթյանի հետ, հրահանգել բացել թաքստոցը և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված և իր մոտ պահվող անօրինական օգուտից՝ որպես «օբշակ» հավաքագրված գումարից, վերցնել 10.000 ԱՄՆ դոլար գումար և տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Ռաֆիկի Իգիթյանը, ևս մասնակցելով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի կողմից ստեղծված և կառավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը, կատարել է իրեն տրված հանձնարարությունը և գումարը թաքստոցից վերցնելով՝ տեղափոխել Ռաֆիկ Իգիթյանի մատնանշած վայր և փոխանցել նրան, ինչից հետո էլ Ռաֆիկ Իգիթյանը և Ցոլակ Գևորգյանը, ևս գործելով քրեական ենթամշակույթ կրող նույն խմբավորման կազմում, կատարել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը ստեղծած և ղեկավարող, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի հրահանգը՝ 10.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցելով «Զապի եգան Արտյոմ Լենինականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին, այսինքն Արտյոմ Գրիշայի Ղազարյանը պահպանելով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված և խմբավորման անդամ Ռաֆիկ Իգիթյանի մոտ պահվող անօրինական օգուտի՝ որպես «օբշակ» հավաքագրված գումարից ստացել է 15․000 ԱՄՆ դոլար գումար և տնօրինել այն»1։
10․ Առաջին ատյանի դատարանը՝ երկարաձգելով Ա․Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը, արձանագրել է, որ. «(…) [Շ]արունակում է առկա լինել (․․․) նախորդ որոշումներով մատնանշված հիմքը և հիմնավորումները (․․․)։ Դատարանը նաև արձանագրում է, որ ճիշտ է քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը նվազել է, սակայն այն իսպառ չի վերացել, որպիսին պայմանավորված է ապացույցների հետազոտման (հիմնական դատալսումների) փուլում գտնվելու և առաջիկայում հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու, այդ թվում՝ ենթադրյալ այլ անձանց հարցաքննելու, ինչպես նաև այլ ապացուցողական գործողություններ կատարելու ողջամիտ հավանականությամբ։ Այնուամենայնիվ, [Առաջին ատյանի դ]ատարանը գալիս է այն հետևության, որ տվյալ մտավախությամբ պայմանավորված մեղադրյալի հավանական ոչ պատշաճ վարքագծի, ինչպես նաև քրեական վարույթին չխոչընդոտելու պարտականությունը չկատարելու զսպումը հնարավոր է այլ խափանման միջոցների՝ մասնավորապես գրավի և տնային կալանքի համակցված կիրառման դեպքում (․․․)։
Ամփոփելով նշվածը՝ [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ գործով ձեռք չեն բերվել այնպիսի նոր փաստական տվյալներ, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են (․․․) նախկինում արձանագրված՝ Ա․Ղազարյանի տնային կալանքի տակ պահելու հիմքը, հետևաբար կիրառված խափանման միջոց տնային կալանքը տվյալ փուլում ենթակա չէ վերացման»2։
11. Վերաքննիչ դատարանը, տնային կալանքը փոխարինելով վարչական հսկողություն խափանման միջոցով, արձանագրել է. «(…) Արտյոմ Ղազարյանի կողմից ապացուցման գործընթացին միջամտելու ռիսկն այն աստիճանի բարձր չէ, որ վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր լինի ապահովել բացառապես մեղադրյալի ազատության իրավունքի շարունակական սահմանափակմամբ։ Վերաքննիչ դատարանի հիշյալ եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ գործում ներգրավված բոլոր մեղադրյալներն արդեն իսկ հարցաքննվել են, իսկ քրեական գործով չկան վարույթին ներգրավված այլ անձինք: Վերաքննիչ դատարանի հիշյալ եզրահանգումը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմանն այն մասին, ոչ ենթադրյալ վտանգները ժամանակի հետ նվազում են, երբ արդեն կատարված են լինում քննչական գործողությունները, վերցված են լինում ցուցմունքները և ավարտված են լինում անհրաժեշտ գործողությունները։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արտյոմ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցի տեսակը որոշելիս պետք է հաշվի առնել նաև այն, որ վերջինս ունի մի շարք առողջական խնդիրներ։
Վերոշարադրյալից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը, գնահատելով անձի ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը՝ հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռության տեսանկյունից, հանգում է հետևության, որ սույն դեպքում բացակայում է մեղադրյալ Արտյոմ Ղազարյանի ազատության իրավունքի շարունակական սահմանափակման բացարձակ անհրաժեշտությունը և վերջինիս օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցների՝ տվյալ դեպքում վարչական հսկողության և գրավի համակցված կիրառմամբ»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Ա․Ղազարյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար բավարար փաստական հանգամանքների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) [Կ]ալանքի ժամկետը երկարաձգելը (…) թույլատրվում [է] միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
(…)
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»։
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»։
13․1. Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է խափանման միջոցների իրավաչափության ընդհանուր պայմանների բովանդակության բացահայտմանը4։ Հարկ է նկատել, որ խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելիս դատարանի որոշումը պետք է բավարարի խափանման միջոցների իրավաչափությանը ներկայացվող օրենսդրական դրույթների իրավամեկնաբանման արդյունքում` Վճռաբեկ դատարանի որոշումներում բազմիցս արտացոլված պահանջներին։
Այսպես՝ դատական քննության ընթացքում գտնվող գործով դատարանի կողմից ամբաստանյալի ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման իրավաչափության ստուգման շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես կարևոր է համարել ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ խափանման միջոցի վերաբերյալ հարցը լուծելիս առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին։ Նման պայմաններում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը5։
14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Արտյոմ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ՝ պահպանել է այն6,
- քննարկման առարկա դարձնելով մեղադրյալ Ա․Ղազարյանի նկատմամբ գրավի հետ համակցված կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու նպատակն ու հիմնավորումները շարունակում են հիմնավոր լինել։ Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ չնայած բոլոր մեղադրյալները հարցաքննվել են, վարույթին այլ անձինք ներգրավված չեն, այնուամենայնիվ, մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման հավանականությունը չի վերացել։ Վերջինը պայմանավորվել է վարույթի՝ հիմնական դատալսումների փուլում գտնվելու հանգամանքով և հետազոտման ենթակա ապացույցնելի ծավալը լրացնելու, այդ թվում՝ այլ անձանց հարցաքննելու, ինչպես նաև՝ այլ ապացուցողական գործողություններ կատարելու ողջամիտ հավանականությամբ7,
- խափանման միջոց տնային կալանքը փոխելով վարչական հսկողություն խափանման միջոցով, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալի ազատությունը շարունակական սահմանափակելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալներ առկա չեն։ Որպես նման եզրահանգման հիմնավորում նշվել է, որ վարույթում որպես մեղադրյալ ներգրավված անձինք արդեն հարցաքննվել են, իսկ այլ անձինք վարույթին ներգրավված չեն։ Նշվածից բացի, խափանման միջոցի տեսակի փոփոխման հիմքում դրվել է մեղադրյալ Ա․Ղազարյանի առողջական վիճակը8։
15․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13․1-րդ կետում նշված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական հսկողության և գրավի համակցված կիրառմամբ մեղադրյալ Ա.Ղազարյանի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն վարույթում առկա մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝
- մեղադրյալ Ա.Ղազարյանը ենթադրաբար հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձ, որպիսի հանգամանքն էական նշանակություն ունի վերջինիս կողմից օրինական վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս9,
- մեղսագրվող ենթադրյալ արարքի բնույթը․ ըստ ներկայացված մեղադրանքի՝ մեղադրյալ Ա․Ղազարյանը, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ, պահպանել է այն, որպիսի հանգամանքը նույնպես էական նշանակություն ունի հիմնական դատալսումների ընթացքում օրինական վարքագիծ դրսևորելու հավանականությունը կանխորոշելու հարցում,
- Ա.Ղազարյանի՝ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում լայն քրեական կապեր ունենալու վերաբերյալ տեղեկատվության առկայությունը10․
- մեղադրյալ Ա.Ղազարյանին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված ազատազրկում՝ վեցից տասներկու տարի ժամկետով։
Նշված հանգամանքները, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են մեղադրյալ Ա.Ղազարյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր: Ընդ որում, անհրաժեշտ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես վարույթն իրականացնող մարմին և ողջ ծավալով ծանոթ լինելով դատական քննության ընթացքին՝ տիրապետելով վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկատվությանը, արձանագրել է, որ վարույթը դեռ գտնվում է հիմնական դատալսումների՝ ապացույցների հետազոտման փուլում և առկա է լրացուցիչ ապացուցողական գործողություններ կատարելու ողջամիտ հավանականություն։ Արդյունքում, գնահատելով հետապնդվող նպատակի համար տնային կալանք խափանման միջոցի պիտանելիությունը՝ դատարանը եզրահանգել է, որ վարույթի տվյալ փուլում այն ենթակա է երկարաձգման։
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, առանց ծանրակշիռ փաստական հանգամանքների վկայակոչման, որոնք կարող էին վկայել վարույթն իրականացնող՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման ոչ իրավաչափության մասին, բեկանել է վիճարկվող դատական ակտը և գտել, որ խափանման միջոց վարչական հսկողությունը գրավի հետ համակցված կարող է լինել բավարար երաշխիք՝ ապահովելու Ա.Ղազարյանի օրինական վարքագիծը։ Մասնավորապես, քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը նախևառաջ որոշում է վարույթն իրականացնող մարմինը, որն էլ համակողմանի գնահատել է հիմնական դատալսումների ընթացքում մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման հավանականությունը և բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ Ա.Ղազարյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը: Այլ կերպ ասած, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի կանխման առումով տնային կալանքի անհրաժեշտության մասին եզրահանգումը հիմնավոր է և բխում է գործի՝ գնահատման ենթակա տվյալների ամբողջությունից: Նշվածի համատեքստում առանձնակի ուշադրության է արժանի նաև Առաջին ատյանի դատարանի կողմից մյուս մեղադրյալների հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակման վերացումը։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, ի տարբերություն որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող դատարանի, վարչական հսկողություն խափանման միջոցի պարտադիր պայման է համարել հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը։
Անդրադարձ կատարելով մեղադրյալ Ա․Ղազարյանի առկա առողջական վիճակը հիմք ընդունելուն, հարկ է ընդգծել, որ թեև խափանման միջոցի տեսակի ընտրության իրավաչափության համատեքստում անձի առողջական վիճակի գնահատումը ևս նշանակություն ունի11, սակայն ստորադաս դատարանը սահմանափակվել է առողջական վիճակի մատնանշմամբ՝ առանց վերլուծելու և գնահատելու տնային կալանքի տակ գտնվելու պայմաններում հնարավոր անհրաժեշտ բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ստանալու հնարավորությունը։ Տվյալ դեպքում, որևէ հիմնավորում չի ներկայացվել տնային կալանքի տակ գտնվելուն զուգընթաց մեղադրյալ Ա․Ղազարյանի կողմից պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավոր խոչընդոտների վերաբերյալ, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալի առողջական վիճակը մատնանշելը չի կարող դիտարկվել որպես բավարար չափով համոզիչ և հիմնավորված փաստարկ՝ մեղադրյալ Ա․Ղազարյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի իրավաչափության պայմանների փոփոխությունն արձանագրելու համար։ Միևնույն ժամանակ, ներկայացված նյութերում առկա է Ա․Ղազարյանի առողջական վիճակը գնահատելու համար հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշում12, ուստի դատաբժիշկների համապատասխան եզրակացության առկայության դեպքում, պաշտպանության կողմը կարող է միջնորդել դատարանին ստացված եզրակացության լույսի ներքո կրկին քննարկել խափանման միջոց տնային կալանքի իրավաչափության պայմանները։
Ամփոփելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումը գրավի հետ համակցված կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Ա․Ղազարյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը, կառուցված չեն սույն որոշմամբ արձանագրված հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության, պատշաճ իրավական վերլուծության ու համակցության մեջ գնահատման վրա: Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ սույն վարույթի փաստական հանգամանքները բավարար չեն մեղադրյալ Ա․Ղազարյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, հիմնավոր չէ։
16․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը կայացնելիս թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմանը13։
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` տնային կալանքի 3 (երեք) ամիս ժամկետին պետք է հաշվակցել 2023 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2023 թվականի հունվարի 10-ն Ա․Ղազարյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արտյոմ Գրիշայի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2․ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված` տնային կալանքի 3 (երեք) ամիս ժամկետին հաշվակցել 2023 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2023 թվականի հունվարի 10-ն Արտյոմ Գրիշայի Ղազարյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու ժամկետը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 21-64։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 131-143։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 69-77։
4 Տե՛ս, մասնավորապես, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07, Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08, Տիգրան Վահրադյանի գործով 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08, Աշոտ Առաքելյանի գործով 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԿԴ/0580/06/09, Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10, Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14, Գագիկ Խաչիկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՔԴ/0386/06/15, Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16, Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19, Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 և Լևոն Աթաջանյանի գործով 2024 թվականի հունվարի 19-ի թիվ ԵԴ1/0204/06/23 որոշումները։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումը։
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
9 «Օրենքով գող»-երի հանրային վտանգավորության վերաբերյալ տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ashlarba v. Georgia գործով 2014 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 45554/08, կետ 23։
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Պողոսյանի գործով 2022 թվականի հունվարի 27-ի թիվ ԵԴ/0150/06/20 որոշմումը։
12 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 48-53։
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
Նախագահող` Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: