ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԳԴ/0011/06/22 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. Պողոսյանի |
12 օգոստոսի 2024 թվական |
ք. Երևան |
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 50101522 քրեական գործը:
2022 թվականի մարտի 22-ին Հովիկ Ռոբերտի Հակոբյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ Հ.Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի մարտի 26-ի որոշմամբ բավարարել է մեղադրյալ Հ.Հակոբյանի պաշտպան Ա.Հայրապետյանի բողոքը՝ հաստատելով Հ.Հակոբյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Միաժամանակ, բավարարվել է նախաքննական մամնի միջնորդությունը և մեղադրյալ Հ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
3. Մեղադրյալ Հ.Հակոբյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի՝ մեղադրյալ Հ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մարտի 26-ի որոշումը, մերժել նախաքննության մարմնի միջնորդությունը՝ վերացնելով Հ.Հակոբյանի նկատմամբ ընտրված կալանավորումը և նրան ազատելով կալանքից:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոք բերած անձը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ, 7-րդ, 135-137-րդ և 358-րդ հոդվածների խախտումներ:
Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով մեղադրյալ Հ.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, հետազոտելով դրան կից ներկայացված նյութերը, եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ դրանք բավարար են արձանագրելու Հ.Հակոբյանի առնչությունը դեպքին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված կալանքի հիմքերի առկայությունը:
Սակայն, Վերաքննիչ դատարանը կանխատեսական, որևէ կերպ չհիմնավորված եզրահանգումներ է կատարել հետագա նախաքննության ընթացքում ստացման ենթակա դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողին պատճառված վնասի՝ ծանրության առավել նվազ աստիճան ունենալու հավանականության վերաբերյալ:
5.1. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան է ներկայացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից 2022 թվականի մարտի 16-ին տրված տեղեկանքն այն մասին, որ տուժող Արթուր Խաչատրյանի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, հեմոպնևմոթորաքս, աջ գոտկային և արմնկային շրջանների կտրած-ծակած վերքեր, գոտկային շրջանի փափուկհյուսվածքային հեմատոմա, և վերջինս նույն օրը շտապ վիրահատվել է և կատարվել է պլևրալ խոռոչի դրենավորում, հեմոստազ, մակարդուկների հեռացում, տամպոնադա: Այսինքն՝ տվյալ դեպքում առկա է համապատասխան բուժհաստատության կողմից տրված ախտաբանական ախտորոշում և ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված վնասվածքների ուղենիշ, որը տվյալ դեպքում տուժողին պատճառված վնասվածքը դասում է կյանքի համար վտանգ սպառնացող վնասվածքների շարքին, որն էլ առերևույթ վկայում է տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառված լինելու մասին, ինչն էլ հիմք ընդունելով, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է Հ.Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը:
Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի ձևակերպումները բովանդակային առումով վերաբերում են ոչ թե Հ.Հակոբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքին առնչություն ունենալու հանգամանքին, որը պետք է քննության առարկա դարձվեր վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու հարցը քննարկելիս, այլ դատարանը քննարկման առարկա է դարձրել հանցանքի կատարման մեջ նրա մեղքի հիմնավորվածության հարցը:
Այսպիսով, բողոքաբերը հանգել է հետևության, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ Հ.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը երկու ամիս ժամկետով կիրառելու մասին որոշումը, վերջինիս մեղսագրված արարքը կատարելու հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, թույլ է տվել դատական սխալ՝ ինչով խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով իր լիազորության սահմաններից, հակասելով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, դատավարության տվյալ փուլում քննարկման առարկա է դարձրել ենթադրյալ հանցանք կատարած անձի մեղքին, հանցանք կատարելու մեջ նրա մեղավորությանը կամ անմեղությանը վերաբերող՝ ապացույցների բավարարության հարցը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է կայացնել նոր դատական ակտ, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մարտի 26-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալ Հ.Հակոբյանի պաշտպան Ա.Հայրապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշումը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ Հովիկ Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ այն բանի համար, որ «նա, 2022 թվականի մարտի 16-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, գտնվելով «Իմպերիա» գիշերային ակումբում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արթուր Ներսեսի Խաչատրյանի և Հակոբ Համազասպի Բարխոյանի հետ և Արթուր Ներսեսի Խաչատրյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, Երևան-Սևան ավտոճանապարհի 60-րդ կմ ճանապարհահատվածի աջակողմյան հատվածում գտնվող «Իմպերիա» գիշերային ակումբի տարածքում, ծակող-կտրող առարկայով հարվածներ է հասցրել Արթուր Ներսեսի Խաչատրյանի մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում Արթուր Ներսեսի Խաչատրյանին պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորումի, հեմոպնևմոթորաքսի, աջ գոտկային և արմնկային շրջանների կտրած-ծակած վերքերի, գոտկային շրջանի փափուկ հյուսվածքային հեմատոմայի ձևով մարմնական վնասվածքներ»2:
9. «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Հ.Զաքարյանի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Արթուր Ներսեսի Խաչատրյանի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, հեմոպնևմոթորաքս, աջ գոտկային և արմնկային շրջանների կտրած-ծակած վերքեր, գոտկային շրջանի փափուկհյուսվածքային հեմատոմա: Վերջինս վիրահատվել է 2022 թվականի մարտի 16-ին՝ կատարվել է պլևրալ խոռոչի դրենավորում, հեմոստազ, մակարդուկների հեռացում, տամպոնադա: Ա.Խաչատրյանի վիճակը միջին ծանրության է3:
10. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի մարտի 26-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Դ]ատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքին մեղադրյալ Հ.Հակոբյանի առնչությունը փաստելու համար հիմնավոր կասկածի մակարդակում անհրաժեշտ պայման է որպեսզի առկա լինի որևէ տեղեկություն մեղադրյալի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու առկայությունը, ինչը հիմնավորվում է միջնորդությանը կից ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ, մասնավորապես՝
- 2022 թվականի մարտի 16-ի զեկուցագրով, որում նշված է հետևյալը՝ «(…) Մարտի 16-ին ժամը 07:25-ին ոստիկանության Հրազդանի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը ժամը 06:10-ին «Կրծքավանդակի և գոտկային շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ Հրազդանի ԲԿ բուժօգնության է տեղափոխվել Արթուր ներսեսի Խաչատրյանը (…)»,
- 2022 թվականի մարտի 16-ի՝ Էրեբունի բժշկական կենտրոնից տրված տեղեկանքով, որում նշված է հետևյալը՝ «(…) Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, հեմոպնևմոթորաքս, աջ գոտկային և արմնկային շրջանների կտրած-ծակած վերքեր, գոտկային շրջանի փափուկհյուսվածքային հեմատոմա: (…) Շտապ վիրահատվել է 2022 թվականի մարտի 16-ին՝ կատարվել է պլևրալ խոռոչի դրենավորում, հեմոստազ, մակարդուկների հեռացում, տամպոնադա (…)»,
- 2022 թվականի մարտի 16-ի՝ տուժող Հ.Բարխոյանի հարցաքննության արձանագրությամբ, որում նշված է հետևյալը՝ «(…) ես նրանց սենյակ մտնելուց մոտ մեկ րոպե անց հասա այդ սենյակի մոտ և ներս մտա, այդ սենյակում բլոկներով առկա էին գարեջրի շշեր, ես տեսա, որ գետնին կողքի ընկած էր Արթուր Խաչատրյանը (…): Այդ ընթացքում ես նկատեցի, որ Արթուրի որովայնի հատվածը արյունոտ էր, գետինը նույնպես արյունոտ էր (…)»,
- 2022 թվականի մարտի 16-ի՝ տուժող Ա.Խաչատրյանի հարցաքննության արձանագրությամբ, որում նշված է հետևյալը՝ «(…) Ես մոտեցա նրանց և սկսեցի նրանց բաժանել: Ես խմած էի և չզգացի, թե այդ պահին ով ինձ հարվածեց, աչքերիս դեմը սևացավ, ես կռացա, արյուն էր գալիս: (…) Իմ կարծիքով ինձ հնարավոր է, որ հարվածողը լինի կամ Հովիկը կամ նրա հետի տղան (…)»,
- 2022 թվականի մարտի 24-ի՝ մեղադրյալ Հ.Հակոբյանի հարցաքննության արձանագրությամբ, որում նշված է հետևյալը՝ «(…) ես ինքնապաշտպանվել եմ, ես անկանոն շարժումներ եմ արել ձեռքիս առարկայով ընկած և չեմ հասկացել, որ հարվածը նրանց կպել է, թե ոչ (…)»:
Դատարանն արձանագրում է, որ դատարանին ներկայացված նյութերն իրենցում պարունակում են տեղեկություններ առ այն, որ մեղադրյալ Հովիկ Ռոբերտի Հակոբյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարմանը:
(…)
Դատարանը միաժամանակ փաստում է, որ քրեական գործի քննության այս փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված վերը թվարկված նյութերը հնարավորություն են տալիս արձանագրելու, որ առկա է մեղադրյալին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածն առ այն, որ նա իրավախախտում է կատարել, ընդ որում, սույն փուլում այդ կասկածը ողջամիտ է:
Անդրադառնալով պաշտպանի այն դիրքորոշմանը, որ Էրեբունի բժշկական կենտրոնի 2022 թվականի մարտի 16-ի տեղեկանքում նշվածին, որ Ա.Խաչատրյանի վիճակը միջին ծանրության է, դատարանն արձանագրում է, որ այդ գրառումը վերաբերվում է այդ պահին անձի ընդհանուր առողջական վիճակին և չի վերաբերվում վերջինիս ստացած մարմնական վնասվածքի աստիճանին:
(…)
Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի քննության այս փուլում առկա են բավարար փաստեր և ապացույցներ առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքի կատարմանը: Դատարանի այս հետևությունը հիմնավորվում է, մասնավորապես՝ միջնորդությանը կից դատարան ներկայացված՝ դեպքի վայրի զննության մասին արծանագրություններով, Արթուր Խաչատրյանի և Հակոբ Բարխոյանի կողմից ՀՀ ոստիկանության Սևանի բաժին տված հաղորդումներով, տուժողներ Արթուր Խաչատրյանի և Հակոբ Բարխոյանի ցուցմունքներով, Արթուր Խաչատրյանի և Հակոբ Բարխոյանի հագուստները ներկայացնելու մասին արձանագրություններով, Հովիկ Հակոբյանին տուժող Արթուր Խաչատրյանին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունով, Հովիկ Հակոբյանին տուժող Հակոբ Բարխոյանին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունով, մեղադրյալ Հովիկ Հակոբյանի ցուցմունքով, ինչպես նաև միջնորդությանը կից ներկայացված այլ նյութերով:
Այսպիսով, (...) դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերում առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Հովիկ Հակոբյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարմանը, հաշվի առնելով այն, որ նա ազատության մեջ մնալով հնարավոր է խոչընդոտի քրեական գործի քննությանը (...) վերջինիս պատշաճ վարքագիծն ապահովելու նպապակով նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով (…)»4:
11. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշման համաձայն՝ «(...) [Ա]նդրադառնալով Հովիկ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությանը՝ Վերաքննիչ դատարանը, նախ, հարկ է համարում փաստել, որ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որպեսզի վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից ներկայացված նյութերով հիմնավորվի ոչ միայն վերջինիս առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքին, այլ նաև այն, որ այդ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին։
(...)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պետք է առկա լինեն
բավարար փաստեր և ապացույցներ առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքի կատարմանը և դեպքը՝ իրադարձությունը, առերևույթ համընկնում է նրան մեղսագրված ենթադրյալ հանցանքի հատկանիշներին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ հանգամանքներին տրված քրեաիրավական գնահատականը կարող է որոշվել միայն կոնկրետ տեսակի ապացույցով (առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը՝ դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ), ապա դրա բացակայության պայմաններում՝ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածը վերջինիս վերագրվող փաստական հանգամանքներին տրված քրեաիրավական գնահատականի համատեքստում՝ առկա կարող է համարվել, եթե վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերն այդ հանգամանքի վերաբերյալ որևէ ողջամիտ կասկած չհարուցեն: Այլ կերպ՝ այդ փաստական տվյալներն իրենց բնույթով պետք է լինեն այն աստիճան ծանրակշիռ, որ հիմնավոր կասկածի ապացուցման չափանիշների շրջանակում՝ փաստական հանգամանքներին տրված քրեաիրավական գնահատականի չհամընկման ողջամիտ հավանականությունը բացառվի: Հակառակ դեպքում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելը դատական վերահսկողությունը կդարձնի ձևական և ոչ արդյունավետ միջոց, իսկ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը չի լինի իրավաչափ:
Վերոհիշյալ եզրահանգումը կատարելիս Վերաքննիչ դատարանը կարևորություն է տալիս նաև այն հանգամանքին, որ առողջությանը ենթադրաբար հասցված վնասի բնույթի և աստիճանի որոշումը տվյալ կոնկրետ դեպքում էական նշանակություն ունի կալանավորման հիմքերի, մասնավորապես՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականության գնահատման կարևոր տարրերից մեկի՝ մեղսագրվող արարքի ծանրության աստիճանի իրավական գնահատման ենթարկելու հնարավորության համար:
Վերոգրյալ վերլուծության ներքո գնահատելով հիմնավոր կասկածի առկայության փաստը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև Քննիչի միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված և սույն որոշման 3-րդ կետում վկայակոչված նյութերով հիմնավորվում է Հովիկ Հակոբյանի առնչությունը դեպքին, այնուամենայնիվ, դրանք ինչպես առանձին վերցված, այնպես էլ գործում առկա մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ հնարավորություն չեն տալիս փաստելու, որ այդ դեպքն առերևույթ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին: Այլ կերպ՝ գործի նյութերում առկա փաստական տվյալների վերլուծությունն ու համադրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնելու, որ Հովիկ Հակոբյանը հնարավոր է, որ կատարած լինի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքը, քանի որ հնարավոր չէ բացառել դատաբժշկական փորձաքննության արդյունքում տուժողին պատճառված վնասի՝ ծանրության առավել նվազ աստիճան ունենալու հավանականությունը:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հովիկ Հակոբյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի դեպքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին չհամընկնելու վերաբերյալ եզրահանգումը տվյալ դեպքում անհամատեղելի չէ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության նպատակային նշանակության հետ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ դրանից էապես կախված է անձի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցի պարզումը:
Վերը նշվածից ելնելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Քննիչի միջնորդության քննության ժամանակ բովանդակային առումով չի ունեցել բավարար փաստական տվյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը Հովիկ Հակոբյանի առնչությունը (հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը) հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում փաստելով դրա առկայությունը՝ հանգել է ոչ իրավաչափ հետևության: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հովիկ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում բացակայել է Հովիկ Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը, հետևաբար Հովիկ Հակոբյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ(...)»5:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Հովիկ Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։
13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
(…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»։
14. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի6, Հարություն Խաչատրյանի7 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ8։
Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից9, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել10, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)11։
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- նախաքննության մարմինը Հովիկ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ12,
- նախաքննության մարմինը մեղադրյալ Հ.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 26-ի որոշմամբ բավարարվել է: Դատարանը գտել է, որ Հակոբ Հակոբյանին վերագրվող արարքի կատարմանը վերջինիս առնչվելու վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, ինչը հավաստվում է միջնորդությանը կից ներկայացված նյութերով13,
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ թեև միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով հիմնավորվում է Հ.Հակոբյանի առնչությունը դեպքին, այնուամենայնիվ, դրանք ինչպես առանձին վերցված, այնպես էլ գործում առկա մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ հնարավորություն չեն տալիս փաստելու, որ այդ դեպքն առերևույթ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին: Այլ կերպ՝ գործի նյութերում առկա փաստական տվյալների վերլուծությունն ու համադրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնելու, որ Հ.Հակոբյանը հնարավոր է, որ կատարած լինի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքը, քանի որ հնարավոր չէ բացառել դատաբժշկական փորձաքննության արդյունքում տուժողին պատճառված վնասի՝ ծանրության առավել նվազ աստիճան ունենալու հավանականությունը:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բովանդակային առումով չի ունեցել բավարար փաստական տվյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանն Հ.Հակոբյանի առնչությունը (հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը) հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում փաստելով դրա առկայությունը՝ հանգել է ոչ իրավաչափ հետևության14:
16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Հ.Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների իրավաչափությունը, պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ։
Նախևառաջ, հարկ է նկատել, որ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Հ.Հակոբյանի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նրան առաջադրված մեղադրանքին չի հաստատվում, պատշաճ ուշադրության չի արժանացրել քննիչի միջնորդության հետ դատարան ներկայացված հետևյալ փաստական տվյալները.
- դեպքի վայրի զննության մասին արձանագրությունները15,
- Արթուր Խաչատրյանի և Հակոբ Բարխոյանի կողմից ՀՀ ոստիկանության Սևանի բաժին տված հաղորդումները16,
- տուժողներ Ա.Խաչատրյանի և Հ.Բարխոյանի ցուցմունքները,17
- տուժողներ Ա.Խաչատրյանի և Հ.Բարխոյանի հագուստները ներկայացնելու մասին արձանագրությունները18,
- տուժողներ Ա.Խաչատրյանին և Հ.Բարխոյանին՝ Հ.Հակոբյանին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները19,
- 2022 թվականի մարտի 16-ի զեկուցագիրն այն մասին, որ 2022 թվականի մարտի 16-ին, ժամը 07:25-ին, ոստիկանության Հրազդանի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը, ժամը 06:10-ին, «Կրծքավանդակի և գոտկային շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ, Հրազդանի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ներսեսի Խաչատրյանը20:
- «Էրեբունի» բժշկական կենտրոնից 2022 թվականի մարտի 16-ին տրված տեղեկանքն այն մասին, որ տուժող Ա.Խաչատրյանի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, հեմոպնևմոթորաքս, աջ գոտկային և արմնկային շրջանների կտրած-ծակած վերքեր, գոտկային շրջանի փափուկհյուսվածքային հեմատոմա, վերջինս նույն օրը շտապ վիրահատվել է և կատարվել է պլևրալ խոռոչի դրենավորում, հեմոստազ, մակարդուկների հեռացում, տամպոնադա21:
17. Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ տվյալ դեպքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Հ.Զաքարյանի կողմից տրված տեղեկանքի բովանդակությունը պարունակում է տուժող Ա.Խաչատրյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ այնպիսի փաստական տվյալներ, որոնք անաչառ դիտորդի մոտ կարող են համոզմունք առաջացնել, որ առկա է հիմնավոր կասկած՝ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ, ինչն էլ հիմք ընդունելով, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է Հ.Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է հիմնավոր հետևության առ այն, որ նյութերում առկա փաստական տվյալները բավարար են ողջամիտ ենթադրություն անելու, որ առկա է մեղադրյալ Հ.Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը՝ հիմք ընդունելով նյութերում առկա փաստական տվյալները22:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված տվյալների համակցությունը ողջամտորեն բավարար էր գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Հովիկ Հակոբյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը։ Այլ կերպ՝ առկա փաստական տվյալները բավարար էին փաստելու, որ առկա է մեղադրյալ Հ.Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման հիմնավոր կասկածը:
18. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Հ.Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չէ։
19. Վերոնշյալ եզրահանգման պայմաններում, անդրադառնալով նաև մեղադրյալ Հ.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայությանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված բոլոր նյութերը հետազոտելով, եկել է հիմնավորված և պատճառաբանված եզրահանգման:
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 135-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Սակայն, հաշվի առնելով, որ Հ.Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը գտնվում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, որի՝ 2024 թվականի հունվարի 29-ի որոշմամբ Հ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը23, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Հովիկ Ռոբերտի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 131-134:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 44:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 182-190:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 42-47:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:
8 Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
10 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
12 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
13 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
15 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 28-31, 79-82, 111-115:
16 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 62-63, 88-89:
17 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 41-43, 68-74, 90-96:
18 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 34-35, 40:
19 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 77-78, 99-100:
20 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 33:
21 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 44:
22 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահինյանի գործով 2022 թվականի հուլիսի 8-ի թիվ ԱՐԴ/0034/06/20 որոշումը:
23 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԳԴ4/0126/01/23 քրեական գործը:
Նախագահող` Դատավորներ` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: