«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
2 հոկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 1995 թվականի N 44
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնական գազից օգտվելու կանոնները (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բնական գազից օգտվելու կանոնները (այսուհետ` կանոններ) սահմանում են Հայաստանի Հանրապետությունում գազամատակարար, գազ իրացնող և սպառող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների փոխհարաբերությունները: Սույն կանոնները պարտադիր են մատակարարող, իրացնող, նախագծող և կարգաբերող ձեռնարկությունների, ինչպես նաև սպառողների համար, անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից:
2. Գազամատակարար ձեռնարկություն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնը (այսուհետ` մատակարար):
3. Գազ իրացնող ձեռնարկություններ են հանդիսանում «Հայգազարդ» պետական կոնցեռնի գազիֆիկացման և գազամատակարարման դուստր ձեռնարկությունները (այսուհետ` իրացնող):
4. Գազ սպառողներ են հանդիսանում արդյունաբերական, կոմունալ-կենցաղային, գյուղատնտեսական և այլ ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից), ինչպես նաև քաղաքացիները (այսուհետ` սպառող):
5. Գազի մատակարարումը, իրացումը և սպառումն իրականացվում են սույն կանոններին համապատասխան կնքված պայմանագրերի հիման վրա: Պայմանագրին կցվում է գազատարների, ինչպես նաև չափիչ-հսկիչ սարքերի հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման համար պատասխանատվության սահմանազատման ակտը:
6. Պայմանագիրը կնքվում է մատակարարի և իրացնողի, իրացնողի և սպառողի միջև:
7. Պայմանագիրը կնքելիս հաշվի է առնվում գազատարների տեխնիկական վիճակը և թողունակությունը:
8. Գազ մատակարարող, իրացնող և սպառող ձեռնարկությունները, անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, պատասխանատու են իրենց պատկանող գազատարների, դրանց շահագործումն ու սպասարկումն ապահովող կառույցների, շինությունների և սարքավորումների տեխնիկական վիճակի, գործող տեխնիկական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան դրանց շահագործման և օպերատիվ գործակարգավարական (դիսպետչերական) կարգապահության պահպանման համար:
9. Գազամատակարարման ժամանակ մատակարարը, իրացնողները և սպառողները պարտավոր են խստորեն պահպանել սույն կանոնների, ինչպես նաև գազային տնտեսության մեջ անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գործող բոլոր կանոնների (այսուհետ` գազային տնտեսության մեջ անվտանգության տեխնիկայի կանոններ) պահանջները, անմիջապես միմյանց հայտնել իրենց պատկանող օբյեկտներում տեղի ունեցած վթարների, անսարքությունների և այլ դեպքերի մասին, որոնց հետևանքով հնարավոր է գազի մատակարարման կամ սպառման նվազեցում կամ լրիվ ընդհատում:
10. Իրացնողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչության (այսուհետ` Էներգապետհսկողություն) ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության (այսուհետ` Լեռտեխհսկողություն) կարգադրագրերով սպառողին նախազգուշացնելուց հետո (հեռախոսագրով, հեռագրով, էլեկտրոնային կապի միջոցով) մասամբ կամ լրիվ դադարեցնել գազամատակարարումը: Իրացնողն իրավասու է նաև սպառողի գազամատակարարումը մասամբ կամ լրիվ դադարեցնել`
ա) պայմանագրով սահմանված ժամկետում սպառված գազի համար չվճարման դեպքում.
բ) առանց համապատասխան թույլտվության գազի օգտագործման դեպքում.
գ) հաշվարկային հաշվառման չափիչ-հսկիչ սարքերից դուրս գազասպառման համակարգին միացման դեպքում.
դ) վթարի կամ գազասպառման համակարգի տեխնիկական անբավարար վիճակի դեպքում.
ե) գազի օգտագործման սահմանված մեծությունների և ժամային առավելագույն բեռնվածության գերազանցման դեպքում.
զ) գազասպառման համակարգերը գերազանցող անձնակազմի ատեստավորման բացակայության դեպքում.
է) սպառողի կողմից իր տարածք իրացնողի ներկայացուցչի մուտքի խոչընդոտման կամ արգելման դեպքում: Սպառողի գազամատակարարումը վերականգնվում է այն դադարեցնելու (սահմանափակելու) կարգադրագիր տված մարմնի գրավոր թույլտվությամբ:
II. ԻՐԱՑՎՈՂ ԳԱԶԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
11. Մատակարարը գազը սպառողներին բաշխում է` ելնելով հանրապետություն մուտք գործող գազի ծավալներից, գազամուղների տեխնիկական վիճակից, թողունակությունից և սպառողների գնողունակությունից:
12. Գազ մատակարարողը, իրացնողները և սպառողները պարտավոր են այն մատակարարել, իրացնել և սպառել հավասարապես` սահմանված ամսական սահմանաքանակից հաշվարկված միջին օրական չափաքանակով, իսկ դրանից շեղվելու անհրաժեշտության դեպքում` նրանց գործակարգավորական ծառայությունների փոխադարձ համաձայնությամբ:
13. Սպառողների կողմից օրական չափաքանակի գերծախսի դեպքում իրացնողին իրավունք է վերապահվում կիրառել գազամատակարարման սահմանափակում` սահմանված օրական չափաքանակի սահմանում:
14. Գազի օգտագործման ռեժիմների կարգավորման վերաբերյալ գազամատակարարի ցուցումները պարտադիր են կատարման իրացնողների և սպառողների համար:
15. Մատակարարի կողմից իրացնողին տրված գազի քանակը որոշվում է մատակարարի չափիչ-հսկիչ սարքերով, որի տվյալները ձևակերպվում են մատակարարի և իրացնողի կողմից կազմված ակտով, պայմանագրով նախատեսված ժամկետներում: Նշված ակտը հիմք է մատակարարված գազի դիմաց վճարման համար:
16. Իրացնողի կողմից սպառողներին մատակարարված գազի քանակը որոշվում է սպառողների մոտ տեղադրված և նրանց հաշվեկշռում գտնվող չափիչ-հսկիչ սարքերով (հաշվիչ, ծախսաչափ) և ձևակերպվում է գազ իրացնողի ու սպառողի կողմից տրված ակտով, պայմանագրով նախատեսված ժամկետներում:
Սպառողի մոտ գազի հաշվիչների բացակայության կամ անսարքության դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է ըստ չկապարակնքված տեղակայանքների նախագծային հզորության, ելնելով հաշվիչների անսարքության ժամանակահատվածում ձեռնարկության աշխատած ժամերի քանակից:
Առանձին դեպքերում սպառողներին մատակարարված գազի քանակը կարող է որոշվել իրացնողի մոտ տեղադրված և իր հաշվեկշռում գտնվող չափիչ-հսկիչ սարքերի տվյալներով:
17. Մատակարարի գազաչափիչ սարքերի անսարքության դեպքում մատակարարված գազի քանակը որոշվում է սպառողների գազաչափիչների գումարային ցուցմունքով, իսկ սպառողների մոտ դրանց բացակայության դեպքում` մատակարարի և իրացնողի կողմից կազմված համատեղ ակտով, որտեղ հաշվի են առնվում սպառողների նախագծային հզորությունները և աշխատաժամերը:
18. Կողմերին իրավունք է վերապահվում ստուգելու չափիչ-հսկիչ սարքերի շահագործումն ու աշխատանքը և քարտագրերի մշակման ճշտությունը, ինչպես նաև պահանջելու դրանց արտահերթ ստուգումը և չափաբերումը:
Չափիչ-հսկիչ սարքերի անսարքության դեպքում փորձաքննական աշխատանքների համար վճարումը կատարվում է սարքերի սեփականատերը, իսկ սարքին լինելու դեպքում` չափագրման փորձաքննություն պահանջող կողմը:
19. Հաշվարկային հաշվառման սարքերի պարբերաբար պետական ստուգումը կատարում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը` իր կողմից սահմանված ժամկետներում:
Նշված վարչության դրոշմի բացակայության կամ հաշվարկային հաշվառման չափիչ-հսկիչ սարքերի ստուգման ժամկետը լրանալիս, այդ սարքերով կատարված հաշվառումը համարվում է անվավեր և մատակարարված գազի քանակը համապատասխան հաշվարկով որոշում է գազ իրացնող ձեռնարկությունը:
20. Մատակարարի, սպառողի և իրացնողի հաշվարկային հաշվառման համակարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Էներգապետհսկողությունը:
21. Գործող նորմերին համապատասխան, հաշվառման ժամանակ չափման միավորը սահմանվում է 1 խորանարդ մետր գազը t=20 OC ջերմաստիճանի, p=760 մմ սնդիկի սյան ճնշման և զրոյական խոնավության պայմաններում:
22. Հաշվարկված (որոշված) գազի քանակի հետ չհամաձայնվող կողմն այդ մասին հայտնում է մյուս կողմին` ակտի կազմման պահից 10-օրյա ժամկետում:
23. Կազմված ակտի հետ իրացնողի կամ սպառողի չհամաձայնելու դեպքում ծագած տարաձայնությունները լուծում է էներգապետհսկողությունը:
24. Իրացնողի և սպառողի միջև ծագած տարաձայնություններն էներգապետհսկողության կողմից չլուծելու դեպքում այն լուծվում է պետական արբիտրաժում կամ դատարանում:
Մինչև նշված մարմինների կողմից որոշում կայացնելը գազի ծախսի համար հիմք է ընդունվում իրացնողի ներկայացրած հաշվարկը:
III. Մատակարարվող գազի որակը
25. Գազի մատակարարումն սպառողներին իրականացվում է իրացնողի և սպառողի միջև կնքված պայմանագրի տեխնիկական պայմաններով նախատեսված որակին համապատասխան:
26. Գազի որակի և բաղադրության ստուգման պարբերականությունը ու նմուշի վերցման տեղը սահմանվում են գազ մատակարարողի և իրացնողի միջև կնքված պայմանագրով:
Յուրաքանչյուր ամիս մատակարարը կատարում է գազի որակի ստուգում և արդյունքների մասին գրավոր տեղյակ է պահում իրացնողներին: Իրացնողների և սպառողների միջև գազի սպառման հաշվարկների կատարման հիմք է ընդունվում մատակարարի կողմից տրված որակի մասին տեղեկանքը:
Գազի որակի վերաբերյալ վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը:
27. Գազի հոտավորումն իրականացնում է մատակարարը, իսկ հոտի ակտիվությունը գազատարներում հսկում է իրացնողը, գազային տնտեսությունում անվտանգության տեխնիկային նորմերին համապատասխան:
Եթե սպառողը գազն օգտագործում է տեխնոլոգիական նպատակներով և ենթակա չէ հոտավորման, ապա այն պետք է նախատեսվի պայմանագրով:
28. Մատակարարը և իրացնողը պահպանում են գազի ճնշումը գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) ելքում` սպառողի կողմից օրվա սահմանաքանակով գազը վերցնելու պայմանով:
IV. ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՆՈՐ ԳԱԶԻՖԻԿԱՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ
29. Հանրապետությունում նոր գազիֆիկացվող օբյեկտներին գազի օգտագործման թույլտվություն տալիս է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության համաձայնությամբ:
30. Սպառողը (կամ նրա հանձնարարությամբ նախագծող կազմակերպությունը) մինչև նախագծման առաջադրանքի կազմելը պետք է մատակարարի հանձնարարությամբ իրացնողից ստանա գազատարին միացման տեխնիկական պայմանները:
31. Գազի օգտագործման թույլտվություն ստանալու համար սպառողը պետք է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն ներկայացնի հայտագիր, կցելով օբյեկտի տեղաբաշխման պլանը, տեխնիկական բնութագիրը, նշելով գազի տարեկան և եռամսյակային պահանջարկը:
32. Գազատարին միացման տեխնիկական պայմաններում պետք է նշվեն`
ա) օբյեկտը սնուցող գազատարի միացման տեղը.
բ) գործող գազամուղի թողունակությունը մեծացնելու նպատակով գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) փոխարինման կամ շինարարության անհրաժեշտությունը.
գ) միացվող գազամուղում գազի ճնշումը (ԳԲԿ-ից հետո).
դ) միջանցիկ կամ ԳԲԿ-ին օղակավոր շրջանցման գծերի շինարարության անհրաժեշտությունը.
ե) գազի ծախսի հաշվարկի վերաբերյալ պահանջները.
զ) տեխնիկական պայմանների գործողության ժամկետը:
Իրացնողը նշված տեխնիկական պայմանների մասին տեղյակ է պահում էներգապետհսկողությանը:
33. Գազատարի միացման տեխնիկական պայմանների կատարումը պարտադիր է սպառողների և գազամատակարարման նախագիծը կազմող նախագծային կազմակերպությունների համար: Տեխնիկական պայմաններից շեղում կատարվում է միայն իրացնողի թույլտվությամբ` մատակարարի համաձայնությամբ:
34. Գազամատակարարման նախագծերը պետք է կատարվեն գործող շինարարական նորմերի և կանոնների, գազային տնտեսությունում անվտանգության տեխնիկայի կանոնների, այլ նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերի և սույն կանոնների պահանջներին համապատասխան:
35. Շինարարությունն սկսելուց առաջ գազամատակարարման բոլոր նախագծերը ենթակա են գրանցման Լեռտեխհսկողությունում, իրացնողի մոտ, «Հայգազարդ» պետական կոնցեռնի «Անտիկոր» ՊՁ-ում և էներգապետհսկողությունում:
V. ԳԱԶ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
36. Գազիֆիկացման աշխատանքներն ավարտելուց հետո սպառողների գազային տեղակայանքներն ընդունվում են շահագործման սահմանված կարգով ստեղծված հանձնաժողովների կողմից, շինարարական նորմերի և կանոնների ու գազային տնտեսության մեջ անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են Լեռտեխհսկողության և Էներգապետհսկողության ներկայացուցիչները:
37. Գազի մատակարարումից առաջ և ընթացքում համապատասխան մասնագիտացված ձեռնարկության կողմից պարտադիր իրականացվում են ռեժիմային-կարգաբերման և նորոգման-կարգաբերման աշխատանքներ:
Կարգաբերող ձեռնարկությունները և ծառայությունները, անկախ կարգավիճակից, պետք է գրանցվեն Էներգապետհսկողությունում ու Լեռտեխհսկողությունում և համապատասխան աշխատանքների կատարման համար ստանան թույլտվություն:
Գազ սպառող ձեռնարկություններին արգելվում է կարգաբերման աշխատանքների կատարման պայմանագիր կնքել համապատասխան թույլտվություն չունեցող ձեռնարկությունների հետ:
38. Իրացնողը գազ օգտագործող տեղակայանքներին գազ է մատակարարում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից տրված գազի օգտագործման թույլտվություն.
գազ օգտագործող սարքավորումների, գազայրիչ տեղակայանքների, չափիչ-հսկիչ սարքերի կատարողական-տեխնիկական փաստաթղթեր, աշխատանքային նախագծեր, սխեմաներ, անձնագրեր և գազի հաշվառման համակարգի հետ առնչվող այլ փաստաթղթեր.
մասնագիտացված ձեռնարկության հետ ռեժիմային-կարգաբերման և նորոգման-կարգաբերման աշխատանքների իրականացման վերաբերյալ կնքված պայմանագիր.
գազամատակարարման համակարգի շահագործման ընդունման վերաբերյալ սույն կանոնների 36-րդ կետում նշված հանձնաժողովի ընդունման ակտ.
ատեստավորող համապատասխան հանձնաժողովի արձանագրության` գազ օգտագործող տեղակայանքների շահագործման մասով սպասարկող անձնակազմի գիտելիքների ստուգման վերաբերյալ.
հրաման գազային տնտեսության համար պատասխանատուների նշանակման վերաբերյալ.
հրդեհային հսկողության մարմինների կողմից տրված ծխաօդափոխիչ ուղիների տեխնիկական վիճակի և սարքինության վերաբերյալ ակտ.
կաթսայատները սպասարկող հնոցապաններին տրված մասնագիտական թույլտվություն.
էներգապետհսկողության թույլտվություն:
VI. ՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՐԳԸ
39. Տրված գազի հաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատած սակագներով:
(39-րդ կետը խմբ. 27.05.96 N 160)
40. Մատակարարված գազի վճարումը կատարվում է պայմանագրով սահմանված կարգով:
41. Մատակարարված գազի վճարման հաշվարկները կատարվում են բանկային համակարգում սահմանված ձևերին համապատասխան:
42. Վճարման հաշիվների համար հիմք են հանդիսանում սույն կանոնների 15, 16 և 17-րդ կետերով նշված ակտերը:
VII. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
43. Բնական գազի օգտագործման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է Էներգապետհսկողությունը, իսկ տեխնիկական հսկողությունը` Լեռտեխհսկողությունը, անկախ օգտագործողի սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից:
44. Պետական հսկողության իրականացումը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին և պետական կառավարման տարածքային մարմիններին չի ազատում իրենց ենթակա ձեռնարկությունների գազասպառման համակարգերի տեխնիկական վիճակի և դրանց շահագործման ստուգման գծով պարտականություններից, իսկ այդ ձեռնարկություններին` շինարարական նորմերի ու կանոնների, գազային տնտեսության մեջ անվտանգության կանոնների և այլ նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման պարտականությունից:
45. Սպառողի գազասպառման համակարգ և գազասպառիչների մոտ Էներգապետհսկողության և գազամատակարարող ձեռնարկության պաշտոնատար անձանց մուտքը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող գազասպառման ռեժիմների ստուգումները խոչընդոտելու համար սպառողը ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VIII. ԳՈՒՅՔԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
46. Կողմերի գույքային պատասխանատվությունը որոշվում է գործող օրենսդրությամբ, մատակարարի, իրացնողի և սպառողի միջև կնքված պայմանագրերով:
47. Սպառողը, ինչպես նաև իրացնողը, պատասխանատու են պայմանագրով սահմանված չափաքանակով գազի մատակարարման, օգտագործման և ծախսված գազի դիմաց պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում վճարումների կատարման համար:
48. Իրացնողի կամ սպառողի կողմից պայմանագրով սահմանված ամսական չափաքանակից ավել և առանց մատակարարի համաձայնության գազ օգտագործելու դեպքում իրացնողը կամ սպառողը վճարում են տուգանք` ավել օգտագործված գազի արժեքի տասնապատիկի չափով:
49. Մատակարարը` իրացնողին, իսկ իրացնողը` սպառողին պայմանագրով սահմանված ամսական չափաքանակի և որակի գազ չմատակարարելու դեպքում վճարում է տուգանք չմատակարարված կամ անորակ գազի արժեքի իննապատիկի չափով:
50. Մատակարարը կամ իրացնողը գազի թերմատակարարման կամ չմատակարարման համար ազատվում է պատասխանատվությունից, եթե գազի թերմատակարարումը կամ չմատակարարումը հետևանք են սույն կանոնների 10-րդ կետով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով սահմանված դեպքերի, ինչպես նաև չկանխատեսված այլ դեպքերի:
IX. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
51. Քաղաքացիները, որպես սպառող, օգտվում են միայն քաղաքային ցածր ճնշման գազատարներից:
Գազամատակարարումն իրականացվում է միայն իրացնողի կողմից` գազային տնտեսության անվտանգության տեխնիկայի կանոնների համաձայն:
52. Բնակչության և իրացնողի միջև գազամատակարարման հիմք է հանդիսանում.
ա) անհատական բնակելի տների համար` բնակչի դիմումը.
բ) պետական կամ գերատեսչական բնակելի ֆոնդի տների, ինչպես նաև առանձին բնակավայրների համար` կնքված գազամատակարարման պայմանագիրը:
53. Քաղաքացիները գազի արժեքը վճարում են համաձայն Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատած սակագների` ըստ հաշվիչի ցուցմունքի:
(53-րդ կետը խմբ. 27.05.96 N 160)
54. Քաղաքացիների և իրացնողի միջև ծագած տեխնիկական բնույթի տարաձայնությունները լուծում է «Հայգազարդ» պետական կոնցեռնի Հայգազկենցաղտեսչությունը: Վերջինիս տված եզրակացությունը հիմք է հանդիսանում իրացնողի և բնակչի համար: Եզրակացությունը կարող է գանգատարկվել դատական կարգով:
55. Քաղաքացիները պատասխանատու են իրենց բնակարանների գազատարների և գազային սարքերի անվտանգ շահագործման համար: Քաղաքացիները գազից անվտանգ օգտվելու համապատասխան հրահանգավորում պետք է ստանան բնակելի տների գազամատակարարումն իրականացնող գազային տնտեսության կողմից:
56. Նոր գազիֆիկացվող բնակելի տների գազիֆիկացման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:
(կանոնները խմբ. 27.05.96 N 160)