Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
19.07.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
19.07.2024
Дата вступления в силу
19.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28729/02/19
2024 թ.  

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28729/02/19

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. հակոբյան 

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. Մկրտչյան

 

2024 թվականի հուլիսի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի բողոքը` ըստ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի (այսուհետ` Կառավարիչ) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանից բռնագանձել 600.451 ՀՀ դրամ` որպես պատշաճ կերպով մատակարարված ապրանքների դիմաց չվճարված գումար, հայցադիմումը ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության ամբողջական կատարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` հաշվարկված 600.451 ՀՀ դրամ պարտքի չափից, ինչպես նաև 600.451 ՀՀ դրամ պարտքի չափի 20 տոկոսի չափով գումար` որպես պարտքի հավաքագրման համար կատարած դատական ծախս:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.12.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2020 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.12.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.06.2020 թվականի որոշման դեմ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանը:

Բողոքի պատասխան է ներկայացրել Կառավարիչը (ներկայացուցիչ Գայանե Ավագյան):

 

2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 2 բաժնի ՀԿԳ քննիչ-բաժնի պետ Դ Գևորգյանի կողմից 14.12.2020 թվականին կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, և նշված քրեական գործով ցուցմունք է տվել Ընկերությունում որպես գանձապահ աշխատած Վահան Ալավերդյանն այն մասին, որ «ինքը 2009 թվականից մինչև 05.11.2016 թվականն աշխատել է Ընկերությունում որպես գանձապահ, այնուհետ` տնտեսագետ-գանձապահ: Ընկերության դրամարկղ է մուտքագրել Ընկերություն ստացվող դրամը և ելքագրել այն: Յուրաքանչյուր աշխատանքային օր առաքիչների կողմից կանխիկ վաճառքներից ստացված գումարներն առաքիչներն առձեռն հանձնել են իրեն` նրանց լրացրած հատուկ ձևաթղթերի հետ միասին, որոնցում լրացված է եղել հանձնվող գումարի չափը, որն էլ ինքը տեղում համեմատել ու վերցրել է, իսկ առաքիչներին դրա համար որևէ ստացական կամ այլ փաստաթուղթ չի տվել, որևէ տեղ վերջիններս չեն ստորագրել ու դա կատարվել է փոխադարձ վստահության հիման վրա: Բացի այդ, առաքիչները գումարն իրեն հանձնելիս այդ մասին նշել են իրենց հեռախոսներում օնլայն ռեժիմով գործող հաշվապահական ծրագրում, իսկ ինքն էլ իր հերթին է այն մուտքագրել հաշվապահական ծրագիր: Նշված տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի է եղել ընկերության տնօրինությանն ու վերահսկվել է գումարի շարժը: Դրամարկղից գումարը նույնպես ինքն է ելքագրել` ֆինանսական տնօրենի կամ անմիջապես գործադիր տնօրենի հանձնարարությամբ: Չի իմացել, թե առաքիչների կողմից իրեն տրված գումարները կոնկրետ որ տնտեսվարողների կողմից են տրվել ու առանձին-առանձին որքան են կազմում, քանի որ իրեն տրվել է ընդհանուր գումար` առանց այդ մասին որևէ ձևակերպում կատարելու: Տնտեսագետ-գանձապահ աշխատելու ժամանակահատվածում միայն ինքն է կատարել նշած աշխատանքը, ընկերությունն այլ տնտեսագետ-գանձապահ չի ունեցել: Ընկերության դրամարկղ գումարի մուտքը կամ ելքը գրանցվել է հաշվապահական ծրագրում և դրամարկղի գրքում: Ընկերությունում առկա է եղել երկու հաշվապահական ծրագիր, որոնցից մեկն արտացոլել է ընկերության իրական շրջանառությունը, մուտքերն ու ելքերը, իսկ մյուսով կատարվել է զուտ հաշվապահական հաշվառումը, որը, ըստ իր ունեցած տեղեկությունների, չի համապատասխանել իրականությանը: Իրական հաշվապահական ծրագրում նշվել են ընկերության ամբողջ մուտքերն ու ելքերը, իրական դեբիտորներն ու կրեդիտորներն` իրենց չափերով, դրամական միջոցների կանխիկ ու փոխանցումներով մուտքերն ու ելքերը, հումք-նյութերի ու ապրանքների ձեռքբերումներն ու իրական չափերով վաճառքները, ամբողջ գործունեության ընդհանուր իրական շարժը, իսկ թե կոնկրետ ինչ է նշվել մյուս հաշվապահական ծրագրում, և ինչ տարբերությամբ, ինքը չի իմացել: Յուրաքանչյուր օր դրամարկղի մուտքերն ու ելքերը կատարել է հաշվապահական առաջին ծրագրում, սակայն դրան զուգահեռ, միաժամանակ, ընկերության դրամարկղի գրքում լրացումներ չի կատարել, այլ հաշվապահական իրական ծրագրում մուտքերն ու ելքերը կատարելուց հետո սպասել է մինչև իրեն հանձնարարել են մյուս ծրագրում առկա այդ մասով տեղեկատվությունն արտագրել դրամարկղի գրքում, ինչն էլ ինքը կատարել է ընկերության ֆինանսական տնօրենի հանձնարարությամբ: Ընկերության դրամարկղից ոչ մի անգամ իր նախաձեռնությամբ, կամ որևէ մեկի խնդրանքով իր կարիքների համար գումար չի վերցրել, իսկ դրամարկղի ողջ շարժն ամեն օր եղել է ֆինանսական տնօրենի հսկողության տակ»:

Ըստ բողոք բերած անձի` նշված ցուցմունքում արտացոլված փաստերը սույն գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանքներ են։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2020 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։

 

2.1 Կառավարչի կողմից ներկայացված դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխանի հիմնավորումները

Պատասխանողի կողմից ներկայացված քրեական հետապնդում չիրականացնելու մասին 14.12.2020 թվականի որոշումն անհիմն է և չի կարող համարվել թույլատրելի ու վերաբերելի ապացույց:

«Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը, ըստ էության, ամբողջովին հիմնված է միայն վկաների ցուցմունքների վրա, հետևաբար` այդ ապացույցը, որպես գրավոր ապացույց, հավասարեցվում է վկայի ցուցմունքին, որը թույլատրելի ապացույց չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի ուժով: Նշված որոշման մեջ վարույթ իրականացնող մարմնի հետևությունները հիմնված են բացառապես վկաների ցուցմունքների վրա, դրանում բացակայում են կոնկրետ փաստարկներ առ այն, որ երկրորդ հաշվապահությունում չեն նշվել գնորդների, մասնավորապես` անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի կողմից կատարված վճարումների վերաբերյալ տվյալներ:

Տվյալ դեպքում, պատասխանող կողմը չի ներկայացրել մատակարարված ապրանքների դիմաց վճարում կատարելը հավաստող որևէ թույլատրելի ապացույց, որը հիմք կդառնա հայցը մերժելու համար:

 

3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

 1) Ընկերության կողմից անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի անվամբ 06.02.2016 թվականից մինչև 13.11.2016 թվականն ընկած ժամանակահատվածում դուրս են գրվել թվով 86 հարկային հաշիվներ, որոնց համաձայն` Ընկերության կողմից անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանին մատակարարվել է 600.451 ՀՀ դրամի արտադրանք: Ընկերության կողմից տրամադրված հաշվարկի համաձայն` անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի պարտքն Ընկերության նկատմամբ 21.08.2019 թվականի դրությամբ կազմել է 600.451 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 9-98)

 2) Կառավարիչը, դիմելով Դատարան, պահանջել է անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանից հօգուտ Ընկերության բռնագանձել վերը նշված գումարը, հայցադիմումը ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության ամբողջական կատարումը պատասխանողից բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` հաշվարկված պարտքի չափից, ինչպես նաև բռնագանձել հայցադիմումի մեջ նշված պարտքի չափի քսան տոկոսի չափով գումար՝ որպես պարտքի հավաքագրման համար կատարած դատական ծախս՝ համաձայն Ընկերության և «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ի միջև 08062017 թվականի կնքված պարտքի գումարների հավաքագրման ծառայությունների մատուցման պայմանագրի քաղվածքի (հատոր 1-ին գ.թ. 6,7)

 3) Դատարանի 12092019 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին» որոշումն անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանը ստացել է 05112019 թվականին (հատոր 1-ին գ.թ. 110-115):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր երևան եկած հանգամանքի առկայությամբ, որը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով արձանագրել է, որ այն հանգամանքները, որոնք արդեն իսկ առկա են դատաքննության ժամանակ, սակայն որևէ պատճառով չեն ներկայացվել դատարան և հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երևան եկած»: Դատարանի ակտն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմած անձը պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական նիստի ժամանակ, և այդ ապացույցն ունի որոշիչ նշանակություն (տե՛ս Xheraj v. Albania, application no. 37959/02, §53-54, Yerogova v. Russia, application no. 77478/01, §33, Maltseva v. Russia, application no. 76676/01, §33, Kumkin and others v. Russia, application no. 73294/01, §31):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ նոր երևան եկած հանգամանքը ներառում է նոր ապացույցներ, որոնք վերաբերում են նախկինում գոյություն ունեցող փաստերին (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի թիվ 54012/10 Mihalache v. Romania-ի գործով 2019 թվականի հուլիսի 8-ին կայացրած վճիռը)։

Սահմանադրական դատարանն իր 26062015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ, բացահայտելով նոր երևան եկած հանգամանքի նշանակությունը, այն բնութագրել է որպես իրավական լուրջ երաշխիք անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ և ընդգծելով դրա կարևորությունը, նշել է, որ դրանք առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու և իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (․․․) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (․․․) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նաև պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները։

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-701, ՍԴՈ-709, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-872, ՍԴՈ-935, ՍԴՈ-1049, ՍԴՈ-1114 և այլն) անդրադարձել է նոր երևան եկած հանգամանքի, որպես մարդու խախտված իրավունքները Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան արդար և արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու բացառիկ արդարադատական միջոցի, սահմանադրաիրավական բովանդակության, միակերպ ընկալման ու կիրառման խնդիրներին, և մասնավորապես արձանագրել, որ.

- ուժի մեջ մտած դատական ակտը՝ վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,

- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և(կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում՝ նորահայտ են:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթում իրավասու անձը (գործին մասնակցող անձը, նրա իրավահաջորդը) պետք է ապացուցի ներկայացված հանգամանքների նախկինում (մինչև գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը) անհայտ լինելը կամ դրանց նորահայտ լինելը, կամ նախապես հայտնի լինելը, բայց իրենից անկախ պատճառներով օրինական ուժի մեջ մտած ակտը կայացրած դատարանին չներկայացնելու պատճառները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 420-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված իրավադրույթները, արձանագրել է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

-բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն, (...) (տե՛ս ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիվ ԵՇԴ/0096/02/11 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 03.02.2023 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2392/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականի որոշումը):

Քաղաքացիական դատավարությունում, արդարադատություն իրականացնելիս դատարանի թույլ տված սխալները շտկելու համար, օրենսդիրը նախատեսել է վերադաս ատյաններում օրինական ուժ ստացած դատական ակտերի իրավաչափության և օրինականություն ստուգում` դատական ակտերի վերանայում նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Ըստ էության, դատավարությունում նշված փուլը ենթակա է բնութագրման որպես արդարադատության իրականացման հատուկ, ծայրահեղ փուլ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արձանագրել է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար (տե՛ս «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ընդդեմ «Ֆիեստա Գոլդ» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության թիվ ԵՄԴ/0563/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։

Շարադրվածից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքներին վերագրվող հատկանիշներից է գործի քննության ժամանակ դրանց անհայտ լինելը բողոք բերած անձին: Հանգամանքը նոր երևան եկած է համարվում այն դեպքում, երբ ոչ միայն հայտնի չի եղել, այլև չէր կարող հայտնի լինել բողոք բերած անձին: Հանգամանքը բավարարում է նոր երևան եկած համարվելու չափանիշին նաև այն դեպքում, երբ բողոք բերած անձը գործի քննության ժամանակ փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ դրսևորել է բավարար հոգածություն և շրջահայացություն, սակայն դրանք իրենից անկախ պատճառներով դատարանին մնացել են անհայտ:

Նշված պատճառաբանություններից բխում է, որ գործի քննության ժամանակ անհայտ մնացած հանգամանքը նոր երևան եկած որակելու տեսանկյունից կարևորվում է այն հարցի գնահատականը, թե արդյոք գործին մասնակցող անձն ունեցել է այդ հանգամանքի մասին տեղեկանալու հնարավորություն: Անձը զրկվում է նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման իրավունքից, եթե գործի քննության ժամանակ այդ հանգամանքը կարող էր հայտնի լինել նրան, եթե վերջինս ցուցաբերեր բավարար հոգածություն և շրջահայացություն: Ընդ որում, հանգամանքների նախկինում իրեն անհայտ լինելը կամ իրենից անկախ պատճառներով դատարանին չներկայացնելու պատճառներն ապացուցելու պարտականությունը կրում է վերանայման վարույթ հայցող անձը:

Ընդ որում, օրենսդիրը, որպես դատական ակտի վերանայման հիմք, դիտարկում է ոչ թե նոր ապացույցները, այլ դրանցով հաստատված` նոր բացահայտված հանգամանքները (փաստերը), հետևաբար` անհրաժեշտ է տարբերակել նշված հասկացությունները: Այսպես, թե՛ նոր ապացույց ներկայացնելիս, թե՛ նոր երևան եկած հանգամանքները մատնանշելիս դատավարության կողմերը դատարանին տրամադրում են որոշակի տեղեկատվություն: Այդուհանդերձ, դրանց տարբերությունը կայանում է նրանում, որ մի դեպքում ապացույց ներկայացնելիս տրվում է տեղեկատվություն հայտնի հանգամանքի մասին, իսկ երկրորդ դեպքում, համապատասխանաբար, անհայտ հանգամանքի (այն է` իրադարձությունների, գործողությունների/անգործության, իրավահարաբերությունների և այլն) և դրա հետևանքների մասին:

Միաժամանակ, նոր երևան եկած հանգամանքներում դատարանի կողմից նախկինում կայացված դատական ակտն իրավաչափ չէ, քանի որ դատարանի կողմից որոշման կայացման պահին հաստատված փաստակազմը բավարար չէ դատական վեճին իրավաչափ լուծում տալու համար: Հետևաբար, նոր ապացույցներով հաստատված հանգամանքների առկայության դեպքում, ըստ էության, արձանագրվում է որոշման հիմքում ընկած ոչ ամբողջական կամ թերի փաստերի հաստատում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր դեպքերում, երբ դատական ակտի վերանայման պահանջ ներկայացնող կողմը կարողանում է ապացուցել, որ չի իմացել և օբյեկտիվորեն չէր կարող իմանալ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի մասին, ապա դատական ակտը, նոր երևան եկած հանգամանքների հիման վրա, ենթակա է վերանայման:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության կողմից անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի անվամբ 06.02.2016 թվականից մինչև 13.11.2016 թվականն ընկած ժամանակահատվածում դուրս են գրվել թվով 86 հարկային հաշիվներ, որոնց համաձայն` Ընկերության կողմից անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանին մատակարարվել է 600.451 ՀՀ դրամի արտադրանք: Ընկերության կողմից տրամադրված հաշվարկի համաձայն` անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի պարտքն Ընկերության նկատմամբ 21.08.2019 թվականի դրությամբ կազմել է 600.451 ՀՀ դրամ։

Կառավարիչը, դիմելով Դատարան, պահանջել է անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանից հօգուտ Ընկերության բռնագանձել վերը նշված գումարը, հայցադիմումը ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության ամբողջական կատարումը պատասխանողից բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` հաշվարկված պարտքի չափից, ինչպես նաև բռնագանձել հայցադիմումի մեջ նշված պարտքի չափի քսան տոկոսի չափով գումար՝ որպես պարտքի հավաքագրման համար կատարած դատական ծախս՝ համաձայն Ընկերության և «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ի միջև 08062017 թվականի կնքված պարտքի գումարների հավաքագրման ծառայությունների մատուցման պայմանագրի քաղվածքի։

Դատարանը 06.12.2019 թվականին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գործը քննելով պարզեցված վարույթի կարգով, Կառավարչի հայցը բավարարել է` հայցվորի կողմից հայցադիմումում նշված փաստարկները համարելով Դատարանի պատճառաբանություն:

Վերաքննիչ դատարանը 06.06.2020 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը, ծանուցված լինելով քաղաքացիական գործի մասին, զրկված չի եղել Դատարանում ներկայացնել վերաքննիչ բողոքում արտահայտած իր դիրքորոշումն այն մասին, որ վերջինս վճարել է մատակարարված ապրանքների դիմաց (...):

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2020 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանն ունեցել է գործի քննության ժամանակ թիվ 83154617 քրեական գործի շրջանակներում Ընկերությունում գանձապահ աշխատած Վահան Ալավերդյանի՝ որպես վկայի, տված ցուցմունքի և Վճռաբեկ դատարանի կողմից նոր երևան եկած համարված հանգամանքի մասին տեղեկանալու հնարավորություն: Դատարանում գործի քննության ընթացքում անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանը ստացել է ինչպես Ընկերության ներկայացրած հայցադիմումը և կցված փաստաթղթերը, այն վարույթ ընդունելու ու գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը, այնպես էլ գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին (հատոր 1-ին գ.թ. 110-117): Մինչդեռ հայցի փաստական հիմքերի, մասնավորապես մատակարարված ապրանքների դիմաց կանխիկ վճարած լինելու և այդ գումարներն Ընկերության գանձապահին հանձնված լինելու մասին որևէ դիրքորոշում Դատարանում չի հայտնել, չի ձեռնարկել այդ փաստերի բացահայտմանն ուղղված գործողություններ և որևէ միջնորդությամբ չի դիմել դատարանին: Բողոք բերած անձը զրկված չի եղել նշված հանգամանքների մասին Դատարանում գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու և Ընկերությունում որպես գանձապահ աշխատած Վահան Ալավերդյանին որպես վկա հարցաքննելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, ինչը չի կատարել։

Վերոգրյալից հետևում է, որ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի վկայակոչած հանգամանքները գործի քննության ժամանակ կարող էին հայտնի լինել իրեն և Դատարանին, եթե ցուցաբերեր բավարար հոգածություն ու շրջահայացություն: Միաժամանակ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանը չի ներկայացրել որպես նոր երևան եկած հանգամանքներ ներկայացված փաստերն իրենից անկախ պատճառներով Դատարանին չներկայացնելու պատճառների մասին հիմնավորումներ և դրանք հաստատող ապացույցներ, որպիսի պարտականություն կրել է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանը չի կարող օգտվել թիվ 83154617 քրեական գործով բացահայտված փաստերի՝ որպես նոր երևան եկած հանգամանքների, հիմքով դատական ակտի վերանայման իրավունքից, ուստի բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանգամանքի առկայությունը:

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ նոր երևան եկած հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու ու Վերաքննիչ դատարանի 26062020 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով առկա չեն դատական ծախսեր, Վճռաբեկ դատարանն այդ հարցը համարում է լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 408-րդ, 418-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը մերժել։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան