ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ», «Միկա-ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Գաջեգործ», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Նաիրիտ» գործարան և «Գաջ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» և «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, «Մաքուր երկաթ», «Ասկե-Գրուպ» և Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:
Համայնքների ցանկը և բնապահպանական վճարներից նրանց վարչական և ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները տվյալ (այսուհետ` առաջիկա) բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված նախապայմանների կատարման դեպքում: Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարների հանրագումարից` պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով:
Սույն օրենքի համաձայն` մասհանումներ կատարվում են ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու, ջրային ավազան վնասակար նյութեր և միացություններ արտանետելու ու շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման համար սահմանված բնապահպանական վճարներից:
(1-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-281, խմբ., փոփ. 23.05.06 ՀՕ-62-Ն, լրաց., փոփ. 11.06.09 ՀՕ-157-Ն)
Հոդված 2. Բնապահպանական վճարներից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) իրականացման համար:
(2-րդ հոդվածը փոփ. 11.06.09 ՀՕ-157-Ն)
Հոդված 3. Ծրագրի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տվյալ մարզի կամ համայնքի զարգացման (սոցիալ-տնտեսական զարգացման) կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերի կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերի հիման վրա: Ծրագիրը հրապարակում է համայնքի ղեկավարը:
Ընկերությունները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական այլ անձինք Ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո` տասնհինգoրյա ժամկետում:
Ծրագիրը ներառում է`
ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողային, ջրային և օդային տարածքներում ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանը նպատակաուղղված ներքոհիշյալ միջոցառումները`
- թափոնների օգտահանմանը, դրանց անվտանգ հեռացմանը, թափոնների հեռացման մասնագիտացված պոլիգոնների ստեղծմանը, գործող աղբավայրերի բարելավմանը, աղտոտված տարածքների մաքրմանն ու վերականգնմանը նպատակաուղղված գործողությունները,
- կեղտաջրերի վերամշակումը, կեղտաջրերի վերամշակման և կոյուղու համակարգերի կառավարման, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանը նպատակաուղղված գործողությունները,
- շրջակա միջավայրի տեղական և տարածաշրջանային աղտոտվածության դեմ պայքարը, որը ներառում է մթնոլորտային օդի մաքրության պահպանության, ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) պահպանության, աղմուկի և վիբրացիայի դեմ պայքարի և ճառագայթահարման դեմ պաշտպանության հետ կապված աշխատանքները և գործողությունները (վերահսկողության համակարգերի և կայանների կառուցումը, պահպանումը և շահագործումը, աղմկակլանիչ շինությունների և միջոցների կառուցումը, ջրային ռեսուրսների և դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մաքրման միջոցառումները, մթնոլորտային օդի որակի վրա բացասաբար ազդող ջերմոցային գազերի և աղտոտող նյութերի հսկողության կամ կանխարգելիչ միջոցառումները, աղտոտված հողի մաքրման, ինչպես նաև աղտոտող նյութերի վնասազերծման համակարգերի և սարքավորումների կառուցումը, շահագործումը և պահպանումը),
- կենսաբազմազանության և անտառների պահպանումը, բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբանական ռեսուրսների պահպանության և կայուն oգտագործման գծով գործողությունները, որոնք ներառում են կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության (այդ թվում` անհետացած և անհետացող տեսակների վերականգնման), կենդանիների բնադրավայրերի և բնության գեղագիտական արժեքների պահպանության (այդ թվում` խախտված տարածքների գեղագիտական արժեքի բարձրացման նպատակով դրանց վերականգնման, սպառված հանքավայրերի տարածքների ռեկուլտիվացիայի) աշխատանքները,
- շրջակա միջավայրի պահպանության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքները, շրջակա միջավայրի վրա ներգործության հետազոտությունները և (կամ) ուսումնասիրությունները,
- շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ տեղեկատվության տարածման կամ իրազեկման, էկոլոգիական կրթության գծով աշխատանքները և գործողությունները, բնապահպանությանը վերաբերող վերապատրաստական դասընթացների կազմակերպումը և ինստիտուցիոնալ ամրապնդումը,
- համայնքահեն բնապահպանական հասարակական կազմակերպություններին սույն կետում նշված միջոցառումների կատարման համար աջակցության ցուցաբերումը.
բ) ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված ներքոհիշյալ միջոցառումները`
- կապված շրջակա միջավայրի աղտոտման բացասական ազդեցության հետ` բնակչության առողջական վիճակի զննությունների իրականացում, դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցում,
- առողջապահության բնագավառում լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված այլ համապատասխան միջոցառումներ.
գ) ծրագրային միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները:
Մինչև Ծրագրի հաստատումը նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները համաձայնեցվում են բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Համաձայնություն չտալու դեպքում Ծրագրի ներկայացման oրվանից հետո` տասնհինգoրյա ժամկետում, համապատասխան լիազորված մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին և համապատասխան մարզպետին` նշելով համաձայնություն չտալու հիմքերը:
Համայնքի ավագանին իրավասու է Ծրագիրը վերադարձնել համայնքի ղեկավարին` ավագանու սահմանած ժամկետում այն լրամշակելու նպատակով:
Բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրի նախագիծը համայնքի ղեկավարը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանու հաստատած ծրագրի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն oրենքի 1-ին հոդվածով սահմանված մասհանումների շրջանակներում հատկացումներ նախատեսելու հարցը քննարկման առարկա դարձնելու նպատակով նշված ծրագիրը առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման համար Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացվում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմին:
Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը, սույն հոդվածի համաձայն ստացված ծրագրերի հիման վրա, հաշվի առնելով այդ ծրագրերի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն oրենքի 1-ին հոդվածին համապատասխան նախատեսվելիք հատկացումների ընդհանուր գումարները, կազմում է առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեից ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ ստացող համայնքների ցանկի նախագիծը` այդ ցանկում ընդգրկված համայնքների բյուջեներին հատկացվելիք մասհանումների գումարների բաշխմամբ, որը ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում:
Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են վերջիններիս կողմից ներկայացված ծրագրերի գծով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք հատկացումների չափի մասին:
Սույն հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերում բյուջեով սահմանված մասհանումների շրջանակներում փոփոխություններ կարող են կատարվել միայն համայնքի ավագանու կողմից` նախօրոք դրանք համաձայնեցնելով բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է oրենքով սահմանված կարգով:
(3-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.01 ՀՕ-281, խմբ. 11.06.09 ՀՕ-157-Ն)
Հոդված 4. Ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի չափը ենթակա չէ նվազեցման սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական վճարներից կատարվող մասհանման չափով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|