ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Հ. Ավագյան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ԿԴ/0035/13/23 | ||
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թադևոսյանի Դ. Խաչատուրյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
10 հունվարի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Միասնիկ Աշոտի Գեղամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով Միասնիկ Աշոտի Գեղամյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 344–րդ հոդվածի 2–րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Մ.Գեղամյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է 10 (տասը) ամիս ժամկետ:
2. 2023 թվականի մարտի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Մ.Գեղամյանի նկատմամբ նշանակված՝ 300․000 ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ։
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մայիսի 11-ի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը մերժվել է։
3․ Դատախազ Ա.Գրիգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2023 թվականի հունիսի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 11-ի որոշումը թողնելով անփոփոխ։
4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը փաստարկել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգի սահմանման նպատակը տուգանք պատժատեսակի կատարման ապահովումն է՝ առանց վատթարացնելու դատապարտված անձանց վիճակը։
6. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը նշել է, որ առանց տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգն ապահովելու, տուգանքն ազատազրկմամբ փոխարինելը գործնականում անհնարին կդառնա, քանի որ քննարկվող իրավանորմը նման իրավական ընթացակարգ չի սահմանել։
Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Մ.Գեղամյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետևաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ։
7․ Արդյունքում բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 11–ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Մ․Գեղամյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8․ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Միասնիկ Գեղամյանին վերագրվող հանցանքի կատարման պահի դրությամբ գործող՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով տուգանքի բռնագանձման իրավական կառուցակարգ նախատեսված չի եղել։
Արարքի կատարումից հետո՝ 2022 թվականի հուլիսի 1–ին ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական և քրեակատարողական օրենսգրքերով նախատեսվել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է, իսկ եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ՝ ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց։
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է տուգանքի բռնագանձման կառուցակարգ, որպիսին Միասնիկ Գեղամյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել և դրան հետադարձ ուժ տալու դեպքում դատապարտյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է (…)»1։
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Տ]ուգանքի ամբողջական վճարումից խուսափող դատապարտյալի գույքն անհատույց և հարկադրաբար վերցնելու իրավակարգավորումն ըստ էության քրեաիրավական նոր ինստիտուտ է, որի կիրառումը թեև դատապարտյալների պատիժը չի խստացնում, սակայն վատթարացնում է այն դատապարտյալների վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտվել են տուգանքի, դրա գումարը չեն վճարել և առկա են բավարար փաստական տվյալներ, այդ թվում՝ ուժի մեջ գտնվող դատական ակտ՝ այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսափում են տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց։ Ընդ որում, բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը հանգեցնում է տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված և չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն (վիճակը վատթարացնող օրենք է), այն դեպքում, երբ հանցանքի կատարման և դատավճռի ի կատար ածման պահին գործող քրեական և քրեակատարողական օրենսգրքերի կարգավորումները դատապարտյալների վիճակը բարելավող էին՝ տուգանքը կարող էր փոխարինվել և դատավճռի կատարման գործընթացն ավարտվեր տուգանքն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելով և այդ պատիժը կրելով։
Նշվածի համատեքստում անդրադառնալով Բողոքաբերի այն պնդմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման պարագայում տուգանքի գումարը վճարելուց խուսափելու դեպքում դատապարտյալները կարող էին իրավաչափորեն ակնկալել, որ տուգանքի չվճարած մասը կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հանրային աշխատանքներով և հանցագործության կատարման պահից պետության հետ ծագած քրեաիրավական հարաբերությունները կարող են ավարտվել այդ, և ոչ թե ազատազրկում պատժատեսակը լրիվ կրելու արդյունքներով։ Մինչդեռ ՀՀ քրեական նոր օրենսգրքի վերոնշյալ կարգավորումը տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալին զրկում է լեգիտիմ այդ ակնկալիքից, այն է՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինվելու հնարավորությունից։
Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 59–րդ հոդվածի 11–րդ մասի կարգավորումը, այն է՝ տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու, դրա բացակայության պարագայում՝ տուգանքը ազատազրկմամբ փոխարինելու նորմը դատապարտյալների վիճակը վատթարացնող է, հետևաբար՝ այդ օրենքին հետադարձ ուժ չի կարող տրվել(…)»2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք 2021 թվականի մայիսի 5–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետևությունը։
11. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`
1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(…)
11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
12․ Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ3։
12.1. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով4։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Մ.Գեղամյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող5։
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ նոր իրավակարգավորումների պայմաններում, բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը հանգեցնում է տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված և չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն, հաշվի առնելով, որ գործող քրեական օրենսգիրքը՝ ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի, տուգանքն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հնարավորություն չի նախատեսում6:
14․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12․1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ։ Մասնավորապես, նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։
15․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ նոր իրավակարգավորումների համաձայն՝ բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը հանգեցնում է տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված և չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն, հետևաբար վերոնշյալ ինստիտուտն անձի վիճակը վատթարացնող է, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում, այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով՝ նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ։
16․ Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։
17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար7:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Միասնիկ Աշոտի Գեղամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
___________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 39-43։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 83-85։
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։
4 Տե՛ս նույն որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17․1։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. Խաչատուրյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: