ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3335/02/17 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3335/02/17 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆՆ․ ՀՈՎՍԵՓՅԱՆ ս. ՄեղրՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
2024 թվականի հունիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Քրիստինե Մխիթարյանի հայցի ընդդեմ Արտակ Ոսկանյանի՝ ոչ նյութական վնասը հատուցելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Քրիստինե Մխիթարյանը պահանջել է Արտակ Ոսկանյանին պարտավորեցնել վճարել 500.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում և 500.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.07.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Արտակ Ոսկանյանից հօգուտ Քրիստինե Մխիթարյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, որից՝ 150.000 ՀՀ դրամ՝ զրպարտության համար, և 150.000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի դիմաց»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.11.2021 թվականի որոշմամբ Արտակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Ոսկանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ, 379-րդ և 381-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Քրեական գործով դատական նիստի արձանագրության համաձայն՝ վկա Քրիստինե Մխիթարյանին հարցաքննել է պաշտպանության կողմը՝ ամբաստանյալը և պաշտպան Արտակ Ոսկանյանը: Այսինքն՝ վկա Քրիստինե Մխիթարյանին հարցեր ուղղվել են ամբաստանյալի և պաշտպանի կողմից՝ առանց հարցեր տալու հաջորդականության որոշման, նրանց խոսքը ձայնագրառվել է սեղանի վրա դրված մեկ ընդհանուր խոսափողի միջոցով, ու կատարված ձայնագրառումից հնարավոր չէ հստակ պարզել՝ խոսափողի միջոցով արտահայտություններն արվել են պաշտպանի՞, թե՞ ամբաստանյալի կողմից: Մինչդեռ ստորադաս դատարաններն արձանագրել են, որ «կակոյ նի բուդ պոռնիկ իմ հասցեին կլյաուզաներա գրում» արտահայտությունը կատարել է ինքը:
Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել բացառապես իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով համապատասխան մարմին դիմելու անհրաժեշտության վերաբերյալ դատախազի առաջարկը՝ անտեսելով, որ քրեական գործը քննող դատավորը ոչ միայն մերժել է միջնորդությունը, այլև չի արձանագրել, որ այդ արտահայտության հեղինակն ինքն է: Ավելին՝ անգամ քրեական գործը քննող դատավորն է արձանագրել, որ հնչած արտահայտությունը հասցեական չի եղել:
Ինքը ժխտել է այն փաստը, որ «պոռնիկ» արտահայտությունն ինքն է արել, ինչպես նաև այն, որ արտահայտությունն արվել է հրապարակայնորեն: Արտահայտության բովանդակությունը դրա կատարման պահին հասանելի չի եղել ոչ մեկին, այն բացահայտվել է հետագայում՝ քրեական գործով դատական նիստի արձանագրության ուսումնասիրությամբ, ինչը ևս մեկ անգամ վկայում է դրա ոչ հրապարակայնորեն արված լինելու մասին, ինչը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Դատարանն ինքն է արձանագրել, որ «պոռնիկ» բառը փոխաբերական իմաստով նշանակում է ծայրահեղորեն անսկզբունք մարդ, որպիսի հետևություն ինքն արել է, քանի որ քրեական գործով դատական նիստի ընթացքում Քրիստինե Մխիթարյանը նախ նշում է, թե 93564412 հեռախոսահամարից զանգահարողն իր ընկերն է՝ Սուրեն անունով, մի քանի վայրկյան անց՝ դատավորի կողմից արված նկատողությունից հետո, նշում է, թե չի հիշում՝ ով է այդ համարից զանգահարողը: Այսինքն՝ Քրիստինե Մխիթարյանը դրսևորել է ծայրահեղորեն անսկզբունք մարդուն բնորոշ վարքագիծ, որի կապակցությամբ անգամ դիտողություն է ստացել քրեական գործը քննող դատավորի կողմից:
«Կլյաուզներ գրող» դատողությունը հիմնված է կոնկրետ փաստերի վրա, այն համապատասխանում է իրականությանը, բխում է հայցվորի՝ որպես վկա հարցերին տրված պատասխաններից: Գործի քննությունը ավելորդ չծանրաբեռնելու, դատական խնայողության և գործի ողջամիտ ժամկետում քննության նկատառումներից ելնելով՝ ինքը Դատարանում հստակ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ զրպարտության մասով հայցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիմքով մերժման ենթակա լինելու պայմաններում արված արտահայտության՝ իրականությանը համապատասխանելու, հայցվորի ելույթից կամ տրված պատասխանից բխելու վերաբերյալ փաստարկներին մանրամասն անդրադառնալը և դրանք հիմնավորող ապացույցները ձեռք բերելուն ուղղված գործողությունների կատարման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը բացակայում է, ինչը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.11.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) թիվ ԼԴ2/0060/01/17 քրեական գործով 27.11.2017 թվականի դատական նիստի համակարգչային արձանագրման կրիչի համաձայն՝
11:27:23՝ սկսվել է Քրիստինե Մխիթարյանի՝ որպես վկայի հարցաքննությունը,
11:45:41՝ սկսվում է պաշտպանի կողմից վկայի հարցաքննությունը, որն ընդմիջվում է 11:47:27-ին, շարունակվում 11:53:32-ին, այնուհետև՝ 11:58:20-ին և 12:00:58-ին,
11:53:49՝ Արտակ Ոսկանյան՝ «093-56-44-12, ու՞մ հեռախոսահամարն է»,
11:53:51` վկա՝ «իմ ընկերնա, հետո»
11:53:57՝ Արտակ Ոսկանյան՝ «(...) անունը կասե՞ք»,
11:54:10՝ վկա՝ «Սուրեն»,
11:54:11՝ Արտակ Ոսկանյան՝ «Սուրե՞ն, հեռախոսահամարը գրանցված է որպես Սպիտակ քաղաքի բնակչի»,
11:54:14՝ «կարա լինի Լոնդոնի քաղաքը, ինչ կա դրա մեջ, ինչ, Ձեզ թվում էր ես պիտի իմ ընկերներին խառնեմ, ես իմ հարցերը ինձանով եմ, թե չէ իմ պապան նստած կլներ թիկնապահների նման, ոնց որ ոմանք են թիկնապահի նման նստած, իմ պապան էլ էկած կլիներ, ես մենակով եմ իմ հարցերը լուծում, ինձ ոչ մեկ պետք չի, որ ինձ ինչ-որ ուղղություն տա, եթե դուք էտ եք ակնարկում, ու մինչև էտ ինձ ասեկոսներ հասելա, ես գիտեմ, էտ մարդու համարը ում անունով ուզումա գրված լինի, ինձ Սուրեննա զանգել, իմ ընկերը, ես իրավունք չու՞նեմ ընկեր ունենամ, ձեզ պիտի ինչ-որ հարցնեմ՝ կարո՞ղ եմ ես ընկեր ունենամ»,
11:54:49՝ Արտակ Ոսկանյան՝ «լավ, դա ձեր իրավունքնա, վերծանումները կդիտարկենք»,
11:54:50՝ վկա՝ «դե բա ինչի համար եք խորացել, հիմա իմ քրոջ անունով իմ մամայի ձեռքինա հեռախոսահամարը, դա ի՞նչ կապ ունի, ի՞նչ կապ ունի դա»
11:55:06՝ Արտակ Ոսկանյան՝ «ինչ կապ ունին դու չես որոշում»,
11:55:08՝ վկա՝ «դե դու՞ք եք որոշում»,
11:55:12 դատարան՝ «մի վայրկյան, դուք հարցերին պատասխանեք»,
11:55:13՝ վկա՝ «ես պատասխանում եմ, իմ ընկեր Սուրեննա, ինչի՞ համարա ինքը վերծանումներ ասում,
11:55:24՝ Արտակ Ոսկանյան «դուք նախազգուշացված եք սուտ ցուցմունքի համար, կճշտենք՝ ովա ձեր ընկեր Սուրենը, որին պետք է միջնորդենք, դատարան հրավիրենք հարցաքննության»,
11:55:25՝ վկա՝ «դուք չեք կարող ինձ զանգեր արածներին հրավիրեք դատարան»,
11:55:46՝ Արտակ Ոսկանյան՝ «հետո, 091-94-81-81 հեռախոսահամա՞րը»,
11:55:47՝ վկա՝ «չեմ հիշում, էն մյուս ընկերսա, լա՞վա»,
11:56:04՝ դատարան՝ «դուք հարցեր տալու իրավունք չունեք, չեք հիշում՝ ասեք՝ չեմ հիշում»,
11:56:24՝ վկա՝ «դե ուրեմն առաջինն էլ չեմ հիշում»,
11:56:28՝ Արտակ Ոսկանյան՝ «առաջինն արդեն նշեցիք, որ Սուրեննա, դուք նշեցիք Սուրեն, հիմա կկանչենք, կտեսնենք՝ Սուրենն ովա»,
11:56:37՝ դատարան՝ «հարգելի պաշտպան, թե ինչ կանեք, դուք ասում եք, ինքն էլ ասումա, դառնումա մասնավոր զրույց»,
11:56:37՝ Արտակ Ոսկանյան՝ «հարգելի դատարան, վկան իրեն թույլ է տալիս, որ կլյաուզներ անի, թերթերում հոդվածներա գրում»,
11:56:38՝ դատարան՝ «ես չգիտեմ կլյաուզաներա գրում, հոդվածներա գրում»,
11:56:53՝ վկա՝ «ես ինչը ճիշտնա, էտ եմ ասել»,
11:56:54՝ Արտակ Ոսկանյան՝ «ինչնա ճիշտը»,
11:57:02՝ դատարան՝ «ձեր անձնական հարցերը մի լուծեք, գործի հետ կապված հարցեր տվեք»,
11:57:10՝ Արտակ Ոսկանյան՝ «կակոյ նի բուդ պոռնիկ պիտի իմ մասին կլյաուզներ գրի»,
11:57:14՝ վկա՝ «դու քո հասցեն մի ասա»,
11:57:15՝ դատախազ՝ «հարգելի դատարան, ես միջնորդում եմ, դատարանի դահլիճում հայհոյանքա հնչեցնում պաշտպանը, ես միջնորդում եմ, որպեսզի»,
11:57:24՝ Արտակ Ոսկանյան՝ «ինչ հայհոյանք»,
11:57:25՝ դատախազ՝ «կակոյ նի բուդ ինչ արտահայտություն արեցիք»,
11:57:26՝ Արտակ Ոսկանյան՝ «պոռնիկ»,
11:57:27՝ դատախազ՝ «ի՞նչ»
11:57:27՝ Արտակ Ոսկանյան՝ «պոռնիկ»,
11:57:28՝ դատախազ՝ «հետո՞, ու դա դատարանում վայել արտահայտությու՞նա»,
11:57:39՝ դատարան՝ «հարց ունեք՝ հարց տվեք»,
11:57:45՝ ամբաստանյալ՝ «ես ունեմ կարելի՞ա, որ դու գնացիր, ո՞վ կար Գայանեյանց տանը»,
11:57:49՝ վկա՝ «Գայանեն ու ամուսինն էին»,
11:57:50՝ ամբաստանյալ՝ «ուրի՞շ»,
11:57:51՝ վկա՝ «մարդ չեմ հիշում»,
11:57:52՝ ամբաստանյալ՝ «ամուսինն ինչո՞վ էր զբաղվում»,
11:57:53՝ վկա՝ «գնացել էր իրանց սենյակ, հետո հետ էր էկել»,
11:58:14՝ դատարան՝ «ուրի՞շ հարց ունենք»,
11:58:14՝ ամբաստանյալ՝ «չէ»,
11:58:19՝ դատարան՝ «հարգելի պաշտպան հարց ունե՞ք»,
11:58:20՝ Արտակ Ոսկանյան՝ «հա, նախորդ օրը, ասեցիք, զանգել էիք Գայանեի աղջկան, հիշու՞մ եք ինչքան ժամանակ եք խոսացել»,
11:58:31՝ վկա՝ «հա, մի կես ժամ»,
11:58:59՝ դատարան՝ «ուրի՞շ հարց»,
11:59:05-12:00:58՝ հարցուպատասխան ամբաստանյալի և վկայի միջև,
12:00:58՝ Արտակ Ոսկանյան՝ «դուք ձեր գումարը ո՞նց եք վերցրել»,
12:01:01՝ վկա՝ «գումարս ուզել եմ տվելա», 12:01:05՝ «ես առևտուր եմ արել, իմ զդաչինա տվել, վրանա դրել ասելա Քրիստիկ ջան 5.000 դրամ էլ իմ գումարից մինուս կանես, իրիկունն էլ զանգել ենք հաշվարկ ենք արել, միշտ էլ տենցա էղել»,
12:01:17՝ Արտակ Ոսկանյան՝ «քանի անգամա էղել»,
12:01:23՝ վկա՝ «մենք միշտ ենք զանգել, ասենք տեսեք ոնցա՝ (...)»,
12:06:56-12:10:59՝ դատարանի և վկայի հարցուպատասխան,
12:12:22՝ դատարան՝ «ունե՞ք հարցեր»,
12:12:29՝ դատախազ՝ «հարգելի դատարան, հարցեր չունեմ, հայտարարություն ունեմ, քանի որ պաշտպանյալ Ոսկանյանը դատարանում պահեց ոչ հարիր արտահայտություններ կատարեց, ես միջնորդում եմ, որ դատարանը համապատասխան միջնորդությամբ հանդես գա փաստաբանների պալատ վարույթ հարուցելու և քննություն կատարելու համար»,
12:12:52՝ դատարանը դիմում է Արտակ Ոսկանյանին՝ «խնդրեմ, ձեր բացատրությունը»,
12:13:19՝ Արտակ Ոսկանյան՝ «հարգելի դատարան, ես մինչև էտ հարցը քննարկելը, դատախազը ձեռք ու ոտքով է փաստաբանի հետ խոսում»,
12:13:22՝ դատարան՝ «ես ուղղակի չեմ հասկանում, ասենք ինչ նկատի ունեք դուք հարգելի դատախազ, այսինքն՝ արտահայտությունը ինչ էր, ես, ճիշտն ասած, լավ չլսեցի էտ պահին՝ ինչ ասաց, հասցեակա՞ն էր դա արդյոք»,
12:13:34՝ վկա՝ «այո, իմ հասցեին էր, ասեց ինչ-որ մի հատ պոռնիկի գրածով չգիտեմ ինչ պիտի լինի»,
12:13:41՝ դատարան՝ «ինչ գիտեք, որ ձեր հասցեին էր»,
12:31:42՝ վկա՝ «իմ մասին էր խոսում մարդը»,
12:13:48՝ դատարան՝ «դատարանը գտնում է, որ չկան բավարար հիմքեր, այսինքն՝ էնպիսին չի, որ պետք է դատարանը դիմի փաստաբանների պալատ՝ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում թույլ է տրվել խախտում և պետք է հայտարարել նախազգուշացում»,
12:14:23՝ Արտակ Ոսկանյան՝ «հարգելի դատարան, ամեն դեպքում խնդրում եմ դատախազին էլ նախազգուշացրեք դատական նիստին իրենց կոռեկտ պահեն, փաստաբանի հետ ձեռքով ոտքերով բարձրացնելով խոսելու համար»,
12:14:51՝ դատարան՝ «անձնական բաների մի վերածեք դատական նիստը, մի քիչ զսպվածություն դրսևորեք»,
12:17:41 դատական նիստը հայտարարվեց փակված» (հատոր 1-ին, գ․թ․ 28)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել՝
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0749/02/10 և 08.05.2014 թվականի թիվ ԱՎԴ/0179/02/13 որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ու 66-րդ հոդվածների ենթադրյալ խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիրավորանքի և զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի կիրառմանը՝ վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները:
Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից՝ սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: (...):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիվը անձի բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական և այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ սոցիալական գնահատականն է: Այն անձի նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումն է, որի գիտակցումն իր հերթին ներքին շարժառիթ է հանրության կողմից ընդունված բարոյական նորմերով, սոցիալական կանոններով, գործարար շրջանառության սովորույթներով ղեկավարվելու և դրանց պահանջները պահպանելու համար:
Արժանապատվությունը անձի կողմից իրեն տրվող սոցիալական գնահատականի գիտակցումն է՝ սեփական արժանիքների ինքնագիտակցումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով մարդու արժանապատվության իրավական բովանդակության բացահայտման հիմնահարցին, նշել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի զարգացրած իրավունքն, ընդհանուր առմամբ, ճանաչում է անձնական կյանքի և դրա հետ կապված արժեքների կարևորությունը։ Այդ արժեքները, ի թիվս այլնի, ներառում են հոգեբանական բարեկեցությունը և արժանապատվությունը (տե՛ս Բեիզարասը և Լեվիցկասն ընդդեմ Լիտվայի գործով Եվրոպական դատարանի 14.05.2020 թվականի վճիռը, պարբ. 117):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշներին, արձանագրել է հետևյալը.
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն՝ պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վկայակոչված պայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետևաբար նաև՝ դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ վիրավորանք գնահատելու չափանիշներին, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը․
1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը,
2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն՝ պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա,
3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով:
Վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար (տե՛ս Կրիստինա Սարգսյանն ընդդեմ Մհեր Ենգիբարյանի, երրորդ անձ «Tert.am» լրատվական կայքի թիվ ԱՎԴ/2194/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):
Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում: Այս տրամաբանությունն է դրված նաև քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):
Օրենսդիրը պատիվը և արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավն արատավորող տեղեկությունների ցանկ չի սահմանում՝ թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժևորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը ու դրանք հերքելու անհրաժեշտությունը: Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Ըստ այդմ, անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը` այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա և արված է արդար մտադրություններով։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:
Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության) (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27․04․2012 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ:
Վիրավորանքի և զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու նպատակով կարևոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզև դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը և այլն:
Որևէ արտահայտություն՝ որպես զրպարտություն դիտարկելիս անհրաժեշտ է նաև պարզել արատավորող տվյալներ հրապարակող անձի իրական մտադրությունը, տվյալներ հրապարակելուն նախորդած հանգամանքները, տվյալները հրապարակած և տուժող անձանց վարքագիծը մինչև արտահայտություն հրապարակելը, տվյալների բովանդակությունը և մասնավորապես հանրության համար դրանց հետաքրքրություն ունենալը (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի թիվ ԵԴ/7480/02/18 որոշումը):
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիրավորանք հասցրած անձի դիտավորությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև հասարակական արձագանքի արդյունավետությունը, տվյալ հասարակությունում արմատավորված նորմերը, դրանց նկատմամբ հասարակության անդամների ընկալունակությունն ու դրանց պահպանման անհրաժեշտության մակարդակը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (...): Նույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Վկայակոչված իրավակարգավորումների հիմքով անկախ նրանից՝ անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում, հրապարակային արտահայտությունը չի համարվի վիրավորանք, եթե հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը): Որևէ արտահայտություն որպես զրպարտություն դիտարկելիս անհրաժեշտ է նաև պարզել արատավորող տվյալներ հրապարակող անձի իրական մտադրությունը, տվյալներ հրապարակելուն նախորդած հանգամանքները, տվյալները հրապարակած և տուժող անձանց վարքագիծը մինչև արտահայտություն հրապարակելը, տվյալների բովանդակությունը և մասնավորապես հանրության համար դրանց հետաքրքրություն ունենալը:
Ընդ որում, կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի թիվ ԵԴ/7480/02/18 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է նաև կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը՝ մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի՞ արդյոք այդ կարծիքը՝ որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած՝ քննադատություն): Ընդ որում, նմանատիպ գործերով էական նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների տարբերակումը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններից (տե´ս Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Քրիստինե Մխիթարյանը պահանջել է Արտակ Ոսկանյանին պարտավորեցնել վճարել 500.000 ՀՀ դրամ՝ որպես «կլյաուզաներ գրող» արտահայտությամբ զրպարտելու համար փոխհատուցում, 500.000 ՀՀ դրամ՝ որպես «պոռնիկ» արտահայտությամբ վիրավորելու համար փոխհատուցում:
Դատարանն արձանագրելով, որ՝
-««կակոյ նի բուդ պոռնիկ իմ հասցեին կլյաուզաներա գրում» արտահայտությունը կատարել է պատասխանողը,
-«կլյաուզա» բառը բացատրվում է որպես զրպարտանք, բանսարկություն, անհիմն մեղադրանք, մանր բծախնդրական հայց, դատական սուր գանգատ, հանրային ընկալման մեջ «կլյաուզա» բառը նշանակում է ոչ հավաստի, չստուգված տեղեկատվություն,
-«պոռնիկ» նշանակում է հասարակաց կին, առհասարակ՝ շնություն անող մարդ (առավելապես՝ կին), շնացող, փոխաբերական իմաստով՝ ծախու՝ ծայրահեղորեն անսկզբունք մարդ»,
հիմնավոր է համարել հայցվորի պնդումը՝ «կլյաուզաներ գրել»-ը որպես զրպարտություն և «պոռնիկ» բառը՝ որպես վիրավորանք դիտարկելու մասին:
Հիմք ընդունելով քրեական գործով դատական նիստի ձայնագրառումը՝ նշված արտահայտություններն իր կամ վստահորդի կողմից արված լինելու, դրանք միմյանց միջև քննարկման ժամանակ ասված լինելու, երրորդ անձանց հասանելի չդառնալու ուղղությամբ միջոցներ ձեռնարկված լինելու և հայցվորի հասցեին արված չլինելու մասին պատասխանողի դիրքորոշումը, Դատարանը այն գնահատել է չհիմնավորված այն պատճառաբանությամբ, որ «ապացույցի հետազոտումից հստակ պարզ է, որ արտահայտությունները կատարել է պատասխանողը դատական նիստի ժամանակ՝ դատավորի հայտարարությունից՝ Ձեր անձնական հարցերը մի քննարկեք, մի քանի վայրկյան հետո, հստակ լսելի է եղել ինչպես հայցվորի համար (հայցվորը պատասխանել է. «Քո հասցեն մի ասա»), այնպես էլ երրորդ անձի՝ քրեական գործով դատախազի համար (վերջինիս կողմից հրավիրվել է դատավորի ուշադրությունը, արված արտահայտության ինչպիսին լինելու հարցադրում, ինչին ի պատասխան պատասխանողը երկու անգամ կրկնել է «պոռնիկ» բառը), արտահայտությունը արել է անմիջապես պատասխանողի՝ քրեական գործով վկայի կարգավիճակում տված ցուցմունքի ժամանակ»:
Դատարանն արձանագրել է նաև, որ «Պատասխանողը, հանդիսանալով փաստաբան, տեղյակ է եղել դատական նիստերի դահլիճներում ձայնագրառում իրականացվելու մասին, և միացված բարձրախոսի առկայությունը հաշվի առնելով, նման արտահայտությունը, թեկուզև՝ ինչպես Պատասխանողն է նշում, իր և իր վստահորդի միջև քննարկման ժամանակ արված լինելու պարագայում, պարտավոր էր գիտակցել դրա հնչելիության աստիճանը և բացի իր արտահայտության հասցեատիրոջից, այլ անձանց հասանելի դառնալու հանգամանքը: Պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ հայցվորի կողմից իր վերաբերյալ լրատվական միջոցներով իրականությանը չհամապատասխանող որևէ հոդված է տպագրվել, ինչով հնարավոր կլիներ հիմնավորել հայցվորի վերաբերյալ իր արտահայտությունը՝ կլյաուզա գրելու մասին: Վերոգրյալի հիման վրա Դատարանն ապացուցված է համարում Պատասխանողի կողմից «կակոյ նիբուդ պոռնիկ իմ հասցեին կլյաուզաներ ա գրում» արտահայտությունը կատարված լինելը, այն Հայցվորին ուղղված լինելը, հրապարակային լինելը, երրորդ անձանց հասանելի չլինելու համար բավարար միջոցներ չձեռնարկելը»:
Դատարանի 13.07.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Արտակ Ոսկանյանից հօգուտ Քրիստինե Մխիթարյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, որից՝ 150.000 ՀՀ դրամ՝ զրպարտության համար, և 150.000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի դիմաց»:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «պոռնիկ» և «կլյաուզա» բառերի նշանակությանը, արձանագրել է, որ «առաջինի բառարանային նշանակությունից հետևում է, որ այն ամբողջությամբ բացատրվում է բացասական նշանակությամբ: Կասկածից վեր է, որ նշված արտահայտությունը չի տեղավորվում բանական մարդու բարոյական նորմերի արժեհամակարգում, և բնականաբար, եթե տվյալ արտահայտությունը արված է հրապարակային կերպով, ապա հետապնդում են մարդու պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ: Հասարակության մեջ բացասական է ընկալվում նաև հաջորդ՝ «կլյաուզա» արտահայտությունը, որը անձի վարքագծին ոչ դրական երանգ հաղորդող նշանակություն ունի: Այսինքն` վերոգրյալից հետևում է, որ նշված արտահայտություններն իրենց էությամբ ունեն անձի պատիվը, արժանապատվություն նվաստացնող բնույթ, հետևաբար արտահայտություններում վիրավորանքի և զրպարտության տարրերի առկայությունը Վերաքննիչ դատարանը համարում է ապացուցված»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հայցվորն ապացուցել է այդ արտահայտությունները պատասխանողի կողմից կատարված լինելու փաստը, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Դատական նիստի ձայնագրման վերծանումից հետևում է, որ թեև դատարանի և մեղադրողի կողմից հնչեցված հարցերի հասցեատիրոջ անունը չի հնչում, այդուհանդերձ որպես պատասխան հնչեցված արտահայտությունը (թե ինչ է նախորդիվ հնչեցվել, որը մասամբ լսելի չի եղել դահլիճում գտնվող անձանց, կրկին հնչել է նույն արտահայտությունը), առաջացրել է դատախազի զարմանքը, որպիսի փաստով պայմանավորված վերջինս դիմել է դատարանին Արտակ Ոսկանյանի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատ դիմելու համար: Այսինքն ակնհայտ է, որ նշված արտահայտություններն արվել են հենց սույն գործով պատասխանողի կողմից, հակառակ դեպքում չէր առաջանա սույն գործով պատասխանողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով համապատասխան մարմին դիմելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկ»:
Անդրադառնալով հայտարարությունները հայցվորի անձին վերաբերելու փաստն ապացուցված լինելու փաստի առկայությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «այդ փաստը ևս ապացուցվել է, հիմք ընդունելով նույն ձայնագրության մեջ առկա հայցվորի պատասխան խոսքն այն մասին, որ «դու քո հասցեն մի ասա», որից առնվազն հետևում է, որ հայցվորը կատարված արտահայտությունները վերագրել է իրեն, այդ իսկ պատճառով պատասխան արտահայտություն է արել պատասխանողի հասցեին, իսկ պատասխանողը որևէ ձևով չի առարկել արված արտահայտությունները հայցվորին հասցեագրված չլինելու մասին: Վերոգրյալից հետևում է, որ նշված փաստը ևս հաստատվել է հայցվորի կողմից»:
Անդրադառնալով հայտարարությունը հրապարակայնորեն կատարված լինելու հանգամանքին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Ներկայացված ապացույցի հետազոտությունից հետևում է, որ նշված արտահայտությունները կատարելու ժամանակ դատական նիստերի դահլիճում բացի սույն գործով հայցվորից և պատասխանողից, դատական նիստերի դահլիճում առնվազն ներկա են եղել դատավորը, դատախազը, դատական նիստերի քարտուղարը, ամբաստանյալը, (չի բացառվում այլ անձանց ներկայությունը, օրինակ՝ դատական կարգադրիչի, ամբաստանյալի հարազատների, դատարանի աշխատակազմից որևէ անձի և այլն), ինչն արդեն իսկ վկայում է այդ արտահայտությունների հրապարակայնության մասին, հետևաբար այդ փաստը ևս ապացուցվել է: Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկին առ այն, որ արտահայտություններն արվել են շշուկով, այնպես, որ լսելի չլինի երրորդ անձանց համար, ուստիև հայցվորին վիրավորելու և զրպարտելու նպատակ չի հետապնդվել, Վերաքննիչ դատարանը համարում է անհիմն, քանի որ եթե անգամ նշված արտահայտություններն ի սկզբանե արվել են շշուկով, ապա հետո դրանք բարձրաձայնվել են և դարձել լսելի ներկաներին»:
Անդրադառնալով «կլյաուզաներ է գրում» արտահայտությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «գործով ձեռք չի բերվել ապացույց առ այն, որ հայցվորի կողմից պատասխանողի վերաբերյալ լրատվական միջոցներով իրականությանը չհամապատասխանող որևէ հոդված է տպագրվել, ուստիև չի հիմնավորվել արտահայտության փաստերի վրա հիմնված լինելու բնույթը, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ պատասխանողն այդ արահայտությամբ զրպարտել է հայցվորին»:
Վերոշարադրյալ պատճառաբանությունների ուժով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Դատարանի վճիռը:
Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ ստորադաս դատարանները զրպարտության և վիրավորանքի համար անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմերի առկայությունը հաստատված են համարել՝ հիմք ընդունելով քրեական գործով դատական նիստի համակարգչային արձանագրման կրիչը:
Արտահայտությունները կատարող սուբյեկտի մասով.
Անդրադառնալով բողոքաբերի փաստարկին այն մասին, որ կատարված ձայնագրառումից հնարավոր չէ հստակ պարզել՝ խոսափողի միջոցով արտահայտություններն արվել են պաշտպանի, թե ամբաստանյալի կողմից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստից հետևում է, որ 27.11.2017 թվականին կայացել է թիվ ԼԴ2/0060/01/17 քրեական գործով դատական նիստը: Քրեական գործով մեղադրյալ Մխիթար Մաթևոսյանի պաշտպան է հանդիսացել Արտակ Ոսկանյանը, նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվել է Քրիստինե Մխիթարյանը:
Գործում առկա համակարգչային արձանագրման կրիչի բովանդակության ուսումնասիրությամբ վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի առնչությամբ հնարավոր է հստակ և որոշակի տարանջատել ամբաստանյալի ու պաշտպան Արտակ Ոսկանյանի և՛ ձայները, և՛ հարցադրումները, և՛ դրանց վերաբերյալ տրված պատասխաններն ու արձագանքները:
Արտակ Ոսկանյանի կողմից վկայի հարցաքննությունը սկսվել է 11:45:41-ին՝ ըստ էության շարունակվելով մինչև 11:57:39-ը ներառյալ: Այդ ընթացքում վկային հարցադրումներ հնչեցրել է բացառապես պաշտպանը:
Պաշտպանի կողմից վկայի հարցաքննության ընթացքը, հարցադրումներին տրված պատասխանների վերաբերյալ պաշտպանի ռեպլիկները (Արտակ Ոսկանյանը վկա Քրիստինե Մխիթարյանին՝ 11:55:06՝ «ինչ կապ ունին դու չես որոշում», 11:54:49՝ «լավ, դա ձեր իրավունքնա, վերծանումները կդիտարկենք», 11:55:24՝ «դուք նախազգուշացված եք սուտ ցուցմունքի համար, կճշտենք՝ ովա ձեր ընկեր Սուրենը, որին պետք է միջնորդենք, դատարան հրավիրենք հարցաքննության», 11:56:28՝ «հիմա կկանչենք, կտեսնենք՝ Սուրենն ովա») վկայում են այն մասին, որ «կլյաուզաներա գրում» և «պոռնիկ» արտահայտությունները հանդիսացել են պաշտպան Արտակ Ոսկանյանի և վկայի միջև վիճաբանության վերածված հարցաքննությանը պաշտպան Արտակ Ոսկանյանի արձագանքը, այդ թվում՝ հարցաքննվող վկայի պատասխաններին և քննվող գործի վերաբերյալ վերջինիս ներկայացրած տվյալներին:
Մասնավորապես վկայի պատասխանին արձագանքելով՝ պաշտպանը նշել է՝ 11:56:28՝ «հիմա կկանչենք, կտեսնենք՝ Սուրենն ովա», ինչին անմիջապես հաջորդել է դատարանի հորդորը՝ «հարգելի պաշտպան, թե ինչ կանեք, դուք ասում եք, ինքն էլ ասումա, դառնումա մասնավոր զրույց», այնուհետև պաշտպանի արձագանքը՝ 11:56:37՝ «հարգելի դատարան, վկան իրեն թույլ է տալիս, որ կլյաուզներ անի, թերթերում հոդվածներա գրում»:
Բացի այդ, նույնիսկ գործը քննող դատարանն է արձանագրել, որ վկայի և պաշտպանի երկխոսությամբ անձնական հարցեր են պարզաբանվել անմիջականորեն պաշտպանի և վկայի միջև՝ վերածվելով մասնավոր զրույցի, մասնավորապես՝ վիճաբանության (դատարան՝ «հարգելի պաշտպան, դուք ասում եք, ինքն էլ ասումա, դառնումա մասնավոր զրույց», «ձեր անձնական հարցերը մի լուծեք, գործի հետ կապված հարցեր տվեք»), ինչին անմիջապես հաջորդել է անմիջականորեն Արտակ Ոսկանյանի վրդովված արձագանքը՝ «կակոյ նի բուդ պոռնիկ պիտի իմ մասին կլյաուզներ գրի»:
Հաջորդիվ արտահայտությունները կատարող սուբյեկտի որոշակիությունն ի թիվ այլի հիմնավորվում է նույն համատեքստում դատարանի և դատախազի խոսքի հասցեականությամբ (11:56:37՝ դատարան՝ «հարգելի պաշտպան, թե ինչ կանեք, դուք ասում եք, ինքն էլ ասումա, դառնումա մասնավոր զրույց, 11:57:15՝ դատախազ՝ «հարգելի դատարան, ես միջնորդում եմ, դատարանի դահլիճում հայհոյանքա հնչեցնում պաշտպանը, ես միջնորդում եմ, որպեսզի», «կակոյ նի բուդ ինչ արտահայտություն արեցիք»):
Ավելին՝ դատախազը դատարանին միջնորդել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել ՀՀ փաստաբանների պալատ, ինչից հետո դատարանը միջնորդության վերաբերյալ բացատրություն է պահանջել հենց պաշտպան Արտակ Ոսկանյանից, և չնայած դատարանը մերժել է դատախազի միջնորդությունը, այդուհանդերձ արձանագրել է, որ 12:13:48՝ «բոլոր դեպքերում թույլ է տրվել խախտում» և պաշտպան Արտակ Ոսկանյանին հայտարարել է նախազգուշացում:
Հայտարարված նախազգուշացմանը հաջորդել են ոչ թե պաշտպանի արդարացումները՝ մասնավորապես արտահայտություններն իր կողմից արված չլինելու վերաբերյալ, այլ դատարանին ուղղված խնդրանք՝ 12:14:23՝ դատախազին նույնպես նախազգուշացում հայտարարելու վերաբերյալ:
Այսինքն՝ արված արտահայտություններն ամբողջ հարցաքննության համատեքստում դիտարկելու, համատեքստից կտրված մեկնաբանություններ բացառելու դեպքում ակնհայտ է արտահայտությունները կատարող սուբյեկտի որոշակիությունը:
Այս ամենը Վճռաբեկ դատարանի մոտ ձևավորում է համոզմունք այն մասին, որ քրեական գործով դատական նիստի ընթացքում «կլյաուզաներա գրում» և «կակոյ նի բուդ պոռնիկ» արտահայտություններն արվել են հենց Արտակ Ոսկանյանի կողմից:
Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ քրեական գործով դատական նիստի ընթացքում «կլյաուզաներա գրում» և «կակոյ նի բուդ պոռնիկ» արտահայտություններն արվել են Արտակ Ոսկանյանի կողմից, գնահատում է գործի փաստական հանգամանքներից բխող, ինչով հերքվում են նշված արտահայտությունները կատարած սուբյեկտի անորոշության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները:
Արտահայտությունների հրապարակայնության, կոնկրետ փաստերի վրա հիմնված լինելու և արատավորելու նպատակի մասով
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստից հետևում է, որ քրեական գործով դատական նիստին, բացի վկա Քրիստինե Մխիթարյանից, առնվազն ներկա են եղել ամբաստանյալ Մխիթարյանը, վերջինիս պաշտպան Արտակ Ոսկանյանը, դատախազը, դատավորը և նիստի քարտուղարը: Այսինքն՝ հայցադիմումում որպես զրպարտություն ու վիրավորանք որակված արտահայտություններն արվել են մեկ երրորդ անձանց ներկայությամբ:
Միաժամանակ կատարված արտահայտություններին նշված անձանց հաղորդակից դարձնելու մասին է վկայում (բացի վերջինների պասիվ ներկայությունից) քրեական գործով դատական նիստի արձանագրության ձայնագրառումը:
Մասնավորապես ձայնագրառումից ակնհայտ է, որ «կլյաուզաներա գրում» արտահայտությանն առաջինն արձագանքել է քրեական գործով նիստը նախագահող դատավորը հետևյալ արտահայտությամբ՝ «ես չգիտեմ կլյաուզաներա գրում, հոդվածներա գրում», այնուհետև հայցվորը՝ նշելով՝ «ես ինչը ճիշտնա, էտ եմ ասել»:
Ինչ վերաբերում է «պոռնիկ» արտահայտությանը, ապա դրան նույն պահին արձագանքել է հայցվորը՝ նշելով «դու քո հասցեն մի ասա», այնուհետև՝ դատախազը («հարգելի դատարան, ես միջնորդում եմ, դատարանի դահլիճում հայհոյանքա հնչեցնում պաշտպանը, ես միջնորդում եմ, որպեսզի»):
Ընդ որում, հաջորդիվ Արտակ Ոսկանյանի և դատախազի երկխոսությունից ակնհայտ է, որ նախ՝ դատախազն ի սկզբանե արտաբերված արտահայտությունն ընկալել և որակել է առնվազն որպես հայհոյանք, երկրորդ՝ եթե նույնիսկ ընդունենք, որ դատախազն առաջին անգամ ամբողջապես չի ընկալել արտահայտության էությունը («կակոյ նի բուդ ինչ արտահայտություն արեցիք»), ապա Արտակ Ոսկանյանին ուղղված հստակեցնող (ճշգրտող) հարցից հետո («կակոյ նի բուդ ինչ արտահայտություն արեցիք») վերջինս անտարակույս պատասխանել է՝ «պոռնիկ», այնուհետև՝ կրկնել:
Այսինքն՝ քրեական գործով դատական նիստի ընթացքում պաշտպան Արտակ Ոսկանյանը, հնարավորություն ունենալով առնվազն դատախազի հստակեցնող հարցադրումից հետո չկրկնելու «պոռնիկ» արտահայտությունը, այդուհանդերձ բարձրաձայնել է նշված արտահայտությունը՝ ըստ էության առնվազն դատախազին՝ մեկ երրորդ անձին հաղորդակից դարձնելով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ եթե նույնիսկ արտահայտությունների բովանդակությունը հասանելի դառնար այլ կերպ՝ տվյալ դեպքում դատական նիստի արձանագրության ձայնագրառումը հրապարակվելուց հետո, նշված հանգամանքը չէր կարող գնահատվել որպես հրապարակայնության պարտադիր տարրի բացակայության արգելք, քանի որ պաշտպանը՝ լինելով փաստաբան, իմացել և (կամ) պարտավոր էր իմանալ դատական նիստի արձանագրություն վարվելու ու այն մասին, որ ինչպես ամբաստանյալը, այնպես էլ գործին առնչվող այլ անձինք ցանկացած ժամանակ կարող են պահանջել և ստանալ համապատասխան էլեկտրոնային կրիչն ու հաղորդակից դարձվել կատարված արտահայտություններին (ընդ որում, նշված իրավիճակն էականորեն տարբերվում է այն իրավիճակից, երբ, օրինակ, զրպարտող տվյալներին կամ վիրավորական արտահայտություններին հասանելիություն ունի միայն տուժողը և վերջինս էլ հրապարակայնացնում է դրանք):
Շարադրվածի ուժով հերքվում է վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ արտահայտությունները հրապարակայնացվել և հասանելի են դարձել դատական նիստի ձայնագրառումը լսելուց հետո միայն:
Ինչ վերաբերում է կատարված արտահայտությունները կոնկրետ փաստերի, այն է՝ վկայի պատասխանների վրա հիմնված լինելու մասին բողոքի հիմնավորումներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «վկան կլյաուզաներա գրում, թերթերում հոդվածներա գրում» և «կակոյ նի բուդ պոռնիկ իմ մասին պիտի կլյաուզաներ գրի» արտահայտությունները հնչեցվել են նույն համատեքստում և ակնհայտորեն չեն բխել վկային ուղղված հարցերի վերաբերյալ տրված պատասխաններից:
Արտակ Ոսկանյանի կողմից «պոռնիկ» արտահայտության կրկնությունն ինքնին վկայում է նաև այն մասին, որ պաշտպանը նշված արտահայտությունը կատարել է դիտավորությամբ, վկա Քրիստինե Մխիթարյանին նվաստացնելու նպատակով, որևէ ջանք չի գործադրել, որպեսզի ի սկզբանե արված, ենթադրաբար չհասկացված կամ ամբողջությամբ չընկալված արտահայտությունը չհրապարակայնացվի (տվյալ դեպքում պաշտպանի մոտ դիտավորության բացակայության մասին կարող էր խոսք լինել բացառապես այն դեպքում, երբ վերջինս դատախազի ճշգրտող հարցին ի պատասխան առնվազն չբացահայտեր վիրավորական արտահայտությունն ու առավել ևս՝ չկրկներ այն):
Բացի այդ, վկայի պատասխաններին պաշտպան Արտակ Ոսկանյանը արձագանքել է գնահատողական հակադարձումներով՝ հարցաքննության ամբողջ ընթացքում ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարցաքննվող վկայի թե՛ անձի նկատմամբ, թե՛ հնչեցրած պատասխանների առնչությամբ:
Մասնավորապես գործում առկա ձայնագրառման ուսումնասիրությամբ հնարավոր է հստակ և որոշակի տարանջատել ամբաստանյալի ու պաշտպան Արտակ Ոսկանյանի և՛ ձայները, և՛ հարցադրումները, և՛ դրանց վերաբերյալ տրված պատասխաններն ու արձագանքները:
Ձայնագրառման ուսումնասիրությունից հստակ ընկալվում է պաշտպան Արտակ Ոսկանյանի արձագանքը հարցաքննվող վկայի պատասխաններին, քննվող գործի վերաբերյալ ներկայացրած տվյալներին:
Այսինքն՝ դիտավորության մասին են վկայում նաև արտահայտությունը կատարելուն նախորդած հանգամանքները, այդ թվում՝ կատարողի վարքագիծը մինչև արտահայտությունները կատարելը և արտահայտությունների բովանդակությունը:
Պատասխանողը ոչ միայն չի ապացուցել իր կողմից հրապարակային ներկայացված արտահայտությունների՝ ստույգ փաստերի վրա հիմնված լինելը, այլև այն, որ մինչ հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալը կարող էր համապատասխանել իրականությանը:
Այսինքն՝ տվյալ դեպքում դատական նիստի ընթացքում պաշտպանի կողմից հնչեցված արտահայտությունները ոչ միայն հիմնված չեն ստույգ փաստերի վրա, այլև դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր չեն գործադրվել: Սույն գործի փաստերի հաշվառմամբ ինչպես մինչ արտահայտությունները կատարելը, այնպես էլ դրանից հետո պատասխանողն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու իր կողմից արված արտահայտությունների ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը, ինչը չի կարող գնահատվել որպես բարեխիղճ վարքագծի դրսևորում, և բավարար է՝ հետևություն անելու, որ արտահայտությունները կատարվել են դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացությամբ, տուժողին վնաս պատճառելու դիտավորությամբ:
Վերոգրյալ պատճառաբանությունների ուժով հայցվորին վերագրվող գործողությունները և արտահայտությունները վիրավորանք ու զրպարտություն որակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը Վճռաբեկ դատարանը գնահատում է հիմնավորված:
Արտահայտությունների արատավորող բնույթի և հասցեականության մասով
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցվորին վերագրվող «կակոյ նի բուդ պոռնիկ պիտի իմ մասին կլյաուզներ գրի» փաստացի տվյալի և արտահայտության ինչպես առանձին բաղադրիչները, այնպես էլ այդ բաղադրիչներից ձևավորված համատեքստի ընդհանրական բովանդակությունն ու հանրության կողմից ընկալումը նույնն են, այն է՝ բացասական:
«Պոռնիկ» բառի լեզվաբանական մեկնաբանումներն անձին բնութագրում են որպես բարոյական օրենքները խախտողի, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագիծ դրսևորողի: Արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալման տեսանկյունից մերօրյա հասարակության միջին վիճակագրական անդամը «պոռնիկ» արտահայտությունը գերակշռող դեպքերում ընկալում է բացառապես որպես անբարոյական կերպարի: Նշվածը իգական սեռի բնութագրման հարցում հասարակական ընկալման տեսանկյունից ունի էական դերակատարում, քանի որ ուղղակիորեն անդրադառնում է հանրության կողմից այդ անձին և նրա գործողություններին տրվող սոցիալական գնահատականի (պատվի), ինչպես նաև արժանապատվության վրա, որի պաշտպանության սահմանները տվյալ դեպքում որոշվում են այնքանով, որքանով համապատասխանում են հասարակության ընկալմանն ու դրա հիման վրա տրվող օբյեկտիվ գնահատականին:
Նույնը վերաբերում է նաև «կլյաուզներ գրող» արտահայտությանը, այսինքն՝ սուտ, կեղծ, շինծու տեղեկատվություն տարածող:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ «պոռնիկ» արտահայտությունը նույնիսկ բողոքաբերի վկայակոչմամբ ծախու իմաստով դիտարկելու պայմաններում դրա ընդգծված վիրավորական երանգը չի վերանում, առավել ևս այն դեպքում, երբ որևէ կերպ չի բխում վկայի հարցաքննությունից:
Միաժամանակ պատասխանողի կողմից վերագրվող արտահայտությունները և գործողություններն ըստ էության կոնկրետ ու հստակ ուղղվածություն ունեն, այսինքն՝ գործի փաստական հանգամանքները, այն է՝ դատական նիստի ձայնագրառման ամբողջ բովանդակությունը վկայում է, որ Արտակ Ոսկանյանի կողմից հրապարակային ներկայացված արտահայտություններն իրականում հասցեագրված են անմիջականորեն հայցվորին, և որ հենց վերջինս էլ միտումնավոր հանդիսացել է քննադատության թիրախ:
Պատասխանողը Քրիստինե Մխիթարյանին վերագրել է կոնկրետ և հստակ ուղղվածություն ունեցող այնպիսի գործողություններ ու վարքագիծ, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անձի, այն էլ որպես վկա հարցաքննվող իգական սեռի ներկայացուցչի պատիվը և արժանապատվությունը փաստացի տվյալների հրապարակայնացման միջոցով արատավորելը, առանց բացառությունների պետք է ունենա ծանրակշիռ ու բավարար փաստական կազմ, մինչդեռ հայցվորին հասցեագրված գործողությունները զուրկ են փաստական հիմքից, հետևաբար նաև անընդունելի են:
Ինչ վերաբերում է հասցեականության բացակայության մասին բողոքի փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հասցեական չլինելու վերաբերյալ արձանագրում քրեական գործը քննող դատարանը չի արել, նույնիսկ այդպիսի անելու դեպքում գործում առկա ձայնագրառման ուսումնասիրության պայմաններում միայն դատարանի հետևությունը բավարար չէր կարող գնահատվել արտահայտություններն ընդհանրական բնույթի և վերացական լինելու, այլ կերպ՝ հասցեականության բացակայությունը հաստատված համարելու համար:
Վերոգրյալի հիման վրա՝ «կլյաուզներա գրում» և «պոռնիկ» արտահայտությունները զրպարտություն և վիրավորանք որակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը Վճռաբեկ դատարանը գնահատում է իրավաչափ ու գործի փաստական հանգամանքներից բխող:
Անդրադառնալով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառելի լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածից վկայակոչված իրավակարգավորումից առաջնահերթ հետևում է, որ օրենսդրի կողմից նշված իրավիճակը սահմանվել է որպես արված արտահայտությունները զրպարտություն որակելը բացառող հանգամանք:
Անկախ նրանից` անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք վերաբերում են դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ են գտել ապացույցներում: Նշված դրույթում ամրագրված «մինչդատական» և «դատական վարույթ» տերմինները հավասարապես պետք է վերաբերեն ինչպես քաղաքացիական ու վարչական դատավարության (դատական վարույթներ), այնպես էլ քրեական դատավարության կարգով քննվող գործերին (մինչդատական և դատական վարույթներ) (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի հիպոթեզը ձևակերպված է առավել քան հստակ և տարատեսակ մեկնաբանման հնարավորության չի նախատեսում:
Մասնավորապես հոդվածի տառացի մեկնաբանումից հետևում է, որ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը զրպարտություն չի որակվում, եթե այն նույնությամբ ելնում է մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունից կամ ներկայացրած ապացույցներից: Հետևաբար` հրապարակային ներկայացված փաստացի տվյալը չի կարող լինել տուժողի վարքագծի կամ խոսքի վերաբերյալ զրպարտություն կատարած անձի սուբյեկտիվ կամ օբյեկտիվ գնահատականը:
Ասվածի հիմնավորմանն է ծառայում հոդվածում ամրագրված՝ «դրանք տեղ են գտել» օրենսդրական ձևակերպումը (դրանք, այսինքն՝ հրապարակային ներկայացված փաստացի տվյալները):
Մինչդեռ վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստից հետևում է, որ քրեական գործով դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Քրիստինե Մխիթարյանը կլյաուզաներ գրելու վերաբերյալ ոչինչ չի ասել, ուստի պատասխանողի կողմից զրպարտող փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը զրպարտություն չհամարվելու փաստակազմը տվյալ դեպքում բացակայում է: Հետևաբար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի գնահատում:
Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով միայն նյութական հատուցման պահանջ է ներկայացվել, նյութական հատուցման բավարարված չափի վերաբերյալ վճռաբեկ բողոքը հիմքեր և հիմնավորումներ չի բովանդակում, Վճռաբեկ դատարանը զրպարտության ու վիրավորանքի դեպքում վնասի փոխհատուցման չափի մասով հիմնավորվածությունը քննության առարկա չի դարձնում:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 31․10․2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8‑րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով։
Մինչև 31․10․2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ գույքային պահանջի գործերով հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից։
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը մերժվում է՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնվում է օրինական ուժի մեջ՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև ենթակա են բաշխման հետևյալ կերպ՝
Դատարանի 13․07․2021 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու՝ Արտակ Ոսկանյանից հօգուտ Քրիստինե Մխիթարյանի 6.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար, բռնագանձման ենթակա լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Արտակ Ոսկանյանի կողմից վերաքննիչ բողոքի համար նախապես օրենքով սահմանված 9․000 ՀՀ դրամ վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված։
Արտակ Ոսկանյանի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես օրենքով սահմանված 30.000 ՀՀ դրամ վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԼԴ/3335/02/17 քաղաքացիական գործով 2024 թվականի հունիսի 14-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
14․06․2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի հունիսի 14-ին գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Քրիստինե Մխիթարյանի հայցի ընդդեմ Արտակ Ոսկանյանի՝ ոչ նյութական վնասը հատուցելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Քրիստինե Մխիթարյանը պահանջել է Արտակ Ոսկանյանին պարտավորեցնել վճարել 500.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում և 500.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.07.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Արտակ Ոսկանյանից հօգուտ Քրիստինե Մխիթարյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, որից՝ 150.000 ՀՀ դրամ՝ զրպարտության համար, և 150.000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի դիմաց»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.11.2021 թվականի որոշմամբ Արտակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Ոսկանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ, 379-րդ և 381-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Քրեական գործով դատական նիստի արձանագրության համաձայն՝ վկա Քրիստինե Մխիթարյանին հարցաքննել է պաշտպանության կողմը՝ ամբաստանյալը և պաշտպան Արտակ Ոսկանյանը: Այսինքն՝ վկա Քրիստինե Մխիթարյանին հարցեր ուղղվել են ամբաստանյալի և պաշտպանի կողմից՝ առանց հարցեր տալու հաջորդականության որոշման, նրանց խոսքը ձայնագրառվել է սեղանի վրա դրված մեկ ընդհանուր խոսափողի միջոցով, ու կատարված ձայնագրառումից հնարավոր չէ հստակ պարզել՝ խոսափողի միջոցով արտահայտություններն արվել են պաշտպանի՞, թե՞ ամբաստանյալի կողմից: Մինչդեռ ստորադաս դատարաններն արձանագրել են, որ «կակոյ նի բուդ պոռնիկ իմ հասցեին կլյաուզաներա գրում» արտահայտությունը կատարել է ինքը:
Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել բացառապես իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով համապատասխան մարմին դիմելու անհրաժեշտության վերաբերյալ դատախազի առաջարկը՝ անտեսելով, որ քրեական գործը քննող դատավորը ոչ միայն մերժել է միջնորդությունը, այլև չի արձանագրել, որ այդ արտահայտության հեղինակն ինքն է: Ավելին՝ անգամ քրեական գործը քննող դատավորն է արձանագրել, որ հնչած արտահայտությունը հասցեական չի եղել:
Ինքը ժխտել է այն փաստը, որ «պոռնիկ» արտահայտությունն ինքն է արել, ինչպես նաև այն, որ արտահայտությունն արվել է հրապարակայնորեն: Արտահայտության բովանդակությունը դրա կատարման պահին հասանելի չի եղել ոչ մեկին, այն բացահայտվել է հետագայում՝ քրեական գործով դատական նիստի արձանագրության ուսումնասիրությամբ, ինչը ևս մեկ անգամ վկայում է դրա ոչ հրապարակայնորեն արված լինելու մասին, ինչը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Դատարանն ինքն է արձանագրել, որ «պոռնիկ» բառը փոխաբերական իմաստով նշանակում է ծայրահեղորեն անսկզբունք մարդ, որպիսի հետևություն ինքն արել է, քանի որ քրեական գործով դատական նիստի ընթացքում Քրիստինե Մխիթարյանը նախ նշում է, թե 93564412 հեռախոսահամարից զանգահարողն իր ընկերն է՝ Սուրեն անունով, մի քանի վայրկյան անց՝ դատավորի կողմից արված նկատողությունից հետո, նշում է, թե չի հիշում՝ ով է այդ համարից զանգահարողը: Այսինքն՝ Քրիստինե Մխիթարյանը դրսևորել է ծայրահեղորեն անսկզբունք մարդուն բնորոշ վարքագիծ, որի կապակցությամբ անգամ դիտողություն է ստացել քրեական գործը քննող դատավորի կողմից:
«Կլյաուզներ գրող» դատողությունը հիմնված է կոնկրետ փաստերի վրա, այն համապատասխանում է իրականությանը, բխում է հայցվորի՝ որպես վկա հարցերին տրված պատասխաններից: Գործի քննությունը ավելորդ չծանրաբեռնելու, դատական խնայողության և գործի ողջամիտ ժամկետում քննության նկատառումներից ելնելով՝ ինքը Դատարանում հստակ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ զրպարտության մասով հայցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիմքով մերժման ենթակա լինելու պայմաններում արված արտահայտության՝ իրականությանը համապատասխանելու, հայցվորի ելույթից կամ տրված պատասխանից բխելու վերաբերյալ փաստարկներին մանրամասն անդրադառնալը և դրանք հիմնավորող ապացույցները ձեռք բերելուն ուղղված գործողությունների կատարման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը բացակայում է, ինչը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.11.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
2) թիվ ԼԴ2/0060/01/17 քրեական գործով 27.11.2017 թվականի դատական նիստի համակարգչային արձանագրման կրիչի համաձայն՝
11:27:23՝ սկսվել է Քրիստինե Մխիթարյանի՝ որպես վկայի հարցաքննությունը,
11:45:41՝ սկսվում է պաշտպանի կողմից վկայի հարցաքննությունը, որն ընդմիջվում է 11:47:27-ին, շարունակվում 11:53:32-ին, այնուհետև՝ 11:58:20-ին և 12:00:58-ին,
11:53:49՝ Արտակ Ոսկանյան՝ «093-56-44-12, ու՞մ հեռախոսահամարն է»,
11:53:51` վկա՝ «իմ ընկերնա, հետո»
11:53:57՝ Արտակ Ոսկանյան՝ «(...) անունը կասե՞ք»,
11:54:10՝ վկա՝ «Սուրեն»,
11:54:11՝ Արտակ Ոսկանյան՝ «Սուրե՞ն, հեռախոսահամարը գրանցված է որպես Սպիտակ քաղաքի բնակչի»,
11:54:14՝ «կարա լինի Լոնդոնի քաղաքը, ինչ կա դրա մեջ, ինչ, Ձեզ թվում էր ես պիտի իմ ընկերներին խառնեմ, ես իմ հարցերը ինձանով եմ, թե չէ իմ պապան նստած կլներ թիկնապահների նման, ոնց որ ոմանք են թիկնապահի նման նստած, իմ պապան էլ էկած կլիներ, ես մենակով եմ իմ հարցերը լուծում, ինձ ոչ մեկ պետք չի, որ ինձ ինչ-որ ուղղություն տա, եթե դուք էտ եք ակնարկում, ու մինչև էտ ինձ ասեկոսներ հասելա, ես գիտեմ, էտ մարդու համարը ում անունով ուզումա գրված լինի, ինձ Սուրեննա զանգել, իմ ընկերը, ես իրավունք չու՞նեմ ընկեր ունենամ, ձեզ պիտի ինչ-որ հարցնեմ՝ կարո՞ղ եմ ես ընկեր ունենամ»,
11:54:49՝ Արտակ Ոսկանյան՝ «լավ, դա ձեր իրավունքնա, վերծանումները կդիտարկենք»,
11:54:50՝ վկա՝ «դե բա ինչի համար եք խորացել, հիմա իմ քրոջ անունով իմ մամայի ձեռքինա հեռախոսահամարը, դա ի՞նչ կապ ունի, ի՞նչ կապ ունի դա»
11:55:06՝ Արտակ Ոսկանյան՝ «ինչ կապ ունին դու չես որոշում»,
11:55:08՝ վկա՝ «դե դու՞ք եք որոշում»,
11:55:12 դատարան՝ «մի վայրկյան, դուք հարցերին պատասխանեք»,
11:55:13՝ վկա՝ «ես պատասխանում եմ, իմ ընկեր Սուրեննա, ինչի՞ համարա ինքը վերծանումներ ասում,
11:55:24՝ Արտակ Ոսկանյան «դուք նախազգուշացված եք սուտ ցուցմունքի համար, կճշտենք՝ ովա ձեր ընկեր Սուրենը, որին պետք է միջնորդենք, դատարան հրավիրենք հարցաքննության»,
11:55:25՝ վկա՝ «դուք չեք կարող ինձ զանգեր արածներին հրավիրեք դատարան»,
11:55:46՝ Արտակ Ոսկանյան՝ «հետո, 091-94-81-81 հեռախոսահամա՞րը»,
11:55:47՝ վկա՝ «չեմ հիշում, էն մյուս ընկերսա, լա՞վա»,
11:56:04՝ դատարան՝ «դուք հարցեր տալու իրավունք չունեք, չեք հիշում՝ ասեք՝ չեմ հիշում»,
11:56:24՝ վկա՝ «դե ուրեմն առաջինն էլ չեմ հիշում»,
11:56:28՝ Արտակ Ոսկանյան՝ «առաջինն արդեն նշեցիք, որ Սուրեննա, դուք նշեցիք Սուրեն, հիմա կկանչենք, կտեսնենք՝ Սուրենն ովա»,
11:56:37՝ դատարան՝ «հարգելի պաշտպան, թե ինչ կանեք, դուք ասում եք, ինքն էլ ասումա, դառնումա մասնավոր զրույց»,
11:56:37՝ Արտակ Ոսկանյան՝ «հարգելի դատարան, վկան իրեն թույլ է տալիս, որ կլյաուզներ անի, թերթերում հոդվածներա գրում»,
11:56:38՝ դատարան՝ «ես չգիտեմ կլյաուզաներա գրում, հոդվածներա գրում»,
11:56:53՝ վկա՝ «ես ինչը ճիշտնա, էտ եմ ասել»,
11:56:54՝ Արտակ Ոսկանյան՝ «ինչնա ճիշտը»,
11:57:02՝ դատարան՝ «ձեր անձնական հարցերը մի լուծեք, գործի հետ կապված հարցեր տվեք»,
11:57:10՝ Արտակ Ոսկանյան՝ «կակոյ նի բուդ պոռնիկ պիտի իմ մասին կլյաուզներ գրի»,
11:57:14՝ վկա՝ «դու քո հասցեն մի ասա»,
11:57:15՝ դատախազ՝ «հարգելի դատարան, ես միջնորդում եմ, դատարանի դահլիճում հայհոյանքա հնչեցնում պաշտպանը, ես միջնորդում եմ, որպեսզի»,
11:57:24՝ Արտակ Ոսկանյան՝ «ինչ հայհոյանք»,
11:57:25՝ դատախազ՝ «կակոյ նի բուդ ինչ արտահայտություն արեցիք»,
11:57:26՝ Արտակ Ոսկանյան՝ «պոռնիկ»,
11:57:27՝ դատախազ՝ «ի՞նչ»
11:57:27՝ Արտակ Ոսկանյան՝ «պոռնիկ»,
11:57:28՝ դատախազ՝ «հետո՞, ու դա դատարանում վայել արտահայտությու՞նա»,
11:57:39՝ դատարան՝ «հարց ունեք՝ հարց տվեք»,
11:57:45՝ ամբաստանյալ՝ «ես ունեմ կարելի՞ա, որ դու գնացիր, ո՞վ կար Գայանեյանց տանը»,
11:57:49՝ վկա՝ «Գայանեն ու ամուսինն էին»,
11:57:50՝ ամբաստանյալ՝ «ուրի՞շ»,
11:57:51՝ վկա՝ «մարդ չեմ հիշում»,
11:57:52՝ ամբաստանյալ՝ «ամուսինն ինչո՞վ էր զբաղվում»,
11:57:53՝ վկա՝ «գնացել էր իրանց սենյակ, հետո հետ էր էկել»,
11:58:14՝ դատարան՝ «ուրի՞շ հարց ունենք»,
11:58:14՝ ամբաստանյալ՝ «չէ»,
11:58:19՝ դատարան՝ «հարգելի պաշտպան հարց ունե՞ք»,
11:58:20՝ Արտակ Ոսկանյան՝ «հա, նախորդ օրը, ասեցիք, զանգել էիք Գայանեի աղջկան, հիշու՞մ եք ինչքան ժամանակ եք խոսացել»,
11:58:31՝ վկա՝ «հա, մի կես ժամ»,
11:58:59՝ դատարան՝ «ուրի՞շ հարց»,
11:59:05-12:00:58՝ հարցուպատասխան ամբաստանյալի և վկայի միջև,
12:00:58՝ Արտակ Ոսկանյան՝ «դուք ձեր գումարը ո՞նց եք վերցրել»,
12:01:01՝ վկա՝ «գումարս ուզել եմ տվելա», 12:01:05՝ «ես առևտուր եմ արել, իմ զդաչինա տվել, վրանա դրել ասելա Քրիստիկ ջան 5.000 դրամ էլ իմ գումարից մինուս կանես, իրիկունն էլ զանգել ենք հաշվարկ ենք արել, միշտ էլ տենցա էղել»,
12:01:17՝ Արտակ Ոսկանյան՝ «քանի անգամա էղել»,
12:01:23՝ վկա՝ «մենք միշտ ենք զանգել, ասենք տեսեք ոնցա՝ (...)»,
12:06:56-12:10:59՝ դատարանի և վկայի հարցուպատասխան,
12:12:22՝ դատարան՝ «ունե՞ք հարցեր»,
12:12:29՝ դատախազ՝ «հարգելի դատարան, հարցեր չունեմ, հայտարարություն ունեմ, քանի որ պաշտպանյալ Ոսկանյանը դատարանում պահեց ոչ հարիր արտահայտություններ կատարեց, ես միջնորդում եմ, որ դատարանը համապատասխան միջնորդությամբ հանդես գա փաստաբանների պալատ վարույթ հարուցելու և քննություն կատարելու համար»,
12:12:52՝ դատարանը դիմում է Արտակ Ոսկանյանին՝ «խնդրեմ, ձեր բացատրությունը»,
12:13:19՝ Արտակ Ոսկանյան՝ «հարգելի դատարան, ես մինչև էտ հարցը քննարկելը, դատախազը ձեռք ու ոտքով է փաստաբանի հետ խոսում»,
12:13:22՝ դատարան՝ «ես ուղղակի չեմ հասկանում, ասենք ինչ նկատի ունեք դուք հարգելի դատախազ, այսինքն՝ արտահայտությունը ինչ էր, ես, ճիշտն ասած, լավ չլսեցի էտ պահին՝ ինչ ասաց, հասցեակա՞ն էր դա արդյոք»,
12:13:34՝ վկա՝ «այո, իմ հասցեին էր, ասեց ինչ-որ մի հատ պոռնիկի գրածով չգիտեմ ինչ պիտի լինի»,
12:13:41՝ դատարան՝ «ինչ գիտեք, որ ձեր հասցեին էր»,
12:31:42՝ վկա՝ «իմ մասին էր խոսում մարդը»,
12:13:48՝ դատարան՝ «դատարանը գտնում է, որ չկան բավարար հիմքեր, այսինքն՝ էնպիսին չի, որ պետք է դատարանը դիմի փաստաբանների պալատ՝ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում թույլ է տրվել խախտում և պետք է հայտարարել նախազգուշացում»,
12:14:23՝ Արտակ Ոսկանյան՝ «հարգելի դատարան, ամեն դեպքում խնդրում եմ դատախազին էլ նախազգուշացրեք դատական նիստին իրենց կոռեկտ պահեն, փաստաբանի հետ ձեռքով ոտքերով բարձրացնելով խոսելու համար»,
12:14:51՝ դատարան՝ «անձնական բաների մի վերածեք դատական նիստը, մի քիչ զսպվածություն դրսևորեք»,
12:17:41 դատական նիստը հայտարարվեց փակված» (հատոր 1-ին, գ․թ․ 28)։
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Սույն գործով Քրիստինե Մխիթարյանը պահանջել է պարտավորեցնել Արտակ Ոսկանյանին վճարելու 500.000 ՀՀ դրամ փոխհատուցում՝ «կլյաուզաներ գրող» արտահայտությամբ զրպարտելու համար, 500.000 ՀՀ դրամ փոխհատուցում՝ «պոռնիկ» արտահայտությամբ վիրավորելու համար:
Դատարանն արձանագրել է.
««կակոյ նի բուդ պոռնիկ իմ հասցեին կլյաուզաներա գրում» արտահայտությունը կատարել է պատասխանողը,
«կլյաուզա» բառը բացատրվում է որպես զրպարտանք, բանսարկություն, անհիմն մեղադրանք, մանր բծախնդրական հայց, դատական սուր գանգատ, հանրային ընկալման մեջ «կլյաուզա» բառը նշանակում է ոչ հավաստի, չստուգված տեղեկատվություն,
«պոռնիկ» նշանակում է հասարակաց կին, առհասարակ՝ շնություն անող մարդ (առավելապես՝ կին), շնացող, փոխաբերական իմաստով՝ ծախու՝ ծայրահեղորեն անսկզբունք մարդ»:
Գնահատելով նշված բառերի նշանակությունը՝ Դատարանը հիմնավոր է համարել հայցվորի պնդումը՝ «կլյաուզաներ գրել»-ը որպես զրպարտություն և «պոռնիկ» բառը՝ որպես վիրավորանք դիտարկելու մասին:
Հիմք ընդունելով քրեական գործով դատական նիստի ձայնագրառումը՝ նշված արտահայտություններն իր կամ վստահորդի կողմից արված լինելու, դրանք միմյանց միջև քննարկման ժամանակ ասված լինելու, երրորդ անձանց հասանելի չդառնալու ուղղությամբ միջոցներ ձեռնարկված լինելու և հայցվորի հասցեին արված չլինելու մասին պատասխանողի դիրքորոշումը Դատարանը գնահատել է չհիմնավորված այն պատճառաբանությամբ, որ «ապացույցի հետազոտումից հստակ պարզ է, որ արտահայտությունները կատարել է պատասխանողը դատական նիստի ժամանակ՝ դատավորի հայտարարությունից՝ Ձեր անձնական հարցերը մի քննարկեք, մի քանի վայրկյան հետո, հստակ լսելի է եղել ինչպես հայցվորի համար (հայցվորը պատասխանել է. «Քո հասցեն մի ասա»), այնպես էլ երրորդ անձի՝ քրեական գործով դատախազի համար (վերջինիս կողմից հրավիրվել է դատավորի ուշադրությունը, արված արտահայտության ինչպիսին լինելու հարցադրում, ինչին ի պատասխան պատասխանողը երկու անգամ կրկնել է «պոռնիկ» բառը), արտահայտությունը արել է անմիջապես պատասխանողի՝ քրեական գործով վկայի կարգավիճակում տված ցուցմունքի ժամանակ»:
Դատարանն արձանագրել է նաև. «Պատասխանողը, հանդիսանալով փաստաբան, տեղյակ է եղել դատական նիստերի դահլիճներում ձայնագրառում իրականացվելու մասին, և միացված բարձրախոսի առկայությունը հաշվի առնելով, նման արտահայտությունը, թեկուզև՝ ինչպես Պատասխանողն է նշում, իր և իր վստահորդի միջև քննարկման ժամանակ արված լինելու պարագայում, պարտավոր էր գիտակցել դրա հնչելիության աստիճանը և բացի իր արտահայտության հասցեատիրոջից, այլ անձանց հասանելի դառնալու հանգամանքը: Պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ հայցվորի կողմից իր վերաբերյալ լրատվական միջոցներով իրականությանը չհամապատասխանող որևէ հոդված է տպագրվել, ինչով հնարավոր կլիներ հիմնավորել հայցվորի վերաբերյալ իր արտահայտությունը՝ կլյաուզա գրելու մասին»:
Արդյունքում Դատարանը, ապացուցված համարելով «պատասխանողի կողմից «կակոյ նիբուդ պոռնիկ իմ հասցեին կլյաուզաներ ա գրում» արտահայտությունը կատարված լինելը, այն հայցվորին ուղղված լինելը, հրապարակային լինելը, երրորդ անձանց հասանելի չլինելու համար բավարար միջոցներ չձեռնարկելը», վճռել է հայցը բավարարել մասնակի. «Արտակ Ոսկանյանից հօգուտ Քրիստինե Մխիթարյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, որից՝ 150.000 ՀՀ դրամ՝ զրպարտության համար, և 150.000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի դիմաց»:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «պոռնիկ» և «կլյաուզա» բառերի նշանակությանը, արձանագրել է. «առաջինի բառարանային նշանակությունից հետևում է, որ այն ամբողջությամբ բացատրվում է բացասական նշանակությամբ: Կասկածից վեր է, որ նշված արտահայտությունը չի տեղավորվում բանական մարդու բարոյական նորմերի արժեհամակարգում, և բնականաբար, եթե տվյալ արտահայտությունը արված է հրապարակային կերպով, ապա հետապնդում են մարդու պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ: Հասարակության մեջ բացասական է ընկալվում նաև հաջորդ՝ «կլյաուզա» արտահայտությունը, որը անձի վարքագծին ոչ դրական երանգ հաղորդող նշանակություն ունի: Այսինքն` վերոգրյալից հետևում է, որ նշված արտահայտություններն իրենց էությամբ ունեն անձի պատիվը, արժանապատվություն նվաստացնող բնույթ, հետևաբար արտահայտություններում վիրավորանքի և զրպարտության տարրերի առկայությունը Վերաքննիչ դատարանը համարում է ապացուցված»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայցվորն ապացուցել է այդ արտահայտությունները պատասխանողի կողմից կատարված լինելու փաստը, Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Դատական նիստի ձայնագրման վերծանումից հետևում է, որ թեև դատարանի և մեղադրողի կողմից հնչեցված հարցերի հասցեատիրոջ անունը չի հնչում, այդուհանդերձ որպես պատասխան հնչեցված արտահայտությունը (թե ինչ է նախորդիվ հնչեցվել, որը մասամբ լսելի չի եղել դահլիճում գտնվող անձանց, կրկին հնչել է նույն արտահայտությունը), առաջացրել է դատախազի զարմանքը, որպիսի փաստով պայմանավորված վերջինս դիմել է դատարանին Արտակ Ոսկանյանի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատ դիմելու համար: Այսինքն ակնհայտ է, որ նշված արտահայտություններն արվել են հենց սույն գործով պատասխանողի կողմից, հակառակ դեպքում չէր առաջանա սույն գործով պատասխանողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով համապատասխան մարմին դիմելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկ»:
Անդրադառնալով հայտարարությունները հայցվորի անձին վերաբերելու փաստն ապացուցված լինելու փաստի առկայությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «այդ փաստը ևս ապացուցվել է, հիմք ընդունելով նույն ձայնագրության մեջ առկա հայցվորի պատասխան խոսքն այն մասին, որ «դու քո հասցեն մի ասա», որից առնվազն հետևում է, որ հայցվորը կատարված արտահայտությունները վերագրել է իրեն, այդ իսկ պատճառով պատասխան արտահայտություն է արել պատասխանողի հասցեին, իսկ պատասխանողը որևէ ձևով չի առարկել արված արտահայտությունները հայցվորին հասցեագրված չլինելու մասին: Վերոգրյալից հետևում է, որ նշված փաստը ևս հաստատվել է հայցվորի կողմից»:
Անդրադառնալով հայտարարությունը հրապարակային կերպով կատարված լինելու հանգամանքին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Ներկայացված ապացույցի հետազոտությունից հետևում է, որ նշված արտահայտությունները կատարելու ժամանակ դատական նիստերի դահլիճում բացի սույն գործով հայցվորից և պատասխանողից, դատական նիստերի դահլիճում առնվազն ներկա են եղել դատավորը, դատախազը, դատական նիստերի քարտուղարը, ամբաստանյալը, (չի բացառվում այլ անձանց ներկայությունը, օրինակ՝ դատական կարգադրիչի, ամբաստանյալի հարազատների, դատարանի աշխատակազմից որևէ անձի և այլն), ինչն արդեն իսկ վկայում է այդ արտահայտությունների հրապարակայնության մասին, հետևաբար այդ փաստը ևս ապացուցվել է: Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկին առ այն, որ արտահայտություններն արվել են շշուկով, այնպես, որ լսելի չլինի երրորդ անձանց համար, ուստիև հայցվորին վիրավորելու և զրպարտելու նպատակ չի հետապնդվել, Վերաքննիչ դատարանը համարում է անհիմն, քանի որ եթե անգամ նշված արտահայտություններն ի սկզբանե արվել են շշուկով, ապա հետո դրանք բարձրաձայնվել են և դարձել լսելի ներկաներին»:
Անդրադառնալով «կլյաուզաներ է գրում» արտահայտությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «գործով ձեռք չի բերվել ապացույց առ այն, որ հայցվորի կողմից պատասխանողի վերաբերյալ լրատվական միջոցներով իրականությանը չհամապատասխանող որևէ հոդված է տպագրվել, ուստիև չի հիմնավորվել արտահայտության փաստերի վրա հիմնված լինելու բնույթը, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ պատասխանողն այդ արահայտությամբ զրպարտել է հայցվորին»:
Վերոշարադրյալ պատճառաբանությունների ուժով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Դատարանի վճիռը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է որ «․․․Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ քրեական գործով դատական նիստի ընթացքում «կլյաուզաներա գրում» և «կակոյ նի բուդ պոռնիկ» արտահայտություններն արվել են Արտակ Ոսկանյանի կողմից, գնահատում է գործի փաստական հանգամանքներից բխող, ինչով հերքվում են նշված արտահայտությունները կատարած սուբյեկտի անորոշության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները:»։
«․․․տվյալ դեպքում դատական նիստի ընթացքում պաշտպանի կողմից հնչեցված արտահայտությունները ոչ միայն հիմնված չեն ստույգ փաստերի վրա, այլև դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր չեն գործադրվել: Սույն գործի փաստերի հաշվառմամբ ինչպես մինչ արտահայտությունները կատարելը, այնպես էլ դրանից հետո պատասխանողն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու իր կողմից արված արտահայտությունների ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը, ինչը չի կարող գնահատվել որպես բարեխիղճ վարքագծի դրսևորում, և բավարար է՝ հետևություն անելու, որ արտահայտությունները կատարվել են դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացությամբ, տուժողին վնաս պատճառելու դիտավորությամբ»։
«Միաժամանակ պատասխանողի կողմից վերագրվող արտահայտություններն ու գործողություններն ըստ էության կոնկրետ և հստակ ուղղվածություն ունեն, այսինքն՝ գործի փաստական հանգամանքները, այն է՝ դատական նիստի ձայնագրառման ամբողջ բովանդակությունը վկայում է, որ Արտակ Ոսկանյանի կողմից հրապարակային ներկայացված արտահայտություններն իրականում հասցեագրված են անմիջականորեն հայցվորին, և որ հենց վերջինս էլ միտումնավոր հանդիսացել է քննադատության թիրախ:
Պատասխանողը Քրիստինե Մխիթարյանին վերագրել է կոնկրետ և հստակ ուղղվածություն ունեցող այնպիսի գործողություններ և վարքագիծ, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անձի, այն էլ որպես վկա հարցաքննվող իգական սեռի ներկայացուցչի պատիվն ու արժանապատվությունը փաստացի տվյալների հրապարակայնացման միջոցով արատավորելը, առանց բացառությունների պետք է ունենա ծանրակշիռ և բավարար փաստական կազմ, մինչդեռ հայցվորին հասցեագրված գործողությունները զուրկ են փաստական հիմքից, հետևաբար նաև անընդունելի են:
Ինչ վերաբերում է հասցեականության բացակայության մասին բողոքի փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հասցեական չլինելու վերաբերյալ արձանագրում քրեական գործը քննող դատարանը չի արել, նույնիսկ այդպիսի անելու դեպքում գործում առկա ձայնագրառման ուսումնասիրության պայմաններում միայն դատարանի հետևությունը բավարար չէր կարող գնահատվել արտահայտություններն ընդհանրական բնույթի և վերացական լինելու, այլ կերպ՝ հասցեականության բացակայությունը հաստատված համարելու համար»։
«․․․վճռաբեկ բողոքի քննության համար նշանակությունից ունեցող փաստից հետևում է, որ քրեական գործով դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Քրիստինե Մխիթարյանը կլյաուզաներ գրելու վերաբերյալ ոչինչ չի ասել, ուստի պատասխանողի կողմից զրպարտող փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը զրպարտություն չհամարվելու փաստակազմը տվյալ դեպքում բացակայում է: Հետևաբար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի գնահատում»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ (․․․)
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան)` ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ կամ անտարբերությամբ, այլ նաև այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ցնցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին, այդպիսին են բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն (տե՛ս, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 դիմումով ՄԻԵԴ 08.07.1986 թվականի որոշում պարբ. 41): Միաժամանակ, Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ: Ազատ արտահայտվելու իրավունքը չի կարող գոյություն ունենալ մեկուսացման պայմաններում, այն պետք է հավասարակշռվի հասարակության և պետության կենսական շահերի, ինչպես նաև մարդու այլ հիմնարար իրավունքների հետ: Այդ իսկ պատճառով էլ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացումը կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ և կարող է պայմանավորվել ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով մարդու արժանապատվության իրավական բովանդակության բացահայտման հիմնահարցին, նշել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի զարգացրած իրավունքն ընդհանուր առմամբ ճանաչում է անձնական կյանքի և դրա հետ կապված արժեքների կարևորությունը։ Այդ արժեքները, ի թիվս այլնի, ներառում են հոգեբանական բարեկեցությունը և արժանապատվությունը (տե՛ս, Beizaras and Levickas v. Lithuania, Application no. 41288/15, 14.01.2020, Final 14.05.2020, § 117), ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը (տե՛ս, Söderman v. Sweden, Application no. 5786/08, 12.11.2013, § 80):
Վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումը և հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ հարկ է արձանագրել, որ մարդու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմնական աղբյուրն է, պետության գոյության հիմնական պատճառներից մեկը: Մարդու արժանապատվության մասին նշված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն` մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ է արժանապատվությունը: ՀՀ Սահմանադրությունը հռչակել է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը ճանաչվում է որպես բարձրագույն արժեք, որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը ենթակա է պաշտպանության պետության կողմից: Միաժամանակ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության և իրավական պետության հիմքում, այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը և ՀՀ Սահմանադրության 23-րդ և Կոնվենցիայի 10-րդ հոդվածներն անվերապահորեն հետապնդում են վերը նշված նպատակը: Սակայն ինչպես նշված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում, այս ազատության իրականացումը կապված է պարտականությունների և պատասխանատվության հետ: Չպետք է անտեսել նաև այլ իրավունքները, մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային` մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժանապատվության և մասնավոր կյանքի իրավունքը, որոնք պակաս կարևոր չեն ժողովրդավարական հասարակության և իրավական պետության համար:
Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը համահունչ է Անիկ Դավթյանն ընդդեմ Տիգրան Վիրաբյանի թիվ ԱՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը:
Հիշյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ այն դեպքերում, երբ մարդու արժանապատվության և արտահայտվելու ազատության իրավունքի բախում է տեղի ունենում, անհրաժեշտ է գտնել պարզ հավասարակշռություն սրանց միջև: Սրանցից յուրաքանչյուրն էլ ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրամասեր են, և երկուսն էլ պետք է ներդաշնակորեն առկա լինեն ժողովրդավարական հասարակությունում:
Սահմանադրության՝ անձի արժանապատվությանը և արտահայտվելու ազատության իրավունքին վերաբերող հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ մարդու արժանապատվությունից, ներառյալ` պատիվը, բարի համբավը և մասնավոր կյանքը, բխող իրավունքները և ազատությունները, որպես բացարձակ իրավունք գործնականում կարող են արդարացնել արտահայտվելու ազատության սահմանափակումը միայն իրավաչափ շրջանակներում: Այդ մոտեցումն է դրված նաև Կոնվենցիայի 10-րդ, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 17-րդ և 19.3-րդ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածների հիմքում:
ՀՀ սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-913 որոշմամբ նշել է, որ «Մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման համար: Այն նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն»։
Մեկ այլ, մասնավորապես թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է՝ «(...) մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարրերից մեկը, ի թիվս այլնի, հանդիսանում է անհատական հատկանիշներով պայմանավորված բարոյական տառապանքներից զերծ մնալը»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են նույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Նույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե` դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում։
Նշված իրավադրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը` արձանագրելով, որ վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլյացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ`
1) Արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստն ապացուցելու դատավարական բեռը ողջամտության սահմաններում կրում է հայցվորը:
2) Արատավորող արտահայտությունն այն արտահայտությունն է, որը հասարակության անդամների գնահատմամբ նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում է ծաղրուծանակի, ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարանքի առարկայի կամ ստիպում է ամաչել անձին կամ այլ մարդկանց խուսափել տվյալ անձից:
3) Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:
4) Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ` թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:
Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության):
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք: Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյո՞ք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում` գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:
Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով (տե՛ս, Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե´ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):
Հարկ է արձանագրել, որ տեղեկության ընդհանրական կամ վերացական լինելը, որքան էլ որ նման տեղեկությունը չհամապատասխանի իրականությանը, զրկում է այդպիսի տեղեկությունը փաստացի տվյալ դիտարկելու հնարավորությունից: Նման տեղեկությունը չունի իրավական արժեք և չի կարող առաջացնել հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայման: Այլ կերպ ասած՝ վերացական կամ ընդհանրական ձևակերպված տեղեկությունները (փաստերը) չպետք է համարվեն փաստացի տվյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Նման տեղեկությունների ըստ էության կոնկրետ և հստակ ուղղվածություն չունենալը զրկում են դրանց փաստացի տվյալ լինելուց:
Հետևաբար, նշված վավերապայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետևաբար նաև` դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Վերը նշված չափանիշների առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը կարևոր է դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս, այդ թվում` ներկայացված փաստացի տվյալները որպես զրպարտություն գնահատելիս:
Միաժամանակ հարկ է նկատել, որ օրենսդիրն ամրագրել է պայմաններ, երբ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն: Նշված պայմաններն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետում: Ըստ նշված կետի` նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:
Վերոնշյալ դրույթի վերլուծությունից հետևում է, որ անկախ նրանից` անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք `
1. Վերաբերում են դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ են գտել ապացույցներում: Նշված դրույթում ամրագրված «մինչդատական» և «դատական վարույթ» տերմինները հավասարապես պետք է վերաբերեն ինչպես քաղաքացիական և վարչական դատավարության (դատական վարույթներ), այնպես էլ քրեական դատավարության կարգով քննվող գործերին (մինչդատական և դատական վարույթներ):
2. Պայմանավորված են գերակա հանրային շահով: Վճռաբեկ դատարանը վերևում տրված մեկնաբանությամբ արդեն իսկ անդրադարձել է «գերակա հանրային շահ» արտահայտության մեկնաբանմանը, ուստի կրկին չի անդրադառնում դրան: Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է «հավասարակշռված» եզրույթին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:
3. Զրպարտությունը վերոնշյալ դրույթի ուժով բացակայում է նաև այն դեպքում, երբ հրապարակային տեղեկություններ տարածող անձը նշված տեղեկությունները տարածում է` հիմք ընդունելով զրպարտության ենթարկվողի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ նրանցից ելնող փաստաթղթում արված եզրահանգումները կամ փաստերը:
Տեղեկատվության տարածումը այս դեպքում ևս ենթադրում է հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ փաստաթղթում տեղ գտած եզրահանգումների կամ փաստերի բարեխիղճ շարադրանք: Ելույթ պետք է դիտարկել անձի կողմից հնչեցրած բանավոր խոսքը, որը նպատակ ունի որոշակի տեղեկատվություն հասու դարձնել անորոշ թվով անձանց և արվում է որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառումների ժամանակ (օրինակ` կոնֆերանսներ, համաժողովներ, հավաքներ, հանրահավաքներ և այլն ):
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ սույն հոդվածի իմաստով «փաստաթուղթ» տերմինի մեկնաբանությունն անհրաժեշտ է կատարել` հաշվի առնելով նաև երկրում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կարգավորումը: Ուստի «փաստաթուղթ» տերմինը սույն հոդվածի իմաստով չպետք է նույնացվի բացառապես թղթային կրիչի օգտագործմամբ կազմված գրավոր արտահայտված տեղեկության հետ: Դրանում կարող են ներառվել կրիչի ցանկացած տեսակի (էլեկտրոնային (ֆաքս, լուսապատճեն և այլն), նյութական այլ կրիչներ) օգտագործմամբ կատարված գրառումները: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «փաստաթուղթ» տերմինի նեղ մեկնաբանումն անհարկի սահմանափակում է և չի ներառում դեպքերի այն շրջանակը, որոնց պարագայում փաստաթղթերը կազմվում և տարածվում են էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ (տե՛ս, Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ժխտման միջոց դառնալ։
Վերոգրյալ դատավարական նորմերից հետևում է, որ գործով ապացույցներ են օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնք հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: Ավելին, դատարանը, ելնելով գործի առանձնահատկություններից, ինչպես նաև գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից, առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, դրանց շրջանակը: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից: Հետևաբար, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Հատկանշական է, որ դատարանի կողմից վերը նշված դատավարական նորմերով իրականացվող գործողությունները պետք է ուղղված լինեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը:
Սույն գործով Դատարանը և Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի շրջանակներում «պոռնիկ» արտահայտությունը դիտել են որպես վիրավորանք, իսկ «կլյաուզաներ գրել»-ը՝ որպես զրպարտություն:
Մինչդեռ, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից վիրավորանք որակված արտահայտությանը և այդ արտահայտությունը դիտարկելով կատարված ամբողջական արտահայտության համատեքստում, հարկ է կրկին արձանագրել, որ անձի կողմից արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստն ապացուցելու դատավարական բեռը ողջամտության սահմաններում կրում է հայցվորը։ Սույն գործով հայցվոր Քրիստինե Մխիթարյանի կողմից չի ապացուցվել Արտակ Ոսկանյանի կողմից հատկապես վերջինիս վիրավորելու փաստը, հետևաբար տվյալ դեպքում Արտակ Ոսկանյանի կողմից հնչեցված արտահայտությունը չի կարող համարվել վիրավորանք, քանի որ այն հասցեական չի եղել, հետևաբար արված արտահայտությամբ կոնկրետ Քրիստինե Մխիթարյանի պատիվը, արժանապատվությունը արատավորելու փաստ չի հաստատվել։ Սոսկ այն հանգամանքը, որ Քրիստինե Մխիթարյանն այդ արտահայտությունը համարել է իր հասցեին հնչեցված, չի կարող հիմք հանդիսանալ արտահայտությունը նրա հասցեին արված համարելու համար։
Տվյալ դեպքում Արտակ Ոսկանյանի կատարած արտահայտությունը և դրա ընկալումը Քրիստինե Մխիթարյանի կողմից անհրաժեշտ է դիտարկել ամբողջության մեջ, այն է՝ վերջինս կատարած արտահայտությունը կարող էր ընկալել իր հասցեին ուղղված, եթե «կլյաուզաներ» գրած լիներ Արտակ Ոսկանյանի հասցեին։ Եթե Քրիստինե Մխիթարյանն այդպիսի բան չէր արել, իսկ այդ փաստի հերքումը վերջինիս կողմից հաստատվում է նրանով, որ նաև պահանջել է նաև դիտարկել «կլյաուզաներ» գրելը որպես զրպարտիչ տեղեկություն, ապա պարզ չէ, թե ինչի հիման վրա է նա եզրահանգել, որ «կակոյ նիբուդ պոռնիկ» արտահայտությունը հասցեագրված է եղել իրեն։ Եթե Քրիստինե Մխիթարյանը հոդվածներ կամ «կլյաուզաներ» գրել էր, ապա իրավաչափ կերպով չէր կարող պահանջել հերքել այդ տեղեկատվությունը, այլ կարող էր պահանջել հերքել հոդվածներում եղած տեղեկությունը «կլյաուզաներ» հանդիսանալու հանգամանքը։
Սույն գործով ներկայացված հայցադիմումում Քրիստինե Մխիթարյանը դրամական փոխհատուցում է պահանջել այն բանի համար, որ Արտակ Ոսկանյանն իր վերաբերյալ հայտնել է հստակ տեղեկություն, այն է՝ որ իր վերաբերյալ «կլյաուզաներ է գրում»։ Ստորադաս դատարանները եզրահանգել են, որ պատասխանողի կողմից ապացույց չի ներկայացվել այն մասին, որ «իր վերաբերյալ լրատվական միջոցներով իրականությանը չհամապատասխանող որևէ հոդված է տպագրվել», ինչից հետևում է, որ սույն գործով պատասխանողի կողմից ապացուցման ենթակա և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ է հանդիսացել այն, թե արդյոք Քրիստինե Մխիթարյանն Արտակ Ոսկանյանի վերաբերյալ լրատվական միջոցներով իրականությանը չհամապատասխանող հոդվածներ գրել է։ Այսպիսով՝ վիրավորական «պոռնիկ» բառը Քրիստինե Մխիթարյանին հասցեագրված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումը հիմնված չէ գործի ապացույցների վերլուծության վրա։
Գտնում եմ նաև, որ Արտակ Ոսկանյանի կողմից վկայակոչված` «կլյաուզաներ ա գրում» արտահայտությունը զրպարտություն չի կարող համարվել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետից հետևում է, որ «զրպարտությունն» անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Նշվածից բխում է, որ զրպարտության բնորոշ հատկանիշներն են` խոսքը վերաբերում է փաստացի տվյալներին, դրանք չեն համապատասխանում իրականությանը, ներկայացվել են հրապարակայնորեն, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը, դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներով ներկայացված փաստացի տվյալներին։
Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է փաստերի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ ունեն կոնկրետ առարկայական դրսևորում։ Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով «զրպարտությունը»` որպես այդպիսին, գոյություն չունի։
Վերոգրյալի հիման վրա՝ սույն գործի փաստերի լույսի ներքո զրպարտություն որակված արտահայտությունը դիտարկելով կատարված ամբողջական արտահայտության համատեքստում, գտնում եմ, որ «կլյաուզաներ ա գրում» արտահայտությունը կոնկրետ չէ, այն չի պարունակում հստակ տեղեկություն այն մասին, թե որտեղ, երբ և կոնկրետ ինչ գործողություն է կատարվել հայցվորի կողմից, հետևաբար և չի կարող համարվել զրպարտություն։
Այդ տեսակետից մեր կարծիքով Վճռաբեկ դատարանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0807/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․07․2013 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը։ Նշված գործով «խախտումներ հայտնաբերելիս Մարգարիտա Խաչատրյանը զերծ չի մնում հայհոյանքներից» արտահայտությունը ՀՀ վճռաբեկ դատարանը չի գնահատել որպես զրպարտություն այն պատճառաբանությամբ, որ դրանում եղած տեղեկատվությունն ընդհանրական է, վերացական և չի հանդիսանում փաստացի տվյալ։ Մեր կարծիքով, համանման իրավիճակ է առկա նաև սույն գործով՝ տեղեկությունը հստակ չէ, քանի որ կատարված արտահայտությունը չի պարունակում կոնկրետություն այն հարցի վերաբերյալ, թե երբ, որտեղ և ինչ եղանակով է արտահայտվել «կլյաուզաներ գրելը»։
Վերոգրյալի համատեքստում գտնում եմ, որ սույն գործով Արտակ Ոսկանյանի կողմից Քրիստինե Մխիթարյանի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու փաստը չի հիմնավորվել։ Տվյալ դեպքում դատական նիստում ընդամենը հնչել են վերացական արտահայտություններ, որոնք հայցվորին ուղղված լինելը չի ապացուցվել, իսկ զրպարտություն համարված արտահայտությունն էլ այդպիսին չի հանդիսանում:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի 12.11.2021 թվականի որոշումը բեկանելու և Քրիստինե Մխիթարյանի հայցը՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, մերժելու համար։
Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ առկա են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշումը բեկանելու հիմքեր:
Դատավոր` Էդ. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական: