ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1671-Ն
ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-6-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 11 |
|
Հավելված դեկտեմբերի 27-ի N 1671-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման (այսուհետ` որակավորման ստուգում) կարգով կարգավորվում են թեկնածուի՝ թիկնապահի և պահնորդի գործառույթ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ստուգման հետ կապված հարաբերությունները:
2. Որակավորումն ստուգում է թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով):
3. Հանձնաժողովի կազմավորման կարգը և կանոնադրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով:
(3-րդ կետը փոփ. 27.06.24 N 968-Ն)
4. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),
գ. սույն կարգի 5-րդ կետով նախատեսված` հանձնաժողովի կողմից կատարվող հարցումներին անձի համաձայնությունը.
2) անձնագիրը և դրա պատճենը.
3) համապատասխան մասնագիտական կրթության վերաբերյալ ավարտական փաստաթուղթ` դիպլոմ կամ մասնագիտական պատրաստվածության, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն).
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր.
5) 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի։
5. Թեկնածուի կողմից դիտավորյալ հանցագործություն կատարված լինելու կամ դիտավորյալ հանցագործության համար դատվածության` օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու, ինչպես նաև` համապատասխան բուժհիմնարկներում հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառված չլինելու հանգամանքները պարզում է հանձնաժողովը` համապատասխան հարցումներ կատարելու միջոցով:
(5-րդ կետը փոփ. 27.06.24 N 968-Ն)
6. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետների վերաբերյալ որակավորման ստուգումից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության https://www.mia.gov.am ինտերնետային կայքում, «02» շաբաթաթերթում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տրվում է իրազեկում:
(6-րդ կետը փոփ. 27.06.24 N 968-Ն)
7. Թեկնածուն որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ պատշաճ կերպով ծանուցվում է որակավորման ստուգումից առնվազն յոթ օր առաջ: Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ թեկնածուի նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով, էլեկտրոնային փոստով:
8. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով:
9. Որակավորման ստուգմանը կարող են ներկա գտնվել մասնավոր պահնորդական գործունեություն և համապատասխան մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:
10. Որակավորումն ստուգվում է թիկնապահի կամ պահնորդի մասնագիտական ուսուցման համար անհրաժեշտ պետական կրթական չափորոշիչներով սահմանված առարկաների և կրթական մոդուլների շրջանակներում:
11. Հանձնաժողովը կազմում է որակավորման ստուգման թեստավորման հարցաշարեր և թեստավորման առաջադրանքները` ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների: Թեստային հարցաշարերը և թեստային առաջադրանքները հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ:
(11-րդ կետը խմբ. 22.11.18 N 1315-Ն)
12. Ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների` յուրաքանչյուր թեստավորման հարցաշար ներառում է առավելագույնը հարյուր հարց, որոնք ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ պարտադիր հրապարակվում են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
(12-րդ կետը լրաց. 22.11.18 N 1315-Ն)
13. Որակավորումն ստուգվում է թեստավորման առաջադրանքների միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:
(13-րդ կետը խմբ. 22.11.18 N 1315-Ն)
14. Յուրաքանչյուր թեստավորման առաջադրանք կազմված է վեց հարցից: Յուրաքանչյուր հարց ունի երեք հնարավոր պատասխան, որոնցից մեկը ճիշտ է:
(14-րդ կետը խմբ. 22.11.18 N 1315-Ն)
15. Թեստավորման առաջադրանքները լուծելու համար թեկնածուին տրամադրվում է 30 րոպե ժամանակ:
(15-րդ կետը փոփ. 22.11.18 N 1315-Ն)
16. Թեստավորման առաջադրանքը գնահատվում է դրական՝ 6 հարցից 5-ին թեկնածուի ճիշտ պատասխանելու դեպքում:
(16-րդ կետը խմբ. 22.11.18 N 1315-Ն)
16.1. Որակավորման ստուգման ընթացքը տեսաձայնագրվում է: Տեսաձայնագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը: Տեսաձայնագրում չիրականացվելու դեպքում որակավորման ստուգման արդյունքներն առոչինչ են:
(16.1-ին կետը լրաց. 22.11.18 N 1315-Ն, փոփ. 27.06.24 N 968-Ն)
16.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը պարտավոր է որակավորման ստուգման տեսաձայնագրությունը պահպանել 2 ամիս:
(16.2-րդ կետը լրաց. 22.11.18 N 1315-Ն, փոփ. 27.06.24 N 968-Ն)
16.3. Որակավորման ստուգման մասնակիցներին տեսաձայնագրությունը տրամադրվում է նրանց դիմումի հիման վրա՝ դիմողի ներկայացրած էլեկտրոնային կրիչի միջոցով:
(16.3-րդ կետը լրաց. 22.11.18 N 1315-Ն)
17. Հանձնաժողովը թեկնածուների գնահատականները հրապարակում է որակավորման ստուգման օրվա արդյունքները նույն օրն ամփոփելուց հետո մեկ ժամվա ընթացքում:
18. Թեկնածուն որակավորման ստուգման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին՝ ոչ ուշ, քան արդյունքները հայտարարվելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը:
19. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:
20. Որակավորման ստուգումից բացասական գնահատական ստացած թեկնածուն կարող է հաջորդ որակավորման ստուգմանը մասնակցել վերջին անգամ որակավորման ստուգմանը մասնակցելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո:
21. Հանձնաժողովը որակավորման ստուգման դրական գնահատականների հիման վրա ընդունում է որոշում թեկնածուներին որակավորման ստուգման վկայականներ տալու մասին: Վկայականը տրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:
22. Որակավորման ստուգման վկայականի ձևը՝ ըստ թիկնապահի և պահնորդի որակավորումների, սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով:
(22-րդ կետը փոփ. 27.06.24 N 968-Ն)
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 22.11.18 N 1315-Ն, փոփ. 27.06.24 N 968-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |