Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.03.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
22.03.2024
Дата вступления в силу
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/2707/02/21

2024 թ.  

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/2707/02/21

Նախագահող դատավոր`

 Կ. Չիլինգարյան

Դատավորներ`

 Դ. Սերոբյան

 Ն. Կարապետյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող

ս. ՄեղրՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

2024 թվականի մարտի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գոհար Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10․2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Գոհար Հակոբյանի հայցի ընդդեմ Հակոբ Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ նոտարական պալատի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա գրանցված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գոհար Հակոբյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 04․06․2012 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված սեղանամատյանում թիվ 2595 համարի տակ, ժառանգական գործ թիվ 466) և դրա հիման վրա թիվ 31102012-04-0162 ծածկագրով գրանցված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.04.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է տասնհինգօրյա ժամկետ դրանում առկա խախտումը վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.10.2022 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Հակոբյանը (ներկայացուցիչ Ալբերտ Արզումանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հակոբ Հակոբյանը (ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով․

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ ու 10-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ և 372-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոններ»-ի 25-րդ կետի 1-ին ենթակետը:

 

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 13․09․2022 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից որպես պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց ներկայացված թիվ 62989292 դրամարկղի մուտքի օրդերը լիովին համապատասխանում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դրամարկղի մուտքի անդորրագրի վրա գործարքը ձևակերպող աշխատակցի ստորագրությունը դրվում է միայն այն դեպքում, երբ մուտքի հայտարարագիրը (օրդերը) ներկայացվում է թղթային եղանակով, իսկ այն դեպքերում, երբ մուտքի անդորրագիրը տրամադրվում է գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կողմից, գործարքը ձևակերպող աշխատակցի ստորագրությունն այլևս անհրաժեշտ չէ:

Վերաքննիչ բողոքին կցված թիվ 62989292 դրամարկղի մուտքի օրդերի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակում, որտեղ դրամարկղի մուտքի օրդերը ոչ թե կազմվում և թղթային տարբերակով լրացվում է գործարքը սպասարկող անձի կողմից, այլ վճարումը հավաստող փաստաթղթի տրամադրումը կատարվում է գործարքի սպասարկումն իրականացնող սարքի միջոցով, որպիսի պարագայում գործարքը ձևակերպող աշխատակցի ստորագրությունը պարտադիր վավերապայման չէ։ Ներկայացված փաստաթղթի բովանդակությունից ակնհայտ է պետական տուրքի վճարումը սահմանված կարգով կատարված լինելու փաստը։

Վերաքննիչ դատարանը դրսևորել է խիստ ձևական մոտեցում՝ արդարադատության իրականացման համար նախատեսված վճարը բողոք ներկայացնող անձի կողմից կատարված լինելու պայմաններում վերջինիս վրա դնելով այլ պարտականություններ և անհամաչափ կերպով սահմանափակելով նրա սահմանադրական իրավունքները։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

2.1 Հակոբ Հակոբյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է և բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորվող իրավական նորմերից, իսկ վճռաբեկ բողոքում նշված պատճառաբանություններն անհիմն են։

Համաձայն լինելով Վերաքննիչ դատարանի որոշման հետ` վճռաբեկ բողոքի պատասխան բերած անձը նշել է, որ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում առկա թերությունները չեն շտկվել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանի 29․04․2022 թվականի վճռի դեմ Գոհար Հակոբյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ․թ․ 6-15)․

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 27.05.2022 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին չի կցվել սահմանված չափով և կարգով պետական տուրքը վճարված լինելը հավաստող ապացույցը, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Միաժամանակ սահմանվել է ժամկետ՝ թույլ տրված խախտումը վերացնելու և որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար (հատոր 2‑րդ, գ.թ. 45-46)․

3) Գոհար Հակոբյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ կցելով նաև որպես պետական տուրքը վճարելու մասին ապացույց «Դրամարկղի մուտքի օրդեր / Cash receipt № 62989292» վերտառությամբ փաստաթուղթը (հատոր 2-րդ, գ.թ. 68‑82)։

 

4․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատելու նպատակով ֆինանսական կազմակերպության կողմից իր հաճախորդին թղթային եղանակով տրամադրված և թղթային ձևով դատարան ներկայացված ապացույցները որպես այդպիսին դիտարկելու հարցին:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` hիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:

Նույն հռչակագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից և որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացվում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52, 53-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի, թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22032007 թվականի վճիռը, կետ 125)։

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

Միաժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368‑րդ հոդվածի պահանջները։

Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում է պետական տուրքը վճարելու (…) մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (…)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ (…)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (…):

Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները կամ դատարանը մերժել է բողոք բերող անձի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ բողոք ներկայացնող անձանց համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է պետական տուրք վճարողների՝ պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա օրենքով դրված՝ պետական տուրքը ճիշտ հաշվարկված և ժամանակին վճարված լինելու փաստն ստուգելու պարտականության պատշաճ կատարումն ապահովելուն։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարված լինելու վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը անձի՝ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը և սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո։

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, լիցենզավորումը, այդ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, սահմանում է վճարահաշվարկային կազմակերպությունների և վճարահաշվարկային համակարգերի կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները, վճարահաշվարկային համակարգերի և կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հաշվարկների վերջնականության կանոնները (…):

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «ե», «ժգ» ու «ժդ» կետերի համաձայն՝ նույն օրենքի իմաստով և նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով`

ա) վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջությունն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմինը.

գ) վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան` բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ.

ե) վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձևից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին և (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ.

ժգ) միջոցների փոխանցումը վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցների կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումը) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին.

ժդ) վճարումը դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:

Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե`

ա) վճարահաշվարկային կազմակերպությունը վճարահաշվարկային ծառայություններ է մատուցել օրենքների և իրավական այլ ակտերի խախտումներով.

բ) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի դրույթները (․․.)։

««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները (այսուհետ նաև՝ Կանոններ):

Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմանները և դրանց լրացման կանոնները սահմանվում են նույն կարգով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1) Ֆինանսական կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վճարահաշվարկային կազմակերպություն, (․․․)։

3) Վճարում` ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ վճարողի կողմից շահառուին ուղղված վճարման (այդ թվում նաև` էլեկտրոնային փողով վճարման) իրականացում, որի դիմաց վճարողին տրամադրվում է գույք կամ գույքային իրավունք կամ մատուցվում է ծառայություն կամ կատարվում է աշխատանք, կամ վճարում, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե: (․․․)

5) Գործարքի սպասարկումն ապահովող սարք (միջոց)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209‑Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգով» սահմանված ավտոմատ ինքնասպասարկող սարք, ինչպես նաև ՊՈՍ տերմինալ, իմպրինտեր, վիրտուալ (ինտերնետ) կամ այլ էլեկտրոնային միջավայրում` առևտրի և (կամ) ծառայությունների մատուցման կետում վիրտուալ ՊՈՍ տերմինալ։

Հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ նույն կարգով սահմանված պահանջները տարածվում և կիրառվում են ֆինանսական կազմակերպության կողմից վճարումների, փոխանցումների, կանխիկի մուտքագրման և կանխիկի ելքագրման գործառնությունների իրականացման ժամանակ ձևավորվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:

Հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`

1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը`(…),

դ․ Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր), (․․․)։

Հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ներկայացվել) թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում նաև` հեռահար սպասարկման համակարգերի միջոցով (բանկ‑հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգի և այլնի միջոցով), ինչպես նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ: (․․․)։

Հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը գործարքն իրականացնող անձին տրամադրում է հետևյալ միջոցներից առնվազն մեկի միջոցով (․․․).

1) էլեկտրոնային եղանակով` հաճախորդի կողմից նախապես նշված էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին կամ հեռախոսահամարին ուղարկելու միջոցով,

2) էլեկտրոնային եղանակով պահպանելով միայն տվյալ հաճախորդի համար հասանելի տեխնիկածրագրային միջավայրում, որը թույլ է տալիս վճարահաշվարկային փաստաթուղթը տպել և դուրս բերել արտաքին կրիչի վրա կամ ուղարկել էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին,

3) հաճախորդին թղթային եղանակով տրամադրելու միջոցով:

Հավելվածի՝ «Վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման ընդհանուր կանոններ» վերտառությամբ 4-րդ գլխում ներառված 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները. Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող.

1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,

2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,

3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,

4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը: Այդ նպատակով, օրինակ, կարող է նշվել.

ա. բյուջե ուղղված վճար, եթե վճարումն ուղղված է բյուջետային պարտավորությունների կատարմանը, (․․․):

5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.

ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը,

բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում և փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով, (…),

8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում, կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,

9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,

10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:

Հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ՀԾՀ-ն պարտադիր պետք է առկա լինի և լրացվի նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում, եթե այն կիրառվում է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների կամ փոխանցումների կատարման ժամանակ: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ վճարելու ժամանակ.

1) եթե վճարում կատարող ֆիզիկական անձը կատարում է վճարում իր պարտավորությունների դիմաց և հանդիսանում է հիմնական պարտապան, ապա պարտադիր պետք է լրացվի վճարում կատարող անձի ՀԾՀ-ն,

2) եթե վճարում կատարող անձը տարբերվում է պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձից, որը հանդիսանում է հիմնական պարտապան, ապա պարտադիր պետք է լրացվի հիմնական պարտապանի ՀԾՀ-ն:

Հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթուղթը կիրառում է` (․․․)

4) տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայության համար կանխիկով վճարման դեպքում, (․․․):

Հավելվածի 24-րդ կետի համաձայն՝ «Մուտքի հայտարարությունը» բաղկացած է երեք փաստաթղթից` Մուտքի հայտարարագրից, Մուտքի անդորրագրից և Մուտքի օրդերից: Մուտքի անդորրագիրը տրամադրվում է կանխիկի մուտքագրում իրականացնող անձին, որը հավաստում է գործարքի կատարումը, իսկ Մուտքի հայտարարագիրը և Մուտքի օրդերը պահվում են ֆինանսական կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներում (․․․):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթղթի համար Հավելվածի 25-րդ կետով սահմանվում են հատուկ վավերապայմաններ և դրանց լրացման կանոններ։ Ընդ որում, Հավելվածի 24-րդ կետին համապատասխան կանխիկի մուտքագրում իրականացնող անձին տրամադրվող գործարքի կատարումը հավաստող փաստաթղթում՝ Մուտքի անդորրագրում, Հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աղյուսակի համաձայն՝ պարտադիր պետք է լրացվեն հետևյալ դաշտերը՝ «փաստաթղթի անվանումը», «փաստաթղթի համարը», «փաստաթղթի կազմման ամսաթիվը», «ֆինանսական կազմակերպության անվանումը», «վճարողի անունը, ազգանունը», «շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը», «կրեդիտագրվող բանկային հաշվի համարը կամ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները», գումարը (թվերով և (կամ) բառերով), արժույթը (բառերով կամ կոդով), «գործարքի նպատակը», «միջնորդավճարը»։

Նույն աղյուսակի համաձայն [տող 14]՝ «վճարողի ստորագրությունը» դաշտը պարտադիր պետք է լրացված լինի Մուտքի հայտարարագրում։

Նույն աղյուսակի համաձայն [տող 15]՝ «ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը» դաշտը պարտադիր պետք է առկա լինի ֆինանսական կազմակերպությանը Մուտքի հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում։ Միևնույն ժամանակ նշված դաշտը ենթակա է պարտադիր լրացման «Մուտքի հայտարարություն» վճարահաշվարկային փաստաթուղթը կազմող բոլոր փաստաթղթերում, բացառությամբ գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կողմից տրամադրված Մուտքի անդորրագրի։

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» համապատասխան դրույթները, նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել վճարահաշվարկային համակարգի հասկացության վերաբերյալ՝ արձանագրելով, որ այն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին (տե՛ս Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ի հավաստումն վճարահաշվարկային կազմակերպության կողմից դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու կամ փոխանցելու ծառայությունների մատուցման և (կամ) գործարքների կատարման, մատուցված ֆինանսական ծառայությունների ու (կամ) կատարված գործարքների՝ վճարահաշվարկային փաստաթղթերը գործարքն իրականացնող անձին տրամադրում է ֆինանսական կազմակերպությունը, որի վրա օրենքով դրված է վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրման, պահպանման, դրանցում պարունակվող տեղեկատվության մշակման, փոխանցման, մասնակցող կողմերի նույնականացման, ինչպես նաև վճարահաշվարկային փաստաթղթի (վճարային գործիքի) վավերության ստուգման և միջոցների փոխանցման հավաստագրման գործառույթը։ Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված Կանոններով կամ որևէ այլ իրավական ակտով, որպես նույն Կանոններով վճարահաշվարկային փաստաթղթերի բովանդակությանը ներկայացվող պահանջները խախտելու հետևանք, նախատեսված չէ վճարողի և նրան սպասարկող ֆինանսական կազմակերպության միջև (նրանց կողմից) կատարվող` դրամական միջոցներ մուտքագրելու, ելքագրելու, վճարելու կամ փոխանցելու կապակցությամբ գործարքների, այդ թվում՝ ի հավաստումն նշված գործարքների կատարման վճարահաշվարկային կազմակերպության կողմից վճարողին տրված վճարահաշվարկային փաստաթղթերի անվավերություն (տե՛ս Մհեր Դերձյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/11182/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.03.2024 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կանոններով սահմանված պահանջների հասցեատերերը, առաջին հերթին, վճարահաշվարկային կազմակերպություններն են, որոնք, կրելով տարբեր վճարային գործիքների կիրառմամբ իրենց հաճախորդների դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու կամ փոխանցելու վճարահաշվարկային գործառնությունները սպասարկելու բազմաթիվ, այդ թվում՝ հաճախորդին մատուցված ծառայությունների և (կամ) նրա մասնակցությամբ կատարված գործարքների փաստը հավաստող վճարահաշվարկային փաստաթղթեր տրամադրելու գործառույթներ, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում վճարահաշվարկային ծառայություններն օրենքների և իրավական այլ ակտերի խախտումներով մատուցելու, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի դրույթները խախտելու համար։ Ինչ վերաբերում է վճարահաշվարկային կազմակերպությունների հաճախորդ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (տվյալ դեպքում պետական տուրք վճարողներին), ապա վերջիններիս վրա չեն կարող դրվել ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային փաստաթղթերը քննարկվող կանոնների պահանջների խախտմամբ տրամադրելու բացասական հետևանքները, առավել ևս այն իրավիճակներում, երբ բողոքարկման իրավունքն իրացնելիս անձը դատարանին ներկայացրել է այնպիսի ապացույց, որը միանշանակորեն հնարավորություն է տալիս եզրահանգելու պետական տուրքը վճարելու պարտականությունը կատարված լինելու վերաբերյալ։ Հակառակ իրավաընկալումը հանգեցնում է Կոնվենցիայով և Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների անհարկի սահմանափակման։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գոհար Հակոբյանը Դատարանի 27.05.2022 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 27.05.2022 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին չի կցվել սահմանված չափով և կարգով պետական տուրքը վճարված լինելը հավաստող ապացույցը, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Միաժամանակ սահմանվել է ժամկետ՝ թույլ տրված խախտումը վերացնելու և որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար։

Գոհար Հակոբյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բողոքին կցելով նաև որպես պետական տուրքը վճարելու մասին ապացույց «Դրամարկղի մուտքի օրդեր / Cash receipt № 62989292» վերտառությամբ փաստաթուղթը։

Վերաքննիչ դատարանը 19.10.2022 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը՝ պատճառաբանելով, որ «(...) վերաքննիչ բողոքին կցվել է (․․․) «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության դրամարկղի մուտքի թիվ 62989292 օրդերը (․․․)` առանց գործարքը ձևակերպած աշխատակցի անվան, ազգանվան և (կամ) նրան նույնականացնող դրոշմակնիքի դրոշմի, ինչպես նաև նրա ստորագրության, մինչդեռ այդ օրդերը պետք է պահվեր գումարն ընդունած ֆինանսական կազմակերպությունում, իսկ Մուտքի հայտարարագիրը` գործարքը ձևակերպած աշխատակցի անվան, ազգանվան և (կամ) նրան նույնականացնող դրոշմակնիքի դրոշմի, ինչպես նաև նրա ստորագրության պարտադիր առկայությամբ, չի ներկայացվել»։

Վերը նշված դիրքորոշումների և վկայակոչված իրավական նորմերի համատեքստում անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից որպես պետական տուրքը վճարած լինելը հավաստող ապացույց ներկայացված փաստաթղթի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թվականի որոշման մեջ նշված խախտումը վերացնելու նպատակով Գոհար Հակոբյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված փաստաթղթում առկա են հետևյալ վավերապայմանները՝ փաստաթղթի անվանումը՝ «Դրամարկղի մուտքի օրդեր / Cash receipt», փաստաթղթի համարը՝ «№ 62989292», ֆինանսական կազմակերպության անվանումը՝ «Հայփոստ ՓԲԸ», սպասարկող ՓԲ համարը՝ «0012», կրեդիտագրվող բանկային հաշվի համարը՝ «900005016010», վճարողի անունը, ազգանունը՝ «Ալբերտ Արզումանյան», վճարողի հանրային ծառայությունների համարանիշը՝ «1909940453», գործարքի նպատակը՝ «Դատական տուրք/կոդ 20․ մեկնաբանություն՝ Գոհար Հակոբյանի վերաքննիչ բողոքի համար», փաստաթղթի կազմման ամսաթիվը՝ 2022-09-13 15։14։01», արժույթը՝ «ՀՀ դրամ/AMD», գումարը՝ «30000», միջնորդավճարը՝ «300», ընդամենը գումարը՝ «30300», գումարը բառերով՝ «երեսուն հազար երեք հարյուր դրամ»։ Փաստաթղթում առկա է նաև վճարողի ստորագրությունը, չնայած այն պարտադիր լրացման ենթակա դաշտ է ոչ թե ի հավաստումն գործարքի կատարման հաճախորդին տրամադրվող փաստաթղթում՝ Մուտքի անդորրագրում, այլ՝ Մուտքի հայտարարագրում, որը պահպանվում է ֆինանսական կազմակերպությունում։

Գոհար Հակոբյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված փաստաթղթի ուսումնասիրությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վերը շարադրված Կանոնների համաձայն՝ ի հավաստումն գործարքի կատարման ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդին տրամադրված Մուտքի անդորրագրում «ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը» դաշտը պարտադիր չէ լրացման համար, վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթում առկա է նաև գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված փաստաթղթում բացակայում է վերը նշված պարտադիր վավերապայմաններից միայն շահառուի անվանումը (չնայած որպես շահառուի հաշվեհամար նշվածից ակնհայտ է, որ շահառուն Հայաստանի Հանրապետության գանձապետարանն է)։

Ինչ վերաբերում է Գոհար Հակոբյանի անունից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված փաստաթղթի անվանմանը՝ «Դրամարկղի մուտքի օրդեր» («Մուտքի անդորրագիր» եզրույթի փոխարեն), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ի հավաստումն գործարքի կատարման ֆինանսական կազմակերպության կողմից վճարողին տրված փաստաթղթի անվանման անհամապատասխանությունը Կանոններով նշվածին չի կարող բավարար հիմք հանդիսանալ դատարան ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը որպես պետական տուրքի վճարման փաստը հավաստող ոչ պատշաճ ապացույց գնահատելու համար, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ տեղեկության ոչ ճշգրիտ լինելը չի կարող էական նշանակություն ունենալ վճարողի կողմից պետական տուրք վճարելու պարտականության կատարումը հավաստելու տեսանկյունից, առավել ևս որ վճարահաշվարկային փաստաթղթի նշված թերությունը որևէ կերպով չի ազդում գնահատվող փաստաթղթի ու դրանով հավաստվող վճարահաշվարկային գործարքի վավերության վրա, իսկ պետական տուրք վճարողի վրա չեն կարող դրվել ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային փաստաթղթերը քննարկվող կանոնների պահանջների նման խախտմամբ տրամադրելու բացասական հետևանքները։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև ներկայացված փաստաթղթում առկա են որոշ թերություններ (փաստաթղթի ոչ ճշգրիտ անվանում և շահառուի անվան բացակայություն), նշված հանգամանքը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ ֆինանսական կազմակերպության կողմից վճարողին տրամադրված ու դատարան ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը որպես պետական տուրքի վճարման փաստը հավաստող ոչ պատշաճ ապացույց գնահատելու համար, քանի որ այդ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա Վերաքննիչ դատարանը հնարավորություն ուներ միանշանակ պարզելու օրենքով սահմանված չափով պետական տուրքը վճարելու պարտականությունը կատարված լինելու փաստը։

 Ընդ որում, նման վարքագծի դրսևորումը համահունչ կլիներ Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերը շարադրված դիրքորոշումներին, որոնց համաձայն՝ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների ու կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում, կիրառված միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցության` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ: Ընդ որում, իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտմանը։ Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Իր հերթին, Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով ապահովելու նաև Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերը շարադրված դիրքորոշումների գործնականում կիրառելիությունը, համապատասխան համակարգի միջոցով ստուգման ենթարկելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ «Դրամարկղի մուտքի օրդեր / Cash receipt № 62989292» փաստաթղթում նշված գործարքը կատարված լինելու հանգամանքը, պարզեց, որ այն իրականում կատարվել է։

Նշվածից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Գոհար Հակոբյանը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրորեն սահմանված պարտականությունը, այն է՝ վերաքննիչ բողոքին կցել է պետական տուրքը վճարելու մասին վերաբերելի և թույլատրելի ապացույց, որն առանց բազմակողմանի ու օբյեկտիվ հետազոտման և գնահատման «ոչ պատշաճ» համարելն ու այդ հիմքով բողոքաբերին վերաքննության իրավունքից զրկելը պետք է գնահատվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում խաթարվում է այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը սույն դեպքում կրում է խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նաև՝ վերադաս ատյաններում, ինչպես Եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Գոհար Հակոբյանի անունից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, Գոհար Հակոբյանին զրկել է Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակել է նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Զեկուցող

ս. ՄեղրՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան