ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2024 թվականի N 621-Լ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ կետի 6-րդ ենթակետի «թ» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին օժանդակության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի շրջանակներում բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու կամ կրթությունը շարունակելու համար դիմումների ներկայացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս է։
3․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի շրջանակներում կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար համապատասխան առարկայի իմացության վերապատրաստում անցնելու մասին դիմումների ներկայացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս է։
4․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու մասին» N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև ապահովել սույն որոշմամբ նախատեսված ծրագրերի համար փոխհատուցման գործընթացը՝ շահառուների բարձրագույն կրթություն ստանալու և (կամ) վերապատրաստմանը մասնակցելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելով նաև Հայաստանի Հանրապետության 2025 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
1. Ծրագրի նպատակն է օժանդակել «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին՝ խրախուսելով նրանց մասնագիտական զարգացումը:
2. Ծրագրի շահառու հանդիսացող անձը կարող է՝
1) դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն և պահանջվող փաստաթղթերի հիման վրա կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններից (այսուհետ՝ բուհ) մեկում՝ համապատասխան կուրսում կամ շարունակել այն՝ ընդհատված լինելու դեպքում.
2) կամավոր ատեստավորվելու համար մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի N 596-Ն որոշման 78-րդ կետով սահմանված վերապատրաստմանը․
3) միաժամանակ մասնակցել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ծրագրերին։
3. Բարձրագույն կրթություն ստանալու համար ծրագրի շահառուի ուսման վարձը փոխհատուցվում է պետության կողմից՝ այդ նպատակով բուհին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում:
4․ Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված դեպքում բուհն ամփոփում է ֆինանսական աջակցություն ունեցող շահառուների տվյալները և ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) փոխանցելու և ընդունելության գործընթացն իրականացնելու համար։
5․ Նախարարությունը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացրած տեղեկատվության հիման վրա ամփոփում է ֆինանսական աջակցության կարիք ունեցող շահառուների տվյալները և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնում համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման նախագիծը, որի հաստատումից հետո նշված բուհի հետ կնքված պայմանագրերով վերջիններիս փոխանցում շահառուների ուսման վարձի փոխհատուցման միջոցները՝ տվյալ կիսամյակի համար։
6․ Հետագա կիսամյակների ուսման վարձի փոխհատուցումը դադարեցվում է, եթե շահառուն չի ապահովում առնվազն 60 % միավորների որոշիչ գնահատական (ՄՈԳ) կամ դադարեցնում է ուսումնառությունը։
7․ Եթե շահառուն որոշում է մասնակցել կամավոր ատեստավորման առաջիկա փուլին, ապա կարող է դիմում ներկայացնել նախարարություն՝ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար պետության կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու համար։
8․ Նախարարությունն ամփոփում է շահառուների տվյալները և օրենսդրության համապատասխան՝ կազմակերպում վերջիններիս վերապատրաստումը՝ այդ նպատակով պետական բյուջեում սահմանված միջոցների շրջանակներում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
02.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |