ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 53-Ա |
«ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), ուսումնասիրելով 2024 թվականի մայիսի 02-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 22 վարչական վարույթի նյութերը, պարզեց.
Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս, ինչպես նաև ղեկավարվելով Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով և 60-րդ հոդվածի 8-րդ մասով, 2024 թվականի փետրվարի 07-ին ցանցային օպերատորի ղեկավարներին է հասցեագրել Հանձնաժողովի նախագահի թիվ Ե/01/04․2/140-24 գրությունը:
Գրությամբ ցանցային օպերատորի ղեկավարներից պահանջվել է Հանձնաժողով մինչև 2024 թվականի մարտի 20-ը ներկայացնել վերահաղորդվող տեսալսողական ծրագրի ամբողջական ցանկը՝ ներառելով յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
- ծրագրի անվանումը,
- ծրագրի իրավատիրոջ անվանումը,
- ծրագրի վերահաղորդման իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության (պայմանագրի) համարը և կնքման ամսաթիվը,
- պայմանագրի գործողության ժամկետը,
- պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին տեղեկություններ։
Ի պատասխան Հանձնաժողովի թիվ Ե/01/04․2/140-24 գրության՝ ցանցային օպերատորը 2024 թվականի մարտի 19-ի գրությամբ հայտնել է, որ «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերությունը վերահաղորդվող տեսալսողական որևէ ծրագիր առայժմ չի իրականացնում։ Ցանցային օպերատորը նշել է նաև, որ փաստացի տեսալսողական ծրագիր վերահաղորդելու գործառույթը սկսելուց պարտավորվում է տեղեկացնել Հանձնաժողովին։
Ցանցային օպերատորը 2024 թվականի մարտի 27-ին Հանձնաժողով հասցեագրված գրությամբ հայտնել է, որ «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերությունում 2023 թվականին հասույթ չի գոյացել։
Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2024 թվականի մայիսի 02-ին ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։
Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի մասին 2024 թվականի մայիսի 03-ին ծանուցել է ցանցային օպերատորին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները և բացատրությունները:
Հարուցված վարչական վարույթի ընթացքում ցանցային օպերատորի կողմից որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացվել։
Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.
Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը.
Հանձնաժողովն արձանագրում է, որ քննարկվող հարցի շրջանակներում ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը Հանձնաժողով չներկայացնելը և Հանձնաժողովի նախագահի գրությամբ համապատասխան տեղեկություններ չներկայացնելու վերաբերյալ ներկայացված պատճառաբանությունը, ինչպես նաև 2023 թվականին հասույթ չունենալը հիմք են տալիս ենթադրել, որ ցանցային օպերատորը չունի գույք և դրամական միջոցներ Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան գործելու համար, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ կարգավորող պետական մարմինը Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։
Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա։
Օրենքի 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ցանցային օպերատորները կարգավորող պետական մարմին տեղեկություն են ներկայացնում իրենց ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին:
Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.
«Վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ ցանցային օպերատորը տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին:»։
Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք.
3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.
4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
Իսկ Օրենքի 58-րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե լիցենզիա ստացած Հեռարձակողը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ։
Օրենքի 58-րդ հոդվածի 1–ին մասի 6–րդ կետը սահմանում է․
«Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև ցանցային օպերատորների վրա այնքանով, որքանով կիրառելի են։»։
«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:»։
Փաստենք նաև, որ ցանցային օպերատորը 2017 թվականի դեկտեմբերի 15-ից (սփռման տարածքը՝ ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզեր) հանդիսանում է Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, իսկ Օրենքի դրույթները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն Օրենքով սահմանված կարգով, ուստի Օրենքի պահանջի չկատարումն ինքնին բերում է պատասխանատվության:
Ցանցային օպերատորը պետք է հաշվի առնի, որ օրենքներով հստակ սահմանվում են իրավական նորմեր, որոնց չպահպանելն առաջացնում են իրավական հետևանքներ, և ցանցային օպերատորը պատասխանատվություն է կրում տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովման համար և տվյալ դեպքում ցանցային օպերատորը պարտավոր էր պահպանել Օրենքի պահանջը։
Հանձնաժողովն ամրագրում է, որ առկա է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման հիմք, քանի որ լիցենզիա ստացած ցանցային օպերատորը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 6-րդ մասով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 30 օր ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2024 թ. մայիսի 23 ք. Երևան |