ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 28-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ1» և «ժը1» կետերով.
«ժէ1) հեռարձակման կարգավորող անկախ մարմնի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի թեկնածուների առաջադրման առաջարկով գրավոր դիմում է խմբակցություններին և դրանց առաջարկությունների հիման վրա ձևավորում մրցութային հանձնաժողով.
ժը1) սահմանում է հեռարձակման կարգավորող անկախ մարմնի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը.»։
Հոդված 2. Օրենքի 97-րդ հոդվածում՝
1) 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` պաշտոնում ընտրելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին և պատգամավորական խմբերին:».
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սահմանադրության 83.2-րդ հոդվածի համապատասխան հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովման նպատակներից ելնելով` օրենքով ստեղծվող կարգավորող անկախ մարմնի անդամների կեսին վեց տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.2-րդ հոդվածին համապատասխան՝ ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը Հանրապետության Նախագահի կողմից։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է Ազգային ժողովի նախագահին։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի թեկնածուների առաջադրման առաջարկով Ազգային ժողովի նախագահը գրավոր դիմում է խմբակցություններին: Խմբակցությունների առաջարկությունների հիման վրա Ազգային ժողովի նախագահը 7-օրյա ժամկետում ձևավորում է մրցութային հանձնաժողով:
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդդիմադիր խմբակցության կամ խմբակցությունների կողմից առաջարկվում է երկու թեկնածու, իսկ մնացած խմբակցությունների կողմից` չորս թեկնածու: Մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվում են լրագրության, հեռահաղորդակցության, գործարարության, կառավարման, իրավագիտության, կրթության, մշակույթի, կրոնի բնագավառների հեղինակավոր գործիչներ և (կամ) այդ բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետություն կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները, պետական ծառայողները և քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում։
Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Մրցութային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Ազգային ժողովի նախագահի սահմանած համապատասխան կարգով, իսկ մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգային հարցերը կարգավորվում են մրցութային հանձնաժողովի որոշումներով։
Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին, իսկ որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությամբ։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն։
Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։ Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ՝ ներկայացնելով երկու երաշխավորագիր զանգվածային լրատվության և հեռահաղորդակցության բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից: Հավելյալ երաշխավորագիր կարող է տալ նաև Հանրային խորհուրդը։
Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով՝ ապահովելով տեղեկատվության մատչելիության համապետական ընդգրկվածությունը։
Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է այդ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը։
Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է առնվազն մեկ մասնակից։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։
Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը` ստուգելու համար մասնակիցների գիտելիքները՝
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,
բ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
գ) «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
դ) «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
ե) «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
զ) Եվրախորհրդի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ։
Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի։
Թեստում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատասխան։ Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ ճիշտ պատասխան։
Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանած մասնակիցները։
Մասնակիցների հետ հարցազրույց անցկացվում է հեռահաղորդակցության, լրագրության և արտահայտվելու ազատության կիրառման, ինչպես նաև կրթության, մշակույթի բնագավառների, գովազդի իրականացման, սոցիալական խմբերին կամ անչափահասներին ուղղված հաղորդումներին, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուստատեսային ծրագրերի ստեղծման, լուսաբանման ուղղությամբ։
Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։
Եթե մրցույթի օրը մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և 10-օրյա ժամկետում անցկացվում է մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով։
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի կամ 45-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել կամ ճիշտ չի պատասխանել թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ։
Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը։
Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին։
Մրցույթի արդյունքների հիման վրա Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցը ներկայացվում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգ։
Ազգային ժողովում Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է նիստը նախագահողը, իսկ որպես թեկնածուներ դիտվում են մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցած անձինք:
Ազգային հանձնաժողովի անդամ է ընտրվում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն ստացած թեկնածուն։
Ազգային ժողովի կողմից Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքների մասին տեղեկությունները Ազգային ժողովի նախագահը ընտրության հաջորդ օրը հրապարակում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներում։
Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝ իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ։».
3) 2-րդ կետի «ա» ենթակետը «առաջարկություն ներկայացնելու» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ` մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնելու» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|