ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-23-Ո-Կ-3 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ
ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
Բարձրագույն դատական խորհրդի |
Կ. Անդրեասյանի | ||
մասնակցությամբ՝ անդամներ
|
Ա. Աթաբեկյանի Հ. Գրիգորյանի Կ. Թումանյանի Ե. Թումանյանցի ԷԴ. Հովհաննիսյանի Ն. Հովսեփյանի Ք. Մկոյանի Վ. Քոչարյանի
| ||
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ
|
Հ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ | ||
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր |
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Վ. ՄԻՍԱԿՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ՝ |
Թ․ Ղուկասյանի |
2024 թվականի ապրիլի 04-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի փետրվարի 19-ի N-Կ-12/2023 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Իզաբել Աբգարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խաչիկյանի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ) կողմից 12.10.2023 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ներկայացված հաղորդումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև` Դատարան կամ Առաջին ատյանի դատարան) դատավոր Վահե Միսակյանի (այսուհետ նաև` Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Հանձնաժողովը 18.12.2023 թվականի N-Կ-12/2023 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:
Հանձնաժողովի 19.02.2024 թվականի N-Կ-12/2023 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Հանձնաժողովը, ներկայացված միջնորդությամբ վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվեցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերը, 01.07.1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի՝ 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 գործով, Վճռաբեկ դատարանի՝ 18.09.2019 թվականի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 և 15.02.2013 թվականի թիվ ԵԿԴ/0077/11/12 քրեական գործերով, Բարձրագույն դատական խորհրդի 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ կարևորելով գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու կոնվենցիոն և սահմանադրական իրավունքը և այն պահպանելու գործում դատավորի պատասխանատվությունը՝ օրենսդիրը ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու պահանջն Օրենսգրքով սահմանել է որպես դատավորի վարքագծի առանձին կանոն: Դա էլ իր հերթին նշանակում է, որ դատավորն անձնական պատասխանատվություն է կրում գործի քննությունն արագ կազմակերպելու և իրականացնելու համար:
Քրեական արդարադատությունը միտված է համապատասխան դատավարական ընթացակարգերի միջոցով հանցագործությունների քննությանը, բացահայտմանը, մեղավորների պատասխանատվությանը՝ վերջիններիս ուղղելու և հետագա հանցագործությունները կանխելու նպատակով, ինչպես նաև հանցագործություններից տուժած անձանց խախտված իրավունքների վերականգնմանը: Հանցագործությունից տուժած անձի խախտված իրավունքների վերականգնումը ենթադրում է ոչ միայն նրան հասցված փաստացի վնասի վերականգնում, այլև՝ վնաս պատճառած արարքի հանգամանքների ամբողջական բացահայտում ու դրա ճիշտ քրեաիրավական որակում, հանցանք կատարած անձի դատապարտում և նրա նկատմամբ արդարացի պատժի նշանակում: Միայն այդ կերպ է հնարավոր ապահովել տուժողի իրավունքների ամբողջական վերականգնումը, դրանով իսկ՝ սոցիալական արդարության վերականգնումը: Միևնույն ժամանակ, քրեական պատասխանատվության ինստիտուտին հատուկ է ժամկետային սահմանափակումը, որից հետո արարքը կորցնում է իր վտանգավորությունը և այդպիսով դադարում է նաև մեղավորին պատասխանատվության ենթարկելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Ընդ որում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելը, որպես քրեական հետապնդումը բացառող ինքնուրույն հանգամանք, իմպերատիվորեն պարտավորեցնում է դատարանին՝ լուծել քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովը փաստել է, որ դատարանը կոնկրետ գործի քննության ընթացքում, ելնելով այդ գործով առաջադրված մեղադրանքի համատեքստում օրենդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներից, պետք է ոչ միայն ձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները գործը ողջամիտ ժամկետում քննելու ուղղությամբ, այլև հնարավորության դեպքում պետք է իր գործողություններով կանխի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների վրա հասնելը: Այսպիսով, քրեական գործերով արդարադատություն իրականացնելիս գործը ողջամիտ ժամկետում քննելու դատարանի պարտականությունը ոչ միայն ուղղված է դատավարության մասնակիցների արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովմանը, այլև՝ մեղավորին (մեղավորներին) քրեական պատասխանատվության ենթարկելուն, այդպիսով նաև՝ քրեական պատասխանատվության ինստիտուտի և պատժի նպատակների իրագործմանը: Այսինքն՝ քրեական գործի քննության ընթացքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները վրա հասնելու կանխումը դատարանի աներկբա պարտականությունն է, որի չպահպանումը կարող է խաթարել ոչ միայն տուժողի օրինական ակնկալիքները քրեական արդարադատությունից, այլև արդարադատության բուն էությունը:
Միաժամանակ Հանձնաժողովը վերոնշյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում փաստել է, որ թիվ 60186920 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Գարիկ Դանիելյանի (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մաս), Դատարանում ստացվել է 11.05.2021 թվականին, նույնը օրը մակագրվել է Դատավորին, 12.05.2021 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործ): 27.05.2021 թվականի որոշմամբ քրեական գործը նշանակվել է դատական քննության՝ 07.06.2021 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել: Հերթական դատական նիստեր են նշանակվել 30.08.2021 թվականին (չի կայացել), 20.12.2021 թվականին (կայացել է, դատական նիստը նշանակվել է այլ հերթի), 15.03.2022 թվականին (չի կայացել), 17.05.2022 թվականին (չի կայացել, դատական նիստը նշանակվել է այլ հերթի), 20.07.2022 թվականին (չի կայացել, դատական նիստը նշանակվել է այլ հերթի), 04.10.2022 թվականին (չի կայացել, դատական նիստը նշանակվել է այլ հերթի): Այնուհետև, հերթական դատական նիստ է նշանակվել 20.01.2023 թվականին, որը կայացել է, նույն օրն ամբաստանյալի պաշտպանի միջնորդության քննության արդյունքում որոշում է կայացվել «Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հարցը քննության առնելու մասին», որով ամբաստանյալ Գարիկ Վլադիմիրի Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Դատարանի՝ 20.01.2023 թվականի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը 06.03.2023 թվականին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռոբերտ Պապոյանին (նախագահող դատավոր), Լուսինե Հովհաննիսյանին և Սևակ Համբարձումյանին։ 12.05.2023 թվականի որոշմամբ քրեական գործն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ, իսկ 22.05.2023 թվականին նշանակվել է դատաքննության:
Վերաքննիչ քրեական դատարանի 22.05.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է՝ թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով Դատարանի՝ 20.01.2023 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ: Նշված որոշմամբ գործը ողջամիտ ժամկետում քննության առնելու տուժողի իրավունքի առնչությամբ արձանագրվել և գնահատման են ենթարկվել հետևյալ փաստական հանգամանքները.
- քրեական գործը հարուցվել է 17.09.2020 թվականին և ըստ մեղադրանքի՝ Գարիկ Վլադիմիրի Դանիելյանի՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով ուղարկվել է Դատարան 10.05.2021 թվականին,
- ամբաստանյալին մեղսագրված է եղել մեկ դրվագ արարքի կատարում, գործով ներգրավված են եղել ամբաստանյալը և երկու վկա (որոնցից մեկը տուժողի իրավահաջորդը): Նման պայմաններում, հաշվի առնելով նաև մեղսագրված արարքի փաստական և իրավական բովանդակությունը, ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակն ու հետազոտվող ապացույցների ծավալը, հարկ է նկատել, որ նշվածն իր ամբողջության մեջ, ըստ էության, չի վկայել գործի բարդության մասին,
- դատավարության տևողությունը ձգձգող պատճառներն ընդհանուր առմամբ չեն ձևավորվել տուժողի իրավահաջորդի կամ նրա ներկայացուցչի դրսևորած վարքագծի արդյունքում: Առաջին ատյանի դատարանում դատական նիստերի հետաձգման պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տուժողի իրավահաջորդի կամ նրա ներկայացուցչի վարքագծով պայմանավորված դատական նիստերը որպես այդպիսին չեն հետաձգվել,
- գործի տևական քննության հետևանքներն առնվազն հանգեցրել են պատժի նպատակներից՝ սոցիալական արդարության վերականգնմանը չհասնելուն,
- գործի քննության ընդհանուր տևողության ժամկետում՝ սկսած՝ 17.09.2020 թվականից, մինչդատական վարույթի ժամկետի հաշվառմամբ, առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննությունն ավարտվել է 20.01.2023 թվականին: Գործի քննությունն Առաջին ատյանի դատարանում տևել է մեկ տարի ութ ամիս (գործն Առաջին ատյանի դատարանում ստացվել է 11.05.2021 թվականին և ավարտվել 20.01.2023 թվականին՝ դատական ակտի հրապարակմամբ): Նշված ժամկետն ակնհայտ արդարացված չէր՝ հաշվի առնելով ինչպես դատական ակտի հրապարակման օրվա դրությամբ գործի քննության ընդհանուր ժամկետը, այնպես էլ գործի փաստական և իրավական հանգամանքները:
Վերաքննիչ քրեական դատարանի 22.05.2023 թվականի որոշումը չի բողոքարկվել, և գործը 19.09.2023 թվականին ստացվել է Դատարանում՝ կատարումն ապահովելու համար, 27.10.2023 թվականին հանձնվել է Դատարանի գրասենյակ, ապա՝ արխիվ:
Բացի այդ, Հանձնաժողովն արձանագրել է, որ տվյալ դեպքում հանրորեն վտանգավոր արարքը տեղի է ունեցել 18.08.2020 թվականին, դեպքի առթիվ 17.09.2020 թվականին հարուցված քրեական գործը Դատարանում ստացվել է 11.05.2021 թվականին, Դատավորի կողմից վարույթ է ընդունվել 12.05.2021 թվականին: Հանձնաժողովը փաստել է, որ 12.05.2021 թվականից 20.01.2023 թվականն ընկած ժամանակահատվածում թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով նշանակվել է ընդամենն ութ դատական նիստ՝ շուրջ երկու, երեք, որոշ դեպքերում՝ չորս ամիս ժամանակային խզմամբ: Ընդ որում, նշանակված դատական նիստերից կայացել են միայն 20.12.2021 թվականին և 20.01.2023 թվականին նշանակված դատական նիստերը, որից առաջինը նշանակվել է այլ հերթի, իսկ երկրորդի ընթացքում քննվել է ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը և կայացվել է՝ «Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հարցը քննության առնելու մասին» որոշում:
Հանձնաժողովը կարևոր է համարել փաստել, որ 18.08.2020 թվականից հետո թիվ 60186920 քրեական գործը Դատարանում ստացվել է 11.05.2021 թվականին, երբ վաղեմության ժամկետի ավարտին շարունակում էր մնալ շուրջ մեկ տարի երեք ամիս ժամանակ:
Հանձնաժողովն ընդգծել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի 22.05.2023 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ. «(…) ամբաստանյալին մեղսագրված է եղել մեկ դրվագ արարքի կատարում, գործով ներգրավված են եղել ամբաստանյալը և երկու վկա (մեկը՝ տուժողի իրավահաջորդը): Նման պայմաններում, հաշվի առնելով նաև մեղսագրվող արարքի փաստական և իրավական բովանդակությունը, ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակն ու հետազոտվող ապացույցների ծավալը, հարկ է նկատել, որ նշվածն իր ամբողջության մեջ, ըստ էության, չի վկայել գործի բարդության մասին, դատավարության տևողությունը ձգձգող պատճառներն ընդհանուր առմամբ չեն ձևավորվել տուժողի իրավահաջորդի կամ նրա ներկայացուցչի դրսևորած վարքագծի արդյունքում: Առաջին ատյանի դատարանում դատական նիստերի հետաձգման պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տուժողի իրավահաջորդի կամ նրա ներկայացուցչի վարքագծով պայմանավորված դատական նիստերը որպես այդպիսին չեն հետաձգվել:»:
Ավելին, Դատավորն իր բացատրությամբ հայտնել է, որ ութ դատական նիստերից երկուսը հետաձգվել են կողմերի չներկայանալու պատճառով, երկուսը կայացել են, մեկով Դատարանը մեկ այլ գործով գտնվել է խորհրդակցական սենյակում, իսկ երեքը հետաձգվել են համապատասխանաբար՝ դատավորի արձակուրդում գտնվելու, արտերկիր մեկնելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառով: Նշվածը փաստում է, որ նշանակված ութ դատական նիստից չորսի հետաձգման պատճառների հիմքում ընկած են Դատարանի գործողությունները, իսկ տուժողի իրավահաջորդի կամ նրա ներկայացուցչի դրսևորած վարքագիծն ազդեցություն չի ունեցել թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով նշանակված դատական նիստերը հետաձգելու համար:
Հանձնաժողովը կարևորել է տուժող կողմի վերաբերմունքը թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հարցի առնչությամբ և արձանագրել, որ Հաղորդում ներկայացրած անձը Հանձնաժողովին ներկայացված հաղորդմամբ նշել է, որ նշված քրեական գործով արդարադատության շահերը կոպիտ ոտնահարվել են, տվյալ գործով արդարադատություն չի իրականացվել, ամբաստանյալը հնարավորություն է ստացել խուսափել արդարացի պատժից, ավելին, դատական նիստեր ողջամիտ ժամկետում չհրավիրելու կամ չկայանալու արդյունքում կարողացել է օտարել իր սեփականությունը, կնքելով ըստ էության, կեղծ գործարք, որպեսզի խուսափի նաև քաղաքացիաիրավական պատասխանատվությունից, իսկ տուժող կողմը, չիրականացված արդարադատության հետևանքով ստացած բարոյական վնասից ու խորը հիասթափությունից զատ, ստիպված է եղել ձեռնարկել գործողություններ դատական ակտի բողոքարկման և վնասների հատուցում ստանալու համար՝ կրկին մտնելով ձգձգվող դատական գործընթացների մեջ:
Վերոշարադրյալի համատեքստում Հանձնաժողովը թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործի բնույթից, բարդությունից, տուժող կողմի դրսևորած վարքագծից ելնելով, եզրահանգել է, որ մեկ տարի երեք ամիսն, ընդհանուր առմամբ, ողջամտորեն բավարար էր գործն ըստ էության քննելու և լուծելու համար, մինչդեռ, քրեական գործի քննությունը 12.05.2021 թվականից մինչև 20.01.2023 թվականն ընկած ժամանակահատվածում չի ավարտվել, ավելին՝ 20.01.2023 թվականին վաղեմության ժամկետն անցնելու հիմքով եզրափակվել է քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման կայացմամբ:
Այսպիսով, Հանձնաժողովը փաստել է, որ Դատավորը թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով թույլ է տվել գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն, որի արդյունքում 20.01.2023 թվականի որոշմամբ ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործի վարույթը կարճվել է:
Ամփոփելով վերը նշված փաստերը՝ Հանձնաժողովը գտել է, որ քննարկվող դեպքում առկա են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 01.07.1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, 310-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների խախտման հատկանիշներ:
Անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման մեղքի ձևին՝ Հանձնաժողովը, վկայակոչելով Օրենսգքրի 142-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ մասերը, հայտնել է, որ կարգապահական խախտման նկատմամբ Դատավորի հոգեբանական վերաբերմունքը գնահատելու համար ելակետային է համարել վերջինիս բացատրությամբ հայտնված տեղեկություններն առ այն, որ թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով նշանակված նիստերը, բոլոր դեպքերում, հետաձգվել են օբյեկտիվ պատճառաբանություններով, ավելին, Դատավորն ինքն է տրամաբանական համարել մտահոգությունը, դժգոհությունն այն իրավիճակներում, երբ քրեական գործերով դատական նիստերը հետաձգվում են երկու, երեք ամիս կամ ավելի երկար ժամանակահատվածով, սակայն միևնույն ժամանակ հիմնական պատճառներից մեկն է համարել գերծանրաբեռնվածությունը:
Հանձնաժողովը նշել է, որ Դատավորը 2021 թվականի ընթացքում ստացել է 120 քրեական գործ, 85 քրեական գործ փոխանցվել է 2020 թվականից, 2022 թվականի ընթացքում ստացել է 129 քրեական գործ, 153 քրեական գործ փոխանցվել է նախորդող տարվանից, 2021-2022 թվականների ընթացքում շուրջ 126 քրեական գործով կայացրել է վերջնական դատական ակտեր, նույն ժամանակահատվածում ստացել է քրեական գործերի քանակը մի քանի անգամ գերազանցող մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող միջնորդությունների, բողոքների, դիմումների վերաբերյալ դատական գործեր:
2021 թվականից սկսած Դատավորի վարույթում եղել են թե´ հանրային հնչեղություն, թե´ քննության առանձնակի բարդություն (պայմանավորված այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են գործի մեծածավալ, բազմահատոր լինելը, դատավարության կողմերի, մասնակիցների քանակը, որոշ դեպքերում ամբաստանյալների արգելանքի տակ գտնվելը և այլն) ունեցող մի շարք քրեական գործեր: Բացի այդ, Դատավորը հայտնել է, որ 2021 թվականի հոկտեմբեր ամսին ընտանիքում ունեցել է ծանր կորուստ, որի պատճառով որոշ ժամանակահատված չի կարողացել ապահովել աշխատանքի բարձր արդյունավետություն:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը կայացվել է 20.01.2023 թվականին, իսկ Դատավորի անուն-ազգանունը 29.11.2023 թվականից 29.05.2024 թվականը ներառյալ հանվել է գործերի բաշխման ցանկից Խորհրդի 27.11.2023 թվականի թիվ ԲԴԽ-96-Ո-290 որոշմամբ, Հանձնաժողովը, արձանագրել է, որ թեև նշվածը ևս փաստում է Դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության հանգամանքը, սակայն սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի մեղքի ձևը գնահատելու համար այն ապացուցողական նշանակություն չունի, քանի որ կայացվել է 20.01.2023 թվականից հետո:
Հանձնաժողովը գտել է, որ Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, որոնք վերջինս կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով դատական նիստերը նշանակելով երկու, երեք, որոշ դեպքերում՝ չորս ամիս ժամանակային խզմամբ, ապա այս կամ այն օբյեկտիվ պատճառաբանությամբ հետաձգելով դատական նիստերը, չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել՝ միջոցներ ձեռնարկելով նվազագույնի հասցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների վրա հասնելու հավանականությունը:
Դատական նիստում Հանձնաժողովի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորը Հանձնաժողովին ներկայացրած բացատրությամբ հայտնել է, որ թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործը վարույթ է ընդունվել 12.05.2021 թվականին: Նշված քրեական գործով նշանակվել են 8 դատական նիստեր.
1-ին դատական նիստը նշանակվել է 07.06.2021 թվականին՝ 01.07.1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պահից 10 օրվա ընթացքում դատական նիստ նշանակելու կարգով: Որպես 07.06.2021 թվականի դատական նիստի չկայանալու պատճառ նշել է Դատարանի ծանրաբեռնվածությունը: Ընդ որում, կողմերը չեն ներկայացել Դատարան, քանի որ պատշաճ ծանուցված չեն եղել, ամբաստանյալին, տուժողի իրավահաջորդ Ի. Աբգարյանին հասցեագրված ծանուցումները վերադարձվել են Դատարան «չպահանջված» նշումներով, որից հետևում է, որ առնվազն ամբաստանյալի բացակայության պատճառով դատական նիստը պետք է հետաձգվեր:
2-րդ դատական նիստը նշանակվել է 30.08.2021 թվականին, որը չի կայացել Դատավորի ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառով, դատական նիստի մասին կողմերին ծանուցագրեր ուղարկվել են 16.06.2021 թվականին, որի ժամանակ արձակուրդ վերցնելու հստակ որոշված ժամանակահատված (օրերով) չի եղել, և դա կապված է եղել անձնական և ընտանեկան հանգամանքներով:
3-րդ դատական նիստը նշանակվել է 12.12.2021 թվականին, որը կայացել է, այն դատաքննության փուլում հետաձգվել է, Դատարանն ամբաստանյալին հանրային պաշտպան նշանակելու մասին որոշում է կայացրել:
4-րդ դատական նիստը նշանակվել է 15.03.2022 թվականին, որը չի կայացել մեղադրողի արձակուրդում գտնվելու պատճառով:
5-րդ դատական նիստը նշանակվել է 17.05.2022 թվականին, որը չի կայացել՝ թիվ ԵԴ/0798/11/20 գործով Դատարանի խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով: Դատավորը նշել է, որ օրական 5-7 դատական նիստերի առկայության պայմաններում հնարավոր չէ կանխատեսել՝ ո՞ր գործով և ի՞նչ ժամկետով կարող է անհրաժեշտություն առաջանալ որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալ:
6-րդ և 7-րդ դատական նիստերը նշանակվել են համապատասխանաբար 20.07.2022 թվականին և 04.10.2022 թվականին, որոնք չենք կայացել նախագահող դատավորի՝ մի դեպքում Ուսումնական հարցերի հանձնաժողովի համաձայնությամբ «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվելու, մյուս դեպքում՝ Արդարադատության ակադեմիայում դատավորների վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով: Երկու դեպքում էլ նշված օրերին դատական նիստերի մասին ծանուցումները կողմերին ուղարկելու պահի դրությամբ հայտնի չի եղել թե´ ԱՄՆ մեկնելու, թե´ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու կոնկրետ ժամանակահատվածը: Ընդ որում, դատավորի վարքագծի կանոններով խրախուսվում է կրթական վերապատրաստման ծրագրերին, համաժողովներին, իրավաբանների մասնագիտական այլ հավաքների մասնակցելը, իսկ «Բաց աշխարհ» ծրագրին մասնակցելը հենց այդ նպատակն է հետապնդել:
8-րդ դատական նիստը նշանակվել է 20.01.2023 թվականին, նշված օրը Դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Ամփոփելով դատական նիստերի հետաձգման պատճառները՝ Դատավորը նշել է, որ 8 դատական նիստերից 2-ը հետաձգվել են կողմերի չներկայանալու պատճառով, 2-ը կայացել են, 1-ով Դատարանը մեկ այլ գործով գտնվել է խորհրդակցական սենյակում և 3-ը հետաձգվել են համապատասխանաբար Դատավորի արձակուրդում գտնվելու, արտերկիր մեկնելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառով:
Դատավորը, անդրադառնալով նաև դատական նիստերի տևական ժամանակահատվածներով հետաձգման հարցերին, տրամաբանական է համարել մտահոգությունը, դժգոհությունն այն իրավիճակներում, երբ դատարաններում քրեական գործերով դատական նիստերը հետաձգվում են երկու, երեք ամիս կամ ավելի երկար ժամանակահատվածով, սակայն հիմնական պատճառներից մեկը գերծանրաբեռնվածությունն է: Այս առումով ընդունելի կլիներ մտահոգությունը, եթե իր վարույթում լիներ օրինակ՝ 20, 30 կամ 50 քրեական գործ, սակայն 2020 թվականից սկսած գրեթե մշտապես իր վարույթում քրեական գործերի քանակը գերազանցել է 150-ը:
Դատավորն իր բացատրությամբ ներկայացրել է նաև իր վարույթում գտնվող գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, մասնավորապես նշելով, որ 2021 թվականի ընթացքում ստացել է 120 նոր քրեական գործ, իսկ 85 քրեական գործ փոխանցվել է 2020 թվականից, 2022 թվականի ընթացքում ստացել է 129 նոր քրեական գործ, իսկ 153 քրեական գործ փոխանցվել է նախորդող տարվանից, 2021-2022 թվականների ընթացքում շուրջ 126 քրեական գործով կայացրել է վերջնական դատական ակտեր, 2023 թվականի ընթացքում ստացել է 108 քրեական գործ, իսկ նույն տարվա նոյեմբեր ամսվա դրությամբ վարույթում է եղել շուրջ 230 քրեական գործ, որի պատճառով դիմել է Խորհրդին՝ իր անուն-ազգանունը գործերի բաշխման ցուցակից ժամանակավորապես՝ 6 ամսով, հանելու նպատակով, և 27.11.2023 թվականի թիվ ԲԴԽ-96-Ո-290 որոշմամբ դիմումն ամբողջությամբ բավարարվել է:
Բացի նշված քրեական գործերից, ստացել է նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող բազմաթիվ միջնորդությունների, բողոքների, դիմումների վերաբերյալ դատական գործեր, որոնց քանակը մի քանի անգամ գերազանցում է քրեական գործերի քանակը:
Բացատրությամբ Դատավորը հարկ է համարել նշել նաև, որ 2021 թվականից սկսած իր վարույթում եղել են և կան մի շարք քրեական գործեր, որոնք ունեցել են թե´ հանրային հնչեղություն, թե´ քննության առանձնակի բարդություն՝ պայմանավորված այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են գործերի մեծածավալ, բազմահատոր լինելը, օրական միջինը 5-7 և ավել դատական նիստեր նշանակված լինելու պայմաններում դրանց ծանոթանալու ժամկետների խնդիրը, դատավարության կողմերի, մասնակիցների քանակը (մի շարք գործերով դատակոչված են լինում մի քանի տասնյակ տուժողներ և/կամ վկաներ), որոշ դեպքերում ամբաստանյալների արգելանքի տակ գտնվելը և այլն: Նշված ծանրաբեռնվածության պայմաններում գործնականում և ողջամտորեն անհնար է յուրաքանչյուր քրեական գործով հետաձգվող դատական նիստը նշանակել 1 ամիս կամ ավելի կարճ ժամանակահատվածում՝ նույնիսկ այն քրեական գործերով, որոնցով մեղադրյալը գտնվում է արգելանքի տակ:
Դրանից բացի, Դատավորը հայտնել է, որ 2021 թվականի հոկտեմբերին ընտանիքում ունեցել է ծանր կորուստ, որի պատճառով որոշ ժամանակահատված չի կարողացել ապահովել աշխատանքի բարձր արդյունավետություն:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատավորը նշել է, որ սույն քրեական գործը Դատարանում ստացվելուց հետո վաղեմության ժամկետի ավարտին շարունակում էր մնալ շուրջ մեկ տարի և երեք ամիս ժամանակ, սակայն դատական քննությունը տևել է ավելի երկար, քանի որ դատական նիստերը հետաձգվել են օբյեկտիվ պատճառներով և հանգամանքներով, իսկ դատական նիստերի միջև շուրջ 2-3 ամսվա միջակայքը պայմանավորված է բացառապես իր վարույթում առկա գործերի գերծանրաբեռնվածության հանգամանքով: Գտնելով, որ գործի քննության երկարատևությունը չի կատարվել մեղավորությամբ՝ Դատավորը խնդրել է կարճել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:
Դատավորը 05.03.2024 թվականին Խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է, որ ամբողջությամբ պնդում է Հանձնաժողովին ներկայացրած բացատրությամբ հայտնած պատճառաբանությունները և փաստարկները:
Դատավորը Խորհրդում հայտնած դիրքորոշմամբ ևս մեկ անգամ խնդրել է մերժել գործի քննությունը հետևյալ պատճառաբանությամբ.
Դատավորը Խորհրդին ներկայացրել է խնդրո առարկա գործով նշանակված թվով 8 դատական նիստերից չկայացած նիստերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես.
1-ին դատական նիստը չի կայացել՝ կողմերի պատշաճ ծանուցված չլինելու պատճառով,
2-րդ դատական նիստը չի կայացել՝ Դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով, որը պայմանավորված է եղել ընտանեկան խնդիրներով և չնայած այն հանգամանքին, որ ամենամյա արձակուրդի օրերը որոշվում են նախօրոք, սակայն իր կամքից անկախ ստացվել է այնպես, որ իր արձակուրդի օրերը համընկել են սույն քրեական գործի շրջանակներում նշանակված հերթական նիստի օրվա հետ:
3-րդ դատական նիստը կայացել և հետաձգվել է՝ գործի քննությանը հանրային պաշտպան ներգրավվելու վերաբերյալ որոշում կայացնելու հիմքով:
4-րդ դատական նիստը չի կայացել՝ գործով կողմ հանդիսացող դատախազի արձակուրդում գտնվելու պատճառով:
5-րդ դատական նիստը չի կայացել՝ դատավորի մեկ այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով: Բացի վերոհիշյալ հանգամանքից առկա է եղել նաև կողմից ներկայացված միջնորդությունը՝ նիստը հետաձգելու և այլ հերթի նշանակելու վերաբերյալ:
6-րդ և 7-րդ նիստերը չեն կայացել՝ մի դեպքում Դատավորի՝ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձաժողովի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվելու, իսկ մյուս դեպքում՝ Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցելու պատճառով:
Դատավորը նշել է, որ ներկայացված քրեական գործի շրջանակներում դատական նիստ նշանակելու ժամանակ տեղյակ չի եղել վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ժամկետների վերաբերյալ: Բացի այդ Դատավորը նշել է, որ տվյալ ժամանակահատվածում քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից առկա է եղել դիմում՝ գործի քննությունն այլ հերթի նշանակելու վերաբերյալ, քանի որ վերջինս գտնվել է արձակուրդում:
Դատավորը նիստի ժամանակ արտահայտած դիրքորոշմամբ ընդունել է, որ նիստերը հետաձգվել են տևական ժամանակով, սակայն նաև նշել է, որ այդ ձգձգումների վերաբերյալ խոսելն իրատեսական կլիներ, եթե, օրինակ՝ իր վարույթում լիներ 40 կամ 50 քրեական գործ:
Դատավորը նշել է, որ իր կողմից նիստերի հետաձգումը եղել է օբյեկտիվ պատճառներով:
Դատավորը վարույթի քննության ընթացքում ներկայացված դիրքորոշումից բացի, Խորհրդի անդամների կողմից հնչեցված հարցերին ի պատասխան նշել է, որ առ այսօր գործերի գույքագրում չի կատարել և տեղյակ չէ՝ արդյոք իր վարույթում կան քրեական գործեր, որոնց վաղեմության ժամկետները մոտ ապագայում լրանալու կապակցությամբ ստիպված է լինելու կարճել՝ վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։ Միաժամանակ, Դատավորը փաստել է, որ նախկինում նույնպես ունեցել է վաղեմության ժամկետով կարճված գործեր։
Խորհրդի կողմից հնչեցված հարցին, թե արդյոք դատավորը պարտավոր է դատավարության մասնակիցների կողմից արձակուրդ մեկնելու և այլ պատճառներով հետաձգել արդարադատության իրականացումը Դատավորը պարզաբանել է, որ գործով մասնակցող դատախազի մեկ անգամ դատական նիստին չներկայանալը վերջինս չի համարել գործի ձգձգմանն ուղղված միտում, ուստի մեկ անգամ նիստին չներկայանալը Դատավորի համար հիմք չի հանդիսացել՝ վարույթում այլ դատախազ ներգրավվելու համար:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. 17.09.2020 թվականին հարուցված թիվ 60186920 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Գարիկ Վլադիմիրի Դանիելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով 11.05.2021 թվականին՝ մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, մակագրվել է Դատավորին, ում կողմից այն վարույթ է ընդունվել 12.05.2021 թվականին (թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործ):
4.2. Դատարանի 27.05.2021 թվականի որոշմամբ քրեական գործը նշանակվել է դատական քննության՝ 07.06.2021 թվականին։ Հերթական դատական նիստեր են նշանակվել՝ 30.08.2021 թվականին, 20.12.2021 թվականին, 15.03.2022 թվականին, 17.05.2022 թվականին, 20.07.2022 թվականին, 04.10.2022 թվականին, 20.01.2023 թվականին, որոնցից կայացել են միայն 20.12.2021 թվականին և 20.01.2023 թվականին նշանակված դատական նիստերը:
4.3. 20.01.2023 թվականի դատական նիստին պաշտպանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Ամբաստանյալ Գ. Դանիելյանը միացել է միջնորդությանը:
4.4. Դատարանը 20.01.2023 թվականին որոշում է կայացրել «Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հարցը քննության առնելու մասին», որով թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Վլադիմիրի Դանիելյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական (18.04.2003 թվականին ընդունված) օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել և քրեական գործի վարույթը կարճել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
4.5. Վերաքննիչ քրեական դատարանը 22.05.2023 թվականի որոշմամբ դատական վերանայման ենթարկելով թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Վլադիմիրի Դանիելյանի վերաբերյալ Դատարանի՝ «Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հարցը քննության առնելու մասին» 20.01.2023 թվականի որոշումը, մերժել է վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը:
4.6. Վերաքննիչ քրեական դատարանը 22.05.2023 թվականի որոշմամբ արձանագրել է, որ գործի քննությունն Առաջին ատյանի դատարանում տևել է մեկ տարի ութ ամիս (գործն Առաջին ատյանի դատարանում ստացվել է 11.05.2021 թվականին և ավարտվել 20.01.2023 թվականին՝ դատական ակտի հրապարակմամբ): Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված ժամկետն ակնհայտ արդարացված չէր՝ հաշվի առնելով ինչպես դատական ակտի հրապարակման օրվա դրությամբ գործի քննության ընդհանուր ժամկետը, այնպես էլ գործի փաստական և իրավական հանգամանքները:
4.7. Վերաքննիչ քրեական դատարանի 22.05.2023 թվականի որոշումը չի բողոքարկվել, և թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործը 19.09.2023 թվականին ստացվել է Դատարանում՝ կատարումն ապահովելու համար, 27.10.2023 թվականին հանձնվել է Դատարանի գրասենյակ, ապա՝ արխիվ:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված հակափաստարկները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով նշանակված դատական նիստերի հետաձգումը հանգեցրել է տուժողի՝ քրեական գործը ողջամիտ ժամկետներում քննելու իրավունքի խախտման,
5.2. արդյո՞ք թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով կատարված խախտումները կատարվել են դիտավորությամբ, թե կոպիտ անփութությամբ,
5.3. արդյո՞ք թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) այնպիսի խախտում, որը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտման։
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Հանձնաժողովի հաղորդումը, Հանձնաժողովի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ինչպես նաև ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
ՀՀ Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատության և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր, առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, համաձայն որի՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության», քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:
Սահմանադրական դատարանի մեկ այլ դիրքորոշմամբ արձանագրվել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն, այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները: Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը1:
Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում:
Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:
Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե' որպես անհատ, և թե' որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա: Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) յուրաքանչյուր դեպքում ներպետական վարույթի տևողության ողջամտությունը գնահատում է՝ ելնելով քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքներից: Չնայած դրան, դատարանը ողջամիտ ժամկետի վիճարկմանը վերաբերող մի շարք գործերի քննության արդյունքում ձևավորել է որոշակի չափանիշներ, որոնք դատաքննության ողջամտությունը գնահատելիս կիրառվում են բոլոր գործերի նկատմամբ: Մասնավորապես, դատարանը հաշվի է առնում տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների այնպիսի վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:
Գործի քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը չի կարող արդարացվել անգամ, եթե համապատասխան դատավարական որոշումներն ընդունվել են անձի օգտին (քրեական գործի վարույթի կարճում, պատժի մեղմացում, հայցադիմումի (դիմումի) բավարարում և այլն):
Խորհուրդը, ինչպես նախկինում իր կայացրած որոշումներում սույն կարգապահական վարույթի շրջանակներում վերահաստատելով գործի ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտությունը և կարևորությունը, ևս մեկ անգամ փաստում է, որ դատավորին վերագրված խախտումը կարող է հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև այլ իրավունքների խախտման, ինչպես նաև կրկին կարևորում է, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական ժամկետներն ինքնանպատակ չեն, դրանք կոչված են երաշխավորելու դատավարական գործընթացներում իրավական որոշակիությունը, ապահովելու անձանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու նպատակով հաջորդիվ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։
Վերոգրյալ իրավանորմերի և դիրքորոշումների լույսի ներքո Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի՝ սույն դեպքում տուժողի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ, ինչպես նաև՝ ողջամիտ ժամկետների սահմանումը:
Բանգալորյան սկզբունքների, Եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում առկա՝ գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման առաջնայնության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկման առարկա դարձնելով սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքները, Խորհուրդն արձանագրում է, որ քննարկվող քրեական գործով դատական քննությունը նշանակելուց հետո Դատավորի կողմից չի դրսևորվել բավարար ջանասիրություն՝ գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու ուղղությամբ, ինչը չի բխում 01.07.1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածից:
Եվրոպական դատարանն անդրադառնալով ողջամիտ ժամկետում անձի դատաքննության իրավունքին, արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ որոշելիս, թե արդյո՞ք քրեական վարույթի տևողությունը ողջամիտ է եղել, թե ոչ, պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝
- գործի բարդությունը,
- դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները,
- իրավասու մարմինների վարքագիծը,
- դիմումատուի վարքագիծը:
Խորհուրդը Եվրոպական դատարանի կողմից քրեական վարույթի տևողության ողջամտության որոշման հարցում էական համարված գործոնների հաշվառմամբ հարկ է համարում սույն գործով հաստատված փաստերի համատեքստում անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին: Այսպես.
- Գործի բարդությունը.
Այս առումով անհրաժեշտ է գնահատման ենթարկել մի կողմից՝ գործով անցնող մեղադրյալների (ամբաստանյալների), վկաների, տուժողների, դատավարությանը մասնակցող այլ անձանց, մյուս կողմից` մեղադրյալներին (ամբաստանյալներին) մեղսագրվող արարքների քանակը, դրանց փաստական և իրավական բովանդակությունը, ապացուցվող հանգամանքների շրջանակը և հետազոտվող ապացույցների ծավալը։ Միաժամանակ, գործի բարդությունը որոշելիս պետք է նաև հաշվի առնել վկաների գտնվելու վայրը պարզելու և նրանց հարցաքննելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակը (օրինակ` միջազգային իրավական օգնությամբ այլ երկրում կամ պաշտպանության ներքո գտնվող վկաներին հարցաքննելու նպատակով կատարվող գործողությունները)։ Բացի այդ, պետք է գնահատման ենթարկել նաև դատաքննության ընթացքում լուծվող իրավական խնդիրների բնույթը (ինչպիսիք կարող են լինել օրինակ` գործի ընդդատությունը2, կիրառման ենթակա իրավական ակտի սահմանադրականությունը3, միջազգային պայմանագրի մեկնաբանությունը4:
Խորհուրդն անդրադառնալով թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործի բարդությանը՝ հարկ է համարում արձանագրել, որ քննարկվող պարագայում Դատավորի վարույթում գտնվող քրեական գործը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես առանձնակի բարդություն ունեցող, բացի այդ ինչպես վարույթ հարուցող մարմնի կողմից Խորհրդին ներկայացված միջնորդությամբ, այնպես էլ Դատավորի կողմից ներկայացված բացատրությամբ, ինչպես նաև քննարկվող քրեական գործի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ այն վերաբերել է ոչ մեծ ծանրության հանցագործությանը, որով որպես դատավարության մասնակիցներ են հանդիսացել ամբաստանյալը, տուժողը և երկու վկաներ, որոնցից մեկը՝ տուժողի ներկայացուցիչ։ Ասվածից հետևում է, որ նման ծանրության հանցագործության դեպքի վերաբերյալ քրեական գործը, որով անցնում են ընդամենը դատավարության չորս մասնակից որևէ կերպ չի կարող համարվել բարդ կամ առանձնակի բարդություն ունեցող, որի պայմաններում այն պետք է քննվի և լուծվի հնարավորինս կարճատև ժամանակահատվածում։
Քննության ենթակա հարցի համատեքստում Խորհուրդը հարկ է համարում նաև արձանագրել, որ 30.08.2021 թվականի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» ԲԴԽ-65-Ո-165 որոշման 1-ին գլխի 4-րդ կետից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված արարքն ըստ բարդության մակարդակի դասվում է` պարզ գործերի շարքին, որոնց համար որպես քննության ողջամիտ ժամկետ սահմանված է՝ 3-4 ամսվա ժամանակահատվածը։
- Դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքներին, ի թիվս այլնի, մատնանշել է նյութական և ոչ նյութական վնասը: Նշված համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դասակարգել է գործեր, որոնք պահանջում են «հատուկ կամ կոնկրետ ջանասիրություն» և «բացառիկ ջանասիրություն»։ «Հատուկ կամ կոնկրետ ջանասիրություն», ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ի թիվս այլ դեպքերի, պահանջվել է այն գործերով, որոնք ըստ էության վերաբերել են ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերին վնասների հատուցում տալուն5, ինչպես նաև ոստիկանության ծառայողների հանցավոր ոտնձգության կապակցությամբ քննություն իրականացնելուն6, գործեր, որոնցով անձը դատական քննության ընթացքում գտնվում է կալանքի տակ7։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձնացրել է նաև «բացառիկ ջանասիրության» ենթակա գործերը, որոնք օրինակ վերաբերում են անբուժելի հիվանդությամբ տառապող անձանց կողմից ներկայացված փոխհատուցման պահանջի քննությանը։ Այդ գործերով, ելնելով կյանքի կանխատեսվող տևողությունից, առկա է ռիսկ առ այն, որ ցանկացած ձգձգում կարող է դատարանի կողմից լուծման ենթակա հարցը դարձնել աննպատակ8։
Տվյալ դեպքում վերլուծության ենթարկելով այն հարցը, թե գործի տևական քննությունն ինչ հետևանքներ է ունեցել շահագրգիռ անձի համար, Խորհուրդն արձանագրում է, որ գործի քննության ողջամիտ ժամկետները Դատարանի կողմից չպահպանվելու հետևանքով խախտվել են գործով տուժող հանդիսացող Ավետիք Աբգարյանի մի շարք Կոնվենցիոն և դատավարական իրավունքներ։ Մասնավորապես տուժողը քրեական դատավարության համակարգում այն անձն է, որին մեղադրյալի կողմից դրսևորած հակաիրավական արարքի հետևանքով պատճառվել կամ կարող է պատճառվել ֆիզիկական, նյութական կամ բարոյական վնաս։ Հաճախ՝ ինչպես այս դեպքում ամբաստանյալի ենթադրյալ հակաիրավական արարքի հետևանքով տուժողին հասցվում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև՝ նյութական կամ բարոյական վնաս։ Մինչդեռ, գործի անհարկի երկարատև քննության արդյունքում ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով նրա նկատմամբ պատիժ չնշանակելու հետևանքով, Դատարանն ինքն իրեն զրկել է լուծելու նրա մեղավորության, դրանով պայմանավորված՝ մեղավոր անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու, արդյունքում նաև՝ տուժողին պատճառված ֆիզիկական, բարոյական և նյութական վնասը վերականգնելու հարցերը։ Այլ խոսքով ասած՝ տուժողի օրինական շահերի պաշտպանությանն ուղղված քրեադատավարական մի շարք կառուցակարգեր չեն ծառայեցվել իրենց նպատակին՝ տուժողը քրեական դատավարության ընթացքում չի կարողացել ստանալ արդարացի հատուցում իր նկատմամբ տեղի ունեցած ենթադրյալ ոտնձգության, ինչպես նաև դրանով իրեն հասցված ֆիզիկական, բարոյական և նյութական վնասի վերականգնման առումով։ Մասնավորապես, տվյալ դեպքում կոպտորեն ոտնահարվել է արդարադատության շահը և փաստացի չի իրականացվել արդարադատություն, որի արդյունքում տուժողը զրկվել է օրենսդրությամբ սահմանված վնասների հատուցում ստանալու հնարավորությունից, ինչն իր հերթին օբյեկտիվորեն հանգեցրել է տուժողի համար իր իրավունքների վերականգնման նպատակով լրացուցիչ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության՝ անխուսափելիորեն հանգեցնելով անձի իրավունքների պաշտպանության ողջամիտ ժամանակահատվածի անհարկի երկարաձգման: Ավելին, չեն քննարկվել նաև քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ մեղավոր անձի մեղքի հարցը հաստատելու կամ հերքելու, քրեական օրենքի ուժով վերջինիս նկատմամբ օրենքով նախատեսված համաչափ պատիժ նշանակելու և դրանից բխող պատժի նպատակները՝ պատժի ենթարկված անձին ուղղելու, նրան վերասոցիալականացնելու, ինչպես նաև նոր հանցագործությունները կանխելու կարևորագույն հարցերը։ Բացի այդ, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ամբաստանյալին քրեական պատասխանատվությունից ազատելու և քրեական գործի վարույթը կարճելու հետևանքով չի իրագործվել նաև գործով տուժող հանդիսացող անձի կողմից արդարադատությունից սպասվող կարևոր ակնկալիքներից մեկը՝ սոցիալական արդարության վերականգնումը։
- Իրավասու մարմինների վարքագիծը.
Այս առումով առանցքային նշանակություն ունի ինչպես դատարանի, այնպես էլ քրեական վարույթի ընթացքում հանրային շահը պաշտպանող քրեական հետապնդման մարմինների կողմից գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով ձեռնարկած միջոցառումների և դրանց արդյունավետության գնահատումը։
Դատարանի կողմից գործի քննության արագությունն ապահովելու համատեքստում հատկանշական է գործով նշանակված դատական նիստերի հաճախականության, ինչպես նաև գործի քննության անհարկի ձգձգումները նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատումը (ինչպես օրինակ՝ դատավարության մասնակիցների, դատակոչի ենթակա անձանց ցուցակում ներառված անձանց պատշաճ և ժամանակին ծանուցումը, ապացույցների հետազոտման արդյունավետ կարգի սահմանումը, ապացույցների հետազոտման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, գործի պատշաճ քննության համար անհրաժեշտ փաստական տվյալների ժամանակին ստացումը)։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով դատական նիստը նախագահողը պետք է ձեռնարկի ողջամտորեն անհրաժեշտ միջոցառումներ` գործի քննությունը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտելու համար։ Այդ առումով ուշադրության է արժանի նաև այն, թե գործի քննության հետաձգումներն ընդհանուր առմամբ արդյո՞ք առավելապես պայմանավորված են եղել դատարանի կողմից անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման պատճառաբանություններով:
Անդրադառնալով գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով իրավասու մարմնի՝ տվյալ դեպքում քրեական վարույթն իրականացնող առաջին ատյանի դատարանի՝ ի դեմս Դատավորի կողմից ձեռնարկած միջոցառումներին և դրանց արդյունավետությանը, Խորհուրդը գտնում է, որ վերջինս չի դրսևորել բավարար ջանասիրություն և շրջահայացություն, հաշվի չառնելով այն կարևոր փաստը, որ քննարկվող քրեական գործը չունի առանձնակի բարդություն, իսկ դրանով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Այս հանգամանքների հաշվառմամբ Դատավորը պարտավոր էր գործը վարույթ ընդունելուց հետո դատական նիստերը նշանակել հնարավորինս կարճաժամկետ պարբերականությամբ։ Մինչդեռ, այս դեպքում, արժանի ուշադրություն չդարձնելով այն հանգամանքի վրա, որ նմանատիպ գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները խիստ կարճ են, իսկ Դատարան ստացվելու պահին արդեն անցած է եղել դրա մի մասը, Դատավորը դատական նիստերը նշանակել է այնպիսի խզմամբ, որը հանգեցրել է քրեական գործի վարույթը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցած լինելու հիմքով կարճման։
Խորհուրդը գտնում է, որ այս դեպքում Դատավորը՝ անկախ ունեցած ծանրաբեռնվածությունից, պարտավոր էր դատական նիստերը նշանակել առավել կարճ պարբերականությամբ, որի պայմաններում կխուսափեր գործի քննության ողջամիտ ժամկետները խախտելու հնարավոր վտանգից։ Նման պայմաններում, Խորհրդի համար ընդունելի չեն Դատավորի այն պնդումները, որ ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները դատական նիստերը հնարավորինս շուտ նշանակելու և գործի արդարացի քննությունն իրականացնելու համար։ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ իր լիազորություններն իրականացնելիս ցանկացած դատավոր պարտավոր է կառավարել դատարանի արդարադատական ռեսուրսներն այնպես, որպեսզի դրանք որևէ կերպ չվտանգեն արդարադատության արդյունավետությանը։ Քննարկվող պարագայում, սակայն Դատավորը, հաշվի չառնելով իր իսկ պնդմամբ վարույթում գտնվող գործերի բազմաքանակ լինելը, ցանկություն է հայտնել մասնակցելու այնպիսի ոչ պարտադիր վերապատրաստումների՝ այդ թվում նաև արտերկրում, որոնց ներկա գտնվելը պահանջել է որոշակի՝ ոչ կարճ ժամանակահատված։ Արդյունքում՝ դատական նիստերի չկայանալը, զուգորդված նաև այլ պատճառներով, հանգեցրել է քննարկվող քրեական գործի վարույթը կարճելուն։ Ինչ վերաբերում է նշանակված երկու դատական նիստերը՝ մի դեպքում այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու, իսկ մյուս դեպքում՝ Արդարադատության ակադեմիայում տարեկան պարտադիր վերապատրաստումների գտնվելու հիմքով հետաձգելուն, ապա Խորհուրդը փաստում է, որ նմանատիպ դեպքերում, հատկապես, Դատավորը պարտավոր էր դրանց հաջորդող դատական նիստերը նշանակել հնարավորինս կարճ ժամանակ անց։ Մինչդեռ, այս դեպքում խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով քննարկվող գործով դատական նիստը չկայանալուց հետո, դրան հաջորդող դատական նիստը Դատավորի կողմից նշանակվել է ավելի քան երկու, իսկ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստման գտնվելու հիմքով դատական նիստը չկայանալուց հետո՝ ավելի քան երեք ամիս անց՝ 20․01․2023 թվականին և նույն օրը գործի վարույթը՝ կարճվել։
Վերոգրյալի համատեքստում Խորհուրդը կարևոր է համարում հիշատակել Եվրոպական դատարանի մոտեցումն առ այն, որ անգամ եթե դատավարական նախաձեռնությունը դրված է կողմերի վրա, դա չի ազատում դատարաններին 6-րդ հոդվածին համապատասխան արագ դատաքննություն ապահովելու պարտականությունից9, որից հետևում է, որ դատարանները դատական նիստերի նշանակման պարբերականությունը որոշելիս իրենց թիրախում պետք է ունենան ոչ միայն զուտ ժամանակագրական առումով կարճ խզմամբ հաջորդական նիստերի նշանակումը, այլ նաև ողջամիտ սեղմ ժամանակահատվածում նշանակված դատական նիստերի իրականացմամբ դատական նիստի նպատակների գործնականում կենսագործումը:
-Դիմումատուի վարքագիծը.
Սույն գործոնի քննարկման շրջանակներում անհրաժեշտ է հաշվի առնել ողջամիտ ժամկետում գործի քննությամբ շահագրգռված անձի՝ մեղադրյալի (ամբաստանյալի) և պաշտպանի, օրինական ներկայացուցչի, տուժողի, նրա ներկայացուցչի, իրավահաջորդի, օրինական ներկայացուցչի վարքագիծը՝ գործի արագ քննությանը չխոչընդոտելու տեսանկյունից։ Մասնավորապես, անհրաժեշտ է գնահատման ենթարկել, թե դատավարության տևողությունը ձգձգող պատճառներն ընդհանուր առմամբ արդյո՞ք ձևավորվել են վերը նշված դատավարության մասնակիցների դրսևորած վարքագծի արդյունքում։ Այսպես, հարկ է պարզել, թե արդյո՞ք դատական նիստերը հետաձգվել են պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նշված դատավարության մասնակիցների` դատական նիստերին պարբերաբար չներկայանալու պատճառներով, արդյո՞ք դրանք եղել են հարգելի, թե անհարգելի, ու՞մ կողմից է ներկայացվել դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն, արդյո՞ք նշված դատավարության մասնակիցներն իրենց դատավարական իրավունքներից օգտվել և իրենց դատավարական պարտականությունները կատարել են բարեխղճորեն, թ՞ե իրենց վարքագծով կանխամտածված խոչընդոտներ են ստեղծել, որոնք հավանաբար կձգձգեին գործի վարույթը10։ Վերջինի առումով առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյո՞ք անձը չարաշահել է իր դատավարական իրավունքները («abuse of rights»): Որպես օրինակ կարող են լինել այն դեպքերը, երբ անձի վարքագիծը հանգեցնում է դատական նիստերի պարբերաբար հետաձգման (այդ նպատակով անձը ներկայացնում է միջնորդություն՝ դատական նիստը հետաձգելու և գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ, ընդ որում` որոշ դեպքերում` ամբողջությամբ գործի նյութերին նախաքննության ավարտին ծանոթացած լինելու պայմաններում, ներկայացնում է բացարկի և ինքնաբացարկի միջնորդություններ, հանդես գալիս հայտարարություններով, փոխում կամ հրաժարվում պաշտպանից, խախտում դատական նիստի կարգը, անհարգալից վերաբերմունք դրսևորում դատարանի նկատմամբ)։ Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ իրավական պաշտպանության միջոցներից բարեխղճորեն, իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտվելը չի կարող գնահատվել որպես շահագրգիռ սուբյեկտների կողմից գործի քննությունը դանդաղեցնող վարքագծի դրսևորում:
Տվյալ դեպքում քննարկման առարկա դարձնելով շահագրգիռ անձինք հանդիսացող դատավարության մասնակիցների վարքագիծը, Խորհուրդը փաստում է, որ կարգապահական վարույթի քննության ընթացքում Խորհրդին չներկայացվեց որևէ փաստական տվյալ այն մասին, որ ամբաստանյալը, տուժողը կամ վկաներից որևէ մեկը դրսևորել է այնպիսի ոչ իրավաչափ վարքագիծ, որը կարող էր պատճառ հանդիսանալ գործի քննությունն անհարկի հետաձգելու կամ ձգձգելու համար։ Մեկ դատական նիստում ամբաստանյալի կողմից հանրային պաշտպան ներգրավելու համար միջնորդություն ներկայացնելու հիմքով գործի քննությունը հետաձգելը, մեկ դատական նիստը մեղադրանքը պաշտպանող դատախազի արձակուրդում գտնվելու պատճառով հետաձգելը, չի կարող փաստել այն մասին, որ դատավարության կողմերը և մասնակիցները դրսևորել են այնպիսի ոչ պատշաճ վարքագիծ, որը, սույն դեպքում, կարող էր վկայել այն մասին, որ կողմերի մեղքով գործի քննության տարաբնույթ հետաձգումներն են եղել, որոնք հանգեցրել են գործի քննության ողջամիտ ժամկետների խախտմանը։
Բացի այդ Վճռաբեկ դատարանը 18.09.2019 թվականի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշմամբ անդրադառնալով գործի քննության ժամկետի ողջամտության գնահատմանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից սահմանված չորս չափորոշիչներից զատ էական է համարել նաև գործի քննության ընդհանուր տևողությունը և նշել, որ. Գործի քննության ժամկետի ողջամտությունը որոշելիս առանցքային նշանակություն ունի նաև գործի քննության ընդհանուր ժամկետի գնահատումը` այնպիսի հանգամանքների հաշվառմամբ, ինչպիսիք են` այդ ժամկետում դատական ակտերի բողոքարկման կառուցակարգի գործադրման ընդհանուր ժամանակահատվածը, տևական ժամկետ պահանջող դատավարական գործողությունների կատարմամբ առաջացած ժամկետային խզումները, բեկանված և նոր քննության ուղարկված գործերով` քննության ծավալի և ժամանակահատվածի հարաբերակցությունը գործի ընդհանուր քննության ծավալի և ժամկետի հետ: (…)
Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրող դրույթները և դրանց գնահատման վերաբերյալ մշակված չափանիշները նպատակ ունեն շահագրգիռ անձին պաշտպանելու երկարատև անորոշ իրավական վիճակից և ապահովելու արդարադատության իրականացումն առանց ձգձգումների` երաշխավորելով գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը՝ ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ հասարակության կողմից::
Վերոգրյալի հաշվառմամբ քննարկման առարկա դարձնելով գործի քննության ընդհանուր տևողության վերաբերյալ հարցը՝ Խորհուրդն արձանագրում է, որ գործի քննության ընդհանուր տևողության ժամկետը նախաքննության մարմնում սկսվել է 17.09.2020 թվականից, իսկ Առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննությունն ավարտվել է 20.01.2023 թվականին: Այսինքն, գործի քննությունն Առաջին ատյանի դատարանում տևել է մեկ տարի ութ ամիս (գործն Առաջին ատյանի դատարանում ստացվել է 11.05.2021 թվականին և ավարտվել 20.01.2023 թվականին՝ դատական ակտի հրապարակմամբ), ինչը Խորհրդի համոզմամբ չի կարող համարվել ողջամիտ՝ Խորհրդի վերը նշված դատողություններից ելնելով։
Վերոնշյալ հիմնավորումներով Խորհուրդը փաստում է, որ Դատավորը թույլ է տվել քրեադատավարական օրենքի, այն է՝ 01.07.1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետի խախտման, որն արտահայտվել է իր վարույթում գտնվող ոչ մեծ ծանրության հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի հիմքով հարուցված և որպես դատավարության մասնակիցներ՝ ամբաստանյալ, տուժող և երկու վկաներ, որոնցից մեկը՝ տուժողի ներկայացուցչին ներառող թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործը ողջամիտ ժամկետում չքննելով, ինչը խաթարել է տուժողի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի կենսագործումը՝ տուժողին զրկելով Դատարանում արդարադատություն գտնելու իրավաչափ ակնկալիքից՝ ինչպես նաև զերծ չմնալով դատական իշխանությունը հեղինակազրկելուց:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Դատարանի նման վարքագծի դրսևորումն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ողջամտորեն կասկած հարուցել նաև Դատարանի անկախության ու անաչառության հարցում, դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը կարգապահական խախտում թույլ տալու պահին կարգապահական տույժ չի ունեցել:
Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, նախկինում առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Վերոգրյալ իրավանորմերի լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իր կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտմամբ զերծ չի մնացել դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ակնհայտորեն վտանգելով դատարանի որպես անաչառ ինստիտուտի մասին հանրային ընկալումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարել խիստ նկատողություն:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
_________________________
1 Տե՛ս, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994:
2 Տե'ս Lorenzi, Bernardini and Gritti v. Italy գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1992 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 13301/87, կետ 16:
3 Տե'ս Ruiz-Mateos v. Spain գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1993 թվականի հունիսի 23-ի վճիռը, գանգատ թիվ 12952/87, կետ 41:
4 Տե'ս Beaumartin v. France գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1994 թվականի նոյեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 15287/89, կետ 33:
5 Տե'ս, mutatis mutandis, Martins Moreira v. Portugal գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1988 թվականի հոկտեմբերի 26-ի վճիռը, գանգատ թիվ 11371/85, կետ 59:
6 Տե'ս, mutatis mutandis, Caloc v. France գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2000 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 33951/96, կետեր 119-120:
7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Abdoella v. the Netherlands գործով 1992 թվականի նոյեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 12728/87, կետ 24, Kalashnikov v. Russia գործով 2002 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 47095/99, կետ 132:
8 Տե'ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` X. v. France գործով 1992 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատ թիվ 18020/91, կետեր 44, 47, VallՌe v. France գործով 1994 թվականի ապրիլի 26-ի վճիռը, գանգատ թիվ 22121/93, կետեր 47, 49:
9 Տե'ս, SՖrmeli-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], 2006, « 129։ Pafitis -ը և այլք ընդդեմ Հունաստանի, 1998, « 93։ Tierce-ն ընդդեմ Սան Մարինոյի, 2003, « 31:
10 Տե'ս Eckle v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1982 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 8130/78, կետ 82:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Անդրեասյան Անդամներ` Ա. Աթաբեկյան Հ. Գրիգորյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց (Հատուկ կարծիք) ԷԴ. Հովհաննիսյան (Հատուկ կարծիք) Ն. Հովսեփյան (Հատուկ կարծիք) Ք. Մկոյան Վ. Քոչարյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2024 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Արժևորելով ստորև քննարկվող հարցի շուրջ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Կ. Անդրեասյանի (նախագահող), Հ. Գրիգորյանի, Կ․ Թումանյանի, Ե. Թումանյանցի, Վ. Քոչարյանի ներքին համոզմունքը, դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 04-ի որոշման շրջանակներում համաձայնելով դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման առկայությանը, այնուամենայնիվ, կիրառվող տույժի մասով՝ իբրև ընտրված խիստ միջոցի, մնում ենք հատուկ կարծիքի (այսուհետ՝ Կարծիք)՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:
1. Կարգապահական վարույթի ընթացքը և միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Իզաբել Աբգարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խաչիկյանի կողմից 12.10.2023 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ներկայացված հաղորդումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև` Դատարան կամ Առաջին ատյանի դատարան) դատավոր Վահե Միսակյանի (այսուհետ նաև` Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Հանձնաժողովը 18.12.2023 թվականի N-Կ-12/2023 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:
Հանձնաժողովի 19.02.2024 թվականի N-Կ-12/2023 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
1.1. 17.09.2020 թվականին հարուցված թիվ 60186920 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Գարիկ Վլադիմիրի Դանիելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով 11.05.2021 թվականին՝ մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, մակագրվել է Դատավորին, ում կողմից այն վարույթ է ընդունվել 12.05.2021 թվականին (թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործ):
1.2. Դատարանի 27.05.2021 թվականի որոշմամբ քրեական գործը նշանակվել է դատական քննության՝ 07.06.2021 թվականին։ Հերթական դատական նիստեր են նշանակվել՝ 30.08.2021 թվականին, 20.12.2021 թվականին, 15.03.2022 թվականին, 17.05.2022 թվականին, 20.07.2022 թվականին, 04.10.2022 թվականին, 20.01.2023 թվականին, որոնցից կայացել են միայն 20.12.2021 թվականին և 20.01.2023 թվականին նշանակված դատական նիստերը:
1.3. 20.01.2023 թվականի դատական նիստին պաշտպանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Ամբաստանյալ Գ. Դանիելյանը միացել է միջնորդությանը:
1.4. Դատարանը 20.01.2023 թվականին որոշում է կայացրել «Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հարցը քննության առնելու մասին», որով թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Վլադիմիրի Դանիելյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական (18.04.2003 թվականին ընդունված) օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել և քրեական գործի վարույթը կարճել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
1.5. Վերաքննիչ քրեական դատարանը 22.05.2023 թվականի որոշմամբ դատական վերանայման ենթարկելով թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Վլադիմիրի Դանիելյանի վերաբերյալ Դատարանի՝ «Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հարցը քննության առնելու մասին» 20.01.2023 թվականի որոշումը, մերժել է վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը:
1.6. Վերաքննիչ քրեական դատարանը 22.05.2023 թվականի որոշմամբ արձանագրել է, որ գործի քննությունն Առաջին ատյանի դատարանում տևել է մեկ տարի ութ ամիս (գործն Առաջին ատյանի դատարանում ստացվել է 11.05.2021 թվականին և ավարտվել 20.01.2023 թվականին՝ դատական ակտի հրապարակմամբ): Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված ժամկետն ակնհայտ արդարացված չէր՝ հաշվի առնելով ինչպես դատական ակտի հրապարակման օրվա դրությամբ գործի քննության ընդհանուր ժամկետը, այնպես էլ գործի փաստական և իրավական հանգամանքները:
1.7. Վերաքննիչ քրեական դատարանի 22.05.2023 թվականի որոշումը չի բողոքարկվել, և թիվ ԵԴ/0607/01/21 քրեական գործը 19.09.2023 թվականին ստացվել է Դատարանում՝ կատարումն ապահովելու համար, 27.10.2023 թվականին հանձնվել է Դատարանի գրասենյակ, ապա՝ արխիվ:
2. Կարծիքի իրավական վերլուծությունները և եզրահանգումը.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա:
Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
(…)
4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Սույն կարծիքի շրջանակներում կարևոր ենք համարում անդրադառնալ Դատավորին պատասխանատվության ենթարկելու դեպքում վերջինիս կատարած խախտման և Խորհրդի կողմից կարգապահական տույժի ընտրության միջև համաչափության հարաբերակցության հարցին:
ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշմամբ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. «(…) համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կարգապահական վարույթը ի թիվս այլ սկզբունքների, իրականացվում է նաև դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության սկզբունքի հիման վրա։ Ընդ որում, օրենսդրորեն Խորհրդին իրավունք է վերապահվել կարգապահության խախտում թույլ տված դատավորի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված կարգապահական տույժերից որևէ մեկը` դրա ընտրությունը պայմանավորելով մի շարք հանգամանքներով: Այլ կերպ ասած, դատավորի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցը (կարգապահական տույժի տեսակը) ընտրելիս և այն կիրառելիս պետք է պահպանվի համաչափությունն դատավորի կողմից կատարված խախտման ծանրության աստիճանին և դրա արդյունքում վրա հասնող իրավական հետևանքներին: Այսինքն` առավել նվազ ծանրության կարգապահական խախտման դեպքում պետք է կիրառվի առավել մեղմ կարգապահական պատասխանատվության միջոց, և հակառակը: Ավելին, Խորհուրդը կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառման դեպքում պարտավոր է հաշվի առնել խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռություն ապահովելուն, որպիսի պայմաններում դրա կիրառումը չի կարող կրել ձևական բնույթ, ուստիև տույժ նշանակելիս Խորհուրդը պարտավոր է իրավական գնահատման ենթարկել դատավորի կատարած խախտման բնույթը, դրա ծանրությունը և օրենքով նախատեսված մյուս հանգամանքները:
Որոշմամբ Դատավորի մեղքի ձևի առումով Խորհուրդը գտել է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել: Խորհուրդը միաժամանակ արձանագրել է, որ Դատավորը կարգապահական խախտում թույլ տալու պահին կարգապահական տույժ չի ունեցել:
Կարծում ենք, որ նման փաստական հանգամանքների արձանագրման պայմաններում Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը համաչափ չէ կատարված խախտմանը և նրա նկատմամբ պետք է նշանակել առավել մեղմ կարգապահական տույժ՝ նկատողության տեսքով։
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն կարծիքում ներկայացված վերլուծությունները, ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, գտնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին պետք է հայտարարել նկատողություն։
«29» ապրիլի 2024 թ. |
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ
ԷԴ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ք․ ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: