ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7920/02/20 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7920/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի նոյեմբերի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Օֆելյա Սարիբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Օֆելյա Սարիբեկյանի հայցի ընդդեմ Սոնա Թորոսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Սոնա Թորոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Օֆելյա Սարիբեկյանի ու Մանուկ Քոչարյանի՝ վտարելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Օֆելյա Սարիբեկյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում առկա՝ Անտառային փողոցին հարակից երեք ավտոտնակներից մեջտեղինի և այդ ավտոտնակով զբաղեցված հողամասի նկատմամբ, որպես հետևանք՝ վիճարկվող ավտոտնակի ու դրանով զբաղեցրած հողամասի մասով, անվավեր ճանաչել պատասխանողի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սոնա Թորոսյանը պահանջել է Օֆելյա Սարիբեկյանին և Մանուկ Քոչարյանին վտարել Երևանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում գտնվող ավտոտնակի տարածքից:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.04.2022 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Օֆելյա Սարիբեկյանին վտարել Երևանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում գտնվող ավտոտնակից. Մանուկ Քոչարյանի դեմ ուղղված պահանջի մասով հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.11.2022 թվականի որոշմամբ Օֆելյա Սարիբեկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Օֆելյա Սարիբեկյանը (ներկայացուցիչ Արսեն Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ միայն հարևանների ցուցմունքները բավարար էին գույքը ձեռք բերելու բարեխղճության պայմանը հաստատելու համար, և նշել է, որ միայն հարևանների հայտարարություններով, հետագայում նաև՝ վկաների ցուցմունքներով հնարավոր չէ դատողություններ կատարել առ այն, որ ավտոտնակը հայցվորին տրվել է որպես սեփականը տնօրինելու իրավունքով, հակառակը՝ վկաների ցուցմունքներից բխում է, որ թեպետ եղել է ավտոտնակ կառուցելու և այն օգտագործելու վերաբերյալ համաձայնություն, այդուհանդերձ, որևէ տեղ առկա չէ նշում, որ այն փոխանցվել է որպես սեփականություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը չի սահմանում արգելք առ այն, որ եթե այն գույքի մասով, որի նկատմամբ պետք է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվի սեփականության իրավունք, տեղի է ունեցել տիտղոսային սեփականատիրոջ փոփոխություն, ապա իրավունքի ճանաչումը հայցող անձի տիրապետման ժամկետի հաշվարկը պետք է սկսվի փոփոխության ժամկետից հետո:
Սույն գործով տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքով և թվով 13 հարևանների հայտարարությամբ հաստատվում է, որ վիճելի ավտոտնակը 1980 թվականների վերջում կառուցվել է իր ու նրա ընտանիքի անդամների կողմից նրանց միջոցներով: Հաստատվում է նաև, որ գրանցված սեփականատերը մինչև 2020 թվականը որևէ գործողություն չի կատարել իր ենթադրյալ ապօրինի օգտագործումը և տիրապետումը կանխելու ուղղությամբ: Հետևաբար` առնվազն 2001 թվականից բողոքաբերի մոտ ձեռքբերման վաղեմության ուժով ծագել է վիճելի ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը:
Նշված հանգամանքներն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12022020-01-0139 վկայականի համաձայն՝ Երևան, Կենտրոն, Սարմենի փողոց 60/4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 07.02.2020 թվականի նվիրատվության թիվ 403 պայմանագրի հիման վրա 12.02.2020 թվականին գրանցվել է Սոնա Թորոսյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Շինությունը ներառում է ավտոտնակ (45.3 քմ), 0,04409հա հողամասի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 1/4 (հատոր 1-ին, գ․թ․ 54).
2) Կենտրոն վարչական շրջանի թիվ 18 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 29.02.2020 թվականին տրված տեղեկանքի պատճենի համաձայն՝ «Օֆելյա Սարիբեկյանը 1977 թվականից մշտապես բնակվում է ք. Երևան, Անտառային փողոց, 138/2 հասցեում և Սարմենի 60/4 հասցեում առկա երեք ավտոտնակներից մեկը (Անտառային փողոցին հարակից հարող երեք ավտոտնակներից մեջտեղինը) օգտագործվում և տիրապետվում է վերջինի կողմից 1989 թվականից մինչև օրս: Հայտնում ենք նաև, որ ավտոտնակը կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու և ընտանիքի կողմից: Հիմք հարևանների հայտարարագիրը» (հատոր 1-ին, գ․թ․ 12).
3) որպես հարևաններ Մհեր Ջիվարյանի, Արմեն Մուրադյանի, Արթուր Ջիվարյանի, Վարդան Գևորգյանի, Արմեն Պողոսյանի, Արսեն Գրիգորյանի, Հայկազ Սահակյանի, Նորիկ Պողոսյանի, Արա Առաքելյանի, Սամվել Պողոսյանի, Հրաչյա Մանուկյանի, Ռադիկ Մանասյանի և Էլմիրա Զախարյանի կողմից ստորագրված 29.02.2020 թվականի հայտարարության համաձայն՝ «Մենք ներքոստորագրյալներս սույնով տալիս ենք հայտարարություն այն մասին, որ քաղաք Երևան, Սարմենի փողոց 60/4 հասցեում առկա թվով երեք ավտոտնակներից մեկը (մուտքը դեպի Անտառային փողոցին հարակից հարող երեք ավտոտնակներից մեջտեղինը) 1989 թվականից մինչ օրս օգտագործվում և տիրապետվում է Օֆելյա Սարիբեկյանի կողմից: Հայտնում ենք նաև, որ վերը նշված ավտոտնակը 1989 թվականին կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու՝ Հայկարամ Մկրտչյանի և ընտանիքի կողմից բացառապես վերջիններիս ուժերով և միջոցներով: Հայտնում ենք նաև, որ մեր ընկալմամբ այդ ավտոտնակը միանշանակ պատկանում է Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքին, քանի որ առանց խոչընդոտների մինչ օրս այն տիրապետվում և օգտագործվում է վերջինների կողմից իբրև իրենց սեփականը» (հատոր 1-ին, գ․թ․ 36-38).
4) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Վարդան Գևորգյանը հայտնել է, որ ճանաչում է Սոնա Թորոսյանին և Օֆելյա Սարիբեկյանին, վերջիններս հարևաններ են։ Հիշյալ ավտոտնակը գտնվում է Անտառային փողոցում (մի մասը), այն կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի, նրա ամուսնու ու սկեսրայրի միջոցներով։ Սոնա Թորոսյանը որևէ առնչություն չունի հիշյալ ավտոտնակին և, իր կարծիքով, Օֆելյա Սարիբեկյանն է հանդիսանում սեփականատեր։ Սոնա Թորոսյանի պապիկը համաձայնության է եկել Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքի հետ, շինությունը քանդվել է, փոխարենը կառուցվել է ևս մեկ ավտոտնակ։ Կառուցման պահից տարածքն օգտագործել է Օֆելյա Սարիբեկյանը։ Հիշյալ տարածքը հանդիսացել է պետական սեփականություն, այնուհետև սեփականաշնորհվել է Գագիկ Թորոսյանի կողմից (հատոր 2-րդ, գ․թ․ 92).
5) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Արսեն Գրիգորյանը հայտնել է, որ վիճելի ավտոտնակը գտնվում է Օֆելյա Սարիբեկյանի տան դիմաց՝ Անտառային փողոցում։ Այն կառուցվել է 90-ական թվականներին, Օֆելյա Սարիբեկյանն այդտեղ ունեցել է ավտոտնակ, այնուհետև պայմանավորվել են այն քանդել և 6-7 ավտոտնակ կառուցել։ Օֆելյա Սարիբեկյանը և իր ընտանիքն ավտոտնակը կառուցել են իրենց միջոցներով ու մինչև հիմա էլ օգտագործում են իրենք։ Կողմերի միջև երբևէ վիճաբանություն չի եղել (հատոր 2-րդ, գ․թ․ 92).
6) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Հայկազ Սահակյանը հայտնել է, որ ավտոտնակը կառուցվել է 80-ական թվականներին և պատկանել է Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքին, երբևէ չի օգտագործվել պատասխանողի կողմից։ Նշեց, որ հողամասը ոչ ոքի չի պատկանել՝ սեփականություն չի եղել, իսկ շինությունը երկհարկանի է, ներքևի հարկն օգտագործում է Սոնա Թորոսյանի ընտանիքը, իսկ վերևի հարկը Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքը ավտոտնակ է կառուցել, և այն եղել է երկու կողմերի համաձայնությամբ։ Օֆելյան է օգտագործել ավտոտնակը, իսկ ամուսինը եղել է արտերկրում, ավտոտնակը երբևէ չի վերանորոգվել (հատոր 2-րդ, գ․թ․ 92).
7) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Նորիկ Պողոսյանը հայտնել է, որ Օֆելյան և իր ընտանիքն ավտոտնակ են կառուցել, այնուհետև հարևանները խնդրել են, որ իրենք էլ օգտվեն։ Օֆելյան վերանորոգել է ավտոտնակը, և Թորոսյանների հետ բանավոր պայմանավորվածություն է եղել այն մասին, որ վերևի հարկը օգտագործի Օֆելյա Սարիբեկյանը, իսկ ներքևինը՝ Թորոսյանները։ Հիշյալ տարածքը եղել է պետական սեփականություն, այնուհետև Թորոսյանները գաղտնի սեփականացրել են։ Ավտոտնակը կառուցվել է 80-90-ական թվականներին, և երբևէ կողմերի միջև տարաձայնություն չի եղել (հատոր 2-րդ, գ․թ․ 92).
8) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Հրաչյա Թորոսյանը հայտնել է, որ ավտոտնակը կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու կողմից, հայրը և ինքը ոչ մի կապ չունեն դրա հետ։ Կառուցման վերաբերյալ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, և հիմա Օֆելյա Սարիբեկյանն ուզում է դառնալ սեփականատեր, սակայն նա 40 տարի հարկ չի վճարել։ Տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Սոնա Թորոսյանին։ Ավտոտնակը կառուցվել է 70-ական թվականներին երկու կողմերի կողմից, սակայն այս պահին այն չի օգտագործվում նրանց կողմից։ Հողամասը պատկանել է Թորոսյանների ընտանիքին, սակայն նրան հայտնի չէ, թե ինչ հիմունքներով են թույլատրել Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքին կառուցել ավտոտնակ (հատոր 2-րդ, գ․թ․ 91).
9) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Աննա Թորոսյանը հայտնել է, որ հիշյալ տարածքը վարձակալությամբ էին տրամադրում, սակայն հստակ չգիտի, թե ով է վարձակալությամբ տվել։ Հայտնել է, որ ներքևի հատվածում ևս առկա է շինություն, որը միշտ օգտագործվել է Սոնա Թորոսյանի, նրա մոր և հոր կողմից։ Օֆելյա Սարիբեկյանին ուշ-ուշ է տեսնում, իսկ այս պահին բացակայում է քաղաքից։ Հիշյալ ավտոտնակը կառուցվել է 80-ական թվականներին, կառուցմանը մասնակցել են շենքի բոլոր բնակիչները, սակայն Օֆելյա Սարիբեկյանին ինքը չի տեսել։ Օֆելյային թույլ չէին տալիս կառուցել շինությունը, բայց հետո այն կառուցեցին։ Մինչ այժմ այդ տարածքն օգտագործել են տարբեր մարդիկ, բայց ժամանակ առ ժամանակ Օֆելյա Սարիբեկյանին տեսնում է փողոցում, և հավանաբար նա է վարձակալությամբ տրամադրում տարածքը, քանի որ բանալիները գտնվում են նրա մոտ (հատոր 2-րդ, գ․թ․ 91).
10) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Սոս Արշակյանը հայտնել է, որ չգիտի, թե ավտոտնակն ում է պատկանում, դրա վերաբերյալ երբևէ վեճ չի եղել, իսկ Վարդան Արշակյանը հայտնել է, որ այսքան ժամանակ չի տեսել, որ Օֆելյա Սարիբեկյանը մտնի ավտոտնակ։ Մի քանի անգամ մեքենա է մտել և դուրս եկել, սակայն չի ճանաչում տիրոջը (հատոր 2-րդ, գ․թ․ 92).
11) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Արայիկ Թորոսյանը հայտնել է, որ Օֆելյա Սարիբեկյանը ոչ մի առնչություն չունի նշված տարածքին, իսկ Սոնա Թորոսյանը հանդիսանում է սեփականատերը, վեճի առարկա ավտոտնակը կառուցել է Սոնա Թորոսյանի պապիկը, սակայն պարբերաբար չի օգտագործել։ Ենթադրաբար այն օգտագործվել է Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու եղբոր կողմից (հատոր 2-րդ, գ․թ․ 92).
12) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Մերի Թորոսյանը հայտնել է, որ միշտ բնակվել է հիշյալ հասցեում, և այն հանդիսանում է իրենց ընդհանուր սեփականությունը։ Սոնա Թորոսյանը հանդիսանում է հորեղբոր թոռնուհին, իսկ Օֆելյա Սարիբեկյանը՝ հարևանուհին։ Օֆելյա Սարիբեկյանն առնչություն չունի հիշյալ տարածքին, եթե ունի, ապա միայն նրա ամուսինը։ Սոնա Թորոսյանը հանդիսացել է Գագիկ Թորոսյանի դուստրը, ով եղել է սեփականատերը, այնուհետև նվիրատվությամբ անցել է Սոնա Թորոսյանին, ինչպես նաև ավտոտնակը, որը իրենց սեփական հողատարածքի վրա է գտնվում։ Ավտոտնակը երկհարկանի է՝ ներքևի հարկը գտնվում է հողի վրա, իսկ վերևի հարկը գտնվում է Անտառային փողոցի վրա, որը Օֆելյա Սարիբեկյանը նշում է, որ իրենն է։ Ավտոտնակը կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի կողմից օգտագործման նպատակով, քանի որ խնդրել է Սոնա Թորոսյանի պապիկին, և նա իր հերթին համաձայնել է։ Ավտոտնակը կառուցվել է մոտավորապես 28 տարի առաջ Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու կողմից, սակայն վերջին 10 տարին չի բնակեցվել նրա կողմից, այնուհետև ամուսնու մահից հետո նա գնացել է տարածքից։ Հիշյալ տարածքում ապրել է Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու եղբայրը և վերջին տարիներին վարձակալությամբ է տվել տարածքը։ 2012 թվականին տարածքը սեփականաշնորհվել է, ու եթե շինությունը լիներ իրենը, նա չէր բացի դուռը, որպեսզի չափագրում կատարեն։ Անձամբ Օֆելյա Սարիբեկյանը չի կառուցել հիշյալ ավտոտնակը, նա այդ ժամանակ հարս է եղել (հատոր 2-րդ, գ․ թ․ 92)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածների այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության վավերապայմանի դրսևորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187) (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...):
Վկայակոչված նորմերի բովանդակությունից բխում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով անձը կարող է հավակնել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն, եթե որպես իր սեփականը՝ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այն անշարժ գույքը, որը չունի սեփականատեր, կամ ունի սեփականատեր, բայց նա անհայտ է կամ հրաժարվել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այդ ուղղությամբ ակնհայտ գործողություններ կատարելով:
Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-667 որոշման 5-րդ կետով արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունը, սեփականության իրավունքի առաջացման հիմք հանդիսանալուց բացի, նպատակ ունի իրավաբանական նշանակություն հաղորդել գոյություն ունեցող փաստացի հարաբերություններին և նպաստել քաղաքացիական շրջանառության կայունությանը: Այն կոչված է պաշտպանելու գույքը երկարատև, բացահայտ և անընդմեջ տիրապետողի իրավունքները։
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տևական տիրապետում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետողի` գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերման հնարավորություն (տե՛ս Սահմանադրական դատարանի 21.11.2006 թվականի թիվ ՍԴՈ-667 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է հետևյալ վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են.
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի ու մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում՝ մինչև գույքը փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը: Այս հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե´ս Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյաններն և Քնարիկ Վարդանյանն ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ՝ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե´ս Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերոշարադրյալից բխում է, որ տիրապետման բարեխղճության հարցը քննարկելիս ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է նախ՝ տիրապետողի համոզմունքը, որ գույքը ձեռք է բերվում օրինական հիմքերով, որը և պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր գույքը որպես սեփականություն տիրապետելու ենթադրության հանգելու համար, ապա՝ գույքի գրանցված սեփականատիրոջ վարքագիծն ու վերաբերմունքը՝ թե՛ իր գույքի և թե՛ այդ գույքն այլ անձի կողմից տիրապետվելու կապակցությամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետողի սեփականության իրավունքի ճանաչումը, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք համարում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչմանը հավակնելիս գույքի տիրապետման բարեխղճությունն առկա է, եթե այդ գույքը տիրապետողն այն համոզմունքն ունի, որ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով, տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն: Ընդ որում, գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե գույքն այլ անձի տիրապետմանն է անցել օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ կամ խախտմամբ, էական է այն հանգամանքը, որ տիրապետողը ենթադրի, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն, այսինքն՝ գույքի փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար:
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ վավերապայմաններից` գույքը տասը տարի անընդմեջ տիրապետելու նախապայմանի գնահատման առանձնահատկություններին, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար կարևորվում են տիրապետման ժամկետը, այն է` տասը տարի, և այդ ժամկետի ընթացքում տիրապետման անընդմեջ լինելու հանգամանքը, այսինքն` տասը տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ` գույքը տասը տարի անընդմեջ տիրապետելու նախապայմանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար էական է պարզել անշարժ գույքը տիրապետողի վարքագիծը և վերաբերմունքը, տիրապետվող գույքի նպատակային նշանակությունը, որակական և այլ հատկանիշները, տիրապետման նպատակն ու առանձնահատկությունը: Գույքի տիրապետման փաստի մասին կարող է վկայել ինչպես գույքի օգտագործումը, այնպես էլ դրա կառավարմանը մասնակցելը, այդ գույքի մասին հոգ տանելը կամ ցանկացած այլ եղանակ, որը հավաստում է գույքը տիրապետողի տնտեսական իշխանության ներքո գտնվելու փաստը:
Ընդ որում, քանի որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ պայման է գույքը որպես սեփականը տիրապետելու նախապայմանը, հետևաբար գույքի տիրապետումը կարող է արտահայտվել նաև գույքն այլ անձանց օգտագործմանը հանձնելով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բնակելի տան դեպքում տիրապետումը կարող է արտահայտվել ինչպես գույքը փաստացի զբաղեցնելու (այնտեղ բնակվելու), այնպես էլ այն իր հայեցողությամբ այլ ձևով տիրապետելու միջոցով, հետևաբար գույքն իր հայեցողությամբ տիրապետելու օրինակ կարող է հանդիսանալ նաև գույքը բացահայտ տիրապետողի կողմից այն իր հայեցողությամբ այլ անձի ժամանակավոր պահպանությանը կամ օգտագործմանը հանձնելը: Ընդ որում, այս դեպքում այլ անձի ժամանակավոր պահպանությանը կամ օգտագործմանը հանձնելը հիմք չէ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ տիրապետման տասը տարվա անընդմեջ լինելու նախապայմանի ընդհատման համար (տե՛ս Լուսյա Մարյանյանն ընդդեմ Վալերիկ Սողոմոնյանի և մյուսների թիվ ԵՄԴ/0333/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունը և արժանահավատությունը որոշելու ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս Արամ Միրզոյանը և Աշոտ Պողոսյանն ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի ու «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/28636/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Տիգրան Վարդանյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ԵԴ/36396/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից և անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին` արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունն ու թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված ու հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և ակներև դարձնել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։
Այսպիսով, ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված ու հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները։ Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված և հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաև գործով հավաքված ապացույցների լրիվությունը (տե'ս Դավիթ Դավթյանն ընդդեմ Թագուշ Դավթյանի թիվ ԵԴ/17352/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2022 թվականի որոշումը)։
Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ (տե՛ս Կարեն Համբարձումյանն ընդդեմ «Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն պետական հատկացումների» հիմնադրամի թիվ ՍԴ1/0654/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2023 թվականի որոշումը):
Ամփոփելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի ճիշտ լուծումը հիմնականում կախված է գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշելուց և դրանց հաստատման համար ներկայացված և(կամ) ձեռք բերված ապացույցների բազմակողմանի վերլուծությունից ու գնահատումից։ Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի բավարար ապացույցներով, և որ ամենակարևորն է՝ այդ ապացույցները պետք է օժտված լինեն արժանահավատության բարձր մակարդակով։ Էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցը պետք է լինի միանշանակ, և որևէ պարագայում չհարուցի որևէ կասկած։
Ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը), այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ու ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան՝ Օֆելյա Սարիբեկյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում առկա՝ Անտառային փողոցին հարակից երեք ավտոտնակներից մեջտեղինի և այդ ավտոտնակով զբաղեցված հողամասի նկատմամբ, որպես հետևանք անվավեր ճանաչել պատասխանողի սեփականության իրավունքի պետական գրանցումը վիճարկվող ավտոտնակի և դրա զբաղեցրած հողամասի մասով:
Որպես հայցի փաստական հիմնավորում Օֆելյա Սարիբեկյանը հայտնել է, որ չնայած վեճի առարկա ավտոտնակը ներառված է պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում, սակայն այն կառուցվել է 1989 թվականին իր ամուսնու՝ Հայկարամ Մկրտչյանի և ընտանիքի կողմից վերջիններիս ուժերով ու միջոցներով, մինչ օրս օգտագործվում և տիրապետվում է Օֆելյա Սարիբեկյանի կողմից:
Հակընդդեմ հայցով դիմելով Դատարան՝ Սոնա Թորոսյանը պահանջել է Օֆելյա Սարիբեկյանին և Մանուկ Քոչարյանին վտարել Երևանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում գտնվող ավտոտնակի տարածքից:
Որպես հակընդդեմ հայցի փաստական հիմնավորում Սոնա Թորոսյանը հայտնել է, որ հանդիսանում է Երևանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը, զրկված է իր գույքը տիրապետելու հնարավորությունից, քանի որ այն գտնվում է Օֆելյա Սարիբեկյանի ապօրինի տիրապետության ներքո, վերջինիս տիրապետումը հիմնված չէ ո՛չ օրենքի և ո՛չ էլ պայմանագրի վրա:
Դատարանը, արձանագրելով, որ «որևէ գրավոր ապացույց վեճի առարկա հողամասի և ավտոտնակի՝ Օֆելյա Սարիբեկյանի տիրապետմանն անցնելու վերաբերյալ ներկայացված չէ», «վեճի առարկա անշարժ գույքը հայցվորի տիրապետմանն անցնելու և բարեխղճության որակով օժտված լինելու հանգամանքը հիմնավորելու նպատակով հայցվորի կողմից ներկայացվել են վկաների ցուցմունքները, որոնք հանգում են նրան, որ երկու ընտանիքների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Թորոսյաններին պատկանող (տիրապետման տակ գտնվող) հողամասում կառուցել ավտոտնակներ», «նախ առկա են հակասություններ սկզբնական հայցով հայցվորի և պատասխանողի կողմից ներկայացված և միևնույն հանգամանքի շուրջ տրված ցուցմունքների միջև, այլ ապացույցներ գործով չեն ներկայացվել, ուստի հայտնված տեղեկությունների արժանահավատությունը գործում այլ ապացույցների հետ համակցության մեջ ստուգելու հնարավորության բացակայությունը ցուցմունքների ապացուցողական նշանակությունը նվազեցնում է», «վկաների ցուցմունքները որևէ տվյալ չեն պարունակում հողամասի վերաբերյալ, շինության մասով հնարավոր չէ հանգել հետևության՝ ինչ պայմաններով են կողմերը եկել համաձայնության, արդյոք դրանց բովանդակությունն այնպիսին էր, որ կարող էր ձևավորել համոզմունք այն մասին, որ գույքը անցնում է որպես սեփականություն և, որ տվյալ դեպքում որոշիչ նշանակություն ունի, հստակ չէ՝ որ սուբյեկտների միջև են ձեռք բերվել պայմանավորվածությունները, տեղեկությունները վերացական են՝ մի դեպքում նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու, մյուս դեպքում՝ սկեսրայրի, ապա նաև՝ Օֆելյա Սարիբեկյանի հետ», եզրահանգել է, որ «հայցվորի կողմից անշարժ գույքը բարեխիղճ տիրապետելու փաստի հաստատման համար չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնք միմյանց հետ համակցության մեջ բավարար կլինեին փաստը հաստատված համարելու համար», և վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «որպես իր փաստարկները հիմնավորող ապացույցներ հայցվորը ներկայացրել է 13 հարևանների հայտարարությունները, որոնք հետագայում նաև որպես վկաներ են հանդես եկել Դատարանում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի թիվ 18 տեղամասի լիազոր ներկայացուցչի 29.02.2020 թվականի տեղեկանքը, որը տրվել է հարևանների հայտարարությունների հիման վրա», «տիրապետման բարեխղճությունը հավաստող այլ ապացույցներ հայցվորը չի ներկայացրել, մինչդեռ միայն հարևանների հայտարարություններով, հետագայում նաև՝ վկաների ցուցմունքներով հնարավոր չէ դատողություններ կատարել առ այն, որ ավտոտնակը հայցվորին հակընդդեմ հայցով հայցվորի պապիկը տվել է որպես սեփականը տնօրինելու իրավունքով, հակառակը՝ վկաների ցուցմունքներով երևում է, որ թեպետ եղել է համաձայնություն ավտոտնակը կառուցելու և այն օգտագործելու, այդուհանդերձ՝ որևէ տեղ նշում չի կատարվել, որ որպես սեփական է փոխանցվել սկզբնական հայցվորներին», «ինչ վերաբերում է (...) 29.02.2020 թվականի տեղեկանքին, ապա (...) տեղեկանքի տրման հիմք են հանդիսացել հարևանների հայտարարությունները, որի մասին գրառում է կատարված տեղեկանքում, ուստի՝ այն ևս դիտարկվում է վկաների ցուցմունքների և հարևանների հայտարարությունների հարթության վրա: Ըստ այդմ՝ չի համարվում բարեխղճության հանգամանքը հաստատող բավարար ապացույց», և անդրադառնալով Օֆելյա Սարիբեկյանի այն փաստարկին, որ պատասխանողը 2020 թվականին է ձեռնամուխ եղել գույքն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, մինչդեռ 2001 թվականից հայցվորի մոտ ավտոտնակի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով արդեն իսկ ծագել էր սեփականության իրավունք, ու արձանագրելով, որ «Սոնա Թորոսյանը վիճելի գույքի, ինչպես նաև հողամասի, որի վրա կառուցված է ավտոտնակը, նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցել է 12.02.2020 թվականին՝ գրանցման հիմքում դնելով 07.02.2020 թվականի նվիրատվության պայմանագիրը, հետևաբար վերջինս, դառնալով գույքի սեփականատեր, իր իրավունքի պաշտպանությունն իրականացրել է այդ պահից սկսած: Ուստի սկզբնական հայցվորը կարող էր իր իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ լինել դեռևս 2001 թվականից, քանի որ նոր սեփականատիրոջ պարագայում իրավանախորդության պայմանը չի գործում: Այսինքն՝ եթե ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի հավակնող անձը կարող է վկայակոչել նաև իր իրավանախորդի կողմից տիրապետման ժամանակահատվածը, ապա նոր սեփականատիրոջ պարագայում այդ ժամկետի հաշվարկը պետք է ընդհատվի և սկսվի նորից, քանի որ նախկին սեփականատերն այլևս որևէ հավակնություն չի կարող ունենալ այն գույքի նկատմամբ, որն իրենը չէ: Տվյալ դեպքում Սոնա Թորոսյանը սեփականատեր է դարձել 2020 թվականին, իսկ հայցվորը վերջինիս որպես պատասխանող նշելով, հաշվի չի առել, որ առնվազն հակընդդեմ հայցվորի մասով իր տիրապետման ժամկետի հաշվարկը սկսում է հոսել հենց 2020 թվականից՝ չլրացնելով վաղեմության վավերապայման հանդիսացող տասը տարին», վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ:
Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ Դատարանը որպես ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը մերժելու, իսկ Վերաքննիչ դատարանը հայցը մերժելու վերաբերյալ վճիռն անփոփոխ թողնելու եզրահանգումների հիմքում, ըստ էության, դրել են հայցվորի ներկայացրած՝ բարեխղճության վավերապայմանի առկայությունը հիմնավորող ապացույցների անբավարարությունը՝ պայմանավորված նաև դրանց արժանահավատությունն ստուգելու հնարավորության բացակայությամբ:
Ստորադաս դատարանները, ըստ էության, բացառել են միայն հարևանների գրավոր հայտարարություններով, ինչպես նաև նույն հարևանների՝ որպես վկաների ցուցմունքներով բարեխղճության պայմանի հաստատման հնարավորությունը, ինչը պատճառաբանել են ցուցմունքների միջև առկա հակասություններով և անհրաժեշտ տվյալների վերաբերյալ բովանդակային անբավարարությամբ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցները, մասնավորապես հարևանների գրավոր հայտարարությունները և վկաների ցուցմունքները, տեղամասի լիազոր ներկայացուցչի տեղեկանքը, որի հիմքում նույնպես հարևանների հայտարարություններն են, պարունակում են որոշակի տեղեկատվություն՝ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ, այդ տեսանկյունից նույնական են, փոխլրացնող ու առավել հստակեցնող: Մասնավորապես, թիվ 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 12-րդ փաստերի համադրված վերլուծությունից հետևում է, որ Երևանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պատասխանող Սոնա Թորոսյանի սեփականության իրավունքը գրանցվել է 07.02.2020 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա միայն 12.02.2020 թվականին, մինչդեռ առնվազն 1993 թվականի դրությամբ վեճի առարկա ավտոտնակն արդեն կառուցված է եղել:
Որպես վկաներ հարցաքննված Վարդան Գևորգյանի, Արսեն Գրիգորյանի, Հայկազ Սահակյանի և Նորիկ Պողոսյանի ցուցմունքներից հետևում է, որ վեճի առարկա ավտոտնակով ծանրաբեռնված հողամասը հանդիսացել է պետական սեփականություն, այնուհետև Թորոսյաններն այն գաղտնի սեփականացրել են։ Ընդ որում, ըստ պատասխանող Սոնա Թորոսյանի միջնորդությամբ հրավիրված վկայի ցուցմունքի՝ տարածքը սեփականաշնորհվել է միայն 2012 թվականին:
Գործում առկա՝ ստորագրություններով հաստատված գրավոր հայտարարությամբ թվով տասներեք հարևաններ հավաստել են, որ վեճի առարկա ավտոտնակը կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքի կողմից վերջիններիս ուժերով և միջոցներով, Օֆելյա Սարիբեկյանին ընկալել են որպես ավտոտնակի սեփականատեր՝ նկատի ունենալով, որ 1989 թվականից մինչև օրս (հայտարարությունը ստորագրված է 29.02.2020 թվականին) վերջինս առանց խոչընդոտների տիրապետում ու օգտագործում է ավտոտնակն իբրև սեփականը:
Ի լրումն գրավոր հայտարարության՝ որպես վկաներ հարցաքննված Վարդան Գևորգյանի, Արսեն Գրիգորյանի, Հայկազ Սահակյանի և Նորիկ Պողոսյանի ցուցմունքների համադրված վերլուծությունից հետևում է նաև, որ մինչ վեճի առարկա ավտոտնակի կառուցումը հողամասի վրա առկա է եղել անորոշ շինություն, որը պատկանել է Օֆելյա Սարիբեկյանին (վերջինիս ընտանիքին): Պատասխանող Սոնա Թորոսյանի իրավանախորդի (պապիկի) և հայցվոր Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքների միջև ձեռքբերված փոխադարձ համաձայնության արդյունքում շինությունը քանդվել է, փոխարենը կառուցվել են ավտոտնակներ, այդ թվում՝ վեճի առարկա ավտոտնակը, որը կառուցման պահից ի վեր օգտագործվել ու տիրապետվել է բացառապես հայցվոր Օֆելյա Սարիբեկյանի և վերջինիս ընտանիքի կողմից:
Պատասխանող Սոնա Թորոսյանի միջնորդությամբ հրավիրված վկաներ Հրաչյա Թորոսյանի և Մերի Թորոսյանի ցուցմունքներից նույնպես հետևում է, որ վեճի առարկա ավտոտնակի կառուցման վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ավտոտնակը կառուցվել է հայցվոր Օֆելյա Սարիբեկյանի ու վերջինիս ընտանիքի կողմից:
Մերի Թորոսյանի ցուցմունքից հետևում է նաև, որ 28 տարի առաջ կառուցվելուց հետո Օֆելյա Սարիբեկյանն ավտոտնակին չի առնչվել միայն վերջին 10 տարիներին (ըստ վկայի ցուցմունքի՝ ստացվում է, որ Օֆելյա Սարիբեկյանն առնվազն մնացյալ 18 տարիները տիրապետել և օգտագործել է ավտոտնակը): Ավելին, ըստ նշված ցուցմունքի՝ վեճի առարկա ավտոտնակն Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքի անդամի կողմից նաև տրամադրվել է վարձակալությամբ: Այսինքն՝ վեճի առարկա ավտոտնակը որպես սեփականը տիրապետվելու փաստը դրսևորվել է սեփականատիրոջը բնորոշ ակտիվ գործողություն իրականացնելով, այն է՝ վարձակալության տրամադրելու միջոցով փաստացի գույքի ճակատագիրը որոշելով, այն իր հայեցողությամբ այլ ձևով տիրապետելու միջոցով:
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով վկա Վարդան Արշակյանի ցուցմունքին այն մասին, որ Օֆելյա Սարիբեկյանին երբևէ չի տեսել ավտոտնակ մտնելիս, կամ Մերի Թորոսյանի ցուցմունքին այն մասին, որ ամուսնու մահից հետո Օֆելյա Սարիբեկյանը գնացել է նշված տարածքից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անշարժ գույքի, տվյալ դեպքում՝ ավտոտնակի տիրապետումը կարող է դրսևորվել ոչ միայն այնտեղ փաստացի գտնվելով, այլև դրա կառավարմանն ուղղված այնպիսի գործողություններ կատարելով, ինչպիսիք են՝ գույքի պահպանմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, այն վարձակալությամբ տրամադրելը, երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պահպանելը, որոնք ակնհայտորեն վկայում են գույքը որպես իր սեփականն ընդունելու հանգամանքը: Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները հանգում են նրան, որ տիրապետման բարեխղճության հարց քննարկելիս կարևորվում են ոչ թե գույքն առհասարակ տիրապետելու կամ դրա մասին հոգ տանելու փաստերը, այլ գույքը տիրապետողի մոտ ներքին համոզմունք ձևավորելու հնարավորությունը՝ գույքի սեփականատիրոջ կողմից գույքից ակնհայտ հրաժարվելու, գույքն իր տիրապետմանն օրինական հիմքով անցնելու և այն արդեն որպես իր սեփականություն տիրապետելու մասին: Այսինքն՝ գործում եղած ապացույցները պետք է միտված լինեն հաստատելու գույքը տիրապետելու հարցում այնպիսի իրավական և փաստական հանգամանքների զուգորդված առկայությունը, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն գույքը տիրապետելու բարեխղճության հարցում տիրապետողի մոտ ներքին համոզմունք ձևավորելու համար (տե՛ս Տիգրան Վարդանյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ԵԴ/36396/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2022 թվականի որոշումը):
Վկայակոչված փաստերը հիմնավորող ապացույցների (վկաների ցուցմունքներ, հարևանների հայտարարություններ) արժանահավատությունը կասկածի տակ դնող ծանրակշիռ հիմնավորումներ և ապացույցներ գործում առկա չեն, առավել ևս այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում հարցաքննված վկաները նախազգուշացվել են սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված ապացույցների հետազոտումը և գնահատումն իրականացվել են թերի՝ չապահովելով ապացույցների հետազոտման ու գնահատման լրիվությունը և բազմակողմանիությունը:
Մասնավորապես ստորադաս դատարանները գույքի բարեխիղճ տիրապետման փաստը գործով ապացուցված չլինելու հանգամանքի վերաբերյալ հետևությունն արել են՝ առանց գործում առկա ապացույցները բազմակողմանի հետազոտելու, որի հետևանքով պատշաճ գնահատման առարկա չեն դարձրել այն փաստերը, որ վեճի առարկա ավտոտնակը կառուցելիս դրանով ծանրաբեռնված հողամասը չի հանդիսացել պատասխանողի կամ վերջինիս իրավանախորդի սեփականությունը, այն ի սկզբանե կառուցվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ավտոտնակը կառուցվել է փոխադարձ համաձայնությամբ՝ Օֆելյա Սարիբեկյանին և վերջինիս ընտանիքին պատկանող շինությունը քանդվելու արդյունքում, քանդման վերաբերյալ համաձայնության գալով պատասխանողի իրավանախորդի հետ՝ հայցվորն ունեցել է այն համոզմունքը, որ դրա փոխարեն իր և իր ընտանիքի միջոցներով կառուցված ավտոտնակը ձեռք է բերում օրինական հիմքով: Արդյունքում՝ Օֆելյա Սարիբեկյանն առնվազն 1993 թվականից առանց բռնության գործադրման, որպես սեփականը տիրապետում է վեճի առարկա ավտոտնակը:
Ստորադաս դատարաններն անտեսել են նաև, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ պատասխանողի իրավանախորդներն առնվազն մինչև նվիրատվության պայմանագրի կնքումը՝ 2020 թվականը, որևէ կերպ խոչընդոտել են վեճի առարկա ավտոտնակը և դրանով ծանրաբեռնված հողամասը հայցվորի կողմից տիրապետելուն ու օգտագործելուն, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վեճի առարկա անշարժ գույքի տիրապետումը որևէ կերպ ընդհատվել է, կամ Օֆելյա Սարիբեկյանը հրաժարվել է գույքի հետագա տիրապետումից, կամ 1989 թվականից սկսած տասը տարիների ընթացքում գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններն ուղղվել են գույքը վերադարձնելուն:
Դատարանում հարցաքննված վկաների ցուցմունքները և հարևանների գրավոր հայտարարությունները, ինչպես նաև առնվազն մինչև 2020 թվականը (ըստ վկաների ցուցմունքների՝ առնվազն 18 տարի) պատասխանողի կամ վերջինիս իրավանախորդների կողմից որևէ առարկություն, անհամաձայնություն, հողամասը հայցվորների տիրապետությունից վերադարձնելուն ուղղված որևէ պահանջ չներկայացնելը կամ դրա ճակատագիրը տնօրինելուն (այդ թվում՝ վարձակալությամբ տրամադրելը) որևէ ձևով չառարկելն ինքնին վկայում են այն մասին, որ վեճի առարկա ավտոտնակն ու դրանով ծանրաբեռնված հողամասը հայցվորի փաստացի տիրապետմանն են անցել պատասխանողի և վերջինիս իրավանախորդների կամահայտնությամբ, փոխադարձ պայմանավորվածությամբ ու համաձայնությամբ: Նշված վարքագիծը պատասխանողի և վերջինիս իրավանախորդների կողմից շարունակվել է մինչև 07.02.2020 թվականը (փաստ 1), երբ արդեն լրացել էր ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ տասը տարվա ժամկետը: Ավելին, եթե նույնիսկ հիմք ընդունենք 2012 թվականին սեփականաշնորհման իրականացմանը ձեռնամուխ լինելու փաստը, ապա այն ևս չի կարող վկայել սեփականատիրոջ կողմից իրականացված գործողությունների մասին, քանի որ 2012 թվականի դրությամբ նույնպես լրացած է եղել անհրաժեշտ տասը տարվա ժամկետը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ «նոր սեփականատիրոջ պարագայում այդ ժամկետի հաշվարկը պետք է ընդհատվի և սկսվի նորից, քանի որ նախկին սեփականատերն այլևս որևէ հավակնություն չի կարող ունենալ այն գույքի նկատմամբ, որն իրենը չէ», իրավաչափ կարող է լինել միայն այն դեպքում, երբ մինչև նոր սեփականատիրոջ ի հայտ գալը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ պայմանները տիրապետողի կողմից չեն ապահովվել: Այլապես իմաստազրկվում է քննարկվող ինստիտուտի ողջ էությունը՝ հնարավորություն ընձեռելով գույքից հրաժարված սեփականատիրոջը մտափոխվելու և գույքը սեփականության իրավունքով այլ անձի փոխանցելու միջոցով վերացնելու ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ նախապայմանները: Այսինքն՝ եթե տիրապետողի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ծագել է (անհրաժեշտ վավերապայմանները հաստատվել են) մինչև նոր սեփականատիրոջ ի հայտ գալը, ապա, օրինակ, տասը տարվա ժամկետի հաշվարկը նոր սեփականատիրոջ առկայությամբ պայմանավորված չի կարող ընդհատվել և սկսվել նորից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ «թեպետ եղել է համաձայնություն ավտոտնակը կառուցելու և այն օգտագործելու, այդուհանդերձ, որևէ տեղ նշում չի կատարվել, որ որպես սեփական է փոխանցվել սկզբնական հայցվորին», «գործում առկա չէ ներքին առուվաճառքի պայմանագիր», Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում կարևորվում է ոչ թե որպես սեփականը փոխանցվելու փաստը հավաստող ուղղակի ապացույցի առկայությունը, այլ տիրապետողի ընկալումն ու համոզմունքն առ այն, որ ինքը գույքը տիրապետելու է որպես սեփականը: Ասվածը հիմնավորվում է նաև նրանով, որ գույքը տիրապետման անցնելու պահին բարեխղճությունը կարող է բացակայել՝ ծագելով հետագայում՝ բարեխիղճ դառնալու պահից: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք է համարում ոչ միայն գրավոր փաստաթուղթը, այլև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը): Տիրապետություն ձեռք բերելու հիմք ծառայող տիտղոսի բացակայությունը չի կարող դիտարկվել որպես ձեռքբերման վաղեմությունը բացառող պայման: Հետևաբար Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումը չի բխում կիրառելի իրավակարգավորումներից և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ նախկինում արտահայտած դիրքորոշումներից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չեն պարզել սույն վեճի լուծման համար էական հանդիսացող հանգամանքները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների համատեքստում, ինչպես նաև վիճելի հասցեի անշարժ գույքի սեփականատերերից յուրաքանչյուրի կողմից փաստացի օգտագործվող հողամասի և շինությունների կարգավիճակն ու մակերեսը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ
Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: