ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2022 թվականի N 847-Ն
ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում սույն որոշմանը համապատասխան սահմանել՝ հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի՝ առնվազն երեք տարին մեկ անգամ վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը:
3. Սահմանել, որ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ, ինչպես նաև ընտանեկան բռնության գործերով քրեական վարույթին ներգրավելու նպատակով՝ Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համագործակցության շրջանակում՝ 2021 թվականին վերապատրաստման դասընթաց անցած (համապատասխան վկայական ստացած) 25 հոգեբաններին՝ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը, ճանաչել որպես՝ 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորված հոգեբաններ և տրամադրել սույն որոշման hավելվածի 55-րդ կետով նախատեսված որակավորման վկայականներ՝ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը գործողության ժամկետով:
(3-րդ կետը փոփ. 21.12.23 N 2276-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
09.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 9-ի N 847-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների (այսուհետ՝ հոգեբան) որակավորման հետ կապված հարաբերությունները։
2. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2. Հոգեբանի որակավորման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի (այսուհետ՝ դիմորդ), որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի հոգեբանի առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և անցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթացներ (այսուհետ՝ հոգեբանի որակավորման դասընթացներ):
(2-րդ կետը փոփ. 21.12.23 N 2276-Ն)
3. Դիմորդ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ:
4. Հոգեբանի հերթական, իսկ անհրաժեշտությունից ելնելով արտահերթ որակավորումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում: Հերթական որակավորումն անցկացվում է առնվազն յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Որակավորում անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (այսուհետ` www.azdarar.am) կայքէջում հայտարարություն է հրապարակվում որակավորման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ նշելով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ներկայացման վայրն ու վերջնաժամկետը:
5. Թեստավորման կազմակերպման և իրականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
6. Դիմորդն անձամբ նախարարություն է ներկայացնում`
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն.
2) 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի.
3) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.
4) հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմը և պատճենը.
5) հոգեբանի որակավորման դասընթացներն անցած լինելու փաստը հավաստող վկայականն ու պատճենը.
6) դատվածություն չունենալու վերաբերյալ իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթ.
7) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու վերաբերյալ իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթ.
8) սույն կարգի 2-րդ կետով պահանջվող մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող տեղեկանք կամ գործատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր:
(6-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 21.12.23 N 2276-Ն)
7. Նախարարությունը ներկայացված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և համապատասխանության դեպքում ընդունում դրանք՝ բնօրինակները վերադարձնելով դիմորդին:
8. Դիմումը համարվում է ընդունված, եթե դիմորդի կողմից նախարարություն են ներկայացվել սույն կարգի 6-րդ կետով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
9. Փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո նախարարությունը, ըստ անհրաժեշտության, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի իսկության մեջ հավաստիանալու նպատակով կարող է կատարել հարցումներ՝ համապատասխան իրավասու մարմիններ: Եթե ներկայացված փաստաթղթերի մեջ պարունակվում են հանցանքի հատկանիշներ, ապա նախարարությունն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:
10. Նախարարությունը սույն կարգի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում որակավորումն իրականացնող հանձնաժողովին, իսկ սույն կարգի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները չբավարարող դիմումները և կից փաստաթղթերը թերի կամ սխալ լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով մերժվում են՝ այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դիմորդին:
3. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Որակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը՝ կազմված 7 անդամից (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝
1) նախարարության երկու ներկայացուցիչ.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ՝ հոգեբանություն մասնագիտությամբ որակավորում (բակալավրի կամ մագիստրոսի) շնորհող Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված երկու բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ մեկական ներկայացուցիչ.
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հոգեբանական ուղղվածություն ունեցող երկու ոչ առևտրային կազմակերպություններից՝ մեկական ներկայացուցիչ.
4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեկ ներկայացուցիչ:
12. Հանձնաժողովի կազմում ընդգրկվող բարձրագույն ուսումնական հաստատությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների թեկնածությունները որոշում են՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները, նախարարության ներկայացուցիչների թեկնածությունները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների թեկնածությունները՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
13. Համաձայնության դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունները, ոչ առևտրային կազմակերպությունները՝ հանձնաժողովի իրենց թեկնածուների վերաբերյալ տվյալները նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հարցումն ստանալուց ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը:
14. Հանձնաժողովի անդամների կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով: Հանձնաժողովի նախագահին և տեղակալին նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` հանձնաժողովի կազմից:
15. Հանձնաժողովի աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, նախարարության ներկայացուցիչներից մեկը նշանակվում է հանձնաժողովի քարտուղար:
16. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին:
17. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
18. Հանձնաժողովը՝
1) կազմակերպում է դիմորդների որակավորման գործընթացը.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով քննում է որակավորման անցկացման վերաբերյալ դիմորդների բողոքները.
3) ընդունում է որակավորման կազմակերպման ընթացակարգին վերաբերող այլ որոշումներ:
19. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
20. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
2) իրականացնում է հսկողություն որակավորման անցկացման ընթացքի նկատմամբ:
21. Հանձնաժողովի քարտուղարը որակավորման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ դիմորդների կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով իրազեկում է վերջիններիս որակավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
4. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
22. Որակավորումն անցկացվում է հայերենով:
23. Որակավորման անցկացմանը հետևելու համար կարող են հրավիրվել դիտորդներ, իսկ այն լուսաբանելու համար՝ լրատվական գործունեություն իրականացնող անձինք:
24. Դիտորդները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտարարությունը նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնում են որակավորման գործընթացին մասնակցելու կամ այն լուսաբանելու հայտ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սույն կետում նշված հայտերի վերաբերյալ որոշում է կայացվում մեկշաբաթյա ժամկետում:
25. Որակավորումն անցկացվում է գրավոր թեստավորման միջոցով:
26. Դիմորդը թեստավորմանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:
27. Հանձնաժողովի նախագահը կամ անդամներից մեկը ստուգում է դիմորդի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել քննասենյակ, որտեղ դիմորդը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Դիմորդների մուտքը քննասենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:
28. Թեստավորման անցկացման կազմակերպչական գործընթացն ապահովում է նախարարության համապատասխան ստորաբաժանումը:
(28-րդ կետը փոփ. 21.12.23 N 2276-Ն)
29. Թեստերը, հիմք ընդունելով հոգեբանի որակավորման դասընթացների թեմաները և որակավորված հոգեբանի մասնագիտական գործունեությանն առնչվող կարգավորումները, կազմում է նախարարությունը՝ դիմորդների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - 5 հարց.
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք - 15 հարց.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք - 10 հարց.
4) Հոգեբանություն - 30 հարց.
5) «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա - 5 հարց.
6) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 5 հարց.
7) ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններն անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ («Պեկինյան կանոններ») - 5 հարց.
8) «Անչափահաս տուժողների և վկաների մասնակցությամբ արդարադատության հարցերով» ՄԱԿ-ի ուղենիշներ- 5 հարց:
(29-րդ կետը լրաց., փոփ. 21.12.23 N 2276-Ն)
30. Մինչև քննությունն սկսելը համակարգչային ծրագրի միջոցով համապատասխան թեստերի բազայից պատահականության սկզբունքով գեներացվում է թեստային առաջադրանքի երկու տարբերակ՝ պահպանելով սույն կարգի 29-րդ կետով սահմանված ոլորտների համամասնությունը:
(30-րդ կետը խմբ. 21.12.23 N 2276-Ն)
31. Թեստավորման ողջ ընթացքը տեսանկարահանվում է: Թեստավորման օբյեկտիվությունն ու անաչառությունն ապահովելու նպատակով թեստավորումն անցկացվում է դիմորդների ծածկագրման կիրառմամբ, որպեսզի մինչ կնքված համապատասխան արկղը դիմորդների ներկայությամբ բացելը բացառվի յուրաքանչյուր դիմորդի և նրա աշխատանքի նույնականացումը:
(31-րդ կետը փոփ. 21.12.23 N 2276-Ն)
32. Թեստավորման մեկնարկից առաջ հանձնաժողովի քարտուղարը ներկայացնում է թեստավորման անցկացման ընթացակարգն ու պատասխանում այդ կապակցությամբ դիմորդների հնչեցրած հարցերին, որից հետո յուրաքանչյուր դիմորդի տրամադրում է թեստային առաջադրանքի պատասխանների լրացման համար նախատեսված ամփոփաթերթի մեկ օրինակ: Ամփոփաթերթը կազմված է հիմնական և կտրվող մասերից, որոնք պարունակում են միևնույն ծածկագիրը: Դիմորդը ամփոփաթերթի կտրվող մասում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և գցում է կտրոնների համար նախատեսված՝ թափանցիկ և կնքված արկղի մեջ: Նշված արկղը թույլատրվում է բացել միայն դիմորդների ներկայությամբ թեստավորման արդյունքները հրապարակելիս:
(32-րդ կետը խմբ. 21.12.23 N 2276-Ն)
33. Դիմորդներին չի թույլատրվում`
1) քննասենյակ տանել որևէ նյութ, թուղթ, գրիչ, պայուսակ, հեռահաղորդակցման և համակարգչային սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոս, ձայնագրիչներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ կամ այլ տեխնիկական սարքավորումներ.
2) օգտագործել մեկնաբանության գրքեր, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, նախապես կազմված գրառումներ կամ այլ նյութեր, այդ թվում՝ այդպիսի տեղեկություններ պարունակող կամ տրամադրող ձայնային կամ այլ տեխնիկական միջոցներ կամ սարքավորումներ.
3) քննասենյակում և դրա հարակից տարածքներում այլ դիմորդի հետ խոսել կամ ժեստերով և (կամ) որևէ այլ կերպ հաղորդակցվել.
4) ծխել կամ ծխելու պատրվակով դուրս գալ.
5) քննության ընթացքում, բացի սանհանգույցից, այլ տարածք մուտք գործել.
6) աշխատանքը հանձնելուց հետո քննասենյակում կամ անմիջապես հարակից տարածքներում մնալ:
34. Դիմորդի կողմից սույն կարգի 33-րդ կետում նշված պահանջները խախտելու դեպքում հանձնաժողովը դադարեցնում է վերջինիս թեստավորումը և նրան հեռացնում քննասենյակից: Դիմորդին քննասենյակից հեռացնելու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Խախտում թույլ տված դիմորդը համարվում է թեստավորումը չհաղթահարած:
35. Քննության ժամանակ դիմորդին չի թույլատրվում տեխնիկական, այդ թվում՝ կապի միջոցներով օգտվել ինտերնետային կայքէջերից:
(35-րդ կետը փոփ. 21.12.23 N 2276-Ն)
36. Մինչև քննությունն սկսելը դիմորդին տրամադրվում են քննության համար անհրաժեշտ և սույն կարգով նախատեսված պարագաներ, ինչպես նաև խմելու ջուր:
37. Յուրաքանչյուր դիմորդ ստանում է փակ ծրար, որը պարունակում է թեստային առաջադրանքի ձևաթուղթը և գրիչ:
(37-րդ կետը խմբ. 21.12.23 N 2276-Ն)
38. Ծրարները բաշխելու նպատակով դիմորդներից մեկը դրանք պատահականության սկզբունքով բաժանում է քննասենյակում գտնվող դիմորդներին:
(38-րդ կետը խմբ. 21.12.23 N 2276-Ն)
39. Յուրաքանչյուր թեստ բաղկացած է 80 հարցից, որոնց լուծման համար դիմորդին տրվում է 3 ժամ:
(39-րդ կետը փոփ. 21.12.23 N 2276-Ն)
40. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից, որոնք ունեն ենթադրյալ պատասխաններ: Թեստավորման յուրաքանչյուր առաջադրանք պարունակում է մեկ հարց՝ պատասխանի հնարավոր չորս տարբերակներով, որոնցից մեկը՝ ամբողջական ճիշտ պատասխանն է: Թեստում ընդգրկված հարցի պատասխանը համարվում է ճիշտ միայն այն դեպքում, երբ դիմորդն ընտրել է ամբողջական ճիշտ պատասխանը:
41. Թեստային հարցին առաջադրված չորս պատասխաններից ընտրվում է մեկ տարբերակ, և ամփոփաթերթի հիմնական մասում դրա համար նախատեսված համապատասխան վանդակում «V» նշում է կատարվում: Վանդակներում ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան: Սխալ պատասխան է համարվում նաև մեկից ավելի պատասխան նշելը կամ որևէ պատասխան չնշելը:
(41-րդ կետը խմբ. 21.12.23 N 2276-Ն)
42. Դիմորդին արգելվում է գրավոր աշխատանքի ամփոփաթերթի հիմնական մասի մեջ գրել իր անունը կամ կատարել որևէ այլ նշում, որը կարող է անհատականացնել աշխատանքը, այդ թվում՝ «V» նշումից բացի որևէ այլ նշում կատարելը: Թեստի ձևաթղթում դիմորդը կարող է կատարել ցանկացած նշում, դրանք չեն դիտարկվում հանձնաժողովի կողմից, թեստավորման արդյունքում գնահատվում են միայն ամփոփաթերթում նշված պատասխանները: Մինչ թեստավորման արդյունքների հրապարակումը դիմորդի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է:
(42-րդ կետը խմբ. 21.12.23 N 2276-Ն)
43. Աշխատանքն ավարտելու, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելու դեպքում դիմորդը առաջադրանքի ձևաթուղթը հանձնում է հանձնաժողովի քարտուղարին, ամփոփաթերթի բնօրինակը տեղադրում է թափանցիկ և կնքված արկղի մեջ, իսկ կրկնօրինակը տրամադրվում է իրեն:
(43-րդ կետը խմբ. 21.12.23 N 2276-Ն)
44. Թեստավորման ավարտից անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:
45. Թեստերի լուծման ճշտությունը ստուգում է հանձնաժողովը:
46. (կետն ուժը կորցրել է 21.12.23 N 2276-Ն)
47. (կետն ուժը կորցրել է 21.12.23 N 2276-Ն)
48. Դիմորդի կողմից սույն կարգի 42-րդ կետի պահանջները խախտելու դեպքում դա արձանագրվում է հանձնաժողովի կողմից, աշխատանքը, գնահատվում է զրո միավոր, և դիմորդը համարվում է թեստավորումը չհաղթահարած:
(48-րդ կետը փոփ. 21.12.23 N 2276-Ն)
49. Դիմորդի կողմից քննության ժամանակ սույն կարգի պահանջների խախտում թույլ տալու դեպքում խախտման փաստն արձանագրվում է հանձնաժողովի կողմից, դիմորդը հեռացվում է քննասենյակից: Այդ դեպքում դիմորդը համարվում է թեստավորումը չհաղթահարած:
(49-րդ կետը փոփ. 21.12.23 N 2276-Ն)
50. Թեստավորման արդյունքում յուրաքանչյուր առաջադրանքի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Վերջնական գնահատականը որոշվում է ճիշտ պատասխանած հարցերի համար տրված միավորների հանրագումարով: Թեստավորման արդյունքներն ամփոփելու և դիմորդներին ներկայացնելու նպատակով նախարարությունը դիմորդներին հրավիրում է արդյունքների հրապարակմանը: Արդյունքները հրապարակելու նպատակով բացվում է դիմորդների անունները պարունակող կտրոնների արկղը` կտրոնները տրամադրելով համապատասխան դիմորդներին: Դիմորդներից յուրաքանչյուրը ջնջում է իրեն տրամադրված կտրոնի վրա առկա անթափանց ծածկաշերտը` իրեն հատկացված համարին ծանոթանալու նպատակով: Այնուհետև նախարարության ներկայացուցիչը ջնջում է ստուգված ամփոփաթերթերի վրա փակցված անթափանց ծածկաշերտերը` հայտարարելով յուրաքանչյուր ամփոփաթերթին համապատասխանող ծածկագիրը: Մասնակիցներին տրամադրված կտրոնի վրա առկա ծածկագրի և ամփոփաթերթի վրա առկա և հրապարակված ծածկագրի համապատասխանեցման միջոցով իրականացվում է աշխատանքների հեղինակների նույնականացումը` հայտարարելով նրանց ստացած միավորների քանակը: Արդյունքները հրապարակելուց հետո կազմվում է հանձնաժողովի արձանագրություն, որը պետք է տեղեկություններ պարունակի յուրաքանչյուր մասնակցի ստացած միավորի մասին: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին մասնակցած և աշխատանքները ստուգած բոլոր անդամները:
(50-րդ կետը խմբ. 21.12.23 N 2276-Ն)
51. Թեստավորման արդյունքների մասին դիմորդը պատշաճ ձևով տեղեկացվում է ոչ ուշ, քան թեստավորման ավարտին հաջորդող աշխատանքային օրը:
52. Դիմորդը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան՝ օրենքով սահմանված կարգով: Թեստավորման արդյունքները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կարող են բողոքարկվել` արդյունքների մասին տեղեկացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Բողոք ներկայացնելու դեպքում այն քննության է առնվում բողոքը նախարարություն մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` որակավորման ստուգման արդյունքներն անփոփոխ թողնելու կամ որակավորման ստուգման արդյունքները փոփոխելու և (կամ) մասնակցին` որակավորման ստուգումն անցած համարելու մասին:
53. Անցողիկ փուլը հաղթահարած են համարվում այն դիմորդները, որոնք ճիշտ են պատասխանել առնվազն 64 առաջադրանքի:
54. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման նախատեսված ժամանակի ավարտից հետո նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում են որակավորված դիմորդների տվյալները:
55. Որակավորման անցկացման ավարտի օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորված անձանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից տրվում են որակավորման վկայականներ, որոնք հաշվառվում են նախարարության կողմից:
56. Որակավորման վկայականները տրամադրվում են անժամկետ, սակայն որակավորման վկայականի գործողությունը համապատասխան հիմքի առկայության մասին հայտնի դառնալու պահից մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով դադարեցվում է, եթե՝
1) որակավորված հոգեբանն առնվազն երեք տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստումը չի անցել.
2) ի հայտ են եկել սույն կարգի 3-րդ կետի 1-2-րդ ենթակետերով նշված հանգամանքները.
3) որակավորված հոգեբանը խախտել է հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումները:
(56-րդ կետը լրաց. 21.12.23 N 2276-Ն)
57. Նշված հիմքերը վերանալուց հետո վկայականի գործողությունը վերականգնվում է նույն կարգով:
(57-րդ կետը լրաց. 21.12.23 N 2276-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 21.12.23 N 2276-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
09.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական: