ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/1076/05/17 | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/1076/05/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Հ․ ԲԵԴևՅԱՆ | |
Լ. Հակոբյան | ||
Ք․ ՄԿՈՅԱՆ |
2023 թվականի մայիսի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի (այսուհետ նաև՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.11.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ամալյա Սարիբեկյանի ընդդեմ Կոմիտեի` Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ամալյա Սարիբեկյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին իրեն դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում կայացնել:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 22.08.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.11.2021 թվականի որոշմամբ Ամալյա Սարիբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է: Որոշվել է անվավեր ճանաչել ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 23.01.2014 թվականի «Ամալյա Սարիբեկյանին գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու 015 մասնագիտական խորհրդի միջնորդությունը բեկանելու մասին» թիվ 14-Ա կարգադրությունը: Կոմիտեին պարտավորեցվել է կայացնել Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (լիազոր ներկայացուցիչ՝ Կարինե Մուրադյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ամալյա Սարիբեկյանը (ներկայացուցիչ՝ Սարգիս Ցականյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ կառավարության 08.08.1997 թվականի «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված կանոնակարգի (այսուհետ նաև՝ Կանոնակարգ) 8-րդ կետը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեն վկայագիր չի տրամադրում, այլ համապատասխան ուսումնասիրությունից հետո կա´մ հաստատում է մասնագիտական խորհրդի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը և հանձնում է համապատասխան վկայագիրը, կա´մ մերժում է այն՝ բեկանելով խորհրդի որոշումը: Կոմիտեն սահմանված դեպքերում նաև աշխատանքը վերադարձնում է խորհուրդ՝ կրկնական քննարկման: Այսինքն՝ Կոմիտեն քննում է ոչ թե հայցորդի (տվյալ դեպքում Ամալյա Սարիբեկյանի) դիմումը, այլ մասնագիտական խորհրդի որոշումը և նրա միջնորդությունը: Տվյալ դեպքում տնտեսագիտության 015 մասնագիտական խորհուրդը դեմ չի արտահայտվել Կոմիտեի որոշմանը՝ Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճան շնորհելու իր որոշումը բեկանելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել, որ Կոմիտեն համակողմանիորեն իրականացնում է համապատասխան գործի ուսումնասիրություն: Կրկնական քննարկում չի նշանակում նոր պաշտպանություն, այլ նշանակում է թերի կատարված քննարկում, որը լիարժեք արդյունքի հասցնելու համար Կոմիտեն իր կողմից ստեղծած մասնագիտական խորհրդին ուղղորդում է լրացնել բաց թողնված թերությունները: Եվ դա արվում է ինչպես մասնագիտական խորհրդի աշխատանքի արդյունավետության, այնպես էլ ատենախոսի որակավորման ապահովման օգտին:
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումներով, հաշվի չի առել, որ դատական ակտի հիմքում դրված փոփոխության համար նախատեսված չէ հետադարձ ուժի կիրառում, որը պահանջվում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի ըստ էության քննություն, քանի որ բազմակողմանի քննության պայմաններում անդրադարձ կկատարվեր դոկտորի գիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ պահանջներից ամենակարևորին՝ ատենախոսությանը, որի ձևակերպումը տրված է Կանոնակարգի 8-րդ կետով: Տվյալ դեպքում՝ Ամալյա Սարիբեկյանի ներկայացրած ատենախոսությունը չի համապատասխանում նշված կետի պահանջներին, ինչը կարևոր է դոկտորի գիտական աստիճանի շնորհման որոշումը հաստատելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.11.2021 թվականի որոշումը և փոփոխել՝ հայցը մերժել։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը չէր կարող դուրս գալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ և 124-րդ հոդվածների կարգավորումներից, և ըստ այդմ՝ պարտավորեցման հայցի շրջանակներում դատական ակտ պետք է կայացներ՝ ելնելով այն կանոնից, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:
Սույն պարագայում վարչական գործի քննության ընթացքում դատական ակտի կայացման պահի դրությամբ առկա են եղել Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճան շնորհելու համար բավարար իրավական և փաստական նախադրյալներ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ամալյա Սարիբեկի Սարիբեկյանի կողմից 03.05.2013 թվականին Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի նախագահին ներկայացվել է դիմում՝ խնդրելով «Հասարակական-տնտեսական զարգացման արդի խնդիրները և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ատենախոսությունը՝ ներկայացված Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման համար, ընդունել հրապարակային պաշտպանության՝ տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդում:
Ատենախոսությունը քննարկվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ատենախոսությունների նախնական փորձաքննության հանձնաժողովի» կողմից և երաշխավորվել է հրապարակային պաշտպանության:
Ատենախոսությունը ներկայացվել է պաշտպանության առաջին անգամ (հատոր 1-ին, գ.թ. 41):
2) Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի 02.07.2013 թվականի ժամը՝ 13:30-ի նիստի թիվ 30 արձանագրության սղագրության համաձայն՝ նշված խորհուրդը՝ խորհրդի 16 անդամով, միաձայն որոշել է Ամալյա Սարիբեկյանին շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան՝ Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ (վարչական վարույթի նյութեր):
3) Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի կողմից կազմվել է եզրակացություն, որի համաձայն՝ նշված խորհուրդը որոշել է Ամալյա Սարիբեկյանին շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան՝ Ը.00.02 - «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ և միջնորդել ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովին՝ հաստատելու մասնագիտական խորհրդի որոշումը՝ Ամալյա Սարիբեկյանին շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան՝ Ը.00.02 - «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ (հատոր 1-ին, գ.թ. 44-46):
4) Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդի նախագահի կողմից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահին հասցեագրված 10.07.2013 թվականի թիվ 307 ուղեկցական գրությամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով է ուղարկվել Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ Ամալյա Սարիբեկյանի «Հասարակական-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դոկտորական ատենախոսության առաջին օրինակը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի 02.07.2013 թվականի ժամը՝ 13:30-ի նիստի թիվ 30 արձանագրության սղագրությունը և նշված խորհրդի կողմից կազմված եզրակացությունը (վարչական վարույթի նյութեր):
5) ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 25.09.2013 թվականի «Տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդում կրկնական քննարկում կազմակերպելու մասին» թիվ 22-Ա կարգադրությամբ սահմանվել է տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդում կազմակերպել Ամալյա Սարիբեկյանի ատենախոսության կրկնական քննարկում, որի ժամանակ.
- անդրադառնալ ատենախոսության մեջ տեղ գտած սկզբունքային թերություններին,
- անդրադառնալ ատենախոսության թեմայի և բովանդակության համապատասխանությանը ներկայացված մասնագիտությանը /թվանիշ/:
Նույն կարգադրությամբ սահմանվել է, որ Ամալյա Սարիբեկյանի ատենախոսության կրկնական քննարկումից հետո՝ խորհրդի նախագահի ուղեկցող նամակով ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով ուղարկել նիստի արձանագրությունը՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքով (հատոր 2-րդ, գ.թ. 14-15):
6) Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի հանձնաժողովի կողմից կազմվել է «Ամալյա Սարիբեկի Սարիբեկյանի կրկնական քննարկման ներկայացված «Հասարակական-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դոկտորական ատենախոսությունում տեղ գտած թերությունների շտկման վերաբերյալ» եզրակացությունը, որի համաձայն՝ Ամալյա Սարիբեկյանի կրկնական քննարկման ներկայացված «Հասարակական-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ատենախոսության լրամշակված տարբերակը համապատասխանում է ՀՀ ԲՈՀ-ի կողմից ներկայացվող պահանջներին և նրան կարելի է շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ (վարչական վարույթի նյութեր):
7) Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի 22.11.2013 թվականի ժամը 13:30-ի նիստի թիվ 49 արձանագրության սղագրության համաձայն՝ նշված խորհուրդը որոշել է․ Ամալյա Սարիբեկյանին շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան՝ Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ (հատոր 1-ին, գ.թ. 37-40):
8) Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդի նախագահի կողմից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահին հասցեագրված 25.11.2013 թվականի թիվ 404 ուղեկցական գրությամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով է ուղարկվել Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ Ամալյա Սարիբեկյանի «Հասարակական-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դոկտորական ատենախոսության վերափոխված օրինակը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի 22.11.2013 թվականի ժամը՝ 13:30-ի նիստի թիվ 49 արձանագրության սղագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 36-40):
9) ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 23.01.2014 թվականի «Ամալյա Սարիբեկյանին գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու 015 Մասնագիտական խորհրդի միջնորդությունը բեկանելու մասին» թիվ 14-Ա կարգադրության համաձայն. «Բեկանել տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդի միջնորդությունը Ամալյա Սարիբեկյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու որոշումը հետևյալ հիմնավորումներով՝
- կրկնական քննարկման արդյունքները /ատենախոսությունը ներկայացվել է առանց էական փոփոխությունների/
- ատենախոսության մեջ առկա սկզբունքային թերությունները /կարծիքները կցվում են/» (հատոր 1-ին, գ.թ. 19):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.
ա) պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված գործերով կիրառելի օրենսդրությանն այն դեպքերում, երբ դատական ակտի կայացման պահին գործող օրենքները և այլ իրավական ակտերը բարելավում են անձի իրավական վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների և այլ իրավական ակտերի համեմատ:
բ) Կոմիտեի կողմից գիտական աստիճանի վկայագիր հանձնելու առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։
Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության:
Մյուս կողմից, եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, և այս դեպքում վարչական դատարանը չի անդրադառնում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանը (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսական կիրառությունն ապահովելու սահմանադրաիրավական առաքելությունը, նախկինում կայացված որոշումներից մեկով անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը» վերտառությամբ 124-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «հայցվող բարենպաստ վարչական ակտի (...) իրավաչափությունը որոշվում է (...) դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա» կանոնի կիրառման առանձնահատկություններին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ անձի սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից ոչ միայն կարևոր նշանակություն ունի պարտավորեցման հայցի հարուցման թույլատրելիության նախապայմանների բավարարումը, այլև՝ գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակի հստակեցումը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.11.2022 թվականի որոշումը):
Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին:
Հիմք ընդունելով վերը նշված իրակական նորմերը և պարտավորեցման հայցի կապակցությամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարել արձանագրել, որ յուրաքանչյուր գործով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս վճռորոշ նշանակություն ունի այն հարցը, թե որո՞նք են տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վարչական դատարանը պարտավոր է դատական ակտում արտացոլել ոչ միայն ապացույցների գնահատման և փաստերի հաստատման, այլ նաև իրավունքի կիրառման կապակցությամբ իր դատողությունների ընթացքը: Դատական ակտը շարադրելիս վարչական դատարանը չի կարող բավարարվել բացառապես կիրառելի իրավունքի նորմերի վրա հղումներ կատարելով և յուրաքանչյուր դեպքում պարտավոր է բացահայտել կիրառելի իրավական նորմերի բովանդակությունը, իսկ այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ծագել է վեճ՝ կիրառման ենթակա նորմի վերաբերյալ, դատական ակտում պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վճռի պատշաճ իրավական հիմնավորումը ընդգծում է դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը։
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը սահմանել է գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի առնչությամբ որոշակի առանձնահատկություններ՝ վարչադատավարական օրենսդրությամբ նախատեսված հայցատեսակների բնույթով պայմանավորված: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր հայցատեսակի քննության համար օրենսդիրը նախատեսել է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ որոշակի կանոններ: Այսպես՝ պարտավորեցման հայցի դեպքում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա՝ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա որոշելու ընդհանուր կանոնի բովանդակությունն անմիջականորեն բխում է պարտավորեցման հայցի էությունից և տրամաբանությունից, որը հանգում է հետևյալին. այն դեպքերում, երբ վարչական մարմինը մերժում է որոշակի բովանդակությամբ վարչական ակտ ընդունելու անձի պահանջը, վերջինս ձեռք է բերում հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու սուբյեկտիվ հանրային պահանջի իրավունք, որը կարող է իրացնել պարտավորեցման հայցի շրջանակներում: Այսինքն՝ պարտավորեցման հայցի շրջանակներում անձը ներկայացնում է իր կողմից ներկայացված դիմումով հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու հարցը քննարկելու պահանջ, որպիսի պահանջի հիմնավորված լինելու դեպքում դատարանը պարտավորեցնում է վարչական մարմնին այդ վարչական ակտն ընդունել: Այսինքն՝ վարչական մարմնի վրա պարտավորություն է դրվում ընդունելու հայցվող բարենպաստ վարչական ակտը, իսկ վարչական մարմինն իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «հայցվող բարենպաստ վարչական ակտի (...) իրավաչափությունը որոշվում է (...) դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա» դրույթը միտված է երաշխավորելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը: Այդուհանդերձ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված կանոնը բացարձակ չէ և գործնականում չեն բացառվում դեպքերը, երբ տվյալ գործով կիրառելի օրենքները և նորմատիվ իրավական ակտերը փոփոխվում են մինչև դատական ակտի կայացման պահը՝ սահմանելով անձի վիճակը վատթարացնող նորմեր այն պահի համեմատությամբ, երբ անձի մոտ ծագել է հայցվող իրավունքը:
Այսպիսով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունը, հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա որոշելու կանոնի կիրառելիությանը այն դեպքերում, երբ դատական ակտի կայացման պահին գործող օրենքները վատթարացնում են անձի վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների համեմատ:
Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Անդրադառնալով իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին՝ ՀՀ սահմանադրական դատարանը 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից:
ՀՀ սահմանադրական դատարանը իր թիվ ՍԴՈ-649, թիվ ՍԴՈ-723, թիվ ՍԴՈ-758, թիվ ՍԴՈ-881 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներում բազմիցս արձանագրել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը, կարևորելով, որ «(...) անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը», և որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը «(...) հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով»:
ՀՀ սահմանադրական դատարանը նաև թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ գտել է, որ անհրաժեշտ է, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն հանգամանքը, որ անձի հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունքի պաշտպանության տեսանկյունից ելակետային նշանակություն ունի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը: Ընդ որում, այս արգելքը վերաբերում է ոչ միայն նյութական իրավունքի նորմերին, այլ նաև` ընթացակարգային նորմերին, որոնք կարող են որևէ կերպ վատթարացնել անձի իրավական վիճակը: Հետևաբար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավական կարգավորումները ենթակա են մեկնաբանման ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի անմիջական գործողություն ունեցող նորմի լույսի ներքո:
Այսինքն՝ պարտավորեցման հայցի քննության դեպքում, երբ մինչև դատական ակտի կայացումը կիրառելի օրենքները փոփոխվում են՝ վատթարացնելով անձի վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների համեմատ, վարչական դատարանը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով ամրագրված անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիության կանոնով և կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող՝ անձի համար առավել բարենպաստ օրենքները և այլ իրավական ակտերը: ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է այն հանգամանքը, որ նշված դիրքորոշումը նպատակ է հետապնդում անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել իրավական որոշակիության սկզբունքի ապահովման, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման և մարդու իրավունքների երաշխավորման համար (տե՛ս, Նարեկ Ղամբարյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ՎԴ/2061/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն դեպքերին, երբ պարտավորեցման հայցի քննության շրջանակներում տվյալ գործով կիրառելի օրենքները և նորմատիվ իրավական ակտերը փոփոխվում են մինչև դատական ակտի կայացման պահը՝ սահմանելով անձի վիճակը բարելավող նորմեր իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների համեմատությամբ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դեպքում ևս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա որոշելու կանոնը ենթակա է մեկնաբանման ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի կանոնի լույսի ներքո:
Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Այս համատեքստում նաև հատկանշական է ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշմամբ արտահայտված դիրքորոշումն առ այն, որ իրավական ակտի հետադարձությունը թույլատրվում է բացառիկ դեպքերում, և տվյալ ակտն ընդունող մարմնի՝ այդ ակտին հետադարձ ուժ հաղորդելու որոշումը պետք է հիմնվի հասարակության և պետության համար նման որոշման հնարավոր իրավական հետևանքների բազմակողմանի վերլուծության և գնահատականի վրա։
Վճռաբեկ դատարանը կրկին արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա որոշելու կանոնի նպատակն է ապահովել օրինականության սկզբունքը, այսինքն` պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված գործի քննության արդյունքում կայացված դատական ակտով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց պարտավորեցնել ընդունել միայն այնպիսի վարչական ակտեր, որոնց համար վերջիններս լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ուստի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անհրաժեշտ է մեկնաբանել ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության սահմանադրական դրույթների համատեքստում:
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայցի քննության դեպքում, երբ մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը կիրառելի օրենքները փոփոխվում են՝ բարելավելով անձի վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների համեմատ, վարչական դատարանը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դրույթի տրամաբանությամբ: Այլ կերպ ասած` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ իրավիճակում վարչական դատարանը կարող է կիրառել դատական ակտի կայացման պահին գործող անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը միայն այն դեպքում, երբ դրանց հետադարձ ուժ է տրված։ Վճռաբեկ դատարանի կողմից դրսևորած այս մոտեցումը ինքնանպատակ չէ և բխում է ՀՀ Սահմանադրությամբ` իրավական ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնակարգման ընդհանուր տրամաբանությունից:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման առանձնահատկություններին:
Այսպես` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է գիտական և գիտատեխնիկական գործունեության սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև գիտական արդյունքներն օգտագործողների հարաբերությունները, սահմանում է գիտության և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման սկզբունքները:
Գիտությունը, որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն, գտնվում է պետության հովանավորության ներքո:
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում կառավարության իրավասությունն է`
է) գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգի ու չափանիշների հաստատումը. (…):
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն ապահովում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը և դրանց աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն՝
1) կազմում և համապատասխան նախարարի հաստատմանն է ներկայացնում այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ.
2) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը. (…):
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գիտական աստիճանները շնորհում են գիտական կազմակերպություններին առընթեր մասնագիտական խորհուրդները` կառավարության սահմանած կարգով:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ գիտական աստիճանները հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է Բարձրագույն որակավորման կոմիտեն` կառավարության սահմանած կարգով: Դիպլոմների նմուշները հաստատում է կառավարությունը:
ՀՀ կառավարության 08.08.1997 թվականի «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը։
Այսպես՝ Կանոնակարգի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ` ըստ գիտության բնագավառների: (...) Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ և թեկնածուի գիտական աստիճան:
Կանոնակարգի 3-րդ կետի համաձայն՝ գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը։
Կանոնակարգի 4-րդ կետի համաձայն՝ գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ԲՈԿ-ը:
Կանոնակարգի 8-րդ կետի համաձայն՝ դոկտորի գիտական աստիճանի (երկրորդ` բարձրագույն գիտական աստիճան) հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրև էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում, որը հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին:
Կանոնակարգի 15-րդ կետի համաձայն՝ մասնագիտական խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) ստեղծվում և գործում է ըստ ԲՈԿ-ի հաստատած մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի:
Կանոնակարգի 28-րդ կետի համաձայն՝ ատենախոսության պաշտպանությունից հետո գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը խորհուրդն ընդունում է գաղտնի քվեարկությամբ: Գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը դրական է, եթե «կողմ» է քվեարկել նիստին ներկա անդամների երեք քառորդը:
Կանոնակարգի 29-րդ կետի համաձայն՝ գաղտնի քվեարկությունից հետո, դրական որոշման դեպքում, խորհուրդը բաց քվեարկությամբ ընդունում է ատենախոսության մասին եզրակացություն: Եզրակացության մեջ պետք է արտացոլվեն ատենախոսության էական գիտական արդյունքները, դրանց նորության, հավաստիության գնահատականը, տեսական և կիրառական նշանակությունը, պետք է տրվեն հանձնարարականներ` դրանք օգտագործելու համար, պետք է նշվի, թե նույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ կետի որ պայմանին (պայմաններին) են համապատասխանում ատենախոսությունը, ինչպես նաև գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:
Կանոնակարգի 30-րդ կետի համաձայն՝ դրական որոշման դեպքում խորհուրդը ԲՈԿ է ուղարկում որակավորման գործը, որն ընդգրկում է ատենախոսությունը, սեղմագիրը և խորհրդի աշխատանքի կանոնակարգով սահմանված փաստաթղթերը (...):
Կանոնակարգի 31-րդ կետի համաձայն՝ ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և նույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ:
Կանոնակարգի 33-րդ կետի համաձայն՝ նույն կանոնակարգի 31-րդ կետով սահմանված խախտումներ չհայտնաբերելու դեպքում ԲՈԿ-ը նույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, ինչպես նաև 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը ստուգելու և եզրակացություն ստանալու նպատակով ատենախոսությունը տալիս է համապատասխան գիտության բնագավառից գիտական աստիճան ունեցող մասնագետի, ով վերջին հինգ տարում ունի հրապարակած առնվազն 5 գիտական աշխատանք` հրատարակված միջազգային նշանակություն ունեցող կամ ԲՈԿ-ի ցուցակում ընդգրկված գրախոսվող գիտական հրատարակություններում:
Կանոնակարգի 34-րդ կետի համաձայն՝ ԲՈԿ-ը մասնագետի հետ կնքում է պայմանագիր, որտեղ ամրագրվում են մասնագետի աշխատանքի կատարման պայմանները և ժամկետը: ԲՈԿ-ը կարող է մասնագետի մասին տեղեկություն հրապարակել միայն նրա գրավոր համաձայնության դեպքում:
Կանոնակարգի 35-րդ կետի համաձայն՝ որակավորման գործի վերաբերյալ մասնագետը տալիս է՝
1) դրական եզրակացություն, եթե ատենախոսությունը համապատասխանում է նույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, ինչպես նաև 11-րդ կետերի պահանջներին.
2) բացասական եզրակացություն` ատենախոսության նույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, ինչպես նաև 11-րդ կետերի պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ պատճառաբանված հիմնավորմամբ:
Կանոնակարգի 36-րդ կետի համաձայն՝ նույն կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում ԲՈԿ-ը հաստատում է խորհրդի որոշումը թեկնածուական ատենախոսության համար` այն ԲՈԿ մուտքագրվելու օրվանից երեք, իսկ դոկտորական ատենախոսության համար` հինգ ամսվա ընթացքում և հանձնում է գիտական աստիճանի վկայագիր:
Կանոնակարգի 37-րդ կետի համաձայն՝ ԲՈԿ-ը նույն կանոնակարգի 35-րդ կետով նախատեսված բացասական եզրակացությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է խորհուրդ` բացասական եզրակացության հիման վրա քննարկում կազմակերպելու և որոշում կայացնելու համար:
Կանոնակարգի 38-րդ կետի համաձայն՝ խորհուրդը ատենախոսության հեղինակին առաջարկում է 6 ամիս ժամկետում ատենախոսությունը նույն կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնել և խորհուրդ ներկայացնել:
Կանոնակարգի 39-րդ կետի համաձայն՝ ատենախոսության հեղինակը կարող է պատճառաբանված հիմնավորմամբ՝ առանց փոփոխությունների ատենախոսությունը վերադարձնել խորհուրդ նույն կանոնակարգի 38-րդ կետում սահմանված ժամկետում:
Կանոնակարգի 40-րդ կետի համաձայն՝ նույն կանոնակարգի 38-րդ կետով նախատեսված ժամկետում խորհուրդ ներկայացված ատենախոսությունը խորհուրդը քննարկում և կայացնում է՝
1) գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում, եթե ատենախոսությունը համապատասխանում է նույն կանոնակարգի պահանջներին.
2) գիտական աստիճան շնորհելու մասին բացասական որոշում, եթե ատենախոսությունը չի համապատասխանում նույն կանոնակարգի պահանջներին:
Կանոնակարգի 41-րդ կետի համաձայն՝ խորհուրդը նույն կանոնակարգի 40-րդ կետի 1-ին ենթակետում նշված որոշումը եռօրյա ժամկետում ուղարկում է ԲՈԿ, որի հիման վրա կայացվում է գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում:
Կանոնակարգի 42-րդ կետի համաձայն՝ գիտական աստիճանի վկայագիրը հանձնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ԲՈԿ-ը ատենախոսությունն ուղարկում է Հայաստանի ազգային գրադարան:
ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 23.01.2014 թվականի թիվ 14-Ա կարգադրությունը կայացնելու պահին գործող խմբագրությամբ Կանոնակարգի 5-րդ «Որակավորման գործի քննարկումը ԲՈՀ-ում» վերտառությամբ բաժինը շարադրված է եղել հետևյալ խմբագրությամբ.
«31. ԲՈՀ-ը ուսումնասիրում է որակավորման գործը` ատենախոսության ձևավորման համապատասխանությունը ԲՈՀ-ի սահմանած պահանջներին, ինչպես նաև գիտական աստիճանաշնորհման ընթացակարգի և ատենախոսության համապատասխանությունը նույն կանոնակարգի պահանջներին:
ԲՈՀ-ը ատենախոսությունների մի մասը, իր ընտրությամբ և իր սահմանած կարգի համաձայն, տալիս է փորձաքննության` նույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերի պահանջներին ատենախոսության համապատասխանությունն ստուգելու նպատակով:
(...)
32. Նույն կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության դեպքում ԲՈՀ-ը հանձնում է սահմանված ձևի գիտական աստիճանի վկայագիր` հիմք ընդունելով խորհրդի որոշումը և որակավորման գործի ուսումնասիրության արդյունքը:
33. ԲՈՀ-ը, ելնելով որակավորման գործի ուսումնասիրության արդյունքներից, կարող է մերժել խորհրդի` գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը` բեկանելով գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:
34. Եթե որակավորման գործի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են նույն կանոնակարգի այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս գիտական աստիճանի վկայագիր հանձնելու մասին վերջնական որոշում ընդունելու, ԲՈՀ-ը աշխատանքը վերադարձնում է խորհուրդ` կրկնական քննարկման, որի կարգը սահմանվում է խորհրդի աշխատանքի կանոնակարգով:
35. Գիտական աստիճանի վկայագիրը հանձնելուց հետո ԲՈՀ-ը ատենախոսությունն ուղարկում է Հայաստանի ազգային գրադարան:
36. Գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը՝ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է գիտնականի դիմումով՝ լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի և հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբ։ Ներկայացված ատենախոսությունը, սեղմագիրը (կամ դրանց հավասարազորը) բարձրագույն որակավորման հանձնաժողովը կարող է տալ փորձաքննության՝ Նույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ և 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը պարզելու համար։
Ելնելով գործի ուսումնասիրությունից՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովն ընդունում է որոշում համապատասխանեցման կամ մերժման մասին»:
Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ ՀՀ կառավարության 21.02.2019 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327, 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 և 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 119-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի ամբողջ տեքստում «ԲՈՀ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ԲՈԿ» բառով:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 14.08.2019 թվականի թիվ 31-Լ հրամանով հաստատված Կոմիտեի կանոնադրության 11-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ Կոմիտեն ուսումնասիրում է որակավորման գործերը, ինչի արդյունքում
ա) հաստատում Է խորհրդի որոշումը և հանձնում գիտական աստիճանի վկայագիր;
բ) վերադարձնում է որակավորման գործը խորհուրդ` քննարկման;
գ) մերժում է խորհրդի որոշումը գիտական աստիճան շնորհելու մասին։
Վերը նշված իրավական նորմերը վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գիտությունը տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի նախադրյալներից է և գտնվում է պետության հովանավորության ներքո։ Ըստ այդմ, կառավարության իրավասություններից է, ի թիվս այլնի, գիտական և գիտատեխնիկական միասնական քաղաքականության իրականացումը, ինչպես նաև գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգի ու չափանիշների հաստատումը և գիտության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինների և նրանց խնդիրների սահմանումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 08.08.1997 թվականի «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կարգը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որին ներկայացված են ինչպես ձևական, այնպես էլ որակական պահանջներ: Այսպես՝ Հայաստանի Հանրապետությունում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ` ըստ գիտության բնագավառների: Ըստ այդմ՝ գիտական աստիճանները շնորհվում են գիտական կազմակերպություններին առընթեր մասնագիտական խորհուրդների կողմից, որոնք ստեղծվում են Կոմիտեի կողմից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գիտական աստիճան շնորհելու մասին մասնագիտական խորհուրդների որոշումները ենթակա են հաստատման և համապատասխան դիպլոմներով ամրագրման Կոմիտեի կողմից։ Այդ նպատակով, ինչպես նախկին կարգավորումների, այնպես էլ ներկա կարգավորումների պայմաններում մասնագիտական խորհուրդը դրական որոշման դեպքում որակավորման գործն ուղարկում է Կոմիտե ուսումնասիրության: Այլ կերպ ասած՝ մասնագիտական խորհուրդը դիմում է Կոմիտեին գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ որոշումը հաստատելու և գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությամբ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոմիտեն ևս գիտության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմիններից մեկն է, որի հիմնական գործառույթներից է գիտական աստիճանների հաստատումը և համապատասխան դիպլոմներով ամրագրումը` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ որակավորման գործի ուսումնասիրության արդյունքում Կոմիտեն կարող է հաստատել խորհրդի որոշումը և հանձնել գիտական աստիճանի վկայագիրը, վերադարձնել որակավորման գործը խորհուրդ` քննարկման կամ մերժել խորհրդի որոշումը գիտական աստիճան շնորհելու մասին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող Կանոնակարգով ամրագրված իրավակարգավորումների համաձայն՝ Կոմիտեի կողմից որակավորման գործի վերաբերյալ մասնագետի բացասական եզրակացությունը ստանալուց հետո՝ այդ եզրակացության հիման վրա քննարկում կազմակերպելու և որոշում կայացնելու համար ատենախոսությունը մասնագիտական խորհուրդ ուղարկվելու դեպքում մասնագիտական խորհրդի կողմից նշված ատենախոսության քննարկման արդյունքում գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում կայացվելու պարագայում խորհուրդը եռօրյա ժամկետում ուղարկում է Կոմիտե, որի հիման վրա կայացվում է գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում:
Այսինքն` սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի՝ վճռի, կայացման պահին և ներկայումս գործող Կանոնակարգով սահմանված նորմերով որակավորման գործի վերաբերյալ մասնագետի եզրակացության հիման վրա քննարկում կազմակերպելու և որոշում կայացնելու համար ատենախոսությունը մասնագիտական խորհուրդ ուղարկվելուց հետո, մասնագիտական խորհրդի կողմից ատենախոսության քննարկման արդյունքում գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում կայացվելու դեպքում Կոմիտեի մոտ այդ որոշումը վիճահարույց դարձնելու իրավասությունը բացակայում է և մասնագիտական խորհրդի կողմից ատենախոսության քննարկման արդյունքում գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում կայացվելու հանգամանքով պայմանավորված՝ Կոմիտեն միայն իրավասու է հիշյալ որոշման հիման վրա կայացնելու որոշում՝ գիտական աստիճանի վկայագիր տալու մասին:
Մինչդեռ՝ մինչև 25.02.2016 թվականի փոփոխությունները ՀՀ կառավարության 08.08.1997 թվականի «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշումը նախատեսել էր որակավորման գործի քննարկման կապակցությամբ այլ կարգավորումներ: Մասնավորապես՝ նշված խմբագրության համաձայն ԲՈՀ-ն (այժմ՝ Կոմիտե) ուսումնասիրում է որակավորման գործը և պարզում է Կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներին համապատասխանության հարցը, որպիսի նպատակով ատենախոսությունը տալիս է փորձաքննության: Այլ կերպ ասած՝ ԲՈՀ-ը իրականացնում է նաև բովանդակային ստուգում՝ պարզելով ատենախոսության համապատասխանությունը թեկնածուի գիտական աստիճանի և դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ներկայացվող պահանջներին:
Այն դեպքում, երբ որակավորման գործի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են նույն կանոնակարգի այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս գիտական աստիճանի վկայագիր հանձնելու մասին վերջնական որոշում ընդունելու, ԲՈՀ-ը աշխատանքը վերադարձնում է խորհուրդ` կրկնական քննարկման, որի կարգը սահմանվում է խորհրդի աշխատանքի կանոնակարգով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում մասնագիտական խորհրդում կրկնական քննարկումը ատենախոսության պաշտպանության շարունակությունն է և դրա նպատակը ատենախոսության պաշտպանության լիարժեք իրականացումն է: Հետևաբար՝ ԲՈՀ-ի կողմից աշխատանքը մասնագիտական խորհուրդ կրկնական քննարկման վերադարձնելուց և կրկնական քննարկման արդյունքում մասնագիտական խորհրդի կողմից ընդունված ատենախոսության մասին համապատասխան եզրակացությունն ու գիտական աստիճան շնորհելու մասին որոշումն ստանալուց հետո ԲՈՀ-ը լիազորված է այն լիազորություններով, ինչ ատենախոսության սկզբնական պաշտպանությունից հետո:
Այսինքն՝ նախկին կարգավորումների համաձայն կրկնական քննարկման արդյունքում մասնագիտական խորհրդի կողմից ընդունված ատենախոսության մասին համապատասխան եզրակացությունն ու գիտական աստիճան շնորհելու մասին որոշումն ստանալուց հետո ԲՈՀ-ը լիազորված էր ատենախոսության մի մասը, իր ընտրությամբ և իր սահմանած կարգի համաձայն, տալ փորձաքննության` Կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերի պահանջներին ատենախոսության համապատասխանությունն ստուգելու նպատակով: Ըստ այդմ` Կոմիտեն լիազորված է հանձնել սահմանված ձևի գիտական աստիճանի վկայագիր` հիմք ընդունելով խորհրդի որոշումը և որակավորման գործի ուսումնասիրության արդյունքը կամ մերժել խորհրդի` գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը` բեկանելով գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի՝ վճռի, կայացման պահին և ներկայումս գործող խմբագրությամբ Կանոնակարգով սահմանված նորմերն առ այն, որ մասնագիտական խորհրդի կողմից նշված ատենախոսության քննարկման արդյունքում գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում կայացվելու պարագայում Կոմիտեն միայն լիազորված է այդ որոշման հիման վրա կայացնելու որոշում՝ գիտական աստիճանի վկայագիր տալու մասին, բարելավում են անձի վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների համեմատ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին իրավասու մարմնի կողմից հետադարձ ուժ չի հաղորդվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի վիճակը բարելավող դրույթները չեն կարող տարածվել մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան՝ Ամալյա Սարիբեկյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին իրեն դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում կայացնել:
Դատարանը 22.08.2019 թվականի վճռով Ամալյա Սարիբեկյանի հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ ցանկացած դեպքում, երբ մասնագիտական հանրության մոտ վեճ է ծագում աշխատության` էական գիտական նվաճում լինելու վերաբերյալ, իսկ աշխատության հեղինակը գիտականորեն հաստատապես չի հիմնավորում իր կողմից հեղինակած աշխատության` էական գիտական նվաճում լինելու հանգամանքը, ապա այդպիսի աշխատությունը չի կարող համապատասխանել Կանոնակարգի 8-րդ կետի պահանջներին:
Սույն գործով Դատարանը եկել է այն եզրահանգման, որ Ամալյա Սարիբեկյանի կողմից դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված աշխատությունը չի կարող գնահատվել իբրև էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում, որը հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին: Ընդ որում, վերափոխված և կրկնական քննարկման արդյունքում չեն ներկայացվել այնպիսի նորույթներ, որոնք կարող էին գնահատվել որպես էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ չեն ներկայացվել այնպիսի նորույթներ, որոնցով կառաջարկվեին գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական լուծումներ: Ասվածը հիմնավորվում է նաև փորձագետի կողմից տրված եզրակացությամբ, որով վերջինս թեև խոսում է աշխատության մեջ ներկայացված նորույթների մասին, սակայն մեծ մասամբ փորձում է հիմնավորել, որ թիվ 22-Ա կարգադրությունն այդ մասով հիմնավորված չէ և որևէ կերպ չի հիմնավորում, որ թիվ 22-Ա կարգադրությամբ որպես սկզբունքային մատնանշված թերությունը վերացվել է վերափոխված և կրկնական քննարկման ներկայացված աշխատությամբ, որպիսի պայմաններում Դատարանը գտել է, որ հայցվող վարչական ակտը` Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճանի մասին վկայագիր տալու մասին որոշումը, իրավաչափ չէ, քանի որ չի բխում Կանոնակարգի 8-րդ կետի պահանջներից։
Վերաքննիչ դատարանը, 12.11.2021 թվականի որոշմամբ բավարարելով Ամալյա Սարիբեկյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և այն փոփոխել է՝ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ գործն ըստ էության լուծող դատական ակտի՝ վճռի, կայացման պահին գործող խմբագրությամբ Կանոնակարգով ամրագրված իրավակարգավորումներից հստակ հետևում է, որ Կոմիտեի կողմից որակավորման գործի վերաբերյալ մասնագետի բացասական եզրակացությունը ստանալուց հետո՝ այդ եզրակացության հիման վրա քննարկում կազմակերպելու և որոշում կայացնելու համար ատենախոսությունը մասնագիտական խորհուրդ ուղարկվելու դեպքում մասնագիտական խորհրդի կողմից նշված ատենախոսության քննարկման արդյունքում գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում կայացվելու պարագայում Կոմիտեն միայն լիազորված է այդ որոշման հիման վրա կայացնելու որոշում՝ գիտական աստիճանի վկայագիր տալու մասին:
Այսինքն, գործն ըստ էության լուծող դատական ակտի՝ վճռի, կայացման պահին գործող խմբագրությամբ Կանոնակարգով սահմանված նորմերով որակավորման գործի վերաբերյալ մասնագետի եզրակացության հիման վրա քննարկում կազմակերպելու և որոշում կայացնելու համար ատենախոսությունը մասնագիտական խորհուրդ ուղարկվելուց հետո, մասնագիտական խորհրդի կողմից ատենախոսության քննարկման արդյունքում գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում կայացվելու դեպքում Կոմիտեի մոտ այդ որոշումը վիճահարույց դարձնելու որևէ իրավասություն բացակայում է և մասնագիտական խորհրդի կողմից ատենախոսության քննարկման արդյունքում գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում կայացվելու փաստով պայմանավորված Կոմիտեն միայն իրավասու է հիշյալ որոշման հիման վրա կայացնելու որոշում՝ գիտական աստիճանի վկայագիր տալու մասին:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Ամալյա Սարիբեկյանը դիմել է Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդին՝ խնդրելով «Հասարակական-տնտեսական զարգացման արդի խնդիրները և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ատենախոսությունը՝ ներկայացված Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման համար, ընդունել հրապարակային պաշտպանության՝ տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդում:
Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհուրդը 02.07.2013 թվականի նիստում միաձայն որոշել է Ամալյա Սարիբեկյանին շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան՝ Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։ Ըստ այդմ, տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդի նախագահի կողմից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահին հասցեագրված 10.07.2013 թվականի թիվ 307 ուղեկցական գրությամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով է ուղարկվել Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ Ամալյա Սարիբեկյանի «Հասարակական-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դոկտորական ատենախոսության առաջին օրինակը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի 02.07.2013 թվականի ժամը՝ 13:30-ի նիստի թիվ 30 արձանագրության սղագրությունը և նշված խորհրդի կողմից կազմված եզրակացությունը։
Այսինքն՝ ատենախոսության պաշտպանության արդյունքում Ամալյա Սարիբեկյանին դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշման կայացումից հետո տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհուրդը դիմել է Կոմիտեին՝ նշված որոշումը հաստատելու և գիտական աստիճանի վկայագիրը հանձնելու համար:
Կոմիտեն որակավորման գործի ուսումնասիրության արդյունքում թիվ 22-Ա կարգադրությամբ վերադարձրել է Ամալյա Սարիբեկյանի ատենախոսությունը կրկնական քննարկման, քանի որ ատենախոսության մեջ տեղ են գտել սկզբունքային թերություններ։ Տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհուրդը կազմակերպված կրկնական քննարկման արդյունքում հանգել է եզրակացության, որ Ամալյա Սարիբեկյանի կրկնական քննարկման ներկայացված ատենախոսության լրամշակված տարբերակը համապատասխանում է ներկայացվող պահանջներին և նրան շնորհել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։
Այնուհետև՝ տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդի նախագահի կողմից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահին հասցեագրված 25.11.2013 թվականի թիվ 404 ուղեկցական գրությամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով է ուղարկվել Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ Ամալյա Սարիբեկյանի «Հասարակական-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դոկտորական ատենախոսության վերափոխված օրինակը։
ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 23.01.2014 թվականի «Ամալյա Սարիբեկյանին գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու 015 Մասնագիտական խորհրդի միջնորդությունը բեկանելու մասին» թիվ 14-Ա կարգադրությամբ տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդի՝ Ամալյա Սարիբեկյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի վկայագիր տալու որոշումը բեկանվել է, քանի որ ատենախոսությունը ներկայացվել է առանց էական փոփոխությունների և դրա մեջ առկա են եղել սկզբունքային թերություններ։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով վերը նշված փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը, և ըստ այդմ` սույն գործով խնդրո առարկա իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի օրենսդրության հարցի կապակցությամբ եկել է սխալ եզրահանգման:
Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը կիրառելի իրավակարգավորումները, այն է` ՀՀ կառավարության 08.08.1997 թվականի «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշումը փոփոխվել է: Մասնավորապես` ՀՀ կառավարության 25.02.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 260-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետով Կանոնակարգի 5-րդ՝ «V. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԲՈՀ-ՈՒՄ» բաժինը շարադրվել է նոր խմբագրությամբ, և նույն որոշման 2-րդ մասով արձանագրվել է, որ դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ չնայած այն հանգամանքին, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ և վճռի կայացման պահին գործող խմբագրությամբ Կանոնակարգի դրույթների համաձայն` Բարձրագույն որակավորման կոմիտեի իրավանախորդ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի և Բարձրագույն որակավորման կոմիտեի կանոնակարգով նախատեսված գործողությունների շրջանակը և լիազորությունների բնույթը նույնական են, այդուհանդերձ` գործն ըստ էության լուծող դատական ակտի՝ վճռի, կայացման պահին գործող խմբագրությամբ Կանոնակարգի 41-րդ կետով նախատեսվել է անձի վիճակը բարելավող կարգավորում առ այն, որ մասնագիտական խորհրդի կողմից ատենախոսության քննարկման արդյունքում գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում կայացվելու փաստով պայմանավորված Բարձրագույն որակավորման կոմիտեն միայն իրավասու է հիշյալ որոշման հիման վրա կայացնելու որոշում՝ գիտական աստիճանի վկայագիր տալու մասին:
Նկատի ունենալով, որ Կանոնակարգի 41-րդ կետը նախատեսում է անձի իրավական վիճակը բարելավող դրույթներ, իսկ իրավասու մարմնի կողմից դրան հետադարձ ուժ չի հաղորդվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դրույթները չեն կարող տարածվել մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է կիրառվել ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 23.01.2014 թվականի թիվ 14-Ա կարգադրությունը կայացնելու պահին և սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի՝ վճռի, կայացման պահին գործող խմբագրությամբ Կանոնակարգի դրույթները: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 23.01.2014 թվականի թիվ 14-Ա կարգադրությունը կայացնելու պահին գործող խմբագրությամբ ատենախոսությունը մասնագիտական խորհուրդ կրկնական քննարկման վերադարձնելուց հետո մասնագիտական խորհրդում կրկնական քննարկումը ատենախոսության պաշտպանության շարունակությունն է, որի արդյունքում մասնագիտական խորհրդի կողմից ատենախոսության մասին համապատասխան եզրակացություն ու գիտական աստիճան շնորհելու մասին որոշում ընդունվելու դեպքում, Կոմիտեն իրավասու էր ատենախոսությունը կրկին տալ փորձաքննության և դրա արդյունքների հիման վրա մերժել մասնագիտական խորհրդի՝ գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը՝ բեկանելով գիտական աստիճան շնորհելու մասին մասնագիտական խորհրդի որոշումը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները, գտնում է, որ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովն իրավասու էր Ամալյա Սարիբեկի Սարիբեկյանի կրկնական քննարկման ներկայացված «Հասարակական-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ատենախոսության լրամշակված տարբերակը տալ փորձաքննության և դրա արդյունքների հիման վրա մերժել մասնագիտական խորհրդի՝ գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը՝ բեկանելով գիտական աստիճան շնորհելու մասին մասնագիտական խորհրդի որոշումը:
Արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի չի առել սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի՝ վճռի, կայացման պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 08.08.1997 թվականի թիվ 327 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի` անձի իրավական վիճակը բարելավող նորմերի հետադարձ ուժով կիրառմամբ հնարավորության բացակայությունը։
Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության անդրադարձել է միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումներին, չանդրադառնալով Ամալյա Սարիբեկյանի վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12․11․2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Հ. ԲԵԴևյԱՆ Լ. Հակոբյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: