«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2004 թվականի N 1432-Ն
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 22.09.23 N 1627-Ն)
1. Հաստատել մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման ու բաշխման հետ կապված հարաբերությունները:
I. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԵՐԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2. Միացյալ հայկական հիմնադրամի, բարեգործական և այլ կազմակերպությունների կողմից (այսուհետ` բարեգործական կազմակերպություն) դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների մատակարարման վերաբերյալ առաջարկությունները քննարկվում են նախարարությունում` դրանց ստացման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել բարեգործական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) կողմից:
4. Բարեգործական կազմակերպությունների կողմից նախարարությանն առաջարկվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման անհրաժեշտության մասին եզրակացությունը տալիս է նախարարության համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` բաժին):
5. Բաժինը բարեգործական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության կարգով դեղերի կամ բժշկական նշանակության ապրանքների մատակարարման վերաբերյալ առաջարկներ ստանալու դեպքում պետք է պարտադիր ուսումնասիրի`
ա) առաջարկվող դեղը (անվանումը, ցուցումները, օգտագործման ոլորտները և ժամկետը).
բ) առաջարկվող բժշկական նշանակության ապրանքների կիրառման ոլորտը և անհրաժեշտությունը.
գ) դեղի մնացորդի առկայությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` մարդասիրական օգնության կենտրոն) պահեստում և դրա նախորդ տարիների շարժը (սույն տեղեկատվությունը տեղեկանքի ձևով նախարարությանն է տրամադրվում մարդասիրական օգնության կենտրոնի կողմից` հարցումից հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում:
(5-րդ կետը խմբ. 31.05.12 N 686-Ն)
5.1. Նախարարության համապատասխան ստորաբաժանումների, գլխավոր մասնագետների կողմից (ըստ անհրաժեշտության` նաև տեղեկատվություն հավաքելով բժշկական հաստատություններից և դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից) նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնում հավաքագրվում է տեղեկատվություն` առաջարկվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի պատվերների կազմավորման նպատակով: Տվյալների վերլուծման արդյունքում կազմվում է եզրակացություն առաջարկվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման անհրաժեշտության կամ առաջարկը մերժելու մասին:
(5.1-ին կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 31.05.12 N 686-Ն)
7. Նախարարին տրվում է ուսումնասիրության արդյունքի մասին գրավոր եզրակացություն, որը պետք է ներառի մասնագիտական հետազոտության ամբողջական տեղեկատվությունը և առաջարկությունը դեղի կամ բժշկական նշանակության ապրանքի պատվիրվող տեսականու ու քանակի կամ առաջարկի մերժման վերաբերյալ: Նախարարի հանձնարարությամբ համապատասխան գրություն է ուղարկվում բարեգործական կազմակերպություն:
II. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ԲԱՇԽՈՒՄԸ
8. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մաքսազերծումը, ստացումը, հաշվառումը, պահպանումն ու բաշխումն իրականացնում է մարդասիրական օգնության կենտրոնը:
8.1. Նախարարությունը վերագնահատում է մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը և բժշկական նշանակության ապրանքները` դրանց մուտքագրումն ու հաշվապահական հաշվառումը կանոնակարգելու նպատակով:
(8.1-ին կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)
8.2. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերը և բժշկական նշանակության ապրանքները վերագնահատելու համար նախարարությունում ձևավորվում է աշխատանքային խումբ, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար):
(8.2-րդ կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)
8.3. Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գները (անկախ դրանք ուղեկցող փաստաթղթերում նշված գներից) կազմում են Հայաստանի Հանրապետությունում առկա կամ համարժեք գեներիկ (դեղագործական շուկայում շրջանառվող չարտոնագրված միջազգային անվանումներով) դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մեծածախ միջին գների 80 տոկոսը` ուսումնասիրելով առնվազն հինգ դեղագործական կազմակերպության գնացուցակները կամ համապատասխան էլեկտրոնային կայքերը` նշելով տեղեկությունների ստացման աղբյուրը, իսկ բժշկական նշանակության ապրանքների համար` նաև նախկինում վերագնահատված գները:
(8.3-րդ կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)
9. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցանկն ստանալուց և գույքագրվելուց հետո մուտքագրվում է «Արմեդ» համակարգ (այսուհետ՝ համակարգ) և տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում` www.mօհ.am:
(9-րդ կետը խմբ. 31.05.12 N 686-Ն, փոփ. 22.09.23 N 1627-Ն)
10. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը և բժշկական նշանակության ապրանքները բաշխվում են միայն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին, պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:
(10-րդ կետը խմբ. 31.05.12 N 686-Ն)
10.1. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը և բժշկական նշանակության ապրանքները սույն կարգի 10-րդ կետում նշված կազմակերպություններին բաշխվում են նախարարի հրամանով` հիմք ընդունելով բնակչության թիվը և ընդհանուր պահանջարկը տվյալ դեղի ու բժշկական նշանակության ապրանքների նկատմամբ, ընդ որում`
1) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ բաշխվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ) միջոցով.
2) պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններին, ինչպես նաև պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին` անմիջականորեն:
(10.1-ին կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)
10.2. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների բաշխումից հետո Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (Երևանի քաղաքապետի համաձայնությամբ) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվում է ներմարզային ու ներքաղաքային հատկացում (բաշխում):
(10.2-րդ կետը լրաց. 31.05.12 N 686-Ն)
10.3. Երևանի քաղաքապետարանի (Երևանի քաղաքապետի համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի մասին յուրաքանչյուր եռամսյակի հաշվետվությունները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի (Երևանի քաղաքապետի համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի ներմարզային ու ներքաղաքային բաշխումները հիմնավորող փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն` մինչև հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը:
(10.3-րդ կետը լրաց. 31.05.12 N 686-Ն, փոփ. 22.09.23 N 1627-Ն)
10.4. Նախարարի հրամանով հաստատված բաշխացուցակները տեղադրվում են նախարարության www.mօհ.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ» դարանում: Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի ստացման և մնացորդների մասին՝ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և մարդասիրական օգնություն ստացող կազմակերպությունների տվյալները գրանցվում են համակարգում գործողության կատարմանը զուգահեռ այնպես, որ դրանք արտացոլեն այն ժամանակի տվյալները, որին դրանք վերաբերում են: Այդ տվյալների հասանելիությունը բնակչությանը և գործընթացում ներգրավված կողմերին ապահովում է համակարգում՝ որոնողական գործիքի միջոցով համապատասխան բառերով դեղի որոնում կատարելու հնարավորությամբ։
(10.4-րդ կետը լրաց. 31.05.12 N 686-Ն, խմբ. 22.09.23 N 1627-Ն)
10.5. Որոնման արդյունքում պարտադիր ցուցադրման ենթակա տվյալներ են՝
1) դեղի անունը.
2) պիտանիության ժամկետը.
3) դեղաձևը.
4) դեղաչափը.
5) ակտիվ բաղադրիչները.
6) երկիրը.
7) արտադրողը.
8) դեղի ստացման և ձեռքբերման եղանակը.
9) շահառուների խմբերը և տրամադրման պայմանները.
10) մնացորդի քանակը և գտնվելու վայրը:
(10.5-րդ կետը լրաց. 22.09.23 N 1627-Ն)
10.6. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի վերաբերյալ հասանելի տեղեկատվության աղբյուրների և դրանցից օգտվելու կանոնների մասին եռամսյա պարբերականությամբ բնակչությանն իրազեկվում է զանգվածային լրատվության միջոցների և նախարարության www.mօհ.am պաշտոնական կայքի միջոցով` նախարարության կողմից:
(10.6-րդ կետը լրաց. 22.09.23 N 1627-Ն)
11. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը հիվանդներին տրվում են անվճար` համապատասխան գրառում կատարելով հիվանդի ամբուլատոր քարտում և (կամ) հիվանդության պատմության մեջ, Համակարգի՝ «Պացիենտի առողջության էլեկտրոնային պատմություն» ծրագրային ենթաբաղադրիչի «Ընդունած դեղամիջոցների ցանկ» բաժնում: Մարդասիրական օգնություն ստացող կազմակերպությունները պետք է վարեն նախարարի կողմից հաստատված ձևի մատյաններ, որտեղ պետք է գրառվեն մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի անվանումները, ստացողի տվյալները, հիվանդին բաց թողնված դեղի քանակը, ստացողի կամ նրա լիազոր ներկայացուցչի ստորագրությունը, հասցեն և հեռախոսահամարը:
(11-րդ կետը լրաց. 22.09.23 N 1627-Ն)
12. Մարդասիրական օգնության կարգով ստացվող բժշկական նշանակության ապրանքները (բժշկական սարքավորումներ և բժշկական պարագաներ) կարող են ստանալ միայն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունները, մարդասիրական դեղատները, պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, իսկ հիգիենիկ պարագաները և հատուկ նշանակության բժշկական ապրանքները` նաև առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները, միավորումները` իրենց շահառուների համար:
Հասարակական կազմակերպություններն ստացված պարագաների և այլ ապրանքների բաշխումից հետո նախարարի կողմից հաստատված ձևով նախարարություն են ներկայացնում բաշխման և շահառուների մասին հաշվետվություն:
13. Կազմակերպությունները մարդասիրական օգնության կարգով դեղեր ու բժշկական նշանակության ապրանքներ ստանալու համար գրավոր դիմում են նախարարություն` նշելով դիմումատուի անունը, կազմակերպաիրավական տեսակը և պետական պատվերի իրականացման մասին տեղեկատվություն:
14. Դիմումը քննարկվում է նախարարությունում և ստացման օրվանից առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում առաքվում է մարդասիրական օգնության կենտրոն կամ մերժվում է:
15. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացման մասին դիմումը մերժվում է, եթե`
ա) հայտատուն սույն կարգի համաձայն իրավունք չունի մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղեր ու բժշկական նշանակության պարագաներ ստանալ.
բ) ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) դիմումատուն մինչև հայտ ներկայացնելը պատշաճ ձևով չի վարել սույն կարգով նախատեսված հաշվառումը և (կամ) չի ներկայացրել պահանջվող հաշվետվությունները:
16. Նախարարության կողմից դիմումի բավարարման դեպքում դիմումատուները նախարարի կողմից հաստատված ձևով հայտ-պահանջագիր են ներկայացնում մարդասիրական օգնության կենտրոն, որտեղից ստանում են դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ: Մարդասիրական օգնության կենտրոնը վարում է ստացող կազմակերպությունների տեղեկատվական բազա և յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն տվյալ ժամանակահատվածում մարդասիրական օգնության կենտրոնից բեռներ ստացող կազմակերպությունների ցանկի և ստացված ապրանքների գումարների մասին:
17. Նույն կազմակերպությունների կողմից նույն դեղերի կրկնակի կամ չարդարացված քանակի դեղերի բացթողումը կանխելու նպատակով մարդասիրական օգնության կենտրոնում վարվում է տեղեկատվական համակարգ և յուրաքանչյուր դեղի կամ բժշկական նշանակության ապրանքի բացթողման դեպքում տեղեկատվական համակարգով ճշտվում է տվյալ կազմակերպության կողմից նախկինում ստացված դեղերի տեսականին և քանակներն ու ընդունվում է որոշում դեղի հայցվող տեսականու և դրա քանակի բացթողման մասին:
18. Աղետների, արտակարգ իրավիճակների, համաճարակների, դեղերի առկա մեծ քանակների, կենտրոնացված գնումների ցանկում առկա դեղերի` մարդասիրական օգնության կարգով ստացման և այլ նմանատիպ դեպքերում դեղերի բաշխումը կարող է իրականացվել նախարարի առանձին հրամանով:
19. Մարդասիրական օգնության կենտրոնը, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը, նախարարություն է ներկայացնում հաշվետվություն տվյալ պահին առկա դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մասին:
20. Նախարարությունը ստեղծում և վարում է սույն կարգով ամրագրված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգ:
21. Նախարարությունն իրականացնում է դեղերի և բժշկական նշանակության ապրանքների` մարդասիրական կենտրոնի կողմից ստացման, հաշվառման և բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 31.05.12 N 686-Ն, 22.09.23 N 1627-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |