ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2717/05/20 2023 թ. | ||||
Վարչական գործ թիվ ՎԴ/2717/05/20 | |||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ք. Մկոյան | |
Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ | ||
2023 թվականի սեպտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27․10.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հայկ Սուքիասյանի ընդդեմ Քաղաքապետարանի` 26.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-8/4 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկ Սուքիասյանը պահանջել է վերացնել 26.02.2020 թվականի թիվ Վ-8/4 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 06.10.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2021 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.10.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Ա. Աբովյան):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու համար սահմանված 15-օրյա ժամկետում վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջները.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 23-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով․
Լիազոր մարմնի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նախազգուշացում ուղարկելու կամ չուղարկելու հանգամանքը որևէ կերպ փոխկապակցվածության մեջ չի գտնվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով սահմանված իրավախախտման դեպքի բացահայտման պայմաններում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացի իրականացման տեսանկյունից, ուստի եթե առկա է իրավախախտումը, ապա լիազոր մարմինը պարտավոր է այդ փաստն արձանագրել, ինչը տեղի է ունեցել քննարկվող դեպքում: Համանման իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործով 28.11.2014 թվականին կայացրած որոշմամբ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն հանդիսանում է նախահաշվային բնույթի աշխատանքներ իրականացնող լիցենզավորված կազմակերպություն, ում կողմից հաշվարկված նախահաշվային արժեքի վերաբերյալ ներկայացված տեղեկանքը հավասարեցվում է փորձագիտական եզրակացության հետ:
Ավելին, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմված նախահաշվի հաշվարկման համար հիմք են հանդիսացել խնդրո առարկա կառուցապատվող օբյեկտի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, որոնք ներկայացված են եղել կառուցապատողին, որպիսի փաստի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվել «Ծանոթագրություններ» բաժնում: Բացի այդ, եթե նույնիսկ տեսականորեն ընդունվեր, որ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված նախահաշվային արժեքը վարչական մարմնի կողմից չպետք է հիմք ընդունվեր և դրանով իսկ պայմանավորված որոշվեր կատարված զանցանքի սանկցիայի չափը, ինչն արձանագրվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, ապա նմանօրինակ եզրահանգում կատարելու համար առնվազն պետք էր դատական գործում մեկ այլ նախահաշվային հաշվարկի առկա լինելը, ինչը, սակայն, տվյալ դեպքում բացակայել է: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը չպետք է կասկածի տակ դներ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված նախահաշվի արժեքի չափի հիմնավորվածությունը, և ըստ այդմ էլ դատական ակտով կատարեր չհիմնավորված փաստագրում առ այն, որ նախահաշվային արժեքի չափը հիմնավոր չէ, և այդ հանգամանքը ծառայեցներ վարչական ակտի անվավերության հանգեցման համար:
Վերոգրյալից բացի, բողոք բերած անձն արձանագրել է նաև, որ Հայկ Սուքիասյանը ստորագրել է արձանագրությունը՝ դրանում կատարելով հետևյալ նշումը՝ «Համաձայն չեմ իրավախախտման հետ, քանի որ վարչական մարմինը չի կատարել «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունը»: Հետագայում ներկայանալով վարչական վարույթի նիստին, բացատրություն է տվել այն մասին, որ «չի ընդունում իրավախախտումը, քանի որ դեռ ունեն կատարելու ներքին շինարարական աշխատանքներ: Դիմել են շինարարության թույլտվության ժամկետի երկարացման համար: Իրենց չեն զգուշացրել: Եթե զգուշացնեին, իրավախախտման փաստ չէին ունենա: Չեն հերքում, որ կատարվել է իրավախախտում»:
Մինչ վարչական վարույթի եզրափակումը, Հայկ Սուքիասյանին ներկայացվել է վարչական վարույթի նյութերում առկա «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից տրված նախահաշվի արժեքի վերաբերյալ հաշվարկ-տեղեկանքը, որով որոշվում է կիրառվող տույժի չափը, ինչի կապակցությամբ Հայցվորը չի ներկայացրել որևէ առարկություն, կամ որևէ այլ ընկերության կողմից կազմված նախահաշիվ չի ներկայացրել, կամ նման նախահաշիվ ներկայացնելու համար գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն չի հարուցել: Հետևաբար, Հայկ Սուքիասյանի համար ակնհայտ է եղել իրավախախտման բնույթը և գիտակցել է իրավախախտման էությունը, ինչպես նաև համաձայնվել է կիրառված տույժի չափի հետ:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 22.01.2018 թվականին Երևանի քաղաքապետի կողմից «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին տրվել է թիվ 01/18-3038-18 շինարարության թույլտվությունը՝ ք. Երևան, Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում հաշվիչների արտադրամասի կառուցման (III կատեգորիայի օբյեկտ) օբյեկտի շինարարական աշխատանքների կատարման համար: Թույլտվության հիմքում Երևանի քաղաքապետի հետ 22.01.2018 թվականին համաձայնեցված հ.01/18-05/2-3038-13 նախագիծն է: Շինարարական աշխատանքների իրականացման ժամկետ է սահմանվել 24 ամիսը (հատոր 1-ին, գ.թ. 17-18):
2) 10.03.2020 թվականին Երևանի քաղաքապետի կողմից «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին տրվել է թիվ 01/18-16665-280 շինարարության թույլտվությունը՝ ք. Երևան, Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում հաշվիչների արտադրամասի կառուցման (III կատեգորիայի օբյեկտ) օբյեկտի շինարարական աշխատանքների կատարման համար: Թույլտվության հիմքում Երևանի քաղաքապետի հետ 22.01.2018 թվականին համաձայնեցված հ.01/18-05/2-3038-13 նախագիծն է: Շինարարական աշխատանքների իրականացման ժամկետ է սահմանվել 12 ամիսը: Շինթույլտվության մեջ նշված է, որ «Սույն շինարարության թույլտվության տրամադրմամբ երկարաձգվում է Երևանի քաղաքապետի կողմից տրված 22.01.2018թ. հ.01/18-3038-18 շինարարության թույլտվության ժամկետը:» (հատոր 1-ին, գ.թ. 15-16):
3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 1-ին բաժնի 1-ին կարգի մասնագետ Ն. Մկրտչյանի կողմից հայտնաբերվել է կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու փաստը և 12.02.2020 թվականին կազմվել է թիվ 033590 արձանագրությունը: Արձանագրությամբ արձանագրվել է, որ «Շենգավիթ, Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում կառուցապատող «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին 22.01.2018 թվականին տրված հ.01/18-3038-18 շինթույլտվությամբ սահմանվել է 24 ամսյա ժամկետ, սակայն սույն թվականի փետրվարի 6-ին հայտնաբերվել է, որ շինարարական օբյեկտի հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ: Արձանագրվել է, որ իրավախախտումը կատարված է «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Սուքիասյանի կողմից: Արձանագրության մեջ առկա է նաև ենթադրյալ իրավախախտի լիազորված անձի կողմից տրված հետևյալ բացատրությունը. «Համաձայն չեմ իրավախախտման փաստի հետ, քանի որ վարչական մարմինը չի կատարել ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի 23-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները:» (հատոր 1-ին, գ.թ. 19):
4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Աբովյանի 26.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-8/4 որոշմամբ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Նաիրիի Սուքիասյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության 3.828.000 (երեք միլիոն ութ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամի չափով՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում հաշվիչների արտադրամասի կառուցման շինարարական աշխատանքները համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու համար (հատոր 1-ին, գ.թ. 10-11):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 23-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 23-րդ հոդվածների կապակցությամբ առկա իրավունքի զարգացման խնդիրը սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում առաջադրում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին տրված նախազգուշացումը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
Վճռաբեկ դատարանը նշված իրավական խնդիրն անհրաժեշտ է համարում դիտարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի նորմերի միջև առկա համակարգային փոխկապվածության լույսի ներքո։
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները: Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է (...) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները (...):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (...):
Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է կառուցապատողի պարտականությունները․ ի թիվս այլնի, կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը («ժ» կետ):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է «շինարարության թույլտվություն» հասկացության բովանդակությունը. այն է՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (...) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե նախազգուշացումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին` շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին անգամ ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 19.03.2015 թվականի թիվ 596-Ն Հավելված 1-ի 123-րդ կետի համաձայն՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը (…) չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին: Նույն Հավելված 1-ի 124-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմնի կողմից շինարարության (...) թույլտվությամբ սահմանված շինարարության (...) տևողությունը կարող է երկարաձգվել՝ ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության (...) տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Հավելված 1-ի 125-րդ կետը սահմանում է. «Սույն կարգի 123-րդ կետով սահմանված դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներից մեկում համակարգային վերլուծության ենթարկելով վերոհիշյալ նորմերը, արձանագրել է, որ կառուցապատման գործընթացի կայունությունը, որոշակիությունն ու կանխատեսելիությունը, ի թիվս այլնի, ապահովվում է կառուցապատումը որոշակի կոնկրետ ժամկետներով սահմանափակելու միջոցով, որպիսի ժամկետը հաշվարկվում է տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով ու սահմանվում շինարարության թույլտվությամբ։ Այդ ժամկետում կառուցապատողի կողմից շինարարության ավարտը երաշխավորելու նպատակով օրենսդիրը պարտականություններ է սահմանել ոչ միայն կառուցապատողի, այլ նաև շինարարության թույլտվություն տվող մարմնի համար։ Ամրագրելով կառուցապատողի՝ տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումն ավարտելու պարտականությունը, օրենսդիրը միաժամանակ շինարարության թույլտվություն տվող մարմնին պարտավորեցրել է նախատեսված ժամկետներում կառուցապատումը չավարտվելու դեպքում գրավոր նախազգուշացնել կառուցապատողին՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել ոչ թե ինքնին սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու համար, այլ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու պայմաններում շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախազգուշացման պահանջը չկատարելու համար («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս):
Վերոհիշյալ իրավակարգավորումներից բխում է նաև, որ կառուցապատողին վերապահված է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու համար դիմելու իրավական հնարավորություն, իրավունք: Ըստ այդմ՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի նորմերն իրենց հիմքում ունեն այն տրամաբանությունը, որ հարկադրանքի միջոցը (վարչական պատասխանատվությունը) գործադրվում է միայն այդ իրավական հնարավորությունը չիրացնելու դեպքում:
Վարչական պատասխանատվությունն ինքնանպատակ չէ. սույն դեպքում վարչական պատասխանատվության նպատակն է ապահովել կառուցապատողի կողմից՝ սահմանված ժամկետներում կառուցապատման իրականացումը՝ օգտագործելով նաև սահմանված ժամկետը երկարաձգելու իրավական հնարավորությունը: Այն դեպքում, երբ օբյեկտիվ պատճառներով շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտած կառուցապատողն իրացնում է այդ ժամկետը երկարաձգելու իր իրավունքը, վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է ինքնանպատակ և նաև իմաստազրկում ժամկետը երկարաձգելու իրավական հնարավորությունը (տե՛ս, Վալերի Մեջլումյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1533/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2023 թվականի որոշումը)։
Այսպիսով, ըստ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների՝ կառուցապատողը կրում է կառուցապատումը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում ավարտելու պարտականություն: Միաժամանակ, կառուցապատողին իրավունք է վերապահված դիմել իրավասու մարմին՝ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու խնդրանքով: Կառուցապատումը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում չավարտելու դեպքում շինարարության թույլտվություն տալու լիազորությամբ օժտված վարչական մարմինը պարտավոր է իրացնել շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ կառուցապատողին նախազգուշացնելու իր լիազորությունը: Նախազգուշացման պահանջի չկատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ «Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության» նորմն իրացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածում. նշված նորմը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածն ամրագրվել են միաժամանակ՝ նույն օրն ընդունված համապատասխանաբար ՀՕ-494 և ՀՕ-496 օրենքներով։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի նորմերն ուղղակիորեն թղթակցում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի հետ, և ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի բովանդակությունը պետք է բացահայտվի այս նորմերի համակարգային փոխկապվածության համատեքստում։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածն ընդունված է ի իրացումն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, և այս նորմերը գտնվում են համակարգային փոխկապվածության մեջ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
- կառուցապատողը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում չի ավարտել կառուցապատումը,
- շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացրել է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ,
- գրավոր նախազգուշացումից հետո շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու պահանջը կառուցապատողը չի կատարել։
Վերոհիշյալի հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով չի կարող վարչական պատասխանատվության ենթարկվել ինքնին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու փաստի ուժով: Շինարարության թույլտվություն տվող մարմինն իրավասու չէ անձին ենթարկել նշված նորմով նախատեսված վարչական պատասխանատվության, քանի դեռ չի իրացրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ կառուցապատողին գրավոր նախազգուշացնելու իր լիազորությունը: Ըստ այդմ՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին տրված նախազգուշացումը։
Հետևաբար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված զանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը հաստատված համարելու համար, ի թիվս այլնի, պահանջվում է շինարարության թույլտվությունը տվող մարմնի գրավոր նախազգուշացումն ուղղված՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտած կառուցապատողին, գրավոր նախազգուշացումը վերջինիս կողմից ստացված լինելու ապացույցի և նախազգուշացման պահանջը կառուցապատողի կողմից չկատարելու փաստի առկայություն (տե՛ս, Հովիկ Օհանջանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8418/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2023 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը և սույն գործով վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելով իրավունքի զարգացման իր գործառույթի տիրույթում, արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-ին հոդվածի 1-ին մասին տրված վերը նշված մեկնաբանությանը համապատասխան:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան՝ Հայկ Սուքիասյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի` 26.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-8/4 որոշումը, որով ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։
Դատարանը, 06.10.2020 թվականի վճռով բավարարելով Հայկ Սուքիասյանի հայցը, արձանագրել է, որ «(...) Դատարանը «Ապացույց պահանջելու մասին» 01.10.2020թ. որոշմամբ պատասխանող Երևանի քաղաքապետարանից պահանջել է դատարան ներկայացնել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ նախատեսված նախազգուշացման վերաբերյալ ապացույց:
Ի պատասխան դատարանի ապացույց պահանջելու մասին որոշման՝ 17.07.2020թ. ՀՀ վարչական դատարանում մուտքագրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Աբովյանի գրությունը, որով դատարանին հայտնել է, որ պահանջված ապացույցը վարչական վարույթի նյութերում բացակայում է:
Հետևաբար, դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում պատասխանող վարչական մարմնի կողմից նշված պարտականությունը չկատարելու պայմաններում հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելն իրավաչափ չէ։
Վերոհիշյալի հիման վրա դատարանը գտնում է, որ առկա է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմք։
Թեև վերոհիշյալը բավարար է վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար, այնուամենայնիվ, դատարանն արձանագրում է, որ խախտումը դրսևորվում է նաև նրանում, որ տույժի չափը որոշելիս պատասխանողը հիմք է ընդունել «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված նախահաշվային արժեքը՝ անտեսելով տվյալ օբյեկտի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերի շրջանակներում արդեն իսկ առկա աշխատանքների կատարման նախահաշվային արժեքը: Ընդ որում, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված նախահաշվային արժեքը միակողմանիորեն կազմված, այլ ոչ թե անկախ փորձագետի կողմից կազմված փաստաթուղթ է»:
Վերաքննիչ դատարանը 27.10.2021 թվականի որոշմամբ մերժել է Քաղաքապետարանի բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ «(...) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ նախատեսված նախազգուշացման վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել նաև Վերաքննիչ դատարանին: Ավելին, բողոքաբերի կողմից որևէ կերպ չի վիճարկվել վերը նշված նախազգուշացումը հայցվորին ուղարկված լինելու հանգամանքը:
Հետևաբար, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 247-րդ, 252-րդ և 279-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները, Վերաքննիչ դատարանը ևս գտնում է, որ պատասխանող վարչական մարմնի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի՝ կառուցապատողին նախազգուշացնելու պարտականությունը պատշաճ չկատարելու պայմաններում հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելն իրավաչափ չէ։ (...):
Անդրադառնալով թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշման կիրառման վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես Վարչական դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից հիմք են ընդունվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-ին հոդվածի 1-ին մասի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ պարբերության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք կիրառվել են սույն գործում առկա փաստական հանգամանքների /որոնք էականորեն տարբերվում են թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործի փաստերից/ լույսի ներքո: (...):
Նշված իրավանորմերի վերլուծության և սույն գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափի համար հիմք է շինարարության նախահաշվային արժեքը, այսինքն` այն արժեքը, որն արտացոլված է տվյալ օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերում առկա օբյեկտի շինարարության համար նախապես կազմված նախահաշվով: Մինչդեռ, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը տուգանքի չափը հիմնավորելու համար ներկայացրել է «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից կազմված նախահաշիվը, որը, դրանում արտացոլված տեղեկությունների համաձայն, չի հանդիսանում տվյալ օբյեկտի շինարարության համար նախապես կազմված նախահաշիվը, ընդ որում՝ դրանում բացակայում են փաստաթուղթը կազմելու օրը և ամսաթիվը, այն կազմելու համար հիմք հանդիսացած ելակետային տվյալների ստացման աղբյուրները, դրանում նշվածի համաձայն` հաշվարկների հիմքում դրվել են շուկայական գներով խոշորացված ցուցանիշները, սակայն փաստաթղթից պարզ չի դառնում, թե ինչ շինարարական աշխատանքների, կոնստրուկտիվ նյութերի շուկայական գին են հիմք ընդունել մասնագետները հաշվարկի համար:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել նաև, որ Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կողմից վարչական վարույթի ընթացքում` շինարարության առկա նախահաշվային արժեքը բացահայտելու և, ըստ դրա, նշանակվող տույժի չափը որոշելու նպատակով չի պարզվել կառուցապատող «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին տրամադրված շինարարության թույլտվության հիման վրա այն կապալառու կազմակերպությունը և/կամ կազմակերպությունները, որը (որոնք) պայմանագրի հիման վրա իրականացրել է (են) շինարարական աշխատանքները (ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կապիտալ շինարարական աշխատանքների իրականացումը /կառուցապատման աշխատանքները/ կարող է իրականացվել բացառապես լիցենզավորված անձի կողմից), դրա (դրանց) հետ կնքված կապալի պայմանագրի (պայմանագրերի) և դրանում (դրանցում) արտացոլված պայմանագրային` կողմերի կողմից փոխադարձ հաստատված աշխատանքների կատարման գինը, որը կարող էր որոշված լինել նաև նախահաշիվ կազմելու միջոցով: (...)»:
Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերից հետևում է, որ Երևանի քաղաքապետի կողմից 22.01.2018 թվականին «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին տրվել է թիվ 01/18-3038-18 շինարարության թույլտվությունը՝ ք. Երևան, Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում հաշվիչների արտադրամասի կառուցման (III կատեգորիայի օբյեկտ) օբյեկտի շինարարական աշխատանքների կատարման համար, որի համաձայն՝ շինարարական աշխատանքները պետք է իրականացնել քսանչորս /24/ ամսվա ընթացքում։
Այնուհետև, Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 1-ին բաժնի 1-ին կարգի մասնագետ Ն. Մկրտչյանի կողմից 12.02.2020 թվականին կազմվել է թիվ 033590 արձանագրությունը, որով արձանագրվել է, որ «Շենգավիթ, Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում կառուցապատող «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին 22.01.2018 թվականին տրված հ.01/18-3038-18 շինթույլտվությամբ սահմանվել է 24 ամսյա ժամկետ, սակայն նույն թվականի փետրվարի 6-ին հայտնաբերվել է, որ շինարարական օբյեկտի հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ:
Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Աբովյանի 26.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-8/4 որոշմամբ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Նաիրիի Սուքիասյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-ին հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության 3.828.000 (երեք միլիոն ութ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամի չափով՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում հաշվիչների արտադրամասի կառուցման շինարարական աշխատանքները համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու համար:
Վճռաբեկ դատարանը վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ գործում առկա չէ կառուցապատումը 22.01.2018 թվականի թիվ հ.01/18-3038-18 շինարարության թույլտվությամբ սահմանված 24-ամսյա ժամկետում չավարտվելու պայմաններում կառուցապատող «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Սուքիասյանին՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով կառուցապատողին պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ գրավոր նախազգուշացնելու վերաբերյալ որևէ ապացույց:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ կառուցապատող «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Սուքիասյանը չէր կարող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկվել, քանի դեռ շինարարության թույլտվություն տվող մարմինը չէր իրացրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ գրավոր նախազգուշացում կատարելու իր լիազորությունը: Պատասխանող վարչական մարմինը, որպես շինարարության թույլտվություն տվող մարմին, իրավասու էր Հայկ Սուքիասյանին վարչական պատասխանատվության ենթարկել միայն գրավոր նախազգուշացման պահանջը չկատարելու դեպքում:
Ավելին, 22.01.2018 թվականի թիվ հ.01/18-3038-18 շինարարության թույլտվության ժամկետը 10.03.2020 թվականի թիվ 01/18-16665-280 շինարարության թույլտվությամբ երկարաձգվել է տասներկու /12/ ամիս ժամկետով:
Միաժամանակ անդրադառնալով նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից հաշվարկված նախահաշվի չափի արժեքի հիմնավորվածության հարցին՝ Վճռաբեկ դատարանը, իրավաչափ համարելով ստորադաս դատարանների եզրահանգումը, նույնպես գտնում է, որ տույժի չափը որոշելիս պատասխանողը հիմք է ընդունել «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված նախահաշվային արժեքը՝ անտեսելով տվյալ օբյեկտի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերի շրջանակներում արդեն իսկ առկա աշխատանքների կատարման նախահաշվային արժեքը:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի և Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումներն ու եզրահանգումը համահունչ են Վճռաբեկ դատարանի սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումներին:
Ի ամփոփումն վերոշարադրյալի՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործի ելքը ճիշտ լուծող դատական ակտեր, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն իրացնում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետարանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ք. Մկոյան |
Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ | |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: