ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀO-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի (ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի) ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի, ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի ծավալների հիման վրա:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ հոդվածով.
«Հոդված 11.2. | Վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգը |
1. Բնօգտագործման վճար վճարող հանդիսացող ջրօգտագործողները ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում տեղադրում և շահագործում են հաշվիչ (չափիչ) սարքեր, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման հարկային և լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:
2. Բնօգտագործման վճար վճարող ջրօգտագործողները հանքային ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`
ա) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ` գազանջատիչ) դուրս եկող ջրախողովակի (այսուհետ՝ առաջնային խողովակ) վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.
բ) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված յուրաքանչյուր խողովակի վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.
գ) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում տեղադրում են գազաչափ:
Սույն կետում նշված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը և գազաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման հարկային և լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վճար վճարողի կողմից սույն օրենքով սահմանված հաշվարկ-հաշվետվություններ չներկայացնելու կամ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին տեղեկություններ (հաշվետվություններ) չներկայացնելու կամ ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով վարելու, ինչպես նաև սույն հոդվածի 9-րդ կետում նշված դեպքերում հարկային մարմինը կարող է կիրառել վճարողների հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները անուղղակի եղանակներով գնահատելու` օրենքով սահմանված կարգը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. սեպտեմբերի 12 Երևան ՀՕ-145-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|