ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԴ/0945/04/18 2023 թ. | ||
Սնանկության գործ թիվ ԵԴ/0945/04/18 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ա. Բարսեղյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան |
2023 թվականի մարտի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2022 թվականի որոշման դեմ` ըստ Խորեն Մկրտչյանի դիմումի՝ Սամվել Մելիքյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Խորեն Մկրտչյանը պահանջել է սնանկ ճանաչել Սամվել Մելիքյանին։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ա. Խաչատրյան) 30.05.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ա. Խաչատրյան) 24.12.2019 թվականի որոշմամբ սնանկության կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել Սամվել Մելիքյանին պատկանող գույքը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հ/Ա Բ-1 թաղամաս, 92-րդ շենք, թիվ 52 հասցեի բնակարանը, ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի 1.95հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 36ա հասցեի հողամասը: Կազմակերպված աճուրդներում գույքերը վաճառվել են:
Սնանկության կառավարչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան վաճառված գույքերի նկատմամբ կիրառված արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 16.02.2022 թվականի որոշմամբ կառավարչի միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02․06․2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.02.2022 թվականի «Գույքն արգելանքից հանելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ վճռաբեկ դատարանը 06.04.2020 թվականի թիվ ԿԴ1/0088/04/18 որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված արգելանքը չի կարող վերացվել՝ սնանկության գործով վաճառված լինելու պատճառաբանությամբ։
Այսինքն, սնանկության գործերի վարումը իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ քրեական գործերով կիրառված արգելանքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Հետևաբար՝ քրեական գործով կիրառված արգելանքը ՀՀ սնանկության դատարանի կողմից ենթակա չէ վերացման։
Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե սնանկության դատարանն արդյոք իրավասու էր, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված գործերի ենթակայության և ընդդատության իրավակարգավորումները, իրավական գնահատական տալ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հարցին։
Վերաքննիչ դատարանը կայացրել է դատական ակտ ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված գործերի ենթակայության և ընդդատության կանոնների խախտմամբ, որից էլ հետևում է, որ կայացված դատական ակտը չի կարող լինել օրինական, հիմնավորված և պատճառաբանված։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.06.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանի 30.05.2019 թվականի վճռով Սամվել Մելիքյանը ճանաչվել է սնանկ (գործի հավելված հատոր 1, գ.թ. 24-28):
2) Դատարանի 02.09.2019 թվականի որոշմամբ Սամվել Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հենրիկ Մարտիկյանը (գործի հավելված հատոր 1, գ.թ. 38-40):
3) Դատարանը 08.08.2019 թվականի որոշմամբ հաստատել է Սամվել Մելիքյանի սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը, որում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի «դ» և «է» հերթերում գրանցվել են Խորեն Մկրտչյանի, համապատասխանաբար, 1.700.000 և 13.759.200 ՀՀ դրամի չափով պահանջները (գործի հավելված հատոր 1, գ.թ. 32-35):
4) Դատարանը 26.02.2021 թվականի որոշմամբ Սամվել Մելիքյանի սնանկության գործով հաստատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 72.556.683 ՀՀ դրամի չափով պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82 հոդվածի 1-ին մասի «ը» կետով սահմանված հերթում (գործի հավելված հատոր 1, գ.թ. 67-73):
5) Դատարանի 24.12.2019 թվականի որոշմամբ Սամվել Մելիքյանի սնանկության գործով կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել հետևյալ գույքերը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա Հ/Ա Բ-1 թաղամասի 92 շենքի թիվ 52 հասցեի բնակարանը, Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում գտնվող 1,95 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի 36ա հասցեի հողամասը (գործի հավելված հատոր 1, գ.թ. 41-42):
6) Սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը 20.01.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան, որով հայտնելով, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից մերժվել է աճուրդային վաճառքի արդյունքում օտարված գույքերի նկատմամբ գնորդների իրավունքների պետական գրանցումն այն պատճառաբանությամբ, որ սեփականության իրավունքով պետական գրանցման ներկայացված անշարժ գույքերի նկատմամբ առկա են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից 11.05.2018 թվականին թիվ 83165516 քրեական գործով, 15.06.2018 թվականին թիվ 10858717 քրեական գործով և 30.12.2019 թվականին թիվ 10195818 քրեական գործով կալանք կիրառելու որոշումներ, որոնք վերացված չեն, իսկ իր կողմից նշվածի կապակցությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անշարժ գույքի կադաստրի կողմից հիշատակված երեք քրեական գործերը որևէ առնչություն չունեն սնանկության գործընթացում օտարված անշարժ գույքերի հետ և, որ այդ քրեական գործերի նախաքննությունները վաղուց ավարտվել են ու գործերը մեղադրական եզրակացությամբ 2018-2020 թվականներին ուղարկվել են դատարան, դատական քննությունն էլ կարող է տարիներ տևել, խնդրել է վերացնել Սամվել Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում գտնվող 1,95 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի 36ա հասցեում գտնվող 0.1095 հա բնակավայրերի նշանակության հողամասի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա Հ/Ա Բ-1 թաղամասի 92 շենքի թիվ 52 հասցեի 65.1քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ 11.05.2018 թվականին թիվ 83165516 քրեական գործով, 15.06.2018 թվականին թիվ 10858717 քրեական գործով և 30.12.2019 թվականին թիվ 10195818 քրեական գործով կիրառված արգելանքները (գործի հավելված հատոր 1, գ.թ. 76-78):
7) Դատարանի 16.02.2022 թվականի որոշմամբ Սամվել Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է. «ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հ/Ա Բ-1 թաղ., 92 շենք, թիվ 52 հասցեի բնակարանի, ՀՀ Կոտայքի մարզ, Քանաքեռավան համայնքում գտնվող 1,95 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի և ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան, Ավետիսյան փողոց, 36ա հասցեի հողամասի նկատմամբ թիվ 83165516 քրեական գործով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ՀԿԳ քննիչի կողմից 11.05.2018թ. կայացված որոշման, թիվ 10858717 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից 15.06.2018թ. կայացված որոշման և թիվ 10195818 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից 30.12.2019թ. կայացված որոշման հիման վրա կիրառված արգելանքները վերացնել» (գործի հավելված հատոր 1, գ.թ. 112-115):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ և 39-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գույքի նկատմամբ կիրառված կալանքը կարող է վերացվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ և 39-րդ հոդվածներով սահմանված կարգով, թե՝ ոչ։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, իսկ 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական գործերով վարույթն իրականացվում է նույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում օրենսդիրը բացահայտել է քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հասկացությունների նշանակությունը, մասնավորապես՝
(…) 4) գործով վարույթ` քրեական դատավարական ընթացակարգ, որն սկսվում է քրեական գործի հարուցման հարցը լուծելիս և իր մեջ ներառում է գործով իրականացվող և ընդունվող դատավարական որոշումները և գործողությունները.
(…) 6) դատավարական գործողություններ` գործով վարույթի ընթացքում նույն օրենսգրքով նախատեսված գործողություններ:
(…) 30) քրեական վարույթն իրականացնող մարմին` դատարանը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթում` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը. (…):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքի համաձայն չի կարող տարածվել բռնագանձում:
Նույն օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը:
Նույն հոդվածի 1-ին մասի 1.1. կետի համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելը կատարվում է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով քրեական գործի շրջանակներում քաղաքացիական հայցի ապահովման նպատակով գույքի վրա կալանք դնելու՝ որպես կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի միջոցի կիրառման առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու դեպքում, որպես կանոն, դատարանը պետք է վերացնի գույքի վրա դրված կալանքը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ քաղաքացիական հայցը դատարանի կողմից առանց քննության թողնվելու դեպքում գույքի վրա դրված կալանքը կարող է պահպանվել քրեական գործով վարույթի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, միայն այն դեպքում, երբ դրա վերաբերյալ առկա է քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց կողմից դատարան ներկայացված միջնորդություն: Այլ կերպ՝ այդպիսի միջնորդության բացակայության դեպքում դատարանն իրավունք չունի սեփական նախաձեռնությամբ պահպանելու գույքի վրա դրված կալանքը։ Գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման` սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահը ունենա բացառիկ նշանակություն (…)» (տե՛ս, Արթուր Վասիլի Անդրեասյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0200/01/13 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2016 թվականի որոշումը, 20.2-րդ կետ):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը հետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետևանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը։
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը (տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «ժ» կետերի համաձայն՝ ի թիվս այլ լիազորությունների՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար, պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դատարանի որոշման հիման վրա արգելանք է դնում կամ հանում արգելանքը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից'
1) պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են սկսված,
2) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի. (...),
5) կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի,
6) վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները:
Նույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ՝ մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի՝ նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում' երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են սնանկության վարույթի տարբեր փուլերը և դրանց ընթացակարգերը, մասնավորապես՝ պարտապանի գույքի գույքագրման կառավարչի պարտականությունը, գույքագրման կարգը և ժամկետները, պահանջների ներկայացման, հաստատման կարգն ու ժամկետները, պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու, գույքի վաճառքի թույլտվություն տալու կարգը և ժամկետներն ու այլ գործառույթներ: Օրենսդիրը սահմանել է, որ պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դատարանի որոշման հիման վրա արգելանք դնում կամ հանում է սնանկության գործով կառավարիչը: Ընդ որում պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 30.05.2019 թվականի վճռով Սամվել Մելիքյանը ճանաչվել է սնանկ և վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանի 02.09.2019 թվականի որոշմամբ Սամվել Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հենրիկ Մարտիկյանը, իսկ 08.08.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Սամվել Մելիքյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի «դ» և «է» հերթերում գրանցվել են Խորեն Մկրտչյանի, համապատասխանաբար, 1.700.000 ՀՀ դրամի և 13.759.200 ՀՀ դրամի պահանջները: Սնանկության գործով պահանջների գրանցամատյանում որպես ստորադաս պահանջներ են գրանցվել Նիկոլայ Քոչարյանի կողմից ներկայացված 8.000.000 ՀՀ դրամի պահանջը, Վահե Զաքարյանի կողմից ներկայացված 53.000.000 ՀՀ դրամի պահանջը, Սամվել Մալխասյանի կողմից ներկայացված 64.900.000 ՀՀ դրամի պահանջը։ 05.11.2020 թվականին Սամվել Մելիքյանի սնանկության գործով Դատարան է ներկայացվել Կոմիտեի պահանջը 81.972.234 ՀՀ դրամի չափով՝ խնդրելով այն գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի «է» հերթում: Կոմիտեի պահանջը գրանցել է որպես ստորադաս չապահովված՝ հիմքում դնելով պահանջն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացված լինելու և համապատասխան միջնորդություն ներկայացված չլինելու փաստերը: Դատարանի 24.12.2019 թվականի որոշմամբ սնանկության կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել Սամվել Մելիքյանին պատկանող գույքը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հ/Ա Բ-1 թաղամաս, 92-րդ շենքի թիվ 52 հասցեի բնակարանը, ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի 1.95հա գյուղատնտեսական նշանակության հողամասը և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 36ա հասցեի հողամասը: Կազմակերպված աճուրդներում գույքերը վաճառվել են: Սնանկության կառավարչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերացնելու վաճառված գույքերի նկատմամբ կիրառված արգելանքները և սահմանափակումները: Միջնորդությունը հիմնավորելու համար Կառավարիչը Դատարան է ներկայացրել հետևյալ ապացույցները.
1. ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 08.20.2020 թվականին էլեկտրոնային եղանակով տրված թիվ ՆԱ/10237-2021 և թիվ ՆԱ/2789-2021 գրությունները, որոնց համաձայն՝ գույքի նկատմամբ թիվ 83165516 քրեական գործով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ՀԿԳ քննիչի կողմից 11.05.2018 թվականին կայացված որոշման, թիվ 10858717 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից 15.06.2018 թվականին կայացված որոշման ու թիվ 10195818 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից 30.12.2019 թվականին կայացված որոշման հիման վրա կիրառված են արգելանքներ, որոնք բացառում են նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումները (գործի հավելված հատոր 1, գ.թ. 82-84)․
2. ՀՀ դատախազության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 17.11.2020 թվականի թիվ 51/263դ-20 գրությունը, որի համաձայն՝ թիվ ԵԴ/0442/01/18 թիվ 10858717 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.02.2020 թվականին կայացված դատավճռով Սամվել Մելիքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով, նույն դատավճռով ՀՀ Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, Ավետիսյան փողոցի թիվ 36ա հասցեի հողամասի և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը պահպանվել է մինչև քաղաքացիական հայցի մասով դատավճռի կատարումը: 10.02.2020 թվականին կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որի քննությունը դեռևս գտնվում է ընթացքի մեջ (գործի հավելված հատոր 1, գ.թ. 86)․
3. ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության 10.02.2021 թվականի թիվ 06/5607-21 գրությունը, ըստ որի՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված թիվ 10195818 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Սամվել Մելիքյանի ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի կարգով 04.12.2020 թվականի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն' մեղադրական եզրակացությունը հաստատելու և այն դատարան ուղարկելու միջնորդությամբ, որտեղից քրեական գործը ՀՀ քրեական դատավարության 277-րդ հոդվածի կարգով ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (գործի հավելված հատոր 1, գ.թ. 87)․
Կոմիտեն 09.02.2022 թվականին գրավոր առարկություն է ներկայացրել Կառավարչի կողմից ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունում նշված երեք քրեական գործերով դեռևս չկան վերջնական դատական ակտեր, որոնց արդյունքում պարզ կդառնա քրեական գործերի և սնանկության գործընթացում օտարված անշարժ գույքի առնչությունը։ Բացի այդ, նշել է, որ գույքի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված արգելանքը չի կարող վերացվել այդ գույքը սնանկության գործով վաճառված լինելու պատճառաբանությամբ:
Դատարանի 16.02.2022 թվականի որոշմամբ կառավարչի միջնորդությունը բավարարվել է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հ/Ա Բ-1 թաղամաս, 92-րդ շենք, թիվ 52 հասցեի բնակարանի, ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի 1.95հա գյուղատնտեսական նշանակության հողամասի և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 36ա հասցեի հողամասի նկատմամբ թիվ 83165516 քրեական գործով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ՀԿԳ քննիչի կողմից 11․05․2018 թվականին կայացրած որոշման, թիվ 10858717 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից 15․06․2018 թվականին կայացված որոշման ու թիվ 10195818 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից 30․12․2019 թվականին կայացված որոշման հիման վրա կիրառված արգելանքները վերացվել են։
Դատարանը Կառավարչի միջնորդությունը բավարարելիս նշել է, որ քրեական գործերով ցանկացած ելքը ազդեցություն չի կարող ունենալ Սամվել Մելիքյանի սնանկության գործով օտարված գույքերի հետագա տնօրինման վրա, քանի որ եթե անգամ նշված քրեական գործերով կայացվելիք վերջնական դատական ակտերով Սամվել Մելիքյանին առաջադրվեն գույքային պարտավորություններ, միևնույնն է, այդ պարտավորություններից բխող պահանջները պետք է ընդգրկվեն և կատարվեն բացառապես Սամվել Մելիքյանի սնանկության գործի շրջանակներում:
Վերաքննիչ դատարանը Դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելիս արձանագրել է, որ Դատարանը համադրել է գործով ձեռք բերված տեղեկությունները, գնահատել ներկայացված ապացույցները, անդրադարձել է բողոքաբերի առարկության էական փաստարկներին, մասնավորապես՝ հիմնավորելով պարտապանին պատկանող անշարժ գույքի վրա քրեական գործով դրված կալանքը սնանկության գործի շրջանակներում վերացնելու հիմքերի առկայությունը և այն վերացնելու անհրաժեշտությունը, բացի այդ, դատական ակտում արտացոլված են դրա կայացման համար անհրաժեշտ փաստական և իրավական հիմքերը, այսինքն՝ այն համապատասխանում է դատական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջներին, իսկ արդար դատաքննության իրավունքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածների խախտման մասին բողոքաբերի փաստարկներն անհիմն են:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ունենալով սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմին, այդ թվում՝ դատարանը, իր գործառույթները պետք է իրականացնի Սահմանադրությամբ կամ օրենքներով իրեն վերապահված լիազորություններին համապատասխան: Տվյալ դեպքում, սնանկության գործերի վարումը, ինչպես արդեն նշվեց, իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, իսկ քրեական գործերով վարույթն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, որով օրենսդիրը գույքի վրա կալանք դնելը պայմանավորել է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշմամբ: Նույն օրենսգրքի համաձայն՝ գույքը կալանքից ազատվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի, իսկ քրեական գործի մինչդատական վարույթում՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործերի վարումն իրականացվում է Սնանկության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ քրեական գործերի վարումը, ներառյալ՝ քրեական գործերով դրված կալանքից գույքն ազատելու հետ կապված հարաբերությունները, կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
Ավելին՝ քրեադատավարական օրենքով սահմանված են նաև գույքը կալանքից ազատելու հիմքերը և կարգը, իսկ այդ գործողությունը քրեադատավարական օրենքին համապատասխան կարող է իր որոշմամբ կատարել քրեական վարույթն իրականացնող մարմինը։ Քրեական դատավարությունում միայն վերջինս է իրավասու որոշելու, թե արդյոք վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը։
Արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ քրեական գործի շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա կիրառված կալանքը սնանկության գործի շրջանակներում չի կարող վերացվել:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․06․2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Սամվել Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի միջնորդությունը՝ գույքի վրա դրված արգելանքները վերացնելու մասին ՝ մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ ս. միքայելյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: