Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2023 թվականի N 1923-Ա
«ՍԼՈՆ-ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի հ. 2/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 5089.13 քմ մակերեսով հողամասից «Սլոն-ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն), ժամանցի և մանկական զարգացման կենտրոն կառուցելու նպատակով, առանց մրցույթի, 30 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 220.0 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ նախատեսելով հետևյալ հիմնական պայմանները.
1) ընկերությունը պարտավորվում է իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին կից գտնվող՝ 4869.13 քմ մակերեսով այգու վերակառուցման (արդիականացման) աշխատանքները՝ համաձայն հավելվածի, որոնց իրականացման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվում են պայմանագրի կնքման պահին.
2) ընկերությունը պարտավորվում է պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պահպանել այգու կանաչ գոտիները, ոռոգման ցանցը՝ կաթիլային համակարգով, ճեմուղիները, լուսավորության համակարգը, կառուցվող և տեղադրվող բոլոր կառույցները, ոչ հիմնական շինությունները և այգու կահավորանքը, ինչպես նաև ապահովել դրանց ընթացիկ նորոգումը և շահագործումը՝ դրանց նշանակությանը համապատասխան.
3) ընկերությունը պարտավոր է իրականացնել նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ սույն կետի 1-ին ենթակետում նշված քաղաքաշինական փաստաթղթերը ստանալուց հետո 18 ամսվա ընթացքում, որոնք նշված ժամկետում չկատարելու (չիրագործելու) դեպքում պայմանագիրը կարող է միակողմանի լուծարվել, որի դեպքում կառուցապատողի կողմից իրականացված ներդրումները փոխհատուցման ենթակա չեն, ինչպես նաև ընկերությունը պարտավորվում է վճարել տուգանք` 50 000 000 (հիսուն միլիոն) դրամի չափով.
4) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|