ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023 թվականի N 1666-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ, ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ, ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման, շահագործման և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների (այսուհետ՝ պետական մարմիններ) կողմից ներկայացված առաջարկների հիման վրա սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրականացնում է պետական մարմիններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման և հաշվառման գործընթացը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշմամբ սահմանված դեպքերի։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ վարչապետի կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, բացի սույն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված դեպքերից, ամրացվում է ևս 10 տարբերանշանով սպասարկման ավտոմեքենա։
4. Սահմանել, որ որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն պաշտոնատար անձին ծառայողական ավտոմեքենա կամ պետական մարմնի անձնակազմի սպասարկման համար նախատեսված ավտոմեքենա հատկացնելու դեպքում՝ տվյալ պաշտոնյայի կամ մարմնի ղեկավարի նախընտրությամբ ավտոմեքենա հատկացնելու փոխարեն նրա կամ մարմնի լիազորությունների և կանոնադրական գործառույթների իրականացմամբ պայմանավորված տրանսպորտային կարիքների բավարարման նպատակով կարող է հատկացվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ առավելագույնը մեկ ավտոմեքենաների պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով։
5. Սահմանել, որ գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը համապատասխան պետական մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա, կոմիտեի առաջարկությամբ, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակա օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կանոնակարգը, սահմանաքանակը, չափորոշիչները և վառելիքի, յուղերի, քսայուղերի, ավտոդողերի վազքի և կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում։
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել այլընտրանքային եղանակով տրանսպորտային ծախսերի 2 տարբերակով (յուրաքանչյուր օրացուցային օրվա համար վառելիքի ծախսի չափի սահմանման և տաքսի ծառայության ձեռքբերման դեպքում) փոխհատուցման մեթոդաբանությունը ու այդ մասին տասնօրյա ժամկետում տեղեկացնել համապատասխան մարմիններին։
8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել՝
1) «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների, ինչպես նաև առանձին չափորոշիչները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
2) «Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերին ամրացված ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման կարգը, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետները, ինչպես նաև պետական պաշտոն չզբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը հաստատելու և առանձին չափորոշիչները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
9. Պետական մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) եռամսյա ժամկետում իրենց ենթակայությամբ գործող կազմակերպություններում վերջիններիս սեփականությունը հանդիսացող առկա տրանսպորտային միջոցների սահմանաքանակը, ինչպես նաև իրենց միջոցների հաշվին ձեռք բերվող տրանսպորտային միջոցների գնման գործընթացը համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին.
2) չորսամսյա ժամկետում կոմիտե ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման կատարման ընթացքի մասին, ինչպես նաև իրականացնել ավտոմեքենաների հասանելի սահմանաչափը գերազանցող տրանսպորտային միջոցների հանձնումը կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բացառությամբ հատուկ նշանակության ավտոմեքենաների։ Ընդ որում, հատուկ նշանակության ավտոմեքենաների դեպքում՝ տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացնել սույն որոշման 5-րդ կետով սահմանված գործընթացն իրականացնելուց հետո եռամսյա ժամկետում:
10. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) եռամսյա ժամկետում պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հաշվառման գործընթացը բարեփոխելու նպատակով փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ.
2) վեցամսյա ժամկետում սույն որոշման 9-րդ կետով ներկայացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ որոշման կատարման ընթացքի վերաբերյալ։
11. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման 1-ի կետն ամբողջությամբ.
2) սույն որոշման 8-րդ կետով նախատեսված աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշումը։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների ենթակա մարմինների և գրասենյակների, ծրագրերի իրականացման գրասենյակների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ պետական մարմիններ) ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման, սպասարկման, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տրամադրված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգավորումները։
2. Պետական մարմիններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման, սպասարկման կամ պետական մարմինների կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տրամադրված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև ծառայողական և սպասարկման ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգավորումները պետք է ապահովեն հետևյալ պահանջները՝
1) պետական մարմինների բնականոն գործունեությունը կազմակերպելու նպատակով տրանսպորտային կարիքների նկատմամբ պահանջների բավարարումը.
2) պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի օպտիմալացումը, ծառայողական ավտոմեքենաների օգտագործման արդյունավետության շարունակականության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների տնտեսումը.
3) պետական մարմինների գործառույթների ու զարգացման հեռանկարային ծրագրերի և դրանց առաջադրանքների կատարման և ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ պահանջի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափի սահմանման միջև ուղղակի կապի ապահովումը.
4) պետական մարմինների գործունեության օպերատիվ կազմակերպման ապահովումը.
5) պետական մարմինների աշխատանքային պայմանների շարունակական բարելավումը.
6) պետական մարմիններում պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատշաճ սպասարկման ապահովումը։
3. Պետական մարմինների կանոնադրական գործառույթների և լիազորությունների իրականացման համար տրանսպորտային միջոցների նկատմամբ պահանջը բավարարվում է՝
1) ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման միջոցով.
2) պետական մարմնի ղեկավարի նախընտրությամբ՝ ծառայողական ավտոմեքենա հատկացնելու փոխարեն տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով։
4. Սույն կարգի համաձայն պետական մարմինների ծառայողական ավտոմեքենա են համարվում՝
1) պետական մարմնի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձանց սպասարկելու նպատակով նախատեսված ավտոմեքենաները (այսուհետ՝ պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ), որոնք հատկացվում են նրանց կողմից իրենց պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու համար.
2) պետական մարմինների անձնակազմերի սպասարկման համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են նրանց կողմից պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ և որոշակի կանոնադրական գործառույթներ իրականացնելու նպատակով։
5. Պետական մարմիններին սպասարկող ավտոմեքենաներ կարող են լինել՝
1) տարբերանշանով սպասարկման ավտոմեքենաները.
2) գործառնական և հատուկ նշանակության սպասարկման ավտոմեքենաները։
6. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաներ են համարվում այն ավտոմեքենաները, որոնց դիմապակուն փակցված է գերատեսչության տարբերանշանը և անվանումը։
7. Պետական մարմիններին սպասարկող գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաներ են համարվում այն ավտոմեքենաները, որոնք հագեցված են համապատասխան տեխնիկական միջոցներով և ունեն հատուկ կահավորում, նշանակված են կոնկրետ խնդիրների լուծման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներին կամ սահմանադրական բարեփոխումներից հետո նախկին վարչապետներին և դեսպանատներին հատկացված ավտոմեքենաները։ Վերջիններս ունեն հատուկ գունանշում՝ բացառությամբ օպերատիվ աշխատանքների համար նախատեսված ավտոմեքենաների։
8. Պետական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ հատկացվում են՝
1) պետական մարմնում հաշվառված, օգտագործման մեջ գտնվող, սահմանված կարգի համաձայն օգտակար ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների փոխարինման համար։ Ընդ որում, օգտակար ծառայության ժամկետը լրացած այն ավտոմեքենաների փոխարինման համար, որոնց շահագործումն իրականացվում է սույն որոշման 8-րդ կետի հիմքով սահմանված նորմաների գերազանցումով և դրանց հետագա օգտագործումն արդյունավետության տեսանկյունից համարվում է ոչ նպատակահարմար.
2) պետական մարմնին վերապահված նոր գործառույթի իրականացման համար.
3) վթարված և շահագործման ոչ ենթակա ավտոմեքենաների փոխարինման համար, եթե առկա է գնահատման համար սահմանված կարգի համաձայն տրված եզրակացությունը։
9. Ծառայողական ավտոմեքենաների օգտակար ծառայության ժամկետը որոշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի թիվ 3-Ն հրամանի (այսուհետ` հրաման) համաձայն։
10. Պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաները փոխարինվում են առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեում (այսուհետ` կոմիտե) հաշվառված, օգտակար ծառայության ժամկետում գտնվող, շահագործման համար պիտանի ավտոմեքենաներով կամ դրանց բացակայության դեպքում՝ կոմիտեի կողմից ձեռք բերված նոր ավտոմեքենաներով գույք հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ։
11. Պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով պետք է համապատասխանեն սույն որոշման 8-րդ կետի հիմքով սահմանված չափորոշիչներին։
12. Սույն որոշման 8-րդ կետի հիմքով սահմանված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով կամ հրամանով սահմանված ծառայության ժամկետից պակաս ծառայության ժամկետ ունեցող պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման թույլտվությունը կոմիտեի առաջարկության հիման վրա տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
13. Պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների, ինչպես նաև անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների ու գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների առավելագույն գները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։
14. Պետական մարմինների համար նոր ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման դեպքում՝
1) ավտոմեքենաների վազքը չի կարող գերազանցել 1000 կիլոմետրը, իսկ արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ.
2) ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունն իրականացնում են պետական մարմինները.
3) ավտոմեքենաների գնման պայման է հանդիսանում հետերաշխիքային սպասարկումը՝ պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով).
4) ավտոմեքենաների շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել հրամանով սահմանված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետից։
15. Մեկական ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են հետևյալ պաշտոնատար անձանց՝
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներ.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար.
3) Հայաստանի Հանրապետության նախարարներ.
4) Հայաստանի Հանրապետության մարզպետներ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներ.
6) Հայաստանի Հանրապետության նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարներ.
7) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար։
16. Պետական մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներն ամրացվում են համապատասխան պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի համապատասխան իրավական ակտով, որում նշվում են տվյալ պաշտոնատար անձին ամրացվող ավտոմեքենայի բնութագրիչ (այդ թվում՝ տեխնիկական) տվյալները:
17. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները հատկացվում են սույն կարգի 15-րդ կետով նախատեսված մարմիններին՝ մինչև 100 փաստացի աշխատողին մեկ ավտոմեքենա, իսկ 100-ից ավել աշխատողների դեպքում՝ յուրաքանչյուր 100 փաստացի աշխատողին մեկ ավտոմեքենա սկզբունքով։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների դեպքում՝ հաշվարկվում է 100 փաստացի աշխատողին մեկ ավտոմեքենա ավելացված մարմնի ղեկավարի տեղակալների թվով սկզբունքով։
18. Ծառայողական տարբերանշանով ավտոմեքենաները չեն հատկացվում՝
1) ծրագրերի իրականացման գրասենյակներին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին.
2) 18-րդ կետի 1-ին ենթակետով նշված մարմինները կարող են սույն որոշման 7-րդ կետի համաձայն ներկայացված համապատասխան հիմնավորման դեպքում օգտվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցումից` վերադաս կառավարման մարմնի համաձայնությամբ և կոմիտեի առաջարկությամբ։
19. Պետական մարմիններին սպասարկող գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաները հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, նրանց կողմից համապատասխան հիմնավորմամբ ներկայացված առաջարկի հիման վրա։
20. Պետական մարմինները գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների նկատմամբ առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնեն հետևյալ երկու պայմանի կատարումը՝
1) գործառնական և հատուկ նշանակության փաստացի առկա ավտոմեքենաների քանակը որպես առաջարկի սահմանային շեմի ապահովում.
2) կանոնադրական գործառույթներով պայմանավորված սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շեմի գերազանցման հիմնավորման անհրաժեշտություն։
21. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները՝
1) կարող են օգտագործվել, այդ թվում՝ որպես հերթապահ ավտոմեքենա, ինչպես պետական մարմնի աշխատակիցներին սպասարկելու, այնպես էլ պետական մարմնի մեկ կամ մի քանի ստորաբաժանումների գործառույթներն ապահովելու համար.
2) չեն կարող հատկացվել պաշտոնատար անձանց, որպես ծառայողական ավտոմեքենա։
22. Պետական մարմինները նոր ծառայողական ավտոմեքենաների հատկացման համար սույն որոշմամբ սահմանված կարգով պահանջվող դիմումները կոմիտե պետք է ներկայացնեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու ժամկետների ավարտից առնվազն 15 օր առաջ։
23. Կոմիտեն սույն կարգի 22-րդ կետով նշված դիմումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է դիմումով ներկայացված ավտոմեքենաների նկատմամբ պահանջը, իր հաշվեկշռում հաշվառված շահագործման ենթակա ավտոմեքենաներով բավարարելու կամ նոր ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով կոմիտեի կողմից բյուջետային գործընթացի շրջանակներում, իր բյուջետային ֆինանսավորման հայտի մեջ ներառելու հարցը։ Եթե ներկայացված դիմումը հնարավոր չէ բավարարել կոմիտեի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների հաշվին, ապա կոմիտեն սահմանված ժամկետում բյուջետային հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։
24. Կոմիտեն, բյուջետային հայտը սահմանված կարգով ընդունվելու դեպքում, ապահովում է համապատասխան մարմիններին ծառայողական ավտոմեքենաների գնման և հատկացման գործընթացի իրականացումը։
25. Պետական մարմինների ղեկավարների նախընտրությամբ սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված ծառայողական ավտոմեքենաներով փոխարինելու կամ 2-րդ ենթակետով նոր ավտոմեքենա հատկացնելու փոխարեն կարող է հատկացվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում (այսուհետ՝ այլընտրանքային տարբերակ) առավելագույնը մեկ ավտոմեքենայի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով։
26. Պետական մարմինները ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ պահանջի այլընտրանքային տարբերակին անցնելու դեպքում պարտավոր են բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման սահմանված ժամկետներում սույն կարգի համաձայն հաշվարկել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափը և այն բյուջետային գործընթացի շրջանակներում ներառել իրենց բյուջետային ֆինանսավորման հայտում։
27. Պետական մարմիններն այլընտրանքային տարբերակի դեպքում տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափը որոշում են՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունից։
28. Տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեթոդաբանությունը իր մեջ ներառում է երկու տարբերակ՝
1) պետական մարմնի ղեկավարի որոշմամբ ընտրված որոշակի անձանց շրջանակի համար յուրաքանչյուր օրացուցային օրվա կտրվածքով սահմանված որոշակի լիտր վառելիքի (բենզինի սեղմված բնական գազի կամ հեղուկացված նավթային գազի), ինչպես նաև հիբրիդ և էլեկտրական տարբերակով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում էլեկտրաէներգիայի արժեքին հավասար գումարի չափով ծախսերի փոխհատուցում.
2) 1-ին ենթակետով չնախատեսված անձանց կողմից համապատասխան գործառույթների իրականացման համար տաքսի ծառայության ձեռքբերում։
29. Սույն կարգի 28-րդ կետում նշված տարբերակներից որևէ մեկի կամ անձանց շրջանակի ընտրության նպատակահարմարությունը որոշում է պետական մարմնի ղեկավարը։
30. Այլընտրանքային տարբերակի ընտրության դեպքում, եթե այն կոչված է փոխարինելու պետական մարմնի հաշվեկշռում հաշվառված և օգտագործվող ավտոմեքենաներին, ապա պետական մարմինը պարտավոր է բյուջետային հայտն ընդունվելու և բյուջետային ֆինանսավորումը կատարելու դեպքում փոխարինվող ավտոմեքենան մեկ ամսվա ընթացքում հանձնել կոմիտեի տնօրինությանը։
31. Կոմիտեն պարտավոր է իրականացնել պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների, այդ թվում՝ տարբերանշանով ու գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների հաշվառում և յուրաքանչյուր հաշվետու տարվա մինչև դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ հաշվառման արդյունքների վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.10.2024, N 1700-Ն | 01.01.2025, N 1666-Ն | |
18.07.2024, N 1127-Ն | 29.07.2024, N 1666-Ն | |
12.04.2024, N 519-Ն | 25.04.2024, N 1666-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|