ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 917-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 668-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 668-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետում «(այսուհետ՝ հանձնակատար)» բառերը փոխարինել «(այսուհետ՝ գլխավոր հանձնակատար)» բառերով.
2) 2-րդ կետում, 10-րդ կետի 3-րդ ենթակետում, 18-րդ կետի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում «հանձնակատար» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «գլխավոր հանձնակատար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) ռուսերեն՝ «Офис Главного уполномоченного по делам диаспоры аппарата премьер-министра Республики Армения».
4) 10-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) հայրենադարձների ինտեգրման կազմակերպմանն աջակցությունը:».
5) 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Գրասենյակի խնդիրներն են՝
1) սփյուռքի ներուժի բացահայտումը և քարտեզագրումը, թիրախային գնահատումը, համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծումը, սփյուռքի ներուժի ներգրավման կայուն ու արդյունավետ գործիքակազմի մշակումը, ինչպես նաև համահայկական միասնական օրակարգի նախանշումը.
2) Հայաստան-սփյուռք արդյունավետ գործակցության կառուցակարգերի, թիրախային ծրագրերի և միջոցառումների մշակումը, բարելավումը, սփյուռքի հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու զարգացումը.
3) հայրենադարձության իրականացման և հայրենադարձների ինտեգրման ոլորտում ռազմավարական նախաձեռնությունների, ինչպես նաև առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը.
4) գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը:
12. Գրասենյակն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) իրականացնում է սփյուռքի ներուժի ուսումնասիրություն, ըստ ոլորտների դասակարգում և քարտեզագրում.
2) սփյուռքի հայ համայնքների փոխգործակցությունն ապահովելու, սփյուռքի ներուժը համախմբելու նպատակով՝ տարբեր ոլորտներում համահայկական մասնագիտական ցանցերի և կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ հանդես է գալիս առաջարկություններով.
3) ձևավորում է սփյուռքահայերից կազմված խորհուրդ, մշակում է համագործակցության գործիքակազմ, սփյուռքահայ գործիչների ներգրավմամբ նախանշում է համահայկական միասնական օրակարգը.
4) ներկայացնում է Հայաստան-սփյուռք գործակցության խնդիրներից և անհրաժեշտությունից բխող, այդ թվում՝ հայրենադարձության ոլորտին առնչվող, օրենսդրական կարգավորումների և ռազմավարական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ, մշակում է գործողությունների ծրագրեր ու միջոցառումներ.
5) ապահովում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման ռազմավարական ուղղություններից բխող ծրագրերի, միջոցառումների իրավական հիմքերը.
6) ապահովում է հայրենադարձության նախապատրաստական, իրականացման և հայրենադարձների ինտեգրման փուլերի աշխատանքները, դրանց հետազոտումը և գնահատումը.
7) ուսումնասիրում է հայրենադարձության կազմակերպման և խթանման միջազգային փորձը, հայրենադարձության ընթացիկ իրավիճակը, մշակում և կիրառում է անհրաժեշտ գործիքակազմ հայրենադարձության իրականացման ու խթանման համար.
8) վերլուծում է հայրենադարձների հիմնական խնդիրները և ներկայացնում առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ.
9) կազմակերպում է հայրենադարձների ինտեգրման գործընթացը, իրականացնում է ինտեգրմանն ուղղված միջոցառումներ.
10) աջակցում է հակամարտության գոտիներից, վտանգված ու արտակարգ իրավիճակներում հայտնված հայ համայնքներից հայրենակիցների՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխության և ինտեգրման աշխատանքների իրականացմանը.
11) ապահովում է հայրենաճանաչությանը, հայապահպանությանը, համայնքային կյանքի զարգացմանը, մասնագիտական հայրենադարձությունը խթանող, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդմանը միտված ոլորտային ծրագրերի, միջոցառումների իրականացումը և մշտադիտարկումը.
12) իրականացնում է աշխատանքներ սփյուռքի ներուժի, այդ թվում՝ ներդրողների և բարերարների ներգրավման ու աջակցության ուղղությամբ.
13) Հայաստան-սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման համար գլխավոր հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ՝
ա. Հայաստան-սփյուռք գործակցության հիմնական ուղղությունների ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ,
բ. հայրենաճանաչության, հայապահպանության, հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման, սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մշակման և իրականացման վերաբերյալ,
գ. սփյուռքի համայնքային կյանքի զարգացման և համահայկական խնդիրների լուծման գործում սփյուռքի դերակատարության բարձրացման ուղղությամբ,
դ. Հայաստան-սփյուռք հարաբերություններում հաղորդակցության և երկխոսության կայուն զարգացման նպատակով սփյուռքահայերից կազմված խորհրդի և համահայկական միասնական օրակարգի ձևավորման ուղղությամբ.
14) իրականացնում է աշխատանքներ սփյուռքի համայնքներում հասարակական հիմունքներով նշանակված սփյուռքի գործերի հանձնակատարների (այսուհետ՝ հանձնակատարներ) հետ՝ համայնքային, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտների խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետ իրականացման համար, նախաձեռնում է միջոցառումներ հայ համայնքների զարգացմանն ուղղված միջավայրի ձևավորման համար.
15) վերլուծում է հանձնակատարների առաջարկությունները և մշակում խնդիրների լուծման և նախաձեռնությունների առաջմղման ուղիներ.
16) գրասենյակի գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով մշակում և գործարկում է տեղեկատվության փոխանցման արդյունավետ գործիքներ, ձևաչափեր և հարթակներ.
17) ապահովում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարական ուղղությունների վերաբերյալ սփյուռքի իրազեկվածությունը և սփյուռքում հանրային դրական կարծիքի ու գործընկերային հարաբերությունների ձևավորումը:».
6) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Գլխավոր հանձնակատարը համակարգում և վերահսկում է գրասենյակի աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին է առաջարկում հանձնակատարների թեկնածությունները:»:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կառուցվածքում գործող օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչությունն անվանափոխել հայրենադարձների ինտեգրման վարչության:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կառուցվածքում ստեղծել սփյուռքի հետ միասնական աշխատանքների համակարգման վարչություն:
4. Այդ կապակցությամբ հավելվածի 23-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ ենթակետում «օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչությունը:» բառերը փոխարինել «հայրենադարձների ինտեգրման վարչությունը.» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) սփյուռքի հետ միասնական աշխատանքների համակարգման վարչությունը:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |