ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի դեկտեմբերի 18-ին
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման (այսուհետ` ծառայությունների մատուցում) համար գանձվող սակագների սահմանման սկզբունքները, ինչպես նաև դրանց սահմանումն ու վերանայումը։
Հոդված 2. | Ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքները |
1. Ծառայությունների մատուցման սակագները (այսուհետ` սակագներ) սահմանում և վերանայում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):
2. Սակագների ձևավորման սկզբունքներն են՝
1) միանմանությունն ու միասնականությունը բոլոր ծառայություն մատուցողների համար Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում.
2) ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների և նյութական ակտիվների մաշվածության փոխհատուցման ապահովումը.
3) մատչելիությունը՝ տվյալ ծառայության բոլոր սպառողների համար.
4) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.
5) մատուցվող ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը.
6) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.
7) տրանսպորտային միջոցների տեսակներով ու առանձնահատկություններով պայմանավորված սակագների տարբերակումը:
Հոդված 3. | Սակագների սահմանումը և կիրառումը |
1. Սակագների սահմանման և վերանայման կարգը, այդ առնչությամբ ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը սահմանում է Հանձնաժողովը` համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Հանձնաժողովը սակագները սահմանում է լիազոր մարմնի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս լինել չի կարող, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:
3. Հանձնաժողովը կարող է սահմանել ծառայությունների մատուցման երկարաժամկետ սակագին:
4. Սահմանված սակագինը կարող է արտահայտվել ինչպես որոշակի թվային արժեքով, այնպես էլ հաշվարկվել որոշակի մեծություններից կախված բանաձևով:
5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես ծառայություններ մատուցողների պահանջով` լիազոր մարմնի առաջարկությամբ, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիազոր մարմնի կողմից վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:
6. Լիազոր մարմին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով Հանձնաժողովը ծառայություններ մատուցողների համար սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ:
7. Ծառայություններ մատուցողները սակագների սահմանման և վերանայման հետ կապված իրենց ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում են լիազոր մարմին` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ձևերով և ցանկով:
8. Ներկայացված հաշվետվությունների և տեղեկությունների հավաստիության ճշգրտման նպատակով լիազոր մարմինն իրավասու է իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:
9. Հիմք ընդունելով սույն օրենքի 2-րդ հոդվածը` Հանձնաժողովը հաստատում է սակագները և դրանց հաշվարկման անհրաժեշտ մեթոդիկաները:
Հոդված 4. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2007 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-298-Ն |