ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1623/04/19 2022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1623/04/19 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի սեպտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գագիկ Բադալյանի և «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Գագիկ Բադալյանի ընդդեմ Ընկերության` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Գագիկ Բադալյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ․ Կատվալյան) 28․10․2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի ներկայացրած միջնորդությունը` պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառել թույլատրելու մասին, բավարարվել է մասնակիորեն` որոշվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանին թույլատրել պարտապան Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող թվով 2 լոտ գույքերի` լոտ 1-ի գույքերից` հյուրանոցային համալիրի և լոտ 2 գույքի վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով պարտատիրոջ առաջարկած գներով, ինչպես նաև Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող թվով 4 լոտ գույքերի` լոտ 1-ի` բացի հյուրանոցային համալիրից մյուս գույքերի, լոտ 3, լոտ 4 և լոտ 5 գույքերի վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով կառավարչի կողմից ներկայացված միջնորդության մեջ նշված պայմաններով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.06.2020 թվականի որոշմամբ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը վերացվել է, և կայացվել է նոր որոշում` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի ներկայացրած միջնորդությունը՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառել թույլատրելու մասին, բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Գագիկ Բադալյանը և Ընկերությունը (ներկայացուցիչ Լյուդվիկ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի է ներկայացվել։
2. Գագիկ Բադալյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Գագիկ Բադալյանի վրա դրել է այնպիսի պարտականություն, որը «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված չէ, այն է՝ աճուրդի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու դեպքում այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու պահանջ նախատեսված չէ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված են այլ կանոններ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի գործում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմանը կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 60-րդ հոդվածի 2-րդ մասը, 62-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասն այն բացառություններից է, որը թույլ է տալիս գործին մասնակցող անձին չապացուցել և չկրել պարտականություն՝ ապացուցելու իր առարկությունների հիմքում ընկած փաստերը։ Այսինքն՝ սույն հարցը կարգավորվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները կիրառելի չեն։
Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանման արդյունքում խախտվել է պարտապանի սեփականության իրավունքը, քանի որ վերջինս զրկվել է այդ նորմի հիման վրա իր գույքը պարտատիրոջ կողմից առաջարկված ավելի բարձր գնով իրացնելու և այդ իրացումից որպես սեփականություն ավելի շատ ֆինանսական միջոցներ ստանալու և իր բնականոն ձեռնարկատիրական գործունեությունը վերականգնելու իրական հնարավորությունից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմանը կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դատարանի 28.10.2019 թվականին վճռով Ընկերությանը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 36-40):
2) Դատարանի 08.01.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը (հավելված 1-ին, գ.թ. 44-48):
3) Դատարանի 19.02.2020 թվականի որոշմամբ սկսվել է Ընկերության լուծարման վարույթը (հավելված 1-ին, գ.թ. 49-52):
4) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը 05.03.2020 թվականին միջնորդության համաձայն՝ վերջինս Դատարանից պահանջել է թույլատրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել հետևյալ մեկնարկային գներով.
Լոտ 1-ի մեկնարկային գինը սահմանել 2.327.200.000 ՀՀ դրամ,
Լոտ 2-ի մեկնարկային գինը սահմանել 37.200.000 ՀՀ դրամ,
Լոտ 3-ի մեկնարկային գինը սահմանել 990.000 ՀՀ դրամ,
Լոտ 4-ի մեկնարկային գինը սահմանել 1.110.000 ՀՀ դրամ,
Լոտ 5-ի մեկնարկային գինը սահմանել 2.970.000 ՀՀ դրամ (հավելված 1-ին, գ.թ. 56-77):
5) Պարտատեր Գագիկ Բադալյանը 12.03.2020 թվականին գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն՝ Լոտ 1-ի և Լոտ 2-ի համար առաջարկելով առավել բարձր մեկնարկային գին և պահանջել է գույքի վաճառքը թույլատրել իր առաջարկած գնով.
Լոտ 1-ի մեկնարկային գինն առաջարկել է սահմանել 11.000.000.000 ՀՀ դրամ,
Լոտ 2-ի մեկնարկային գինն առաջարկել է 60.000.000 ՀՀ դրամ
Միաժամանակ միջնորդությանը կից ներկայացվել է 5.000.000 ՀՀ դրամի և 3.000.000 ՀՀ դրամի չափով վճարման հանձնարարագրեր (հավելված 2-րդ 30-32):
6) Դատարանը 17.03.2020 թվականին «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ գույքի մեկնարկային գին է սահմանվել պարտատեր Գագիկ Բադալյանի կողմից առաջարկած մեկնարկային գինը Լոտ 1-ի համար 11.000.000.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի համար 60.000.000 (հավելված 2-րդ, գ.թ. 33-62):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտատերերի կողմից աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու ընթացակարգին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Գագիկ Բադալյանի և Ընկերության վճռաբեկ բողոքները բերվել են նմանատիպ հիմքերով և հիմնավորումներով, դրանց հիմնավորվածությանն անդրադառնում է ստորև շարադրված ընդհանուր պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:
Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն` գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ` պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի։ Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան և պահանջելու հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության հիմքերը։ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին նույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը: Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.
բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.
գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել նույն օրենքով սահմանված պահանջները:
Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանի գույքի վաճառքն իրականացվում է հետևյալ գործողությունների հաջորդական պահպանմամբ.
1. կառավարիչը գույքագրում է պարտապանի գույքը, կազմում գույքի վաճառքի ծրագիրը և այն ներկայացնում պարտատերերի խորհրդի, իսկ դրա բացակայության դեպքում` ժողովի հաստատմանը,
2. գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից հաստատվելու, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված դեպքում կառավարիչը գույքի վաճառքի ծրագիրը ներկայացնում է դատարանի հաստատմանը,
3. գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին, որոնք յոթնօրյա ժամկետում կարող են ներկայացնել իրենց առարկությունները,
4. դատարանը որոշում է կայացնում ինչպես գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու, այնպես էլ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդությունները բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:
Անդրադառնալով պարտատերերի կողմից գույքի վաճառքի վերաբերյալ միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ընթացակարգին՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ.
1. պարտատերերը կառավարչի կողմից վաճառքի թույլտվություն տալու միջնորդության վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առարկություններ,
2. այդ առարկությունները կարող են ներկայացնել դատարանի կողմից միջնորդության կապակցությամբ որոշման կայացմանը նախորդած յոթնօրյա ժամանակահատվածում,
3. առարկությունում պետք է ներկայացվեն առաջարկվող գույքի մեկնարկային գնից ավելի բարձր մեկնարկային գին,
4. պարտատերերը պետք է սնանկության հատուկ հաշվին վճարեն իրենց կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ:
Վերոգրյալ իրավական նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է, որ գույքի վաճառքի վերաբերյալ միջնորդության դեմ առարկությունը պետք է լինի գրավոր, առարկությունում պետք է ներկայացվի առաջարկվող գույքի մեկնարկային գնից ավելի բարձր մեկնարկային գին, պարտատերերը պետք է սնանկության հատուկ հաշվին վճարեն իրենց կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ՝ առարկությանը կցվելով դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Նշված վավերապայմաններին չբավարարող առարկությունները չեն կարող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով գնահատվել որպես վաճառքի թույլտվության վերաբերյալ ներկայացված միջնորդության դեմ բերված առարկություն և դատարանի կողմից այդ կապակցությամբ չի կարող կիրառվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի կանոնը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 28.10.2019 թվականին վճռով Ընկերությանը ճանաչվել է սնանկ։ Դատարանի 08.01.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը։
Դատարանի 19.02.2020 թվականի որոշմամբ սկսվել է Ընկերության լուծարման վարույթը։
Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը 05.03.2020 թվականին միջնորդության համաձայն՝ վերջինս Դատարանից պահանջել է թույլատրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել հետևյալ մեկնարկային գներով.
Լոտ 1-ի մեկնարկային գինը սահմանել 2.327.200.000 ՀՀ դրամ,
Լոտ 2-ի մեկնարկային գինը սահմանել 37.200.000 ՀՀ դրամ,
Լոտ 3-ի մեկնարկային գինը սահմանել 990.000 ՀՀ դրամ,
Լոտ 4-ի մեկնարկային գինը սահմանել 1.110.000 ՀՀ դրամ,
Լոտ 5-ի մեկնարկային գինը սահմանել 2.970.000 ՀՀ դրամ։
Պարտատեր Գագիկ Բադալյանը 12.03.2020 թվականին գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն՝ Լոտ 1-ի և Լոտ 2-ի համար առաջարկելով առավել բարձր մեկնարկային գին և պահանջել է գույքի վաճառքը թույլատրել իր առաջարկած գնով.
Լոտ 1-ի մեկնարկային գինն առաջարկել է սահմանել 11.000.000.000 ՀՀ դրամ,
Լոտ 2-ի մեկնարկային գինն առաջարկել է 60.000.000 ՀՀ դրամ: Միաժամանակ միջնորդությանը կից ներկայացվել է 5.000.000 ՀՀ դրամի և 3.000.000 ՀՀ դրամի չափով վճարման հանձնարարագրեր։
Դատարանը 17.03.2020 թվականին «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ գույքի մեկնարկային գին է սահմանվել պարտատեր Գագիկ Բադալյանի կողմից առաջարկած մեկնարկային գինը Լոտ 1-ի համար 11.000.000.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի համար 60.000.000:
Դատարանը 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն և նշել է, որ պարտատիրոջ կողմից ներկայացված առարկության հիմքում դրված հանգամանքները՝ Լոտ 1 և Լոտ 2 գույքերի շուկայական արժեքների ցածր լինելու վերաբերյալ հիմնավոր են և Գագիկ Բադալյանը՝ պահպանելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Գագիկ Բադալյանի կողմից չի ներկայացվել իր վկայակոչած փաստարկները հիմնավորող որևէ ապացույց, իսկ այդպիսի փաստարկները հիմնավորող ապացույց կարող էր ծառայել բացառապես գույքի գնահատման վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներով օժտված անձի կողմից տրամադրված եզրակացությունը: Այսինքն` պարտատերը վիճարկել է կառավարչի առաջարկած գույքի աճուրդի մեկնարկային գինը, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ գույքն ավելին է արժեցել կառավարչի կողմից միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ։
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում Ընկերությանը ճանաչվել է սնանկ, հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը և սկսվել է Ընկերության լուծարման վարույթը։ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը 05.03.2020 թվականին միջնորդությամբ Դատարանից պահանջել է թույլատրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել հետևյալ մեկնարկային գներով. Լոտ 1-ի մեկնարկային գինը սահմանել 2.327.200.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի մեկնարկային գինը սահմանել 37.200.000 ՀՀ դրամ, Լոտ 3-ի մեկնարկային գինը սահմանել 990.000 ՀՀ դրամ, Լոտ 4-ի մեկնարկային գինը սահմանել 1.110.000 ՀՀ դրամ, Լոտ 5-ի մեկնարկային գինը սահմանել 2.970.000 ՀՀ դրամ։ Պարտատեր Գագիկ Բադալյանը 12.03.2020 թվականին գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն՝ Լոտ 1-ի և Լոտ 2-ի համար առաջարկելով առավել բարձր մեկնարկային գին և պահանջել է գույքի վաճառքը թույլատրել իր առաջարկած գնով՝ Լոտ 1-ի մեկնարկային գինն առաջարկել է սահմանել 11.000.000.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի մեկնարկային գինն առաջարկել է 60.000.000 ՀՀ դրամ: Միաժամանակ միջնորդությանը կից ներկայացվել է 5.000.000 ՀՀ դրամի և 3.000.000 ՀՀ դրամի չափով վճարման հանձնարարագրեր։
Վերոգրյալից հետևում է, որ պարտատեր Գագիկ Բադալյանը հրապարակային սակարկություններով գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն է ներկայացրել Դատարան՝ առաջարկելով Լոտ 1-ի և Լոտ 2-ի համար աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` միաժամանակ միջնորդությանը կից ներկայացնելով 5.000.000 ՀՀ դրամի և 3.000.000 ՀՀ դրամի չափով դեպոզիտ հաշվին վճարված հանձնարարագրեր։ Այսինքն՝ պարտատեր Գագիկ Բադալյանը պահպանել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, որ Գագիկ Բադալյանի ներկայացրած փաստարկները հիմնավորող ապացույց կարող էր ծառայել բացառապես գույքի գնահատման վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներով օժտված անձի կողմից տրամադրված եզրակացությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով պարտատիրոջ վրա դրել է հետևյալ պարտականությունները՝ առարկությունը պետք է լինի գրավոր, առարկությունում պետք է ներկայացվի առաջարկվող գույքի մեկնարկային գնից ավելի բարձր մեկնարկային գին, պարտատերը պետք է սնանկության հատուկ հաշվին վճարի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ՝ առարկությանը կցելով դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Այսինքն՝ օրենսդիրն առարկությանը դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը կցելու պարտականությունից բացի պարտատիրոջ առարկությունը հիմնավոր լինելու և այն հիմնավորող այլ ապացույցներ, մասնավորապես՝ հատուկ մասնագիտական գիտելիքներով օժտված անձի կողմից տրամադրված եզրակացություն կցելու պարտականություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով չի նախատեսել։ Նման փաստաթուղթը կցելու մասին օրենսդրական պահանջ չլինելն իրավաչափ է, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե գույքի գնի գնահատման, այլ պարտատիրոջ կողմից գույքի գնման ավելի բարձր գին առաջարկելու մասին։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանությունը հանգեցրել է սույն գործի սխալ լուծմանը։ Մինչդեռ Դատարանի կողմից կայացվել է օրինական և հիմնավորված դատական ակտ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ ստորադաս դատարանի կողմից թույլ տված նյութական իրավունքի խախտումը հանգեցրել է վեճի սխալ լուծման, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան Զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ս. Անտոնյան Գ. Հակոբյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1623/04/19 2022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1623/04/19 |
|||
|
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍնԴ/1623/04/19 քաղաքացիական գործով 16.06.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասի վերաբերյալ
«30» սեպտեմբերի 2022 թ. |
ք․ Երևան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), քննելով Գագիկ Բադալյանի և «Կեչառիս Հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Գագիկ Բադալյանի՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Մամիկոն Դրմեյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով 30.09.2022 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքին, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Գագիկ Բադալյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ․ Կատվալյան) 28․10․2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի ներկայացրած միջնորդությունը` պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելը թույլատրելու մասին, բավարարվել է մասնակիորեն` որոշվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանին թույլատրել պարտապան Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող թվով 2 լոտ գույքերի` լոտ 1-ի գույքերից հյուրանոցային համալիրի և լոտ 2 գույքի վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով՝ պարտատիրոջ առաջարկած գներով, ինչպես նաև Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող թվով 4 լոտ գույքերի` լոտ 1-ի` հյուրանոցային համալիրից բացի մյուս գույքերի, լոտ 3, լոտ 4 և լոտ 5 գույքերի վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով՝ կառավարչի միջնորդության մեջ նշված պայմաններով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.06.2020 թվականի որոշմամբ «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը վերացվել է, և կայացվել է նոր որոշում` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի ներկայացրած միջնորդությունը՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառել թույլատրելու մասին, բավարարվել է ամբողջությամբ․ որոշվել է թույլատրել Արսեն Չիտչյանին՝ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով՝ կառավարչի առաջարկած գներով։
Դատարանի 18․02․2021 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի միջնորդությունը՝ պարտապանի գործունեությունը մեկ տարի ժամկետով վերսկսելու վերաբերյալ, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09․04․2021 թվականի որոշմամբ Ընկերության և սնանկության գործով կառավարչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18․02․2021 թվականի «Պարտապանի գործունեությունը վերսկսելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02․06․2021 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է, իսկ 30.07.2021 թվականի որոշմամբ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Գագիկ Բադալյանը և Ընկերությունը (ներկայացուցիչ Լյուդվիկ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Գագիկ Բադալյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Գագիկ Բադալյանի վրա դրել է աճուրդի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու դեպքում այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու պարտականություն, որը «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված չէ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ հարցի նկատմամբ կիրառելի են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված են այլ կանոններ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմանը կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 60-րդ հոդվածի 2-րդ մասը, 62-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասն այն բացառություններից է, որը թույլ է տալիս գործին մասնակցող անձին չապացուցել և չկրել պարտականություն՝ ապացուցելու իր առարկությունների հիմքում ընկած փաստերը։ Այսինքն՝ տվյալ հարցը կարգավորվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները կիրառելի չեն։
Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանման արդյունքում խախտվել է պարտապանի սեփականության իրավունքը, քանի որ վերջինս զրկվել է այդ նորմի հիման վրա իր գույքը պարտատիրոջ առաջարկած ավելի բարձր գնով իրացնելու, այդ իրացումից որպես սեփականություն ավելի շատ ֆինանսական միջոցներ ստանալու և իր բնականոն ձեռնարկատիրական գործունեությունը վերականգնելու իրական հնարավորությունից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմանը կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դատարանի 28.10.2019 թվականին վճռով Ընկերությանը ճանաչվել է սնանկ (հավելված 1, գ. թ. 36-40):
2) Դատարանի 08.01.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը (հավելված 1, գ.թ. 44-48):
3) Դատարանի 19.02.2020 թվականի որոշմամբ սկսվել է Ընկերության լուծարման վարույթը (հավելված 1, գ. թ. 49-52):
4) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը 05.03.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով հետևյալ մեկնարկային գներով վաճառելը թույլատրելու վերաբերյալ.
Լոտ 1-ի համար՝ 2.327.200.000 ՀՀ դրամ,
Լոտ 2-ի համար՝ 37.200.000 ՀՀ դրամ,
Լոտ 3-ի համար՝ 990.000 ՀՀ դրամ,
Լոտ 4-ի համար՝ 1.110.000 ՀՀ դրամ,
Լոտ 5-ի համար՝ 2.970.000 ՀՀ դրամ (հավելված 1, գ. թ. 56-77):
5) Պարտատեր Գագիկ Բադալյանը 12.03.2020 թվականին ներկայացրել է առարկություն գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդության դեմ՝ Լոտ 1-ի և Լոտ 2-ի համար առաջարկելով ավելի բարձր մեկնարկային գին՝
Լոտ 1-ի համար՝ 11.000.000.000 ՀՀ դրամ,
Լոտ 2-ի համար՝ 60.000.000 ՀՀ դրամ։
Միաժամանակ միջնորդությանը կից ներկայացվել են 5.000.000 ՀՀ դրամի և 3.000.000 ՀՀ դրամի չափով գումարի վճարման հանձնարարագրեր (հավելված 2, գ․ թ․ 30-32):
6) Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ թույլատրվել է գույքի վաճառքը՝ որպես մեկնարկային գին սահմանելով պարտատեր Գագիկ Բադալյանի առաջարկած գինը՝ Լոտ 1-ի համար՝ 11.000.000.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի համար՝ 60.000.000 ՀՀ դրամ (հավելված 2, գ. թ. 33-62):
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Վճռաբեկ դատարանը բողոքի բավարարելու վերաբերյալ որոշման հիմքում դրել է հետևյալ պատճառաբանությունը․
«(...) Գագիկ Բադալյանը հրապարակային սակարկություններով գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն է ներկայացրել Դատարան՝ առաջարկելով Լոտ 1-ի և Լոտ 2-ի համար աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` միաժամանակ միջնորդությանը կից ներկայացնելով 5.000.000 ՀՀ դրամի և 3.000.000 ՀՀ դրամի չափով դեպոզիտ հաշվին վճարված հանձնարարագրեր։ Այսինքն՝ պարտատեր Գագիկ Բադալյանը պահպանել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, որ Գագիկ Բադալյանի ներկայացրած փաստարկները հիմնավորող ապացույց կարող էր ծառայել բացառապես գույքի գնահատման վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներով օժտված անձի կողմից տրամադրված եզրակացությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով պարտատիրոջ վրա դրել է հետևյալ պարտականությունները՝ առարկությունը պետք է լինի գրավոր, առարկությունում պետք է ներկայացվի առաջարկվող գույքի մեկնարկային գնից ավելի բարձր մեկնարկային գին, պարտատերը պետք է սնանկության հատուկ հաշվին վճարի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ՝ առարկությանը կցելով դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Այսինքն՝ օրենսդիրն առարկությանը դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը կցելու պարտականությունից բացի պարտատիրոջ առարկությունը հիմնավոր լինելու և այն հիմնավորող այլ ապացույցներ, մասնավորապես՝ հատուկ մասնագիտական գիտելիքներով օժտված անձի կողմից տրամադրված եզրակացություն կցելու պարտականություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով չի նախատեսել։ Նման փաստաթուղթը կցելու մասին օրենսդրական պահանջ չլինելն իրավաչափ է, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե գույքի գնի գնահատման, այլ պարտատիրոջ կողմից գույքի գնման ավելի բարձր գին առաջարկելու մասին (...)»։
Համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանը՝ գտնում ենք, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և բողոքարկված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ․
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին նույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը: Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.
բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան (...):
Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ պարտատերերի կողմից գույքի վաճառքի վերաբերյալ միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ընթացակարգը հանգում է հետևյալին․
1. պարտատերերը կառավարչի կողմից վաճառքի թույլտվություն տալու միջնորդության վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առարկություններ,
2. այդ առարկությունները կարող են ներկայացնել դատարանի կողմից միջնորդության կապակցությամբ որոշման կայացմանը նախորդած յոթնօրյա ժամանակահատվածում,
3. առարկությունում պետք է ներկայացվեն առաջարկվող գույքի մեկնարկային գնից ավելի բարձր մեկնարկային գին,
4. պարտատերերը պետք է սնանկության հատուկ հաշվին վճարեն իրենց կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը ոչ միայն սահմանել է վաճառքի թույլտվության միջնորդության դեմ բերված առարկության հստակ ժամանակահատված, այլև նախատեսել է, որ առարկությունը պետք է վերաբերի կոնկրետ գույքի վաճառքի մեկնարկային գնին․ նշված վավերապայմաններին չբավարարող առարկությունները չեն կարող սույն իրավանորմի իմաստով գնահատվել որպես վաճառքի թույլտվության վերաբերյալ ներկայացված միջնորդության դեմ բերված առարկություն, և դատարանն դրա առնչությամբ չի կարող կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի կանոնը (տե՛ս ըստ «Պայթարդ» ՍՊԸ-ի դիմումի՝ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0111/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը):
Նշված դիրքորոշումը վկայակոչվել է նաև սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ հիմք ծառայելով այն եզրահանգման համար, որ բացի վերոնշյալ վավերապայմաններից որևէ այլ պահանջ չի կարող ներկայացվել վերոնշյալ առարկությունների բովանդակությանը, և դատարանի խնդիրն է ստուգել բացառապես վերոշարադրյալ վավերապայմանների առկայությունը։
Մինչդեռ, կարևոր ենք համարում ընդգծել, որ վկայակոչված իրավական վերլուծությունը ՀՀ վճռաբեկ դատարանը կատարել է սահմանված ժամկետի ընթացքում պարտատերերի կողմից գույքի վաճառքի վերաբերյալ միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ընթացակարգի քննարկման համատեքստում, ինչն ամենևին չի բացառում գործով ներկայացվող առարկությունների հիմնավորվածությունը գնահատելու անհրաժեշտությունը և ըստ այդմ չհիմնավորված առարկությունները մերժելու դատարանի պարտականությունը։
Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (դատավարական գործողության կատարման պահին գործող խմբագրությամբ) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձն է կրում է այդ փաստերը վիճելի մնալու բացասական հետևանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում նշել է, որ դատական կարգով պահանջներ կամ առարկություններ ներկայացնող անձը կրում է ոչ միայն դրանց հիմքում պահանջը հիմնավորող փաստեր դնելու (վկայակոչելու), այլ նաև այդ փաստերը հաստատող ապացույցներ ներկայացնելու պարտականություն, որը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը նրա համար առաջացնում է որոշակի անբարենպաստ հետևանքներ, որոնց ռիսկը կրում է այդ պարտականությունը ստանձնած կողմը (տե՛ս Ալբերտ Ղազարյանը և Արտավազդ Ստեփանյանն ընդդեմ «ԵԱԶ Երևանի ամրանների գործարան» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/5007/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը): Ընդ որում, այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս ըստ դիմումի Կոմիտեի՝ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Չերքեզյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԼԴ4/0066/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը)։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս, անկախ նրանից, թե մեկնաբանության որ կանոնն է կիրառվում (լեզվաբանական, համակարգային), պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դատավարությունը սնանկության վարույթում իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե այլ՝ հատուկ կանոններ սահմանված չեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքով։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը չի նախատեսել սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելուն ուղղված դատավարական գործընթացի շրջանակներում ապացուցման վերաբերյալ կարգավորումներ, հետևաբար այդ գործընթացի շրջանակներում կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները, որոնք շարադրվել են վերևում։
Բացի դրանից, հիմք ընդունելով օրենսդրի նպատակների բացահայտման և քննարկվող իրավանորմը ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստում մեկնաբանելու անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասին նաև դրա նպատակային և համակարգային մեկնաբանության դիրքերից։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությանը կից կառավարիչը պետք է դատարան ներկայացնի նաև գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը)։ Իսկ նույն հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ միջնորդության և դրա դեմ ներկայացված առարկության (առկայության դեպքում) քննության արդյունքում դատարանը կարող է որոշում կայացնել կոնկրետ գույքի վաճառքը թույլատրելու մասին՝ որպես գույքի մեկնարկային գին սահմանելով կա՛մ կառավարչի միջնորդությամբ առաջարկվող, կա՛մ պարտատիրոջ առարկությամբ առաջարկվող արժեքը։
Վերոգրյալից բխում է, որ դատարանը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշումները կայացնելիս գնահատում է, թե արդյոք կառավարչի միջնորդությունը, այդ թվում գույքի վաճառքի առաջարկվող մեկնարկային գինը, հիմնավոր է և համապատասխանում է նույն հոդվածով սահմանված պահանջներին, թե ոչ, իսկ պարտատիրոջ կողմից առարկություն ներկայացված լինելու դեպքում պետք է գնահատի, թե արդյոք հիմնավոր է պարտատիրոջ առաջարկած առավել բարձր մեկնարկային գինը։ Այսինքն, պարտատերը ևս պետք է որոշակիորեն հիմնավորի գույքի վաճառքի ավելի բարձր մեկնարկային արժեք սահմանելու անհրաժեշտությունն այնպես, ինչպես կառավարիչը պետք է հիմնավորի իր միջնորդությամբ առաջարկած մեկնարկային գինը։ Հակառակ տրամաբանության դեպքում, դատական ակտը, որով կթույլատրվի գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը պարտապանի առաջարկած մեկնարկային գնով, այդ մասով զուրկ կլինի փաստական հիմնավորումներից և չի համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին։
Հակառակ պարագայում, եթե պարտատիրոջ կողմից առարկություն ներկայացվելու դեպքում բավարար համարվի միայն առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ սնանկության հատուկ հաշվին վճարելը` առանց առաջարկվող գինը հիմնավորելու, դա կարող է անհարկի խոչընդոտել գույքի արագ և արդյունավետ իրացման գործընթացը և դառնալ պարտատերերի և պարտապանի շահերի, այդ թվում առանձին պարտատերերի շահերի միջև հավասարակշռության խաթարման պատճառ։ Մասնավորապես, գույքի իրացման գործընթացը ձգձգելու հարցում «շահագրգռված» պարտատերը կարող է այսպես հայտնվել մյուս պարտատերերի համեմատությամբ ավելի շահեկան պայմաններում։
Տվյալ դեպքում Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը միջնորդել է Դատարանին թույլատրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառքը՝ սահմանելով հետևյալ մեկնարկային գները. Լոտ 1-ի համար՝ 2.327.200.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի համար՝ 37.200.000 ՀՀ դրամ, Լոտ 3-ի համար՝ 990.000 ՀՀ դրամ, Լոտ 4-ի համար՝ 1.110.000 ՀՀ դրամ, Լոտ 5-ի համար՝ 2.970.000 ՀՀ դրամ։
Պարտատեր Գագիկ Բադալյանը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն՝ Լոտ 1-ի և Լոտ 2-ի համար առաջարկելով առավել բարձր մեկնարկային գին, մասնավորապես՝ Լոտ 1-ի համար՝ 11.000.000.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի համար՝ 60.000.000 ՀՀ դրամ, և պահանջել է գույքի վաճառքը թույլատրել իր առաջարկած գներով։ Միաժամանակ, առարկությանը կից ներկայացրել է 5.000.000 ՀՀ դրամի և 3.000.000 ՀՀ դրամի չափով գումարների վճարման հանձնարարագրեր։
Գույքի աճուրդի մեկնարկային գնի վերաբերյալ առարկություն ներկայացրած պարտատեր Գագիկ Բադալյանը հանդիսանում է Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Օրբելի եղբայրներ թիվ 18/1 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր, որը 09.08.2018 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրով (պայմանագրից բխող իրավունքը պետական գրանցում է ստացել 03.09.2018 թվականին) վարձակալության է հանձնվել պարտապան Ընկերությանը մինչև 09.08.2028 թվականը ժամկետով (հիմք՝ ՀՀ սնանկության դատարանի 28.10.2019 թվականի վճիռը)։ Այսպիսի փաստի առկայությունը բավարար հիմք է ողջամտորեն ենթադրելու, որ պարտատերը, առաջնորդվելով գույքի իրացումը ձգձգելու նպատակահարմարությամբ, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի էականորեն ավելի բարձր (կառավարչի առաջարկած գնից շուրջ հինգ անգամ ավելի) գին է առաջարկել։ Հետևաբար, առարկությամբ առաջարկվող գնի հիմնավորվածությունը ստուգելու պահանջը բխում է հենց բոլոր պարտատերերի շահերի միջև հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից։
Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ թույլատրվել է գույքի վաճառքը՝ որպես մեկնարկային գին սահմանելով պարտատեր Գագիկ Բադալյանի առաջարկած գինը Լոտ 1-ի համար՝ 11.000.000.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի համար՝ 60.000.000 ՀՀ դրամ։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը վերացվել է, և կայացվել է նոր որոշում` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի ներկայացրած միջնորդությունը՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառել թույլատրելու մասին, բավարարվել է ամբողջությամբ․ որոշվել է թույլատրել Արսեն Չիտչյանին՝ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով՝ կառավարչի առաջարկած գներով։
Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Գագիկ Բադալյանը վիճարկել է կառավարչի առաջարկած գույքի աճուրդի մեկնարկային գինը, սակայն չի ներկայացրել կառավարչի կողմից միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ գույքն ավելին արժենալու վերաբերյալ որևէ ապացույց, որպիսին կարող էր ծառայել բացառապես գույքի գնահատման վերաբերյալ եզրակացությունը:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ պարտապանի կողմից գույքի մեկնարկային գնի վերաբերյալ առարկությունը պետք է լինի հիմնավորված՝ հաշվի առնելով սնանկության վարույթում պարտապանի և պարտատիրոջ, ինչպես նաև մի քանի պարտատերերի շահերի միջև «արդար հավասարակշռության» սկզբունքն ապահովելու անհրաժեշտությունը։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատավարական իրավունքի նորմի որևէ խախտում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել հարցի սխալ լուծման, որպիսի պայմաններում բողոքարկվող դատական ակտը վերացնելու հիմքը բացակայում է։
Դատավորներ` Մ. Դրմեյան Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: