ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23738/02/20 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23738/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան |
2022 թվականի հոկտեմբերի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Վարդանյանի ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ 23․12․2019 թվականի թիվ 20 աշխատանքային պայմանագիրն առավելագույնը հինգ տարի ժամկետով կնքված համարելու, որպես հետևանք՝ պաշտոնի նշանակման և ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումար, իսկ վերականգման անհնարինության դեպքում նաև հատուցում վճարելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վարդան Վարդանյանը պահանջել է 23․12․2019 թվականի թիվ 20 աշխատանքային պայմանագիրն առավելագույնը հինգ տարի ժամկետով կնքված համարել, որպես հետևանք՝ պաշտոնի նշանակել և անվավեր ճանաչել ազատման հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի գումար, իսկ վերականգման անհնարինության դեպքում վճարել նաև հատուցում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ․ Վարդանյան) (այսուհետ՝ Դատարան) 03.06.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2021 թվականի որոշմամբ Վարդան Վարդանյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 03.06.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Ե․ Մուրադյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 25․01․2005 թվականի N224-Ն որոշման հավելված N1-ը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ առավելագույնը 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին Կարգով սահմանված դրույթը պետք է նեղ մեկնաբանվի, մասնավորապես՝ պետական ոչ առևտրային կազմակերպության և դրա գործադիր մարմնի միջև աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվի 5 տարի ժամկետով։ Մինչդեռ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ կնքվող պայմանագրի ժամկետը չի կարող գերազանցել 5 տարին, իսկ ավելի նվազ ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքելու մասով որևէ սահմանափակում նախատեսված չէ՝ թողնելով կողմերի հայեցողությանը: Անհրաժեշտ է ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանությունն այն իմաստով, որ մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է պայմանագիր՝ «առավելագույնը 5 տարի ժամկետով» ասելով հասկանում ենք պայմանագիրը կնքվում է «5 տարի ժամկետով», թե՝ պայմանագիրը կարող է կնքվել «5 տարուց ավելի պակաս ժամկետով»։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2021 թվականի որոշումը և հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Նախարարությունը 11.11.2019 թվականին «Սևան» ազգային պարկ» և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր հաստիքների համար մրցույթ է հայտարարել: Հայտարարության մեջ նշված չէ, թե մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ ինչ ժամկետով է նախատեսվում կնքել աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 13)։
2. ՀՀ կառավարությունը 25.01.2005 թվականին կայացրել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշումը, որի Հավելված 1-ով հաստատված կարգի 3-րդ կետի 1-ին պարբերությունը նախատեսում է, որ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմինն ընտրվում (նշանակվում) է մրցույթային կարգով, իսկ 14-րդ կետը սահմանում է, որ մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով։
Նույն որոշման Հավելված 2-ով հաստատվել է պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների հետ կնքվող աշխատանքային օրինակելի պայմանագրի ձևը, որի 7.1. կետը աշխատանքային պայմանագրի ժամկետի վերաբերյալ նախատեսում է հետևյալ պայմանը. «Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է —— տարի ժամկետով»:
3. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ խորհրդի անդամները 20.12.2019 թվականին տեղի ունեցած խորհրդի նիստում քվեարկության արդյունքում խորհուրդը որոշել է առավելագույն կողմ ձայներ ստացած թեկնածուներից Վարդան Վարդանյանին նշանակել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնում (հատոր 1-ին, գ.թ. 14-16)։
4. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Է. Գրիգորյանի 20.12.2019 թվականի թիվ 466-Ա հրամանով հրամայվել է Վարդան Վարդանյանին 23.12.2019 թվականից մինչև 30.06.2020 թվականը ներառյալ նշանակել Նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնում, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 10)։
5. Վարդան Վարդանյանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Է. Գրիգորյանի միջև կնքվել է թիվ 20 աշխատանքային պայմանագիրը, որի 7-րդ կետի 7.1 ենթակետով սահմանվել է, որ «Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2019թ. դեկտեմբերի 23-ից և գործում է մինչև 2020թ. հունիսի 30-ը ներառյալ: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է երկարաձգվել» (հատոր 1-ին, գ.թ. 18-22)։
6. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վ. Ջիլավյանի 29․06․2020 թվականի թիվ 198-Ա հրամանով 23․12․2019 թվականին կնքված թիվ 20 աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետը լրանալու հիմքով լուծվել է, իսկ Վարդան Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 12)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ ՀՀ կառավարության 25․01․2005 թվականի թիվ N224-Ն որոշման հավելված N1-ի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը․ կողմերի միջև ՀՀ կառավարության 25․01․2005 թվականի թիվ N224-Ն որոշման հավելված N1-ով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելիս, արդյո՞ք նախատեսված է 5 տարի առավելագույն ժամկետից ավելի նվազ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու սահմանափակում, թե՝ ոչ։
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
«Եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետի համաձայն` աշխատանքից ազատվելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել` աշխատանքից միայն այնպիսի հիմնավոր պատճառներով ազատվելու աշխատողի իրավունքը, որոնք կապված են նրա ընդունակությունների կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության նպատակն է` (…) 3) պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությանը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է աշխատողների և գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի միջոցով:
Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը: Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են սույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե նույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի 1․1 ենթակետի համաձայն՝ որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև՝ ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով․ օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչև որոշակի օրացուցային տարին, ամիսը, ամսաթիվը կամ մինչև որոշակի իրադարձություն տեղի ունենալը, դրա փոփոխվելը կամ ավարտվելը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է` (…) 2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում. (…):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն, որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով պայմանագրով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Այսինքն, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում է ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները (տե՛ս, ըստ հայցի Սուրեն Մկրտումյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի, թիվ 3-321(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23․05․2008 թվականի որոշում):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում իր կայացրած որոշմամբ արձանագրել է, որ երաշխավորված աշխատանքի ապահովման և աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքն առավել արտահայտվում է հենց անորոշ ժամկետով աշխատանքային հարաբերություններում: Ուստի, դա է պատճառը, որ օրենսդիրը սահմանափակել է աշխատանքային պայմանագրեր կնքելիս անորոշ ժամկետով կամ որոշակի ժամկետով պայմանագրի տեսակն ընտրելու` կողմերի կամքի ազատությունը` սահմանելով, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործատուի և աշխատողի միջև որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելիս նրանց միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի սկզբից և տևում մինչև դրա գործողության ժամկետի ավարտը: Աշխատանքային իրավահարաբերությունները` որպես կամային հասարակական հարաբերություններ, ծագում, փոփոխվում և դադարում են աշխատանքային իրավունքի սուբյեկտների կամքի ազատ արտահայտության արդյունքում: Եթե աշխատանքային պայմանագրի կողմերն օրենքին համապատասխան որոշում են կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, ապա նրանք կամովին իրենց աշխատանքային հարաբերությունները սահմանափակում են պայմանագրով որոշված ժամկետով (տե՛ս, ըստ հայցի Խորեն Նասիբյանի ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ի, թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20․07․2017 թվականի որոշում):
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը, որին նշանակում և ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
Պետական կազմակերպության գործադիր մարմինը օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, պետական կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, պետական կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` նույն օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ կառավարության 25․01․2005 թվականի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշման Հավելված N1-ով հաստատված կարգի 1-ին կետի համաձայն՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) սահմանվում են պետական կազմակերպության գործադիր մարմինների ընտրության (նշանակման) պայմանները, ինչպես նաև նրանց ներկայացվող ընդհանուր որակական և մասնագիտական պահանջները:
Նույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ պետական կազմակերպության գործադիր մարմինն ընտրվում (նշանակվում) է մրցութային կարգով:
Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով:
Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է լիազորված պետական մարմինը:
Նույն որոշման 14-րդ կետի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով: (…)։
Վերոգրյալի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը, որին նշանակում և ազատում է լիազորված պետական մարմինը: Պետական կազմակերպության գործադիր մարմինը ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, պետական կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության և նշանակման ընդհանուր կարգն ու պայմանները, ինչպես նաև նրանց ներկայացվող ընդհանուր որակական և մասնագիտական պահանջները կարգավորվում են ՀՀ կառավարության 25․01․2005 թվականի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ: Օրենսդիրը գործատուին իրավասություն է վերապահել կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով և օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ, միաժամանակ ՀՀ կառավարության 25․01․2005 թվականի թիվ 224-Ն որոշումը սահմանում է, որ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմինն ընտրվում (նշանակվում) է լիազորված պետական մարմնի կողմից՝ մրցութային կարգով, որն անցկացվում է բաց եղանակով, որում հաղթող ճանաչված անձի հետ լիազորված պետական մարմնի ղեկավարը (գործատուն) կնքում է պայմանագիր՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։ Նշելով պայմանագրի ժամկետի առավելագույն չափը, այն է՝ 5 տարի ժամկետը՝ օրենսդիրը չի սահմանել պայմանագրի նվազագույն ժամկետ՝ այն թողնելով կողմերի հայեցողությանը։
Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Նախարարությունը 11.11.2019 թվականին «Սևան» ազգային պարկ» և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր հաստիքների համար մրցույթ է հայտարարել: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ խորհրդի անդամները 20.12.2019 թվականին տեղի ունեցած խորհրդի նիստում քվեարկության արդյունքում խորհուրդը որոշել է առավելագույն կողմ ձայներ ստացած թեկնածուներից Վարդան Վարդանյանին նշանակել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Է. Գրիգորյանի 20.12.2019 թվականի թիվ 466-Ա հրամանով հրամայվել է Վարդան Վարդանյանին 23.12.2019 թվականից մինչև 30.06.2020 թվականը ներառյալ նշանակել Նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնում, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր։ Վարդան Վարդանյանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Է. Գրիգորյանի միջև կնքվել է թիվ 20 աշխատանքային պայմանագիրը, որի 7-րդ կետի 7.1 ենթակետով սահմանվել է, որ «Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2019թ. դեկտեմբերի 23-ից և գործում է մինչև 2020թ. հունիսի 30-ը ներառյալ: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է երկարաձգվել»։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վ. Ջիլավյանի 29․06․2020 թվականի թիվ 198-Ա հրամանով 23․12․2019 թվականին կնքված թիվ 20 աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետը լրանալու հիմքով լուծվել է, իսկ Վարդան Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Դատարանը մերժել է հայցը՝ պատճառաբանելով, որ «․․․ սահմանափակում նախատեսված է միայն առավելագույն ժամկետի մասով, այն է՝ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ կնքվող պայմանագրի ժամկետը չի կարող գերազանցել հինգ տարին, իսկ ավելի նվազ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու մասով որևէ սահմանափակում նախատեսված չէ՝ թողնելով կողմերի հայեցողությանը։»։
Վերաքննիչ դատարանը բավարարել է Վարդան Վարդանյանի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «Գործի փաստերի համաձայն՝ Վարդան Վարդանյանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջև կնքվել է թիվ 20 աշխատանքային պայմանագիրը, որի 7-րդ կետի 7.1. ենթակետի 1-ին նախադասությամբ սահմանվել է, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2019թ. դեկտեմբերի 23-ից և գործում է մինչև 2020թ. հունիսի 30-ը ներառյալ: Նույն կետի երկրորդ նախադասությունը սահմանում է, որ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է երկարաձգվել: Այսինքն՝ կողմերի միջև կնքվել է 6 ամիս 6 օր ժամկետով աշխատանքային պայմանագիր, մինչդեռ, ինչպես վերը նշվեց, աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է սահմանվեր 5 տարի ժամկետով, ուստի տվյալ դեպքում կողմերի միջև կնքված թիվ 20 աշխատանքային պայմանագրի 7-րդ կետի 7.1. ենթակետի 1-ին նախադասությունը հակասում է Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և Կարգի 14-րդ կետին, հետևաբար այն չունի իրավաբանական ուժ: Շարադրվածի արդյունքում Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ կողմերի միջև կնքված թիվ 20 աշխատանքային պայմանագիրը պետք է համարվի կնքված առավելագույնը 5 տարի ժամկետով, որպիսի հիմնավորմամբ պետք է արձանագրել, որ վերաքննիչ բողոքը, դրանում ամրագրված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում, հիմնավոր է և ենթակա բավարարման:»։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Այսպես, ինչպես արդեն նշվեց, ՀՀ կառավարության 25․01․2005 թվականի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշման հավելված N1-ով սահմանված՝ պետական մարմնի կողմից՝ բաց եղանակով անցկացվող մրցութային կարգով հաղթող ճանաչված անձի հետ լիազորված պետական մարմնի ղեկավարի կողմից կնքվող պայմանագրի ժամկետի առավելագույն չափը 5 տարի է, մինչդեռ օրենսդիրը չի սահմանել պայմանագրի նվազագույն ժամկետ՝ այն թողնելով կողմերի հայեցողությանը։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործատուն՝ տվյալ դեպքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավարը, կիրառելով օրենքով իրեն վերապահված իրավասությունը և կաշկանդված չլինելով պայմանագրի գործողության որևէ նվազագույն ժամկետով, իր լիազորությունների շրջանակում սույն գործով հայցվոր Վարդան Վարդանյանի հետ 23․12․2019 թվականին կնքելով թիվ 20 աշխատանքային պայմանագիրը՝ 6-ամսյա ժամկետով, թույլ չի տվել որևէ օրենսդրական խախտում, չի խախտել Վարդան Վարդանյանի իրավունքները, քանի որ օրենսդիրը ՀՀ կառավարության 25․01․2005 թվականի թիվ 224-Ն որոշման հավելված N1-ով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելիս չի նախատեսել 5 տարի առավելագույն ժամկետից ավելի նվազ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու սահմանափակում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի՝ այդ մասով, նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը անհրաժեշտ է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2021 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Է. Սեդրակյան |
Ս. անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Գ. Հակոբյան | |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. Պետրոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: