ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «10» հունիսի 1993 թ. Հ.Ն.-0851-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ եվ համայնքային ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.05.98 ՀՕ-222)
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բնակարանային ֆոնդի հանրային բնակարանային ֆոնդի և համայնքային բնակարանային ֆոնդի (բնակելի տների և այլ շինությունների բնակելի տարածությունների) սեփականաշնորհման հիմնական դրույթները, կարգավորում սեփականության հարաբերությունների ձևափոխման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները, ինչպես նաև ապահովում բնակարանային ֆոնդի արդյունավետ օգտագործումն ու պահպանումը:
(նախաբանը փոփ. 11.05.98 ՀՕ-222)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհումը` կամավորության սկզբունքով քաղաքացիներին բնակարանների (բնակելի տարածությունների) անհատույց հատկացումն է:
(1-ին հոդվածը փոփ. 11.05.98 ՀՕ-222)
Հոդված 2. Սեփականաշնորհված բնակարանները (բնակելի տարածությունները) հանդիսանում են քաղաքացիների սեփականությունը, և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի իրացումը չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ երաշխավորված քաղաքացիների իրավունքներին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն տիրապետել, օգտագործել և տնօրինել սեփականաշնորհված բնակարանները (բնակելի տարածությունները) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 3. Սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:
Հոդված 4. Սեփականաշնորհման օբյեկտ են հանդիսանում`
ա) պետական (նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող), հանրային (նախկին կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող), ինչպես նաև համայնքային (օրենսդրությամբ համայնքներին հանձնված պետական բնակարանային ֆոնդ) ֆոնդի բնակարանները (այսուհետ` բնակարանային ֆոնդ).
բ) բնակելի տունը ամբողջությամբ` ներառյալ կից կառույցները, նկուղները և ընդհանուր օգտագործման տարածքները, որոնք նախատեսված են բնակելի տան տարածքի հատակագծով:
(4-րդ հոդվածը փոփ. 12.06.96 ՀՕ-71, խմբ. 11.05.98 ՀՕ-222)
Հոդված 5. Սեփականաշնորհման ենթակա են`
ա) առանձին մեկուսացված բնակարանները.
բ) երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանների սենյակները.
գ) նոր կառուցվող այն բնակարանները (բնակելի տարածությունները), որոնք համապատասխան մարմինների կողմից հատկացվել են բնակիչներին.
դ) վերակառուցման կամ հիմնական նորոգման ենթակա տների բնակարանները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) պատմական և մշակութային հուշարձաններ հանդիսացող տների բնակարանները` հուշարձանների պահպանության համապատասխան մարմինների թույլտվության առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
զ) ցոկոլային և կիսանկուղային տարածությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված են բնակիչներին մշտական բնակության համար:
Հոդված 6. Սեփականաշնորհված բնակելի տների տարածքների հատակագծով նախատեսված հողատարածքների, բակերի, ընդհանուր օգտագործման տարածքների, կից կառույցների, նկուղների, բնակելի տներին հարող հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի իրացման և օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 7. Սեփականաշնորհված բնակարանները ենթակա են պարտադիր ապահովագրման երկու տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 8. Սեփականաշնորհման ենթակա չեն`
ա) զինվորական ավաններում գտնվող բնակելի տների բնակարանները.
բ) քանդման ենթակա վթարային տների բնակարանները.
գ) ուսանողական հանրակացարանների բնակելի տարածությունները:
Հոդված 9. Պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածությունները և հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականաշնորհվում են, եթե գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կոլեկտիվները միջնորդում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը` իրենց աշխատողների կողմից զբաղեցրած և իրենց տնօրինության տակ գտնվող պաշտոնեական, ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով այդ աշխատողներին հատկացնելու վերաբերյալ, որի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 10. Ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանները ենթակա են սեփականաշնորհման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
Ամրացման ենթակա և վթարային ճանաչված բնակելի տների բնակարանները կարող են սեփականաշնորհվել միայն տվյալ բնակարանում ապրող բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության դեպքում, մինչև բնակելի տան շահագործման և նորոգման սահմանված միասնական կանոններին և նորմերին համապատասխանեցնելը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 11. Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` համայնքների ղեկավարների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից` իրենց իրավասության սահմաններում:
Համայնքների ղեկավարներն իրականացնում են համայնքի բնակարանային ֆոնդի, համայնքների վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը:
Երևան քաղաքի թաղային համայնքների բնակարանային ֆոնդի, ինչպես նաև դրանց վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` թաղային համայնքների ղեկավարների ներկայացմամբ:
Գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում են իրենց տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի սեփականաշնորհմանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը խմբ. 12.06.96 ՀՕ-71, 11.05.98 ՀՕ-222)
Հոդված 12. Պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան համայնքի ղեկավարին կամ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Սեփականաշնորհումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո երկու ամսվա ընթացքում:
(12-րդ հոդվածը խմբ. 12.06.96 ՀՕ-71, փոփ. 11.05.98 ՀՕ-222)
Հոդված 13. Բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:
Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից:
Հոդված 14. Երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանները սեփականաշնորհվում են բնակարանների վարձակալների դիմումների հիման վրա յուրաքանչյուր ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության դեպքում:
Տվյալ ընտանիքի բնակտարածությունը սեփականաշնորհվում է որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:
Երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանների ընդհանուր օգտագործման տարածքը ձևակերպվում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն:
Հոդված 15. Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվում է վարձ, որի մեծությունը չպետք է գերազանցի սեփականաշնորհման հետ կապված ծախսերի գումարը: Վարձի չափը և մուծման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացիներն ազատվում են սույն հոդվածով նախատեսված վարձավճարից:
(15-րդ հոդվածը լրաց. 03.11.94 ՀՕ-124)
Հոդված 16. Սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման համար գանձվող վարձը փոխանցվում է համապատասխանաբար քաղաքային, գյուղական, իսկ Երևան քաղաքում` Երևան քաղաքի բյուջե:
(16-րդ հոդվածը խմբ. 12.06.96 ՀՕ-71)
Հոդված 17. Սեփականաշնորհված բնակարանները որպես անշարժ գույք ենթակա են հարկման և պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(17-րդ հոդվածը լրաց. 11.05.98 ՀՕ-222)
Հոդված 18. Բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհման մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Հոդված 19. համայնքների ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, ձեռնարկությունները, կազմակերպությունները կարող են բնակարանը քաղաքացուց գնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(19-րդ հոդվածը խմբ. 12.06.96 ՀՕ-71, փոփ. 11.05.98 ՀՕ-222)
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք մշտական բնակության են մեկնում հանրապետությունից դուրս, կարող են պահպանել սեփականաշնորհված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը: Այդ բնակարանների օգտագործման և օտարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 21. Սեփականաշնորհված բնակելի տները, բնակարանները (բնակելի տարածությունները) սահմանված կարգով դուրս են հանվում համապատասխան բնակարանային ֆոնդից:
(21-րդ հոդվածը փոփ. 11.05.98 ՀՕ-222)
Հոդված 22. Սեփականաշնորհված բնակարանների (տների) սեփականատերերին տրվում են սեփականության մասին տնային գիրք և տեխնիկական անձնագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
Հոդված 23. Սեփականաշնորհված բնակարանների (բնակելի տների) շահագործման, նորոգման և սպասարկման համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են դրանց սեփականատերերի միջոցների հաշվին, բնակարանային ֆոնդի համար սահմանված շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնների և նորմերի պահպանմամբ, որոնք մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատերերը ստեղծում են համապատասխան միավորումներ, ընկերություններ, այլ կազմակերպություններ` տների սպասարկման և նորոգման համար:
Հոդված 24. Սեփականատերերի կազմակերպությունների որոշմամբ բնակելի տան սպասարկումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացվել ինչպես պետական բնակշահագործման և շիննորոգման կազմակերպությունների, այնպես էլ ոչ պետական մասնագիտացված կազմակերպությունների կողմից:
Հոդված 25. Լրիվ կամ մասնակի սեփականաշնորհված տներում տեղաբաշխված բնակարանների սեփականատերերի (վարձակալների) կողմից լիազորված ներկայացուցչական մարմնի և պետական իշխանության համապատասխան մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ ճշտվում են`
ա) բնակելի տան բնակարանների սեփականատերերի (վարձակալների) ներկայացուցչական մարմնի տնօրինությանը հանձնվող բնակելի տանը հարող տարածքների սահմանները.
բ) բնակելի տանը հարող տարածքների նկատմամբ սեփականատերերի (վարձակալների) ներկայացուցչական մարմնի իրավասությունը և կողմերի պարտականությունների շրջանակները.
գ) բնակելի տանը հարող տարածքների սպասարկման միասնական նորմերը և կանոնները:
Հոդված 26. Սեփականաշնորհված բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հսկողությունն իրականացվում է` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բնակելի շենքի արտաքին վերափոխումները թույլատրվում են միայն համապատասխան մասնագիտական ծառայությունների համաձայնության դեպքում:
(26-րդ հոդվածը փոփ. 11.05.98 ՀՕ-222)
Հոդված 27. Յուրաքանչյուր բնակարանի սեփականատեր, ինչպես նաև սեփականատերերի կազմակերպությունը պարտավոր են պահպանել ընդհանուր օգտագործման տարածքի հակահրդեհային, ճարտարապետական, սանիտարական, սեյսմիկ, տեխնիկական և մյուս կանոնները, ինչպես նաև բոլոր սեփականատերերի ընդհանուր շահերը:
Հոդված 28. Սեփականաշնորհված բնակարանների, բնակելի տների, ինժեներական սարքավորումների և հարող տարածքների շահագործման կանոնների խախտումը հանգեցնում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 29. Սույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը: Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները հանձնվում են համայնքներին և տնօրինվում օրենքով սահմանված կարգով:
(29-րդ հոդվածը լրաց. 03.11.94 ՀՕ-124, խմբ. 13.09.95 ՀՕ-1, 12.06.96 ՀՕ-71. 18.11.96 ՀՕ-86, 11.05.98 ՀՕ-222)
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
29 հունիսի 1993 թ.
ՀՕ-58