Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 35
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.04.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2015 թվականի

թիվ 35

քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներդրման, կիրառման, երկարաձգման կամ դրանք չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագծի նախապատրաստման և խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ տեղեկացնելու կարգի մասին

 

«Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) 7-րդ կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի 150-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներդրման, կիրառման, երկարաձգման կամ դրանք չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագծի նախապատրաստման և խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ տեղեկացնելու կարգը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի ապրիլի 21-ի

թիվ 35 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներդրման, կիրառման, երկարաձգման կամ դրանք չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագծի նախապատրաստման և խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ տեղեկացնելու

 

1. Սույն Կարգը մշակվել է «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 7-րդ կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 150-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն, և դրանով սահմանվում է՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) արտաքին առևտրային գործունեության այն մասնակիցներին, որոնց տնտեսական շահերի վրա կարող է անդրադառնալ Հանձնաժողովի կողմից ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներդրման, կիրառման, երկարաձգման կամ դրանք չեղյալ հայտարարելու մասին որոշման ընդունումը (այսուհետ համապատասխանաբար՝ շահագրգիռ անձինք, միջոցներ, որոշում), որոշման նախագծի վերաբերյալ Հանձնաժողով դիտողություններ (այսուհետ՝ դիտողություններ) և (կամ) խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ առաջարկություն (այսուհետ՝ խորհրդակցությունների վերաբերյալ առաջարկություններ) ներկայացնելու հնարավորության մասին տեղեկացնելու կարգը.

խորհրդակցություններ անցկացնելու եղանակն ու ձևաչափը, ինչպես նաև դիտողություններ և (կամ) խորհրդակցությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած շահագրգիռ անձանց խորհրդակցություններ անցկացնելու և դրանց արդյունքների մասին տեղեկություններ հաղորդելու եղանակն ու ձևաչափը։

2. Հանձնաժողովն ապահովում է Արձանագրության 6-րդ կետով նախատեսված շահագրգիռ անձանց տեղեկացումը՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության պաշտոնական կայք), որոշման նախագծի նախապատրաստման վերաբերյալ ծանուցում տեղադրելու միջոցով։ Այդպիսի ծանուցման տեղադրումն ապահովում է Հանձնաժողովի այն դեպարտամենտը, որի իրավասությանն են վերաբերում մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման հարցերը (այսուհետ՝ պատասխանատու դեպարտամենտ)։

3. Միության պաշտոնական կայքում որոշման նախագծի նախապատրաստման մասին ծանուցման հետ միաժամանակ ապահովվում է հետևյալ տեղեկությունների ու փաստաթղթերի տեղադրումը՝

ա) միջոցների մասին առաջարկի նախաձեռնողը (անդամ պետությունը կամ Հանձնաժողովը).

բ) որոշման նախագիծը.

գ) բացատրագիր՝ միջոցի ներդրման, կիրառման, երկարաձգման կամ այն չեղյալ հայտարարելու անհրաժեշտության հիմնավորմամբ.

դ) շահագրգիռ անձանց կողմից Հանձնաժողով դիտողություններ ու խորհրդակցությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու ժամկետը.

ե) պատասխանատու դեպարտամենտի աշխատակցի ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը, կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե).

զ) Կանոնակարգի 149-րդ և 154-րդ կետերով նախատեսված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը։

4. Շահագրգիռ անձինք դիտողություններ ներկայացնում են պատասխանատու դեպարտամենտի կողմից սահմանված ժամկետում, ռուսերենով, Միության պաշտոնական կայքի օգտագործման կամ էլեկտրոնային փոստի միջոցով (շահագրգիռ անձի ընտրությամբ)։

Պատասխանատու դեպարտամենտի կողմից սահմանվող՝ Հանձնաժողով դիտողություններ ներկայացնելու ժամկետը չի կարող լինել Միության պաշտոնական կայքում որոշման նախագծի նախապատրաստման մասին ծանուցում տեղադրելու օրվանից հաշվարկված՝ 30 օրացուցային օրվանից պակաս։

5. Դիտողություններ ներկայացնելիս շահագրգիռ անձինք պարտավոր են նշել հետևյալ տեղեկությունները՝

ա) իրավաբանական անձանց համար՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավաբանական անձի հասցեն, իրավաբանական անձի գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները (պատասխանատու աշխատողի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հեռախոսահամարը, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

բ) որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ.

գ) տեղեկություններ շահագրգիռ անձանց այն տնտեսական շահերի վերաբերյալ, որոնց վրա կարող է անդրադառնալ Հանձնաժողովի կողմից որոշման ընդունումը։

6. Շահագրգիռ անձանց դիտողությունների հավաքումը, վերլուծությունն ու հաշվառումն իրականացվում են պատասխանատու դեպարտամենտի կողմից։

Սույն Կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացակայության դեպքում դիտողությունները հաշվի չեն առնվում։

7. Շահագրգիռ անձանց կողմից դիտողություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր հետո պատասխանատու դեպարտամենտը հավելվածով նախատեսված ձևաչափով կազմում է դիտողությունների ամփոփագիր (այսուհետ՝ ամփոփագիր)։

Եթե միջոցների մասին առաջարկի նախաձեռնողը Հանձնաժողովն է, ապա պատասխանատու դեպարտամենտը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետում ամփոփագիրը տեղադրում է Միության պաշտոնական կայքում։

Եթե միջոցների մասին առաջարկի նախաձեռնողն անդամ պետությունն է (այսուհետ՝ նախաձեռնող), ապա պատասխանատու դեպարտամենտն ամփոփագիրն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է նախաձեռնողին։ Ընդ որում, «Նախաձեռնողի դիրքորոշումը» վանդակը չի լրացվում։

Դիտողությունների բացակայության դեպքում պատասխանատու դեպարտամենտն էլեկտրոնային փոստի միջոցով համապատասխան տեղեկությունները հայտնում է նախաձեռնողին, և դրանք տեղադրվում են Միության պաշտոնական կայքում։

8. Նախաձեռնողն ամփոփագիրն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է ամփոփագրի՝ «Նախաձեռնողի դիրքորոշումը» վանդակը (ռուսերեն), որում ներկայացվում են տեղեկություններ՝ յուրաքանչյուր դիտողության վերաբերյալ՝ նշելով այն հաշվի առնելու կամ մերժելու փաստը (մերժման պատճառաբանված հիմնավորմամբ), և լրացված ամփոփագիրն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է Հանձնաժողովին։

9. Նախաձեռնողի կողմից լրացված ամփոփագիրն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու դեպարտամենտն ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում։

Միության պաշտոնական կայքում ամփոփագիրը տեղադրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում շահագրգիռ անձինք էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովին են ուղարկում խորհրդակցությունների վերաբերյալ առաջարկություններ (ռուսերեն)։

10. Եթե շահագրգիռ անձինք Հանձնաժողով են ներկայացրել խորհրդակցությունների վերաբերյալ առաջարկություններ, ապա պատասխանատու դեպարտամենտը խորհրդակցություններ անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրացուցային օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկություններ է ուղարկում խորհրդակցությունների անցկացման օրվա և ժամի վերաբերյալ՝

ա) դիտողություններ և (կամ) խորհրդակցությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած շահագրգիռ անձանց.

բ) անդամ պետությունների պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմիններին։

11. Խորհրդակցությունները կարող են անցկացվել առերես կամ տեսաժողովի ռեժիմով։

12. Արձանագրության 8-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովը կարող է խորհրդակցություններ չանցկացնել հետևյալ ցանկացած պայմանի առկայության դեպքում՝

ա) որոշման նախագծով նախատեսված միջոցների մասին չպետք է հայտնի լինի մինչև որոշումն ուժի մեջ մտնելու օրը, ինչի պատճառով խորհրդակցությունների անցկացումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել այդպիսի որոշմամբ նախատեսված նպատակների չիրագործմանը:.

բ) խորհրդակցությունների անցկացումը կհանգեցնի Հանձնաժողովի որոշման ընդունման հետաձգմանը, ինչը կարող է հանգեցնել անդամ պետությունների շահերին զգալի վնաս պատճառելուն.

գ) որոշման նախագծով նախատեսվում է բացառիկ իրավունքի տրամադրում։

13. Սույն Կարգի 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պայմանների առկայությունը որոշվում է անդամ պետությունների կողմից, մասնավորապես՝ Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ մաքսային-սակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտեի շրջանակներում։

Սույն Կարգի 12-րդ կետի «գ» ենթակետում նշված պայմանների առկայությունը որոշվում է պատասխանատու դեպարտամենտի կողմից։

Հանձնաժողովը խորհրդակցություններ չի անցկացնում ապրանքների միասնական ցանկի 2.7, 2.8 և 2.12 բաժիններում ներառված այն ապրանքների նկատմամբ միջոցների վերաբերյալ որոշումներ կայացնելիս, որոնց առնչությամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են արձանագրության 4-րդ կետով նախատեսված և Միության պաշտոնական կայքում հրապարակվող՝ ոչ սակագնային կարգավորման միջոցներ, քանի որ համապատասխան որոշումների կայացման հետաձգումը հանգեցնում է անդամ պետությունների շահերին էական վնաս հասցնելուն:

Այդպիսի պայմանների առկայության մասին տեղեկությունները նշվում են Հանձնաժողովի կոլեգիայի նիստի համար փաստաթղթերի և նյութերի փաթեթի կազմում ներկայացվող տեղեկանքում։

Խորհրդակցություններ չանցկացնելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում շահագրգիռ անձինք, սույն Կարգին համապատասխան, որոշման նախագծի նախապատրաստման մասին չեն տեղեկացվում։

(13-րդ կետը լրաց., փոփ. ԵՏՀԿ 07.06.16 թիվ 60)

14. Եթե նախատեսվում է Հանձնաժողովի կողմից ավելի վաղ ընդունված որոշումներում ձեռնարկատիրական գործունեության պայմանների վրա ազդեցություն չունեցող իրավաբանական-տեխնիկական և (կամ) խմբագրական բնույթի փոփոխությունների կատարում, ապա պատասխանատու դեպարտամենտի կողմից իրականացվում է շահագրգիռ անձանց տեղեկացում՝ Միության պաշտոնական կայքում փոփոխություններ կատարելու մասին որոշման համապատասխան նախագծի տեղադրման միջոցով՝ սույն Կարգի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան։

15. Պատասխանատու դեպարտամենտը ոչ ուշ, քան խորհրդակցություններ անցկացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Միության պաշտոնական կայքում տեղադրում է խորհրդակցությունների արձանագրությունը և (կամ) դիտարկվող հարցի վերաբերյալ որոշում ընդունելու համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր և նյութեր։

16. Ներկայացված դիտողությունների վերլուծության արդյունքներով նախաձեռնողը կարող է որոշում կայացնել միջոցների մասին առաջարկը հետ վերցնելու մասին։ Այդ դեպքում պատասխանատու դեպարտամենտն ապահովում է Միության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունների տեղադրումը։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներդրման, կիրառման, երկարաձգման կամ դրանք չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագծի նախապատրաստման և խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ տեղեկացնելու կարգի

 

ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Ոչ սակագնային կարգավորման միջոցների ներդրման, կիրառման, երկարաձգման կամ դրանք չեղյալ հայտարարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների դիտողությունների

 

Որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ ներկայացրած շահագրգիռ անձանց մասին տեղեկություններ

Դիտողության բովանդակությունը

Ներկայացված դիտողության վերաբերյալ նախաձեռնողի դիրքորոշումը*

1

2

3

     
     
     

 

______________________________________________

* 3-րդ վանդակում նշվում է՝

«ընդունված է»՝ եթե դիտողությունն ամբողջությամբ է ընդունվում.

«ընդունված է մասամբ»՝ եթե դիտողությունն ամբողջ ծավալով չի ընդունվում (դիտողության մի մասի մերժման հիմնավորմամբ).

«մերժվել է»՝ եթե դիտողությունը չի ընդունվում (մերժման հիմնավորմամբ)։

(հավելվածը լրաց., փոփ. ԵՏՀԿ 07.06.16 թիվ 60)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.06.2016, թիվ 60 08.07.2016, թիվ 35
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան