ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2012 թվականի N 814-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳԾԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ` ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ, ԿԱՊԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 25.12.14 N 1503-Ն, 12.01.23 N 54-Ն)
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 25.12.14 N 1503-Ն, 12.01.23 N 54-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների` մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների) կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման, դրանց կատալոգների ներդրման ու կիրարկման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն, խմբ. 12.01.23 N 54-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 1136-Ն և 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին» N 440-Ն որոշումները:
3. (կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1503-Ն)
3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հնգօրյա ժամկետում՝
1) բազմակի օգտագործման նախագծերն ու դրանց կատալոգները տեղադրել նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.mսd.am).
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նյութերն էլեկտրոնային կրիչներով տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` բնակչության իրազեկման ու հետագա կիրառման նպատակով:
(3.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1503-Ն)
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նյութերը հնգօրյա ժամկետում համապատասխանաբար տեղադրել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքերում:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) եռօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նյութերը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և համապատասխան մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրված լինելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում սահմանված կարգով, մոնիթորինգի անցկացման նպատակով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը կիսամյակային կտրվածքով տրամադրել տեղեկատվություն համապատասխան մարզի համայնքներում բազմակի օգտագործման նախագծերի կիրառման ընթացքի մասին:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նյութերի առկայության մասին հնգօրյա ժամկետում իրազեկել (տեսանելի վայրերում տեղադրված ցուցավահանակներով, զանգվածային լրատվության միջոցներով` ռադիո, հեռուստատեսություն և այլն) համայնքի հասարակությանը և հնարավորության դեպքում դրանք տեղադրել համայնքի ինտերնետային կայքում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳԾԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ` ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ, ԿԱՊԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ), ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՐԿՄԱՆ
(վերնագիրը խմբ. 25.12.14 N 1503-Ն, 12.01.23 N 54-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների` մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների) կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման (այսուհետ՝ օբյեկտ) բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի (այսուհետ` օրինակելի նախագծեր) մշակման և դրանց կատալոգների (այսուհետ` կատալոգներ) հաստատման, ներդրման ու կիրարկման, ինչպես նաև այդ գործընթացի իրականացման պայմանները էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման կարգին (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) համապատասխան:
(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն, խմբ. 12.01.23 N 54-Ն)
2. Օրինակելի նախագծեր են համարվում ՀՀ կառավարության սահմանած կարգով հաստատված, փորձագիտական դրական եզրակացություն ստացած բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից: Օրինակելի նախագծերի կիրառումը շինարարական ծրագրերի կառուցապատողների (պատվիրատուների) կողմից իրականացվում է կամավորության սկզբունքով՝ սույն կարգի պահանջներին համապատասխան: Ընդ որում՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, հեղինակ-նախագծողների գրավոր համաձայնությամբ, որպես օրինակելի նախագծեր կարող են կիրարկման մեջ դրվել լիազոր մարմնի ղեկավարին կից գիտատեխնիկական խորհրդի հավանությանն արժանացած բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների նախագծերը՝ բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկում դրանք ընդգրկելու պայմանով:
(2-րդ կետը խմբ. 25.12.14 N 1503-Ն, 12.01.23 N 54-Ն)
2.1. Լիազոր մարմնի պատվիրատվությամբ մշակված և հաստատված օրինակելի նախագծերը կառուցապատողներին (պատվիրատուներին) տրամադրվում են անվճար՝ լիազոր մարմնի և հեղինակ-նախագծողի միջև կնքված նախագծային աշխատանքների կամ խորհրդատվական ծառայությունների պետական գնման պայմանագրերով սահմանված պայմանների և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջների հաշվառմամբ:
(2.1-ին կետը լրաց. 12.01.23 N 54-Ն)
3. Օրինակելի նախագծերն ու դրանց կատալոգը (հավաքածուն) կարող են պատվիրվել լիազոր մարմնի, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողների (պատվիրատուների) կողմից` պետական (համայնքային) բյուջեի կամ ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ լիազոր մարմնի կամ կառուցապատողների (պատվիրատուների) կողմից կազմված նախագծային առաջադրանքի (նախագծային աշխատանքների կամ խորհրդատվական ծառայությունների պայմանագրերի) համաձայն:
(3-րդ կետը խմբ. 25.12.14 N 1503-Ն, 12.01.23 N 54-Ն)
3.1. ՀՀ պետական (համայնքային) բյուջեի միջոցների հաշվին մշակված ու քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերը ներդրվում, կիրարկվում և հաստատվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան:
(3.1-ին կետը լրաց. 12.01.23 N 54-Ն)
3.2. Ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցապատողների (պատվիրատուների) պատվերով մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերի տնօրինումը, տիրապետումը, հետագա կիրառումը (օգտագործումը) շինարարական ոչ պետական ծրագրերի շրջանակներում կառուցապատողների (պատվիրատուների) կողմից կարող են իրականացվել սեփական հայեցողությամբ՝ առանց քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով դրանց հաստատումն ու կիրարկումն ապահովելու: Ընդ որում՝ կառուցապատողը (պատվիրատուն) իրավունք ունի իր հայեցողությամբ որոշված անձանց իր հայեցողությամբ որոշված պայմաններով տրամադրելու բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ տեղակապելու համար: Հեղինակային իրավունքին վերաբերող կարգավորումները (առանձնահատկությունները) սահմանվում են կառուցապատողի (պատվիրատուի) և հեղինակ-նախագծողի միջև կնքվող նախագծային աշխատանքների կամ խորհրդատվական ծառայությունների պայմանագրերով՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
(3.2-րդ կետը լրաց. 12.01.23 N 54-Ն)
3.3. Ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցապատողների (պատվիրատուների) պատվերով մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերի կիրառումը պետական ծրագրերի շրջանակներում կարող է իրականացվել, եթե կառուցապատողի (պատվիրատուի) կողմից այդ օրինակելի նախագծերի հնարավոր կիրառելիության վերաբերյալ առկա են գրավոր համաձայնություն և դրանց հաստատման մասին լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամանը:
(3.3-րդ կետը լրաց. 12.01.23 N 54-Ն)
4. Կատալոգներին կից կարող է կազմվել ձեռնարկ-ուղեցույց՝ քաղաքաշինական գործունեությանն առնչվող խորհրդատվական բնույթի տեքստային, գծագրական-սխեմատիկ կամ պատկերային նկարագրությամբ (այսուհետ՝ ձեռնարկ):
(4-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն, խմբ. 12.01.23 N 54-Ն)
5. Կառուցապատողը (պատվիրատուն), լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված կատալոգից (ցանկից) ընտրելով համապատասխան օբյեկտն ու դրա նախագծային փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է համայնքի ղեկավարին (այսուհետ՝ իրավասու մարմին).
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օբյեկտի օրինակելի նախագծի տեղակապման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք (բացառությամբ հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում նախատեսվող շինարարական ծրագրերի) և ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, կապի համակարգերի մատակարար կազմակերպությունների տեխնիկական պայմաններ ստանալու հայտ-դիմումով՝ համաձայն N 1 ձևի:
2) (ենթակետն ուժը կորցրել է 12.01.23 N 54-Ն)
(5-րդ կետը խմբ. 25.12.14 N 1503-Ն, խմբ., փոփ. 12.01.23 N 54-Ն)
6. Կառուցապատողը (պատվիրատուն) սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) կառուցապատվող հողամասի ծածկագիրը, հատակագիծը.
2) ընտրված օբյեկտի կառուցման (տեղակապման) համար նախատեսված հողամասի (նպատակային և գործառնական նշանակության) նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, հողամասում առկա շենքերի ու շինությունների վերաբերյալ տեղեկատվությունը.
3) կառուցապատման ենթակա հողամասում ընտրված օբյեկտի տեղակայման (տեղանշման հատակագծի) վերաբերյալ առաջարկությունը.
4) ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակված օրինակելի նախագծի դեպքում` նախագծային փաստաթղթերի (այդ թվում՝ քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացության) պատճենը:
(6-րդ կետը փոփ., խմբ. 25.12.14 N 1503-Ն, խմբ. 12.01.23 N 54-Ն)
7. Հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում օրինակելի նախագծերով կառուցապատում (տեղակապում) իրականացնելու համար պահանջվում են սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, կապի համակարգերի մատակարար կազմակերպությունների տեխնիկական պայմանները, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի:
(7-րդ կետը խմբ. 25.12.14 N 1503-Ն, 12.01.23 N 54-Ն)
8. Իրավասու մարմինը, կառուցապատողի (պատվիրատուի) դիմումն ստանալու օրվանից երկու օրվա ընթացքում հարցում է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետում նշված տեխնիկական պայմաններ տրամադրող կազմակերպություններ (այսուհետ` մատակարար կազմակերպություններ)՝ օբյեկտի տեխնիկական պայմաններն ստանալու համար, կցելով սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:
(8-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն, 12.01.23 N 54-Ն)
9. Մատակարար կազմակերպությունների կողմից տեխնիկական պայմաններն իրավասու մարմնին տրամադրվում են վերջինիս հարցումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում:
(9-րդ կետը խմբ. 25.12.14 N 1503-Ն, փոփ. 12.01.23 N 54-Ն)
9.1. Իրավասու մարմինը ճշտում է տեղանշման հատակագիծը (օբյեկտի տեղադիրքն օրենսդրության և նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության դեպքում), կցում մատակարար կազմակերպությունների կողմից ստացված տեխնիկական պայմանները և սույն կարգի 14-րդ կետով առաջադրված պայմանները (առկայության դեպքում) ու տրամադրում կառուցապատողին (պատվիրատուին) համաձայն N 2 ձևի:
(9.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1503-Ն, փոփ. 12.01.23 N 54-Ն)
10. Սույն կարգի 1-ին կետով սահմանված օբյեկտի շինարարության թույլտվությունը տրվում է եռօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, շինարարության թույլտվության տրամադրման համար հիմք են հողամասի վրա ընտրված օբյեկտի՝ կառուցապատողի (պատվիրատուի) միջոցների հաշվին կազմված տեղակապման նախագիծը (օբյեկտի զրոյական նիշից ցածր տեղակայված հատվածի հարմարեցումը տեղանքին` ելնելով ռելիեֆի առանձնահատկություններից), տեղակապման նախագիծը թողարկող կապալառուի՝ սահմանված կարգով տրված երաշխավորագիրը (կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` փորձագիտական եզրակացությունը) և շինարարության թույլտվության համար օրենքով սահմանված տեղական տուրքի մուծման անդորրագիրը:
(10-րդ կետը փոփ., լրաց. 25.12.14 N 1503-Ն, փոփ. 12.01.23 N 54-Ն)
10.1. Օրինակելի նախագծերի տեղակապման նախագծերը մշակվում են տեղակապվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
(10.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1503-Ն)
10.2. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված գործառույթներն իրավասու մարմինն իրականացնում է կառուցապատողի (պատվիրատուի) դիմումն ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում:
(10.2-րդ կետը լրաց. 25.12.14 N 1503-Ն, փոփ. 12.01.23 N 54-Ն)
11. Կառուցապատողը (պատվիրատուն) պարտավոր է շինարարությունն իրականացնել հաստատված նախագծին, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Կառուցապատողն (պատվիրատուն) իր կողմից ընտրված օբյեկտի նախագծով հաստատված հատակագծային լուծումներում կարող է կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, ինչպես նաև միջնորմների տեղադրման փոփոխություններ` օբյեկտի կոնստրուկտիվ համակարգը չխաթարելու պարտադիր պայմանով:
(11-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն, 12.01.23 N 54-Ն)
11.1. Եթե կառուցապատողի (պատվիրատուի) կողմից ընտրված օբյեկտի ծավալահատակագծային լուծումներում նախատեսվող փոփոխությունները (ճակատային հատվածում նոր բացվածքների, պատշգամբների իրականացում և այլն) առաջացնում են հաստատված նախագծի կոնստրուկտորական մասում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ապա նշված փոփոխությունների էսքիզային առաջարկը կցվում է սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումին (կամ հայտին): Սույն կետով սահմանված դեպքերում տեղակապման նախագծի հետ մշակվում են նաև հաստատված օրինակելի նախագծում կատարվող փոփոխությունները:
(11.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1503-Ն, փոփ. 12.01.23 N 54-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1503-Ն)
13. Օբյեկտի շինարարության շահագործումը փաստագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, ավարտված շինարարության շահագործման ակտը հիմք է կառուցված օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար:
(13-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)
14. Իրավասու մարմինը, ելնելով բնակավայրի քաղաքաշինական իրադրությունից, կառուցապատվող տարածքի տեղադիրքից և ճարտարապետական միջավայրի առանձնահատկություններից, սույն կարգի 9.1-ին կետով սահմանված գործառույթի իրականացման շրջանակներում կարող է առաջադրել օբյեկտի կոնստրուկտիվ համակարգը չխաթարող ճակատային լուծումների և հարդարման նյութերի փոփոխություններ:
(14-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)
15. Սույն կարգով սահմանված գործառույթները, կառուցապատողի (պատվիրատուի) հայեցողությամբ, կարող են իրականացվել նաև էլեկտրոնային համակարգի կիրառման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փուլերին համընթաց: Ընդ որում, էլեկտրոնային համակարգից օգտվելու դեպքում, սույն կարգի՝
1) 5-րդ կետում նշված դիմումը (N 1 ձև) և 6-րդ կետում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները ներկայացվում են իրավասու մարմնի «Մեկ պատուհանի» ծառայության վեբ-կայքի «Էլեկտրոնային ընդունարանում» գրանցվելուց հետո ստացված գրանցման ծածկագրով, որը կառուցապատողի (պատվիրատուի) համար կարող է լինել նաև դիմումի շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց.
2) 10-րդ և 13-րդ կետերում նշված որոշումներով սահմանված դիմումներն ու դրանց կցվող փաստաթղթերի տեսաներածված օրինակներն իրավասու մարմին են ներկայացվում սույն կետի 1-ին ենթակետում նշված ծածկագրով.
3) 9-րդ կետում նշված իրավասու մարմնի տեղեկացմամբ հաղորդվում է նաև կառուցապատողի (պատվիրատուի) կողմից ներկայացված տեսաներածված փաստաթղթերի հավաստիությունն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին.
4) սահմանված կարգով կազմված և իրավասու մարմնի կողմից կնքված կառուցապատման թույլտվությունները (տեղանշման հատակագիծն ու տեխնիկական պայմանները, շինարարության թույլտվությունը և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտը) ելքագրվում և դրանց՝ կնիքով հաստատված թղթային տարբերակները (բնօրինակները) տրամադրվում են կառուցապատողին (պատվիրատուին)՝ վերջինիս կողմից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները դրանց բնօրինակների հետ տեղում համեմատվելուց հետո.
5) սույն կետի 4-րդ ենթակետով անհամապատասխանության հայտնաբերման դեպքում դիմումը մերժվում է, իսկ իրավասու մարմնի կողմից տրված կառուցապատման թույլտվությունը չեղյալ է համարվում, ինչի մասին կառուցապատողին (պատվիրատուին) տեղեկացվում է գրավոր՝ նշելով մերժման պատճառները:
(15-րդ կետը փոփ. 12.01.23 N 54-Ն)
16. Օբյեկտների նախագծային փաստաթղթերն ու կատալոգներն էլեկտրոնային կրիչներով պահվում են պատվիրատուի մոտ` բնօրինակի իրավունքով:
(16-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)
17. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար
__________________________________________________________________________ -ին
(համայնքի (իրավասու մարմնի) ղեկավարի անունը, ազգանունը)
Կառուցապատող (պատվիրատու) ___________________________________________________________-ից
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ տրամադրել _____________________________ ________________________________________________________________________________
(բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օբյեկտի տիպը կամ անվանումը)
կառուցման համար նախատեսված հողամասի վրա օբյեկտի ճշտված տեղանշման հատակագիծը և անհրաժեշտ ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) տեխնիկական պայմանները:
Կառուցապատման համար նախատեսված հողամասը գտնվում է________________________ ________________________________________________________________________________
(մարզը, համայնքը, գտնվելու վայրը)
1. Կից ներկայացնում եմ`
1) կառուցապատվող հողամասի ծածկագիրը, հատակագիծը` կից հողօգտագործումների (կառուցապատումների) նյութերով.
2) օբյեկտի կառուցման համար նախատեսված հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության, կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը.
2.1) ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակված օրինակելի նախագծի նախագծային փաստաթղթերի (այդ թվում՝ քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացության) պատճենը.
3) տեղեկատվություն հողամասում առկա շենքերի, շինությունների մասին ____________________
________________________________________________________________________________.
(այդ թվում` ինքնակամ շինությունների (առկայության դեպքում)
4) կառուցապատվող հողամասի վրա ընտրված օբյեկտը տեղադրելու վերաբերյալ առաջարկությունը
_______________________________________________________________:
(Մ 1:100 կամ 1:50 տեղանշման հատակագծի առաջարկը)
2. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում ներկայացվում են սույն ձևում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները:
Կառուցապատող (պատվիրատու) ____________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
____ ___________ 20 թ.
(ձևը խմբ. 25.12.14 N 1503-Ն, փոփ. լրաց. 12.01.23 N 54-Ն)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________________
(ՀՀ մարզը, համայնքը)
ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԵՂԱՆՇՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
____ ____________ 20 թ. N _____
Տրվում է կառուցապատող (պատվիրատու) ________________________________________________________-ին
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,
էլեկտրոնային հասցեն)
________________________________________________________ օբյեկտի կառուցման համար,
(օբյեկտի անվանումը՝ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության
բազմակի օգտագործման օբյեկտի տեսակը կամ անվանումը)
այդ թվում՝
1. Հողամասի վրա օբյեկտի տեղանշման հատակագիծը՝ ____________________________ թերթ:
2. Ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման տեխնիկական պայմանները՝
1) ջրամատակարարում___________________________________________________________ ,
2) ջրահեռացում _________________________________________________________________ ,
3) էլեկտրամատակարարում
_______________________________________________________________________________ ,
4) գազամատակարարում __________________________________________________________:
3. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում սույն ձևում նշված փաստաթղթերը տրամադրվում են դիմումին կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները դրանց բնօրինակների հետ տեղում համեմատվելուց հետո:
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար
_______________________________
Կ.Տ.
_____ ____________ 20 թ.
(ձևը խմբ. 25.12.14 N 1503-Ն, փոփ. 12.01.23 N 54-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 25.12.14 N 1503-Ն, 12.01.23 N 54-Ն)