ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 132 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակներով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 5-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխանակման ենթակա՝ տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների մասին տեղեկությունների կազմը։
2. Սահմանել, որ՝
ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) միջև տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների մասին տեղեկությունների փոխանակումն իրականացվում է «Տոհմային անասնաբուծության ոլորտում տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության միջոցով.
բ) մինչ սույն կետի «ա» ենթակետում նշված ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը` անդամ պետությունների լիազորված մարմինները, որոնց իրավասությանն են վերապահված տոհմային անասնաբուծության հարցերը, փոխանակվում են (թղթային կրիչի վրա և (կամ) էլեկտրոնային տեսքով) հետևյալ տեղեկություններով՝
անդամ պետությունների միջև տեղափոխվող տոհմային արտադրանքի մասին՝ տոհմային արտադրանքի տոհմային վկայականների (հավաստագրերի, անձնագրերի) տրամադրման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում.
սելեկցիոն նվաճումների մասին՝ դրանք գրանցելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: