ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2016 թվականի |
թիվ 47 |
քաղ. Աստանա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 10-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների և կարգի վերաբերյալ hիմնադրույթը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո։
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 33-րդ հավելվածի II բաժնի 2-րդ կետին համապատասխան՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից «Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի արձանագրության գործողությունը դադարեցվում է։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 47 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների և կարգի մասին
1. Սույն Հիմնադրույթը սահմանում է Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող` զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմաններն ու կարգը (այսուհետ համապատասխանաբար՝ զարգացող երկրներ, առավել թույլ զարգացած երկրներ, Միություն)։
2. Զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումները կիրառվում են Միության մաքսային տարածք դրանք ներմուծելիս՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 36–րդ հոդվածի դրույթներին համապատասխան (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր)։
3. Զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ կիրառվող սակագնային առանձնաշնորհումները կիրառվում են հետևյալ պայմանների առկայության դեպքում՝
ա) ներմուծվող ապրանքների ծագման երկիրն ընդգրկված է Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող` զարգացող երկրների ցանկում (այսուհետ՝ զարգացող երկրների ցանկ).
բ) ապրանքն ընդգրկված է զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկում, որոնց առնչությամբ Միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ (այսուհետ՝ առանձնաշնորհային ապրանքների ցանկ).
գ) ապահովվել է Միության շրջանակներում գործող՝ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններով նախատեսված պահանջների կատարումը։
4. Զարգացող երկրների ցանկում ընդգրկվում են այն երկրները, որոնք Համաշխարհային բանկի կողմից չեն դասակարգվում որպես միջինից բարձր եկամուտ , ինչպես նաև բարձր մակարդակի եկամուտ ունեցող երկրներ։
5. Այն երկիրը, որը Համաշխարհային բանկի կողմից չի դասակարգվում որպես միջինից բարձր եկամուտ ունեցող, ինչպես նաև բարձր մակարդակի եկամուտ ունեցող երկիր, կարող է չընդգրկվել զարգացող երկրների ցանկում կամ հանվել ցանկից հետևյալ դեպքերում`
ա) երկրի հասնելը եկամտի այն մակարդակին, որը 2 տարի անընդմեջ Համաշխարհային բանկի կողմից գնահատվում է որպես միջինից բարձր կամ բարձր.
բ) ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 2 տարի անընդմեջ երկրի հասնելը համաշխարհային արտահանման ծավալի 1 և ավելի տոկոս բաժնեմասին.
գ) երկրի կողմից Միության հետ առանձնաշնորհային առևտրի համաձայնագիր կնքելը, այդ համաձայնագրի առկայությունը՝ «Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների և կարգի վերաբերյալ hիմնադրույթը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2016 թվականի ապրիլի 6-ի որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, կամ երկրի կողմից Միության անդամ պետության (Միության անդամ պետությունների) հետ կնքված առանձնաշնորհային առևտրի համաձայնագրի առկայությունը՝ Միության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
դ) երկիրը ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակում ընդգրկելը։
6. Զարգացող երկրների ցանկից երկիրը հանելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան այն ընդունելու օրվանից 6 ամիս հետո։
7. Առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումները կիրառվում են հետևյալ պայմանների առկայության դեպքում՝
ա) ներմուծվող ապրանքների ծագման երկիրն ընդգրկված է Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող` առավել թույլ զարգացած երկրների ցանկում (այսուհետ՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկ).
բ) ապրանքն ընդգրկված է առանձնաշնորհային ապրանքների ցանկում.
գ) ապահովվել է Միության շրջանակներում գործող՝ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններով նախատեսված պահանջների կատարումը։
8. Առավել թույլ զարգացած երկրների ցանկում ընդգրկվում են այն երկրները, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակում:
Առավել թույլ զարգացած երկրների ցանկում կարող են ընդգրկվել այն երկրները, որոնց, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերին համապատասխան, կարող են տրամադրվել ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակում ընդգրկված երկրների համար գործող սակագնային առանձնաշնորհումներին նույնանման սակագնային առանձնաշնորհումներ, ինչպես նաև այն երկրները, որոնք Համաշխարհային բանկի կողմից դասակարգվում են որպես եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներ։
(8-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 19.12.19 թիվ 122)
9. Երկիրը ենթակա է առավել թույլ զարգացած երկրների ցանկից հանելուն՝ ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակից այն հանելու դեպքում, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի այն բանաձևը չեղարկելու դեպքում, որին համապատասխան, տվյալ երկրին կարող են տրամադրվել ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակում ընդգրկված երկրների համար գործող սակագնային առանձնաշնորհումներին նույնանման սակագնային առանձնաշնորհումներ։
Այն երկիրը, որը, Համաշխարհային բանկի դասակարգմանը համապատասխան, ներառված է առավել թույլ զարգացած երկրների ցանկում, կարող է հանվել այդ ցանկից, եթե այդ երկիրը Համաշխարհային բանկի կողմից երկու տարի անընդմեջ չի դասակարգվում որպես եկամտի ցածր մակարդակ ունեցող երկիր։
(9-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 19.12.19 թիվ 122)
10. Առավել թույլ զարգացած երկրների ցանկից երկիրը հանելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան այն ընդունելու օրվանից 6 ամիս հետո։
11. Առանձնաշնորհային ապրանքների ցանկն ընդգրկում է զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքներ, որոնց առնչությամբ, Միության մաքսային տարածք ներմուծելիս, տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ։
12. Ապրանքը կարող է չընդգրկվել առանձնաշնորհային ապրանքների ցանկում կամ հանվել ցանկից հետևյալներից որևէ մեկի դեպքում՝
ա) ապրանքի առանձնաշնորհային ներմուծումը զգայուն է Միության մեկ կամ մի քանի անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքում նույնանման ապրանքների գոյություն ունեցող արտադրության հանդեպ.
բ) Հանձնաժողովի կողմից սակագնային քվոտաներ են սահմանվել ապրանքի նկատմամբ։
13. Առանձնաշնորհային ապրանքների ցանկը փոփոխելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան այն ընդունելու օրվանից 6 ամիս հետո։
14. Զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման առանձին կամ բոլոր ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների կիրառումը կարող է ժամանակավորապես կասեցվել Հանձնաժողովի որոշմամբ՝ հետևյալ հիմքերից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում՝
ա) երկիրն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում` ներառյալ օրենսդրական և կազմակերպչական բնույթի միջոցները, որոնք ուղղված են թմրամիջոցների և հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության դեմ պայքարին.
բ) երկիրը չի ձեռնարկում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) հակազդելու անհրաժեշտ միջոցներ.
գ) երկիրը չի ձեռնարկում ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտ միջոցներ.
դ) երկիրն անդամ պետության կամ Միության նկատմամբ անբարյացակամ գործողություններ է թույլ տալիս որոնք անդամ պետության կամ Միության կամ անդամ պետությունների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց տնտեսական շահերի բազմակի խախտում են ենթադրում, այդ թվում՝ այնպիսի գործողություններ, որոնք անհիմն փակում են այդ անդամ պետությունների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց մուտքը այդ երկրի շուկա կամ այլ կերպ անհիմն խտրականություն են դրսևորում անդամ պետությունների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց նկատմամբ.
ե) երկիրը թույլ է տալիս Միության շրջանակներում գործող՝ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու (այդ թվում՝ ապրանքների ծագման որոշման, վարչական համագործակցության պահանջների և պայմանների կատարման, ապրանքների ծագման փաստաթղթային հաստատման ոլորտում) կանոնների դրույթների բազմակի խախտումներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ այդ երկիրն ի վիճակի չէ ապահովելու արտահանվող ապրանքների նկատմամբ դրանց պատշաճ կիրառումը.
զ) Միության մաքսային տարածք զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրի ծագման այն ապրանքը ներմուծելու ծավալը (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ենթադիրքի մակարդակով), որն ընդգրկված է առանձնաշնորհային ապրանքների ցանկում, արժեքային և քանակական հաշվարկով գերազանցում է Միության մաքսային տարածք միևնույն ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալի 3 տոկոսը, տարվա ընթացքում ավելացել է ավելի քան 50 տոկոսով, ինչի արդյունքը եղել է անդամ պետությունների արտադրողների կողմից նույնանման ապրանքների արտադրության ծավալների կրճատումը և (կամ) Միության ներքին շուկայում դրանց բաժնեմասի կրճատումը։
15. Սակագնային առանձնաշնորհումների կիրառման կասեցումը, որպես կանոն, սահմանվում է 1 տարի ժամկետով։
16. Սակագնային առանձնաշնորհումների կիրառման ժամանակավոր կասեցման մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան այն ընդունելու օրվանից 90 օրացուցային օր հետո։
17. Հանձնաժողովը կանոնավոր անցկացնում է Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի գործունեության մոնիթորինգ։
18. Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի վերանայումը, այդ թվում՝ զարգացող երկրների ցանկում, առավել թույլ զարգացած երկրների ցանկում և առանձնաշնորհային ապրանքների ցանկում փոփոխությունները կատարելը, իրականացվում է Հանձնաժողովի կողմից անցկացվող մոնիթորինգի հիման վրա, բայց ոչ պակաս, քան 3 տարին 1 անգամ։
19. Անդամ պետությունների մաքսային մարմինները, Հանձնաժողովի հարցմամբ, տեղեկատվություն են ներկայացնում սակագնային առանձնաշնորհումների տրամադրման մասին։
(հիմնադրույթը լրաց. ԵՏՀԽ 19.12.19 թիվ 122)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: