ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
29 մայիսի 1997 թ.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, պաշտպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, հանրապետության պաշտպանության գործում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ` զինված ուժեր) դերն ու խնդիրները, դրանց կառուցվածքը և ղեկավարումը, պաշտպանության բնագավառում օրենսդրության խախտումների համար պատասխանատվությունը:
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական, իրավական և այլ միջոցների ու միջոցառումների համակարգ է` ուղղված հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովմանը:
Պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա:
Պաշտպանության նպատակով ստեղծվում են զինված ուժեր և սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինապարտություն:
Պաշտպանությանն առնչվող խնդիրներ լուծելու նպատակով, միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են տեղակայվել օտարերկրյա պետությունների զորամիավորումներ:
Ռազմական դրության ժամանակ պաշտպանության իրականացմանը կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը, ոստիկանության զորքերը և ազգային անվտանգության զինված ստորաբաժանումները (այսուհետ` այլ զորքեր), ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները:
Սույն հոդվածում նշված զորքերի թվարկումը սպառիչ է: Հայաստանի Հանրապետությունում այլ զինվորական կազմավորումների ստեղծումն արգելվում է:
(1-ին հոդվածը խմբ. 05.03.02 ՀՕ-311, փոփ. 14.12.04 ՀՕ-2-Ն, փոփ., լրաց. 26.05.05 ՀՕ-126-Ն)
ՀՈԴՎԱԾ 2.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը ներառում է`
ա) ռազմական քաղաքականության մշակումը.
բ) ռազմական վտանգի կանխատեսումը և գնահատումը.
գ) պաշտպանության բնագավառի իրավական կարգավորումը.
դ) անհրաժեշտ կառուցվածքով և թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցած, մարտական զորահավաքային բարձր պատրաստականություն ունեցող զինված ուժերի ստեղծումը, ինչպես նաև դրանց օգտագործման ծրագրավորումը.
ե) զորակոչի անցկացումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով զինծառայության ներգրավումը.
զ) կոլեկտիվ անվտանգության և համատեղ պաշտպանության նպատակներով միջազգային համագործակցությունը.
է) տնտեսության, պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, հաղորդակցության միջոցների ու հանգույցների, տարածքի և բնակչության զորահավաքային նախապատրաստումը.
ը) տարածքային և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրավորումն ու իրականացումը.
թ) ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական գիտության զարգացումը` ներառյալ ռազմական ուսուցման կազմակերպումը.
ժ) պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման ապահովումը.
ժա) զինված ուժերի պահեստազորի, ռազմական ուսուցում անցած զինապարտների, ինչպես նաև անհրաժեշտ քանակությամբ զենքի և զինամթերքի, տեխնիկայի, պարենի և այլ նյութերի պաշարների նախապատրաստումը.
ժբ) պաշտպանության բնագավառի այլ միջոցառումներ:
ՀՈԴՎԱԾ 3.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից (համաձայնագրերից), սույն օրենքից և օրենսդրության այլ ակտերից:
Գ Լ ՈՒ Խ II
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 4.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀաՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:
Հայաստանի Հանրապետության Նախագահը`
ա) համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում.
բ) նշանակում և ազատում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը.
գ) շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ, պարգևատրում Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով.
դ) վարում է բանակցություններ, կնքում և ստորագրում է պաշտպանության բնագավառի միջազգային պայմանագրեր (համաձայնագրեր), վավերացնում է միջկառավարական պայմանագրեր (համաձայնագրեր).
ե) հայտարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության զորակոչ և սահմանված ժամկետը ծառայած անձանց զորացրում.
զ) որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին և տալիս է ռազմական գործողություններ վարելու` զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններ:
(4-րդ հոդվածը լրաց. 28.11.06 ՀՕ-213-Ն)
ՀՈԴՎԱԾ 5.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականության իրականացումը.
բ) մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները.
գ) հաստատում է զինված ուժերի զարգացման, զորահավաքային նախապատրաստման, տեղակայման և ռազմավարական օգտագործման ծրագրերը.
դ) սահմանում է զինված ուժերի ընդհանուր թվաքանակը և կառուցվածքը.
ե) իր իրավասության շրջանակներում կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է պետական կառավարման մարմինների գործունեությունը զինված ուժերի սպառազինման, բնակավորման, ֆինանսավորման և թիկունքային ապահովման ոլորտներում.
զ) ապահովում է զինված ուժերի պահեստազորի նախապատրաստումը, կազմակերպում է զորահավաքային ծրագրերի, առաջադրանքների և պետական պահուստի կուտակման պլանների մշակումը.
է) ծրագրում և ապահովում է ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության զարգացումը.
ը) սահմանում է զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվաքանակը.
թ) սահմանում է պետական պաշտպանական պատվերի ձևավորման կարգը և իրականացնում վերահսկողություն` պաշտպանական ծախսերի նկատմամբ.
ժ) կազմակերպում է ընդհանուր և մասնակի զորահավաքների անցկացումը, հաստատում է զորահավաքային ռեզերվի և նյութական պաշարների կուտակման ծրագրերը, ղեկավարում է տնտեսության զորահավաքային (մոբիլիզացիոն) նախապատրաստությունը և դրա փոխադրումը ռազմական դրության իրավական հատուկ ռեժիմի.
ժա) իրականացնում է տարածքային և քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ծրագրումը, որոշում է դրանց կազմակերպման կարգը, խնդիրները, վերահսկում է հաստատված ծրագրերի կատարումը.
ժբ) մշակում է բնակչության հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության պետական ծրագրերը և ապահովում դրանց իրականացումը.
ժգ) ապահովում է զինծառայողների, նրանց հավասարեցված, ինչպես նաև նշված կատեգորիաների անձանց ընտանիքների անդամների օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովությունը և սոցիալական պաշտպանվածությունը.
ժդ) ստեղծում, վերակազմավորվում և լուծարում է պաշտպանական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ռազմաուսումնական հաստատությունները.
ժե) պաշտպանության հարցերով օտարերկրյա պետությունների հետ վարում է բանակցություններ, կնքում է միջկառավարական պայմանագրեր (համաձայնագրեր), որոշում է ռազմական վտանգի նվազեցման և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների վստահության ամրապնդման միջոցները.
ժզ) կազմակերպում է զենքի և ռազմական տեխնիկայի, ստրատեգիական նյութերի, առաջավոր տեխնոլոգիայի և երկակի նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման վերահսկողությունը.
ժէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(5-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.11.06 ՀՕ-213-Ն)
ՀՈԴՎԱԾ 6.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարզպետները (Երևանի քաղաքապետը)`
ա) իրագործում են Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականությունը.
բ) ապահովում են մարզերում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, զինված ուժերի զորահավաքային պատրաստությունը և զորակոչի իրականացումը, զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածությունը.
գ) պաշտպանության նպատակով իրականացնում են տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումները, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների կատարումը.
դ) մասնակցում են տարածքային պաշտպանության միջոցառումների ծրագրավորմանն ու օժանդակում դրանց իրագործմանը.
ե) կազմակերպում և ղեկավարում են մարզի բնակչության քաղաքացիական պաշտպանության աշխատանքները.
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով զինված ուժերն ապահովում են նյութական միջոցներով և կենսագործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով:
Պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Գ Լ ՈՒ Խ III
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 7.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք պետական պաշտպանական պատվերով սահմանված կարգով կատարում են ռազմական արտադրանքի թողարկման, վերանորոգման, մատակարարման հանձնարարություններ և ծառայություններ, իրականացնում են զորահավաքային նախապատրաստման ծրագրերով նախատեսված միջոցառումներ, անհրաժեշտ պայմաններ են ստեղծում իրենց աշխատողների զինվորական պարտականությունների կատարման համար, ինչպես նաև մասնակցում են քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրագործմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
ՀՈԴՎԱԾ 8.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ հԱՅԱՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտականությունն է:
Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն պետության կողմից երաշխավորված իրավունքներ և կրում են պարտականություններ, որոնց իրագործումը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Օտարերկրյա պետությունների զինված ուժերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը կարգավորվում է միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով):
Գ Լ ՈՒ Խ IV
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 9.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության հիմքն են և ռազմավարական, մարտավարական խնդիրների զուգորդմամբ ապահովում են հանրապետության զինված պաշտպանությունը:
Զինված ուժերը կոչված են զինված հարձակմանը դիմակայելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) համաձայն խնդիրներ լուծելու համար:
Զինված ուժերը ներառում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների, հիմնարկների, կազմակերպությունների և ռազմաուսումնական հաստատությունների ամբողջական համակարգը:
(9-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-126-Ն)
ՀՈԴՎԱԾ 10.
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ և ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը` իրենց լիազորությունների շրջանակներում:
Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է, որն անմիջական պատասխանատվություն է կրում հանրապետության պաշտպանության ապահովման, զինված ուժերի ստեղծման, զարգացման և մարտական պատրաստականության համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`
ա) իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում և գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական վտանգի և հանրապետության պաշտպանվածության աստիճանը.
բ) մասնակցում է հանրապետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը.
գ) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` զինված ուժերի կառուցվածքի, թվաքանակի և ապահովման վերաբերյալ.
դ) իրականացնում է միասնական ռազմատեխնիկական քաղաքականություն, համարվում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի գնման, արտադրության, գիտահետազոտական և նորոգման պետական պատվիրատուն (պետական պատվերը տեղադրող լիազորված մարմին).
ե) կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովվածությունը, անձնակազմի պատրաստվածությունը, կարգապահությունն ու մարտունակությունը.
զ) ղեկավարում է զինված ուժերի օպերատիվ ապահովումը, մարտական պատրաստությունը և անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակությունը.
զ1) ղեկավարում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունը.
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության մյուս ակտերով նախատեսված այլ լիազորություններ: Զինված ուժերի օպերատիվ կառավարման հիմնական մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբն է, որը`
ա) մշակում է զինված ուժերի օգտագործման և զորահավաքային ծրագրերը.
բ) իրականացնում է զորքերի օպերատիվ կառավարումը.
գ) իրականացնում է զինված ուժերի զորահավաքային նախապատրաստումը և ծավալումը.
դ) մասնակցում է հանրապետության տնտեսության զորահավաքային նախապատրաստման ծրագրերի մշակմանը.
ե) կազմակերպում է շտաբների և զորքերի օպերատիվ նախապատրաստումը.
զ) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ու իրականացման այլ միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրները, գործառույթները և լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և օրենսդրության այլ ակտերով:
(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.05.05 ՀՕ-126-Ն)
ՀՈԴՎԱԾ 11.
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ
Զինված ուժերի տեղակայումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Զինված ուժերի տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 12. |
ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ |
Այլ զորքերի ստեղծումը, կառավարումը և գործունեությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա:
Այլ զորքերը`
ա) մասնակցում են զինված ուժերի օգտագործման ծրագրերի մշակմանը և իրենց մասով ապահովում դրանց իրականացումը.
բ) զինված ուժերի հետ մեկտեղ մասնակցում են հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելուն.
գ) պաշտպանության բնագավառում իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Այլ զորքերի համալրումն իրականացվում է զինված ուժերի համար սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ V
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶՈՐԱՀԱՎԱՔ
ՀՈԴՎԱԾ 13.
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության Նախագահը հայտարարում է ռազմական դրություն:
Հայաստանի Հանրապետությունում կամ նրա մի մասում ռազմական դրությունը հայտարարվում և իրավական ռեժիմը սահմանվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(13-րդ հոդվածը լրաց. 28.11.06 ՀՕ-213-Ն)
ՀՈԴՎԱԾ 14.
ԶՈՐԱՀԱՎԱՔ
Հայաստանի Հանրապետության Նախագահը ռազմական դրություն հայտարարելու հետ միաժամանակ կամ դրանից հետո կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:
Զորահավաքը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեության, զինված ուժերի (կամ առանձին ստորաբաժանումների) կազմակերպման և կազմի ռազմական դրության ռեժիմի անցման միջոցառումների համակարգ է:
Զորահավաքային նախապատրաստումն իրականացվում է խաղաղ ժամանակ և նպատակ ունի պետական կառավարման համակարգը, զինված ուժերը, տնտեսությունը, տարածքային կազմավորումները նախապատրաստել պետությունը զինված հարձակումից պաշտպանելու, պատերազմի ժամանակ տնտեսության և բնակչության պահանջմունքները բավարարելու համար:
Զորահավաքային նախապատրաստման և զորահավաքի անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 15.
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ և ԱՅԼ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ և ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
Զինված ուժերում և այլ զորքերում կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ստեղծումը և կանոնադրական գործունեությունն արգելվում է:
Զորամասերում, ռազմական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ռազմաուսումնական հաստատությունների տարածքում կուսակցական քարոզչության կազմակերպումը և անցկացումն արգելվում են:
ՀՈԴՎԱԾ 16.
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ և ԱՅԼ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Զինված ուժերում և այլ զորքերում օրինականությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, զինված ուժերի և այլ զորքերի համազորային կանոնագրքերով նախատեսված կարգով:
Զինված ուժերում և այլ զորքերում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազությունը` օրենքով սահմանված կարգով:
Զինված ուժերում և այլ զորքերում քրեական գործերի դատական քննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության դատարանները` օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 17.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար մեղավոր անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|