ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 276-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
04.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԳԼՈՒԽ 1․ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է հանրապետությունում տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։
2. Ծրագիրը կմեկնարկի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։
3. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) անասնաբուծության ճյուղում` տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով ներդրում իրականացնող, ռեզիդենտ և գյուղատնտեսության ոլորտում առնվազն 2 տարի գործունեություն ծավալող իրավաբանական անձինք, այդ թվում` վերջիններիս հետ փոխկապակցված իրավաբանական անձինք (սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով) (այսուհետ՝ շահառու), որոնք՝
ա․ ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունեն ձևավորված վարկային պատմություն,
բ․ ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումը ներկայացնելու օրը 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ առկա չեն.
3) ներդրումային ծրագիրը գնահատող ֆինանսական կառույցը (այսուհետ՝ ՖԿ).
4) ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերությունները (Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ՝ Deloitte Touche Tohmatsu Limited, ՓրայսուոթերհաուսԿուպերս՝ PricewaterhouseCoopers, Էրնստ ընդ Յանգ Գլոբալ Լիմիտեդ՝ Ernst & Young Global Limited, Քեյ Փի Էմ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթեդ՝ KPMG International Limited) (այսուհետ՝ ընկերություն):
4. Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 2,5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր (անասնաբուծական համալիր, որը պետք է ներառի անասնաշենքեր, օժանդակ շինություններ, տեխնոլոգիական ապահովման սարքավորումներ, կարող է ներառել նաև անասնաբուծական մթերքների վերամշակման, կերարտադրության կազմակերպման կարողություններ) իրականացնող տնտեսավարողները։ Ընդ որում, ներդրումների կառուցվածքում չեն ներառվում փոխկապակցված անձանցից կատարված գնումները, իսկ կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 տոկոս և ավելին, որի առնվազն 60 տոկոսը պետք է կազմեն շենքեր-շինությունների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։ 1 ներդրումային ծրագրի շրջանակում կարող են ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի ուղղություններ՝ միասին առնվազն 2,5 մլրդ դրամի չափով։
(4-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ)
5. Ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը՝ 2 փուլով, ներդրումների՝ ծրագրի պահանջներին համապատասխանության և չափերի (ծավալի) վերաբերյալ ընկերության կողմից տրված եզրակացության հիման վրա: 1 շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարն առավելագույնը կկազմի ընդամենը կատարված կապիտալ ներդրումների 40 %-ը, բայց ոչ ավելի, քան 3,5 մլրդ դրամը։
(5-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ)
6. Յուրաքանչյուր շահառու ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունից կարող է օգտվել միայն մեկ ներդրումային ծրագրի համար։
7. Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ (նախարարություն դիմումի մուտքագրման օրը) էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում են նախարարություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը), գրանցումն ու հիմնադրումը հավաստող փաստաթղթերը (պատճենները), ՖԿ (ներ)-ի կողմից տրամադրված վարկունակությունը և վճարունակությունը հավաստող փաստաթուղթը (ներդրումային ծրագիրն ամբողջությամբ կամ մասնակի վարկային միջոցներով իրականացնելու դեպքում), Վարկային բյուրոյից զեկույց՝ վարկային դրական պատմության վերաբերյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ բարվոք հարկային պատմության վերաբերյալ, ներդրումային ծրագիրը (առնվազն հետներդրումային 5 տարվա արդյունքային ցուցանիշներով), ընկերության կողմից տրամադրված դրական եզրակացությունը (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ներդրումային ծրագրի միջազգային առաջադեմ փորձի կիրառման, մթերատվության և արտադրության նախատեսվող ծավալների, վերամշակող կարողությունների (առկայության դեպքում) և առաջիկա տարիներին նախատեսվող վճարվելիք հարկերի և ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացվող հասույթի վերաբերյալ տեղեկություններ) կամ ՖԿ (ներ)-ի կողմից տրամադրված ներդրումային ծրագրի վերաբերյալ դրական եզրակացությունը, շենքեր-շինությունների դեպքում ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը (կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կնքելուց հետո 3 ամսվա ընթացքում)։ Ընդ որում, ծրագրի շրջանակում ընկերության կամ ՖԿ (ներ)-ի կողմից մատուցվող ծառայությունների համար վճարում է շահառուն։
(7-րդ կետը լրաց., փոփ. 26.05.22 N 819-Լ)
8. Ծրագրի մասնակցության պայմանագիր նախարարությունը կնքում է միայն 7-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացրած շահառուների հետ՝ դիմումն ստանալու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում։ 7-րդ կետում նշված ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը պայմանագիրը կնքելուց հետո 3 ամսվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ պայմանագիրը համարվում է լուծված։
9. Պայմանագիր կնքելուց հետո՝ ներդրումային ծրագրի իրականացման 10-րդ կետում նշված ժամանակահատվածում շահառուն չի կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող նույն նպատակի համար նախատեսված աջակցության այլ ծրագրերից, ինչպես նաև չի կարող ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից մինչև շահագործումը և շահագործման համար պատրաստ լինելու պահից՝ 4 տարի) օտարել ներդրված հիմնական միջոցները։
(9-րդ կետը լրաց. 26.05.22 N 819-Լ)
10. Շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումը (շահագործման համար պատրաստ) ավարտել 8-րդ կետում նշված պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 2 տարվա ընթացքում (անհաղթահարելի ուժի հետևանքով ներդրումային ծրագիրը ժամկետում չավարտելու դեպքում՝ ժամկետը կարող է երկարացվել անհաղթահարելի ուժի ժամկետով՝ նախարարության համաձայնությամբ)։
11. Ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ) շահառուն դիմում է նախարարություն՝ ներկայացնելով ընկերության կողմից կատարված մոնիթորինգի և գնահատման դրական եզրակացությունը (պետք է պարտադիր ներառի ներդրումային ծրագրի կատարման ժամկետների պահպանման և ներդրումային ծրագիրը բնութագրող ցուցանիշների ու պահանջների, փոխկապակցված անձանց հետ կատարված գործարքների, ինչպես նաև կատարված ներդրումների, այդ թվում՝ կապիտալ ներդրումների ծավալների և ուղղությունների վերաբերյալ դրույթներ), ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի վկայականի պատճենը, բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը, որից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա 5-րդ կետով հաշվարկված փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 մլրդ դրամը, իսկ 2-րդ փուլում՝ հաջորդ լրիվ ֆինանսական տարվա ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի՝ 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու դեպքում՝ փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը, 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։
(11-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ)
12. Ներդրումային ծրագրի իրականացումից (շահագործումից հետո) հաջորդ լրիվ ֆինանսական տարին լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում՝ շահառուն նախարարություն պետք է ներկայացնի ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման դրական եզրակացությունը (այդ թվում՝ լրիվ ֆինանսական տարվա ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի՝ 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն), որից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը, 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։
(12-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ)
13. Փոխհատուցման 1-ին փուլի մերժման համար հիմք է հանդիսանում ընկերության կողմից տրամադրված մոնիթորինգի և գնահատման բացասական եզրակացությունը և ծրագրի 11-րդ կետում նշված փաստաթղթերի չներկայացնելը, իսկ երկրորդ փուլի դեպքում՝ ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման բացասական եզրակացությունը, ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած 1/3-ի չափով փոխհատուցման գումարի կրկնակի չգերազանցելը։
(13-րդ կետը փոփ. 26.05.22 N 819-Լ)
14. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (2-րդ փուլից հետո) 3 տարի տարեկան պարբերականությամբ (օրացուցային տարին լրանալուց հետո հնգամսյա ժամկետում) շահառուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ ներդրումային ծրագրում ներառված տարեկան ցուցանիշների, այդ թվում՝ անասնագլխաքանակի՝ ըստ սեռահասակային կազմի, նրանց շարժի, մթերատվության վերաբերյալ։
(14-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ)
14.1. Նախարարությունը 14-րդ կետում նշված հաշվետվությունն ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում 3 տարի տարեկան պարբերականությամբ իրականացնում է մոնիթորինգ՝ նախարարության կողմից սահմանված կարգով, որը ներառում է բոլոր պայմանների համապատասխանության ստուգումը։ Ծրագրի 14-րդ կետում նշված հաշվետվությունը չներկայացնելու, նախարարության կողմից արձանագրված ներդրված հիմնական միջոցների օտարման, ոչ նպատակային օգտագործման, ինչպես նաև նախարարության կողմից արձանագրված ներդրված միջոցների հետագա ոչ արդյունավետ օգտագործման (ներդրումային ծրագրով ներկայացված տարեկան ցուցանիշների հանրագումարի միջինը 80 %-ի չափով չապահովում)՝ դեպքում 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։
(14.1-ին կետը լրաց. 26.05.22 N 819-Լ)
15. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ (նախադասությունը հանվել է 26.05.22 N 819-Լ)
(15-րդ կետը փոփ. 26.05.22 N 819-Լ)
16. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝
1) հանրապետությունում 5 խոշոր և արդիական անասնաբուծական համալիրների առկայություն.
2) անասնաբուծական թարմ և վերամշակված արտադրանքի ծավալների ավելացում.
3) տավարի, խոզի և թռչնի մսի, կաթի ինքնաբավության մակարդակի բարձրացում.
4) կաթի որակական հատկանիշների բարելավում.
5) նոր լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում.
6) անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ շուրջ 30,0 մլրդ դրամի ներդրման դեպքում կարտադրվի տարեկան միջինը շուրջ 6000 տոննա (կենդանի քաշով) թռչնի միս՝ շուրջ 7,0 մլրդ դրամի համախառն արտադրանք, շուրջ 2000 տոննա խոզի միս՝ միջինը շուրջ 5,7 մլրդ դրամի համախառն արտադրանք, շուրջ 340 տոննա տավարի միս՝ շուրջ 1,0 մլրդ դրամի համախառն արտադրանք և 10000 տոննա կաթ և կաթնամթերք՝ շուրջ 4,3 մլրդ դրամի համախառն արտադրանք։ Արդյունքում՝ թռչնի մսի ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 6 %-ով, խոզի մսինը՝ շուրջ 14,5 %-ով, տավարի մսինը՝ շուրջ 0.6 %-ով, իսկ կաթինը՝ 0.2 %-ով։
(16-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ)
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 26.05.22 N 819-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
04.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2022 թվական: