ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի հոկտեմբերի 4-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն նաև ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված) և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) հետո` վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամները:»:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ մասով.
«Զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության կամ դատախազությունում ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`
ա) երկրորդ մասը «Կենսաթոշակառուի մահվան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«Ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո` վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամներին վճարվում է թաղման նպաստ` բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով` սույն հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|