ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշումով Գործ ՎԲ-30/07 |
ՎԲ-30/07 |
Գործ ՔԳՀ N-125/06 |
|
նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
դատավորներ` |
Հ. Ղուկասյանի | |
Հ. ասատրյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
քարտուղար` |
Ք. Մարտիրոսյանի | |
|
մասնակցությամբ բողոք բերող անձ` |
Ա. Աբրահամյանի |
2007 թվականի փետրվարի 27-ին |
ք. Երևանում |
Դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Աբրահամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 07-ի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Արմեն Աբրահամյանի կնոջ՝ Արաքսյա Մաքունցի հայտարարության հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում, նյութերի նախապատրաստման արդյունքում 2005 թվականի հոկտեմբերի 21-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի 2-րդ մասով մերժելու մասին։ Նշված որոշման դեմ Արմեն Աբրահամյանը 04.11.2005թ. բողոք է բերել ՀՀ Գլխավոր դատախազություն։ 16.12.2005թ. ՀՀ Գլխավոր դատախազության որոշմամբ վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ նշված որոշումը և նյութերը լրացուցիչ նախապատրաստման համար ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն։ 10.05.2006թ. որոշում է կայացվել նախապատրաստված լրացուցիչ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Ա.Աբրահամյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու համար, և 07.09.2006թ. գրությամբ հայտնվում է, որ 10.05.2006թ. Սյունիքի մարզի դատախազության կողմից կայացված որոշումը օրինական է և այն վերացնելու հիմքեր չկան։
Ա.Աբրահամյանը բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Առաջին ատյանի դատարանը 2006 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է։
Առաջին ատյանի դատարանի որոշումը Ա.Աբրահամյանը բողոքարկել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանը 2006 թվականի դեկտեմբերի 07-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության, նկատի ունենալով, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանն իրավասու չէ դատական ստուգման ենթարկել քրեական գործ հարուցելը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշման, ինչպես նաև նշված որոշման վերաբերյալ ընդունված առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը։
Ա.Աբրահամյանը ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։
Վճռաբեկ բողոքը 2007 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
2. Գործի փաստական հանգամանքները.
Արմեն Աբրահամյանի կինը՝ Արաքսյա Մաքունցը, հայտարարություն է տվել ոստիկանության Գորիսի բաժին այն մասին, որ 30.09.2005թ. ժամը 12.00-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցում իր որդուն՝ Գևորգ Արմենի Աբրահամյանին ծեծի են ենթարկել նույն դպրոցի աշակերտները և պատճառել են մարմնական վնասվածք։ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննիչ Ա.Խաչատրյանի կողմից նախապատրաստվել են նյութեր, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնցով հաստատվել է, որ Գևորգ Աբրահամյանի մոտ եղած հիվանդությունները տրավմատիկ բնույթ չունեն։
Գևորգ Աբրահամյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հիմնավորվել է Վ.Սողոմոնյանի և Հ.Կարապետյանի կողմից Գ.Աբրահամյանին դիտավորությամբ հարվածներ հասցնելու հանգամանքը, սակայն նկատի ունենալով, որ վերջիններիս գործողություններով էական վնաս չի պատճառվել, ելնելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթից, 10.05.2006թ. որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին։
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ բողոքի, ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեական և դատավարական օրենքների խախտումներ։
Գտնելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար, նաև ստորադաս դատարանների կողմից սույն գործով թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները կարող են առաջացնել ծանր հետևանքներ, Արմեն Աբրահամյանը խնդրում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.11.06թ. և ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 07.12.2006թ. որոշումները։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.
Դիմող Արմեն Աբրահամյանը, բողոքարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը, հիմնվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի վրա։ Համաձայն այդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»։ Միևնույն ժամանակ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածը չի ամրագրում առաջին ատյանի դատարանի որոշումը վերադաս դատարան բողոքարկելու հնարավորություն։
Այնուհանդերձ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախնական քննություն իրականացնող մարմնի որոշումների դատական բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածով, այլ նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 103 հոդվածով, 384 հոդվածով և այլն։
Մասնավորապես, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 103 հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության համաձայն` «Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան»։
Ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 384 հոդվածի` «Սույն գլխի կանոններով («Գլուխ 46. Վերաքննիչ բողոք») բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ»։ Իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 6 հոդվածի 10-րդ կետը «վերջնական որոշում» հասկացությունը սահմանում է որպես «քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության»։
Այսպիսով, վերաքննիչ բողոքարկման կանոններով վերանայման ենթակա որոշումը առնվազն պետք է համապատասխանի հետևյալ երկու չափանիշներին` կայացված լինի առաջին ատյանի դատարանի կողմից, բացառի գործով վարույթը շարունակելը կամ գործը լուծելը ըստ էության։
Ներկայացված նյութերից երևում է, որ Ա.Աբրահամյանը Վերաքննիչ դատարան է բողոքարկել Սյունիքի մարզի դատախազության կողմից նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Բողոքարկված որոշումը բավարարում է վերը նշված երկու չափանիշներին էլ. այն կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից և բացառում է գործով վարույթը շարունակելը։
Բացի այդ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով։ Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն»։ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածը, քանի որ այն չի բացառում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը քննելու հնարավորությունը։
Հետևաբար Ա.Աբրահամյանը իրավունք ուներ քննիչի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերելու վերաքննիչ բողոք, իսկ վերաքննիչ դատարանը որևէ իրավական հիմք չուներ նրա վերաքննիչ բողոքը քննության չընդունելու և դրա նկատմամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխի կանոնները, ինչպես նաև այդ գլխի հետ օրգանապես կապված 47-րդ գլխի որոշ կանոններ չկիրառելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու հնարավորության, վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու իրավաչափության հարցերով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92 հոդվածով, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Արմեն Աբրահամյանի բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 07-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան ըստ էության քննելու համար։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Տ. Սահակյան |
Դատավորներ` |
Հ. ասատրյան |
Հ. Ղուկասյան | |
Մ. Սիմոնյան |
